(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Շիրազ
Իմ Ախուրյանի այն ափին ընկած՝
Անին վիրավոր եղնիկ է կրկին,
Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝
Չեն թողնում անգամ լեզու տա վերքին:
Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրավոր,
Չի կարող լիզել կաթող արյունը վերքի դարավոր, -
Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս«
Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -
Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս«
Լուսնի մահիկը՝ որպես իր արնոտ աղեղը ձեռքին,
Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,
Ոչ սպանում է, ոչ կյանք է տալիս մորս վիրավոր..
2
Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ«
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Բալասանվեմ իր բաց Վերքին, մանուկ ծնեմ մեռած մորից՝
Ախուրյանի օրորի տակ, փրկեմ Անին՝ կարոտս առնեմ:
Օրոցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց հույսերն օրորելով,
Որպես որդուն իմ երկվորյակ՝ երկնհմ Անին՝ կյանքն օրորեմ:
Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելով՝
Լցված կյանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնվեմ:
Կրծքիս սեղմեմ Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:
Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:
Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,
Որպես անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:
Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի,
Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:
Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից
Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ:
Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ:
Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-
Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ:
Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կյանքի կոչեմ:
Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,
Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:
Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:
Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագավորեմ:
Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:
Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ,
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:
3
Ախուրյանն է քեզ մայրական օրոր,
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,
Միթե՞ իրավ չես զարթնելու մի օր,
Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´:
Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լույս ու զրահ,
Հույսս՝ խավար, ավար ես դու, Անի´,
Չի մնացել քարդ քարիդ վրա,
Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´:
Հայ արվեստի դու փշրված Մասիս՝
Անմահության աճյունն ես դու« Անի´,
Փետուրներդ ցրված հարավ, հյուսիս՝
Մեր փյունիկյան թռչունն ես դու, Անի´:
Քո արծվազարդ մի խոյակից անգամ
Աշխարհ գիտե, թե ումն ես դու, Անի´,
Ա՜խ, ե՞րբ պիտի քո մեջ մեկ էլ ման գամ,
Ավեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´:
Անի´, հայոց անսպին ես դու դեռ,
Հայոց վշտի անունն ես դու, Անի´,
Հորս կորած գերեզմանն ես անմեռ,
Անի´, մորս մրմուռն ես դու« Անի´:
Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վերք՝
Հայոց Պոմպեյն ու սուգն ես դու, Անի´,
Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացվե´ք-
Պապերիս հող մասունքն ես դու, Անի´:
Անի´, ողբ է օրորն Ախուրյանի,-
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,
Բա´վ է քնես քնով սրտակեղեք՝
Հազարամյա մեր քունն ես դու, Անի´...
Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,
Անի´, երգիս ղողանջն ես դու, Անի´,
Պիտի հնչես, շատ չես մնա վայոց,
Վաղվա որդուս մոր կանչն ես դու, Անի ...
ՎԵՐՋԵՐԳԱՆՔ «ԱՆԻ» ՊՕԷՄԻՑ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Շիրազ
Իմ Ախուրեանի այն ափին ընկած՝
Անին վիրաւոր եղնիկ է կրկին,
Որսորդն ու մահը դեռ գլխին կանգնած՝
Չեն թողնում անգամ լեզու տայ վերքին:
Այս ափին ձագն է, այն ափին մայրս՝ Անին վիրաւոր,
Չի կարող լիզել կաթող արիւնը վերքի դարաւոր, -
Այս ափին ձագն է բառաչում, լալիս՝ ինչո՞ւ չի գալիս«
Այն ափին մայրս է՝ ուզում է դնել գլուխն այս ափին, -
Բայց դարեր կանգնած որսորդը գլխին՝ դեռ ահ է տալիս«
Լուսնի մահիկը՝ որպէս իր արնոտ աղեղը ձեռքին,
Ոչ նետն է հանում եղնիկիս կրծքից, ոչ խրում է խոր,
Ոչ սպանում է, ոչ կեանք է տալիս մօրս վիրաւոր..
2
Դեռ մի կարօտ ունեմ անյագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ«
Բանամ ճամբիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:
Բալասանւեմ իր բաց Վէրքին, մանուկ ծնեմ մեռած մօրից՝
Ախուրեանի օրօրի տակ, փրկեմ Անին՝ կարօտս առնեմ:
Օրօցք դնեմ իղձերն հայոց՝ հայոց յոյսերն օրօրելով,
Որպէս որդուն իմ երկւորեակ՝ երկնհմ Անին՝ կեանքն օրօրեմ:
Ախուրեանի ջրերի պէս մօրս փէշերն համբուրելով՝
Լցւած կեանքով հազարազանգ՝ գրկեմ Անին, վերածնւեմ:
Կրծքիս սեղմեմ Անիս աւեր, բուերի տեղ սոխակ դառնամ,
Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:
Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մաոիսի՝
Իմ Սևանի լոյսերի տակ զուգեմ Անին՝ օջախ վառեմ:
Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,
Որպէս անտառ կաղնեպսակ՝ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:
Աւեր թողնեմ միայն Քեօշքը թուրք չարայուշ բռնակալի,
Գլխին հայոց արևաթագ՝ ոսկեմ Անին, բերդն համբուրեմ:
Հազարազանգ զարթնեցնեմ հազարամեայ իր խոր քնից
Արագածի պէս անխորտակ բուրգեմ Անին« վեր պարսպեմ:
Վեր փիւնիկեմ հազար ու մի տաճարներով իր աւերակ,
Մայր տաճարի գմբէթի տակ խնկեմ Անին, կեանք բուրվառեմ:
Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,-
Հազար ու մի զանգով՝ հստակ զանգեմ Անին՝ վեր ղօղանջեմ:
Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք,
Պալատներով իր նորաթագ վեմեմ Անին՝ կեանքի կոչեմ:
Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու,
Վեմեմ բուրգերն ու աշտարակ, ճեմեմ Անին ու նոր ննջեմ:
Բանտից հանեմ մեծ Հայաստանն՝ այս ազատւած փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակ՝ հայկեմ Անին ու նոր մեռնեմ:
Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին, թագաւորեմ:
Հազար տարվայ կարօտ ունի իմ երազը հազարաթև
Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ աւերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ:
Որպէս ոսկի վաղվայ գուշակ, որպէս Մասիսին իմ անուշակ,
Գլխին հայոց մի դրօշակ տեսնեմ Անին… ու չմեռնեմ:
3
Ախուրեանն է քեզ մայրական օրօր,
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,
Միթե՞ իրաւ չես զարթնելու մի օր,
Անի´, միթե՞ մեր քունն ես դու, Անի´:
Ա՜ խ, ե՞րբ պիտի հագնես լոյս ու զրահ,
Յոյսս՝ խաւար, աւար ես դու, Անի´,
Չի մնացել քարդ քարիդ վրա,
Անի´, բայց դու գոհար ես դու, Անի´:
Հայ արւեստի դու փշրւած Մասիս՝
Անմահութեան աճիւնն ես դու, Անի´,
Փետուրներդ ցրւած հարաւ, հիւսիս՝
Մեր փիւնիկեան թռչունն ես դու, Անի´:
Քո արծվազարդ մի խոյակից անգամ
Աշխարհ գիտէ, թե ումն ես դու, Անի´,
Ա՜խ, ե՞րբ պիտի քո մէջ մէկ էլ ման գամ,
Աւեր, բայց հին մեր տունն ես դու, Անի´:
Անի´, հայոց անսպին ես դու դեռ,
Հայոց վշտի անունն ես դու, Անի´,
Հօրս կորած գերեզմանն ես անմեռ,
Անի´, մօրս մրմուռն ես դու« Անի´:
Ողջ աշխարհի կրծքին դու դեռ բաց վէրք՝
Հայոց Պոմպէյն ու սուգն ես դու, Անի´,
Ա՜խ, ե՞րբ պիտի, հայ դարպասնե´ր, բացւե´ք-
Պապերիս հող մասունքն ես դու, Անի´:
Անի´, ողբ է օրօրն Ախուրեանի,-
Շիրակն օրոցք՝ մանուկն ես դու, Անի´,
Բա´ւ է քնես քնով սրտակեղեք՝
Հազարամեայ մեր քունն ես դու, Անի´...
Լեզուն պոկած զանգն ես անմահ հայոց,
Անի´, երգիս ղօղանջն ես դու, Անի´,
Պիտի հնչես, շատ չես մնայ վայոց,
Վաղվայ որդուս մօր կանչն ես դու, Անի ..
Edited by vartahoor, 11 June 2007 - 12:53 AM.