Jump to content


Photo

Soma


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 10 June 2007 - 11:40 PM

ՍՈՄԱ
(Եղիշէ Չարենց)
(Դասական Ուղղագրութեամբ)

I

Որպէս քուրմը Գանգէսի,
Կարօտակէզ, սիրակէզ -
Կեանքս տւե՜լ եմ լոյսիդ
Եւ երգում եմ քեզ
Քե՜զ եմ երգում այս կարմիր
Աշխարհում հիմա,-
Քե՜զ եմ երգում, քա՛ղցր քոյր,
Խելագա՜ր Սոմա՛:


II

Դարեր շարունակ, անվերջ, անդադրում,
Ու սիրտս - գարուն,
Կեանքս երգ շինած՝ քե՜զ էի փնտռում
Այս չար աշխարհում:
Ու չէի գտնում, Սո՛մա, ո՛չ մի տեղ
Քո դէմքը հրէ,-
Բայց ես գիտէի, որ մեռնում է նա,
Ով որ քեզ սիրէ:


Ու սիրտս տւած մահի անուրջին,-
Մա՜հ էի տենչում,-
Բայց տեսայ յանկարծ քո դէմքը վերջին
Այս աղջամուղջում:


Քո դէմքը տեսայ, որպէս սրբազան
Մի զոհաբերում.
Քո դէմքը տեսայ աշխարհասասան
Այս հրդեհներում:


Եւ քեզնով հարբած՝ կանչեցի՜ նրանց
Հրդեհի պարին,-
Եւ կեանքս տւի, պարզ ու սրտաբաց,
Վառւող աշխարհին...



III


Սո՛մա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,
Երկնային մի քոյր,
Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին
Թոյն, թախիծ ու բոյր:


Երկնքից իջած քո ցօ՛ղն է սերում
Բոյսերը բոլոր.
Քո՛յր, ապրում ես դու մեր սուրբ բոյսերում
Քաղցր ու ահաւոր:


Մենք այդ բոյսերից խմիչք ենք շինում,
Գինի հրակէզ,
Եւ այդ սրբազան խմիչքով հարբած -
Ցանկանում ենք քեզ:


Վառւում ես, Սո՛մա, մեր երակներում
Դու, որպէս գինի,-
Եւ քեզնով հարբած ուզում ենք մենք էլ,
Որ այս աշխարհում քո կամքը լինի...


IV

Սո՛մա, օ՜, Սո՛մա, սրբազան խմիչք,
Սրբազան դու սէր,
Ոգեւորութեան դու քա՜ղցր գինի,
Երկունքի գիշե՜ր:


Արշալոյսների սրբազան արգանդ,
Ոգու Կաթն Ծիր.
Արեւից առաջ դո՛ւ երկնից անցար,
Ոսկի փռեցիր:


Օ՜, Սրբազան հա՜րս դու ազատութեան,
Դու - ազատութի՜ւն,
Դու - վերջին ցնորք վերջի՜ն քաղցրութեան,
Դու - ոգու խնդում:


Դո՛ւ, որ սրտերում փրփրում ես վառ,
Հոսում ես արագ,
Ու փրփուր-փրփուր եփւելով սրտում
Վառւում ես յանկարծ, դառնում ես կրակ:-


Սո՛մա, օ՜, Սո՛մա, օրհնւի՜ թող այն
Վայրկեանը կարմիր աշխարհում այս չար,
Երբ մարդու սրտում առաջին անգամ
Հրի փոխւեցիր ու Ա՛գնի դարձար...


Ու հրդե՛հ դարձար, ու կրակ, ու հուր,
Սրտից ծփալով - անցար աշխարհին,
Եւ կեանքը այս չար, այս կեանքը տխուր
Յանձնեցիր հրին:


Ծփում ես հիմա մարդկանց սրտերում.
Ու ողջ աշխարհում հրդեհ ես վառել.
Քո՛յր, դո՜ւ ես միայն թխպոտ օրերում
Մեզ մխիթարել...


Վառե՜լ ենք հիմա աշխարհը նորից,
Ուխտի ենք եկել խենթ ու խելագար.
Օրհնւի՛ թող քո անունը նորից,
Որ հուր դարձրեց մեր սրտերը քար:


Հուրդ մեր սրտում թող սուրբ փրփրի.
Խմե՜լ ենք արդէն, ելել ենք պարի,
Խառնել ենք իրար հիմա կեանք ու մահ.
Բռնկւի՛ր կրկին ու կրկին անգամ,
Վառւի՛ր մեր սրտում, ծփա՛, արնաքամ,
Խելագա՜ր Սո՛մա...


V

Քո՛յր, քո գինին մեր սրտերում
Մխացել է դա՜ր ու դարե՜ր,
Քո՛յր, քո գինին մեր սրտերում
Քանի՜ ոսկի ջահ է վառել...
Քանի՜ ոսկի ջահ է վառել...
Երկրի մուԺում,
Քանի՜ ոսկի ջահ է վառել
Կեանքի փոշում:
Դա՜ր ու դարեր մեր սրտերում
Վառւել է վառ,
Բայց հրդեհւել չի կամեցել
Աշխարհը վառ:


Ո՞վ չի տեսել, երբ իջնում է թանձր գիշեր -
Շիրիմներից դուրս են թռչում ոսկի լոյսեր:
Փոշիացող ոսկորներից լոյս է ծորում.
Գինի՛դ է այն, որ չի վառւել մարդու օրում:
Գինիդ է այն, որ զուր յուզւել, բայց չի՛ վառել՝
Գինի՛դ է այն, որ մարդ իր հետ վա՛ր է տարել.


Ու գիշերի թանձր մթում -
Հրէ մի սուր -
Դուրս է թռչում գերեզմանից ՝
Վառւում է զուր...
Սո՛մա, գինիդ, որով հարբել,
Խենթ ենք հիմա -
Դա՜ր ու դարե՜ր տւել է մեզ
Երկունք ու մահ.
Մա՛հ է տւել ու գերեզման,
Հող ու անհուն -
Որ դուրս թռչի, ազատ վառւի -
Գերեզմանում...
Ու չէր վառւում դա՜ր ու դարեր
Աշխարհը քար.
Հիմա վառւեց...Խե՜նթ ենք մենք էլ
Ու խելագար:-

Պա՜ր ենք բռնել խելագար,
Հրդեհում ենք ու վառում -
Այն ամէնը, ի՛նչ որ կար
Հազարամեայ աշխարհում:


Ու արիւնը մեր ՝ խառնւած հրին ՝
Վառւում է ագահ,-
Ու լոյս է տալիս վառւող աշխարհին
Դէմքդ հեռակայ:


VI

Ու դառնում է մեր շուրջպարը արագ,
Եւ մեր շուրջպարում - հրդեհի պարում
Հէքեա՛թ է կեանքը, ուր մարդը - կրակ:


Հրթի՜ռ-հրթի՜ռ վեր են թռչում
Կեանքերը մեր կարեվէր,
Ու վառւում է աղջամուղջում
Ողջակիզւող սիրտը մեր:


Ամբոխները զրահապատ
Ծափ են զարկում ու պարում,
Ջա՛հ է դարձել ամէն մի մարդ
Կրակապատ աշխարհում:


Ու պար բռնած ու խելագար
Ե՜րգ ենք ասում կրակին -
Ու վառւում է աշխարհը քար
Մրրիկներում կրակի:


Կիրակի է կեանքն հիմա -
Ջահազարդւա՜ծ, կրակուն -
Ու պարում են կեանք ու մահ
Սո՛մա, քո սուրբ կրակում...


VII

Հէ՜յ, հեռաւոր ընկերներ ու եղբայրներ,-
Դուք չէ՞ք լսում. ձե՛զ ենք կանչում,-
Զւարթ ու սէգ,
Եկէ՛ք, մտէ՛ք շուրջպարը մեր -
Եկէ՜ք, եկէ՜ք:


Օ, կո՜յր է նա, ով չի տեսնում
Երկինք հասած կրակը թէԺ.
Եկէ՛ք, եկէ՛ք, ով սիրտ ունի
Ողջակիզւող ու հրակէզ:
Ով որ եկաւ - պէտք է իր հետ
Ողջակիզւող մի սիրտ բերի-
Եկէ՛ք, հսկայ պարը մտէք
Աշխարհային հրդեհների:


Ու ծաւալւի՛ թող
Աշխարհովը մէկ
Հրդեհը մաքրող,
Բոցը հրաշէկ:


Կեանքը հնամեայ,
Որ մխում է զուր -
Թող մոխի՛ր դառնայ
Ու անցնի իզուր


Հո՛ւրը թող մնայ,
Հրդե՛հը հոգու,
Ու հրաշք դառնայ
Սո՛մա, խօսքը քո:


VIII

Ու գալիս են անվե՜րջ, անվե՜րջ
Ամբոխները ահագին,
Որ կեանքը հին ու սնամէջ
Ողջակիզեն կրակին:


Ու հուրն ընկած, անդարձ, անել,
Այրըւում է կեանքը քար -
Ու հրդեհում պար են բռնել
Ամբոխները խելագար:


Ու արիւնը մեր, խառնուած հրին,
Վառւում է հրում՝ զո՛հ է սրբազան -
Ու Ժպտում է քո դէմքը աշխարհին
Այս հրդեհներում աշխարհասասան...


IX

Թւում է հիմա կեանքը իմ հոգուն
Մի ոսկի տեսիլ.
Ինչ լա՜ւ է, Սո՛մա, որ կեանքի հոգուն
Հիմա՛ եմ հասել.
Ինչ լա՜ւ է, Սո՛մա, որ քո կրակում
Վառւում եմ ես էլ...


Կը վառւեմ հիմա, որպէս զոհ կամքիդ
Ու զոհաբերում,
Եւ եթէ մարի հրդեհը այս մեծ
Որ չունի մարում -
Դու էլի՛ հազար հրդեհ կը վառես
Այս չար աշխարհում...


Սո՛մա, սէրը քո թոյն է ու գինի,
Բայց քա՜ղցր է այնքան.
Սո՛մա, կաս դու միշտ, բայց անցնում եմ ես
Ու վաղը չկամ.
Սո՛մա, աշխարհում թող կամքդ լինի
Տիեզերական:-


Կեանքս կը մարի՝ հին, չնչին մի կայծ
Քո ոսկի հրում -
Բայց վառւի՜ պիտի սիրտս մոխրացած
Քո բոլո՜ր գալիք արշալոյսներում:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users