Jump to content


Photo

Yeradzayn Patarag #2


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 June 2007 - 01:50 AM

ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ #2
(Դասական Ուղղագրութեամբ)
Պարոյր Սևակ

-ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…

Հեռագրական մեքենաները
Իրենց երկաթէ սուր ժանիքներով
Անվերջ կծոտում ու խածոտում են
Թղթէ բարալիկ ժապաւէնները,
Որ խուսափելով այդ խածոտումից`
Տարածւում են շուտ ու գօտևորում համայն աշխարհը`
Վերջին լուրեր-ով.
-Ինչ-որ փլուզւած հանքում մեռել են
Մի քանի հոգի…
-Ինչ-որ տեղ մէկին աքսոր են քշել
Կամ սպանել են…
-Ինչ-որ տեղ ինչ-որ մի հանցապարտի
Չեն մահապարտում…

Եւ անմիջապէս գոռում-ճչում են
Աշխարհիս բոլոր օրաթերթերը`
Տագնապից-ցաւից-ցասումից չռւած մեծ-մեծ տառերով,
Եւ ձայնասփիւռի կէտ-կայաններից
Հաղորդավարներն իրենց թաւ-թաւշեայ թունաւոր ձայնով
Ողբերգականի շեշտերն են շարում
Ամէն մի բառի ու տառի վրայ.
Շարժանկարի սարքերն են իսկոյն չխկում ու վխկում.
Եւ ամենուրեք ժողովներ (ճառե՜ր) ու ցոյցեր (բողո՜ք),
Թաքուն-բացայայտ սպառնալիքներ
(Կառավարական հուշագրերի՜ բառերով շխկուն)…

Սակայն, դեռ երե՛կ, մի հա՛նք չէր փլւում,
Այլ մի բովանդակ երկի՜նք անողոք,
Եւ փլւում ո՛չ մէկ, ո՛չ էլ տսանըմէկ,
Այլ միլիո՜ն ու մէկ թշւառի գլխին
Եւ փլւում-փռւում աշտարակի պէս բաբելոնական.
Մարդիկ այնույետ մոռացան իրենց մայրենի լեզուն`
Մարդկայներէ՜նը…

Եւ երեկ ո՛չ մէկ, ո՛չ էլ տսանըմէկ,
Այլ միլիո՜ն ու մէկ մարդ էր հռնդում
Մի համատարած-բացօթեայ բանտում…
Եւ սովամահ էր լինում, բռնութեամբ,
Քարից հաց քամող մի ամբո՜ղջ երկիր...
Աքսոր էր քշւում բովանդա՜կ մի ազգ
Ու տաշւում-մաշւում բովանդա՜կ մի ցեղ…

Եւ այն ժամանակ, երե՛կ տակաւին,
Ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
Ո՞ւր էր ականջը հանուր մարդկութեան,
Որ չանսաց, օ ո՛չ, չուզեցա՜վ լսել
Մի ամբողջ ազգի կանչը կաղկանձուն.
- Կոչեմ ապրողա՜ց…

Եւ այն ժամանակ, երե՛կ տակաւին
Ո՞ւր էր աշխարհը և ի՞նչ էր անում,
Ո՞ւր էր օրէնքը հանուր մարդկութեան,
Որ հանցապարտին չմահապարտեց…

Նա հանցապարտին չմահապարտեց
Եւ դրանով իսկ բրդեց մի ապուր,
Որ 20 տարի անցնելուց յետոյ
Հենց ինքը խռթեց ամբողջ 10 տարի:

Եւ ասում եմ ձեզ`
Ուշացածի պէս.
-Մե՜ր, նա՛խ մեր, լո՛կ մեր ապրածը յետոյ
Վերապրեց ինքը աշխարհը համայն`
Երբ Վիլհելմ Հաջին Հիտլերին ծնեց
Եւ Թալեաթը ծնեց Հեբբելսին.
Երբ չեթէն իրեն էսէս անւանեց,
Եւ ենիչերին կոչւեց գեստապո,
Շեհիդն ու միլլին` պատերազմ տոտալ,
Նոր կարգ` հիքմեթի հոքիւմէթը հին,
Հագգ դին ասւածը` նորակոչ նացիզմ,
Եւ ցեղը` ռասսա,
Ժոյն թուրքը` ֆաշիստ…

Եւ ասում եմ ձեզ`
Ուշացածի պէս,
Կրկնում եմ նորից,
Որ կրկնէք և դուք.
- Հին Չանգըրիից իր սկիզբն առավ Բուխենւալդը նոր,
Օսւենցիմների սկիզբը դրւեց Դեր-Զորում միայն,
Մայդանեկները Զիարեթներում հիմնադրւեցին,
Դախաուները` Էնկիւրիներում, Ռաքքայում, Բաբում…

Մեր ականջները`
Իւրաքանչիւրը մի զանգակատուն,
Լցւած են ցայսօր կաղկանձ-կռոցով,
Քրքիջով խենեշ,
Լացով ու կոծով,
Ճիչով օգնութեան,
Վրէժի գոչով,
Որ ասղըտնում են թմբկաթաղանթը մեր ականջների:
Ու մեր աչքերի ցանցամաշկը խեղճ
Իր մէջ է ցայսօր վանդակած պահում
Ա՛յն պատկերները անպատկերելի,
Որ կրկնւելով նորացան էլի
20-25-30 տարի անցնելուց յետոյ`
Լեհերի հողում,
Ռուսական բազում քաղաքների մէջ
Ու պատկերի տակ Հիրոսիմայի...

Կրտսերը դատւե՜ց
Եւ ողջ աշխարհն է վերստին գոչում,
Դեռ պիտի՛ դատւի այսօր ու վաղը.
Սպանութեանը վաղեմիութեան ժամկէտ չի կպչում,
Ինչպէս չի կպչում ներկը կրակին:
Կրտսերը դատւե՜ց
Ու դեռ կդատւի՜,
Մինչդեռ աւա՜գը… ճանաչւեց անպարտ,
Մինչդեռ աւա՜գը... քայլում է հպարտ`
Այլևս մաքո՜ւր, օսլայւա՜ծ, կոկի՜կ,
Երեսին ժպի՜տ` դիմա՜կ չհանւող,
Եւ ձեռքն է մեկնում ու ձեռք է սեղմում:
Ու ես չեմ կարող կամա՜ց չգոչել.
Սեղմելուց առաջ դուք ստուգեցէք
Նրանց ձեռքե՜րը:
Դուք ստուգեցէք նրանց ձեռքե՜րը
Եւ… հիմա՜ նոյնիսկ,
Կէս հարիւրամեա՜կ անցնելուց յետոյ,
Նրանց խնամւած եղունգների տակ
Դարձեա՛լ կտեսն էք... լերդացած արի՜ւն…

Մի՛ նայէք նրանց այս կոկոզավիզ-գոռոզ քայլւածքին:
Ինչքան էլ նրանք առաչոք քայլեն քթները տնկած`
Գլխահակ են միշտ նրանք մեր հանդէպ,
Ինչպէս անպտուղ-փչակւած ուռին` կենարար ջրի…
Ու եթէ նրանք
Քայլում են այսպէս փքւած-բարձրավիզ`
Լո՜կ այն պատճառով,
Որ խուսափում են մեր հայացքներին գէթ հանդիպելուց...
Մեր ազգանունից` այս եան-ից միայն,
Պիտի՛ որ նրանք սոսկան առաւել,
Քան թէ Մակբեթը Դունկանի շուքից…
Այլևս նրանց կանայք միգուցէ
Իրենց երեսին չարսաւ չեն գցում,
Բայց տղամարդկանց երեսն ու դէմքը
Պիտի՛ որ ընդմիշտ չարսաււած մնայ`
Ամօթի՜ անմաշ և անպոկելի տաք սարդոստայնով
Եւ զարհուրանքի՛, և զարհուրանքի՜ ցանցով գունաթափ…
Ու եթէ հիմա ե՛ս չասեմ, ապա մեռելներն անթաղ
Պիտի հաստատեն իրենց սուր ճիչո՜վ,
Որ թռչուն-գազան որքան էլ կտցեն-գիշատեն իրենց`
Մեռելներն անթաղ մսակալւում են կրկին ու կրկին
Եւ ամէն գիշեր սուսուփուս մտնում
Պաղ մարդասպանի անկողինը տաք`
Պառկելով նրա ու կնոջ միջև…

Որքան էլ դիերն արիւնաքամւեն`
Հողն իրենց արեամբ արծնապակելով,
Ամէն առաւօտ, դարձեա՜լ ու կրկի՜ն,
Իրենց արիւնը խառնում են նրանք
Ու պիտի խառնեն, դարձեա՛լ ու կրկին,
Արիւնահեղի և իր լակոտի
Ըմպելիք սուրճին կամ օշարակին…

Բիւր մեռելների անխուփ աչքերն են նրանց հետևում`
Ա՜յն արևի պէս, որ պոկ չի գալիս
Իրենց նայողի հայացքից մթնած:
Եւ բաց մնացած միլիոն աչքերի մեռելափայլը`
Իբրև ածելի՜,
Մահվան ահռելի իր երթևեկն է անվերջ կատարում
Սրանց ինքնագոհ երեսի վրայ, որ օճառւում է
Կտրւած գլխի արեամբ համակւած գիսակ-վրձինով
Ու լւացւում է լեղի և աղի արցունքով միայն...

Եւ նահատակւած-լլկւած կոյսերի, հարսների, կանանց
Էլէկտրահաղորդ անփուտ մազերը, ինքնահիւսւելով,
Դարձել-դառնում են ու դառնա՜ն պիտի
Փափուկ-մետաքսէ մի գիշերանոց`
Նրանց դուստրերի,
Նրանց հարսների
Ու կանանց համար,-
Մի գիշերանո՜ց,
Որ իրականում այրող ու վառող զսպաշապիկ է…

Հրաշքով փրկւած,
Աշխարհէաշխարհ զարկւած որբերի ողբը ողորմուկ
Եւ այրիների անեծքը անծուխ,
Որ բռնի կլլւած զսպանակի պէս թռչում անդրադարձ,
Բայց չհասնելով ո՛չ սատանային և ո՛չ էլ Աստծուն`
Վերադառնում է զսպանակաթափ,-
Վերադառնալով բնակւում է նա
Այս անգամ արդէն նրա՛նց տներում,
Ովքեր հատեցին ջիղը այրութեան
Եւ այրիութեան գիրը տպեցին
Ճակատի վրայ մի ո՜ղջ աշխարհի.
Բնակւում այնտեղ` ալլահի տեղակ,
Վարձք ու օրհնութեան տեղը գրաւում`
Նրանց տներից դուրս վռնդելով
Եղած ու չեղած ջիներին բարի,
Ծղրդին անգամ,
Ճռիկին նաև...

Կապւած ենք, այսպե՛ս, կապւած ենք իրար`
Ո՛չ սիամական երկւորեակի պէս,
Այլ իբրև երկու խեղճ տաժանակի՜ր.
Մենք` մեր ցաւերի ծանրութեամբ տանջող
Ու մեր հատուցման արդար պահանջով,
Իսկ նրանք` իրենց ամօթով (գուցէ՜),
Իսկ նրանք իրենց սոսկումով (հաստա՛տ):
Կապւած ենք, այսպէ՛ս, կապւած ենք ամուր
Ու չե՛նք բաժանւում ու չե՛նք բաժանւի,
Մինչև կաթ թափած, ո՛չ, արի՜ւն թափած
Կատուն պատժւի ա՛յն վագրի նման,
Որ Պոտսդամում պատիժն իր կրեց
Առաւել արդար և ծանր աւելի,
Քան Նիւրնբերգի ահեղ ատեանում...

Եւ դարերն անգամ չեն տա թողութիւն,
Թէ՛ բոլոր նրանց, ովքեր զրկեցին,
Թէ՛ բոլոր նրանց, ովքեր լքեցին:

Սրա՜նք ու նրա՛նք…
Նրա՜նք ու սրա՛նք
Աշխարհն այս անմեղ դարձրին մի մոմ
Եւ կրակ տւին... երկո՜ւ ծայրերից:
Եւ այրւում է նա, դարեր շարունակ,
Այրւում-կարճանում երկո՜ւ ծայրերից...
Իսկ ժողովուրդը` ծայրերի մէջտեղ,
Երկու կրակի սղւող արանքում,
Եւ քանի՜ անգամ գոչեց սրտդողաց
Ու քանի՜ անգամ դեռ պիտի գոչէ.
-Կոչեմ ապրողա՜ց,
Ապրողա՜ց կոչեմ…

Եւ մի՞թէ, իրօ՛ք, անհնարին է աշխարհում լինել
Հսկայ կայսրութիւն ու մնալ արդար:
Ժխտեցէ՛ք, խնդրեմ, ի սէ՜ր Աստըծու…
Եւ մի՞թէ, իրօ՛ք, անկարելի է աշխարհում լինել
Ո՛չ նաև ճարպիկ, այլ միայն ճարտա՜ր:
Ժխտեցէ՛ք, խնդրեմ, ի սէ՜ր Աստըծու…
Ժխտո՜ւմ է մեզ պէտք, ո՛չ արդարացում,
Եթէ դրանից դիւրին բան չկայ
Եւ արդարանալ կարող է նոյնիսկ Գորշ Գայլ պաշտողը,
Որ դար ու դարեր ուսուցանում է գայլաձագերին,
-Արդարանալու մի հնար ճարէք
Եւ… գորգ գողացէք մէջեթից թէկուզ…

Բայց արժի՞ արդեօք հայելի ծախել կոյրերի թաղում:
Աւելի լավ չէ՞ մեռելների մէջ որոնել ողջեր
Ու գոչել նրանց ականջների մէջ`
Թէ աջ ու թէ ձախ.
-Բաւակա՜ն է, ա՛խ,
Է՜լ բավական է բղաւենք մեր մէ՜ջ:
Եկէք այսուհետ շշնջանք մեր շո՜ւրջ,
Որպէսզի գոնէ վաղը հասկանանք,
Թէ անբռնելի-անհասանելին
Միշտ սկսւում է մի՛միայն այնտեղ,
Ուր աւարտւում է ամենաերկան մեր միջնամատը…
Չէ՛, բավակա՜ն է շշնջանք մեր մէջ:
Այսույետ պիտի բղաւենք մեր շուրջ,
Որպէսզի ընդմիշտ յիշենք, թէ ինչպէս
Մեր երազանքը դարե՜ր շարունակ,
Մենք լեցունի մէջ լցրինք` չլցւեց,
Մենք դատարկի մէջ լցրինք` չմտաւ,
Եւ… մեր լեցունը մեզնից դատարկւեց,
Եւ… մեզնով լցւեց դատարկն օտարի…

Մեր… հայրենի՜քը մեզնից դատարկւեց:
Բայց… ո՛չ մի վայրկեան, ո՛չ մի ակնթարթ,
Մենք չե՜նք դատարկւել մեր հայրենիքից:
Մե՜նք սպանւեցինք մեր հայրենիքում,
Բայց հայրենիքը մեր մէջ չսպանւե՜ց,
Ո՜չ, նա ապրում է կրկնակի՜ կեանքով:
Իսկ ով չսպանւեց, փրկւեց պատահմամբ,
Նա աքսորւած է իր հայրենիքի՜ց…

Սակայն… ճշմարիտ-իրաւ աքսորը գալիս է յետոյ,
Երբ որ քեզանից ինքդ ես աքսորւում,
Երբ որ քեզանից զատւում է կարծես կեանքդ սեփական,
Օտարւում, ապրում անկախ քեզանից,
Եւ ապրում այնտե՛ղ,
Ա՛յն բնագաւառ-բնաշէններում,
Որոնց երեսն է երեսիդ կարօտ,
Որոնք արթմնի ու երազի մէջ
Երազում են քեզ,
Ոտքե՜րդ անգամ…

Վաչկատուներից հալածւած այսպէս`
Քաղաքակրթւած մի վաչկատուն ենք հիմա ինքներս:
Սակայն վաչկատուն-օտարականի
Թափառաշրջիկ մեր հայացքն առմիշտ նստակեաց դարձել,
Կարօտի մեխով ու երազանքի ցցով գամւել է
Իր նախնիների ոտնահետքերում…

Եւ ամենուր են մեր մարմինները,
Բայց մեր աչքերը մի՜շտ էլ այնտեղ են`
Նոյնիսկ անունի՛ց զրկւած այն երկրում,
Ուր տաճարների բազում խաչերը
Տեղագըրութեան դաս էին տալիս
Երկնքի անգէտ ու անգրագէտ հաւքերին անգամ,
Որ մոլորւել են հիմա թերևս`
Հարաւ-արևելք,
Հիւսիս-արևմուտք խառնելով իրար…

Եւ ամենուր են մեր մարմինները,
Բայց մեր աչքերը այնտեղ են,
Այնտե՜ղ,
Ուր ստւերներն են հսկումի կանգնում
Աւերակների դիակի հանդէպ.
Ուր բոյսերն անգամ փոխել են իրենց հին ձեռագիրը`
Դառնալով խառնակ-անընթեռնելի.
Ուր մօրուքավոր թոնիրները ծեր`
Վաղո՜ւց ածիլւած հրով ու ջրով,
Պարարտացնում են իրենց մոխիրով եղինջ ու տատասկ,
Որ բեղաւորւի հողը` վագրի պէս,
Բայց և չհնձւի ու դէզ չդառնայ
Ա՛յն անտիրական-անտէր աշխարհում,
Որ ինքն է խոտի մի դէզ վիթխարի,
Եւ… շունն է նստած այդ դէզի վրայ…

Իշխում է այնտեղ կիսատ ու պռատ մենակութիւնը,
Որ չի երկարում ու չի կարճանում…
Եւ իր մատնային թւաբանութեամբ
Կարող է հաշւել նոյնիսկ մանուկը
Այնտեղ բնակւող հատուկենտերին,
Որ սովահարի իրենց կարմրուկ քունը ներկում են
Մեր ճերմակ հացով,
Ինչ չկա՜յ արդէն,
Եւ իրենց դատա՜րկ-դատա՜րկ գրպանի քար լռութեանը
Ձայն են ընծայում ա՛յն ոսկիներով,
Ինչ մեզնից խլել-խժռել են վաղո՜ւց...

Մի անփառունակ կեանքի հետ մէկտեղ,
Որ խառնիխուռն է Կորանի նման,
Այնտեղ կայ միայն փոշի փառաւոր,
Որ միշտ լցւում է նրանց ճաշի՜ մէջ,
Իսկ մեր` աչքերի՜,
Մեր ա՛յն աչքերի,
Որ միշտ այնտեղ են,
Մինչ մեր մարմինը ամենուրէք է,
Սակայն ոչ այնտեղ...

Եւ ապրում ենք մենք`
Մեզնից դատարկւած մեր հայրենիքը
Ու քաղաքակիրթ վաչկատուն դարձած իր զավակները,
Ապրում ենք այսպէս` կրկնակի՜ կեանքով.
Կրկնակի՜,
Քանզի ամենազօրեղ բանը աշխարհում
Յիշողութիւնն է,
Որ եթէ նոյնիսկ ծակոտկէն է,
Ապա ոչ երբէք տոպրակի նման,
Այլ ա՛յն վանդակի, ա՛յն ամուր ցանցի,
Որի մէջ ցմահ դատապարտւածն է ստիպւած ապրում…

Կան անուժ մարդիկ` ինչքա՜ն ցանկանաք,
Բայց անյո՛ւշ մարդիկ` միայն փնտրեցէք
Այն գերիրական էլդորադոյում,
Որ հիմա ունի ամէն մի քաղաք
Եւ կոչւում է խելագարանոց...
Ուստի, խնդրում եմ, սղագի՛ր բերէք:
Սղագի՜ր բերէք, որ սղագրի մեր յուշերի չուն`
Նետւած քարերից անվերջ փշրտւող,
Իրար հետամուտ-իրար ջարդոտող
Նրանց լճային ալիքումների տագնապը,
Որ մեզ`
Փետուրի նման կամ տաշեղի պէս,
Ցուցադրում է աստղերի առաջ և արեգակի,
Իբրև աճուրդի հանւած առարկայ,
Որին գին տւող չկա՜յ ու չկա՜յ…
Եւ յուշերը մեր`
Երեկ-եռանդւայ և հազարամեա՜յ մեր յուշերը կեռ,
Թէ՛ ինձ են կախում, թէ՛ ձեզ են կախում
Պատմութեան ժանգոտ հարցականներից`
Այս անգամ ո՛չ թէ մսագործի պէս,
Այլ այնպէս, ինչպէս թռչունն են կախում,
Ողջ ու կենդանի՜ թռչունն ընտանի,
Որ մի՜շտ թպրտայ,
Անվե՜րջ թպրտայ…

Եւ հիմա բերէք ձայնագրական նորօրեայ մի սարք,
Որ ձայնագրի
Մեր թպրտոցի առթած աղմուկի ծւէնները գէթ,
Մեր մկանների խաղի ժխորը
Ու մեր ջղերի լարման ճայթումը,
Որ կարիք չունեն ո՛չ մի աճուրդի.
Փռել ենք ձրի՜, վերցրեցէ՜ք-կերէ՜ք,
Անո՜ւշ մարսական…

Բայց այս յուշերը
Երեկ-եռանդւայ և հազարամեայ այս յուշերը մեր,
Ա՜խ, կուլ չեն գնում.
Կէս ճանապարհին վռւում են-մնում`
Խակ պտուղի պէս,
Ո՛չ, կատւի ձագի,
Վռւում-մնում են մեր կոկորդի մէջ,
Մեր ա՛յն կոկորդի, որի շուրջ բոլոր
Կորած-կորցրած մեր գաւառների, շէն ու քաղաքի
Տեղանունները շարան առ շարան
Հիւսւել-ոլորւել-դարձել են պարան
Ու խեղդում են մեզ
Սպանելու պէս,
Բայց – դիտաւորեա՛լ – չեն էլ սպանում...

Եւ մեզնից ծնւած մանուկների՛ մէջ,
Մինչև իսկ նրանց կերակուրների՜,
Նո՛յն տառապանքը` աղի փոխարէն,
Անլոյծ է մնում` աւազի նման.
Նո՛յն անկրկնելի-եզակին-մէկը,
Որ չի հասկացւում ամբողջ աշխարհից
Եւ չի հասկացւում լոկ ա՛յն պատճառով,
Որ անկրկնելի՛-եզակի՛-մէ՜կ է:

…Տասնհինգ դար է, ինչ լսում ենք այն,
Որ անգիր գիտի նաև աշխարհը.
Խնդրեցեք` տացի՛:

Ո՛չ, սուտ է, Յիսո՜ւս,
Ո՛չ, կարելի է շարունակ փնտրել,
Փնտրել մեզ նման,
Բայց և չգտնե՜լ.
Եւ կարելի է չգտնել ոչի՜նչ,
Նաև ամէ՜ն ինչ չգտնել կեանքում,
Նաև ամէ՜ն ինչ, բայց ոչ… հայրենիք:
Հայրենիքն այն է, որ չեն որոնում:
Հայրենիքն այն է, որ գտնւած է
Ի սկզբանէ, ի ծնէ և միշտ,
Ուրեմն նաև նա չի էլ կորչում:
Իսկ մերը… կորա՜ւ…
Եւ ընդմի՞շտ:
Օ, ո՛չ:
Հայրենիքն այն է, որ ոչ թէ կորչում,
Այլ ընդամենը յափշտակւում է,
Ինչպէս որ ձեռքի ափը չի կորչում,
Երբ նա փակւում է,
Բայց և չի կարող միշտ մնալ փակւած,
Ինչպէս հայրենին` միշտ յափշտակւած…

Եւ չի շփոթում մարդն էլ իրերին
Լոկ ա՛յն պատճառով,
Որ յոյս-հավատի լքումից յետոյ
Մնում է դարձեալ հրաշքի անմեռ ակնկալիքը,
Վասնզի մեր մէջ ամէ՛ն բանից վերջ,
Ամենա՜յն կարգի մահից յետոյ է մեռնում մանուկը`
Հրաշքներ ծնող-սնող մանուկը:
Իսկ մերպէսներից ամէն մէկիս մէջ, միաժամանակ,
Ապրում է արդէն մի՛ քանի մանուկ`
Նրա՜նք, որ մեռան չծնւած նոյնիսկ,
Ընդմիշտ համրացան` խօսելուց առաջ:

Եւ ճիշտ է, աւա՜ղ, որ մեր ձեռքերը դատարկ մնացին,
Բայց մեր աչքերը… լեցո՜ւն-լեցո՜ւն են,
Եւ արդէն լեցուն
Ո՛չ թէ արցունքով և ո՛չ էլ արեամբ,
Այլ հոծ հաւատով, խտացած յոյսով`
Ա՛յն մշտանորոգ անմարմին կոյսով,
Որին ջաննաթի հորիի նման
Ինչքա՜ն էլ լլկեն ողջ գիշերն ի լոյս`
Լուսաբացի հետ միշտ դառնում է… կոյս:
Ահա թէ ինչու երբ ես գոչում եմ.
-Կոչեմ ապրողա՜ց,
Ինձ ձայն են տալիս ոչ թէ գիշատիչ ագռաւ-ցիները,
Արձագանքում են ոչ թէ բորենի-գայլաշները,
Այլ բոլո՜ր նրանք, ովքեր քաջ գիտեն,
Որ… կոճղ է դառնում մարդը գլխատւած
Եւ իր վզի շուրջ աճած սունկերով
Թունաւորում է իր ողջ բոլորքը,
Բայց երբ փորձում են մի… ա՜զգ գլխատել`
Դառնում է կարծես սա մի… թթենի`
Նորի՛ց նորանում,
Դալարո՜ւմ դարձեալ…

Նրա՜նք են լսում և արձագանքում,
Ովքեր քաջ գիտեն
(Իրենց աչքերո՜վ),
Թէ մեր տան ծխնին ինչպէ՜ս է մաշւել`
Աղետի առաջ բացւել-փակւելուց.
Ովքեր քաջ գիտեն, որ այլոց համար
Մինչ նահանջ տարին չորսից մէկն է լոկ`
Մեզ համար մի՜շտ էլ նահանջ էր տարին
Ու փետրւարը` միշտ 28 օր...
Բայց գիտեն նաև, քա՜ջ գիտեն, որ մենք
Մե՜նք էլ, վերջապէ՜ս, մարդ ենք հասարակ,
Ոչ թէ տանջանքի մի սարք ու սարքւած,
Եւ պիտի՛ պրծնի տանջանքն այդ մի օր,
Մանաւանդ որ կան պատեր այնպիսի,
Որոնք քանդւում են ճակատով նաև,
Եթէ չեն պահւում թիկունքով օտար,
Օտա՛ր թիկունքով, որ յոգնե՜լ գիտի:

Լսում են նրանք և արձագանքում:
Ու… չեն պահանջում արեան գի՜նն իրենց,
Այլ պահանջում են հենց այդ արի՜ւնը,
Որ հեղեղել է սարեր ու ձորեր,
Որ ծեր ծերպերի ներսն էլ է ծորել,
Սակայն չի՛ կորել,
Ինչպէս չե՛ն կորել
Մեր միլիոնաւոր մեռելներն, այո՛,
Քանզի… չեն ելնում շիրիմից իրենց
Լոկ նրա՜նք, ովքեր ունեն շիրմաքար,
Որ նրանց ելքի դռնակն է փակում,
Մինչ միլիոնաւոր մեռելները մեր`
Զրկւած են և՛ շիրմից, և՛ շիրմաքարից,
Մի՜շտ էլ ելել են ու ելնում են դուրս`
Քառապատկելով շարքերն ապրողաց.
- Կոչեմ ապրողա՜ց:

Մեր մեռելները մեր հաշվի՛ մէջ են,
Մեր հաշվի՛ մէջ են… ու կաշւի՛ մէջ են,
Քանզի մենք, իրօ՛ք կապւած ենք նրանց յիշատակներին,
Ինչպէս մանուկը իր մօրը` պորտով:
Մենք նրա՛նց մէջ ենք
Ու մե՛ր մէջ` նրա՜նք,
Մեր բջիջների՛, մեր ոսկորի՛ մէջ,
Մե՛ր, մեր ծնւելիք թոռ ու ծոռի՛ մէջ:
Ու եթէ նոյնիսկ մե՛նք յոգնենք մի օր,
Նրանք` ապրելով մեր մէջ ու սրանց,
Մեր յօդերի՛ մէջ, սրանց մատների՛,
Աստւածաշնչեան Այրի կնոջ պէս` առա՜նց յոգնելու,
Մի՜շտ Դատաւորի դուռը կբախեն` այնքա՜ն ժամանակ,
Մինչև չասեն. Եկ, դատեցայց զայրին...
Ու երբ գոչում եմ.
-Կոչեմ ապրողա՜ց,
Ինձ ձայն են տալիս նրա՛նք, որ երեկ
Խեղճ գաղթականի ցուպի փոխարէն իրենց ձեռքն առան
Անթաղ-անշիրիմ մի նահատակի ազդր կամ սրունք,
Եւ, Ահարոնի գաւազանի պէս, ոսկորն այդ ծաղկե՜ց`
Անարգ թշնամուն ապացուցելով,
Որ թէպէտ մէջեթն աւերակւած է,
Բայց Ալ Մէհրաբը դեռ մնացել է,
Դեռ մնացել է... Արարատի՜ շուրջ…

Եւ իսկապէս էլ.
Այն, ինչ կատարւեց,
Մի նորադարեան ջրհեղեղ էր խոլ,
Որ անմարդկային աշխարհում ապրող
Մի ողջ մարդկութեան ջնջել սպառնաց,
Սակայն մոռացաւ ու մտահանեց,
Որ Արարա՜տն էր, հե՛նց Արարատն էր Նոյան փրկիչը,
Որ Արարատի՜, հե՛նց Արարատի ստորոտներում
Ապրեց, բազմացաւ մարդու սերունդը:

Նաև այս անգամ նո՜յնը կատարւեց:

Ու մղձաւանջը գնալով քաշւեց իր ափերի մէջ,
Որոնք վերստին կանաչ ներկեցին իրենց շուրթերը,
Որ ամպազատւած բիլ երկնքի հետ համբուրւեն հեռւում
Եւ ծնեն զաւակ`
Մօտաւոր տեսքով պարզ հորիզոնի:

Գիշերւայ ամբողջ բովանդակութիւնն ինքն իրեն շրջեց`
Աստառի վրայ,
Եւ բիւր երկրային աստղերն օրէցօր
Կետադրեցին խառնակ գիշերը
Իրենց լուսամիտ կենսիմացութեամբ:
Բոլոր սրբազան խենթերի գանգից ժայթքած արիւնը
Դարձաւ դրօշակ:
Կախաղաններից ճօճւած սրբերի վերջին խօսքերը
Դարձան անուններ նորածինների:

Եւ ջրհեղեղից մասա՛մբ ազատւած երկիրն այս փոքրիկ
Մեծ ոզնու նման փշերն իր ցցեց
Կեռ ատամի դէմ օձացող մահւան,
Եւ ամէն մի փուշ տնկւեց տունկի՛ պէս,
Ծաղկի՜ պէս բացւեց,
Շիւի՜ պէս լցւեց
Աւշով ու հիւթով, խոստումով մրգի...
Եւ մինչև անգամ մեր բռունցքները
Արմատ ձգեցին ու հագան սաղարթ`
Դառնալով ծառե՜ր…

Մեռնողը յարեաւ,
Ապրողը ապրեց…
-Կոչեմ ապրողա՜ց:

Եւ հիմա այն տունն, ուր մենք չենք ապրում,
Եթէ լեցուն է չարք ու շեյթանով,
Ապա այն տունը, ուր ապրում ենք մենք,
Դարձել է արդէն սրբութեան խորան,
Մասունքի ծաղկոց, տապկոց նշխարի:
Ու եթէ երեկ թւերը թշւառ չունէին լեզու,
Այսօր` այլևս պերճախօսութեան ուսուցիչ դարձած`
Դասեր են տալիս և՛ թլւատներին, և՛ կակազներին,
Վերածննդի ու վերապրումի գրգռի՜չ դասեր`
Նոյնիսկ ակամայ ապացուցելով,
Որ սրածումից չի անհետանում բովանդակ մի ազգ,
Ինչպէս որ սեզը` քաղ ու քաղհանից,
Նոյնիսկ ակամայ ապացուցելով,
Որ մոլախոտի ու հացաբոյսի վէճը դարաւոր
Միշտ աւարտւում է հնձով, աղացով,
Փռով ու հացով
Եւ ապրողների կոչունք-կնունքի խնդութեամբ թնդուն…

-Կոչեմ ապրողա՜ց:

Եւ ո՞վ է ասում, թէ դուք ծով չունէք:
Ձեր Արեան ծովը աւելի մեծ է Մեծ կամ Խաղաղից,
Ծովը Քրտինքի` Ատլանտականից աւելի խորունկ,
Վրէժի ծովը` աւելի ահեղ, քան Սառուցեալը,

Իսկ ծովն Արցունքի՜...

Պէտք չեն արցունքներ:
Նրանց փոխարէն
Թող հոսի աւի՜ւն, թող հոսի քրտի՜նք
Ու սրբագրի վրիպակները նոյնիսկ բնութեան`
Ապառաժները դարձնելով հնձան ճմլելիք գինու,
Առապարները` բաց շտեմարան հացի և մրգի,
Անապատները` շէն-ապատների բաց ցուցահանդես,
Որպէսզի ամէն կտուրի ներքոյ, ամէն յարկի տակ,
Բախտաւորութեան հարսները մահճում
Նորածնի հետ, երկւորեակի պէս,
Ապահովութի՜ւն բերեն լոյս աշխարհ,
Եւ ամէն տան մէջ խօսուն շշերը
Երազկոտ գինու շուրթերը բացեն,
Եւ ամէն տան մէջ Հայր մեր-ի նման,
Հոլովւի մեր նոր նշանաբանը.
- Մեր թափւած գինին
Մեր ջարդւած շշին թող մատաղ լինի:
Գինի՜ն, բայց երբեք ո՛չ արիւնը բորբ,
Շշի՛ն, բայց երբեք ո՛չ երկրին աւեր…

Եւ պէտք չէ հիմա շարոց-շարական,
Նաև պատարագ ու հոգեհանգիստ:
Հողն ինքն է երգում իր ընդերքների մթին կոկորդով,
Նւագակցութեամբ իր ջրվէժների,
Իր քամիների խմբերգով զօրեղ,
Մասսեաց անլեզւակ զանգերի յուժկու մենակատարմամբ`
Ի տես բիւրաւոր ա՛յն հանդիսատես լամպ ու լոյսերի,
Որ հիացմունքից թարթում են իրենց աչքերը շողուն
Եւ աւելի են թրթռուն-ապրող,
Քան թէ առկայծող աստղերը վերին:

-Կոչեմ ապրողա՜ց.
Կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ,
Որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր,
Բայց աւելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ:

Եւ ես, որ եղայ տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ
Եւ տառապանքիդ անօթը դարձայ,
Կործւա՛ծ անօթը.
Որ վկան եղայ սոսկումիդ ահեղ
Եւ զարհուրանքիդ պահեստը դարձայ,
Անտա՛կ պահեստը.
Որ վկան եղայ ցասումիդ նաև,
Եւ ծառացումիդ, և ընդվզումիդ,
Ու դարձայ նրանց խորհրդանիշը՝
Հողի մէջ խրւած հսկայ նիզակի սլաքը ցցուն,
Որ նաև ցայսօր դեռևս անկատար
Երազանքդ եմ քո, իղձդ երկկատար,
Բայց նաև վկան, բախտաւո՜ր վկան
Նահատակներիդ վերածննդի,
Վերապրողներիդ խանդ ու եռանդի,-
Ես ասում եմ քեզ՝
Պատւիրանի պէս.
Դո՛ւ, որ վաղուց ես կոչւում ժողովուրդ,
Թէպէտ ակամայ դեռ ժողովւած չես,
Տակավին ցիր ես, ցան ես և սփիւռք,-
Դու այսուհետև ժողովւես պիտի
Նախ՝ ինքդ քո մէ՛ջ,
Եւ ապա՝ քո շո՛ւրջ՝
Յիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը
Երե՛կ չսկսւեց, երե՜կ չսկսւեց...
5000 տարւայ,
500 տարւայ,
Եւ 50 տարւայ
Պատմութիւն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը,
Որ չի՛ աւարտւել ու չի աւարտւում.
Կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել,
Եւ հիմա արդէն նա գանգ չի հատում,
Այլ գրաւում է,
Չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ,
Չի առևանգում, այլ հմայում է,
Չի հեղում արիւն, այլ ծախ է առնում
Եւ, միացնելով երակ-երակի,
Իր ամենակուլ արեանն է խառնում...

Ու կրկնում եմ ես ՝
Ահազանգի պէս.
- Այս ջարդ-սպանդը, երե՛կ չսկսւեց
Եւ ոչ էլ վաղն է նա աւարտւելու,
Ուստի վախեցէք սպանդից ճերմա՛կ
Աւելի, քան թե՝ եղեռնից կարմի՛ր.
Ուստի կրկնեցէք ինձ հետ միատեղ,
Ինչպէս երդումի խօսքերն են կրկնում.
- Բռնի ձուլւելիս թունաւորում են ձուլողին՝ արեամբ,
Ինքնին ձուլւելիս թունաւորւում են իրենք՝ արիւնով:
Ուստի թող գործեն ձեր հին զէնքերը՝
Ձեր ատամնե՜րը ու ձեր ոտքե՜րը.
Ձեր ատամնե՛րը՝
Կռւելու համար ու պաշտպնւելու
Կամ ժողովւելու ինքներդ ձեր մէջ,
Իսկ ձեր ոտքե՛րը՝
Վերադռնալու, տուն գալու համար
Կամ ժողովւելու ինքներդ ձեր շուրջ...

Եւ արժի՞ ասել, որ ինչպէս երեկ, այնպէս էլ այսօր
Օտարութեան մէջ ազատ լինելն էլ ա՛յլ գերութիւն է,
Իսկ տան մէջ նոյնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատութիւն:
Եւ արժի՞ այսօր, որ ես ինքս ինձ մանրեմ՝ յարդի պէս:
Թողէ՛ք ես մնամ ինչպէս կամ՝ ցօղուն:
Եւ թողէ՛ք նաև ես մնամ իմ նոր դաւանանքի հետ,
Որ Երրորդութեան փոխարէն ունի լոկ Երկրորդութիւն:
Եւ անգիր արէք իմ աղօթքը նոր.
Յանուն Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ…

- Կոչեմ ապրողա՛ց՝
Մոլորեալների՜ն :

Աքսորը միայն բռնի չի լինում,
Այլև կամովին,
Եւ առաւել է տխուր ու տրտում ոչ մեռելոցը,
Այլ գերելոցը:
Օտարութեան մէջ ազատ լինելն էլ ա՛յլ գերութիւն է,
Իսկ տան մէջ նոյնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատութիւն:
Իսկ տունն էլ տո՛ւն չէ, այլ հայրենի՜ք է,
Եւ ի՜նչ հայրենիք.
Գայլի երախից ձեռքերով խլւած մի Դավիթ մանուկ,
Երկանքաքարի ակռայից պրծած ողջանդամ մի սերմ...
Եւ ո՞վ կգտնի, որտե՞ղ կգտնի
Այսպիսի մէկ այլ` երկրո՛րդ հայրենիք
Եւ ի՜նչ հայրենիք…
Թերևս աշխարհում ո՛չ մի հայրենիք,
Մե՜ծ ու վիթխարի, զօրե՜ղ ու կարող ո՛չ մի հայրենիք
Իւրաինների սրտում ու հոգում չի հարուցանում
Այնքա՜ն սէր անանց ու կարօ՜տ այնքան,
Որքան այս մի բուռ-բռում սեղմւած երկիրը Հայոց.
Ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքով մեծ ու մեծանուն
Չի հպարտանում այնպիսի մանո՜ւկ միամտութեամբ,
Այնքա՜ն ինքնամոռ և անվերապա՜հ,
Ինչքան որ սրանք.
Ո՛չ ոք աշխարհում իր հայրենիքը չի տենչում այնպէս,
Ինչպէս որ սրանք.
Եւ չի հաւատում այնպիսի մանո՜ւկ միամտութեամբ,
Ինչպէս որ սրանք.
Եւ չի դողդողում նրա այսօրւայ ու վաղւայ վրայ,
Ինչպէս որ Սրա...
Սիրածի գրկում`
Միշտ Սրա՛ մասին.
Բաժակի առաջ`
Միշտ Սրա՛ մասին.
Աքսորում-բանտում`
Միշտ Սրա՛ մասին.
Աշխարհի բոլոր քառուղիներում`
Միշտ Սրա՛ մասին.
Ապրելիս` Սրա՛,
Մեռնելիս` Սրա՛,
Միշտ Սրա՛ մասին…
Եւ Սրան բնաւ չճանաչողը պիտի որ կարծի,
Թէ սա երկիր է մի հսկայակա՜ն,
Վիթխարի՜ աշխարհ,
Հայրենիք հզօ՜ր…
Եւ իսկապէս էլ` Սա երկիր է մե՛ծ,
Վիթխարի՜ աշխարհ,
Հայրենիք հզօ՜ր:
Եւ մի՛ պահանջէք, որ ինքս ինձ մանրեմ`
Յարդի պէս:
Թողէ՛ք ես մնամ ինչպէս կամ` ցօղուն:
Ու թողէ՛ք նաև ես մնամ իմ նոր պաշտամունքի հետ
Եւ ամբողջ սրտով ցանկանամ տեսնել,
Որ դուք էլ` ինձ պէս նորադարձւելով`
Հին Աստծու նման, նրա փոխարէն,
Պաշտում էք արդէն մի… ծա՛ռ`
Թթենի՜ն,
Որ գլխատումից ո՛չ թէ չորանում,
Այլ նորանում է...

-Կոչեմ ապրողա՛ց`
Նորադարձների՜ն:

Մա՜րդ ենք, ո՛չ մանրէ,
Որ բազմանում է` իրեն կիսելով:
Միանալով է մարդը բազմանում.
Եկեք միանա՜նք:

Եկեք միանա՜նք,
Որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
Մարմին ստանայ մեր միս-ոսկորով,
Եւ մարմնաւորւած մեծ երազանքի բուժիչ բարութեամբ
Մենք էլ ազատւենք մեր ոխ ու քէնի ծանր զգացումից,
Որ դրանով իսկ չնսեմանանք անգամ մեր ներսում,
Այլ մնանք մեր վեհ հպարտութեա՜ն հետ,
Նաև մեր վսեմ արհամարհանքի՛,
Բայց աւելի շատ` մեր ծով բարութեա՜ն
Ու մեր բնածին այլասիրութեա՜ն,
Որից զրկւելով` մենք կարծես մե՜նք չենք,
Կիսաւերակ ենք և կանգուն շէ՛նք չենք…
Մենք այսպիսի՜ն ենք
Ու պիտի՛ լինենք:
Թողած ցաւը մեր, ցաւը լեռ ու բեռ`
Կրում ենք ցաւը համա՜յն աշխարհի:
Թողած հոգսը մեր, հոգսը քար ու սար`
Հոգում ենք հոգսը համա՜յն աշխարհի…
Թո՛ղ որ համեցող, բայց չանհամացող արդարութիւնը
Ամենից առաջ հասնի ամենքի՜ն,
Մեզ` միայն վերջո՛ւմ…

Եւ մեր կսկիծը զսպանակելով`
Մենք մասնակցում ենք այլոց հանդէսին,
Մասնակցում սրտա՜նց-անմախա՛նք-անքէն…
Թո՛ղ ուրախութեան ուղտը գէթ վերջո՜ւմ, ամենա՜վերջում,
Իր ծունկը ծալի մեր դռան առաջ`
Թէպէտ ուշացած, բայց միշտ ցանկալի ուխտաւորի պէս…

Բայց սպառւում է մինչև իսկ սրբի համբերութիւնը,
Ինչպէս հոտում է մինչև իսկ ջուրը` արգելակումով:
Մենք յաջորդներն ենք Սուրբ Նահատակաց,
Սակայն բնաւ էլ սուրբ չենք ինքներս,
Մա՜րդ ենք հասարակ
Եւ… հաւատում ենք, որ պիտի դառնայ
Մեր իւրաքանչիւր խլեակը` այլակ միատեղումի,
Եւ իւրաքանչիւր փշուրը` պաշար մօտալուտ վաղւայ,
Մնացորդն` աճորդ,
Մասունքը` մսուրք,
Սփիւռքը` ապառք,
Նշխարը` աշխարհ…

Եւ այս ասում էք ո՛չ դուք, ո՛չ նրանք,
Այլ ե՜ս եմ ասում,
Ես` Սիս-Մասիսըս,
Անդո՜ւլ-անդադա՜ր-անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով այլազան,
Բամբ բամբիռների հնչումով պէս-պէս,
Ամենատարբեր ելևէջումով շարականների
Սիսն ու Մասիսն են զրնգում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.
Ով ականջ ունի,
Բլթակ հաւատոյ`
Նա պիտի՛ զգայ
Իմ եռաղօղանջ զանգի ասմունքը,
Իմ եռաբանեայ ասքի ղօղանջը,
Իմ եռամատնեայ խաչակնքումի շնչող ստւերը.


-ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց...
-ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր...
-ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց…




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users