Jump to content


Photo
- - - - -

Հայ գրերի


  • Please log in to reply
7 replies to this topic

#1 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 05:57 AM

Կան որոշ մարդիկ, որ բլրի նման
Բարձրանում են վեր մյուս մարդկանց միջև
Եվ տեսնում հեռվում ամբողջ ապագան
Ավելի պայծառ, քան իրենց ներկան,
Ավելի հստակ, քան անցյալն իրենց...

Գիյոմ Ապոլիներ


Ավելի քան 1600 տարի առաջ Տարոնի Հացեկաց գյուղում ծնված «այր մի՝ Մաշտոց անուն»

ստեղծեց Հայ գրերը՝ մեր ինքնության հարատևան Մատյան գունդը՝ երեսուն և վեց ռազմիկ-նշանագրերով:

Ողջունե՜նք Նրան, ողջունե՜նք Նրան...


Հ.Գ.Մովսես, Սևակի հոդվածն ինքս եմ scan արել, սրբագրել: Ցանկություն դեպքում կարող ես տեղադրել գրադարանում...

Edited by SAS, 22 December 2005 - 06:35 AM.


#2 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:01 AM

Մ. Մաշտոցի 1600-ամյակի առթիվ կարդացվել է որպես զեկուցում ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում...
23, 26 IV.62 Երևան
_______________________________________________________________________________


Պարույր Սևակ


ԹՐԻ ԴԵՄ՝ ԳՐԻՉ


ՄԱՇՏՈՑԻ ՍԽՐԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆԸ


«Լավ սկիզբը գործի կեսն է»,— այս ծանոթ խոսքի ճշմարտության կշիռը ոչ մի տեղ թերևս այնպես չես զգում, ինչպես Մաշտոցի մասին գրելիս։

Ինչպե՞ս սկսես։
Թերևս ամենաճիշտը հենց այդ Ս Կ Ի Զ Բ բառն է։
ճիշտ է, որ Մաշտոցից դարեր առաջ էլ հայերը կային: Ճիշտ է , որ նրանք ունեին պետականություն և բանարվեստ, գիտեին կոթողներ կառուցել ու կերտել բագիններ, քամում էին գինի և ձուլում արձաններ, թատրոն էին հաճախում ու վայելում գեղեցիկ հաճույքն այն պարուհի -կաքավողների, որոնք «երգեին ձեռամբ»:Երևակայությունն ու պատկերացումը նման լինելով՝ նույնը չեն:Երևակայում են նաև մանուկները, մինչդեռ պատկերացնել կարող է միայն հասուն մարդը:

Մաշտոցը եկավ դառնալու մեր պատկերացումը, պատկերացումը մեր իսկ գոյության, մեր իսկության:Երեխաները ծնվում են, ատամ հանում ու քայլում, սկսում են խոսել ու պատշաճորեն դատել, բայց նրանց համար այդ երեք-չորս տարին փաստորեն մնում է իրենց կյանքից դուրս, որովհետև ոչինչ չեն հիշում իրենց այդ երեք-չորս տարուց։ Եվ նրանց ծննդյան օրր ըստ էության այն օրը չէ, որ նշում են նրա ծնողները, ճիշտ կլիներ, եթե նրանք իբրև իրենց ծնունդ նշեին այն օրը միայն, երբվանից հիշում են իրենց:
Այն, ինչ մարդու կյանքում չափվում է տարով , ժողովուրդների կյանքում չափվում է դարով։ Նախամաշտոցյան մեր կյանքը անցավ առանց «ինքնահիշողության»։Եվ Մաշտոցն էր, որ եկավ դառնալու մեր հիշողությունը, հիշողությունը մեր իսկ գոյության, մեր իսկ մասին:
Եվ սա չափազանցություն չէ, այլ պարզ եզրահանգումը 16-դարյա մեր կյանքի, հետևությունը մեր ոլորապտույտ պատմության՝ Մաշտոցից մինչև այսօր:

Իսկ մ ե՞զ համար:
Ուրիշ այբուբենների ստեղծողների հետ Մաշտոցին ամենից շատ համեմատել են օտարները։ Ահա Մարկվարտը՝ գերմանացի աշխարհահռչակ արևելագետը , որ հմուտ էր արևելյան ու արևմտյան բազմաթիվ մեռած ու կենդանի լեզուների և գիտակ նույնքան Այբուբենների:

«Եթե նկատենք այն պարագաները, որոնց տակ Մաշտոց և ՍաՀակ իրենց մտքի գործունեությամբ եկեղեցական ու ժողովրդական ինքնագիտակցության զարթուցին հայ ազգը , և այս գործքին հետ համեմատության դնենք դանայյան այն պարգևը , զոր Պեպինոս Ֆրանկ՝ քաղաքական ու եկեղեցական ամեն միջոց լիապես իր ձեռքին ունենալով՝ նվիրեց գերման ժողովրդյան, այն ատեն թե Պեպինոս և թե յուր զինակիրը Վինֆրիդ խեղճ թզուկներ կերևան համեմատությամբ մտքի այդ հսկաներու»:

Գերմանացի գիտնականի մեջ չէր կարող խոսել հայկական հպարտությունը , ուր մնաց թե սնափառությունը : Գերմանացի գիտնականը պարզապես սոսկ քարտուղարություն է անում մի ժողովում , որ երկարաձգվեց դարերով , ժողով , որի օրակարգում կար մեկ հարց միայն. քննարկվում էր մեր լինել կամ չլինելու խնդիրը։
Ահա թե ինչու այսօր , 16 - դարյա մի բարձունքից նայելով , Մաշտոցը մեզ երևում է նա խ և ա ռ ա ջ իբրև մի վիթխարի քաղաքագետ , որի շահած անարյուն ճակատամարտի հետ չի կարող համեմատվել մեր սպարապետների փառավոր հաղթանակներից և ոչ մեկը :

Մաշտոցը , այո՛, հայ նշանագրերի գյուտարարը և հայ դպրության հիմնադիրը լինելուց առաջ , մեր մեծագույն քաղաքագետն է։
Չափազանցությո՞ ւն կլինի արդյոք , եթե ասվի , որ քաղաքականության մեջ հայերս առանձին ընդունակություն չենք ցուցաբերել։ Ավելին , մեր և՛ հին , և՛ նորագույն պատմությունը լեցուն է հակառակն ապացուցող անջնջելի փաստերով և անշտկելի իրողություններով : Այնքան շատ գործածելով «աջ» -ը , որից բարդվել ու ածանցվել են հարյուրավոր այլ բառեր ու դարձվածքներ՝ քաղաքականության մեջ մեր նախնիները գործել են մեծ մասամբ ձախ ձեռքով: Ուստի և՝ ձախորդություններ, ձախավերություն, ձախողակություն ...Եվ մեր քադաքագիտական մտքի պատմությունը հիրավի արգահատելի կլիներ, եթե արձանագրած չլիներ մեկ - երկու հաղթանակ : Բայց արդար լինենք և ավելացնենք , որ այդ մեկ - երկու հաղթանակի համար քիչ է թվում նույնիսկ այնպիսի ածականը , ինչպիսին է «մեծ » - ը : Այդ հաղթանակները բախտորոշիչ էին, վճռական :

«Որտեղ հաց՝ այնտեղ կաց »:Չի կարելի կասկածել , որ այս տխուր փիլիսոփայությանը մեր ժողովուրդը հասել է իր պատմության վերջին հազարամյակին , երբ ստիպված էր կրկնել «թափառական հրեա» -ի աննախանձելի բախտը :Այս առածից առաջ դարեր շարունակ նա կրկնում էր մեկ ուրիշ իմաստություն , իմաստությունն այն հրեայի , որին դեռ չէր կպել «թափառական » մակդիրը . «Ոչ միայն հացիւ կեցցե մարդ ...» : «Ոչ միայն հացիւ», ոչ միայն մարմնով , այլ նաև ոգով , այլ նաև «բանիւ»: Եվ ժողովուրդների ու ազգերի գոյության միակ երաշխիքը միայն հողը չէ կամ զորությունը : Կան նաև այլ գործոններ , որոնք պակաս վճռական չեն : Բաբելոնացիք ու ասորեստանցիք , խալդերն ու խեթերը չունեցան
հրեաների ծանր բախտը՝ չկորցրեցին իրենց հողն ու հայրենիքը : Նրանք կորան իրենց իսկ հողերի վրա , որովհետև ինչպես մարդիկ , այնպես էլ ժողովուրդները գոյատևում են « ոչ միայն հացիւ», այլ նաև «բանիւ» :

Եվ իսկապես էլ, ինչպես հնագույն , այնպես էլ նորագույն ժամանակներում աշխարհակալները իրենց հարևաններին ձուլում են ոչ միայն մեծությամբ ու զորությամբ, այլ նաև այն համընդհանուր -ընդհանրացնող գաղափարով , որ տարածում են այդ աշխարհակալությունները :
Եթե հույն-հռոմեական ու հին հայկական պանթեոնի տարբերությունը միայն անունների մեջ էր , ապա հայ - իրանական պանթեոնում այդ տարբերությունն էլ համարյա չկար : Եվ , անտարակույս , խելացի էր Տրդատ Գ - ն , որ այդ համընդհանուր - ընդհանրացնող հեթանոսությանը կուլ չգնալու համար իրեն պատեց փշերով՝ Հիսուսի փշեպսակով : Եվ պակաս խելոք ու հեռատես չէին նրա քրիստոնյա հաջորդները , որոնք երկու դար հետո տեսան ու հասկացան , որ համընդհանուր - ընդհանրացնող քրիստոնեությունը դարձել է նույնպիսի ահավոր վտանգ , ինչպիսին մի ժամանակ հեթանոսությունն էր :
[size=1]

Edited by SAS, 22 December 2005 - 06:21 AM.


#3 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:03 AM

Անկարելի է չափազանց ետ մնալ մարդկության ապրելակերպի և մտածելակերպի ընդհանուր աստիճանից. վաղ թե ուշ այդ աստիճանին են կանգնում բոլոր ժողովարդներն ու ազգերը : Քրիստոնեությունը չէր կարող չտարածվել ու չիշխել Հայաստանում : Բայց քրիստոնեությունը , ինչպես նաև ամեն մի այլ մեծ ուսմունք , մի անաստառ վերարկու չէր : Քրիստոնեությունն էլ ուներ իր աստառը , որ կոչվում էր հռոմեականություն կամ բյուզանդականություն : Քրիստոսի մեկ կամ երկու «բնության»՝ նրա «մա՞րդ ,թե աստված » լինելու վեճի տակ Հռոմն ու Կ.Պոլիսը առաջ էին մղում այն քաղաքականությունը, որը բնորոշող բառն էլ ստեղծվեց դեռ այն
ժամանակ ՝ «իմպերիալիզմ » : Քրիստոսի երկնային արքայությունը փաստորեն մի երկրային իմպերիա էր: Եվ Քրիստոսի խաչը երկրից երկիր էր տարվում ոչ թե աղոթատեղերի գմբեթներին տնկվելու , այլ այդ երկրների անկախությունն ու ինքնությունը խաչելու համար : Աչդ խաչից խուսափելն անհնարին էր մանավանդ Հայաստանի համար , որովհետև աշխարհագրության չեղյալ աստծո կամքով Հայաստանն էր այն կենտրոնակետը , որի վրա խաչաձևվում էին հռոմեական երկար գայիսոնն ու պարսից հաստաբեստ մականը ստեղծելով մի վիթխարի խաչ :
Տրդատը հասկացավ , որ իր ահեղ հարևաններին կուլ չգնալու համար ամեն մի փոքր ազգություն պիտի շեշտի իր տարբերությունը , հեթանոսությանը նա դիմագրավեց քրիստոնեությամբ : Արդեն քրիստոնեությունն էր դարձել մի ընդհանրացնող վտանգ : Անհնարին էր կրկին վերադառնալ հեթանոսության , մանավանդ որ պարսիկները դեո երկու-երեք դար հետո միայն պիտի հեթանոսությունից իսլամին անցնեին : Ուրեմն այլևս ինչպե՞ ս շեշտել այն տարբերությունը , առանց որի անկարելի էր գոյատևել : Եվ տրդատյան դարձից երկու դար հետո մեր նախնիք գտան այդ «ինչպեսը » , որ մեր ազգային հին քաղաքականության հազվադեպ հաղթանակներից մեկն է :

Այժմ ծիծաղելի են թվում բոլոր հարցերն ու խնդիրները , որ քննարկում էին այն ժամանակվա միջազգային համագումարները՝ «տիեզերական ժողովները» : Նազովրեցի համեստ հյուսնի՝ Քրիստոսի ծննդյան և իր համեստագույն մոր ծննդաբերության հարցը ալեկոծել էր ամբողջ քաղաքակիրթ կոչված աշխարհը : Մարիամից ծնվածը աստվա՞ծ է , թե մարդ. Քրիստոսի մեջ աստվածային «բնությունն» ու մարդկային «բնությունը» միախառնված -ձուլվա՞ծ են արդյոք, թե՞ առանձին են . ըստ այսմ էլ նա «միաբնակ» է արդյոք , թե «երկաբնակ» ,- այժմ անհավատալի թվացող այս վեճով նազովրեցի համեստ հյուսնի և նրա առավել համեստ ձկնորս աշակերտների հաջորդները համաշխարհային կայսրություն էին ստեղծում իրենց համար :

Սխոլաստիկ մտքերր արյուն ու կյանք են արժենում այն թշվառ սերունդների համար , որոնք ժամանակակիցն են այդ մտաքերի տարածման և նրանց շուրջ ծավալված վեճերի : Հետագա սերունդները ծիծաղելով այդ մտքերի ու վեճերի վրա՝ վայելում են պտուղները միայն : Կան ժամանակներ , երբ մարդ սպանելուց ավելի հեշտ բան չկա , մանավանդ երբ դրանով զբաղվում են վիթխարի պետությունները : Մարդկությունը հենց այդպիսի մի ժամանակաշրջան էր ապրում : Քրիստոսի մեկ կամ երկու «բնության» դատարկագույն վեճը խմորվում էր մարդկային հազարավոր կյանքերով և հունցվում էր ծով արյամբ : Քրիստոսի մեշ մարդկայինի գոյության և չգոյության հարցով վիճարկվում էր բազմաթիվ մանր ու միջակ ժողովուրդների գոյությունն ու չգոյությունը :

Կան պահեր , երբ մի «չէ՛» կամ «այո՛» ասելը հավասարվում է կյանքի կամ մահվան՝ վերանալով նույնիսկ հերոսությունից : Այն ժամանակվա մեր «այո» -ն կամ «ոչ » -ը բախտորոշ նշանակություն ուներ : Եվ մեր նախնիք ասեցին՝ «ոչ » : Եվ այսօր ոչինչ չասող «Քաղկեդոնի ժողով» և «միաբնակ» բառերր դարձան մեր հին պատմության գլխագրերից մեկը ...

Համաշխարհային նշանակություն ունեցող այս իրադարձությունը տեղի էր ունենում Մաշտոցի մահից ընդամենը 10 - 11 տարի անց՝ 451 թվականին : Ծանո՜թ թվական . մերոնք կենաց ու մահու մարտ էին տալիս Ավարայրում՝ թերևս անտեղյակ , թե ի՛նչ նոր Ավարայր էր պատրաստվում Պոլսո այսօրվա թաղերից մեկում՝ Գատը գյուղում , որ այն ժամանակ կոչվում էր Քաղկեդոն : Մերոնք չէին մասնակցում քաղ-կեդոնյան ճակատամարտին , որովհետև ճակատամարտում էին Ավարայրում : Մերոնք Ավարայրում չհաղթեցին , բայց նաև չպարտվեցին , որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ . Պարսկաստանը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր Զրադաշտին , և հայը մնաց քրիստոնյա :
Մերոնք չէին կարող խուսափել Քաղկեդոնի ճակատամարտից, որտեղ նույնպես պիտի չհաղթեին , բայ նաև պիտի չպարտվեին , որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ . Հռոմը պիտի ետ տաներ իր ծուռ խաչը , և հայաստանցին պիտի իրեն կոչեր հայ քրիստոնյա ... Այսօր , իհարկե , այս բառակապակցությունը զուտ կրոնական է . այն ժամանակ «հայ քրիստոնյա» կոչվելով ՝ մերոնք կարողացան համընդհանուրի մեջ մասնավորվել , համանմանության մեջ տարբերակվել. այդ համընդհանրությամբ ու համանմանությամբ կանխեցին զրադաշտական (ապա՝ նաև իսլամական ) սպառնալիքը , իսկ այդ մասնավորմամբ ու տարբերակմամբ դիմադրեցին հույն-բյուզանդական համահարթիչ վտանգին։
Մի պահ կարող է թվալ , թե այս ամենը չի առնչվում Մաշտոցին , մանավանդ որ և՛ Ավարայրի ճակատամարտը , և՛ Քաղկեդոնի ժողովը տեղի ունեցան նրա մահից մեկ տասնամյակ հետո : Բայց ըստ էության Մաշտոցը ոչ միայն առնչվում է Ավարայրին ու Քաղկեդոնին , ոչ միայն մասնակիցն է այդ արյունոտ և անարյուն ճակատամարտերի, այլև փաստական կազմակերպիչն է և՛ մեկի , և՛ մյուսի :


Ավարայրի ճակատամարտը, եթե կուզեք, ըստ էության , տեղի ունեցավ ո՛չ թե 451-ին , ո՛չ թե Տղմուտ գետակի ափին , այլ մոտավորապես կես դար առաջ , Գողթան գավառի այն քարանձավներում , որտեղ Մաշտոցը, իր աշակերտի վկայությամբ , «տրտում հոգսերով պաշարված ու թակարդված՝ մտածմունքների ծովն էր ընկած, թե ինչպիսի ելք գտնի» իր «եղբայրների և ազգակիցների համար», երբ նա վերջնականապես վճռել էր «հոգալ համայն (հայոց ) աշխարհի ժողովրդի » փրկության գործը :
Չմոռանանք նաև, որ Վարդան Մամիկոնյանը՝ Աահակ Պարթևի թոռը, Մաշտոցի աոաջին աշակերտներից մեկն էր, մեկը այն սակավաթիվներից , որոնք առաջինը վարժվեցին մաշտոցւան տառերի գրությանը և հեգեցին « այբ - բեն - գիմ ... » : Եթե Վարդանը չլիներ սպարապետական տնից նա , անկասկած , պիտի դառնար մեկը մեր այն դպիր -քերթողներից , որոնք «առաջին թարգմանիչք» են կոչվում, ինչպես որ դարձան նրա անմիջական դասընկերները՝ Հովսեփ Վայոցձորեցին , Ղևոնդ Երեցը , Եզնիկը , Կորյունը և մյուսները : Մաշտոցի անմիջական աշակերտներից էին նաև Վարդանանցից շատերը : Ահա թե ինչու Վարդանանց շարժման բուն հեղինակները մաշտոցյանք էին , Մաշտոցի ավագ ու կրտսեր աշակերտները : Եվ , բացի դրանից , պարսից ռազմիկ փղերն ու Մատյան գնդին հաղթելուց կամ ետ մղելուց աոաջ և այդ անելու համար նախ և առաջ հարկավոր էր հաղթել կամ ետ մղել պարսից «քէշ աղանդը» : Ուստի և նախքան Տղմուտ հասնելը ճակատամարտը պիտի մղվեր «Եղծ աղանդոց » -ի մեջ , «Եղծ» , որի հեղինակը նախ Մաշտոցն է, ապա միայն նրա աշակերտը՝ Եզնիկը ...
Այլ խոսքով ասած՝ զրադաշտական նվաճմանը դիմադրելու համար պետք էր զրադաշտական չլինել : Իսկ այդպիսի՞ն էր արդյոք հայոց երկիրը Մաշտոցից առաջ ..

Արդեն հարյուր տարի էր, ինչ քրիստոնեությունր Հայաստանում համարվում էր պաշտոնական կրոն : Քանդվել ու ավերվել էին մեհյաններն ու բագինները , որոնց տեղ բարձրացել ու բարձրանում էին եկեղեցիներ հաճախ դեռևս անծեփ ու փայտակտուր։ Բայց այդ եկեղեցիների գմբեթին տնկված խաչը երկնքի մեջ խրվելուց առաջ մխրճվում էր նաև մարդկանց սրտերի մեջ։ Հակառակ հեզության և համբերատարության իր ուսմունքի՝ քրիստոնեությունը տարածվում էր անսքող բռնությամբ , խոսելով կամավորությունից՝ գործում էին հարկադրանքով, կրկնելով «մի սպանիր»՝ հեղում էին արյուն կամ մատնում արտաքսման :

Ժողովուրդը դժվարությամբ էր վարժվում նոր կյանքին : Դարերով սովոր բազմաստվածության՝ մարդիկ այժմ պարտավոր էին բոլորը պաշտել միայն մեկ աստծու։Անահիտների, Աստղիկների ու Նանեների երեկվա տեղում Արամազդներին, Միհրերին , Վահագներին ու Տիրերին փոխարինած եբրայեցին հաստատել էր իր մորը միայն : Ատրուշանների հավերժական բոցերի տեղ պլպլում էին աղոտ մոմերը : Իրենց երեկվա շոշափելի ու տեսանելի աստվածների՝ ոսկեձույլ կամ քարաքանդակ դիցերի փոխարեն մարդիկ պարտավոր էին պաշտել այն Միակին , որին հնարավոր չէր ոչ միայն տեսնել, այլև ... հասկանալ :
Եվ իսկապես էլ . օտար կրոնը հետը բերել էր նաև օտար լեզու , ժամասացությունն ու եկեղեցական արարողությունները կատարվում էին հունարեն կամ ասորերեն։

Անգրագիտության մեջ խարխափող երեկվա հեթանոս ժողովրդից խլելով նրան հասկանալի բառն ու բանը , երգն ու աղոթքը ,ասքն ու առասպելը՝ տեղը դրել էին մի վերացական անըմբռնելի գաղափար, այն էլ՝ օտար ու անհասկանալի լեզվով։
Ստացվել էր մի անտանելի վիճակ . մարդուց խլել էին իր երեկվա (և դարավոր ) հավատը , իսկ տեղը ոչինչ չէին դրել կամ դրել էին միայն ու միայն խոսքով , որ նաև անհասկանալի էր։ Քանդել էին հինն ու դարավորը , իսկ նորը չէին շինել կամ շինել էին միայն ու միայն խոսքով , որ նաև անհասկանալի է։Հնից օգտվել չէր կարելի , իսկ նորից օգտվելն անկարելի էր, որովհետև նորը փաստորեն չկար , իսկ եղածն էլ՝ անհասկանալի:Արգելված էին հին երգն ու նվագը, հին խաղերն ու զվարճալիքները: Եվ այսքանից հետո մինչև իսկ ...լալ չէր կարելի,արգելված էին նաև «լալեաց երգերը», ողբ ու կոծը արժանանում էր խստագույն պատժի ...Բայց այսքանով չի լրանում ժամանակաշրջանի ոչ միայն պատկերը,այլև ուրվանկարը։

Քրիստոնեությունը , որ տարածվում էր իբրև մի համամարդկային - ապազգային ուսմունք , առաջին իսկ հաջողություններից հետո անմիջապես ցույց տվեց ինչպես իր դասակարգային , այնպես էլ ազգային էությունը:Տարածվելով ամենից առաջ հռոմեական կայսրության մեջ և այդ կայսրությունից՝ նա դարձավ մի նոր և զորավոր գործիք բյուզանդական ազդեցության ծավալման ու խորացման ։
Հավասարություն ու եղբայրություն էր քարոզում նոր կրոնը, մինչդեռ այդ քարոզի տակ ուրիշներին էր փաթաթում իր վարք ու բարքը , իր կարգն ու կանոնը , իր երգն ու լեզուն:Մի աստված էր ընդունում նոր կրոնը և դրանով կապում-կաշկանդում մարդուն , որ ի բնե հակված է բազմազանության , ինչպես է ինքը բնությունը և այդ բնությունն արտացոլող մարդկային միտքը:Բայց սա դեռ բավական չէր:Իրականում այդ մի և միակ աստվածն էլ իրեն պահում էր իբրև ... զտարյուն բյուզանդացի։
Մի համընդհանուր -աստվածային օրենք էր թելադրում նոր կրոնը:Բայց փաստորեն այդ օրենքը դաոնում էր բյուզանդական օրենքի պարտադիր թելադրանք։Նոր լույս ու հույս տարածող հավատը իրականում հասել էր խոսքի և գործի հակասության մի այնպիսի սրության , որը չէր կարող չկտրատել իր սեփական կարերը։Եվ այդ կարերն իսկապես որ կտրատվում էին ու պիտի կտրատվեին դեռ։


#4 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:06 AM

«Տիեզերական ժողովները», որ գումարվում էին մեղմելու այդ հակասությունները և բթացնելու այդ սրությունը, իրականում դաոնում էին փլուզումների վկայություններ ու հաստատումներ:Այսպես Հռոմից պոկվում էր Կ . Պոլիսը , Պոլսից՝ Ալեքսանդրիան , Ալեքսանդրիայից՝ Անտիոքը , Անտիոքից՝ Կեսարիան , Կեսարիայից՝ Հայաստանը , Հայաստանից՝ Վրաստանը:Հռոմը քրիստոնեություն ընդունեց՝ ամենից առաջ իր կայսերական ծիրանու պատռվածքները կարկատելու կամ այդ ծիրանին պապական պարեգոտով ծածկելու համար։ Այդ պարեգոտն ինքն էր հիմա կարաքանդվում, և ծի -րանակիրները չէին կարող չշտապել պարեգոտի ճեղքվածքները կարկատելու։
Եվ շտապեցին։
Արևմտյան Հայաստանը վերջնականապես միացվեց Բյուզանդիային, Հայաստանի միջնահատումը դարձավ անջնջելի փաստ,որ պիտի հարատևեր:Հայկական պետակա-նությունը ստացավ ոչ թե հերթական վնասվածք, այլ ողնաշարի անբուժելի ջարդվածք , որ շուտով պիտի հասցներ մահվան։

Փոքրիշատե խորամիտ քաղաքագետը չէր կարող չհասկանալ, որ Արևելյան Հայաստանին էլ սպառնում է Արևմտյանի վտանգը՝ կատարյալ գաղութացումը։ Արևելյան Հայաստանը փաստորեն արդեն անկախ թագավորություն չէր , այլ պարսկական մի կիսագաղութ:Հայաստանի մարմնավոր տերերը իրականում շարժուն խաղալիքներ էին բարձր իշխանության ձեռքին:Իրական վիճակն այնպիսին էր, որ բնիկ իշխանությունների մեծագույն մտահոգությունը իրենց գահույքն էր, բարձը, աթոռը ։ Միայն թե չգրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից ու բարյացակամությունից:Միայն թե պահել իրենց գահույք - բարձ -աթոռը , իսկ եթե հնարավոր է հասնել ավելի բարձր գահույք -բարձ - աթոռի ։Եվ անարդար կլինի ասել, թե նրանք բոլորովին չէին զգում , որ իրենց այդ աթոռների տակ «անտակ անդունդն էր բացվում»։Եվ արդարացի չի լինի մեղադրել, թե ինչու էին իրենց մտահոգություններն այդքան նեղացրել՝ հասցնելով գահույք - աթոռին միայն:Վերջին հաշվով՝ նրանք մեղավոր չէին , որովհետև իրերի անողոք տրամաբանությունը ոչ միայն անկախ նրանց կամքից, այլ շատ դեպքերում նաև հակառակ նրանց կամքի՝ հասցրել էր այդ փակուղուն ։

Երկիրր մի առանձին փրկություն չէր կարող սպասել նաև հոգևոր տերերից:Չմոռանանք , որ երկրի քանդման ու ավերման գործին առաջին հերթին մեղսակից էին այդ հոգևոր տերերը:Նրանք էին փլուզել հին դավանանքն ու մշակույթը,կյանքի երեկվա կարգ ու սարքը : Շուռ էր տրվել ամեն ինչ , տակն ի վեր էր արվել , որպեսզի նոր ձևով տեղադրվի ու նոր կերպով սարքվի։Բայց դեո մնում էր շուռ տրված, տակն ի վեր:Պետք էր մի բան անել: Բայց ի՞նչ : Եվ ինչպե՞ս:

Հարցնում էին բոլորը , իսկ պատասխանող չկար ։
Եվ այդ բախտորոշիչ պահին էր, երբ ծնվեց մեկը, ում մասին մեր պատմիչները իրենց խոսքն սկսում են զարմանալի մի պարզությամբ. « Եվ այր մի՝ Մաշտոց անուն ...»։

Տարոնի Հացեկում ծնված այս մարդը չեկավ մեկով էլ ավելացնելու հարցնողների անպակաս քանակը։Նա եկավ , որ պատասխան գտնի ։
Որտեղի՞ց եկավ, ինչպե՞ս , ի՞նչ հրաշքով ծնվեց ,- ահավասիկ ևս մի հարց , որ այն ժամանակ չէր տրվում, բայց կրկնվեց ու կրկնվում է արդեն 1600 տարի: Ինչպե՞ս , ի՞ նչ հրաշքով ծնվեց ։

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում ,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով ,
Որ անչա՜փ շատ են սպասել նրանց ։
Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից ,
Որպեսզի դառնան նոր զորեղություն ։
Նրանք ծնվում են ինչ - որ հանճարեղ մի հոգնությունից ,
Որպեսզի դաոնան հանճարեղություն ։

Նրանք ծնվում են , որ ապացուցեն ,
Թե վերջը մի տեղ դաոնում է սկիզբ :
Նրանք ծնվում են , որ ապացուցեն ,
Թե հրաշք չկա ,
Այլ կա լոկ կարիք ,
Նրանք ծնվում են , որ ապացուցեն ,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում ,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար ...

Այսպես էլ ծնվեց «այր մի՝ Մաշտոց անուն» ...


Այդ նա էր , որ մեր անգիր բանարվեստի փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը , գողթան լռեցված երգիչների տեղ հնչեցրեց մեր հոգևոր մեղեդին , հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթական սփռոցը , որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները՝ Խորենացուց ու Դավիթ Անհաղթից մինչև Տաթևացի ու Գոշ , մինչև Ալիշան ու Նալբանդյան , մինչև Աբեղյան ու Աճառյան , 0րբելիներ ու Ալիխանյաններ ...

Այդ նա էր , նորի՛ց և դարձյա՛լ նա , որ մեր լեզուն հանեց այն աննախանձելի վիճակից, ինչ ունենում է աղքատ ազգականը իր մեծատուն բարեկամների տանը ։ Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեց իր փաոատոնը՝ ապացուցելով , որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն , այնպես էլ օրենսդրություն,ինչպես հրապարակախոսություն,այնպես էլ բանաստեղծություն
ինչպես բուսական ու կենդանական աշխարհ , այնպես էլ երևակայություն – տեսիլք և կանխատեսություն-մարգարեություն , որովհետև հին եբրայեցոց «Սուրբ գիրքը» իսկապես մի Ամենամատյան էր գիտության և արվեստի բազում բնագավառների։

Միայն Աստվածաշնչի թարգմանությամբ , որ հետո օտարներից պիտի կոչվի «մայր թարգմանութեանց» կամ «թագուհի թարգմանութեանց», հայոց լեզուն՝ հնդեվրոպական ընտանիքի այդ զավակր , աղքատ ազգականի իր անմխիթար վիճակից պիտի միանգամայն հասներ գահերեցության իր այն օրինական բարձին , որն այլևս չպիտի կարողանային խլել նրա արիական գոռոզ ազգակիցները , և բազմած իր այդ օրինական բարձին՝ աշխարհի բազմաթիվ ակադեմիաներից ու ճեմարաններից պիտի ընդուներ «հրեշտակ -դեսպաններ», որոնք նրա «Տպավորությունների գրքի» մեջ պիտի թողնեին իրենց մեծ անունները՝ Սկրոդեր և Հյուբշման, Կոնիբեր և Մեյե,Մարկվարտ և Մառ ...

Այդ նա էր , դարձյալ ու վերստին նա՛, որ այս ամենով մեզ ծանոթացրեց մեզ , տվեց ինքնաճանաչում , անվստահության տեղ դնելով ինքնավստահություն , բայց ոչ անձնասպանություն, հուսահատության տեղ՝ հուսալիություն, բայց ոչ կարճատե-սություն . հավատաբեկության տեղ՝ հավատ , բայց ոչ ինքնակուրություն , ինչպես նաև

Քանակի դեմ՝ թև ,
Թվի դեմ՝ թռիչք ,
Արյան դեմ՝ թանաք ,
Թրի դեմ՝ գրիչ
Եվ դարանի դեմ՝ Մատենադարան...


Աոանց այդ ինքնաճանաչման և ինքնավստահության, առանց այդ հույսի և հավատի, առանց այն նոր զենքի, որ կոչվում էր գրիչ, չէր կարող լինել ո՛չ Ավարայրը, ո՛չ էլ Քաղկեդոնը, ինչպես որ անհնարին է կռվել՝ դեռ չարթնացած , և պատասխան տալ՝ չմտածած :

Ահա թե ինչու Մաշտոցն է իսկական հեղինակն ու կազմակերպիչր մեր քաղաքական պայքարի երկու բախտորոշ հաղթանակների՝ ո՛չ միայն գրերի գյուտի,որի շարունակու- թյունն էր Ավարայրը, այլ նաև Դվինի ժողովի, որ պիտի Քաղկեդոնին ասեր «ո՛չ»:Ահա թե ինչու Մեսրոպն է մեր մեծագույն և անբաղդատելի քաղաքագետը ...Միայն այսպիսի բարձունքից նայելով և այս բարձունքից նայելիս է երևում իսկական հասակն այն վիթխարի անձնավորության, որին սովորաբար կոչում ենք մեր գրերի գյուտարար :

Մաշտոցը , անտարակույս , հանճարեղ լեզվաբան էր, անմրցակից հետախույզ հնչյունական այն բարդ համակարգի , որ ուներ և ունեցել է մեր լեզուն :Մաշտոցը նաև մեծ երաժիշտ էր։ Եվ այս ասվում է ոչ լոկ այն իրավունքով , որ մեզ տալիս է պատմագրությունը վկայելով , թե «նախ սուրբն Իսահակ (Սահակ Պարթև) և սուրբն Մեսրովպ ասացին զութն եղանակաւոր ձայնսն և զերկու ձայն ստեղիս ...և սուրբն Մեսրովպ՝ զկարգն Ապաշխարության»։
Աոանց այս պատմական փաստի էլ Մաշտոցի երաժիշտ լինելը վեր է ամեն մի տարակուսանքից:Առանց երաժշտական շատ սուր ականջի, առանց նրբին լսողության անկարելի էր (և այն էլ աոաջին անգամ ) տարբերել ու տարբերակել մեր լեզվի թեկուզ և բաղաձայնական եռաշարքը (ծ - ց - ձ ,ճ - չ - ջ և այլն), ինչպես որ այսօր էլ այդ հնչյունների տարբերաթյունը որսալ կարող է այն օտարազգին միայն, ով երաժշտական սուր լսողությամբ է օժտված :

Այո՛,Մաշտոցը մեծ լեզվաբան էր և երաժիշտ:Առանց այդ ունակությունների նա չէր կարող ստեղծել մեր Այբուբենն այնպես, որ աշխարհի խռշորագույն լեզվաբաններից մեկը՝ ֆրանսիացի Մեյեն, ավելի քան 1500 տարի հետո գրեր . «Հայկական Այբուբենի համակարգը գլուխգործոց է։ Հայկական հնչումը ձայնագրվել է մի յուրահատուկ նշանով , և այդ համակարգը այնքան լավ է հիմնվել , որ հայոց ազգին հայթայթեց հնչումի վերջնական մի արտահայտություն, որը մինչև հիմա իրեն պահեց առանց որևէ փոփոխություն կրելու , առանց բարեփոխության կարիք զգալու, որովհետև հենց սկզբից կատարյալ էր»։
Եվ , արդարև. միայն հանճարեղ լեզվաբանը կարող էր 4 - րդ դարի վերջերին հասնել այսպիսի արդյունքի։ Բայց լեզվաբանը չէր , որ Մաշտոցի մեջ որոնեց քաղաքագետին : Ճիշտ հակառակն է , մեծ քաղաքագետն էր , որ իր քաղաքագիտական մտքին տվեց լեզվաբանական կերպաձևություն , որովհետև դա էր միակ ելքը , այն ելքը , որը գտնելու համար հարկավոր էր լինել վիթխարի քաղաքագետ։ Եվ սա ենթադրություն չէ , սրա ապացույցն է այն սկզբունքը , որով Մաշտոցը հնարել է մեր Այբուբենը։

Եթե Մաշտոցը գործին նայեր իբրև սոսկ տառաստեղծ , ինչպես որ վարվել են այլ այբուբենների բազմաթիվ հնարողները, ապա նա կատարելով ամենահիմնականն ու ամենադժվարինը՝ տարբերակելով և որոշելով մեր լեզվի հնչյունական համակարգր , պիտի որ եղած այս կամ այն այբուբենի տառերով նշանագրեր այդ հնչյունները՝ պակասի համար դիմելով մեկ այլ այբուբենի օգնության : Նոր այբուբեն կազմելիս այսպես են վարվել բոլորը , այդ թվում նաև սլավոնական այբուբենի հեղինակները , որոնք սլավոնական հնչյունական համակարգի համար վերցրեցին հունական գրերը , իսկ հունարենում չեղած գրերը լրացրեցին ուրիշ այբուբեններից՝ առնելով , օրինակ , Ш-ն՝ եբրայականից, Ч-ն ու Ц–ն ՝ հայկականից, իսկ Щ -ն կազմելով Ч-ի և Ц–ի միացումից:


#5 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:09 AM

Այսպես վարվելու համար Մաշտոցն ուներ բոլոր հնարավորությունները , նա քաջահմուտ էր ժամանակի գլխավոր լեզուներին ու նրանց այբուբեններին՝ հունականին , ասորականին և պարսկականին: Նա կարող էր նախընտրել այդ այ -բուբեններից որեէ մեկը , վերցնել դրա համապատասխան տառերը , իսկ պակասը լրացնել մեկ այլ այբուբենով : Եթե նա այբուբենի սովորական ստեղծող լիներ այդպես էլ կաներ , բայց նա ընտրեց բոլորովին այլ ճանապարհ : Քաղաքագետ Մաշտոցը վերջնականապես համոզվել էր,որ վիթխարի և գիշատիչ աշխարհակալության կողքին, առավել ևս երկու աշխարհակալությունների միջև ապրող փոքրաքանակ ազգությունը կարող է գոյատևել՝ շեշտելով իր տարբերությունը և ոչ թե գլխագրելով նմանությունները:

Լինելով զարմանալի խորաթափանց գիտնական՝ նա ասուրա-պարսկական աջից-ձախ գրությանը գերադասեց հունական ձախից - աջ գրությունը , որը գրության ավելի բարձր վիճակ էր ներկայացնում և դարեր հետո պիտի աջից ձախ գրողնհրին իսկ ստիպեր վերաշրջելու իրենց գրության եղանակը: Ճիշտ այդպես էլ նա , հունարենի օրինակով , նշանագրեր ստեղծեց նաև ձայնավորների համար , ինչը բացակայում էր պարսկական և սեմական այբուբեններից և , մի այնպիսի թերություն էր , որ դարեր հետո պիտի ստիպեր լրացնելու այդ թերությունը:Նույն ձևով նա կցողական գրությունից նախընտրեց անջատականը , մի խոսքով այն ժամանակվա բոլոր այբուբեններից առավ նրանց լավագույնը, բայց խուսափեց այն թերություններից, որոնք այդ այբուբենների մեջ հարատևեցին, ինչպես, օրինակ հնչյունագրական այն թերությունից , երբ միևնույն տառը տարբեր պայմաններով տարբեր հնչյուն է նշանակում և ընդհակառակը՝ միևնույն հնչյունը տարբեր տեղերում նշանագրվում է այլ տառերով : Այս ամենով Մաշտոցն իր այբուբենը հասցրեց մի այնպիսի վիճակի , որը վաղուց արդեն գիտության կողմից համարվում է իր ժամանակի ամենակատարյալը և անթերին ։

Բայց այս չէ գլխավորը : Մաշտոցի բուն նպատակը ոչ թե հերթական մի այբուբենի ստեղծումն էր իր ժողովրդի համար , այլ մի բոլորովին ուրույն , բոլորովին նոր , զուտ հայկական Այբուբենի ստեղծումը : Նույնիսկ այն դեպքերում , երբ նա վերցրել է որևէ գիր, ապա դա վերափոխել է այնպես , իր նախատիպից հեռացել այնքան , որ մինչև հիմա էլ այդ նախատիպը որոշելիս գիտությունը չի կարողանում խուսափել վեճից: Հունարենի հնչյունական համակարգում չեղած հնչյունների համար Մաշտոցը չի վերցրել ուրիշ այբուբենների համապատասախան գիրը , այլ ինքն է հորինել և այն էլ իր իսկ հնարած տառերից ։

Հեռանալ նմանություններից , ընդգծել տարբերությունները՝ սրանք հասցնելով մի բոլորովին նոր որակի ,- ահա այն սկզբունքը , որով առաջնորդվել է Մաշտոցը և հասել այդ սկզբունքի կատարյալ իրագործման։Ա՛յս կերպ նա ստեղծեց մի Այբուբեն , մի զուտ հայկական Այբուբեն , որ տարբեր է թե՛ իր ժամանակի , թե՛ հետագայի բոլոր մյուս այբուբեններրից :

Ավելին, հավատարիմ իր այս սկզբունքին, Մաշտոցի միտքը մտել է այնպիսի մի ոլորտ , որ դժվար է մինչև իսկ երևակայել։ Եվ իսկապես էլ . ո՞վ է այն երկրորդ տառաստեղծը , որ մտադրվել է նույնիսկ կետադրական նշաններով էլ տարբերվել եղած ու լինելիք բոլոր այբուբեններից։ Առայժմ չկա այդ երկրորդը , և Մաշտոցն է առաջինը , որը խիզախեց գլխիվայր շուռ տալու, օրինակ , միջակետի և վերջակետի կետադրական նշանակությունը:Իր ստեղծած զուտ հայկական բութը այդպես էլ մնաց անկրկնելի։ Իր ստեղծած բացականչականն ու հարցականը՝ նորից լինելով զուտ հայկական, կրկին մնալով եզակի՝ միաժամանակ ձեռք բերեցին ամենահարմարի իրավացի համարումը :


Այսպես կարող էր գործել ո՛չ սոսկ տառաստեղծը , ո՛չ էլ մեծ լեզվաբանն անգամ. այսպես կարող էր գործել միայն մեծ քաղաքագետը ։

Եվ դառնալով մեր առաջին ուսուցիչն ու մեր աոաջին դպրոցի առաջին տեսուչը՝ նա չմոռացավ դպրոցներ բանալ և ուսուցիչներ պատրաստել նաև վրաց ու աղվանից կողմերում:Եվ հիմնադրելով մեր դպրությունը՝ օգնեց , որ հիմնադրվի դպրությունը նաև մեր մերձավոր հարևանների , որոնցից վրացականը պիտի գլուխգործոցներ տար ։

Անդրկովկասյան այս լուսավորչությամբ Մաշտոցը «բաժանիր , որ տիրես» քաղաքականության մշտահարույց հարցին տվեց «մերձեցիր , որ չտիրեն » պատասխանը , որի ճըշտությունը հաստատվում է եղբայրակից ժողովուրդների բազմադարյան պատմությամբ ...

Եվ ահավասիկ նրան ծնած և նրանով բազմիցս վերածնված ժողովուրդը հանդիսավորությամբ ու երախտագիտությամբ, հպարտությամբ ու պարտավորվածությամբ տոնում է 1600-ամյակը այն մարդու, որը


Ծնվե՛ց , որ ծնվե՜նք ,
Եղա՛վ , որ լինե՜նք ,
Եվ անմահացա՛վ ,
Որ անմահանա՜նք ։


Նրա համար մի առանձին նորություն չէ իր ծնունդը նշված տեսնելը. այսպես թե այնպես նրա ծնունդը նշվել է ամե՛ն տարի։ Բայց նորություն է , և մե՜ծ նորություն , որ այս անգամ նրա փառատոնը կատարվում է ոչ թե եկեղեցական օրացույցով , այլ պետական որոշմամբ , ոչ միայն զանգերի ղողանջումով ու երգախառն աղոթքով , այլև գիտական զեկուցումներով և հայրենաշունչ համերգներով. ոչ թե եկեղեցիների բեմերից, այլ հանրային մեծ դահլիճներում ։

Այդ փառատոնը կատարում է մի ժողովուրդ, որ սփռված է ամբողջ աշխարհի վրա և, հակառակ այդ ցաքուցրիվությանը,պահում է իր ինքնությունը,ազգային իր կերպարան-քը, իր հոգևոր մշակույթն ու դասական լեզուն, և պահում է նաև շնորհիվ այն մեծագույն հայի, որի փառատոնն էլ կատարում է այսօր:

Այդ փառատոնն առավել հանդիսավորությամբ կատարում է մի ժողովուրդ , որ ապրում է իր վաղեմի և նորոգ հայրենիքում, Մասիսների հսկումի տակ,Սևանի ալիքների լուսափոխությամբ ողողված, իր հնադարյան Մատենադարանի և իր ազգային նոր Ակադեմիայի ասուլիսով խանդավառ ...

... Եվ վերարթնացած մեր ժողովուրդը այսօր տոնելով երբևէ ծնած իր զավակներից ամենամեծի հոբելյանը, քաջ գիտակցում է , որ դրանով իսկ տոնում է իր իսկ հոբելյանը , փառանշում ոչ միայն իր դպրության և արվեստների, իր լեզվի և գիտությունների տոնը, այլև տոնն անկախության ու պետականության իր դարավոր երազի, գոյության և հարատևության իր անքակտելի հավատի:

Նա հասկանում է խորապես , որ իր ամենամեծ զավակի ծնունդը՝ դառնալով ինչ-որ նոր Սկիզբ, միաժամանակ եղել է և է մի Շարունակություն, որ չի կարող վախճան ունենալ, քանի դեռ մեր մանուկների անարատ բերանից հնչում է մեր ազգային մեծագույն երգը՝ «Այբ - բեն - գիմ»-ը ։

Այս գիտակցումից է ծնվում և այն հարցը.

Թե պե՞տք է արդյոք , որ նրա անվամբ
Մի համալսարան կամ մի պողոտա կոչվի աշխարհում ,
Երբ այդ անունով մի ամբողջ ազգ է կռչում ինքն իրեն ,
Ազգ ,
Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ ,
Սակայն մեռնելու մտադրությամբ
Չի ապրել երբե՛ք՝ թեկուզ և մի օր ...

Edited by SAS, 22 December 2005 - 06:28 AM.


#6 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 22 December 2005 - 08:41 AM

Նորից բարի ես եկէր ՍԱՍ:
Ուրախ ենք քեզ տեսնել:
Please allow me to once again air the following that I had posted some time ago.
You have done a wonderful job with the Armenian version, and see if my translation does justice to Sevak's masterpiece.

http://hyeforum.com/...st=

Anyhow, I have been mulling over starting a thread to delve deeper into Mashtot's "Miracle".
Please watch for

ԱՐՄԱՏԱԿԱՆ ԱՅԲԵՆԱՐԱՆ

#7 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 09:27 AM

Արփա,

շնորհակալություն հղումի համար և թարգմանության, չնայած անգլերեն չեմ կարդում: Ես ուզում եմ ռուերեն թարգմանել հոդվածը, բայց այսպիսի դժվարություններ չեմ կարողանում հաղթահարել...
QUOTE
Այնքան շատ գործածելով «աջ» -ը , որից բարդվել ու ածանցվել են հարյուրավոր այլ բառեր ու դարձվածքներ՝ քաղաքականության մեջ մեր նախնիները գործել են մեծ մասամբ ձախ ձեռքով: Ուստի և՝ ձախորդություններ, ձախավերություն, ձախողակություն ...

Դուք ինչպե՞ս եք թարգմանել:Գուցե հարկավոր է շրջանցե՞լ:

#8 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:38 PM

Ի լրումն հոդվածի՝ Պարույր Սևակի «ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ...» պոեմը




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users