Jump to content


Photo

Ghoghgotai Tsaghikner #1-3


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 02:36 AM

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ
Փա՜ռք սարբինային. Քրիստոս կը պատարագե:

1. ԱՍՏՈՒԾՈ ԼԱՑԸ
Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին:
ՌԸՆԱՆ

Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր
Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին`
Ես կարծեմ Աստված բան մը կ'որոներ`
Որ դարման ըլլա տաղտուկի վերքին:

Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն,
Եվ հոն իրմե զատ բան մը չըգտավ.
Էություն մ'ուզեց իր Էութենեն.
Իր Էությունն իր արձագագն եղավ:

Հետո դառնալով, տըխուր և մորմոք,
Համըր լըռության և կույր Ոչինչին`
Ան իրենցմե ինչ մ'ուզեց և անոնք
Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին:

Երբ Անհունն այդպես դատարկ գտավ Ան,
Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ.
Եվ Լըռության վրա ու Ոչընչության
Հուսահատութենեն սըրտաբուղխ լացավ:

Վարն իր արցունքներն ուզածը տըվին`
Կազմելով մեյմեկ աստղեր երկընքին.
Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ
Որպեսզի ստեղծե` հարկ եղավ նախ լալ:

2. ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

Ո՛վ մատնըված Հիսուս,
Դու որ փըշապատ գըլուխ մ'ունեցար`
Գըթա՛ իմ գըլխուս.
Դերաներդ զայն քարկոծեցին հար
Եկեղեցիին սալաքարերով:
Վերքերես բըղխող ըղեըղ կերան
Իշամեղուներն ամբարըշտության:
Տե՛ս, մազերուս վրա եղյամն է նըստեր.
Ես շա՜տ եմ տանջվեր:

Տառապա՛ծ Հիսուս,
Դուն որ ունեցար արտասվող աչքեր`
Գըթա՛ աչքերուս.
Անոնք ավելի արտո՛սր են քամեր
Քան թե խըմեր լույս: Դագաղներու վրա
Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շեջ
Բիբերս են ընկեր վիշտի հորի՛ն մեջ:
Տե՛ս, կոպերուս վրա աճյուն է ցանվեր.
Ես շա՜տ եմ տըքներ:

Ապտակվա՛ծ Հիսուս,
Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ…
Գըթա՛ ձեռքերուս.
Ափերս են տաղեր պայտերով հրատապ,
Եվ մատվըներս, ըստինքներու նման
Արյունս են կթեր: Դաստերս ճաթած են
Կըրելեն երկաթ, հողը փորելեն:
Տե՛ս, եղունգներըս սիրտս ե հոշոտեր.
Ես շա՜տ եմ խոցվեր:

Թըքնըվա՛ծ Հիսուս,
Դու որ ունեցար ձաղկըված կողեր`
Գըթա՛ կողերուս.
Անոնք աղբյուսի վըրա են պառկեր`
Եվ վիշտը քունեն ճանչցրեր հաղթական.
Բուծաներ են միշտ գըրկած Մահը կույր`
Իրենց քաղցն անոր տալով կերակուր:
Տե՛ս, փողոցի շուն մ'է կողըս պատռեր.
Շա՜տ եմ հալածվեր:

Մահապա՛րտ Հիսուս,
Դու որ բևեռված ոտքեր ունեցար`
Գըթա՛ ոտքերուս.
Արյուն սըրսկելով թափառեցան հար
Ավերակներու եղիճներուն մեջ:
Զանոնք չըլըվաց ձեռք մը սիարկան
Ո՛չ մեկ լալկանի մեջ ասպընջական
Ոտնամաններս կ'հոսին մոխիրներ.
Ես շա՜տ եմ քալեր:

Ո՛վ խաչված Հիսուս,
Դուն որ նիզակված սիրտ մը ունեցար`
Գըթա՛ սըրտիս հույզ.
Օր մ'որ անոր մեջ բաբախեց աշխարհ`
Հույսին տեղ այսօր Ոչի՜նչը կ'ապրի:
Սիրտըս սափոր մ'է, աճյունս` անոր մեջ,
Զոր պիտի հովե՛րն առնեն մահես վերջ:
Տե՛ս, տե՛ս, սըրտիս վրա դաշույն մ'է խըրվեր.
Ես շա՜տ եմ սիրեր:

3. ԼՈՒՅՍԸ
Դուն կը փայլիս մեծության և զոհագործումին համար:
ՌԻԿ-ՎԵՏԱ

Կ'երթամ աղբյո՜ւրը լույսին…
Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին
Կայծքարերով, ցանկված` մուրտի փուշերով.
Ուղին շեղ է ճառագայթի մ'հանգունակ:
Անկե կ'ելլեմ` հենլով դողդոջ ծունկերուս,
Եվ ծունկերես, զոր գամեցին եղբայրներս,
Արյունըս տաք կը բըխի:
Հևքն է ` կուրծքիս, թարթիչներուս վրա` փոշին,
Սիրտըս սափորն է դատարկ,
Ու ես կ'երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Լույսն աղվոր է, բարձրության մեջ հոսանուտ.
Խոնարհումին մեջ` արդար:
Օր մը տեսա էութենեն մաս մը սուրբ
Մորս հոգվույն մեջ ճաճանչագեղ և ցաթած
Մեր գյուղակին մեկ վաղեմի հերոսին
Հողակույտին վրա դալար:
Միջօրեին` զայն տեսա
Որ` նըման մեծ թիթեռնիկի մ'ըսպիտակ`
Կը քալեր գաղջ պատուհանիս քարին վրա,
Որ մայթերեն կամ աղծապիղծ ճամբայեն,
Ներողամիտ գըթությամբ,
Կը հոսեր նոր կըթված կաթի մը պես եղկ,
Որ իրիկունն, հորիզոնե հորիզոն,
Կ'երիզանար գետերու պես հակինթի,
Կամ կը կազմեր, երկինքնեուն վրա խաղաղ,
Անըրջական ավազաններ, որոնց մեջ
Կը բռընկեին նունուֆարե կըղզյակներ:
Զայն ես տեսա՜ և հոգվույս մեջ արթընցավ
Պանդուխտի տենչ մը անորոշ և լըլկիչ
Դեպի գավառ մ'անծանոթ, լի արևով.
Եվ արդ կ'երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Լույսն է Մըտքիս հարսը, աղջիկն` Աստուծո.
Ան գինին է Տիեզերքի բերկրության,
Որ իրիկուն մը, կողեն դուրս Հիսուսին,
Հեղեղորեն հոսեցավ,
Ներումի պես հոսեցավ, վա՛րը, Մեղքին
Սեղանին շուրջը հավաքված մարդեուն
Անհուսության ըսկիհներուն մեջ դատարկ,
Լույսը արյո՛ւնն է բնության,
Գիշերվան թագն, ու պատմուճանն է օրվան.
Աստվածային Ակնին է`
Որ` երկունքի մեջ մեռած մոր մը նման,
Կը ստեղծե ի վախճանելու ժամանակ,
Ակնին` հրեղեն բիբերով,
Որուն հոգին ամեն գարուն կը տրոփի
Հյուլեին մեջ և մարդկային մըտածման,
Որուն համար զոհերով դեռ կը մըխան
Նըվիրական ափերը հորդ Գանգեսին:
Ու ես կ'երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Լույսը մարմարն է երկնային հանքերուն,
Որով Արվեստն, անմահական երազով,
Կը քանդակե ձյունամարմին աստվածներ:
Իր ծոցին մեջ կը ծընին
Մռայլ Տանդեներն ու Հոմերները հըսկա,
Իր ծոցին մեջ իմաստությունը երգ մ'է`
Զոր գիշերվան մեջ խորին
Բանաստեղծները կը խըմեն աստղերեն`
Որ նըվագեն ցերեկվան մեջ` Մարդերուն:
Ան ամենո՜ւն զինքը կու տա, ամենո՜ւն
Կը բաժնըվի, և կը մընա անբաժան
Նըշխարքին պես. ան նըշխարքն է` որ կ'իջնե
Ամեն առտու, սեղաններուն վըրա մեր,
Մարդեղության արյունլըվա խորհուրդին:
Ու ես կ'երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…

Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ
Պետք է որ ա՛յսպես քալեմ.
Քանի՞ անգամ պետք է իյնամ կարեվեր,
Ճանապարհիս վրա բացված
Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով.
Չըգիտե՜մ ես. միայն թե, ո՜վ եղբայրներ,
Ո՛վ խաչ հանող եղբայրներ,
Թողուցեք զիս ճամբորդությանս մեջ մինակ.
Ա՛յնքան մինակ և ա՛յնքան լուռ, որ լըսեմ
Տըրոփը սըրտիս, զոր ընտըրած նըվագս է
Նըվագներուն մեջեն բյուր.
Արևով լի և արևները տանող
Ուղիիս վրա մի՛ սըփռեք
Ձեր շուքը, մռայլ թևի մը պես ուրուրի:
Եվ ոչ ալ զիս կանչեցեք
Խընճույքներուն ձեր զըվարթ`
Ուր բոզությունը կը զարնե նվագարան:
Ընդունա՜յն է խոստանալ
Սըրտիս կույսեր, սիտըս սափորն է դատարկ
Ու ես կ'երթամ դեպի աղբյո՜ւրը Լույսին…


(ՇԱՐՈԻՆԱԿԵԼԻ)




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users