Jump to content


Photo
- - - - -

Aleksandr Shirvanzade


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 05:04 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ալեքսանդր Շիրվանզադե

(1858 - 1935)

Հայ ռեալիստական արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ալեքսանդր Շիրվանզադեն ( Ալեքսանդր Մինասի Մովսիսյան) ծնվել է 1858 թվականին, Շամախի քաղաքում: Սովորել է տեղի հայկական թեմական դպրոցում, ապա՝ քաղաքային երկդասյան դպրոցում: Մանկության ու պատանեկության տարիներին շատ դառնություններ է կրել: Բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել նաև Բաքվում եղած ժամանակ, ինքնակրթությամբ լրացրել է ուսումնասիրության պակասը:

Շիրվանզաեյի վրա մեծ ազդեցություն է թողել ռուս գրականությունը, որն այնպես սիրով ու ջերմորեն է կարդացել, ուսումնասիրել:

1883 թվականին Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս և լիովին հրատարակում է “Նամուս” վեպը ( 1885 թ.), որը նրան համբավ է բերում գրական աշխարհում: Այնուհետև տպագրում է հայ ռեալիստական արձակի գլուխգործոցներից մեկը՝ “Քաոս” վեպը (1898 թ.):

Արտասահմանում եղած տարիներին Շիրվանզադեն հոգու բոլոր թելերով կապված էր Հայաստանի հետ, ապրում էր նրա ցավերով ու հոգսերով և իր ժողովրդի իսկական փրկությունը տեսնում էր Մեծ հոկտեմբերի վեհ գաղափարների հաղթանակի մեջ:

Շիրվանզադեն վախճանվեց 1985 թվականին:

Մեծ են Շիրվանզադեի ծառայությունները հայ գրականությանը: Նա մի նոր աստիճանի բարձրացրեց հայ թատերգությունը: Նրա “Պատվի համար” դրաման, “Մորգանի խնամին” կատակերգությունը և մյուս պիեսները դրա վառ ապացույցն են: “Արտիստը” Շիրվանզադեի լավագույն երկերից է, որը գրված է բարձր արվեստով: Այս ստեղծագործության մեջ նա կերտել է բազմաթիվ հուզիչ պատկերներ, սրտառոչ նկարագրություններ, որոնք մի առանձին հմայք են հաղորդում երկին:

Շիրվանզադեի ռեալիզմը, բուրժուական հարաբերությունների անողոք քննադատությունը, կյանքի ճշմարտացի պատկերման հետևողականությունը և բազմաթիվ այլ հատկանիշներ նրան դասում են մեծ գրողների շարքը:




#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 05:06 AM

ԱՐՏԻՍՏԸ

(կրճատումներով)

Հինգ ամիս էր ընդամենը` Օդեսայում էի, չորրորդ անգամ փոխեցի սենյակս: Փոքր ի շատե մեծ քաղաքում բնակվող մենակեցի համար մի առանձին հաճույք է ստեպ—ստեպ կացարան փոխելը: Անցնելով մի թաղից մյուսը, կարծում ես մի երկրից մյուսն անցար: Նոր հարևանություն, նոր միջավայր, երբեմն այլ կենցաղով ու ոգով:

Այս անգամ պիտի բնակվեի աղմկալից փողոցներից մինում, հինգ հարկանի մի տան երրորդ հարկում: Տանտիրուհիս իտալուհի էր, գեր, առողջ, ամրակազմ մի այրի, մոտ հիսուն տարեկան: Նրա ամուսինը եղել է իտալական օպերայի հուշարար. շատ վաղուց հայրենիքից տեղափոխված Ռուսաստան: Մեռնելով` կնոջ և միակ դստեր համար թողել է իբրև ժառանգություն հինգ նոտանի մի մեծ կապոց և իտալացի արտիստների ծանոթությունը: Այրին ապրելու ուրիշ միջոց չունենալով, պարապում էր սենյակները վարձու տալով:

Հենց առաջին օրը ծանոթացա հարևաններիս հետ: Այդ ինձ համար նոր և բավական հետաքրքրական շրջան էր: Նա բաղկացած էր մեծ մասամբ իտալացիներից: Կար և մի ռուս ուսանող ու մի հրեուհի ատամնաբույժ, բավական գեղեցիկ, թեև ոչ այնքան թարմ: Կենտրոնը կազմում էր տանտիրուհու դուստրը` շիկահեր, փղոսկրի պես փայլուն, մաքուր ատամներով և գեղեցիկ աչքերով քսան տարեկան Լուիզան: Նա երգում էր, ուներ զորեղ և անուշ ձայն, պատրաստվում էր բեմին նվիրվելու: Գիտեր նվագել դաշնամուր, երաժշտության դասեր էր տալիս, փող ժողովում, որ գնա Իտալիա` ձայնը մշակելու:

Առաջին օրն անծանոթ շրջապատում զգացի սովորական անհարմարություն, երկրորդ օրն ընտելացա, իսկ մի շաբաթ անց` բավական բարեկամացա բոլորի հետ: Մենք ճաշում էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով: Երկու ժամից սկսած մինչև երեկոյան չորս—հինգ ժամը ծիծաղ, երգ, նվագում, պար ու սրախոսություններ խառնվում էին միմյանց և ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանց բարեկամական մթնոլորտը:

Մի օր ճաշից հետո Լուիզան նստեց դաշնամուրի քով և սկսեց նվագել ինչ—որ վալս: Բասո—կոնտատո Չելլինին գրկեց կոնտրալտո Լուկրեցիա Կաֆարելլին ու սկսեց պարել: Բարձրացավ ընդհանուր ծիծաղ, որովհետև իրավ, որ, այդ մի զվարժալի զույգ էր: Չելլինին խիստ նիհար էր և շատ բարձրահասակ: Լուկրեցիա Կաֆարելլին ընդհակառակն, խիստ գեր ր և կարճահասակ: Լուիզան նվագելով հանդերձ` գեղեցիկ գլուխը ձգել էր ետ և անզուսպ քրքջում էր, լցնելով սենյակը իր անուշ ձայնի հյութալի հնչյուններով:

Զվարճության տաք միջոցին դռների մեջ նկատվեց ինձ համար մի անծանոթ կերպարանք: Ոչ ոք առաջին պահ չնկատեց նրան, բացի ինձանից, որ նստած էի դռների մոտ: Անծանոթը հենց առաջին վայրկյանից գրավեց ուշադրությունս: Ես դիտեցի նրան: Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ—որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

—Բոն—ջուրնո,— ասաց նա, գլուխ տալով:

—Ոհո՜, արտի՜ստը,— գոչեց ամենքից առաջ բարիտոն Կավալլարոն, որ մի բարեսիրտ մարդ էր` մոտ երեսուն ու հինգ տարեկան:

—Արտի՜ստը, արտի՜ստը,— կրկնեցին մյուսները:

Նույն վայրկյանին պար, նվագ ու ծիծաղ ընդհատվեցին, և բոլոր հայացքները դարձան դեպի պատանին:

—Որտե՞ղ էիր, այսքան ժամանակ չէիր երևում,— հարցրեց Կավալլարոն:

—Սպասեցե՛ք, նա տխուր է,— գոչեց Լուիզան և մոտեցավ պատանուն,— էլի ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չես մտնում:

—Որտե՞ղ է սինյորա Ստեֆանիան,— հարցրեց պատանին:

Նրա ձայնը հուզված էր, դողում էր: Այդ ձայնի մեջ կար մի սրտաշարժ շեշտ, որ արտահայտում էր հեզության հետ և թախիծ:

—Աա՜, հասկացա,— ասաց Լուիզան,— էլի մայրդ երևի հիվանդ է: Խեղճ պատանի, դու սլանում ես երկինք, նա կպած է երկրին...

—Սինյորինա Լուիզա, ես ձեզ խնդրում եմ ինձ չխղճալ,— գոչեց պատանին վիրավորված,— Սինյորա Ստեֆանիան այստե՞ղ է:

—Մայրս խոհանոցումն է:

Պատանին գլուխ տվեց շնորհալի ձևով ու հեռացավ:

—Նա չափազանց տխուր էր,— ասաց Կավալլարոն,— անշուշտ մայրը այս անգամ ծանր հիվանդ է:

—Չեմ կարծում,— նկատեց Լուիզան,— այդ կինը միշտ հիվանդանում է որդուն տանջելու համար: Խեղճ պատանի...

—Խեղճ,— կրկնեց ռուս ուսանողը կծու հեգնությամբ,— բայց նա չի ուզում, որ դուք նրան խղճաք, սինյորինա Լուիզա: Տեսա՞ք ինչպես վիրավորվեց:

—Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ,— ասավ Կավալլարոն, յուր բարի աչքերը թանձր ունքերի տակից դարձնելով դեպի ինձ,— և հպարտությունը սազում է նրա հեզությանը: Սինյոր, նրա կերպարանքն ինձ միշտ հիշեցնում է իմ եղբորը: Տաղանդավոր ջութակահար էր, մեռավ քսան տարեկան հասակում թևերիս վրա:

—Դուք ճանաչո՞ւմ եք Լևոնին,— դիմեց ինձ օրիորդ Ռաիսան` հրեուհի ատամնաբույժը:

—Ո՞չ: Երևակայեցեք, հարևաններ, պարոնը մեր արտիստին չի ճանաչում:

—Օ՜օ, այդ աններելի է,— գոչեցին Լուիզան և Լուկրեցիա Կաֆարելլին:

—Իմ կարծիքով,— ասաց Կավալլարոն,— ով գեղարվեստասեր է, իրավունք չունի Լևոնին չճանաչելու: Նա իսկական արտիստ է, այո, հոգով, սրտով, արյունով, ամբողջ էությամբ արտիստ:

Իմ հետաքրքրությունը բոլորովին գրգռվեց: Ո՞վ է վերջապես այդ մանուկը, որ այդքան գրավել է հարևաններիս համակրանքը:

—Եթե կամենում եք, իսկույն կծանոթանաք,— ասաց Լուիզան,— արժե այցելել նրան յուր ապարանքում: Գիտե՜ք ինչ,— դարձավ նա ընդհանուրին,— վատ չի լինի, եթե խմբովի գնանք մեր արտիստի հիվանդ մորը տեսնելու: Այո՜, վատ չի լինի... Ես գնում եմ, ով ուզում է թող հետևի ինձ:

Այս ասելով նա անմիջապես դիմեց դեպի դռները: Բացի ուսանողից և երկրորդական բարիտոն Բորելլիից, բոլորս հետևեցինք նրան. նույնիսկ հաստամարմին Լուկրեցիա Կաֆարելլին:

Արտիստը բնակվում էր նույն տան վերին հարկում: Լուիզան մեզ առաջնորդեց դեպի գլխավոր սանդուղքը, բարձրացանք չորրորդ հարկը: Այնտեղից նեղ, կեղտոտ, փայտյա սանդուղքով հասանք հինգերորդ հարկը, մտանք մի մթին անցք: Անմիջապես խփեց մեր քթին ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը:

Լուիզան կանգ առավ մեկթևանի մի ցածր դռան առջև:

...Մենք մտանք մի սենյակ, որ մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ մութ անկյունում, պատի տակ երևում էր ինչ—որ բան, նման անկողնակալի թե թաղթի` չգիտեմ: Սինյորա Ստեֆանիայի հաղթանդամ մարմինը թաքցնում էր նրան իմ աչքից: Մի քայլ առաջ գնալով տեսա հնամաշ վերմակի տակ պառկած մի կնոջ դեմք: Նրա ճակատը կապած էր սև թաշկինակով, աչքերը հառած առաստաղին: Նա տնքում էր ու ծանր հառաչում: Նրա ոտքերի կողմում կանգնած էր “արտիստը”: Ըստ երևույթին նրա միտքը կլանված էր կամ մոր հիվանդությամբ, կամ մի ուրիշ հոգսով, որովհետև մեր երևալը աննկատելի մնաց նրա համար:

—Դե լա՛վ, քիչ տնքտնքա,— ասում էր սինյորա Ստեֆանիան հիվանդին,— խոմ չես մեռնում: Սովորական հիվանդություն է, էլի, վաղը կանցնի: Բա—բա—բա, տե՛ս մոտդ ինչ պատվավոր հյուրեր են եկել: Համարյա իմ բոլոր կավալերներն ու դամերը:— Տղա,— դարձավ նա Լևոնին,— երևի այդ դու ես անհանգստացրել մարդկանց:

Պատանին նայեց մեզ, չափազանց շփոթվեց ու շտապեց սենյակի ընդամենը մի զույգ ջարդված աթոռները առաջարկել յոթ հյուրերից չգիտեր ո՛ր մեկին:

—Պարոնը բժի՞շկ է,— հարցրեց հիվանդը, երբ տեսավ ինձ:

—Բժիշկ չէ,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան,— բայց երևի ցավդ բժշկից լավ կհասկանա: Քո հայրենակիցներից է...

—Հա՞յ,— գոչեց հիվանդը զարմանալով, թե ուրախանալով, չգիտեմ, և գլուխը դանդաղ բարձրացնելով, նստեց անկողնում:

—Հա՞յ,— կրկնեցի ես զարմացած, որովհետև ինչ ազգի ասես սպասում էի այդ միջավայրում, բացի հայից:

—Այո՛,— ասաց օրիորդ Ռաիսան,— արտիստը ձեր հայրենակիցն է, զարմանալի է, որ չիմացաք հենց առաջին տեսնելուց:

—Որտեղի՞ց եք,— հարցրեց հիվանդը,— խոմ Բեսարաբիայից չե՞ք: Ո՞չ: Օ՜օ, այդ շատ լավ է, շատ լավ: Օ՜ֆ—օֆ—օֆ, Բեսարաբիայի հայերը աստված չունեն, գազաններ են, չեն ուզում ցավս հասկանալ: Տե՛ր աստված, ոչ ոք ցավս չի հասկանում, ոչ ոք:

—Էլի մի սկսիր հին երգդ,— գոչեց Ստեֆանիան,— բավակա՛ն է:

—Ո՛չ, Ստեֆանիա, չեմ կարող լռել, սիրտս այրվում է: Դու էլ մայրս ես, բայց զավակդ տղա չէ: Օ՛հ, երանի իմն էլ աղջիկ լիներ: Չգիտես ինչ է անում նա: Հոր նման տանջում է ինձ: Պարոն,— դարձավ ինձ,— այդ փչացածն իմ միակ տղան է, հասկանո՞ւմ եք, միակ, ուրիշ զավակ չունեմ: Աստված սիրեք, խելքի բերեք նրան: Նա հոր ճանապարհով է գնում...

—Սովորական գանգատներ են,— շշնջաց ականջիս Լուիզան,— ուշադրություն մի՛ դարձրեք:

Ես նայեցի Լևոնին: Ամաչելուց նրա երեսը դարձել էր պատին, մեզ չէր նայում:

Լուիզան մոտեցավ նրան, բռնեց ձեռներից, երեսը դարձրեց յուր կողմը, ուղիղ նայեց աչքերին, բարեկամական— ո՛չ, ավելի՛,— սիրող քրոջ քնքուշ հայացքով: ինձ թվաց, որ այդ հայացքը թափանցեց մինչև Լևոնի հոգու խորքը: Եվ ո՞ւմ հոգու խորքը չէր թափանցել այն: Լևոնը զվարթացավ և երախտագիտության զգացումով լեցուն աչքերով նայեց իտալուհու երեսին:

—Եթե օրինավոր որդի լիներ,— շարունակեց հիվանդը,— ձեզ նման պատվավոր հյուրերին այս խոզաբնում կընդունե՞ր: Տեսնո՞ւմ եք, աթոռներ էլ չունենք: Անամո՛թ, ինչ ես ցցվել փայտի պես: Չե՞ս տեսնում հյուրերիս:

Լևոնը կրկին անգամ սենյակի մի զույգ աթոռներից առաջարկեց մեզ: Նստելն անկարելի էր. այդ փոքրիկ սենյակում յոթ—ութ հոգի կանգնել միայն կարող էին: Լուկրեցիա Կաֆարելլին երկար չդիմացավ օդի սակավությանը, դուրս գնաց: Չելլինի հետևեց նրան, ասելով թե “արտիստի” մայրը մեռնելու ախորժակ չունի դեռ, կարիք չկա անհանգստանալու:

Նրանց դուրս գալուց հետո սենյակն այնչափ գոնե ազատվեց, որ ես կարող էի դիտել շուրջս: Այն ինչ որ տեսա, ինձ հաճելի զարմացում պատճառեց: Մի անկյունում կախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին գեղարվեստական իրերով: Այնտեղ տեսա Բեթհովենի, Մոցարտի, Շեքսպիրի և Վագների կավյա կիսարձանիկները, աղյուսի գույնով, մի հաստ խեցեղեն շվի, մի կոտրված սրինգ և ուրիշ այդպիսի պարագաներ: Սեղանի առջևին պատից կախված էին մի կիթառ, մի մանդոլինա և մի ինչ—որ թատրոնական զգեստ` նման Ռիգոլետտոյի հագուստին: Ամենահետաքրքրականը մի նկար էր պոլիտրայի վրա, որ ներկայացնում էր երկու պատանիների մենամարտությունը բռունցքներով մի փողոցային երգչուհու համար: Աղջիկն ընկել էր մեջտեղ գզգզված մազերով և աշխատում էր բաժանել ախոյաններին...

—Տեսնո՞ւմ եք,— շշնջաց ականջիս Կավալլարոն,— երաժշտություն, նկարչություն, պոեզիա, ոչինչ չի մոռացված:

Այդ միջոցին հիվանդը շարունակում էր գանգատվել:

—Ահա երեք օր է, առավոտներն էլ երեսը չեմ տեսնում: Նա չի քնում, Ստեֆանիա, չի քնում: Չէ՞ որ կարող է հիվանդանալ, հետո ես ի՞նչ անեմ, ո՞վ կպահի ինձ: Գիշեր—ցերեկ թատրոններում է: Հոր ցավը որդուն է անցել: Անիծվի նրա գերեզմանը, օրս սևացրեց:

—Էլի՛ միևնույն գանգատները,— արտասանեց Լուիզան,— և ինպե՜ս չի հոգնում այս կինը: Եսամո՜լ...

Արդարև, հիվանդի աչքերի մեջ երևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Հրաժեշտ տալիս նկատեցի մի բան. Կավալլարոն թաքուն Լևոնի ափի մեջ սեղմում էր մի ոսկեդրամ, պատանին հրաժարվում էր ընդունել: Այդ ժամանակ բարիտոնը քայլերը դանդաղեցրեց, մնաց սենյակում, թույլ տալով, որ Լևոնը մեզ ուղեկցի:

Սինյորա Ստեֆանիան համառոտ պատմեց ինձ Լևոնի մասին հետևյալը:— Նրա հայրը եղել է թատրոնական վարսավիր և չափազանց գեղարվեստասեր: Համեստ, գլուխը քաշ արհեստավորը հանկարծ անձնատուր է լինում հարբեցողության կործանիչ ախտին և ոչ առանց պատճառի: Պարզվում է, որ նա անհույս սիրահարված է մի երգչուհու վրա: Կուլիսների ետևում, շուտով նա դառնում է ընդհանուր կատակների ու ծաղրի առարկա: Արտիստներից սկսած մինչև վերջին թատրոնական ծառան ծիծաղում են նրա հանդուգն զգացման վրա դեպի մի գեղեցկուհի, որի երկրպագուների թվում անվանում են նաև տեղական քաղաքագլուխ, հայտնի միլիոնատեր ու բարեգործ հույն Մարազլիին...

Հալածանքն ու ներքին վիշտը ներգործում են վարսավիրի վրա այնչափ, որ սրտի դառնությունը օղու մեջ անգամ չի կարողանում խեղդել: Մի օր նա ծեծում է ռեժիսյորին, որ ծաղրելիս է լինում նրա շինած մի կեղծամը, անվանելով նրան “սրիկա”: Նրան զրկում են թատրոնական վարսավիրի պաշտոնից: Այդ ժամանակ նա դառնում է օղու և փողոցների անդառնալի սեփականություն: Եվ մի երեկո ոստիկանները գտնում են նրան մի ծառի տակ, ձյունի մեջ թավալված, բերում են տուն: Երեք օր չանցած` մեռնում է տիֆից, թողնելով կնոջն ու զավակին ճակատագրի հաճույքին:

Այրին, ամուսնու արհեստից զզված ու տանջված, ութ տարեկան Լևոնին հանձնում է մի ատաղձագործի և ինքը սկսում ուրիշների համար ճերմակեղեն կարել: Երկու ամիս չանցած` մանուկն արհեստանոցից փախչում ուսումնարան: Բարի մարդիկ տալիս են նրա ուսումնավարձը: Նա սովորում է գրել—կարդալ: Այրին հանձնում է նրան հագուստեղենի վաճառատուն: Մանուկը չի մնում այնտեղ: Մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի թատրոն: Նա դառնում է աֆիշներ բաժանող` օրական հիսուն կոպեկով և թատրոնների վերնահարկը բարձրանալու իրավունքով:

Անցնում է կուլիսների հետևը, կամաց—կամաց ծանոթանում արտիստական աշխարհի հետ: Այժմ բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:

—Սինյո՜ր, կզարմանաք, եթե ասեմ, որ այժմ նա երբեմն ստեղծում է նորեկ, անծանոթ արտիստի համար փառք մեր քաղաքում,— շարունակեց մոր փոխարեն Լուիզան:— Այո՜, այո՛, սինյոր Չելլինի, մի՛ հակառակեք, այս ճիշտ է: Նա ունի բազմաթիվ հույն ու հրեա ընկերներ, որոնք զարմանալի հավատ ունեին դեպի նրա ճաշակը և սիրում են նրան: Դրանք կլակյորներ չեն, ո՛չ, այլ թատերասերներ: Չգիտեմ, գուցե նրանք կաշառվում են, բայց Լևոնը` ո՛չ, երբեք չի կարելի նրան կաշառել: Սինյոր Կավալլարո, ճի՞շտ եմ ասում, թե ոչ:

—Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար,— արտասանեց բարիտոնը:— Նա իմ հանգուցյալ եղբոր տիպարն է...

—Բայց ինչպե՞ս է ստեղծում անծանոթ արտիստի համար փառք,— հետաքրքրվեցի ես:

—Առաջին ծափահարությամբ,— պատասխանեց Կավալլարոն:

—Չեմ հասկանում,— ասացի ես:

—Սինյոր, երևի չգիտեք` ինչ ասել է արտիստի համար առաջին ծափն անծանոթ քաղաքում: Շատ բան, երբեմն ամեն ինչ: Դուք թատերասեր եք, նկատած կլինեք մի երևույթ: Թատրոնական սրահում նստող հասարակությունը հազիվ է վստահում առաջին ծափը տալ անծանոթ արտիստին: Շատ անգամ, հոգով հիացած երգչի երգով, նա ամաչում է յուր հիացումն արտահայտել. կարող են նրան անճաշակ համարել: Բայց ահա օգնության է հասնում Լևոնը: Նա ազատ է հասարակական նախապաշարումներից, չի քաշվում առաջին ծափը տալ: Խումբը հետևում է նրա օրինակին: Այն ժամանակ հասարակությունը նույնպես ծափահարում է: Մյուս օրը լրագրերը գրում են այդ ծափահարությունների մասին, և ահա անծանոթ արտիստի հաջողությունն ապահով է:

—Եթե, իհարկե, արտիստը շնորհք ունի,— ավելացրեց Չելլինին:

—Այո, իհարկե:

—Բայց քո Լևոնը կարող է շատ անգամ անշնորհքին էլ տալ առաջին ծափը,— նկատեց Բորելլին:

—Ներողություն,— պատասխանեց Կավալլարոն, հեգնորեն ժպտալով,— մեր խմբի վերաբերմամբ գոնե նա դեռ այդպիսի սխալի չի գործել:

Ես գուշակեցի, որ Բորելլին դեռ չի արժանացել Լևոնի ծափին:

Վիճաբանությունը գուցե շարունակվեր, եթե կրկին ներս չմտներ Լևոնը: Այս անգամ նրա դեմքը բավական հանգիստ էր: Նա հրավիրեց Կավալլարոյին մի անկյուն, և շշնջալով ականջին, բաց թողեց նրա գրպանը մի ոսկեդրամ: Հետո իմացա, որ մեր դուրս գալուց հետո նա իր մոր բարձի տակ գտնում է այդ դրամը: Հասկանում է, որ Կավալլարոն պիտի դրած լինի, վերցնում է, բերում, վերադարձնում տիրոջը:

—Համառ ես, Լևոն, համառ,— գոչեց Կավալլարոն, շփելով պատանու գլուխը հայրական սիրով:— Դե լա՛վ, մի՛ նեղանար, նստի՛ր, մի փոքր խոսենք: Դու, իհարկե, երեկ թատրոնում էիր:

—Էի:

—Հավանեցի՞ր ինձ:

—Իհարկե:

—Ապա ինչո՞ւ երեսդ դարձնում ես ինձանից... Ասա՜, կեղծո՞ւմ եմ…

—Սինյոր Կավալլարո, երեկ դուք շփոթված էիք:

—Ե՞ս: Ամենևին: Սխալվում ես:

—Ո՛չ, սինյոր, չեմ սխալվում: Երբ հանգիստ եք, երբեք չեք շեղվում: Մենք ամենքս իմացանք, որ ձեզ բարկացրել են:

—Քեզ այդպես է թվացել: Ոչ ոք ինձ չէր բարկացրել: Ահա տեսա՞ր, Լևոն, ինձ դեռ լավ չես ճանաչում:

Լևոնը նայեց Կավալլարոյի աչքերին այնպիսի պարզ ու խելոք հայացքով, որ կեղծել նրա մոտ անկարելի էր: Կավալլարոն ձեռքը դնելով նրա ուսին, ասաց.

—Չես սխալվում, բարեկամս, երեկ ներկայացումից մի քիչ առաջ խոշոր վեճ ունեցա ռեժիսյորի հետ:

—Ո՛չ, սինյոր Կավալլարո, ասացե՛ք դիրիժորի հետ,— ուղղեց Լևոնը համարձակ:

—Դու որտեղի՞ից իմացար:

—“Օ՜ Կարլո”—ն երգելիս` սինյոր Մարտինին կես տոն բարձր վերցրեց` ձեզ շեղելու համար: Սինյոր Մարտինին բոլորի վերաբերմամբ անաչառ է, բացի իրենից: Ռեժիսյորի պատճառով նա ձեզանից վրեժ չէր առնի: Նա քինախնդիր է միայն յուր անձնական հակառակորդների դեմ:

—Լսո՞ւմ եք, սինյոր,— դարձավ ինձ Կավալլարոն, ոգևորված,— այս պատանու բերանով խոսում է ինքը երաժշտական բնազդը և դիտողական ձիրքը:

Լևոնը վեր կացավ, գլուխ տվեց, շնորհակալություն հայտնեց մեզ մեր այցելության համար և շտապեց դեպի դռները: Այլևս նա այնքան գրավել էր ինձ, որ կամեցա անպատճառ հետը խոսել:

—Հայերեն գիտե՞ք,— հարցրի ես, երևի, հայրենասիրական զգացումից դրդված:

—Գիտեմ:

Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով` տաճկական արտասանությամբ: Իտալացիներից միայն տանտիրուհիս և նրա աղջիկը գիտեին ռուսերեն, նաև Կավալլարոն: Մյուսների հետ Լևոնը խոսում էր իտալերեն:

Մի քանի հարցեր տվեցի նրան պարզ հայերեն լեզվով: Նա ապշած նայեց երեսիս և ժպտաց:

—Չե՞ս հասկանում,— դարձա ես ռուսերեն լեզվի օգնությանը:

—Այդ լեզուն եկեղեցական է,— խոսեց նա տաճկերեն լեզվով,— իմ իմացած հայերենը այա այս լեզուն է:

Ինձ համար նորություն չէր Բեսարաբիայի հայերի` մայրենի լեզուն չիմանալը: Բայց առաջին անգամ էի պատահում մեկին, որ տաճկերենը հայերեն էր համարում:

Ես խնդրեցի Լևոնին այցելել ինձ շուտ—շուտ և իմ կողմից խոստացա այցելել նրան:

Նա ինձ երկար սպասել չտվեց: Հետևյալ օրն իսկ եկավ սենյակս և ուրախ—ուրախ հայտնեց, թե մայրն արդեն առողջանում է: Ուղիղն ասած` ես չէի հետաքրքրվում մոր վիճակով, ինձ զբաղեցնողը որդու ճակատագիրն էր:

Երբ խոսքը բաց արի թատրոնի ու երաժշտության մասին, պատանին կերպարանափոխվեց, ինչպես կրակոտ սիրահար, երբ խոսվում է նրա ընտրյալի վերաբերմամբ: Ոգևորված նկարագրեց յուր լսած երևելի երգիչների ու նվագիչների տաղանդը: Վերջին յոթ տարվա ընթացքում լսել է բոլոր նշանավոր երգիչներին ու նվագիչներին, որոնք այցելել էին Ռուսաստան Օդեսայի վրայով:

—Երևի դու էլ նվագում ես կամ երգում,— հարցրի ես:

—Ո՛չ, սինյոր:

—Չեմ հասկանում:

—Երգելու համար ձայն չունիմ:

—Իսկ նվագելու համար գործիքներ շատ ունիս սենյակումդ: Երեկ տեսա:

—Այո՛, նվագում եմ մանդոլինա և կիթառ:

—Նոտաներ գիտե՞ս:

—Սինյորինա Լուիզան սովորեցրել է: Դուք լսե՞լ եք նրա երգեցողությունը: Հիանալի ձայն ունի” Այնպես չէ՞: Այո՞, հավանե՞լ եք: Իհարկե, ո՛վ չի հավանի: Օ՜օ, Լուիզային մեծ ապագա է խոստանում.

Նա լռեց, հառաչեց, հայացքը ձգելով դեպի անորոշ տարածություն: Ես նրա դեմքի վրա նշմարեցի հոգեկան գաղտնի տառապանքի արտահայտություն: Խոստովանում եմ, այն ժամանակ նշանակություն չտվեցի նրա հառաչանքին: Եվ մի՞թե կարող էի երևակայել տասնութ տարեկան պատանու հոգին որևէ լուրջ վշտի ընդունակ:

—Այդ բոլորը լավ,— ասացի ես,— բայց դու ինչո՞վ ես կերակրում քեզ ու մորդ: Չէ՞ որ հայրդ ժառանգություն չի թողել:

—Գործ շատ կա, սինյոր: Պրոգրամներ եմ ծախում, ստատիստի դեր եմ կատարում բեմի վրա, պոչ եմ բռնում: Ա՜խ, սինյոր, եթե միջոց ունենայի, կսովորեի վիոլոնչել նվագել ու կմտնեի երաժշտական խումբը:

—Հիշո՞ւմ ես հորդ, Լևոն:

—Իհարկե, շատ լավ եմ հիշում:

—Ասում են նա բարի մարդ էր:

—Այո՛, սինյոր, շատ բարի էր, միայն...

—Հարբում էր,— լրացրի ես պատանու խոսքը:

—Նա երբեք ինձ չէր ծեծում, չէր էլ բարկանում վրաս, բայց ո՜չ, մի անգամ բարկացավ, հիշում եմ…

—Երևի չարություն էիր արել:

—Այո: Այն ժամանակ նրա խանութն ահա այն անկյունի կապույտ տան ներքին հարկում էր: Ամեն օր գնում էի այնտեղ կեղծամներ սանրում: Մի օր նա տխուր էր շատ: Մի ժեներալ եկավ երեսը սափրել տալու: Նրա մոտ միշտ մեծամեծներն էին գալիս: Ես վերցրի մի սանր, վրեն քաշեցի մի թուղթ ու սկսեցի շրթունքներովս նվագել: Ժեներալը բարկացավ ու հորս հրամայեց ինձ դուրս անել: Հայրս մոտեցավ, ականջս քաշեց ու, վզակոթիս տալով, վռնդեց դուրս: Բայց հետո, երբ ժեներալը գնաց, կանչեց ինձ ներս, աչքերս սրբեց, համբուրեց ու ասաց. “Եթե դու ունենաս երաժշտական ընդունակություն, ինձ գրավ կդնեմ` քեզ չեմ թողնիլ առանց ուսման”: Այո՛, սինյոր, շատ լավ մարդ էր, թեև հարբում էր: Սինյոր, ներեցեք, ո՞ր ժամն է:

—Տասնումեկ:

—Օ՛օ, ես ուշացա: Ներողություն, էլի կգամ: Ձեր սենյակը լավն է: Դուք ինձ գրքեր կտակ կարդալու, այո՞: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Այսօր Կալաֆատիի բենեֆիսն է: Թատրոնը լիքն է լինելու: Պետք է պոչ բռնեմ:

Ես կամեցա հարցնել` ի՞նչ ասել է “պոչ բռնել”, բայց Լևոնն արդեն չքացել էր...

...Օպերային փոխարինեց դրաման: Մեծ պասի առաջին կիրակուց սկսվեցին ներկայացումները: Լևոնը մտավ յուր դերի մեջ, բայց ո՛չ նախկին սիրով. դրաման, օպերայի չափ չէր սիրում, մանավանդ որ եկվոր խմբի մեջ չկային գրավիչ ուժեր: Սակայն պատանուն պաշարել էի ուրիշ տեսակ աշխույժ, որ ինձ անհանգստացնում էր: Նա ամեն օր գալիս էր ինձ մոտ, վերցնում մանդոլինան, նստում լուսամուտի մոտ, նվագում “Մադրիդի շրջմոլիկը”: Երբեմն հանկարծ ընդհատում էր նվագումը, մանդոլինան շտապով դնում էր սեղանի վրա և դուրս վազում: Նա գնում էր Լուիզայի մոտ, նստում և երկար հարց ու փորձ անում առաջիկա ճամփորդության մասին: Եվ բարեսիրտ Լուիզան երբեք չէր ձանձրանում նրա հարցերից, որովհետև նրա համար հաճելի էր խոսել յուր ապագայի մասին:

—Գիտե՞ք,— դարձավ ինձ մի անգամ Ռասիան,— նա ուղղակի սիրահարված է Լուիզայի վրա: Այո՛, կարող եմ երդվել, որ սիրահարված է:

—Զգո՛ւյշ եղեք, օրիորդ,— ասացի ես,— Լևոնը կլսի ու կվշտանա:

Ես հիշեցի թշվառ վարսավիրին և վախեցա` մի գուցե որդին ենթարկվի հոր վիճակին: Բայց, բարեբախտաբար, Լուիզայի շրջապատողներն ավելի խելացի էին, քան այն երգչուհու շրջանը, որի վրա սիրահարված էր եղել վարսավիրը: Ռաիսան խոսք տվեց ինձ այլևս չխոսել Լևոնի նվիրական զգացմունքների մասին...

Հասավ, վերջապես, օրիորդի ուղևորության օրը: Մի շաբաթ էր` Լևոնն անճանաչելի էր դարձել. նա ուրախ էր ու զվարթ: Կարծես, ինքն էր պատրաստվում ճանապարհորդելու: Գնում էր, գալիս, խոսում, զվարճախոսում: Չգիտեր ինչ աներ Լուիզայի սիրտը շահելու համար: Ուղևորության նախընթաց երեկո Լուիզան ցույց տալով մի արծաթե գրչակոթ, ասաց.

—Տեսե՛ք ի՞նչ խելագարություն է արել ձեր հայրենակիցը: Չէ՞ որ այս նրա մի շաբաթվա աշխատանքի վարձն է:

—Նա նվիրել է ձեզ այդ գրիչը, որ նամակներ գրեք իրեն,— ասացի ես:

—Այո՛, և ես կգրեմ նրան: Խնդրեցի նրան ետ վերցնել նվերը, վիրավորվեց, քիչ մնաց լաց լիներ:

Գնացքն ուղևորվում է առավոտյան ժամը տասին: Մենք` սինյորա Ստեֆանիայի բոլոր կենողներս, գնացինք կայարան Լուիզային ճանապարհ դնելու: Կարծում էի Լևոնը ամենից առաջ եկած կլինի այդտեղ: Սակայն նա չկար և չերևաց երկար ժամանակ: Այս անսպասելի էր. ի՞նչը կարող էր խանգարել նրան վերջին անգամ տեսնելու Լուիզային:

Սինյորա Ստեֆանիան ինձ հաղորդեց, թե Կավալլարոյից մի շատ սիրալիր նամակ է ստացել: Երգիչը ուրախությամբ հանձն է առնում հոգալ Իտալիայում Լուիզայի մասին, ղեկավարել նրա առաջին քայլերը:

—Նա շատ ազնիվ մարդ է,— ավելացրեց տանտիրուհին ուրախ—ուրախ,— հարազատ եղբոր պես կնայի Լուիզային: Ես աղջկաս չէի թողնիլ, եթե չլիներ Կավալլարոն...

Երբեք Լուիզային այնչափ զվարթ ու զվարճախոս չէի տեսել, որչափ այդ օրը, չնայելով որ մինչև կայարան գնալն երկու անգամ արտասվել էր մորից բաժանվելու պատճառով: Մի վայրկյան անգամ չէր հանգստանում, թռչկոտում էր, ինչպես յոթ տարեկան աղջիկ, քրքջում էր; հրճվում յուր ճանապարհորդությամբ: Ամենքիս հետ կատակներ էր անում և բոլորին խոստանում առանձին—առանձին նամակ գրել: Նա լի էր ապագայի վերաբերմամբ քաղցր հույսերով, և այդ հույսերը չէր թաքցնում մեզանից: Մի երկու տարուց նա կվերադառնա մշակված, կատարելագործված ձայնով կսկսի երգել օպերայում: Տեսեք, ինչպիսի՜ հաջողություն, որքա՜ն երկրպագուներ:

—“Իսկ նա՞,— անցավ մտքովս ակամա,— նրա մասին չե՞ս մտածում”:

—Բայց ո՞ւր է Լևոնը,— հարցրեց Լուիզան հանկարծ, կարծես գուշակելով իմ միտքը,— ա՜հ, իմացա ինչու համար է ուշանում: Ռիշելիեի փողոցով անցնելից տեսա նրան ծաղկավաճառի խանությում: այդ պատանու սիրտը օվկիանոս է, ընդարձակ... Ահա նա, գալիս է... Տեսեք` ինչ է բերում, չէի՞ ասում... Անուղղելի՜...

Ճեղքելով կայարանի ամբոխը, Լևոնը մոտեցավ մեզ մի գեղեցիկ փունջ ձեռքին: Շատ վազելուց քրտնել էր ու սաստիկ հևում էր: Դիմելով ուղղակի Լուիզային, գդակը վերցրեց և գլուխ տալով փունջը ներկայացրեց:

Արդեն լավ ճանաչելով նրան, ես վախեցա միայն մի բանից` Լուիզայի հանդիմանությունից: Եթե օրիորնդն ամենաթեթև ակնարկն անգամ աներ, թե այդպիսի մի նվեր բոլորովին չի համապատասխանում Լրոնի աղքատ գրպանին, գիտեի, պիտի չարաչար վիրավորեր նրան: Բայց նա նրբազգաստ գտնվեց. իսկույն ըմբռնեց Լրոնի հոգեբանությունը և այնպես հայտնեց յուր շնորհակալությունը, այնպես ժպտաց, հոտ քաշելով փնջից, այնպես գովեց նվերը, որ պատանու այտերը կարմրեցին հաճույքից:

Այդչափ սրտագետ չգտնվեց Ռասիան. նա հարցրեց Լուիզային.

—Կավալլարոն քեզ դիմավորելո՞ւ է Միլանում:

—Այո,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան:

—Մի՞թե նա այնտեղ է,— հարցրեց Լևոնը հուզված, դողդոջուն ձայնով:

—Նա եկել է Միլան հատկապես Լուիզային դիմավորելու համար,— պատասխանեց սինյորա Ստեֆանիան մի առանձին հաճույքով:

Այդ հոգեկան հաճույքը, որ մի ժպիտով Լուիզան պատճառել էր Լևոնին, վայրկենաբար չքացավ, տեղի տալով գաղտնի նախանձի կրծող կրքին: Բայց Լևոնը գիտեր զսպել իրեն չափահաս տղամարդի պես: Նա ասաց.

—Այդ լավ է: Սինյոր Կավալլարոն կօգնի սինյորինա Լուիզային:

Երկրորդ զանգի միջոցին Լուիզան սկսեց վերջին հրաժեշտը տալ: Նա արավ ավելի, քան կարելի էր սպասել նույնիսկ յուր նման մի բարի, հասարակ և պարզասիրտ օրիորդից, որ վարակված չէր նախապաշարումներով: Ազատվելով մոր գրկից, ամենից առաջ Լևոնի ձեռն առավ և... համբուրվեց նրա հետ պարզ, ընկերական կերպով: Հետո շտապ—շտապ սեղմելով մեր ձեռքերը, փունջը ձեռքին բարձրացավ կառախումբ:

Ես դիտում էի Լևոնին: Նա բևեռվել էր նույն տեղում, ուր արժանացավ Լուիզայի հրաժեշտի համբույրին և նայում էր այն լուսամուտին, ուր պիտի երևար օրիորդը: Բնազդաբառ բռնեցի նրա թևից և մի փոքր հեռացրի կառախմբից...

Ահա երևաց Լուիզայի զվարթ դեմքը լուսամուտից: Նա օդային համբույրներ էր ուղարկում մեզ: Մի քանի րոպե ևս, և լսվեց երրորդ զանգը, ու կառախումբը կամացուկ շարժվեց, այնպես անաղմուկ, որ կարծես նավ էր լողում: Այն ժամանակ միայն Լևոնը սթափվեց և գլխարկը բարձրացնելով գոչեց իտալերեն...

—Բարի ճանապա՜րհ... Ցտեսությո՜ւն... Շուտո՜վ...

Տուն վերադարձանք երկուսս միասին ձիաքարշով: Ճանապարհին Լևոնը մի բառ անգամ չարտասանեց: Լուռ էի և ես. չէի կամենում ընդհատել նրա մտքերի թելը: Թե նա տանջվում էր` այս պարզ էր ինձ համար, թե նա երջանիկ էր Լուիզայի համբույրով` այս էլ երևում էր: Բայց թե ի՞նչ էր մտածում` այս չիմացա, երևում էր միայն որ նրան զբաղեցնողը սովորական մի միտք չէ...

Ես հրավիրեցի նրան սենյակս: Ինչ—որ պատճառով հրաժարվեց գալ: Արագ—արագ բարձրանալով վերև չքացավ հինգերորդ հարկի բարձրության մեջ:

Այդ օրից ավելի քան մի շաբաթ անցավ, ես նրան չտեսա: Ինքը չէր գալիս սենյակս, իսկ ես բարձրանում էի վերև և միայն մորը հանդիպում:

—Ուշ գիշերին տուն է գալիս սենյակս, երբ քնած եմ, առավոտը գնում է, երբ քնած եմ, բայց լավ որդի է, ամեն օր սեղանի վրա թողնում է հիսուն կոպեկ ողորմություն... Անիծվի նա...

—Տիկին,— գոչեցի ես բարկացած, բոլորովին համբերությունից դուրս գալով այրու անվերջ անեծքներից,— նա ձեր ծախսը տալիս է, հերիք է, էլի, ի՞նչ եք ուզում...

Խեղճ կինն ապշած նայեց երեսիս ու մի քայլ հետ դրեց: Երևի շատ էի բարկացած, և նա չէր սպասում իմ կողմից այդչափ կոպտություն: Ես զղջացի. ինչ և լիներ, նա դժբախտ էր, գոնե այդպես էր համարում իրեն:

—Հետաքրքրվե՞լ եք արդյոք, ո՞ւր է գնում ամեն օր,— հարցրի ես ձայնս մեղմացնելով:

—Շատ էլ հետաքրքրվում եմ, որ չի ասո՞ւմ: Կիթառն էլ ամեն օր հետը տանում է: Բայց ես կիմանամ` թե ուր է գնում, կիմանամ, չեմ թողնի, որ կորչի հոր պես...

Զարմանալին այն էր, որ թատրոնների շուրջն էլ չէի հանդիպում Լևոնին: Ես կատարելապես տխրում էի առանց նրան, մանավանդ որ սինյորա Ստեֆանիայի սեղանատունը զրկվել է յուր հրապույրից: Այնտեղ այլևս չէին հնչում Լուիզայի մետաղային ձայնն ու վարակիչ ծիծաղը: Սինյորա Ստեֆանիան նրա ուղևորվելուց հետո երկրորդ օրը դաշնամուրը վերադարձրել էր երաժշտական խանութ, ուսկից վերցրած էր ամսավարձով: Չկար ո՛չ նվագող, ո՛չ երգող, ո՛չ ծիծաղող: Ռաիսան և ուսանողը մտերմացել էին ու զբաղված էին իրենց մտերմությամբ: Ավարտելով ճաշը, նրանք շտապում էին հեռանալ իրենց սենյակները:

Ես ուրախությամբ կտեղափոխվեի մի ուրիշ բնակարան, եթե չվնասեի Ստեֆանիայի դրությանը: Նրա սենյակների մեծ մասը դատարկ էր, եթե ես էլ դուրս գայի, խեղճ կինը պիտի տուժեր:

Մի անգամ ճաշից հետո բուլվարում էի: Այնտեղից բացվում էր Օդեսայի գեղեցիկ տեսարաններից մեկը: Մոտ երկու հարյուր ոտնաչափ բարձրությունից երևում են ամբողջ նավահանգիստն ու ծովածոցը իրանց հազարավոր նավերով: Ես վաղուց էի կշտացել այդ տեսարանից: Նստած ամբոխից հեռու, մի առանձնակի նստարանի վրա` երաժշտություն էի լսում: Ակամա հիշում էի Լևոնի մանդոլինան, որը տաս օր էր որբացել էր սեղանիս վրա: “Ո՞ւր է նա այժմ”— հարցնում էի ինքնս ինձ և հարցը մնում էր հարց:

* * *

Տարօրինակ դրության մեջ տեսա ես Լևոնին այդ երեկո: Հեզ պատանին կատարելապես կատաղել էր: Առանց բաճկոնի և կոշիկների թավալվել էր դռների առջև և մռնչում էր ինչպես մատաղ գազան, կրծոտելով իր ձեռների միսը: Նրա նիհար պարանոցի երակներն ուռել, փքվել էին, կարծես` ահա, ահա պիտի տրաքվեին ձգված լարերի պես, նա ոտները զարկում էր հատակին ինչպես դիվահար:

Պատահել էր մի շատ սովորական դեպք, որի նմանները պատահում են Օդեսայի խուլ անկյուններում գրեթե ամեն երեկո: Նավահանգստից վերադառնալիս, Լևոնի վրա հարձակվել էին ինչ—որ քաղցած սրիկաներ, խլել ձեռքից կիթառը, հանել բաճկոնն ու կոշիկները և բաց թողել:

—Եվ դրա համար քեզ սպանո՞ւմ ես,— գոչեցի ես, բռնելով Լևոնի թևը,— ամո՛թ:

—Ես էլ այդ եմ ասում, որդի, խոմ չեմ նախատում: Տանը մի հատ պիջակ էլ ունիս, կոշիկներ էլ... Վայ, տեր աստված, ինչպես է գլուխը պատին խփում: Այս ի՜նչ պատիժ է, երկնային թագավոր...

Կասկածելի էր, որ Լևոնը կիթառի, մանավանդ ողորմելի պիջակի ու կոշիկների համար այդպիսի հեծ ու կոծ բարձրացներ: Անշուշտ կորուստն ավելի մեծ էր: Խնդրեցի Ալմաստին մի քանի որպե թողնել մեզ առանձին: Այրին դուրս գնաց: Ճանաչելով Լևոնի բնավորությունը, գիտեի` ինչպես խոսել այսպիսի հանգամանքներում նրա հետ: Նա սիրում էր զգալ, որ մարդիկ իրեն չափահաս են համարում:

—Ամոթ է, Լևոն: Փառք աստուծո, դու երեխա չես, խելքի եկ... Չարժե այդպես գոռալ:

—Չարժե՞, չարժե՞, սինյո՜ր, դուք է՞լ եք ասում: Բայց չգիտեք ինչ եմ կորցրել, ի՜նչ: Ձախ կոշիկս... այո՛, ձախը... Գիտե՜ք... Իտալիա, վիոլոնչել, երգ, երաժշտություն, կորավ ամեն ինչ... Բուրվարի ներքևում էր, այն մեծ սանդուղքի մոտ: Երկու հոգի էին` մեկը բարձրահասակ, մյուսը թիկնավետ: Բարձրահասակը, բռնեց ետևից ձեռներս, մյուսը խուզարկեց գրպաններըս: Երբ մի ռուբլուց ավելի չգտան` բարկացան: Կարծում էի կիթառս կխլեն, կհեռանան: Չեղա՜վ: Պիջակս էլ հանեցին... Տերը նրանց հետ, թող շապիկս էլ հանեին` չէի խոսիլ... Բայց կոշիկներս, ձախ կոշի՜կս... “Հանի՛,— ասաց ձեռքերս բռնողը,— գոնե երկու բաժակ օղի արժեն”: Երբ թիկնավետը կռացավ կոշիկներս հանելու, կատաղեցի, սկսեցի կրծոտել նրա ուսերը, գլուխը... Նա ինձ ապտակեց: Աչքերս մթնեցին... Սկսեցի աղաչել, պաղատել... Չլսեցին անաստվածները... Տարան, տարան...

—Ուրեմն կոշիկներիդ համար ես լալիս,— ասացի ես, մոտավորապես հասկանալով բանի էությունը:

—Հարյուր հիսուն ռուբլի, սինյոր, հարյուր հիսուն ռուբլի կար կոշիկիս մեջ, ձախ կոշիկիս... Այնտեղ էի պահում հավաքած փողերս...

Եվ նա սկսեց դառնագին հեկեկալ...

Այսպես, ուրեմն, տարել էին նրա վեց—յոթ ամսվա աշխատանքի վարձը, նրա Իտալիա գնալու, Լուիզային տեսնելու հույսը... Նա ավելի ապահով տեղ չէր գտել յուր փողերի համար: Տանը պահել վախեցել էր: Մայրը կգտներ, չէր վերադարձնի: Այդ կինը ամեն առավոտ որդու գրպանները խուզարկում էր, մոտը փող չէր թողնում:

—Փաթաթել էի թղթում, դրել կրունկիս կողմում, վրեն կաշի խփել, ծայրերը գամել... Շատ գիշերներ կոշիկներով եմ քնել... Տարա՜ն սրիկաները... Ով գիտե, հիմա ծախում են մի բաժակ օղիով կամ մի ֆունտ հացով... Տե՜ր աստված, տե՜ր աստված, ի՞նչ պիտի անեմ...

Ես խոսքեր չէի գտնում թշվառին մխիթարելու: Խստություն չհամարեցի նախատել նրան յուր անզգուշության համար: Հարկավոր է միայն ցույց տալ կորուստը գտնելու գեթ մի հույս: Արդեն վիշտը շատ մեծ էր:

—Ա՜ա,— գոչեց նա հանկարծ, ձեռը զարկելով հատակին,— հույս կա, հույս կա գտնելու:

—Այո՜,— ուրախացա ես երեխայի պես:

—Այո՛, սինյոր: Դուք ճանաչո՞ւմ եք Իցկոյի հորը: “Մոշկա սելյոդկա” են կոչում նրան: Հին հագուստեղեն ու կոշիկներ է գնում, վաճառում: Ա՛հ, իսկույն կգնամ նրա մոտ, իսկույն: Մա՛մա, ներս եկ, տուր ինձ մյուս կոշիկս, պիջակս, գնում եմ կիթառս փնտրելու...

Հակառակ մոր կամքին, նա շուտով հագնվեց ու վազեց դուրս:

Ես, իհարկե, Ալմաստին չհայտնեցի, թե Լևոնն ինչ է կորցրել: Երևակայում էի` ինչ ողբ պիտի բարձրանար և որքան անիծեր որդուն:

Վերադարձա սենյակս, հոգով նախանձելով հարուստներին: Ինչո՞ւ ես էլ հարուստ չէի...

...Մի շաբաթ շարունակ Լևոնը վաղ առավոտից սկսած մինչև ուշ երեկո փնտրում էր յուր կորուստը: Ընկերները` Շաուշենկոն և Իցկոն, հուսահատվել էին, այլևս չէին օգնում նրան, իսկ նա դեռ փնտրում էր: Նա զրկվել էր քնից, հանգստությունից, ախորժակից: Տուն էր վերադառնում երեկոները, հագուստով պառկում անկողնում, հեկեկում ու հեկեկում: Ալմաստը հուսահատությունից չգիտեր` ինչ աներ, տանջվում էր որդու հետ հավասար: Նա պնդում էր, թե Լևոնը կխելագարվի, եթե այդ դրության մեջ մնա: Ամեն ինչ մոռացել է, ոչնչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոններով:

Խոստովանում եմ, ես այլևս քաջություն չունեի Լևոնի վիշտը տեսնելու: Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը, կտրատում էին սիրտս: Այնինչ` այժմ նա ավելի հաճախ էր այցելում ինձ, քան առաջ: Գալիս էր, նստում սեղանի քով և խոսում յուր կորստի մասին: Նա դեռ պահում էր իր սրտում մի թույլ հույս փողերը գտնելու: Ով գիտե, անկարելի ոչինչ չկա, կարող են այդ կոշիկները պտտել ամբողջ քաղաքը և դարձյալ ետ գալ, իրենց տիրոջ ձեռքն ընկնել... Բայց շուտով այդ թույլ հույսն էլ մեռավ նրա մեջ և Լևոնի միտքը սկսեց փոքր առ փոքր սթափվել: Ծանոթ նավաստիները խնդրում էին նրան շարունակել հաճախել պանդոկները, խոստանալով նրա համար նոր կիթառ գնել: Ես խորհուրդ տվի նրան ընդունել այդ առաջարկությունը և նորից սկսել փող ժողովել: Մի օր, վերջապես, նա գնաց “Արքայական յախտա” մի նոր կիթառ ձեռքին: Երեկոյան պատմեց ինձ, թե նավաստիները ինչպիսի ուրախությամբ են ընդունել նրան, ինչպես գրկել ու համբուրվել նրա հետ: Նրա բերանից դարձյալ օղու հոտ էր գալիս: Երևի այս անգամ խմել էր` վիշտը մոռացության տալու համար. ես քաջություն չունեցա նրան հանդիմանելու:

Մի չնչին գումար, որ կարողացավ նա խնայել առաջին ամիսը, նորից վերակենդանացրեց նրա հույսեևը: Այս անգամ նա անկեղծ խոստովանեց ինձ, որ Իտալիա գնալու գլխավոր նպատակը Լուիզային տեսնելն էր: Գրեթե օր չէի անցնում, որ նա չհարցնի.

—Սինյոր, ի՞նչ լուր կա Լուիզայից:

Նա ինքը ամաչում էր անմիջապես սինյորա Ստեֆանիային դիմել այս հարցով: Ես հաղորդում էի նրան բոլորը, ինչ որ լսում էի տանտիրուհուց: Միշտ Լուիզան բարև էր ուղարկում Լևոնին: Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ: Չգիտեմ, կա՞ր արդյոք մի ուրիշը, որ այնքան ուրախանար Լուիզայի ամեն մի նոր հաջողության համար, որքան այդ սիրահարը: Նա ասում էր, թե ամենից ավելի ինքն է սիրում Լուիզային, և ամենից առաջ էլ ինքն է ուզում ծափահարել նրան բեմի վրա. ոչ այստեղ` Օդեսայում, այլ այնտեղ` Իտալիայում:

—Եթե մինչև առաջիկա գարուն չկարողանամ ճանապարհ ընկնել, կխելագարվեմ:— Մի ուրիշ անգամ դիմեց ինձ այս հարցով.

—Ի՞նչ եք կարծում, սինյոր, Լուիզան նշանավոր երգչուհի դառնալով կգոռոզանա՞:

Հասկացա, թե իսկապես ինչ է ուզում իմանալ: Հոգու խորքում նա ինքն իրան արժանի չէր համարում Լուիզային, բայց հպարտությունը չէր թույլ տալիս խոստովանել այդ: Նա ուզում էր իմ միտքն իմանալ` արժանի՞ եմ համարում իրեն Լուիզային, թե՞ ոչ:

Կամենալով գեթ մի փոքր սթափեցնել այդ` օրից օր ավելի ու ավելի կուրացող հոգին, պատասխանեցի.

—Այո, կգոռոզանա: Նա այժմ էլ, երբ դեռ շատ հեռու է նշանավոր երգչուհի համարվելու պատվից, գոռոզացել է...

—Ո՞վ ասաց,— գոչեց Լևոնը վշտացած:

—Նրա վարմունքը: Նա քեզ մոռացել է:

—Ի՞նչ: Ինչո՞ւ, նա միշտ բարևներ է ուղարկում, խոմ ինքներդ եք ասում:

—Այո՛, բարեկամս, ուղարկում է, բայց ների՛ր, այդ բարևների նպատակը ես ուրիշ կերպ եմ հասկանում: Լուիզան, դեռ երգչուհի չդարձած, արտիստների խորամանկությունն է յուրացնում: Ես ճանաչում եմ նույնիսկ տաղանդավոր երգչուհիներ ու դերասանուհիներ, որոնք շողոքորթում են համալսարանական քաղաքներում ուսանողներին, գավառական քաղաքներում` գիմնազիաստներին միմյանց նրանց ցույցերին արժանանալու համար: Իսկ դու քո խմբով ավելի գեղեցիկ ցույցեր գիտես անել: Լուիզան այս գիտե և քեզ հետ հեռավոր բարեկամություն է պահպանում յուր ապագայի համար, թեև գիտե միևնույն ժամանակ, որ դու կաշառվող չես: Ա՜խ, բարեկամս, մի՛ հափշտակվիր այն ուսանողի պես, հիշո՞ւմ ես, որ անցյալ տարի ինքնասպանություն գործեց մի երգչուհու պատճառով: Լուիզան քեզ չի սիրում, եթե սիրեր` նամակ կգրեր: Ինչո՞ւ մեկը գրեց ու լռեց:

Գուցե ես զրպարտում էի Լուիզային, բայց ասածիս մեջ զգում էի ճշմարտության մաս: Լևոնին փրկելու համար պատրաստ էի ավելի վատ գույներով պատկերացնել Լուիզային նրա առջև:

—Նա ժամանակ չունի ինձ նամակ գրելու, զբաղված է,— ասաց Լևոնը ոչ այնքան Լուիզային արդարացնելու, որքան յուր անձնասիրությունը պաշտպանելու համար:

Որքան հիշում եմ, հենց այդ օրն էր, որ սինյորա Ստեֆանիան մտավ սենյակս անսովոր ուրախ տրամադրության մեջ և ասաց.

—Սինյոր, հիմա կարող եք ինձ շնորհավորել:

—Ի՞նչ է պատահել:

—Պատահել է այն, ինչ որ վաղուց սպասում էի անհամբեր: Լուիզան երեկ պսակվել է Կավալլարոյի հետ... հենց այս րոպեիս հեռագիր ստացա... ահա՛...

Եվ ծոցից հանելով հեռագիրը ցույց տվեց ինձ:

—Այդպես անսպասելի՞, —գոչեցի ես, թեև վաղուց մի ներքին ձայն ինձ ասում էր, թե կա ինչ—որ մտերմություն Լուիզայի և Կավալլարոյի միջև:

—Անսպասելի չէր, սինյոր, ոչ, այդ դո՛ւք չգիտեիք, իսկ ես գիտեի, որ նրանք նշանված են վաղուց: Նշանվելն ինձ համար կարևոր չէր, պսակվելն էր կարևոր: Ես լռում էի, վախենալով, որ գործը չփչանա: Ա՜խ, վերջապես, որքա՛ն ուրախ, որքա՛ն ուրախ եմ: Կավալլարոն հենց իմ ուզած փեսան է` բարի, քաղաքավարի, լավ երգիչ, լավ էլ փող է ստանում: Այո՛, Լուիզան ավելի լավ ընտրություն անել չէր կարող: Երեկ պսակվել են, այսօր պիտի ուղևորվեն Պարիզ. Կավալլարոն պիտի մի տարի մնա այնտեղ: Լուիզան, իհարկե, նրա հետ կլինի...

Ես շնորհավորեցի երջանիկ մորը. բայց մի ներքին ձայն շշնջաց, թե շատ էլ անկեղծ չեմ վարվում: Ինչպե՞ս կընդունի այդ լուրը Լևոնը, որին սիրում եմ ավելի, քան Կավալլարոյին ու Լուիզային:

Այդ օրը ես վերադարձա դրսից տուն ուշ գիշերին, որպեսզի չհանդիպեմ Լևոնին: Սակայն, հետևյալ օրը նա եկավ սենյակս երեկոյան սովորական ժամից առաջ: Սինյորա Ստեֆանիան ճաշի միջոցին ինձ ցույց էր տվել երկրորդ հեռագիրը, որով հայտնի էր, թե նորապսակներն արդեն ուղևորվել են Պարիզ:

Տխուր, անմոռանալի երեկո, առաջին անգամ կողոպտվելուց հետո Լևոնի դեմքի վրա տեսա այդ երեկո ուրախ ժպիտ: Նա իսկույն պատմեց ուրախության պատճառը: Երկու օր է` նրան կանչում են “Խերսոն” շոգենավը: Այնտեղ նա նվագում է նավապետի և յուր օգնականների համար: Այսօր օգնականներից մեկը, տալով նրան յուր մանդոլինան, առաջարկել էր նվագել: Լևոնը կատարել էր նրա ցանկությունը: Նավապետին առանձնապես դուր էր եկել “Մադրիդի շրջմոլիկը”: Նա մի շատ բարի մարդ է. իմանալով, որ Լևոնը ձգտում է գնալ Իտալիա, այսօր խոստացավ օգնել նրան: Երկու օրից հետո “Խերսոնը” գնում էր Կրոնշտադտ: Այնտեղից ետ է գալու և ուղևորվելու է Միջերկրական ծով, հետո` Հեռավոր Արևելք: Ահա այդ ժամանակ նա կվերցնի Լևոնին յուր մոր հետ և կտանի մինչև Իտալիայի սահմանները...

—Օ՜օ, սինյո՛ր, սինյո՛ր, այնքան ուրախ եմ, որ ուզում եմ թռչկոտել: Ես նավապետի պարտքի տակ չեմ մնա: Կնվագեմ նրա համար ամբողջ ճանապարհին, գիշեր—ցերեկ կնվագեմ: Իտալիա, Իտալիա, անպատճառ պիտի տեսնեմ: Որքա՜ն կզարմանա Լուիզան ու ինչպե՜ս կուրախանա...

Ծանր էր ինձ համար այս անկեղծ խոսքերից հետո թաքցնել իրողությունը Լևոնից, որ այդ պահին մարմնացած ոգևորություն էր:

—Լևոն,— ասացի,— շա՞տ ես փափագում տեսնել Լուիզային:

—Այո՛, իհարկե:

—Եթե չտեսնես, շա՞տ կտխրես:

—Բայց ես կտեսնեմ նրան, սինյոր, կտեսնեմ Միլանում,— գոչեց Լևոնը հավատով լի, միևնույն ժամանակ մի տեսակ երկյուղով նայելով երեսիս:

—Լուիզան այժմ Միլանում չէ:

—Ո՞վ ասաց:

—Սինյորա Ստեֆանիայի հեռագիրը:

—Հապա որտե՞ղ է:

—Պարիզում:

—Ո՞ւմ հետ...

—Կավալլարոյի...

—Կավալլարո՞,— գոչեց պատանին գրեթե շնչասպառ:

—Ամուսնացել է Լուիզայի հետ և երեկ ուղևորվել Պարիզ մի տարի ժամանակով,— ասացի ես միանգամից` սրտիս ծանրությունից ազատվելու համար:

Լևոնը ցնցվեց, երեսի մկանունքները դողացին. մի վայրկյանում կարմրեց, կապտեց, հետո սփրթնեց կտավի պես:

—Տեսա՞ր որ քեզ չի սիրում Լուիզան, որ դու երազի մեջ ես...

Լևոնը ճիգ արավ զսպել հուզմունքը: Այդ տասնութ տարեկան պատանին, որի զգացմունքներն այնքան ժամանակ հասունացել էին, ուներ նաև կամքի ուժ: Սակայն հարվածն ավելի զորեղ էր: Նա թուլացած ընկղմվեց աթոռի վրա, արտասանելով.

—Ա՛յ նորություն... պետք է շնորհավորել...

—Այո՛, պետք է շնորհավորել,— կրկնեցի ես, ձևացնելով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը:

—Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է,— ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով:

—Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան:

—Սինյոր...

—Չարժե, չարժե,— կրկնեցի ես վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:

—Լուիզան բարձր է... Լուիզան հրեշտակ է...

Այլևս նա չկարողացավ իրեն պահել. գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թե նրա մարմինը կտոր—կտոր է լինում:

Առավոտը զարթնեցի մի անսովոր ծանրություն սրտիս վրա: Շտապով խմելով մի բաժակ թեյ, գնացի վերև: Լևոնը տանը չէր: Ալմաստն ասաց, թե գիշերը անկողին պառկելուց առաջ, տվել է հիսուն ռուբլի և համբուրվել հետը, թե գրեթե ամբողջ գիշերը նստած է եղել գրասեղանի քով, գրել է, ջնջել, պատռել: Առավոտը կրկին համբուրվել է նրա հետ և դուրս գնացել, տանը թողնելով կիթառը, որ ամեն օր հետը տանում էր:

—Նա տխո՞ւր էր,— հարցրի ես:

—Ոչ տխուր, ոչ ուրախ, այնպես էր, ինչպես միշտ:

Կիթառը տանն է, մանդոլինան` սենյակում.— պարզ է, նա ո՛չ պանդոկ է գնացել, ո՛չ շոգենավ: Ո՞ւր կարող է լինել: Ես փափագեցի տեսնել նրան անպատճառ, հենց նույն ժամին. ես սաստիկ անհանգիստ էի: Դուրս եկա, պտտեցի թատրոնների շուրջը, անցա երկու անգամ Դերիբասյան փողոցը, ուր երբեմն Լևոնը զբոսնում էր: Չկար: Օրը կիրակի էր: Մտածեցի գուցե Հայոց եկեղեցումն է. կիրակի օրերը երբեմն գնում էր պատարագ լսելու: Այնտեղ էլ չէր:

Ավելի քան երկու ժամ թափառելուց հետո վերադարձա տուն մտահոգ: Թվում էր ինձ, որ մի բան եմ կորցնում, մի շատ թանկագին բան:

Դարպասի առջև հանդիպեցի Չաուշենկոյին: Նա Լևոնի սենյակից էր գալիս: Նա էլ էր փնտրում ընկերոջը, չգիտեմ ինչ—որ “կարևոր” գործի համար: Եղել էր պանդոկներում, “Խերսոն” շոգենավի վրա, հարցրել էր, նավաստները այսօր նրան չէին տեսել:

Պատմեցի նրան պատահածը:

—Օ՜, ունայնություն,— գոչեց բանաստեղծը յուր սովորական ոգևորությամբ,— ես միշտ ասել եմ, որ սերը դեպի կինը հոգու հիվանդություն է: Լևոնը վաղուց է ինձ խոստովանել, թե սիրահարված է այդ աղջկա վրա: Օ՜հ, ինչքա՜ն էր խոսում նրա մասին, ինչպե՜ս հառաչում... Պետք է գտնել նրան, հենց իսկույն... Նա տաքարյուն է...

Խնդրեցի նրան մի քանի րոպե սպասել ինձ դրսում: Գնացի սինյորա Ստեֆանիայի մոտ: Անշուշտ Լևոնն այսօր եղել է նրա մոտ. չէ՞ որ ուզում էր շնորհավորել նրան:

Երջանիկ տրամադրության մեջ գտա Ստեֆանիային: Նա ուրախությունից երգում էր ու պարում Ռաիսայի մոտ, այն րոպեին, երբ մտա սեղանատուն: Նա ասաց, թե հրավիրել է մի քանի բարեկամներ ու ծանոթներ, թե պետք է մի լավ զվարճանա:

—Ա՜խ, սինյոր, այնպես ուրախ եմ, որ ուզում եմ բոլորին գրկել ու համբուրել:

“Մի՛գուցե և ինձ”,— մտածեցի ես, գրեթե երկյուղով` նայելով նրա սյուների պես հաստ ու ուժեղ կռներին:

Լևոնի մասին ասաց, թե առավոտյան եղել է իր մոտ, շնորհավորել է, ձեռքը համբուրել:

—Նա քաղաքավարի պատանի է, իսկ և իսկ արտիստ: Կարծես հայրը վարսավիր չի եղել, այլ ջենտլմեն: Բայց ծիծաղելի էր, չէր հավատում Լուիզայի ամուսնությանը: Հեռագիրը տվեցի, ինքը կարդաց, մեկ էլ շնորհավորեց, բայց այնպես մտիկ արավ աչքերիս խեթ—խեթ ապշած, որ կարծես, նոր էր տեսնում ինձ: Հետո առանց դես, առանց դեն ասած. “Սինյորա Ստեֆանիա, մորս սիրեցեք, նա խեղճ կին է”: Առհասարակ շատ օտարոտի էր...

Այսքանը բավական էր, որպեսզի իմ մեջ ծագեր վատ նախազգացում: Դուրս գալով փողոց, Չաուշենկոյին հաղորդեցի իմ երկյուղը: Նա առաջարկեց գնալ քաղաքային թատրոնի կողմերը: Իցկոն այժմ պիտի այնտեղ լինի. նա կարող է գտնել Լևոնին:

Իցկոյին հանդիպեցի յուր հասակի մի հույնի հետ սաստիկ վեճի բռնված: Պարզվեց, որ Լևոնի պատճառով էր: Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր. Իցկոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել:

Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն վեր ու վար թռչկոտելով գոչեց.

—Իհե՛, իհե՛, խեղճ Լևոն...

Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում էր Լուիզայի մասին և պատմեց մեզ մի քանի մանրամասներ: Ի միջի այլոց ասած, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր “Ալեքսանդրյան պուրակ” կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դնում ու մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավերին: Քանի՜—քանի անգամ Իցկոն հանդիպել էր նրան այս դրության մեջ և նա ասել է. “Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...”:

—Գնա՛նք Ալեքսանդրյան պուրակ, այնտեղ է երևի,— առաջարկեցի ես:

Տասը րոպեյում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկարությամբ և լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները, չկար ու չկար Լևոնը...

Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրենց կորցրած ընկերոջը:

Վատ նախազգացումն ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում է Լևոնի և միայն Լևոնի մասին: Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էի մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը: Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ: Հարբած, կեղտոտ վեր ընկած թատրոնի դռների առջև, անցորդների ծաղրին ու սրախոսություններին ենթարկված...

Նայում էի նրա մանդոլինային, սիրտս մորմոքվում էր: Անշուշտ գործիքը կարծես լեզու էր ստացել, ողբում էր յուր տիրոջը: Ես վերցրի նրան սեղանի վրայից, քաշ արի պատի մի անկյունում, որ այլևս աչքիս չընկնի: Մի քանի անգամ մատներս դիպան նրա լարերին և նրանց թույլ հնչյունները հիշեցրին ինձ այն նշանավոր առավոտը, որ Լևոնը առաջին անգամ նվագեց “Մադրիդի շրջմոլիկը”: Թշվա՜ռ շրջմոլիկ, ո՞ւր ես դու այժմ...

Իսկ այնտեղ, հարևան սենյակում, ուտում—խմում, զվարճանում էին հրավիրվածները: Լսում էի Ռաիսայի ձայնը և սինյորա Ստեֆանիայի բարձրաձայն, ուրախ ծիծաղը, որ առատ—առատ բխում էր նրա լայն, առողջ կրծքից... Փոքր առ փոքր նյարդերս թմրեցին. ես նիրհեցի, որովհետև գրեթե ամբողջ գիշեր չէի քնել... Կես քուն և կես արդուն դրության մեջ լսեցի ինչ—որ դղրդոց. վեր թռա տեղիցս... Դա Լևոնի մանդոլինան էր, որ ընկել էր պատից հատակի վրա: Նույն րոպեյին, երբ գործիքը նորից քաշ էի անում պատին, դրսից լսեցի անսովոր աղմուկ: Շտապեցի նախասենյակ և այնտեղ հանդիպեցի սինյորա Ստեֆանիային յուր հյուրերի հետ: Նրանց դեմքերն արտահայտում էին զարմացում և երկյուղ:

—Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, — հարցնում էին միմյանց:

Մեր բնակարանի մուտքի առջև կանգնած էր այրի Ալմաստը և ձեռները տարածած դեպի ներքև գոռում էր, հրդեհում այրվողի պես: Երկու ոստիկան և մեր գավթապահը բարձրացնում էին սանդուղքով... Նրանց ետևից բարձրանում էին Չաուշենկոն և Իցկոն:

Նայելով Լևոնի թրջված հագուստին, կապտած դեմքին, ամեն ինչ պարզ հասկացա: Մնացյալն երկու խոսքով պատմեցին Չաուշենկոն և Իցկոն:

Լևոնին հանել էին ջրից նավաստիները “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա...


#3 Nanι

Nanι

    Նանե

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,636 posts
  • Gender:Female
  • Location:Glendale

Posted 16 April 2008 - 06:57 PM

Վերջերս (արդեն չգիտեմ որերորդ անգամ) վերընթերցում էի Շիրվանզադեի երկհատորյակը: Կրկին անգամ համոզվեցի, որ ինձ համար Շիրվանզադեն մեր գրականության ամենահանճարեղ արձակագիրներից է:



#4 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 16 February 2009 - 05:38 PM

I think I know why Alexander Minasi Movsisian took the Persian sounding penname of Shirvanzade (son of Shirvan). He was born in Shamakhi a then town in the province of Shirvan, we can still see it on the map, it is called Shamakhe, several miles directly west of Sumgait.
----
While searching Sybil-Սիպիլ, aka Zabel (Khanjian)Asatour, who will be treated separately in her own right, I came across the following site about Shrvanzade.
It is a fascinating compilation of essays, travelogues, if you will, not only, but a historically romantic liguistic gem.
http://www.eanc.net/...er/Essays_9.htm?
The reason why Sybil was mentioned. In chapter 12 we see the following. In a nutshell, he says; “Say what you will, but the Russian Armenians don’t have the likes of Zabel Yesayan, Dusap, or Sybil”.
[quote]Ընդհանրապես, պոլսուհին վարպետ է ոչ միայն խոսելում, այլև գրելում: Ինչ ուզում եք ասացեք, բայց ռուսահայերը չունին ոչ Տյուսաբ, ոչ Սիպիլ և ոչ Զապել Եսայան: Կա, այո, մի փայլուն Մարիետա Շահինյան, որի հավասարը չունինք հայ գեղեցիկ սեռի մեջ, բայց նա պատկանում է հայ անվան հռչակին և ոչ հայ գրականությանը: Եվ թող ռուսահայ բանաստեղծուհիները չվշտանան, եթե ասեմ, որ Տիկին Անայիսի ոտանավորներն ես ավելի սիրեցի, քան նրանց գործերը: Եթե ոչ գաղափարի խորության, գոնե ոճի գեղեցկության, հանգերի հարստության և համեմատությունների սիրունության տեսակետից:[/wuote]

Edited by Arpa, 16 February 2009 - 05:55 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users