Jump to content


Photo
- - - - -

Avetis Aharonian


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 04:29 AM

ԱՇՈՒՂԸ
(Դասական Ուղղագրութեամբ)

Աւետիս Ահարոնեան


Ջարդը վերջացաւ: խաւարն իջաւ: Իջաւ սարերից եւ ծածկեց արար-աշխարհը: Այն գիշեր հոգեմաշ էր, սոսկալի. խաւարը շատ թանձր: Քաղաքը ոչ թէ քնեց, այլ մեռաւ: Փողոցներում մարդ չկար, տներում ճրագ չկար, ո´չ մի ձայն. կենդանութեան նշոյլ ցոյց տալը այդ գիշեր ոճիրներից մեծագոյնն էր: Իշխողը մահն էր, բռնի, արիւնոտ մահը, որ սարսափելի թեւերով սաւառնում էր, վեր-վեր մռայլ տներից, որօնք այդ օրը չտեսնւած բաներ տեսան: Քանի՞ քանի՞ օջաղ մարեց, աչք չմնաց արիւն արցունք չթափէր... Այժմ էլ մի զարմանալի լռութիւն կար ոճիրով յղի խաւարում: Ո՞վ ձայն հանէր. յօշոտւած ու այլանդակւած դիակները շարան-շարան փռւած էին գերեզմանատանը՝ ճռթւած ու արիւնոտ աչքերը դէպի երկինք չռած, ասես հարցնում էին «ինչաո՞ւ», բոլոր «ինչուներից» ամէնից անմիտը, որի վրայով դարերը քրքիջով են սահում՝ անպատասխան թողնելով խեղճերին: Լուռ էին նաեւ մեծ ոճիրի հեղինակները: Խաւարը եկաւ, ծածկեց արիւնը մի մռայլ քողով. բայց իր հետ բերեց նաեւ մի սոսկում, որ թափանցում էր նոյնիսկ ամենաանսիրտ արիւնարբուի երակներում. նրանք թագնւեցին իրենց տներում, ինչպէս որսից դարձող գաղազաններ բնում: Այն գիշեր դրսում, փողոցում դւ մանաւանդ հայոց գերեզմանատան շուրջը մի բան կար, որ հազար աչքով, հազար ձեւով գալարւում էր խաւարի մէջ եւ խեղդում էր խեղդում... Քամի էլ կար, աշնանային չար քամի:
Շատ ուշ միայն փողոցներից մէկում յայտնւեցին մարդկային մի խումբ ստւերներ... քսանի չափ զինւորներ եւ մի յիսնապետ: Նրանք շարժւում էին հանդարտ, անձայն, ասես վախենալով մահու հանգիստը խռովել կամ զայրացնել խաւարի մէջ գալարւող սարսափը: Ի՞նչ էին փնտռում այս անապատ փողոցներում այդ ժամին, - անկարելի էր իմանալ մթութեան մէջ: Միայն նրանք անցնում էին գողերի զգուշութեամբ, մերթ ընդ մերթ կանգ էին առնում այս ու այն դրան առաջ, ականջ էին դնում եւ կրկին շարունակոմ ճանապարհը նոյն զգուշութեամբ: Փողոցի ծայրում յիսնապետը, որ առաջ էր ընթանում կանգ առաւ. Մի քանի դիակներ կային գետնին փռւած:
-Վերցրէ´ք, հրամայեց նա, պէտք է տանել «այնտեղ»:
«Այնտեղը» հայոց գերեզմանատունն էր: Մի քանի հոգի մօտեցան: Վերցրին դիակները եւ դրին ձեռքերի պատգարակների վրայ, ապա կրկին առաջ շարժւեցին: Այս խումբը փողոցներում թափւած վերջին դիակները հաւաքելու պարտքն ունէր: Դարձեալ մի քանի տեղ կանգ առան. դարձեալ դիակներ շարեցին նախկինների վրայ եւ շարունակեցին ընթացքը: Մէկ էլ յանկարծ իրենց արիւնոտ բեռը վար դրին եւ բոլորը միասին քարացան... Հեռու գերեզմանից քամին մի ձայն էր բերում, մի աղեկտուր ձայն, որ լսւում էր մերթ ինչպէս խորունկ հառաչանք եւ մերթ ինչպէս օգնութեան աղաղակ կամ սարսափի սրտաճաք ճիչ: Երբեմն քամու հետ խառնւելով, այդ զարմանալի ձայնը մեծանում էր, դառնում հարիւրաւոր կոկորդից պոռթկած մռմռոց: Այդ ժամանակ թւում էր, թէ գերեզմանատան բոլոր դիակները միանգամից ճչում են, հառաչում են ցաւերից եւ դատ ու արդարութիւն են պահանջում: Երբեմն էլ, երբ քամու թափը մեղմանում էր, պարզ ու որոշ լսւում էր մի սրտաճմլիկ երգի ձայն, որով կարծես մի սգաւոր ոգի նզովում էր աշխարհի արդարութիւնը եւ լուռ դիակների ցաւերն էր ողբում: Այս խաւարի, այս սարսափի մէջ անսպասելի, գերբնական էր թւում այդ զարմանալի ձայնը, եւ խումբը քար կտրած՝ լսում էր, անկարող լինելով առաջ գնալ: Իրենց ձեռքով խողխողւածներն էին խօսում, նրաք էին բողոքում, եւ դահիճներն անկարող էին չլսել:
Երգը շարունակում էր.


«Սեւ խաւարն իմ ընկերս է անբաժան,
Ես չգիտեմ, ի՞նչ ասել է պայծառ օր,
Բայց այսօրւայ խաւարն է խոր, հոգեհան...
Դիակները փսփսում են ահաւոր,
Եւ պատմում են իրենց ցաւերն անպատում,
Որից Աստւած գուցէ դողայ երկնքում:
«Հին դարերից ցաւեր շալկած յամրօրէն
Հառաչելով, անցաք արեան ծովերով,
Համբերութեան դասեր առիք լեռներէն...
Քնէ´ք այժմ, բոցով, ցաւով, վէրքերով,
Եւ պատմեցէ´ք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստւած գուցէ դողայ երկնքում:
«Այս իմ անճար քնարն ունի երեք լար,
Այն՝ ողբաձայն, լալկան, խղճուկ, դողդոջուն,-
Ի՞նպէս ողբամ ձեր ցաւերն անհամար,
Սրտեր վառեմ, արցունք քամեմ ես անհուն...
Դո´ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստւած գուցէ դողայ երկնքում:
«Տառապանքի, սուգ ու սեւի ինձ ընկեր
Մարդ չմնաց իմ արիւնոտ վաթանում.
Լուռ են շուրջս լեռներ, ձորեր, շիրիմներ,
Լոկ քամին է կողկողագին մրմնջում...
Դո´ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում,
Որից Աստւած գուցէ դողայ երկնքում»...


- տէ´ք այդ մարդուն, հրամայեց յիսնապետը:
- երեզմանատանն է, բէյ - պատասխանեցին մի քանի երկչոտ ձայներ:
- երեզմանատօւն գնացէ´ք տասն հոգի, առա´ջ:
Խմբից տասը մարդ բաժանւեցին եւ անհաստատ քայլերով առաջացան, տանելով իրենց հետ հաւաքած դիակները: Ձայնը շարունակում էր.


«Ես էլ ցաւի դաշն կապեմ քամու հետ,
Եւ արցունքի երգեր հիւսենք միասին.
Նա խաղում է ամպրոպների շանթի հետ,
Նա յոյզ ու բոց կը տայ նաեւ մեր երգին:
Կոյր աշուղը, մրրկաշունչ, խօլ քամին
Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին»:


«Ոռնա´, քամի, հազար ու մի ձայներով,
Թո´ղ սարսռան լեռներ, ձորեր, անդունդներ...
Անցի՜ր մէկ-մէկ դիակների վրայով,
Լիզի՜ր վէրքեր ու հաւաքիր հառաչներ...
Կոյր աշուղը, մրրկաշունչ, խօլ քամին
Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին.շ»:


«Ի՞նչ ես վազում աննպատակ դէպ հեռուն,
Հառաչանքներ, խոր-խոր ցաւեր շալակած.
Վե´ր սլացիր դէպի երկինքն անհուն,
Գտի´ր գահը, ուր բազմել է մի Աստւած,
Թէ անզօր է սրբել արցունքն աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...»
«Փչի´ր վրան ահեղաշունչ որոտով,
Թող իր գահը դողայ հիմքից եւ Աստւած.
Թո´ղ երկինէը մթնի իր վառ աստղերով,
Տիեզերքը դարձրո´ւ քաօս, աւերած...
Թէ անզօր է այն Աստւածն աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...»
«Զուր ես խառնում ծեր ալիքներն աշուղին
Այնտեղ միայն հին օրերի խոհեր կան,
Դու խօմ գիտես լեզու, խօսք տալ ժայռերին,
Նրանց ասա´, թող քեզ պատմեն, ի՞նչ տեսան...
Երբ անզօր է այն Աստւածն աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...»
«Անցի´ր հանդարտ շիրիմների վրայից,
Հողի տակ էլ թշւառները քուն չունին.
Շարան-շարան հողաթմբի խորքերից,
Խուլ մրմոնջներ գուցէ լսես ցաւագին...
Երբ այսքան ցաւ ու արիւն կայ աշխարհում,
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...»


Զինւորների խոմբը հասաւ գերեզմանատանը, դիակները ներս տարան եւ կանգ առան առանց յամարձակւելու շատ խորքեր գնալ, ուր սարսափն էր թագաւորում:
- Ո՞վ ես, ձայն տւեց խմբից մէկը:
Պատասխանի փոխարէն երգիչը շարունակեց այս անգամ աւելի ուժգին, աւելի ցաւոտ:


«Կոյր աշուղը, մրրկածունչ խօլ քամին
Սեւ երգ կասեն, ցաւ կը պատմեն աշխարհին,
Երբ այսքան ցաւ ու արիւն կայ երկրում,
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...»


Զինւորներըն առաջացան վախվխելով: Նրանք քայլում էին հողաթմբի եւ դիակների վրայից, իսկ երգիչը մերթ երգում էր եւ մերթ հեկեկում էր այնպէս որ կարծես բոլոր տապանաքարերը նրա հետ միասին հեծկլտում էին ցաւից, դւ մեծ սուգը մարմին առած՝ գալարւում էր բոլորից վեր, դիակների եւ շիրիմների վրայ...
Զինւորները հասան եւ կանգ առան: Նրանց առաջ մի տապանաքարի վրայ նստած էր մի հատիկ մարդ, մի ծերունի... նա գլխաբաց էր եւ մազերն ու միրուքը քամուն տւած՝ նայում էր դէպի վեր, դէպի անսահմանութիւնը եւ կարծես բոլոր զոհերի արիւնն էր պահանջում:
Քաղաքում նրան «աշուղ» էին ասում, բայց իրօք նա մեծ «դարդից» էր աշուղ դարձել: Հեռու-հեռու, հայրենի գիւղում, նա տեսել էր իր բազմանդամ ընտանիքի կորուստը իր իսկ տան բոցերի մէջ, ինքն էլ զոյգ աչքերի գնով հազիւ էր կարողացել փրկել մի հատիկ զավակին, որի հետ մի օր յայտնւեց Ա... գիւղոմ: Այստեղ փոքրիկ, տասն տարեկան երեխան առաջնորդում էր կոյր հօրը, եւ սա երգում էր աղեկտուր երգեր փողոցներում, բակերում, տներում: Նրա հին սազի լարերից ասես կաթիլ-կաթիլ ցաւ էր թափւում, իսկ ձայնը անհուն ցաւի շեշտ ունէր:
Երբ ջարդն սկսւեց նա դարձեալ դուրսն էր եւ ընդհանուր իրարանցումի մէջ կորցրեց երեխան: Մինչեւ ուշ գիշեր նա թափառեց փողոցներում: Կանչեց, ճչաց... Իզո՜ւր - որդու ձայնը չլսեց: Նրան չսպանեցին: Ի՞նչ արժէր մի կոյրի կեանքը:
Իմանալով որ դիակները գերեզմանատանն են հաւաքւած, նա գիշերը չանգռելով բարձրացաւ մինչեւ գերեզմանատան բլրակը եւ մերթ ծնկաչոք, մերթ սողալով մէկիկ-մէկիկ շօշափեց դիակները՝ մի հատիկ զաւակի դիակը փնտռելով: Երբ ջանքերն անօգուտ անցան, նա կծկւեց մի քարի վրայ, դուրս քաշեց մէջքից իր սազը եւ հին օրերի ունկնդիրներին այս սարսափելի գիշերին վերջին անգամ սուգ ասաց: Նրա ձայնը բարձրանում, տարածւում էր մեռած քաղաքի վրայ՝ տանելով իր հետ այնքան անմեղ արեան բողոքը:
Քիչ յետու աշուղը կանգնած էր յիսնապետի առաջ:
- Ո՞վ ես դու, հարցրեց բէյը:
- Ե՞ս... ես սուգ ասող եմ:
- Ի՞նչ էիր ասում այնտեղ:
- Օրօր էի ասում, բէյ, սուգ էի ասում:
- Ո՞ւմ համար:
- Ո՞ւմ համար, Աստւած գիտէ:
- Ո՞վ քեզ իրաւունք տւեց որ քո ոռնոցով քաղաքի քունը եւ խաղաղութիւնը խանգարես:
Եթէ լոյս լինէր, հարցնողը կը տեսներ, թէ ինչպէս ծամածռւեցին ծերի շրթունքները, եւ նա սոսկալի կերպով ժպտաց:
- Խաղաղութի՞ւնը, կրկնեց ծերը հեգնաբար. գերեզմանատան դիակներն ու քարերը չեն լսում, բէ´յ. իսկ ով որ այնտեղ՝ գերեզմանատանը չէ, նա կարմիր ձեռներ ունի, ոչ մի ձայն նրա խաղաղութիւնը չի վրդովի... Ում էլ ձեռքերը ոճիր չեն գործել, նրանք սարսափից խլացել են. Աստւածն էլ ձերն է: Ես էլ սուգ եմ ասում, բէյ, օրօր եմ ասում, չէ՞ դուք ուզեցիք որ քնեն...
- Ո՞վ տարաւ քեզ այնտեղ, դու խոմ կոյր ես:
- Սրտի կրակն ու արիւնի հոտը, դու հոտ չե՞ս առնում:
- Որ թողնենք էլի՞ կերթաս այնտեղ:
- Հա´, բէյ, կերթամ, իմ տեղն այնտեղ է, ինչո՞ւ յետ բերիք ինձ, ես մենակ եմ, ցաւը մեծ է, շատ մեծ է, զոյգ կոյր աչքով այդքան ցաւ երբ ողբամ, թէ օր ու գիշեր կրակ ու բոց չդառնամ:
- Ի՞նչ էիր երգում այնտեղ, երգի´ր մեզ համար էլ:
- Բէյ, գիշեր է, այժմ մեռելների երգ կասեն:
- Երգի´ր մեռելների երգը:
Ծերը նստեց գետնին, սազը ձեռք առաւ եւ սկսեց.


Խօսի´ր քնար... Արար աշխարհ թէ լռի,
Ցաւի, արեան, տառապանքի լուռ ծոցում,
Կոյր աշուղը հառաչանքի պարտք ունի
Թշւառութեան ու անէծքի վայրերում:
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո´ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք...
Երեք լար կայ, մէկը մէկից սգաւոր
Մէկն արիւն, մէկն արցունք է քամում
Եւ երրորդը, այն ամենից թունաւոր,
Անէծք ունի իր թրթռուն խաղերում:
Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք,
Թո´ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք...
Սեւ բռնութեան, աւերածի զինւորներ,
Խոպան աւեր բոց փռեցիք ձեր ոտքով,
Բնակութիւն, շէն քաղաքներ ու աւեր
Անապատի վերածեցիք անվրդով:
Այսքան աւեր թէ ներեն ձեզ մեր որդիք,
Թո´ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք...
Դիակների վիշտը լացի ու ցաւեր...
Քանի՜ դարեր լոկ ողբ ու սուգ ենք ասում,
Այժմ անէ՜ծք դահի-ներին մարդակեր,
Վրէ՜ժ միայն, լոկ վրէժ եմ պահանջում...
Այսքան արցունք թէ մոռանան մեր...


- Հա՜յր...
Մի փոքրիկ մանուկ էր, որ խաւար անկիւնից դուրս թռաւ եւ փաթաթւեց ծերի պարանոցով:
Որդի՜ն էր...
- Զաւա՜կս:
- Հայր, հա՜յր...
- Կրա՜կ, որոտաց բէյը, եւ նոյն վայրկեանին տասնեակ հրացանների որոտը խեղդեց մանկան աղաղակը. Նրանց փողերից դուրս վիժած բոցերը մի վայրկեան լուսաւորեցին փողոցի թանձր խաւարը, եւ հայր ու որդի իրար գրկած թաւալեցին իրենց արեան մէջ:
Նրանց շրթունքները դողդողում էին եւ կարծես դեռ մրմնջում էին
«Այսքան արիւն թէ ձեզ ներեն մեր որդիք,
Թող ողջ աշխարհ հային կարդայ նախատինք»...


Գրեց Աւետիս Ահարոնեան
1899 թ.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users