Jump to content


Photo

ԵՎ ԱՅՐ ՄԻ՝


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:08 PM

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ...


Ա

Մենք կայինք նաև Նրանից առաջ,
Եվ դարե՜ր առաջ:

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձուկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկնքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք
Ձևը վարսանդի
Եւ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եւ մկրտության այդ ջուրը դեղին
հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդգնում կոչել բարբարոս:

Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եւ այդ հլությունն անձնատուր ոսկու
Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծն Անահիտ:

Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եւ... կոչում Գառնի...

Մենք կայինք նաև Նրանից առաջ:
Մեր արքաների և իշխաններ արածի վրա չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում Լարերի վրա բամբ բամբիռների
Եւ... դա անվանում Երգ Վիպասանաց...

Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եւ ըմբերանում տիրակալներին:

Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
Այնպիսի մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում...

Մենք կայինք նաև Նրանից առաջ:

Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալույս էինք թելերով հինում,
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաև հաճույքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքավողների,
Որոնց մարմինը նվագ էր լռած
Եւ որոնք նաև երգեին ճեռամբ...

Բ

Մենք կայինք նաև Նրանից առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնված մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝
քշված իր երկրից,
Օտարականի ու հյուրի տեսքով,
Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:

Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին
Եկավ շաղ տալու խոստումներ օդում,
Եկավ զինավառ գեղեցիկ ստով:

Միամիտ էին աստվածները հին,
Միամիտ այնքան,
Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի
Եւ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.
Այս է մարմինն իմ.առեք ու կերեք:
Այս է արյունն իմ.ըմպեցեք սիրով...

Ուղղամիտ էին աստվածները հին,
Ուղղամիտ էին՝
Պարզ դերձակի պես.
Իրենց հավատի հանդերձը նրանք
Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու
Մի համընդհանուր - կախարդիչ հանդերձ,
Որով պիտի որ հավասարվեին
Եւ վտիտ ու գեր,
Եւ հաստ ու բարակ:

ճշտախոս էին աստվածները հին,
ճշտախոս էին՝
Երեխայի պես.
Մարդկանց մարդ էին նրանք անվանում,
Իսկ իրենց աստված:

Իսկ եբրայեցին ասաց Մարդ եմ ես
Եւ ... դարձավ աստված՝
Մարդ եմ ասելով...

...Զորավոր էին աստվածները հին,
Այնքան զորավոր,
Որ անկեղծ էին ու չէին ստում:
Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,
Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜ ...

Գ

Եվ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,
Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,
Պարտավոր էին հիմա ունենալ
Միայն մի՛ աստված,
Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված:
Եվ չգիտեին,
Թե ո՞վ է այդ Մին
Եվ ի՞նչ է ուզում...

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների,Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:
Եվ խոսում էին նրանք մի լեզվով,
Որ չէ՜ր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրների վրա,
Հասակ նետեցին
Դեռևս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ՝ սրտերի՜ մեջ,
Ապա՝ երկընքի՜...
Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում էր բռնությամբ անքող...

... Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,
Իսկ ապտելն ... արդեն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,
Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
-Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,
Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,
Մի՛միայն խոսքով.
-Դեռ նորը չկա՜ր:

Եվ այսպես՝
Հանկարծ ու դանդաղորեն
Ամե՜ն ինչ շրջվեց,
Տակն ի վեր եղավ,
Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք.
-Ինքը շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜:

Եվ այսպես՝
Կյանքից մնաց մի մեղա,
Որ պիտի նաև... բարձըր չհնչեր:
Եվ այսպես՝
Անցավ ողջ հարյո՜ւր տարի,
Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում,
Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե
Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ,
Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝ այնժամ...


#2 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:13 PM

Դ

Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն
Լոկ անունով էր Հայաստան կոչվում:
Զոհված արջառի տաքուկ սրտի պես
Մեր հողն էր կիսված
Ու բռնի քաշված
Երկու շիկացած ու սուր շամփուրի,
Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,
Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին:

Խորովվում էին:
Արցունքի տեղակ
Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում,
Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:
Սակայն ճենճերից այդ ո՞վ չգիտի- չի՜ մարում կրակ,
Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր:

Մե՛ր հողի վրա,
Մե՛ր երկընքի տակ
Մենք դարձել էինք օտարի գաղութ:
Նույնիսկ մեր հորը երկըրպագելու
Եվ կամ թե որդուն պագելու համար
Այլ արքունիքից պիտի խնդրեինք թույլտըվություն,
Որ եթե հասներ՝
Պարտավոր էինք համարել շնորհ
Եվ շնորհակալ մնալ հավիտյան:

Հայաստան կոչված աշխարհը կիսված
Նստել էր արդեն
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:
Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր
Ունեին լոկ մի մտահոգություն,
Լոկ մի խոհ բարձըր՝
Իրենց աթո՛ռը,
Գահո՛ւյքը իրենց
Եվ իրենց բա՜րձը:

Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-
Զսպանակի պես
Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում:
Միա՜յն թե կառչել ու նստած մնալ
Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,
Որոն տակ անտակ վիհն էր որոճում...

Ավերակվել էր երկիրը հայոց:
Ու եթե նրա տերերը տանու
Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝
Նրա պես պիտի մռռային նորեն.
Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ...

Ե

Քաջերի սահման իրենց զենքն է հենց:
Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ,
Որ նո՛ւյնպես չկար:


Կար միայն պարի՜սպ,
Որ տարածվում էր աշխարհից աշխարհ:
Եվ կային նաև ազնիվ ճակատներ,
Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի...
Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,
Որ հարյո՜ւր տարի,
Հարյուր ձի՛գ տարի
Չէր կարող իր ճշմարտությունը կարգին հաստատել.
Մի ճշմարտությո՛ւն ,
Որ ամեն վայրկյան
Կամա-ակամա հերքում էր իրեն՝
Անվերջ բացելով իր մերկությունը
Եվ իսկությունը:

Իսկ իսկությո՜ւնը...

Հիսուսը,
Որ մի հրեա էր ազնիվ,
Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք
Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.
Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ
Հին Բյուզանդիոնը նոր հնարներով
Իր օտարական դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,
Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,
Ա՛յն խեղճ աշխարհի,
Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,
Եվ տնքոցի տեղ
Դեռ ալելո՜ւա պիտի որոտար:

Իսկ իսկությո՜ւնը...

Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով
Ուրիշի տուն ու երկիր էր մտնում
Օտար վարք ու բարք,
Օտար ծես ու կարգ:

Իսկ իսկություն չէ՞,
Որ զորքից հետո
Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,
Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝
Լեզուն է անում:

Իսկ իսկությո՜ւնը...

Նոր գաղափարը էլ գաղափար չէր,
Այլ մի կաղապար,
Մի նե՜ղ կաղապար,
Որ արդեն հարյուր տարի էր տևում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար,
Որ երազն անգամ իր մեջ էր ձևում.
Ո՛չ թե գաղափար,
Այլ մի կաղապար՝
Ե՛վ մարմնի համար,
Որ շնչակտուր հևում էր, հևում,
Ե՛վ հոգու համար,
Որ վաղուց արդեն ազատ չէր թևում,
Ե՛վ լեզվի համար...

Գեթ լեզո՛ւն գործեր:
Մինչդեռ մեր լեզո՜ւն...

Զ

Իրավունք չկար երգել երգը մեր,
Որ դարեր ի վեր
Հնչել էր լեզվով մեր ոսկեղնիկ.
Ե՛վ մեն ու մենիկ՝
Սիրո խոսքերով,
Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝
Գինու հոսքերով,
Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝
Մեր փակ բակերում,
Բաց տանիքներին:
Իրավունք չկար նաև նվագել՝
Ո՛չ վինի վրա,
Ո՛չ էլ բամբիռի:
Այս կյանքի համար հոգացի՞ր՝
Պիղծ ես,
Ե՛վ անօրեն ես,
Ե՛վ բանադրված:
Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի,
Որ քեզնից հետո, հետո է գալու...

Թատրո՞ն ես գնում՝
Ուրեմըն պիղծ ես,
Կեր ու խո՞ւմ անում՝
Ուրեմըն պիղծ ես:

Պարի՞ նայեցիր
Եվ կամ պարեցի՞ր՝
Ուրեմըն պիղծ ես:

Սիրասթա՞փ եղար,
Նոր սե՞ր արեցիր՝
Ուրեմըն պիղծ ես:
Այս կյանքի համար գեթ մի՞տք արեցիր՝
Ուրեմըն պիղծ ես:
Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի,
Որ քեզնից հետո, հետո է գալու...

Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո
Իրավունք չկար մինչևիսկ լալու:

Որդո՞ւդ ես սգում՝
Ուրեմըն պիղծ ես:
Ողբո՞ւմ սև օրըդ՝
Ուրեմըն պիղծ ես:
Իրենց իսկ տված ցավի՞ց ես լալիս՝
Անօրեն ես դու,
Արժանի մահվան:
Դավանաք կոչված դավի՞ց ես լալիս՝
Անօրեն ես դու,
Արժանի մահվան:
Մտածիր միայն ա՛յն կյանքի մասին,
Որ քեզնից հետո, հետո է գալու...

... Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո
Իրավունք չկար մինչևիսկ... լալու:



#3 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:15 PM

Է

Իրավունք չկար
Արյան փոխարեն գեթ արցունք ոթել:
Եվ ի՞նչ էր մնում:
Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:

Աղոթել նրան՝
Այն նոր աստըծուն,
Որ խոստումներից աչք իսկ չէր բացում,
Բայց ողջը՝ այնտե՜ղ,
Բայց ողջը՝ հետո՜,
Եվ ոչի՜նչ՝ հիմա,
Եվ ոչի՜նչ ցածում:

Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել:

Բայց նրանք նույնիսկ իրենց աստըծուն
Աղոթում էին... օտար խոսքերով,
Խոսքեր՝ ոչ պակաս անհասկանալի,
Քան ինքն այդ աստված:

....Եվ մարդականց հոգնած սրտերի վրա,
Որ երեկ այնպե՛ս հուզառատ էին,
Այնպե՛ս զգայիկ,
Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Ե՛վ վաղվա հանդեպ,
Ե՛վ ապագայի:

Ոչ ոք չգիտեր՝ վաղն ի՞նչ կբերի:
Եվ ապագայի երաշխիք չկա՜ր:
Բերք չէին տալիս արտերը բերրի:
Նույնիսկ խոստացյալ երկինքը վերին
Դարձել էր մի կեղծ անկենդան նկար:


Անդընդանում էր մի անհայտություն,
Անորոշություն մի ամենաքամ,
Որ վատ է անգամ որոշյալ մահից:
Մի անհայտությո՛ւն, որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եվ կործանումի սուր հոտ էր փչում
Ո՛չ միայն հացից, ջրից ու հողից,
Այլ նաև օդի՛ց ու քամո՜ւց անգամ:


Պետք էր, շա՜տ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս:

Ու բոլորն էին այդ հարցը տալիս,
Իսկ պատասխանող չկա՛ր ու չկա՜ր...


Ը

Եվ այդ պահին էր, որ աշխարհ եկավ
Նա՝
......Այր մի՝
...............Մեսրոպ Մաշտոց անունով:

Որտեղի՞ց եկավ,
Ի՞նչ ակից բխեց:
Եվ ինչպե՞ս եկավ,
Հոսեց ի՞նչ հունով:

Այդպես՝ արցունքն է ծնվում աչքի մեջ,
Երբ որ աչքի մեջ ընկնում է ավազ:
Այդպես՝ դառնում է ավազն ապակի,
Եվ ապակին է հայելի դառնում:

Այդպես՝ արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ ծառի
Կատարին թառած թռչունի բույնը:

Այդպես՝ գոյության ահեղ պայքարում
Անփոփոխ պահած իր ներքինն էլի՝
Գազանն է փոխում իր մաշկի գույնը,
Եվ դա թվում է անսպասելի...

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի
Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով,
Որ անչափ շատ են սպասել նրանց:

Ժողովրդի մեջ ննջում են Նրանք,
Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին,
Ինչպես ընտանի աքաղաղի մեջ՝
Իր իսկ երբեմնի թռչունությունը,
Ինչպես մանուկի պարապ բերանում՝
Ակռա-ատամը:

Նրանք ծնվում են իրենց ծնողի անօգնությունից,
Որպեսզի դառնան նոր զորեղություն:
Նրանք ծնվում են ինչ-որ հանճարեղ մի հոգնությունից,
Որպեսզի դառնան հանճարեղություն:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ:

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե հրաղք չկա՜,
Կա միայն կարի՛ք:
Նրանք ծնվում են, որ ապացուցեն,
Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...


Թ

Այսպես էլ ծնվեց մեկը Նրանցից,
Ծնվեց Նա՝
...............Այր մի՝
........................Մաշտոց անունով:
Եվ նա չծնվեց որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս:
Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու,
Եվ պատասխանը գտավ իսկապես...

... Քաջերի սահմանն իրենց զենքն է հենց:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,
Պետք է ասպարե՜զ:

Եվ նա էր ահա, որ ձևավորեց
Մի զենք ժանգախույս,
Եվ ծովավորեց
Ասպարեզ մի նոր,
Ուր թույլ-ուժեղի,
Շատ ու սակավի,
Քիչ ու բազումի
Մրցության համար ասպարեզ չկա՜,
Քանզի նորատիպ այդ մաքառման մեջ
Այրուձիի տեղ մտքերն են կռվում,
Թանաք է հեղվում արյան փոխարեն,
Եվ հաղթանակը կոչվում է Մատյան...

Մենք կայինք,այո՛, Նրանից առաջ:
Սակայն Նա ծնվեց,
Որ գա ու դառնա ինչ-որ նոր Սկիզբ:

...Նրանից առաջ կային աստվածներ՝
Երկընքի, սիրո, պտղավորումի,
Ինչպես փոթորկի, նաև... դպրության:


Եթե բոլորը՝ մինչևիսկ ստույգ,
Վերջինս սուտ էր, սուտ ստուգապես
-Աստված կար, սակայն դպրություն չկա՜ր:
Դպրության մեր սուտ աստծուն վռնդեց
Եվ Ինքը մնաց նրա փոխանակ:
Բայց մինչ դպրրության հին աստվածը մեր
Շարունակ միայն մի գործ էր անում՝
Մարդկանց հոգին էր առնում ու տանում,(*)
Սա եկավ, որ մեզ հոգի՜ պարգևի ...

Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Հզոր թե տկար՝
Մարմին էինք մենք:

Սակայն Նա եկավ,որ Հոգի՛ դառնա,
Շոշափվո՜ղ հոգի,
Եվ անմե՜ռ հոգի:

Այո՛, մենք կայինք Նրանից առաջ.
Քիչ թե շատ՝ կար հաց,
Եվ ունեինք ջուր:

Սակայն Նա ծնվեց, որ Սնո՜ւնդ դառնա:

Ծնվե՛ց, որ ծնե՜նք,
Եղա՛վ, որ լինե՜նք,
Եվ անմահացա՛վ,
Որ անմահանա՜նք...


#4 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 22 December 2005 - 06:31 PM

Ժ

Կիսված էր արդեն հայրենիքը մեր,
Եվ հետո պիտի այդպես էլ մնար.
Դարերով հեղված մեր արյունը սուրբ
Պիտի ապարդյուն կորչեր ու գնար:
Դեռ պիտի գային օրեր ահավոր.
Մեր հողը պիտի մեզ կարոտելուց
Պատվեր եղինջով ու փշով խայթիչ,
Իսկ մեր երկինքը՝
Մեր աչքից զրկված,
Պիտի որ ինքն էլ իր զուգսից զրկվեր:
Հետո պիտի մեզ խաբեին այսպե՛ս,
Որ հին խաբեբան՝
Նոր բյուզանդացին,
Զարմանար ինքը:
Հետո պիտի մեզ...

Միջահատված էր մեր հողը բնիկ,
Ճեղքված էր արդեն հայրենիքը մեր:

Եվ Նա չծնվեց ինչ-որ մի մորից:
Նա հենց այդ ճեղքից ծառացավ հանկարծ,
Որ ճեղքը լցնի գեթ ինքն իրենով:
Եվ այդ ճեղքը Նա լցրեց իսկապես.
Մեր բաժան-բաժան հողերը նորից
Այդ Նա էր միայն,որ բերեց իրար
Ու միավորեց արդեն ... մեր մտքո՜ւմ:
Եվ այդ օրից վեր
Ու մինչև այսօր
Այդ միացումը մնում է անխախտ՝
Ընդդեմ ճչացող այն խախտումների,
Որ բախտն է անում սուսուփո՜ւս այնպես,
Եվ անում անձայն մի քմծիծաղով,
Որի տակ պիտի ամոթն իր ծածկի,
Բայց իզո՜ւր.
Ծածկել չի կարողանում,
Ինչպես չի ծածկում ծածկույթը խոտի
Ճահճի գոլորշին՝ քրտինքն ամոթի...

ԺԱ

Չունեինք արդեն պետ ու պետություն.
Ծաղրանկար էր եղածը արդեն՝
Գծված ձեռքերով երկու նկարչի,
Որ ատում էին իրար ոչ պակաս,
Քան թե մենք իրենց:

Հետո մենք պիտի գաղութ դառնայինք
Գաղութի մարզպան-կառավարիչով:
Հետո մեզ պիտի դարեր շարունակ
Տանեին անվերջ անկումից անկում,
Մեր մեջքի վրա երկանք աղային
Եվ ստիպեին, որ ժպտանք նաև:

Հետո մենք պիտի մեր շենից զրկված՝
Քաղաք շինեինք ավերն ուրիշի:
Հետո մենք պիտի մեր հերկից զրկված՝
Հերկեինք օտար կորդ ու առապար:
Հետո մենք պիտի մեր ոտնահետքի
Դրոշմը դարձրած յուրովի դրոշ՝
Մխեինք բոլոր լայնքերի վրա
Երկիր կոչեցյալ այն կլոր գնդի,
Որտեղ պիտի որ ամեն ճամապարհ
Վերստին բերի իր տեղը նախկին,
Բայց մեզ... հայրենիք չբերե՜ց երբեք...

Չունեինք արդեն պետ ու պետություն.
Հայրենյաց գահը փլվածք էր տվել:

Եվ նա չծնվեց ինչ-որ մի մորից.
Նա այդ փլվածքից բուսնեց սխրանքով,
Որ այդ փլվածքը ողջանա նորից:
Եվ այդ փլվածքը իրոք ողջացավ:
Այն,ինչ որ անել չկարողացան
Արշակ-Վաղարշակ,
Մուշեղ ու Մուշե,
Սա՛ արեց միայն՝ անզեն ու անզորք.
Մեզանից խլված մեր պետության տեղ
Ստեղծեց մի նոր՝
Չեղյա՜լ պետություն,
Թագավորություն մի հզորազոր՝
Ո՛չ թե մեզանից խլված հողերի,
Մեր բաժան-բաժան հայրենու վրա,
Այլ մեր անբաժա՛ն,
Մեր անկիսելի՛,
Երբե՜ք չխլվող հոգիների մեջ:

Եվ այնուհետև անվախճան եղավ
Թագավորական Նրա տունը մեծ,
Եվ մեր հոգևոր թագավորության
Գահին բարձրացող ամե՜ն թագավոր
Ծնվեց նո՛ւյն տնից,
Նո՛ւյն ցեղից սերեց
Եվ պատվով-փառքով-վեհությամբ կրեց
Նո՛ւյն տոհմանունը՝
........................Մեսրոպ Մաշտոցյա՜նք...


ԺԲ

Այսպե՛ս ծնվեց Նա:
Բախտի հակառա՞կ,
Թե՞ վայրկենական նրա զղջումով,
Նա եկավ, որ մեզ վերադարձնի
Այն,ինչ խլել էր նույն բախտը երեկ:

Առանց հավատի հեշտ չե մեռնելը,
Իսկ ապրելն... արդեն անտանելի է:

Եվ մեր կործանված հին հավատի տեղ
Մեզ նո՛ր հավատով զինեց վերստին:
Էժան-ծախուի,անցնող-վատի տեղ
Բերեց չքերվող-անջինջ-հավաստին:
Սուր ու կեղծիքի ծծակի տեղակ
Մեր մանկանց տվեց անցամաք ստինք,
Որով և նրանք կրկնամայր եղան,
Ով օրով՝
Նրանք մեծացան տարով,
Ով տարով՝
Նրանք մեծացան դարով,-
Եվ բիրտության տեղ փռվեց կրթություն,
Պարապմունքներով պարապը լցվեց,
Ու մեկ օր անգամ չորեքթաթ չարած՝
Մի արագոտն կայտառ քերթություն
Ընդոստնեց մեկեն ու վազքի լծվեց:
Մեր փլատակված- փլաուզվածի տեղ
Նա նո՛րը կերտեց, նո՛րը կառուցեց.
Նավաբեկվածի ու սուզվածի տեղ
Անտակ հատակից նո՛րը հարուցեց.
Արգելված երգի զվարթ գույնի տեղ
Խորունկի վրա տրտումը հինեց.
Անմիտ միտումով քանդված բույնի տեղ
Հոգեբնակման մեր տունը շինեց.
Օտարի զենի ու զորության դեմ
Նո՛ր հզորությամբ-նորությա՜մբ զինեց՝
Զենքով մի նորոգ և սքանչելի,
Որի դեմ պիտի դառնային անզոր
Նետ ու յաթաղան,
Փղեր ու տանկեր,
Եվ որ մեր ոգու անբառ կանչերին
Պիտի որոտով միշտ արձագանքեր:

Դա զե՞նք էր արդյոք,
Թե՞ լույս էր, մի լո՜ւյս,
Որ օտար հողմից երբեք չհանգավ,
Այլ քանի գնար՝ պիտի որ հանգեր
Անծուխ-զտաբոց անշեջ կրակի
Եվ տառապալից մեր օրերի մեջ
Լիներ կենարար զվարթ կիրակի:

Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ
Եվ այդ վտանգից նաև ահագին՝
Նա օտար հրի ճարակի դիմաց
Մեր ինքնությունը կոփեց ու կռեց.
Օտար եկամուտ վարակի դիմաց
Մահ համտես արած մեր ամենիմաց
Առողջությունը որմի պես դրեց.
Դրեց խարդախված կաթի դեմ՝ մերան,
Քանակի դեմ՝ թև,
Թվի դեմ՝ թռիչք,
Արյան դեմ՝ թանաք,
Սրի դեմ՝ գրիչ,
Եվ դարանի դեմ՝ Մատենադարան...


Եվ մենք՝ Նրանով միղտ զինավառված,
Միասին եղանք՝ ցիր ու ցան արված.
Անվերջ կրելով զարկեր ու հարված,
Նույնիսկ հաղթվելով ժանտ բանակներից՝
Ժանտերից ժանտին հաղթեցինք կյանքում-
Հաղթեցինք դաժան ժամանակներին .
Կանգուն առ կանգուն թաղվելով հողում՝
Հառնեցինք դարձյալ,
Մնացինք կանգուն.
Անվերջ ընկնելով՝
Վերաթևեցինք.
Մեռնելով անվերջ՝
Գոյատևեցինք...

Եվ հիմա արդեն այդ մե՜զ չեն պեղում,
Այլ մենք ենք պեղում.
Այդ մե՛զ չեն հիշում,
Այլ մենք ենք հիշում,
Մե՛զ չեն վկայում,
Մենք ենք վկայում՝
Հասնելով ուրիշ ժամանակների,
Երբ մենք՝ տառապած միշտ քանակներից,
Հպարտ ենք արդեն մեր նոր որակով.
Մենք՝ բռնադատված արբայնակության,
Հպարտ են հիմա այն արբանյակով,
Որի ծիրի մեջ կա և վազքը մեր.
Եվ հպարտ՝ նաև հրթիռով այն նոր,
Որի թիռի մեջ կա հրաշքը մեր...

Այսպե՛ս ապրեցինք
Եվ այստե՛ղ հասանք:
Այսպե՛ս շիթվելով՝
Դարձանք գոռ հոսանք:
Մենք՝ հինը հնից,
Նորացա՜նք նորից:
Եվ այս ամենը՝
Նրա՛ շնորհիվ...

ԺԳ

Այսքանից հետո ի՞նչ կոչես Նրան.
Մեր կեռմանաշատ երթուղու վրա
Մի նշանացի՞ց,
Մի սյո՞ւն,
Կամ մի ձո՞ղ,
Ինչ-որ գրերի ինչ-որ ստեղծո՞ղ:

Ու եթե պիտի գիր ու տառ հիշվի,
Ապա Նա ինքն է այն մեծատառը,
Որով հասարակ ու պարզուկ բառը
Աճում է հասնում խորհըրդանիշի,
Եվ... մարդը ձգվում ու դառնում է Մարդ,
Անցողիկ մարտը՝ հավերժական Մարտ,
Խեղճ տքնությունը՝ զորեղ Տքնություն,
Ինքնությունն անուժ՝ հուժկու Ինքնություն,
Պաշտողշը՝ Պաշտող,
Իսկ հայը... Մաշտոց:

Մաշտո՜ց...
Այսինքն՝ Ա՛յր մի, որ եկավ ապացուցելու,
Թե մի տեղ վերջը դառնում է Սկիզբ:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Թե հրաշք չկա՜,
Այլ կա լոկ կարի՛ք:

Այսինքն՝ Ա՛յր մի, որ ապացուցեց,
Եվ կոչ է անում ապացուցելո՜ւ,
Որ այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,
Ուր վերջանում է ամե՜ն մի հնար...

1962, փետրվար,
Երևան


Հ.Գ. Մովսես, կարող ես հանգիստ խղճով տեղադրել գրադարանում:Ինքս եմ աչք ու մատ փչացրել տպելու համար(բացառությամբ Ա և Բ գլուխների ):

#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,210 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 December 2005 - 07:45 PM

Շնորհակալ եմ Բարեկամ
Սա կընդունեմ ինչպես Լավագույն նըվերը այս ամանորի


#6 SAS

SAS

    -= Nobility =-

  • Members
  • PipPipPip
  • 656 posts
  • Gender:Male
  • Location:Moscow

Posted 23 December 2005 - 05:09 AM

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ

Մ.Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ:


Ոչ միայն որ գործենն պարտական են,
այլև որ յանձն առնուն


Ա

Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք
Միայն նախդըրիվ - ոսկեղնիկով
Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն,
Որոնց կերպը դու առել ես գուցե
Հին գործիքներից մեր դարբինների
Եվ այն կեռերից ամենատարբեր,
Որոնցից զեն ու զարդ էին կախում...

Բայց Գյուտարարիդ համեմատությամբ
Ես` Դանիելյան թերատ այբուբեն,
Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից,
Չեմ կարող զնգալ
Ու չեմ էլ զնգում,
Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով
Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,

Ա՛զգ,
Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,
Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք`
Թեկուզև մի օր...


Եվ պե՞տք է արդյոք,
Որ արձաններդ հառնեն աստ ու անդ,
Եթե Ինքըդ Քեզ քանի՜ դար արդեն
Քանդակում ես միշտ
Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին
Երեսուն և վեց կերպերով անքանդ:

Պե՞տք է ուրեմն ...
Ու պետք է եթե`
Քեզ... պետք չէ բնա՜վ,
Պետք է ... միայն մե՛զ:


Բ

Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին,
Վերաքննությամբ պիտի մեզ ներես,
Եթե խոսում ենք քանդակ արձանից
Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում,
Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ,
Որ չեն տարբերվում կռապաշտներից:
Եվ այն պատճարով պիտի մեզ ներես,
Որ հնուց անտի սովոր լինելով
Հարկի և տուրքի,
Բաժի և սակի
Ու վճարելով միշտ ճարահատյալ,
Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել`
Հարկը հոգեկա՜ն:
Եվ Դու` եզակի մի հարկահավաք,
Որ ընտրված է ոչ նշանակված,
Ա՛ռ ու մթերի՜ր,
Ա՛ռ ու պաշարի՜ր
Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու,
Որպեսզի կրկին վերաբաժանես`
Մեր նեղ օրերին,
Բայց... իբրև նպաստ
Եվ ոչ մուրածո ողորմաբաժին...

Գ

Աշխարհազբոսիդ համեմատությամբ
Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,
Ի լրո՛ գիտեմ,
Որ քեզ ծին տված բնիկ գավառում
Կար մի մենաստան`
Սուրբն Կարապետ,
Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Սակայն անօրեն մի նոր օրենքով
Փակ է մեր առջև
Ոչ միայն դուռն ու գավիթը վանքի,
Այլ գավա՜ռն ամբողջ
Եվ ո՜ղջ մի երկիր,
Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Եվ ընդդեմ այս բաց անարդարության
Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,
Բայց փակում այնպես,
Ինչպես փակում են մարդիկ մատները,
Եվ ստացվում է դրանից ... բռունցք:

Ուստի իզուր է խոսքը երդումի:
Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք`
Քո Հացեկացը կպեղենք բրչով,
Եվ տարոնական պարզած երկնի տակ
Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի:
Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին...


Դ

Սակայն... Եվ սակայն
Կա սուրբ Օշական,
Որ ազգի համար մի շատ վաղեմի
Հավասար է Նոր Երուսաղեմի:

Աշուն է հիմա:
Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին
Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր,
Իր տերևները, որ շատ են նման
Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի:

Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա:
Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա,
Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար:

Գաղտնասացության համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք
Անխոս լռելյայն երդում է տալիս
Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ:
Անձնադատորեն նա հանձն է առնում
Արդյունավորվել մի՛միայն այնպես,
Որ հողագնդի բյուր լեզուներից
Անարտաքսելի մնա հավիտյան
Մեր այն բարբառը,
Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել:
Բայց մեխե՜ր նաև`
Գամելու համար հին ու նորորյա պիղատոսներին:

Կանխասացության համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք
Եվ վաղը պիտի դառնա մասնակից
Քո անկշռելի որքանությանը,
Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը,
Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի`
Փոխելով քայլն իր մոլորագընաց,
Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին,
Դասալիք լինի բանակից վարձու:
Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք
Ավանդակորույս իրենց վարքի դեմ
Վերստին պիտի աչքերը բանան:
Հայոց աշխարհի այրերից նրանք,
Ովքեր հուլաբար ճամփա են ընկել
Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ`
Օտար հովերի ապտակին հլու,
Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ`
Խորհե՛ն հայերեն,
Ապրե՛ն հայօրեն...

Ե

Հոռետեսության համար չեմ ծնվել
Եվ դեմ եմ հիմար լավատեսության,
Սակայն շատերից մեկն էլ ես` գիտե՛մ.
Դու էիր , որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար:
Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր,
Որ եթե մի օր աստվա՜ծ չարասցե
Գտած հնարըդ դառնա գործազուրկ,
Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած,
Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի:

Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով`
Չունեցար որդի,
Ճիշտ է առավել,
Որ զավակի տեղ ժառանգներ ունես`
Սերունդ ու սերուցք,
Որոնք անըստգյուտ գյուտովդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...

Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում:

Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
- Դու ... գործն ես արել,
- Մենք ... հանձն ենք առել ...



Հ.Գ. ՄոսՋան, ես այսօր բարի և առատաձեռն եմ. tongue.gif ահա մի նվեր ևս...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users