Jump to content


Պ. Սևակ - Ապրե&#


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Guest__*

Guest__*
  • Guests

Posted 20 June 2000 - 11:10 AM

ԱՊՐԵԼ


Ապրե~լ, ապրե~լ, այնպե'ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը.
Ապրե~լ, ապրե~լ, այնպե'ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մարությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի',
քեզ չզիջի'
համբերատար քեզ հետ խոսի~,
հակառակո'ւմ քեզ համոզի
ինքը... հզոր Հանրությունը...

Ապրե~լ, ապրե~լ, այնպե'ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
,Եսե-ըդ խառնես մեծ ,մենքե-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա'նց համար,
Վերջալույսի նման բոցվես
նրա'նց համար:

Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա~ց լինես նրանց համար՝
հոգեւոր հա'ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգեւորվա~ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ,
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...

Ապրե~լ, ապրե~լ, ապրել այնպե'ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե~ղ բացվես, մեկտե~ղ փակվես՝
Ինչպես նամակ եւ կամ բացիկ...

Ապրե~լ, ապրե~լ, ապրել մեկտե'ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,--
Դառնալ ե'ւ շանթ, ե'ւ շանթարգել...


Պ. Սեւակ
27. V. 57
Մոսկվա

Edited by nairi, 25 August 2004 - 04:20 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users