Jump to content


Photo

Yeradzayn Patarag #1


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 June 2007 - 01:54 AM

ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ #1
(Դասական Ուղղագրութեամբ)
Պարուրյ Սևակ

Երկնքից առկախ մի լեռնակզի`
Հայաստան աշխարհ:

Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում`
Երկու զանգ հսկայ և անձեռագործ:
Եւ այնքա՜ն հսկայ, այնքա՜ն վիթխարի,
Որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախւել,
Ուստի պարզապէս կործւած են հողին:

Անունն` Արարատ
Կամ
Սիս ու Մասիս:

Նրանց ռումբաձև զոյգ լեզւակները խրւած են հողում
Եւ, խարսխի պէս,
Հասնում են մինչև հրահեղուկի մթին հատակը:
Ու երբ գործում են այդ լեզւակները`
Երկրաշարժային բոլոր սարքերը
Իրենց տագնապն են արձանագրում
Լրագրերի գունատ երեսին`
Սև-սև տառերով
Իսկ ով ունկ ունի,
Հավատոյ բլթակ`
Նա լսում է միշտ և նրանց ձայնը,
Ղօղա՜նջը նրանց:

Եւ ե՛ս չեմ, ո՛չ էլ դո՛ւք էք ղօղանջում.
Սիսն ու Մասի՜սն են ղօղանջում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ:
Գողթան երգերի չափ ու կշռոյթով
Բամբ բամբիռների նւագակցութեամբ,
Շարականների ելևէջումով պատարագատու`
Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
Ով ունի ականջ,
Բլթակ հաւատոյ`
Նա լսում է միշտ
Լսում է նրանց զանգը երկնաչու,
Որ թարգմանւում է լոկ երկու բառով`

ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ


Այս լեռնակզում լեռքարե՞րն են շատ,
Թէ՞ կերպաձևւած շիրմաքարերը:

Եւ ծառե՞րն են շատ այս լեռնակզում,
Թէ՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը,
Եւ աւելի շատ անտա՞ռ է հատւել,
Թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդւել
Դարեր ալեծեծ այս լեռնակզում...

Սակայն ես այսօր և ամենայն օր
Մշտական վշտով նրա՛նց եմ ողբում,
Ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ,
Ինչպէս չունեցան պատանք-պատարագ:

- Ողբամ մեռելո՜ց,
Անթա՜ղ մեռելոց:

Մէ՛կ չէին նրանք
Եւ ո՛չ էլ երկու:
Նրանք բի՜ւր-բիւրո՛ց,
Նրանք` ա՛զգ-ազի՜նք,
Եւ չվախճանւեց նրանցից ոչ ոք
Իր անկողնու մէջ մահով բնական,
Ո՛չ մանուկ, ո՛չ ծեր,
Ո՛չ կին և ո՛չ այր
Չմեռան նրանք, այլ սպանւեցի՜ն`
Լեգեոն առ լեգեոն,
Փաղանգ առ փաղանգ:
Չմեռա՜ն նրանք, այլ սպանւեցի՜ն`
Ո՛չ գօտեմարտում,
Ո՛չ խրամատում,
Այլ իրենց տանը, այգում և արտում,
Իրենց սրտի պէս լեցուն ցորենի հորերում իրենց,
Իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց, -
Մահապարտւեցին հազա՜ր ձևերով,
Ամենքն` անխնայ,
Ամենքն` անխտիր...

-Ողբամ մեռելո՜ց,
Բի՜ւր-բիւրո՜ց ողբամ:

Ես ի՜նչ իմանամ, և այդ ո՞վ կասի,
Թէ ո՞վ էր արդեօք այն առաջինը,
Ում սպանեցին,
Ա՜յն առաջինը,
Որ ընդամենը դեռ միաւոր էր:
Բայց միաւորի կողքին շարւեցին նոր-նոր զերոներ.
Եւ զերոների թիւն անցաւ հնգից ու հասաւ վեցի`
Կէս միլիոն
Ու
մեկ,
Մէկ միլիոն
Ու
Կէս,
Եւ ամենքն` անպարտ,
Եւ ամենքն` անմեղ

-Ողբամ մեռելո՜ց,
Միլիո՜ն մեռելոց:
Ու ջնարակւեց հողը արիւնով,
Լռած բերանը` սարսափով խօսուն,
Օդը` տագնապով անտեղիտալի,
Իսկ ահից կապտած երկինքը լեղակ`
Անխուփ աչքերի մեռելափայլով...

-Ողբամ մեռելո՜ց,
Կապտա՜ծ մեռելոց:

Ջարդւած ազդրերի ու սրունքների,
Անջատւած թաթի ու կրունկների
Չչափագրւած ձևերն այլազան
Պահանջում էին էվկլիդեսական գիտութիւն մի նոր,
Որ նոր էր միայն սկզբնաւորւում
Էւկլիդեսների շիրիմին պպզած
Ահեղ Գորշ Գայլի մութ ուղեղի մէջ`
Ի տես սրածւող մի ամբողջ ազգի,
Որ հնամենի իր հողի վրայ
Մի պտղունց հողով աչքը փակելու
Բախտից էր զրկւում

-Ողբամ մեռելո՜ց,
Անհո՜ղ մեռելոց:
Բոլոր բանտերից ազատել էին մարդասպաններին
Եւ զինել քէնով
Ու հրազէնով,
-Կեցցէ Բարաբբա՜ն...
Եւ լցւել էին բոլոր բանտերը մարգարէներով`
Խօսքի՜ ու երգի՜,
Մտքի՜ ու ձեռքի՛,
Յո՜յս ու հաւատքի՛ մարգարէներով.
-Յիսուսի՜ն ի խաչ...

Կախաղաններից ճօճւող սրբերի դուրս ընկած լեզւից
Հպարտութիւնն էր անընդհատ ծորում,
Արհամարհանքն էր շողիքն իր թորում
Մարդկութեան վրայ,
Ա՜յն խեղճ ու կրակ-թշւառ մարդկութեան,
Որ ինքն էր նաև խեղդամահ լինում,
Քանի որ նրա կոկորդում նեղլիկ
Մարդկայնութիւնն էր խրւել-մնացել

- Ողբամ մեռելո՜ց,
Խեղդւա՜ծ մեռելոց:

Իրենց մինուճար ու սրտահատոր դիակի վրայ
Մայրեր-մանուկներ,
Քոյրեր-ծերուկներ
Կաղկանձում էին, սակայն անարցո՜ւնք.
Սպառւել էին նրանց արցունքի պաշարները ողջ,
Ինչպէս որ իրենց անբան թշնամու գանձարան-Խազնէն:
Ու երբ հասնում էր մահը ցանկալի,
Իրենց ոսոխից վրէժ լուծելուն այլևս անկարող,
Գէթ Աստծուց էին վրէժն այդ լուծում`
Թքելով դէպի երկինք,
Մի երկինք.
Որ աշխատում էր նրանց հետ խօսել
Աստղերի լեզւով խուլ ու համրական.
-Այլևս այդ լեզուն հասկացո՜ղ չկար
Որ ասուպներ էր շաղ տալիս հերթով,
Ասես թէ պառաւ գուշակի նման գարի էր գցում.
-Ո՞վ կհաւատար այսքանից յետոյ
Որ արշալոյսով, հարալեզի պէս,
Լիզում էր նրանց կարմիր վէրքերի բոցերը.
-Իզո՜ւր...
Որ լուսնալոյսով ցողում էր նրանց խոցերը.
-Իզո՜ւր
Հասնում էր մահը` ցանկալին միակ
Եւ ամուր սեղմած ատամն ատամին,
Մահանում էին` բա՛ց ատամներով,
Ատամների տակ վրէ՜ժն անկատար...
Եւ Արարատից մինչև Արաֆաթ, Սիփանից` Սինա,
Սև ծովից` Կարմիր, Կարմիրից` Մեռեալ
Փռւած-սփռւած մեռելներն իրօք
Վրե՜ժ լուծեցին թշնամուց իրենց`
Արտաշնչելով ժանտա՛խտ, տե՜նդ ու տի՛ֆ

Եւ երկնից առկախ այս լեռնակղզին
Դարձրեցին այնժամ մի թշւառ թատրո՜ն,
Ուր կրակը լոկ` ողբերգա՛կն այդ կոյր,
Խաղաց բազմաթիւ բազմազան դերեր:

Ծուխն էր համբարձւում` Յիսուսի նման,
Կրակն էր մնում` Մուհամմէդի պէս..
Եւ հրից-մրից
Երկնքի կապոյտ սպունգը ցամքեց ու ճմռտորւեց`
Վաչկատուների տրեխի նման:
Ու ճմռտորւեց հողն էլ ներքևում`
Փլատակներով,
Ու ճմռտորւեց ա՛յն դրամի պէս,
Որ շպրտում են պոռնիկի դէմքին:

Եւ երկրի վրայ,
Այրվող տներից-շէներից բոլոր,
Ողջ ու կենդանի բիւր կիզւողների ճիչի հետ մեկտեղ
Փռւեց զառանցանքն` ազանի՜ նման:
Սարսափն էլ երկրի ձայները բոլոր
Հաւաքեց բռում,
Կախեց մատներից`
Նւագավարի-խմբավարի պէս,
Եւ անիրաււած-տարաբախտ երկրի
Ողբերգախաղաց բացօթեայ բեմում
Հնչեց մի համե՜րգ,
Մի համանւա՛գ,
Որ մղձաւանջն էր`
Շարունակելի՜ն
Ջարդեցի՜ն այսպէս`
Ոչնչի՛ համար
Եւ
Ամե՜ն ինչի:
Ոչնչի՛ համար
Եւ
Ամե՜ն ինչի:

2 000 000 մարդ ի խաչ բարձրացաւ,
2 000 000 խաչ չտնկւեց հողում,
2 000 000 խաչ տապանաքարին չփորագրւեց,

Քանզի... հասարակ տապան-դագաղը
Կարծես թէ դարձաւ Աստծու պէս մի բան.
Մա՜րդ չարժանացաւ նրան տեսնելու եզակի բախտին

Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի,
Մինչ նրա բոլոր բնակիչները` անդագաղ դիեր

Եւ ահաւասիկ ես ասում եմ ձեզ`
Տասնըմեկերորդ պատւիրանի պէս.

-Ամենից առաջ
Փայտէ դագաղի՛ պաշտամունք պիտի ունենալ կեանքում,
Փայտէ դագաղի՛,
Նաև պատանքի՜:
Դագաղ-պատանքի՛ պաշտամունք պիտի ունենալ,
Այո՛,
Վասնզի եթէ չի ճարւում դագաղ,
Ուրեմն արհաւիրք-աղետ է ահեղ,
Վասնզի եթէ դին չի պատանւում,
Ուրեմն ամեհի-ահարկու օրհաս,
Մահ-տարաժամ է,
Եղեռն ու նախճիր

Եւ դո՛ւ չես ասում, ո՛չ էլ դո՛ւք,
Այլ ե՜ս,
Ես` Սիս-Մասիսըս,
Այդ ես եմ ասում
Անդո՜ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով ահազդու,
Բամբ բամբիռների հնչումով խրոխտ
Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե՛րջ-անդադա՛ր-անդո՜ւլ...
Ով ականջ ունի,
Հավատոյ բլթակ`
Նա լսում է միշտ
Լսում է նրանց հանգերգն ահազդու,
Որ թարգմանւում է նոյնպէս զոյգ բառով.

ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ

Բեկանեմ շանթեր
Իմ գլխի՜ վրայ,
Որ ճերմակել է ո՛չ լոկ հարանքից ու չարչարանքից.
Որ ճերմակել է բեկւած-բեկբեկւած բազում շանթերի
Դարաւոր փոշո՜ւց,
Աճիւնի՛ց ճերմակ

Բեկանեմ շանթեր`
Իմ աչքերի՛ մէջ,
Որոնց բիբերը խառնարաններ են ծփացող յուշի
Եւ որոնց համար սպիտակուց է դարձել նո՛յն փոշին`
Բեկւած-բեկբեկւած բազում շանթերի փոշին սպիտակ...
Բեկանեմ շանթեր`
Իմ հոգո՛ւմ մթին,
Կուպրանե՜րկ հոգում,
Ուր գահավիժւած հրեշտակներ են անբառ մորմոքում
Մեռած հաւատի
Եւ մարած յոյսի դիակի՛ վրայ`
Միակի՜ վրայ

Բեկանեմ շանթեր
Եւ լեզւի՛ս վրայ,
Իմ թլւա՜տ-կակա՜զ-կա՛պ ընկած լեզւի,
Կա՛պ ընկած` ի տես մի իրողութեան,
Որ երբևիցէ չէր եղել... եղավ,
Որ չէր կատարւել երբեք... կատարւեց...
Կա՛պ ընկած` նաև ի նշան անզօր-անկարողութեան`
Ասելու համար ողջ անասելի՜ն
Եւ անպատմելի՜ն պատմելու համար

Եւ իրօք.
Այդ ո՞վ կարող է հիմա
Թէկուզ կցկտուր և անկապակից խօսքերով ասել,
Թէ ի՜նչ կատարւեց:

Նախ`
Քրիստոսը մեծացաւ, ինքնին, ևս մի տարով,
Եւ երկրագնդի պտտւող կողին`
Հասարակածի լայնութեան վրայ
Սառցէ գրիչով մեծատառ գրւեց
Նրա տարիքը`
1914 թիւը:

Եւ օրացոյցը`
Կրկեսի բեմին կեանքն իր նւիրած
Ձեռնածու կնոջ յայտնի նազանքով,
Սկսեց մէկ-մէկ ուսերից նետել իր հագուստները.
Ամէն օր` մի շոր:

Ունայնութեամբ էր արևն զբաղւած,
երկինքը` անվերջ դիմակ փոխելով.
Կռիւ էր տալիս օդը օդի հետ,
Օդն օդից պարտւում,
Յաղթում օդն օդին,
Եւ կնքւում էր այդ հաշտութիւնը կարճ,
Որ ծանօթ է մեզ գարուն անունով:

Մարդկանց ու կանանց գրկաշփումից
Լոյս աշխարհ էին գալիս մանուկներ`
Իրենց ճիչերով մարգարէական:
Հողի և ջրի շփումից տամուկ
Թթխմորւում էր և գինի, և հաց:
Թուղթ ու թանաքի հպում-շփումից
Բռնկւում էր միտք ու ժայթքում էր երգ:
Իսկ բթամատի ու ցուցամատի շրշուն շփումից
Ծնւում էր դրամ...

Բայց բթամատի ու ցուցամատի շխկուն շփումից
Շատ յաճախ նաև հրդեհ է ծագում,
Եթէ ցուցամատ-բութ մատի տերն է մի բութ բարբարոս:

Ո՞վ շրխկացրեց իր ցուցամատով ու բթամատով:
Եւ այդ շրխկոցը մահացու փռթկաց
Ինչ-որ տաքգլուխ մի ուսանողի ատրճանակից,
Ու գնդակը տաք ոչ թէ մխրճւեց
Ինչ-որ Ֆերդինանդ Ֆրանցի սրտում,
Այլ հեգ մարդկութեան ուղեղի հենց ա՜յն կենտ բջիջի մէջ,
Որ մարդկայնութեան կենտրոնն է միակ

Աշխարհը շրջւեց բերանի վրայ և ապա մէջքի`
Աշխարհն ինքն իրեն կործեց ու շտկեց,
Շուռ ու մուռ եկաւ ջղաձգւելով`
Ավազախրւած-խեղդւող ձկան պէս.
Եւ թաւալ տւեց`
Գոռեխ-մոզերից կարեվեր խոցւած մտրուկի նման,
Ու հանեց փոշի՜,
Այնպիսի փոշի,
Որ խցեց աչքերն ամբողջ մարդկութեան,
Փակեց երկինքը և ծածկեց Աստծուն,
Ա՜յն Աստծուն,
Որի որդու տարիքը նոյն այդ ժամանակ
Աւելացել էր և՛ս կես տարով

Եթէ մինչև այդ դիւանագետներն անուշ ժպիտով
Քարկտիկ էին իրար հետ խաղում`
Րոպէն մէկ երկինք (Աստծո՜ւն) նայելով,
Իսկ մի պահ յետոյ` սեփական ափին, -
Դիւանագետներն այժմ տեղ տւին տէրերին իրենց,
Որ... ոտնագնդակ խաղան մոլեգնած`
Արկով հեռահար
Եւ հեռաթռիչք ռումբ ու ականով...

Գնդացիրները
խեղճ արտոյտներին ու տատրակներին գործազրկեցին:
Հրացանների
Թոքախտաւորիկ հազն էր վերջանում արնահոսումով:
Թնդանոթները
Իրենց երախի քրքիջով խենեշ
Ծանակում էին պարսատիկաւոր Դավթին խղճալի,
Իսկ սպանւողը ինչ-որ Գողիա՛թ չէր,
Այլ մի մարդկութի՜ւն իր մարդկայնութեամբ

Թթւել էր կարծես հողը բովանդակ,
Ու թթւել էին ծովերը բոլոր,
Եւ թթւածութեան խմորիչ մանրէն արկ-ականն էր նոյն,
Որ հող ու ջրի պղպջակներ էր պայթեցնում ահեղ`
Դեպի վե՜ր, երկի՜նք,
Որտեղ Յիսուսը, նստած Հօր աջում,
Ինքնին մեծացաւ արդէն մէ՜կ տարով,
Եւ երկրագնդի կիսարիւնաքամ-գունատ ճակատին
Արիւնոտ մատով աղւեսագրւեց

1915 թիւը

Եւ գոլորշու պէս մանեման եկող տագնապն անմեռուկ,
Որ հարկահանն է համայն աշխարհի
Եւ տանուտէրն էր այս լեռնակղզու,
Ցրտից կծկւեց,
Կարկուտ դառնալու անբեկ վճիռով`
Նա խտանում էր:

Եւ խտանում էր վտանգը նաև`
Համայն աշխարհի մշտական քեռին
Եւ խորթ հայրիկը այս լեռնակղզու,
Խտանում այնպե՛ս,
Ինչպէս արիւնը, երբ լերդանում է:

Ծպտեալ ոճիրը հանդերձ էր փոխում`
Տեսակցութիւնից ուշացող բոզի աճապարանքով:
Քէնը քողարկւած, ոխը դավադիր
Իրենց վզերի կապն էին կրծում`
Շղթայի զարկւած շների նման,
Նոյն այն շների,
Որոնց աղօթքը թէ հասներ Աստծուն`
Երկնքից ոսկրի անձրև պիտի գար:

Շների աղօթքն իսկապէ՜ս լսւեց

Եւ մահը` մեծն մաթեմատիկոս,
Գորշ Գայլի արնոտ ժանիք-գրիչով
Գրանցման մատեան-թահրիր դեֆտերում
Համարակալեց մի ամբո՜ղջ երկիր`
Իր քաղաքներո՛վ, շէներո՛վ ամէն
Եւ մինչև անգամ վերջի՜ն քողտիկով:
Համարակալեց բովանդա՛կ մի ազգ`
Ծե՛ր ու մանուկո՛վ,
Կին ու էրիկով
Եւ մինչև անգամ խելառո՛վ վերջին:
Անգլուխ-անպոչ այդ պետութեան մէջ
Չէ՜ր եղել երբեք ու երբևիցէ
Այսպիսի ստո՛յգ, այսքան ճշգրի՛տ
Մի մարդահամար,
Այնքա՜ն ճշգրիտ,
Եւ ստոյգ այնքան
Որքան որ իրենց փեյղամբարների
Եւ կամ հարեմի հարճերի թիւը:

1915 թիվը

Եւ եղավ կեանքի ճոխ տօնավաճառ,
Բարբարոսութեան աճուրդ մեծագին
Եւ մարդկայնութեան փակ գրաւատուն
Եւ եղավ մի նոր` երկրորդ ջրհեղեղ,
Որ իր տակ առաւ - առաջի՜ն հերթին
Ա՛յն երկիրը հենց, որ Նոյին փրկեց:
Եւ իր տակ առաւ այն ժողովրդին,
Որ 15 դար
Սրտով ու շրթով հայցեց իր Աստծուն`
Արձակեա՜ զմեզ,
Բայց Տէրն արձակեց նրա ոսոխի՜ն`
Միայն սաստումի թելով ձերբակալ
Ու սուտ խոստումի մազով թևակապ
Ոսոխի՜ն նրա:
Եւ ինչո՞ւ:
Արդեօք ո՞չ այն պատճառով,
Որ աստւածները տանե՜լ չեն կարող իրենց նմանին,
Ինչպէս որ ազգը` իրենից բարձր իր հարևանին
Եւ եղավ, օ ո՜չ, և եղավ... խաւար,
Այսինքն` սկիզբ,
Այսինքն` մարդու տարեգրութեան նո՛ր դարագլուխ,
Հիմնադրումը գիտութեա՛ն մի նոր.
-Առաջին դէպքը ո՛չ կոտորածի,
Առաջին դէպքը ազգասպանութեա՜ն:

1915 թւին...
Եւ այդ թւին էր,
Որ մի ողջ ազգի աղօթքը սառեց շրթունքի վրայ,
Լերդացաւ բերնին`
Բերնից դուրս ժայթքող արեան հետ ու պէս
Մինչդեռ շների աղօթքը լսւեց անտէր երկնքում...

Եւ ոսկրով ծածկւեց մի հսկայ երկիր,
Ուր (ճիշտ են ասել ու ճիշտ եմ ասում)
Եղել էր ու կար շնից շատ իշխան,
Բայց իշխանութիւն չի՛ եղել երբեք.
Եղել էր ու կար թերևս արդար,
Բայց արդարութիւն ալլա՜հը թող տար.
Երկի՜ր, որ տրւեց դարեր շարունակ ալան-թալանի,
Ուստի չէր կարող չլինել աղքատ ու դատարկափոր:

Եւ ասում եմ ձեզ`
Պատւիրանի պէս.
-Պետք է վախենալ թագակիր ցուլի՛ց,
Գահակալ ձիո՛ւց,
Բայց աւելի շատ`
Գայիսոնակիր մուրացկանների՜ց պէտք է սարսափել,
Վասնզի եթէ փորը թափուր է և ափն է դատարկ,
Ապա գլուխը լեփ-լեցուն է միշտ ոճիր-նախճիրով:
Պէտք է սարսափել մուրացիկներից գայիսոնակիր,
Վասնզի եթէ այդ գայիսոնը ոսկուց է անգամ
Ու զարդարւած է եթէ մինչևիսկ ադամանդներով,
Իմացէ՜ք, որ դա խաբկանք է աչքի.
-Նրանց գայիսոնն ու մականը միշտ ոսկորն է միայն`
Մարդու ող կամ կող,
Ազդր կամ սրունք:
Եւ ի՜նչ Աստծու էլ նրանք դաւանեն`
Դարձեա՛լ ոսկորի պաշտամունք ունեն,
Ոսկորի՛,
Ո՛չ թէ տապան-տապանքի:

Եւ ասում եմ ձեզ`
Պատւիրանի պէս.
-Վախեցե՜ք կեանքում սովագարներից
Առաւել, քան թէ խելագարներից,
Որ գահին` ինչպէս մրջիւնին` բազմում
Ու ձեռքն են առնում ուղտին աժդահա:
Իսկ երբ սովագարն ու խելագարն են միութիւն կազմում
Ինչ-որ ազգի մէջ,
Ուղտն էլ դառնում է խորհրդանշանն ուրիշ մի ազգի:
Ա՜խ այդ Ուղտը խեղճ

Իր կուզ-սապատով դիզում էր նա գա՜նձ,
Կերակրում էր մի ո՜ղջ պետութիւն,
Իսկ ինքը սնւում միա՜յն տատասկով,
Բայց և որոճում միրաժնե՜ր լուսէ,
Ոսկեղէն տեսի՜լք:

Ոսկեկար բանւած և ընդելուզւած
Կօշիկ-ոտնաման-մուճակ էր տալիս
Մի սմբակավոր ու բազմապճեղ հսկայ տէրութեան,
Իսկ ինքն` անպճե՜ղ,
Իսկ ինքն` անսմբա՜կ,
Բայց և` իր ոսկէ՜ տեսիլքների մէջ,
Բայց և` իր լուսէ՜ միրաժների հետ

Բեկանեմ շանթե՛ր`
Անարդարութեա՜ն:

Երբ ուղտն, ասում են, կոտոշ է ուզում
Նա կորցնում է և ականջները:
Սակայն կոտո՛շ չէր Ուղտի ուզածը:
Նրա երազը նոյնքան փոքրիկ էր,
Որքան ուղտային իր իսկ ականջը.
Ծարաւից ճայթքող իր աչքերի մէջ
Մի յորդ աղբիւր էր մտովին տեսնում,
Մի աղբի՛ւր, որին հասնելը հեշտ էր,
Որքան ասեղով ջրհոր փորելը

Եւ Ուղտն այս անգամ ո՛չ միայն ականջ,
Ականջների հետ կեա՜նքն էլ կորցրեց

Եւ արաբական անբեղ-անմօրուք անապատներում
Ծաղկեց... ոսկո՜րը`
Աւելի՛ ճերմակ,
Քան թէ շուշանը` Մշոյ դաշտի մէջ,
Քան թէ յասմիկը` Բիւրակնի լանջին,
Ու կեռասենին` Ակնի շուրջբոլոր:
Ոսկո՜րը ծաղկեց`
Մի նորատեսակ մարիամածաղիկ,
Որ չի թառամում ամառ ու ձմեռ
Եւ չի թորշոմում տարիներ բազում...

Եւ ձեզ եմ ասում,
Ձե՛զ, որ չէք տեսել.
- Այդ արաբական անապատներում
Գիշեր ժամանակ
Մինչև հիմա էլ
Կէս հարիւրամեակ անցնելուց յետոյ,
Պաղ ֆոսֆորային փայլ է արձակում ավազը մթին.
Ուղտի պէս ծունկի բերւած ու մորթւած
Մի ամբողջ ազգի փտող ոսկորի՜ ֆոսֆորափայլը:
Փտող ոսկորի ֆոսֆորափա՜յլը,
Որ չի կուրացնում մի՛միայն նրանց,
Որոնց աչքերի ցանցաթաղանթը
Ջնարակւած է նո՛յն այդ ֆոսֆորով.
Եւ այսպիսին են գայլի աչքերը,
Իսկ մեծատառւած-խորհրդանշւած Գորշինն` առաւե՜լ

-Բեկանեմ շանթե՜ր
Իմ աչքերի՛ մէջ`
Անապատային ֆոսֆորափայլից կիսակուրացող
Իմ զո՛ւյգ աչքերի:
Եւ գո՛ց աչքերով ես ասում եմ ձեզ.
- Եթէ Փոքր ու Մեծ Մասիսները դուք զանգ չէք համարում,
Գէթ համարեցէք բրածոյացած-վիթխարի սապատ`
Ա՛յն, ինչ որ մնաց Ուխտավոր Ուղտից

-Բեկանեմ շանթե՜ր
Ձեան փոթորիկով ինքն իրեն ծեծող,
Ինքն իրեն կոծող
Իմ գլխի՜ վրայ
Եւ հիմա արդէն` գլուխս բռնած` ես ձե՜զ չեմ ասում,
Ես ի՛նձ եմ հարցնում` գլուխս բռնած.
- Այս ի՞նչ անիծեալ հունդից ծիլ առավ
Եւ արմատ ու բուն ձգեց աշխարհում
Այս տոհմածառը`
Իմը և ձերը
Որ ցցւեց իբրև կանաչ-կենդանի մի ուղեփակոց
Չորս չար խորշակի քառուղում բանուկ.
Եւ մեզ ամենքիս դարեր ստիպեց
Եւ ստիպում է ասել վերստին.
Կորիցէ՛ օրըն յորում ես ծնայ...

Թողէք ես լռեմ

Եւ թող անլեզու քարերը խօսեն քարեղէն լեզւով.
- Այս ազգը որի՞ց և ինչո՞վ է վատ, -
Պատասխա՜ն տւէք, քարե՜րն են հարցնում, -
Այս ազգը ումի՞ց և ինչո՞վ է վատ,
Որ դատապարտւեց ա՛յսչափ վատութեան,-
Պատասխա՜ն տվէք, քարե՜րն են հարցնում:
Եւ ո՞վ, և ինչո՞ւ սրանց հայ կոչեց,
Որ հանգաւորի միմիայն վայ-ով:
Եւ ինչպէ՞ս, և ե՞րբ, ի՞նչ ուժով արդեօք
(Թէկուզ և` ինչպէս ատոմն ատոմից,
Թէկուզ և` ահեղ պայթիւնի՜ գնով
Եւ կործանումի սպասմա՛մբ թէկուզ)
Իրարից հայը ու վայը պոկե՜լ,
Ինչպէս ես հիմա շանթեր եմ պոկում
Եւ խշրտուքով բեկանում-բեկում
Իմ խաւարադէմ-կուպրածեփ հոգում,
Ուր գահավիժւած հրեշտակներն են մորմոքում անխօս:

Մեռած հաւատի
Եւ մարած յոյսի դիակի՜ վրայ`
Միակի՛ վրայ...

Ա՜խ, եթէ հիմա կարողանայի և ձա՛յնս պոկել
Իմ իսկ կոկորդից,
Ինչպէս զանգերի լեզւակներն էին Տարօնում պոկում
Եւ լեզւակի տեղ կախ տալիս շներ,
Որ ժամերգութեան փոխարէն սրանք,
Իրենց ոռնոցով ու վնգստոցով,
Ծաղրեն Յիսուսին և Հօրը նրա`
Տիրոջն Անտերաց.
Շունք բազումք եղեն զինև:
Արի՜, Տէ՛ր, և փրկեա՛ դու զիս

Ա՜խ, եթէ հիմա կարողանայի և ձա՛յնս պոկել
Կոկորդից իմ խեղճ
Եւ օգտագործել իբրև խարազան`
Չգիտեմ թէ ո՛ւմ մէջքին կամ դէմքին,
Միա՛յն թէ մեզնից նա բա՜րձր ոռնար
Եւ իր ոռնոցով մի պահ լռեցնէր
Մեր ցա՜ւը,
Ցա՛ւը`
Մեր անլռելի՜ն
Բայց ո՛չ, թողէ՜ք ես իմ ճիչը խեղդեմ,

ինչպէս որ մայրն էր խեղդում մանուկին,
Որ կուրանալիք աչքերով իր զոյգ
Չտեսներ նրա
Կոկոն գլխիկի քարագանումը խուժանի ձեռքով

Չէ՛, թողէ՛ք հեծնեմ իմ տառապանքին,
Ինչպէս հեքիաթի ա՛յն խոյին ծանօթ,
Որի գոյնն է լոկ որոշում, թէ մենք ո՞ւր պիտի ընկնենք`
Լո՞յս, թէ՞ մութ աշխարհ:

Եւ յաջողութիւն կոչւածը մարդու
Կամ բախտ ասւածը մի ամբողջ ազգի
Կախւած չէ՞ արդեօք
Այդ խոյի գոյնի՛ց, գոյնի՜ց միմիայն`
Սև կամ ճերմակից:
Ու եթէ միայն գոյնից է կախւած ամէն բան կեանքում`
Թողէ՛ք, որ ես այդ գոյները ջնջե՜մ,
Ո՛չ թէ սպունգով,
Այլ իմ երեսո՜վ,
Որ և իմը չէ, այլ մարդկութեանը:
Եւ մարդկութիւնն էլ թող որ մումիանա
Ճառագայթային ախտի այս դարում
Ու մնայ այդպէս՝
Մի երեսը սև, երկրորդը ճերմակ

Եւ թողէ՜ք նաև...
Օ ո՛չ, մի՛ թողէք,
Որ վերստին գան ու հասնեն օրեր`
Ա՛յն օրերի պէս,
Երբ կէս մի երկիր կանացի ձայնով,
Իր սրտակեղեք երանի՜-ն գոռաց`
Ի լուր աշխարհի,
Պատմութեանն ի յուշ.
-Երանի՜ ամլոց և որովայնի, որք ոչ ինչ ծնան
Իսկ երկրորդ կէսը միևնոյն երկրի,
Այս անգամ արդէն այրերի ձայնով,
Անզօրութիւնից կիսացնորուն,
Ի տես լրբենի ապիրատութեան`
Լեռների քունքին իր ճիչը մեխեց.
-Լերի՜նք, անկերո՛ւք դուք ի վերայ մեր
Եւ բլուրների կողերից կախեց
Իր աղերսանքը տղամարդկային.
-...Ծածկեցէ՜ք զմեզ
Բայց նրանց վրայ լեռները չընկան
Եւ չծածկեցին բլուրներն անսիրտ:
Ո՛չ.
Վրայ ընկաւ, ամենից առաջ, օրէ՜նքն անօրէն:
Խլւած էր և՛ զէնք,
Ե՛ւ դանակ, և՛ ձեռք,
Մինչև անգամ ձե՜ռք, բռունցք ու կռո՜ւփ.
Կապկպւած էին թև՛ ու ձե՛ռք անգամ:
Մնում էր ատամ
Ու
Մնում էր ոտք.
Ո՛տք՝
Ցլամարդկանց ամորձիքների՜ն հասցէագրւած,
Եւ ատա՛մ`
Ստո՜ւյգ հասցէագրւած
Մարդ-գազանների փրչոտ կոկորդի՜ն

Բայց խլւում էին ա՛յդ զէնքերն անգամ,
Ատամներն էին քարերով ջարդում
Ու ոտքերն էին մարմնից անջատում
Ինչո՜վ որ կուզէք, ինչո՜վ կամենաք.
Թրով ու քարով,
Սրով, տապարով,
Սրոցով բահի,
Մանգաղ-գերանով,
Եւ կամ պարզապէս յօդալուծութեամբ,
Եւ այս ամէնը
Ո՛չ միայն հանգի՜ստ-անվրդո՜վ-անդո՜ղ,
Եւ ո՜չ էլ միայն մոլի եռանդով,
Այլև մի տեսակ արբշիռ ցնծութեա՜մբ...

Գնդակն ափսոս էր.
Մեկ գլխի համար
Մեկ գնդակն արժեր երկու հատ ոսկի,
Որ հանգիստ մեռնել ցանկացողն ինքը պիտի վճարէր,
Բայց, դժբախտաբար, չկա՜ր խլւա՛ծ էր

Գնդակն ափսոս էր,
Իսկ ձեռքն էլ` յոգնած.
Բթացել էին բահ-մանգաղ-կացին,
Եւ ուժաթափւել դաստակ ու բազուկ

Յոգնած չէր ջուրը,
Բայց նա՛ էլ յոգնեց.
Իրենց մէջ առած բիւր դիակներից
Հունաւոր գետերն ափերից ելել-մոլորւել էին.
Խորունկ ջրհորներն իրենց վզերը հանել էին դուրս,
Առաջի՜ն անգամ իրենց կեանքի մէջ` հանել էին դուրս,
Եւ օդից հարբած ու լոյսից գինով`
Ուշաթափ փռւել-մոլորւել էին
Դիակների պէս,
Դիակների հետ

Դո՛ւք վկայ չեղաք, ե՜ս եղայ վկայ,
Թէ ինչպէս դարձաւ այս լեռնակղզին
Թատրոնից բացի
Նաև մի կրկես
Ուր` կրակի հետ մրցութեան մտած`
Եւ ջուրը խաղաց բազմաթիվ դերեր:

Ջո՛ւրը, նո՛յն ջուրը`
Ապականիչ էր և լւացարար` միառժամանակ,
Կործարար էր, բայց նաև փրկիչ` միառժամանակ,
Զոհասեղան էր, բայց և վաշխառու` միառժամանակ.
Մի բաժակ ջուրը` Եփրատի ափին,
Տիգրիս գետի մօտ,
Բիւրակնի վրայ,
Մի բաժակ ջուրը մէկ ոսկի արժէր,
Որ չկա՜ր, ավա՜ղ, խլւած էր վաղուց

Ախ, ջո՜ւրը, ջո՜ւրը
Վայրենիների վայրենի վարքով
Մարդընտելացաւ ջուրը վայրենի,
Մրցակցում էին իրենց շատութեամբ
Թռչունների չուն` խանձւած երկնքով,
Դիակների չուն` ջրերի վրայ,
Եւ ձկների չուն` նոյն ջրերի մէջ:

Նովրուզ բայրամ էր ձկների համար,
Մի նովրուզ բայրամ,
Որ յարատևեց ամբողջ եօ՛թ ամիս,
Իսկ յետոյ նաև` ամբողջ եօթ տարի՜.
-Շի՜ւքըր ալլահա...
Ամբողջ եօ՛թ տարի ջուրը տառապեց
Չար աչքացաւով`
Արնակոխութեամբ:
Եւ մեքքայական Զեմ-Զեմ աղբիւրից
Ոչ պակաս պաշտւած ու սուրբ աղբիւրներ
Նոյն աչքացաւից յաւե՜տ կուրացան.
-Ո՞ւր ես, կոյրերին բժշկող Յիսուս

Ջուրն էին նետում մայրերը մանկանց,
Ու նետւում իրենք
Ու նետւում այնպե՜ս,
Ինչպէս նետւում են գիրկը սիրածի

Անպատւութիւնից փրկւելու յոյսով
Ջրացուլերից ջուրը նախընտրած բիւրաւոր կանանց,
Դեռ կնիքաւոր-չմատնահպւած բազում կոյսերի,
Դեռ մեղրամիսի
Ծանծաղ յատակը չհասած անծին հարսների վրայ
Կարմիր ծին-խալ էր հապշտապ դաջում
Ջրացուլերի գնդակը կուրաչ`
Գեղեցկացնելով վախճանը նրանց,
Այլանդակելով ջուրը գեղեցիկ

Օ՜, տառապանքը բիւրհազար կանանց և աղջիկների,
Ա՜յն տառապանքը,
Որ իր ծանրութեամբ պիտի՜ որ ազդէր
Ապուշի նման անվերջ թաւալւող
Այս հողագնդի պտոյտի վրայ
Օրացոյցն էլի`
Ձեռնածու կնոջ յայտնի նազանքով
Շարունակում էր իր հագուստները ուսերից նետել, -
Ամէն օր` մի շոր, -
Եւ մինչև հասնէր իր կրկեսային ծանօթ վիճակին`
Մինչև մերկանար,
Պիտի անցնեին շուրջ 365 օրեր,
Այնինչ բիւրհազար քոյրերին նրա,
Կիսացնորւած-խելագարւելիք նրա քոյրերին,
Նոյն այդ վիճակին հասցնում էին երեք վայրկեանում.
Բազմութեան առաջ, մահւան երթի մէջ,
Կճեպում էին ու կլպում նրանց`
Հասած ու դեռ խակ ընկոյզների պէս,
Եւ կլպողների ձեռքերը բնաւ չէին սևանում.
Կեղտից ու մրից, լերդ-լերդ արիւնից
Ընդմիշտ սևացածն ինչպէ՞ս սևանար մէկ ուրիշ սևով...

Արևի երես երբեք չտեսած
Եւ նշխարի պէս սպիտակ ու սուրբ
Նրանց մերկացած մարմնի վրայ
Իրենց արևավառ ու հողմահարւած գլուխը կարծես
Ոչ թէ սեփական,
Այլ փոխառնւա՜ծ գլուխ էր թւում,
Մի գլուխ օտա՜ր,
Ասես դնովի՜...
Եւ հարսներ բազում` արդար կաթնակեր,
Միշտ մեծաարգոյ ու դեռ չխօսկան,
Մոռացած աւանդ ու սովորութիւն`
Առաջին անգամ ձայն արձակեցին,
Ճչացին յանկարծ` առաջի՜ն անգամ,
Մերկ թևերն իրենց հագուստ դարձնելով
Իրենց մերկանդամ ազդրերի համար
Եւ ազդրերն իրենց՝ մերկ որովայնի...
Ճչացին յանկարծ` առաջի՜ն անգամ,
Իրենց կեսուրի փեշից կախւելով,
Իրենց կեսրայրի ոտքը պագնելով
Ձայն արձակեցին ճչացին յանկարծ
Առաջի՜ն անգամ`
Ու վերջի՜ն անգամ`
Իրենց նետելով քարափի քթից,
Անդունդի շրթից,
Ժայռի եղջրից,
Իրենց յանձնելով փրկարար ջրին`
Եթէ կար քարափ, անդունդ, ժայռ ու ջուր
Իսկ եթէ չկա՜ր
Զուր էր արևը նետում նիզակներ
Մարդացուլերի թիկունքի վրայ.
Նրանք արևից չէին ամաչում,
Եւ ոչ էլ իրենց ատեանից Աստծոյ
Եւ իզուր էին երկնքից թափւում աստղ-ասուպներ,
Ինչպէս որ Կենաց պտղաբեր ծառից խնձորներ հասած.
Եւան այլևս ուտել չէր կարող,
Քանզի նա հիմա բռնաբարւում էր օձից մարդակերպ,
Բռնաբարւում էր` բազմութեան առաջ,
Իր զավակների սահմռկած-սառած
Հայացքի ներքոյ
Եւ ո՞վ ձեզ կասի,
Ի՞նչն էր առաւել.
Գարշա՞նքը նրանց, թէ՞ սահմռկումը:
Եւ ո՞վ ձեզ կասի,
Ի՞նչն էր առաւել
Նրանց տանջա՞նքը, թէ՞ վրէժն անլուր

Նետերով լեցուն կապարճներ դարձան
Նրանց ափերը,
Նրբին-մոմաբոյր մատները նրանց
Նիզակներ դարձան,
Նրանց հինայւած եղունգները` տեգ:
Կռւեցին նրանք՝ կատւի պէս վայրի,
Մայր վագրի նման,
Առիւծի պէս էգ:
Կռւեցին նրանք ատամով, թուքով,
Կռւեցին նրանք մարմնով ու հոգով,
Եւ Աստվա՜ծ գիտի, յաղթեցի՜ն նրանք
Իրենց հնօրեայ անարգ թշնամուն`
Ոչ միայն իբրև նորօրեայ Յուդիթ
Թէպէտ կապկպւած ու գերի տարւած,
Թէպէտ կեղեքւած ու բռնաբարւած.
Փերթւելով թէպէտ,
Թէպէտ ջարդւելով,
Թէպէտ պարտւելով`
Յաղթեցի՜ն նրանք:
Յաղթեցին նրանք` թողնելով մի հարց,
Որ ես եմ հիմա տալիս աշխարհին.
- Որտեղի՞ց արդեօք, թուրքին հարց տւէք,
Որտեղի՞ց այսքան վայրագ մոլութիւն:
Մարդկութեան համար չյայտնագործւաց այդ ի՞նչ ակունքներ,
Բոլորին անյայտ այդ ի՞նչ ջրհորներ ունի տակաւին
Հաճոյք ասւածը նրանց ընդերքում`
Հոգի յորջորջւած իրենց որջերում գազանաբանակ:
Եւ ո՞վ կարող է, իրենցից բացի, հասկանալ մի կերպ
Հեշտին հաճոյքը, վսեմ վայելքը այն վեհ վայրկեանի,
Երբ Մարիամ-Մարի-Սրբուհի կոչւող
Տակաւին մանուկ աղջնակներին
Կեղեքում էին` բոլորի առաջ,
Կեղեքում էին` ամբողջ վոհմակով,
Կեղեքում էին տաճարների մէջ, սուրբ խորաններում,
Եւ մինչև անգամ մէկ ա՜յլ Մարիամի`
Միա՜կ Մարիամի սրբանկարի կտաի վրայ
- Եւ դո՛ւ, Կո՜յս Մարիամ, չմիջնորդեցիր,

Որ Որդիդ գոռայ,
-Բեկանեմ շանթե՜ր

Եւ ո՞վ կարող է, իրենցից բացի, մի կերպ հասկանալ
Այն վեհ վայրկեանի վայելքը վսեմ, հաճոյքը հեշտին,
Երբ կախում էին այսպէս կեղեքւած-տանջահար կանանց,
Կախում ոտքերի՜ց,
Գլխիվա՜յր կախում,
Եւ այնպէս կախում,
Որ մայրակառկառ ձեռքերը մանկանց մօրը չհասնեն
Եւ յօդախախտւող բազուկները մօր չհասնեն մանկանց

Եւ դու, Տիրամա՛յր, լռեցի՜ր կրկին
Նրանց չարչարանք-հարանքի հանդէպ,
Ու Որդիդ չասաց.
-Բեկանեմ շանթե՜ր

Եւ այսպէս`
Բոլոր իսկուհի կանայք
Մեռան Գորշ Գայլի որջերում մթին,
Մարմնապէ՜ս մեռան, մեռան հոգեպէ՜ս:
Տիկնայք փափկասուն, գգեալ ու գգւեալ,
Խորդենու նման տնաբոյս կոյսեր
Նահատակւեցին անապատներում
Եւ, արմատախիլ, և՛ բնակոտոր,
Փլատակւեցին քարափներն ի վար,
Ու թէ փրկւեցին`
Խեղդւեցի՜ն յաւէտ,
Խեղդւեցին և՛ մամ, և՛ աղջիկ, և՛ թոռ,
Կանացի մի ո՜ղջ մահապուրծ աշխարհ
Դարձաւ խեղանդամ և անդամալոյծ

Եւ դու, Տիրամա՛յր, դու չեղար միջնորդ,
Որ Որդիդ ասէր.
- Տալի՛թա, կումի՜

Փոքրի՛կ, շատ փոքրիկ գութն էլ է ազդում
Մարդկութեան վրայ համայն աշխարհի`
Գազանի մորթուց և՛ս պնդարմատ մի մազ պոկելով:
Այդ գո՛ւթը չկար:

Փոքրի՜կ և նոյնիսկ շա՜տ փոքրիկ սիրուց
Փոխւում է օդի բարեխառնութիւնն ամբողջ աշխարհում:
Այդ սէ՜րը չկար:
Կար մի հրաման, անխա՜խտ հրաման.
-Բովանդա՜կ մի ազգ իր պետ ու ծետով,
Մի ո՜ղջ ժողովուրդ ճռաքաղ անել`
Մոռացած ալլահ, փեյղամբար ու խիղճ,
Խի՜ղճ, որ մինչևիսկ շունը չի ուտում,
Իսկ սրանք նոյնիսկ լափեցի՜ն շտա՛պ,
Եւ թւում է, թէ մարսեցին նաև

Ճռաքա՜ղ անել և արմատախի՛լ,
Բոլո՜ր ձևերով ու միջոցներով

Եւ սրածումին թիկնապահ դարձաւ
Անլուր աքսորը,
Ու ծարաւի հետ սովը դաշնակցեց`
Ամենազօրը:

Ու տրոփեցին բզկտւած սրտեր`
Մերկ թաթերի մէջ ու կրունկների,
Սրանց բաբախուն ցաւին համաչափ:
Տրոփեց նաև մի կտոր տաք կամք`
Նոյն կրունկերի ու թաթերի մէջ,
Սրանց բաբախուն ցաւին համաչափ
Ամենուր փռւած անթաղ դիերից հողն էր որդնոտել`
Յոբ երանելու խեղճ մարմնի նման,
Իսկ սրանց ոտքերն` աւելի՛ ևս...
Կարևէր ոտքից թունոտ փուշ կամ մեխ ձգել-հանելը
Արգելւած էր խիստ,
Արգելւած այնպե՜ս,
Ինչպէս փեյղամբար Ալիին Վալի վերանւանելը:
Իսկ եթէ նոյնիսկ իրաւունք լինէր`
Փաթաթա՜ն չկար,
Լաթի մի կտո՜ր,
Նրանց վրայի հագուստ կոչւածը արդէն չէր պահում
Նոյնիսկ կարկատան,
Որ խղճի նման մի բան էր դարձել
Իսկ ագռաւների ու ցիների հետ
Սրանց ամենուր միշտ շրջապատող
Վաչկատուների կանայք գիշատիչ
Զարդարւած էին սրանցից խլւած հագուստ-կապուստով.
Փոթ-փոթ զգեստներ
(Գարնան ու ամռան ճոխ մանրանկա՜ր),
Զառ-վառ գոգնոցներ և ուսանոցներ
(Աշո՜ւն պահածոյ),
Ակներ` հազւագի՜ւտ
(Կարեկցանքի՛ պէս),
Նոյնքան հազւագիւտ զարդեր ու զուգսեր,
Որոնց միամիտ շողարձակումը տալիս էր նոր փայլ
Իրենց նորայայտ տիրուհիների վայրի հայածքին...

Իսկ հապա դրանց դև տղամարդի՜կ
Իրենց մարմինը դեռ գազանների մորթիով ծածկող,
Տակաւին քեչա ու փալաս հագնող այդ նախամարդիկ
Դեգերում էին հիմա ամենուր`
Զուգւած-զարդարւած
Արծաթաբանեալ ու ոսկենըկար այն շուրջառներով,
Ա՛յն եմիփորոն-վակաս-լանջանոց-խոյրով շողշողուն,
Որ պոկել էին
Իրենց սպանած
Քահանայ-երեց-եպիսկոպոսաց անթաղ դիերից...

Ո՞վ պիտի լսի սրանց ահռելի երեմիականը:

Կրակի տալով սրանց ալեզարդ բեղ ու մօրուքը`
Տաքացնում էին սառնասրտօրէն
Իրենց խոշտանգիչ պէս-պէս զէնքերը,
Որ արեգակի կենտ աչքի առաջ
Կտցելով հանեն նրանց աչքը զոյգ,
Որ գամեր մեխեն նրանց քունքի մէջ,
Շիկացած մեխեր գամեն կրծքերին,
Մէջք ու միջակը սղոցո՜վ հատեն`
Իրենցից պաշտւած Եսայու նման

Ո՞վ պիտի գոչի սրանց ահարկու եսայիականը:

Իսկ ով տակաւին հետն էր իր հօտի,
Ովքեր տակաւին չէին սրբացել,
Հօտի հետ մէկտեղ ու հօտի նման
Գլխաբաց ու մերկ
Քայլ էին փոխում
Եւ արնադրոշմ իրենց ոտքերով քարշ էին տալիս
Իրենց մարմինը` թիապարտի՜ պէս,
Կաշւի մէջ միայն ոսկոր պարփակող,
Փետրի պէս թեթև իրենց մարմինը,
Որ ծանրացել էր
Տիղմի մէջ խրւած մեծ նաւի՛ նման...

Ո՞վ պիտի գոռայ նրանց ահարկու եսայիականը

Եւ խոտաճարակ ու քրձահանդերձ այդ հoտի տեսքից
Զարհուրում էին
Ու կաղկանձելով փախս էին տալիս նոյնիսկ շները:
Իսկ երբ պառկելու իրավունք էին յանկարծ ստանում`
Մարդընտելացած թռչուններն էին յարձակւում
Նրանց խմբերի վրայ`
Նրանց դնելով ծանօթ դիերի ու լեշերի տեղ
Ու թոյլ չտալով, որ հանգչեն մի քիչ,
Մի փոքր քնեն:

Իսկ ինչո՞ւ քնել,
Եթէ թռչնային նրանց քունն անգամ
Լեցուն էր ահով ու զարհուրանքով:
Նրանց երազում
Գիշերը միայն վհուկ չէր կարծես,
Այլ նաև կաւատ,
Որ ծախում կոյսեր
Ու կուտակում էր անառակութիւն

Իսկ ինչպե՞ս քնել, իսկ ինչպե՞ս քնել,
Եթէ սատանան, քաղցի տեսք առած,
Բնակավայր է դարձըրել ներսըդ`
Խեղճ աղիքներդ,
Որ գալարւում են`
Բռնաբարումից խոյս տալ ջանացող
Հեգ աղջիկների
Մերկ մարմինների վտառի նման

Եւ մի ժողովո՛ւրդ,
Որ հացն էր պաշտում` նշխարի տեսքով,
Մեռնում էր ահա առա՜նց նշխարի...
Եւ մի ժողովո՜ւրդ, որ իր գոյութեամբ
Հանապազօրեայ հաց էր միշտ եղել
Մի հսկայական կայսրութեա՜ն համար,
Մի ո՜ղջ ժողովուրդ մեռնում էր հիմա
Հանապազօրեայ հացի՜ կարօտով

Մարդն էր հաց ուտում,
Իսկ հիմա արդէն հացն էր մարդ ուտում
Շո՜ւքըր ալլահա:

Եւ այսպէս`
Անհաց-անջուր-անհագուստ,
Յաճախ անհաւատ,
Բայց և անվհատ`
Նրանց կարևէր քայլն էր տրոփում
Անծանօթ-անյայտ ճանապարհների անհատնութեան մէջ,
Անապատային հորիզոնների խուսափուկութեան,
Ակամայ տենչւած հանգրւանների անյայտութեան մէջ
Եւ ինքնահոլով-ինքնակրկնող յուսաբեկութեան:
Եւ քայլում էին
Ետ նայող չկա՜ր:
Ետ նայողն իսկոյն մեխւում էր տեղում`
Թշնամու թրով
Կամ սրով սովի:
Եւ մահացածի վաղուց ցամաքած կուրծքը ծծելով,
Բիւրաւոր մանկունք դուռն էին ծեծում
Ա՜յն Քաւարանի` ա՛յն Ալ Արաֆի,
Որ ասես զնդան լինէր թուրքական.
Ասեղ գցելու տեղ անգամ չկար

Իսկ ով չէր մեռնում այսքանից յետոյ,
Ով յամառում էր տակաւին ապրել`
Մի բարեխնամ ձեռքով հաւաքւում,
Տարւում էր մօտիկ որբանոց մի տաք,
Ուր սովալըլուկ-կիսամեռ որբին
Ճաշ էին տալիս, սուլթանավայե՜լ,
Մի ճաշ, որ ունէր լոկ մի թերութիւն`
Աղն էր քիչ պակաս
Եւ շատ էր... թոյնը...

Փոքրի՜կ, և նոյնիսկ շա՛տ փոքրիկ սիրուց
Փոխւում է օդի բարեխառնութիւնն ամբողջ աշխարհում:
Այդ սէ՜րը չկար:

Փոքրի՜կ, շա՜տ փոքրիկ գութն էլ է ազդում
Մարդկութեան վրայ համայն աշխարհի,
Այդ գո՜ւթը չկար:

Կար մի չգրւած-բնազդով տրւած հրաման անգութ.
Եթէ կանգ առնել, ապա կանգ առնել
Հարևանութեամբ հացի փռերի,
Որ իւրաքանչիւր բջիջդ ոռնայ,
Եւ ամէն ջիղդ ապստամբ դառնայ,
Եւ ամէն մազդ քեզ ցնցի յուժկու...

Եթէ կանգ առնել, ապա կանգ առնել
Գետերի ափին, աղբիւրների մօտ,
Եւ ոչ մի դէպքում... մի կում չխմել,
Որ հրատոչոր քո լեզուն դառնայ
Կախւածի բերնից դուրս ընկած լեզու,
Եւ քո պտտւող աչքերն էլ դառնան
Արևածաղկի նման ջրծաղիկ...
Իսկ եթէ քնել` ապա լոկ քնել
Դափ-դատարկ ու տաք իջևանատան,
Զօրանոցի մօտ դափ-դատարկ ու տաք,
Բայց ոչ նրանց մէջ,
Այլ երկնքի տակ`
Արիւնով թրջւած,
Թարախով թացւած
Քարին ու փշին ընկողմանելով
Եւ վերյիշելով կեղեքիչ տեսքը անկողինների`
Քրոջ պէս մաքուր,
Սիրած կրծքի պէս ճերմակ ու փափուկ
Ու երեխայի ափի պէս տաքուկ
Այն աւանդական անկողինների,
Որ սրանց առջև փակ էին արդէն`
Դարպասի նման Օտոման բանկի,
Ա՜յն ծանօթ բանկի,
Փորձանո՜թ բանկի,
Որ դանայական տակառի նման
Կլլելով սրանց`
Բիւր մեռնողների ու բիւր մեռելոց
Արիւն-քրտինքը,
Միլիոն միլիարդը,
Չէր թողել նոյնիսկ մէկ ուրիշ տակառ`
Դիոգենեսի՛ տակառը ծանօթ,
Որի մէջ սրանք ապրէին գոնէ
Եւ հիմա այսպէս չմրմնջային.
Աղուեսանց գոն որջք,
թռչնոց երկնից` բոյնք,
այլ որդւոյ մարդոյ
ո՛չ գոյ ուր դիցէ զգլուխ իւր իսկ

Դիոգենեսի տակառից էլ զուրկ`
Իւրաքանչիւրը այս խլյակներից
Դիոգենես էր մի իւրատեսակ.
Մահւամբ ճառագող աչքերով երկու,
Իբրև ճրագով,
Օրը ցերեկով
Մարդ էին փնտրում, սակայն մա՜րդ չկար:
Մարդը կորել էր,
Ինչպէս որ յանկարծ կորչում է ջուրը`
Անապատներում կամ լեռնածերպում:
Եւ նա կորել էր ո՛չ այստեղ միայն`
Այս Գորշ Գայլ պաշտող միլիոնների մէջ,
Այլև ամենո՜ւր.
Աշխարհում ամբողջ
Մարդն զբաղւած էր մարդասպանութեամբ,
Իսկ սրանք` նաև ազգասպանութեա՜մբ`
Աչքերի առջև բոլո՜ր ազգերի,
Եւ մե՜ծ ազգերի, յաղթո՜ղ ազգերի,
Այս լեռնակղզու ազգովին խաչւող
Բնակիչներից բարեկա՜մ կոչւող
Ազգերի սառած աչքերի առաջ:

Ա՜խ այս գերազնիւ-գերքաղաքակիրթ բարեկամները,
Որոնց սուտ ու փուտ բարեխօսութիւն-բարեբանումը
Դարձաւ այն պագը,
Որ անմահացրեց յայտնի Յուդային.
Իսկ հանրայայտնի մի ազգ... մահացրեց`
Հոգևարքի մէջ նո՛ր հասկացնելով,
Թէ ով աշխարհիս այս ջոջերին է հաւատ ընծայում
Միամտաբար և ասպետօրէն` Դոն-Կիխոտի՜ պէս,
Նա վերջ ի վերջոյ մենախօսում է Համլետի՜ նման`
Չկարենալով խլացնել մէկ այլ մենախօսութիւն.
Հայոց հարց չկայ, քանզի.... հայ չկայ...

Սակայն հայ դեռ կա՜ր,
Եւ հայե՜ր կային:
Կար աքսորեալի մի քայլ երերուն,
Կար սովագարի աչք անմարդկային,
Եւ անապատ կար`
Տա՜ք,
Իբրև ապտակ:
Կար սողք ու թռիչք համաճարակի,
Բայց և կար կամքի մի կենտ արագիլ,
Որ փլատակւող երկինքների տակ
Ու մշտաբորբոք անշէջ կրակի
Շէկ շեղջի վրայ կանգնած էր արդէն
Ո՛չ թէ մէկ ոտքով,
Այլ երկո՛ւ ոտքով...
Կար եռամատնեայ մի խաչակնքում
Եւ եռամասնեայ մի մեծ նպատակ,
Որ պիտի սրանք դեռ կատարէին:

Նախ`
Կատարեցին միայն կարելին.
Թրի-սրի դէմ,
Հրի դէմ, ջրի,
Հրանօթի դէմ ու գնդացըրի,
Երեկւայ նման ու վաղւայ նման
Մարտնչում էին ակռայ-ատամով,
Կռւում կրունկով,
Թաթով ու ծունկով`
Վանում, Ուրֆայում, Մուսայի վրայ,
Գարահիսարի կիսաւեր բերդում...
...Անխուսափ մահւան կարմիր սգերթում,-
Անյայտ-անւանի սրբազա՜ն խենթեր,
Որ մահւան շնչից չտատանւեցին
Եւ դրօշակո՛վ չպատանւեցին,
Այլ լոկ հեռւահաս ու բազմադարեան
Իրենց ծփացող ծիրանի արեամբ

Եւ կատարեցին կիսակարելին.
Ահի՜-մահի դէմ,
Հովի-սովի դէմ,
Արնահոսի դէմ
Ու բարբարոսի`
Ջուրն էին նետում իրենք թէ՛ իրենց,
Թէ՛ իրենց որդոց,
Թոյն տալիս իրենց սիրասուն կանանց
Եւ աղջիկներին,
Սպանում մօրը,
Սպանում հօրը
Եւ խելագարւո՜ւմ,
Եւ... խելագարւո՜ւմ,-
Արդէն կրկնակի՛ սրբազան խենթեր,
Որ զօրեղ էին, ո՛չ ամենազօ՜ր`
Այլևս անյաղթ ու անպարտելի,
Այլևս յաղթած ոսոխին, Աստծուն

Կատարում էին և անկարելին.
Այսքանից յետոյ չէի՜ն մահանում`
Պահւելով իրենց հարազատների դիակների տակ,
Ապաստանելով ոչ երկոտանի, այլ չորքոտանի
Գազանի որջում,
Ապաստանելով այն միա՜կ Աստծուն,
Որ դեռ չէր ժխտւած
Եւ որ կոչւում էր ինչպէս Պատահմունք,
Այնպէս էլ Դիպւած...
Ապաստանելով, վերջապէս, նաև... կանանց տարազին:

Եւ առիւծաձև-արջակոխ լաճեր,
Ճետեր արծւաձագ
Ու մանչեր կորիւն,
Որ ծնւել էին կարծես գլխարկով,
Հիմա` զինազուրկ և ունայնաձեռ,
Հիմա` նշանւած կնիքով մահւան,
Այլևս ուժաթափ,
Նաև ուշաթափ`
Լաչա՜կ կապեցին իրենց գլխներին
Եւ խառնւեցին թափորին կանանց,
Որպէսզի գուցէ յաջողեն փրկւել:

Կարծես գլխարկո՜վ ծնւած մայրերից`
Լաչակը հիմա այս խակ այրերի
Գլուխն էր այրում առաւել գուցէ,
Քան թէ շիկացած թասն այն պղնձէ,
Որ դրւեց գլխին իրենց հայրերի`
Լաչակի տակից փայլակ արձակող աչքի դէմ իրենց:

Եւ շրջազգեստը կպչում էր նրանց`
Թերևս աւելի խենեշ ձևերով,
Քան առևանգիչ վաչկատուների բազուկները պիղծ
Իրենց մայրերի կողին սուրբխորան
Եւ քոյրիկների երկգմբէթ վանքին:
Եւ այս ամէնը`
Լաչակի տակից շանթեր արձակող իրենց աչքի դէմ

Եւ ով ճողոպրեց, փրկւեց մազապուրծ`
Ո՛չ մի ակնթարթ նա չմոռացաւ
Ու երբևիցէ չի՜ մոռանալու
իր կրած անլուր անպատւութիւնը
Եւ անպատմելի ողջ պատմութիւնը
Իւրայնոց ու իւր

Եւ ասում եմ ձեզ`
Մարգարէի պէս.
-Օ՜, կնատարազ այրերի ոխի՛ց վախեցէք կեանքում
Եւ սարսափեցէք նրանց վրէժի՜ց անբեկանելի:
Եւ ո՜ւր էլ լինեն այդ կնատարազ այրերի որդիք,
Ինչքա՜ն էլ լինեն իրարից բաժան, իրար անճանաչ`
Նրանց էլ հաշւէք յատո՛ւկ զօրագունդ,
Եւ նրանց շնչից դեռ օդը պիտի լցւի սարսուռով,
Ու հողն ունենայ երկրաշարժային գլխապտոյտներ
Օ՜, կնատարազ այրերի քէնի՛ց դողացէք անվերջ
Եւ սահմռկեցէք վրէժի՜ց նրանց,
Որ սրբազան է այն շարժումի պէս,
Ինչ երդում տւող աջն է կատարում
Կրծքի ձախ կողմին` սրտին դրւելիս
-Ուխտդ ուխտակա՜ն, ո՜վ սրբազան խենթ,
Ուղտդ ուխտակա՜ն

Եւ դո՛ւ չես ասում, ո՛չ էլ դուք,
Այլ Ե՜ս,
Ես` Սիս-Մասիսըս,
Այդ ես եմ ասում
Անդո՛ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով,
Գողթան երգերի չափով մարտական,
Բամբ բամբիռների հնչումով հատու
Սիսն ու Մասիսն են ղօղանջում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
Ով ականջ ունի,
Հավատոյ բլթակ`
Նա լսում է միշտ,
Լսում է նրանց յանգերգը թնդուն,
Որ թարգմանւում է դարձեալ զոյգ բառով.


(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)

Սեղմեցեք ներքևի հանգույցը գնալու դեպի (#2)
http://hyeforum.com/...showtopic=16313

Edited by vartahoor, 21 June 2007 - 05:38 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users