Jump to content


Photo

Վահան Գէորգ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 17 January 2007 - 03:24 AM

«ՍՈՆԵՏՆԵՐ»-Ի ՇՆՈՐՀԱՆԴԷՍ

ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ 1950

2005 թւականի փետրւարի, 6-ին, Լոս Անջելեսի Իրանահայ միութեան յարկի ներքոյ կայացաւ բանաստեղծ Վահան Գէորգեանի «Սոնետներ»-ի շնորհանդէսը:
Այս առիթով օրւայ բանախօս Հրաչ Վարդանեանը ԱՄՆ-ից մեզ է տրամադրել Վահան Գէորգեանի վերաբերեալ իր գրութիւնը եւ նրա բանաստեղծութիւններից նմուշներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
ԱԼԻՔ, Թէհրան, իրան

Կարօտում եմ քեզ հայրենի եզերք,
Քո հող ու ջրին, արեւին հրկէզ,
Օտար երկրում աչքս միշտ արթուն,
Հոգիս ծո՜վ արիւն, օրս չի´ մթնում:

Անթեւ հաւքեր են խօսքերս թւում,
Յոյս ու երազանք մարում է մթում:
Օրերն են չւում տերեւների պէս,
Հոսո՜ւմ, գնո՜ւմ է ժամանակն անտես:

Աշնան օրերը դաւերով լեցուն,
Երազախաբի կսկիծով անանց
Սիրտ են սողոսկում, երակով թոյնէ:

Մտքերս մոլոր՝ զուրկ են թեւերից,
Շուրթերիս փարւած խօսքերի նման
Չունեմ հանգրւան ու խաղաղ օրրան:

Չունեմ հանգրւան ու խաղաղ օրրան,
Արդէն հազար դար՝ ես թափառական,
իծն հորիզոնի միշտ հեռւում մնաց,
Աչքս մաշեցի, չհասայ նրան...

Ամենուր եղայ, երկրներ տեսայ,
Դռները օտար իմ դէմ բացւեցին,
Տանտիրոջ կողքին հաւասարի պէս
Շէնացրեցի երկիրն հիւրընկալ:

Եւ ամէն անգամ, եւ ամենուրեք
Կասկած ու կսկիծ սիրտս սողոսկեց
Պագշոտ կնոջ պէս օրս պղտորեց:

Ու շրջապատւած բոլոր կողմերից՝
Մի կերպ դուրս պրծայ որոգայթներից՝
Բախտից հալածւած գազանի նման:

Բախտից հալածւած գազանի նման
Ճակատագիրը ինձ բաժին թողեց՝
Յոյսին միամիտ, յուսալով՝ յոյսից
Դարեր շարունակ ապրեցի այսպէս:

Ես ի՜նչ իմանամ, որ պապիս պապի
Ճամբան եմ հիմա վեր ու վար անում,
Երբ հորիզոնն է անվերջ հեռանում,
Մասիսն է միայն մերը մնայուն:

ՎԱՀԱՆ ԳԷՈՐԳԵԱՆ

Ծնւել է Երեւանում, ուսուցիչների ընտանիքում: Իր առաջին ուսուցիչները եղել են ծնողները, մայրը՝ գրականութեան, իսկ հայրը՝ կենսաբանութեան ուսուցիչ: Ծնողների աշխատանքի բնոյթի պատճառով՝ նա ապրել է գրեթէ Հայաստանի բոլոր շրջաններում: Դպրոցն աւարտել է Վաղարշապատում, որից յետոյ ուսումը շարունակել է Երեւանի Պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում:
Աշխատել է Արագածի Տիեզերական մասնիկների հետազօտութիւնների կայանում (ԱՏՄՀԿ) եւ այլ գիտա-հետազօտական հաստատութիւններում:
Նրա գրական գործերից տպագրւած են՝ «Այբ բեն գիմ» 1999 թ.՝ նւիրւած Մեսրոպ Մաշտոցին, «Մեղեդի», 2000 թ.՝ նւիրւած զոհւած Մուշեղ ագանեանին, «Կանայք» պատմւածքների ժողովածու 2003 թ., «Մեր հոգսերի ձմեռը, 1993 թ.», 2004 թ., «Սոնետներ», 2005 թ.:
Վահանը յաճախ հանդէս է գալիս տեղական մամուլի էջերում, հիմնականում գրելով
գրականութեան մասին եւ տարիներ շարունակ հեռուստատեսութեամբ ներկայացրել է մեր գրական մշակներին:
2005 թւականին Լոս Անջելեսի Իրանահայ միութեան արւեստի եւ գեղարւեստական բաժանմունքի նախաձեռնութեամբ, մեծ շուքով կատարւեց նրա «Սոնետներ»-ին նւիրւած գրական-երաժշտական երեկոն:
Երեկոյի առանցքային կազմակերպիչն ու ղեկավարն էր բժիշկ Հրաչ Վարդանեանը, որը հանրութեանը ներկայացրեց «Սոնետներ»-ը արտասանելով դրանց մեծ մասը: Վահանը այժմ ապրում եւ ստեղծագործում է հայրենիքից հեռու՝ Լոս Անջելեսում:
Ինչն է Վահանի բանաստեղծութեան մէջ ինձ հետաքրքրել եւ ինչո±ւ եմ նրան հաւանում:
Հարուստ յուզաշխարհով բանաստեղծներ մենք շատ ունենք, բայց հարուստ յուզաշխարհը դեռ բանաստեղծութեան նպատակը չէ:
Բանաստեղծութիւնը ինքը լինելով կարճ ու հատու խօսք՝ աւելի հարազատ է դառնում ընթերցողին, երբ յոյզին շաղախւում է տրամաբանութիւնը:
Յոյզով լեցուն ու տրամաբանութեամբ հարուստ տողերը երբ արտայայտում են ստեղծագործողի ինքնաբուխ նպատակային սէրը՝ առ հայրենիք ու նրա ակունքը, ինձ համար դառնում են հոգեհարազատ: Այդ ոգով ստեղծագործողները նախօրօք են կանխորոշում իրենց տեղը, մեր հարուստ գրականութեան մէջ: Ահա նրանց շարքում է Վահան էորգեանը, որն իր գրած մի բանաստեղծութեամբ՝ «Մեղուն», դրսեւորում է իր ամբողջ ներաշխարհն ու նպատակները.

Մեղրահացին փարւած
Լաց է լինում մեղուն
Իր յոգնութեան համար,
Իր տխրութեան համար,
- Ծաղիկներից խաբւած,
Ու իր բախտից դժգոհ,
Նա չէր կարող պատմել
Մեղուներին օտար...
- Մինչդեռ մարդիկ դարեր
Այն մասին են խօսում.
- Թէ երգում է մեղուն,
Մեղր գտած մեղուն...
Ծաղիկներից խաբւած,
Ու իր բախտից դժգոհ,
Մեղրահացին փարւած
Արտասւում էր մեղուն...

Տողերից պարզ երեւում է, որ հեղինակը լաւ գիտէ իր տեղը գրականութեան մէջ եւ մեղւի ջանասիրութեամբ կառուցում է իր գրական աշխարհը:
Ինչպէս մեզ բոլորիս յայտնի է, համեստութիւնը մեղւի արժանիքներից մէկն է եւ այդ նոյն արժանիքը՝ համեստութիւնը, մենք տեսնում ենք Վահան բանաստեղծի մօտ: Վահանը երբեք իրեն թոյլ չի տալիս եւ յաւակնութիւնն էլ չի ունեցել համեմատւելու մեր մեծերի հետ, դեռ աւելին՝ տարիներ շարունակ ինքն է հանդիսացել այդ մեծերին հասարակութեանը ներկայացնելու գործում:
Այժմ ձեզ պիտի ներկայացնեմ Վահանի գրած «Սոնետներ»-ը, բայց նախ եւ առաջ մի կարճ բացատրութիւն այդ առիթով:
Սոնետը բանաստեղծութեան կարեւոր ձեւերից մէկն է, որը բաղկացած է 14 տողից, առաջին երկու տունը քառատող է եւ վերջին երկուսը եռատող կամ ըստ լատինների՝ բաղկացած երկու կատրէից եւ 2 տերցետից: Սոնետի յանգաւորման ձեւերը բազմազան են, նրանք սկիզբ են առել Վերածնութեան դարաշրջանում՝ Իտալիայում:
Իտալական գրականութեան մէջ նշանաւոր են Դանթէի եւ Պետրարքայի սոնետները: Իտալացիներից յետոյ, Շեքսպիրը գրեց իր 154 սոնետները՝ հիմնւած սիրոյ թեմայի վրայ, որոնք հրատարակւել են իր մահից յետոյ: Շեքսպիրի գրած սոնետները համատարածւեց ամբողջ Եւրոպայում եւ գրական դահլիճների խօսակցութեան մեծ թեմա դարձաւ:
Շեքսպիրի սոնետները արագ թարգմանւեցին Եւրոպայի բոլոր քաղաքակիրթ լեզուներով:
Արեւմտահայերը նաեւ թարգմանեցին այդ սոնետները եւ սկսեցին սոնետներ գրել՝ նախքան արեւելահայերը:
Շեքսպիրի 154 սոնետներից երեսունը թարգմանել է էորգ Էմինը, որն իմիջիայլոց ամենալաւ թարգմանութիւններից է համարւում:
Մեր օրերում, երբ Պարոյր Սեւակը գրում էր իր մենագրութիւնը Սայեաթ Նովայի մասին, նա համարձակօրէն սիրոյ երգիչ Սայեաթ Նովային համեմատեց Շեքսպիրի հետ: Նախ ինքը մնաց ափ ի բերան, զարմացած, որ Սայեաթ Նովան չիմանալով անգլերէն եւ չճանաչելով Շեքսպիրին՝ հարիւր տարի յետոյ հասել էր նոյն գեղագիտական արդիւնքին եւ զարմանալին այն էր, որ Սայեաթ Նովայի մօտ աւելի կատարեալ էր սիրոյ մեկնաբանութիւնը:
Արեւմտահայ գրողները սոնետ բառն էլ հայերէնի թարգմանեցին որպէս «Հնչեակ» եւ այդ բառն առ այսօր օգտագործւում է արեւմտահայերի կողմից:
Արեւմտահայերից սոնետներ գրեցին՝ Մեծարենցը, Թեքէեանը եւ ուրիշներ, իսկ արեւելահայերից՝ Տէրեանն ու Չարենցը:
Չարենցից յետոյ սոնետներ են գրել՝ Հենրի Էդոյեանը, Վահանի սերնդակից Արմէն Շէկոյեանը եւ Վահան էորգեանը:
Այս վերջին երեք հեղինակները գրեցին սոնետների շարք, որը կոչւում է «Սոնետների պսակ կամ փունջ», որովհետեւ շարքի 15-րդ սոնետն ընդգրկում է նախորդ 14 սոնետների առաջին տողերը եւ այդ իսկ պատճառով 15 սոնետների կանոնակարգի շարքը կոչւում է «Փունջ» կամ «Պսակ»:
Վահան Գէորգեանի գրած սոնետներից երեւում է, որ նա լաւ տեղեակ լինելով Պետրարքային, Դանթէին, Տէրեանին, Չարենցին եւ միւսներին՝ նորից սիրոյ թեման է արծարծում, բայց ի տարբերութիւն միւս հեղինակների՝ Վահանի արծարծած սիրոյ թեման աւելի տարողունակ է դարձել իր ընդգրկման տարածքով:
Վահանի մեկնաբանած սէրը մանկան սէրն է մօր հանդէպ, պատանու սէրը՝ սիրածի, իմաստացած մարդու սէրը իր կնոջ, զաւակների եւ հայրենիքի հանդէպ, եւ այդ բոլոր սէրերի կիզակէտն է հայրենիքի սէրը:
Յանձինս հեղինակի՝ սէրը իմաստաւորւում է հայրենիքով:
Հեղինակը պնդում է, որ եթէ կայ հայրենիքի սէրը, ապա միւս բոլոր սէրերը արժեւորւում են հէնց այդ սիրոյ շուրջ: Ահա այս է էական տարբերութիւնը Վահան սոնետների եւ միւս բոլոր սոնետների, որոնք սիրոյ մասին են գրւել:
Վահանի լաւատեսութիւնն այնտեղ է, որ նա հաւատում է, որ մենք վերջապէս պիտի յաղթենք «Խաչ-ա-թուր» խաղում թրով միայն, ինչպէս հին թեւաւոր խօսքն է ասում. «ԿԱՄ ՎԱՀԱՆՈՎ ԿԱՄ ՎԱՀԱՆԻՆ»:

ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆԵԱՆ




1 user(s) are reading this topic

0 members, 1 guests, 0 anonymous users