- Էլ ի՞նչ դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:
- Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:
Ես շատ ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:
- Ինչպե՞ս եք ներկայացնելու մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:
- Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:
- Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ եք փաստերն ու պատմությունը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայությամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտավորականի, ազնիվ արվեստագետի իր նկարագրով:
-Մտավորական, արվեստագետ լինելուց բացի, Կոմիտասը նաև մեծ հեղինակություն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու հանցավոր կյանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթե նա բարձրաձայներ այդ ամենի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետև խոսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եվրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից հետո, բայց խելագարության չի հասել: Յուրաքանչյուր նորմալ մարդ նման դեպրեսիա կապրեր: Ցեղասպանությունն ուղղակի պատճառ էր, որպեսզի հայտարարվեր, թե Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարվել է, իսկ ֆրանսիացի մասնագետները ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացավ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտե կոշիկներ էին հագցնում հիվանդներին. ոտնամանը հարել է Վարդապետի ոտքը. վերքը բորբոքվել է ու մահվան պատճառ դարձել:
- Եթե այդ պատմությունն էկրան բարձրանա, դժվար չէ կռահել, թե ինչ արձագանք կառաջացնի հանրության կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրվել են և հայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դավեր են նյութվել, ապացուցել են, որ նա հոգեկան հիվանդություն չի ունեցել, բայց մոտ 20 տարի պահվել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացվել ու տարածվել:
- Ֆիլմում ամեն ինչ բացահայտ կցուցադրվի: Որևէ բան թաքցնելու իմաստ չկա: Մարդկանց պետք է ճշմարտոթյունը հայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմությունը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խոսել տարբեր մասնագետների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրյանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամեն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչյանին եմ հանդիպել, որը խորությամբ է ուսումնասիրել Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը: Թող աշխարհն իմանա, թե ինչ հանճար ունենք մենք, որի առջև խոնարհվել են Դեբյուսին ու Գնեսինը:
- Հոգեբուժարանը, փաստորեն, գործողությունների հիմնական վայրն է և առանցքային նշանակություն ունի ֆիլմում:
- Այո, պետք է պատկերացնել պարզապես, թե որքան է տանջվել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի ներսում: Կոմիտասի մասին հորինված լեգենդից այն կողմ Ցեղասպանության ողբերգությունը շարունակվել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարավորություն չունի, բայց համակերպվել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցույց ենք տալիս նաև հրեա շախմատիստ Շպիլմախերի կյանքի դիպվածները: Հոգեբույժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալյոխինին ծանոթացնում է Շպիլմախերի հետ ու հորդորում, որ նրա հետ շախմատ խաղա: Բժիշկը վստահ էր, որ եթե Շպիլմախերի աստղային հիվանդությունը կոտրվի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լավ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարավոր կլինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալյոխինին. «Ես քեզ 21-րդ քայլում կհաղթեմ»: Ալյոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եվ իսկապես, 21-րդ քայլում պարտվում է: Ալյոխինը ռևանշ է պահանջում: Շպիլմախերն ասում է . «Ռևանշ՝ մեկ պայմանով. եթե ինձ ու ընկերոջս՝ Կոմիտասի համար էսկիմո պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձյալ 21-րդ քայլում պարտության է մատնում Ալյոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարավոր չէ:
Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժեն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցույթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ հաղթել է աշխարհի չեմպիոն Ալյոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու շատ հեշտությամբ պարտության է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբվանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջո, «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենյակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելույթը. «Ո՞վ է այսօր հիշում 1,5 միլիոն կոտորված հայերի մասին, վաղը ոչ ոք չի հիշի հրեաների մասին»:
- Դուք զուգահեռնե՞ր եք անցկացրել Հայոց եղեռնի ու Հոլոքոստի միջև:
- Մեր ֆիլմն ասում է՝ եթեՀայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին ու միջազգայնորեն դատապարտվեին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պետք է բոլորը դիտեն, ու դահլիճում պետք է թուրքեր էլ լինեն:
- Նախատեսել եք ֆիլմի համաշխարհային պրեմիերանե՞ր:
- Իհարկե, կինովարձույթ, կինոթատրոններ, փառատոներ. ամեն տեղ պետք է ցուցադրվի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա և Իսրայել:
-Ճապոնիա՞:
- Այո, Ճապոնիան մեծապես հետաքրքրված է այս նախագծով: Ընդհանրապես այդ երկիրը պատմական իրողությունների, հատկապես ցեղասպանությունների մասին նախագծերին հաճախ է նախապատվություն տալիս:
- Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը:
- Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ:
Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը ջանացելէ սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը:
Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ