Jump to content


Photo

Metz Mashtotsin


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 13 June 2007 - 02:12 PM

[ՄԵԾ ՄԱՇՏՈՑԻՆ
(Իր ծննդեան 1600 ամեակի առթիւ)
Սրտագին նւէր հայ մանուկներին

Գէորգ Դարֆի
Իրանահայ Բանաստեղծ


Երեք հարիւր վաթսուն մէկին, սուրբ անմոռաց մի թւական.
Մեր Տարօնի հին աշխարհում, Հացեկացի մի տնակում,
Ծնւեց մանուկ մի գեղանի:
Եւ այդ գիշեր երկնում հայոց, Լուսաւորչի կանթեղի մօտ`
Վառւեց մի լոյս համատարած, արեւի պէս վեհ ու պայծառ,
Որի փայլից լուսաւորւեց մթում կորած ճգնաւորի սեւ քարայրը:
Հայրը` հպարտ ու փառասէր, գրկեց մանկան, դէմքը դիտեց,
Նայեց երկար` շրթունքներին նուրբ ու քնքուշ,
Ուր թառել էր օրհնութեան պէս, մեղմ ու անուշ մի սուրբ ժպիտ:
Սեւ աչքերը իմաստութեան ծովի նման` հանդարտ, բարի,
Ուր ցոլում են վառ, բազմերանգ ճառագայթներ:
Եւ նայւածքը անմեղ մանկան այնքան հեզ էր, այնքան խոնարհ,
Որ ընկճւեց, յուսահատւեց հայրը` գոռոզ:
Նա ուզում էր, որդու դէմքին դրոշմ տեսնէր իշխանական,
Ու լինէին շուրթերը` հաստ, ճակատը խիստ,
Հայացքն իշխող` դաժան լինէր, վայել անպարտ զօրականի,
Որից սարսէր ամէն նայող, զօրու լինէր նա տիրելու շատ հողերի,
Դիրք գրաւէր, դառնար իշխան, անազատին սաստէր անվախ:
Ի պատասխան հօր խոհերի` տղան ժպտաց անմեղօրէն,
Ուզեց ասել - Հայր իմ բարի, վստահ եղիր, ես կլինեմ մեծ ու հզօր:
Տէր կլինեմ ոչ թէ հողի ու կալւածի, այլ սրտերին` բիւր-բիւրաւոր:
Կռւի կելնեմ ոչ մարդկանց դէմ ու զօրքերի,
Այլ խաւարի, տգիտութեան:
Չհասկացաւ որդուն հայրը, ու խոժոռեց դէմքը կնճռոտ,
Սիրտը լցւեց խոր դառնութեամբ, եւ կոպտօրէն
Որդուն նետեց բազմոցի մէջ, ու դուրս գնաց խռովայոյզ:
Խանդաղակաթ մայրը սակայն գրկեց մանկան, սեղմեց կրծքին,
եւ ջերմեռանդ ու հաւատքով մեղմ մրմնջաց. -
- Այո, որդիս, դու կլինես մեծ ու բարի, դու կլինես մի Արեգակ,
Եւ լոյս կտաս աշխարհներին, դու կցրես խաւարը ժանտ,
Դու կբուժես վէրքը սրտի, հոգիներին սնունդ կտաս:
Մօր գգւանքից, փաղաքշանքից, տղան քնեց, իր ժպիտը
Օրհնութեան պէս ու բուրմունքի, ողողել էր տունը համակ:
* * *
Տարիներն են անցնում արագ ու աննկատ,
Պատանի էր մանուկն հիմա,
Խոհուն, զգաստ, Իմաստութեան սպասարկու ու սիրահար:
Յետոյ դարձաւ նա զօրական, հանդուգն ու քաջ,
Արքայական` դարձաւ ԴՊԻՐ:
Մեծ բերկրանքից ցնծաց հայրը, ու մտմտած նա իր մտքում.
- Այսօր սեպուհ, վաղը իշխան, կատարւում է իմ երազը,
Մտածումներն իմ հեռաւոր, օհ՜ շատ շուտով`
Մարմին կառնեն ու կերպարանք, եւ կըդառնամ Իշխանահայր:
Երիտասարդ զօրականը անցաւ մի օր աւաններով իր հայրենի,
Տեսաւ մանկանց փոշիներում, հողաթաւալ, հեզ աչքերով,
Հայացքներում հրավառւող մի մեծ կարօտ,
Հոգին մաշող անծանօթ տենչ եւ ձգտումներ անկերպարան...
Մտաւ տաճար նորակառոյց, տեսաւ մարդիկ մունջ, գլխահակ,
Ունկն են դնում լուռ, անտարբեր աղօթքներին,
Որ կարդում է Ասօրերէն մի ծեր կղեր:
- Ի՞նչ է ասում այդքան երկար ու անիմաստ.
Հարցնում է մի շինական` հարեւանին:
Քրիստոսի խօսքն է ասում, լուռ կաց լսիր:
Իսկ իմա՞ստը, իմաստն ինչ է՞...
- Ի՞նչ իմանամ, ես չգիտեմ նրանց լեզուն, որ քեզ ասեմ:
- Դէ թող կարդայ նա մեր լեզւով, որ հասկանանք:
- Մեր ո՞ր լեզւով, մենք գիր չունենք,
- Էդ Ւնչ ազգ ենք որ գիր չունենք:
Բազմահարիւր այրերի մէջ չկա՞յ մէկը,
Մի իմաստուն, որ գիր շինէր,
Էլ ինչ ազգ ենք...
Ու լսում էր Զօրականը զրոյցն այդ` կոշտ ու խայթող:
Եւ դառնացած նա դուրս եկաւ մեծ տաճարից,
Մտամոլոր, սրտին մի նետ` սուր, անողորմ:
Անցաւ տրտում դաշտի միջով, ուղեղի մէջ ծանր մի ցաւ,
Եւ շարունակ կրկնում էր, շինականի խօսքը հեգնող,
«Էլ ինչ ազգ ենք որ գիր չունենք»...
Ու մտատանջ նա կանգ առաւ մի ծառի տակ,
Ձին արձակեց որ արածի, ինքը նստեց խիտ ստւերում:
Ու մտածեց երկար, երկար շինականի խօսքի վրայ:
Ձին խրխնջաց որոտագին, բնազդաբար,
Զօրականը նայեց վերեւ` եւ ի՜նչ տեսնէր,
Մի հրեղէն Լուսէ պատկեր, մի կոյս չքնաղ,
Որ ժպտում էր կախարդական մի ժպիտով:
Եւ չիմացաւ թէ ի՜նչ խօսէր, կարկամել էր միանգամայն,
Սիրտն ու հոգին դիւթանքներով կաշկանդել էր այդ Դիցուհին:
Եւ իր մտքում մտմտում էր Զօրականը,
Անահի՞տն է թէ Աստղիկ:
Եւ սիրտ առաւ, բացագանչեց, - Ո՞վ ես արդեօք, ի՞նչ ես ուզում:

ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՈԳԻՆ ԵՄ ԵՍ ԺՈՂՈՎՐԴԻԴ:
- Որքա՜ն վեհ ես ու գեղեցիկ:
- Բայց ի՜նչ օգուտ: Մնացել եմ ես խաւարում,
Արհամարւած` լքւած իսպառ:
- Ի՞նչն է կարող քեզ դուրս բերել մոռացութեան սեւ անդունդից:
- Գիրը միայն` դուրս կբերի ինձ լոյս աշխարհ:
Այն ժամանակ ես կերեւամ սիրատոչոր ամէն մարդու,
Մանուկները ինձ կտեսնեն ու կդառնան կայտառ ու ժիր,
Ես կունենամ սիրահարներ բազմահազար:
Ցեղիդ համար ես կդառնամ պողպատակերտ մի կուռ վահան,
Չարերի դէմ ու չարիքի:
Մռայլւեց Զօրականը, ձեռքով շփեց լայն ճակատը:
- Այդ երջանիկ մեծ ասպետը ո՞վ պիտի լինի,
Որ պիտի տայ ժողովրդին գիրն այդ Սուրբ,
Ու կառուցի տաճարներ վեհ` ուր դու բազմես ողջ պերճանքով:
Եւ դիցուհին բազուկները լայն բաց արեց -
- Ընտրեալս, եւ ասպետս, առ ինձ գիրկդ, դարձիր տաճար դու ինձ համար:
- Ի՞նչպէս հասնեմ, երջանկութեան այդ բաղձալի:
- «Զրկանքներով, տառապանքով: Մոռացիր քեզ, օր ու գիշեր արթուն մնա', յաճախ ծարաւ ու անօթի, տքնիր անդուլ եւ յոտնկայս հսկիր անվերջ»...
Ո՜վ Երկնաւոր, զօրութիւն տո'ւր, որ կարենամ:
Եւ դիցուհին շարունակեց` -
- Ու կդառանամ ես քո գրկում լոյս անսահման,
Եւ կճեղքենք մենք միասին ժանտ խաւարը մութ դարերի:
Հզօր շնչով ինձ կնետես դէպ տիեզերք,
- Ես կդառնամ մի արեգակ յաւերժափայլ
Ու կամբարեմ ուժ ու կորով ցեղիդ համար:
Կդառնամ ջուր անմահական, ես կդառնամ հոգու սուրբ հաց,
Ոսկէ թելով անխզելի կմիացնեմ աշխարհացրիւ հայը հային: -
Այսպէս խօսեց Տեսիլքն հրաշք, յետոյ ձուլւեց նա Արեւին:
Զօրականը ցրեց մշուշն իր մտքերի, սիրտը թեթեւ, հոգին պայծառ,
Ընդոստ թռաւ, հեծաւ իր ձին, ու սլացաւ դէպ արքունի մեծ Ոստանը:
* * *
Երբ ներս մտաւ ընդունարան, տեսաւ արքան` գահին նստած,
Լուրջ ու զբաղ, զրուցում էր Մեծ Վեհի հետ:
- Էհ ի՞նչ անենք, վեհափառ Տէր, - ասաց արքան -
Թէ չգտնւեց Այր իմաստուն ու գրաստեղծ,
Լուսաւորչի վառ կանթեղը պիտի հանգչի:
Ժողովուրդը չի հասկանում եւ չի սիրում օտար լեզու,
Անհաղորդ է աղօթքներին, կեղերն օտար, իզուր բեռ է նրա վզին: -
- Կաթողիկոսն աչքը յառեց թագաւորին ու հառաչեց խոր, ողբաձայն,
Ու պիտի գան ժամանակներ անագորոյն,
Ամէն անգամ, մենք մեր գահին չենք տեսնելու,
Արդարասէ’ր քեզ պէս արքայ, եւ չար օրին, ի՞նչպէս փրկել,
Ինչո՞վ փրկել զուլումներից, ժողովրդին էս տարաբախտ:
Դռան կանգնած Զօրականը պատասխանեց` -
- Մտքի լոյսով, վեհափառ տէր, Լոյսով արքայ: -
Վեհ ու արքայ խրոխտ ձայնից սթափւեցին:
- Դո՞ւ ես Մեսրոպ, պատեհ ժամին վրայ հասար, արի առաջ:
Ասաց արքան, արի նստիր խորհուրդ անենք:
- Շնորհակալ եմ արքադ ազնիւ, որոշել եմ էլ չնստել,
Հանգիստ չառնել մինչ կլուծեմ`
Ծանրակշիռ ու կենսական այդ խնդիրը:
Կեանքս պիտ տամ ու պիտ գտնեմ այդ ԳՐԵՐԸ,
Լոյսը գտնեմ, գրկեմ, բերեմ, լուսաւորեմ Աշխարհն Հայոց:
Ահա սուրս: - Սուրն արձակեց ու յանձնեց նա արքային:
Ու դառնալով Կաթողիկոսին, ասաց խոնարհ -
- Այսօրւանից` զինւորեալդ եմ, Տէր Վեհափառ:
Արձակուրդ տուր մեկնեմ իսկոյն:
- Եւ ո՞ւր այդպէս, - հարցրին յուզւած Արքայ ու Վեհ:
- Թափառելու երկրից երկիր, մինչեւ բերեմ ձեր ուզեցած,
Ու ցանկացած ԳՐԵՐԸ սուրբ կենդանարար:
- ԱՍՏՒԱԾ ՔԵԶ ՀԵՏ ասաց Վեհը խոր զգացւած:
- «Գանձարանից դրամ վերցրու որքան կուզես»,
Աւելացրեց Վռամ Շապուհ:
Մեսրոպ Մաշտոց գլուխ տւեց ու հեռացաւ:
* * *
Եւ տարիներ երկար, անդուլ քայլեց անխոնջ,
Ճամբաներով խուլ ու դաժան արհաւիրքներ տեսաւ բազում,
Տեսաւ մարդիկ անհրապոյր, չար ու նախանձ,
Եղաւ բոլոր ոստաններում, իմաստութեան թէ գարշանքի,
Ու ճաշակեց դառնութիւններ մինչեւ լեղի:
Նախ այցելեց նա Միջագետք ու Ասորիք,
Գնաց հասաւ մինչեւ Աթենք, մինչ Եդեսիա ու Սամուսա,
Գնաց Պօլիս:
Ամենուրեք տարածւել էր իր համբաւը:
Եւ հեռաւոր երկրներից եկած մարդիկ,
Իր մօտ գալիս, ԳԻՐ են ուզում:
Եւ աննախանձ մարդն այդ սուրբ,
Առատաձեռն բաժանում է Լոյսն իր մտքի:
- «Թող ամէնը լոյս ունենան, լինեն բարի»: -
Գիր է տալիս նա Վրացուն, Աղւաններին,
Եւ հեռաւոր Եւրոպայի անտառներում դեռ դեգերող,
Սէգ Գոթացւոց:

Ու մի օր էլ ԼՈՅՍԸ գրկած, սրտին սեղմած,
Մեր տառերը եռեսուն- ութ, նա դառնում է Աշխարհն Հայոց:

* * *
Գարուն է`վառ, ծաղիկներով զարդարւել են դաշտերն Հայոց,
Աւաններից, Ոստաններից դուրս է եկել բազմութիւնը,
Ու խռնւել ճամբի վրայ, ի՜նչ խանդավառ ցընծութիւն է,
Ամենուրեք ի՜նչ խընդութիւն...
Ահա արքան ՎՌԱՄ ՇԱՊՈՒՀ եւ վեհափառ ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ,
Ոսկէ կառքում, որ քաշում են չորս սպիտակ ջորիները:
Ի՞նչ յաղթական զօրավար է մուտք գործելու,
Կամ ի՞նչ արքայ:
- Ո՞վ է գալիս, ի՞նչ է բերում, հարց են տալիս մարդիկ իրար:
Եւ մի մանուկ, ոտաբոբիկ ու գլխաբաց, ճըչաց յանկարծ,
- Սորւբն է գալիս, Լոյս է բերում:
Ու երեւաց ոսկեզրահ հեծեալների մի ստւար խումբ,
Նրանց միջեւ, սեւ նժոյգը հազիւ զսպած, գալիս էր ՆԱ:
Խուռն ամբոխը գոռաց յանկարծ. -Սուրբը եկաւ, լոյսը բերեց...
Մի պատանեակ վազեց առաջ, սէգ նժոյգի սանձը բռնեց,
ՎԱՐԴԱՊԵՏԸ ձիուց իջավ:
Իր մօր գրկում, մի շէկ մանուկ լաց էր լինում,
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ նրան առաւ ու պինդ գրկեց,
Բարձրացրեց, նայեց դէմքին,
- Մի լար բալիկ, ձեզ համար եմ ես ԼՈՅՍ բերել,
Որ չմնաք էլ խաւարում: -
Ու համբուրեց մանկան կրկին, յանձնեց մօրը:
Ապա դանդաղ ու վեհաշուք նա մօտեցաւ ոսկէ կառքին,
Խոր խոնարհւեց, կաթողիկոսի աջն` առաւ ու արքայի:
- Պիտի ներես Տէր Վեհափառ, եւ դու արքայ,
Որ առաջին` իմ ողջոյնը, մանկան տւի,
Մանուկներն են մեր ԱՊԱԳԱՆ,
Ու պիտ վառեն հազար լոյսով ԱՐՇԱԼՈՅՍԸ ՄԵՐ ԳԱԼԻՔԻ:
* * *
Եւ այնուհետ արիւնախանձ վոհմակները աւարատենչ,
Եկան զարկին մեր ԱՇԽԱՐՀԻՆ, խորտակեցին աւանները մեր բարեշէն
Աւերեցին տաճար, կոթող Արմենական...
Շատ անողորմ վէրքեր բացին Հայոց սրտին,
Երկիր շարժւեց, եւ փուլ եկան հսկայ լեռներ,
Բայց ՄԱՇՏՈՑԻ Լոյսին փարած, մենք մնացինք`
Հոգով արի ու անսասան:
Փոշու նման ու փոթորկի` եկան անցան, հետք չը թողին,
Դժոխածին Բուղա, Իւսուֆ, Թէյմուրը Լանգ եւ Չանգիզ խան,
Տասնեակներով մեծ ու փոքըր սուլթան, փաշայ արիւնկզակ,
Բայց Մեսրոպեան լոյսը շքեղ` մնաց միշտ վառ, անհանգչելի,
Եւ ձեռքերով ՏԻՏԱՆՆԵՐԻ նա փոխանցւեց միշտ դարէ դար,
«ՆԱՐԵԿԱՑՈՒՑ ՇՆՈՐՀԱԼԻ, ԼԱՄԲՐՈՆԱՑՈՒՑ` ՄԵԾ ՄԽԻԹԱՐ,
ԱԼԻՇԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՉԱՐԵՆՑ:
Եւ ՉԱՐԵՆՑԸ հրթիռ դարձրեց ԲԱՆԻՆ ՀԱՅՈՑ,
Նետեց երկինք, հրավառեց տիեզերքը նրա Լոյսով:
Այսօր ահա, Արագածի վառ փէշերին,
Բազմել է յաղթ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԵՍՐՈՊԱՏԵՍ այդ ԴԻՑՈՒՀԻՆ,
Շրջապատւած մեր Մանթաշի զառ հաւքերով,
Արարատեան ծաղիկներով ալ ու ալւան:
Գիրն է դարձել` խօսք, գիտութիւն, ներդաշնակ երգ,
Խինդ ու թափով տարածւել է ամենուրեք:
Եւ աշխարհի իմաստութեան կաճառներում`
Բազմել է յար ՄԵՐ ՏԱՐՕՆՑԻՆ,
Համբարձումեան նոր անունով`
Գիտուններին մտքեր պարզում,
Ու լոյս բաշխում հպարտօրէն:
Սեւանի մօտ մանուկներն են շուրջպար բռնել,
Եւ երգում են ժիր եւ ուրախ.
Մանկանում է Օշականի Սուրբը անմահ`
Ու խառնւում նրանց խմբին,
Զարմանում է իր ՍՏԵՂԾԱԾ ԳՐԻ վրայ,
Որ դարձել է յաւերժահոս Մտքի աղբիւր,
Ո՜վ խմում է անմահական նրա ջրից`
Դառնում է մեծ, դառնում անմահ մի ԿՈՄԻՏԱՍ, մի ԹՈՒՄԱՆԵԱՆ,
Դառնում անխոնջ ԱՃԱՌԵԱՆՆԵՐ բազմավաստակ,
Դառնում` երգի ու հմայքի դիւթիչ վարպետ`
Անմահական ԽԱՉԱՏՐԵԱՆ:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users