Սուրբ Մեսրոպ
Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն
Օշականի ամենասուրբ գերեզման,
Հանճարի հող´ ուրկեց այսօր,
Տասնևհինգ մրրիկյան դարերու,
Պատմություն մը պերճաշուք,
Արևելքեն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ,
Դեպի զքեզ, ազատորե՜ն աղոթելու կը շարժե...
Օշականի անհո՜ւն մեռյալ,
Դուն բյուրավոր ճյուղերով,
Ոսկեհոս գետ գիտության,
Մտքի փրկիչ, հույսի Հսկա, կյանքի կեդրոն,
Դուն անվախճա՜ն փոշիացյալ,
Ուրկեց ուղեղս, մանկությանս օրերուն,
Ե'ս աղքատորեն եկա վառել...
Օշականի վսեմական վարդապետ,
Դուն վեհիմաստ վանական եվ Աստծո բաժակ,
Դուն Հիսուսի բազմաբուրյան պատմուճան,
Խոսքի´ աղբյուր, բանի բարձունք,
Կարողությանց անվե´րջ կատար,
Դուն իմաստի ավազան եվ աղոթքի կապույտ անձրև,
Ափ մը հողեդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրե...
Օշականի դուն անկորուստ կրոնական,
Անապատին մե´ջ մխրճվող ճգնավոր,
Դուն անբասիր և մեհյանական մենակյաց,
Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան,
Քրիստոսի ազնիվ խոսքին դուն տիրական տարածիչ
Եվ գրանիտյա ուղղափառ սյուն,
Եվ մտքի գմբեթ և հոգիի անծայրածիր հորիզոն,
Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան,
Քու հավատքե´դ հավատացյալ' ես ալ լացի...
Օշականի մեջ անմահորե՜ն մահացյալ,
Անճառելի և անդրանիկ դաստիարակ,
Ե'ս երազային երեխա մը վեցամյա,
Այբբենարանդ ի ձեռին, անմեղորեն զայն հեգելով
Առաջին խաչը, ճակտես սրտիս,
Հավատա ինձ ո՜վ հայությո´ւն...
Պատկերիդ դեմ է որ հաներ եմ...
Եվ լսե´ այսօր, թոթովախոս ծաղկոցի
Շուշանմարմին մանուկներեն`
Մինչև ծերերն հողաբույր,
Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... :
Օշականի հանճարանի՜ստ հողակույտ,
Եկեղեցվո խորանին քով անշուքորե՜ն մրափող`
Եվ Եհովայի պատգամախոս մեծ մատյանին
Դուն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեդարու ադամանդյա՜ բանալի,
Դուն հայ դպրությանց անշրջանակ լուսամուտ,
Դուն լեզվի կաճառ, գեղեցկության իջևան,
Դուն ճեմարան մարմարային մտածումի,
Ներե´ որ քու աշակերտդ արբեցյալ,
Տասնևհինգ դարեր նետո զքե´զ պաշտե...
Օշականեն մեզի հսկող Մտքի Աստված,
Դուն հասողության հիմնաքար,
Աստղերեն մեզ լույս լեցնող ոսկեհասակ աշտարակ,
Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...
Դուն մտածման ծարավներու արծաթյա ծով,
Դուն Տարոնածին հսկա` Մովսես,
Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,
Թո´ղ իմ գանգս, վերջալույսիս,
Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,
Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարեն
Հողակույտիդ վրա վառեն...: