Jump to content


Photo

Tondraketsiner


  • This topic is locked This topic is locked
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 13 June 2007 - 02:04 PM

ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ
(ՀԱՏՎԱԾՆԵՐ)
Վահագն Դավթյան


ՄՈՒՆԵՏԻԿ

Հե՜յ, հեռու կացեք,
Ճանապարհ բացեք
Գալիս են, գալիս իշխան, վարդապետ,
Գալիս են, գալիս, Աբուլ-Բարդի հետ.
Ու բերում նեռին.


...Ծանր շղթաներն իր կուռ ձեռքերին,
Մազերը խռիվ, շապիկն արնամած,
Սմբատը ահա գգալիս է կամաց:
Աչքերում շանթի ու պողպատի փայլ,
Գալիս սիգաճեմ, գգալիս ծանրաքայլ,
Գալիս է, գգալիս ու թվում է թե,
Երբ ձեռքը շարժի՝ շղթան պողպատե
Փշրվի պիտի, հոդ առ հոդ թափվի
Կուռ թեւերն ի վար:
Գալիս է... կանայք կանգնած շարվեշար,
Նայում են, խոսում, շշուկ-հոգոցով.
- Ինչ պարթեվ հասակ...
- Ինչ աչքեր են ծով...
- Տեսնես քանիսի՞ն սիրու տեր արել,
Քանի՜ քանիսի սրտիկն է վառել...
- Ինչպես անուշիկ հայրենն է ասում,
Ախ, երնեկ նրան, ով այս դյուցազուն
Քաջի հետ երթա, կամուրջն անցանի,
Հետո ջուրը գա, կամուրջն այդ տանի:


Կանգնում է Սմբատն... իսկ շուրջը նրա
Վանականերն են վխտում հեվիհեվ,
Կանգնում է... հայացքն ամբոխի վրա
Ճախրում է մի պահ, հետո սրաթեվ
Սլանում դեպի Թոնդրակա սարի
Ժայռերը բարձրիկ:
Ո՞ւր են իր քաջերն...
Իսկ եպիսկոպոսն՝ այր մի լայնալանջ,
Անշուշտ չգիտեն,
Թե ոչ, կիջնեին, հանց շանթ ու արծիվ:


Կրծքին ակնակուռ, ոսկեցոլ մի խաչ
Ու ոկեփոշով օծված միրուք մի
Խիտ ու փառահեղ,
Այսպես բարբառեց ձայնով իր ահեղ:


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Իշխանաց մերոց՝ լույս ու բարություն,
Ազատաց՝ կորով ու քաջարություն,
Վանքերին մեր սուրբ՝ կուռ հաստատություն
Եվ ռամիկներին երկնային երկյուղ
Ու խոնարհություն:


ԾԱՂՐԱԾՈՒ
Ցնծա դու, ռամիկ, չարադատ անձիդ
Օրհնանք մի հասավ խիստ երանելի,
Ի՞նչ կա երկյուղից ավելի քաղցրիկ,
Խոնարհությունից անուշ ավելի:


ԵՊԻՍԿՈՊՈՍ
Լռիր, խեղկատակ... Իսկ դու, ժողովուրդ,
Նայիր ոճրամուխ այս արարածին,
Նա իր մոլության կրքով անհագուրդ,
Ախտակտությամբ իր դժոխածին,
Իր խավարասեր վարդապետությամբ,
Անուսումնական իր տգիտությամբ
Իր ոճրաշավիղ դիվահարությամբ,
Իր խավարտչին ու նենգ չարությամգ
Կամեր քո հոգին հավատից հանել
Ու տաճարն Աստծո հիմից սասանել:
Սակայն մծղնե գործերն այդ չարի
Անպատշաճ է խիստ պատմել մեկ առ մեկ,
Զի աղտեղի են ու նենգ են կարի:


ՍՄԲԱՏ
Ով եպիսկոպոս, երկնչում ես դու
Ասել այս մարդկանց,
Թե ես, իրապես ինչ եմ քարոզում,
Դու, որ կիտել ես ծով ոսկի ու գանձ
Եվ ոսկով անգամ միրուքդ ես օծում,
Ասա, ուսկի՞ց են այդ գանձերը քեզ...
Չե՞ս ուզում ասել... Դե, ներիր այնժամ,
Եթե տհաճո խոսքերն իմ լսես,
Ադամանդներն այդ, որ կայծակում են
Քո կրծքի խաչին,
Ռամկի քրտինքի ծովից են հանված,
Ալ սուտակները, որ ճառագում են
Քո այդ «սուրբ» աջին,
Արյամբ են այդպես վառ ծիածանված,
Դրանք մեր արյան շիթերն են անգին...
Բանիր չարաչար՝
Տասնորդը վանքին...
Մկրտիր
Դրամ անիծյալ վանքին.
Հաղորդվիր՝
Դրամ տուր, դարձյալ վանքին,
Զոհը իր հերթին
Ու պտղին իրեն,
Եվ ո՞վ է կարգել այդ կարգն անօրեն...


ՁԱՅՆԵՐ
- Ճշմարիտ է նա...
- Ճշմարիտ է նա...


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Նա մոգ է, նա շուն, վայրի մի գազան,
Նա մարմնավորյալ ոգին է չարի


ՍՄԲԱՏ
Առավել լավ է բնությունը շան,
Քան բնությունը հիմար ոչխարի,
Մեզ պետք չեն վանքեր,
Պետք չե վանական,
Աշխարհն է մարդու, վանքն անապական,
Միթե տերն ինքը մեզ չի մկրտում
Իր Աստվածային շնչով անարատ,
Մի՞թե ամեն օր մենք չենք հաղորդվում
Աստծո սիրով ու լույսով առատ,
Մի՞թե կյանքը մեր,
Տառապանքը մեր
Մի սրբանվեր զոհ չե Աստծուն...
Էլ ինչո՞ւ են պետք վանքերն այդ փծուն,
Թող ազատ հոգին որտեղ կամենա,
Այնտեղ աղոթի,
Մի´ դնեք կապանք մեր հոգու վրա,
Մեր ձեռն ու ոտի,
Աստված ազատ է ստեղծել մարդուն,
Էլ ինչո՞ւ իշխան եվ ինչո՞ւ ռամիկ,
Նա բաշխել է մեզ լույսն իր զվարթուն,
Այս հողն, այս ջուրը, ամենայն բարիք,
Բայց խլել եք դուք աշխարհն այս պայծառ
Եվ խաբում եք մեզ կյանքով հանդերձյալ:
Ո´չ կյանքն այստեղ է, այս արեվի տակ,
Եվ մահից հետո չկա այլ մի կյանք:
Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար,
Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ...


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Օ, հանդգնում է նա երկնքի դեմ,
Հասու չի լինում նա մտոք իր կույր,
Որ երկնքից են բարիքներ արար,
Երկինքն է ղրկում մեզ լույսն իր մաքուր,
Անձրեվն իր առատ, Ցողը կենարար:


ՍՄԲԱՏ
Ո´չ, ամպն իր անձրեվն առնում է ծովից,
Երկրի սրտից են բխում գետ ու ծով,
Թե ակունքներն այդ չքանան հողից,
Ուսկի՞ց կը լինի եվ անձրեվ, եվ ցող:


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Իսկ թե երկինքը բարկ արեվ անի,
Եվ խորշակ անի, եվ անի երաշտ,
Հողը դժոխքի պիտի նմանի,
Սեվանան պիտի արտ, արոտ ու դաշտ:


ՍՄԲԱՏ
Եթե երկինքը բարկ արեվ անի,
Ամպերն անձրեվելն իրենց մոռանան,
ետինն անդունդից հեղեղ կը հանի,
Որ ջրվեն ծաղկունքն ու պայծառանան:


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Իսկ եթե երկինքը գոռա ահառիկ
Եվ կարկուտ անի, եվ անի կայծակ,
Մոխրանան պիտի եվ հասկ, եվ ծաղիկ,
Ամլանա պիտի հողը ծագեծագ:


ՍՄԲԱՏ
Բայց երկիրն ունի անդունդներ անհուն
Կուլ կտա իսկույն հեղեղ ու կարկուտ,
Ու ժայռեր ունի նա շանթակայուն,
Կը փշրի երկնի կայծակներն անգութ:


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Ո´չ, երկինքն է վեհ զի Տերն Արարիչ
Բազմել է այնտեղ ամպե իր գահին
Եվ արդարությունն ու լույսն է իր ջինջ
Սփռոյմ երկնքից արար աշխարհին...


ՍՄԲԱՏ
Ով եպիսկոպող, գիտե՞ս դու սակայն,
Որ երբ օրը գա այն դատաստանի
Երբ փողը հնչի աբրիելական,
Աստված երկնքից իջնի պիտի վար,
Որ այստեղ արդար իր դատը անի:


ՁԱՅՆԵՐ
- Հաղթեց...
- Հա՜յ, հաղթեց...
- Հաղթեց Սմբատը եպիսկոպոսին...


ՍՄԲԱՏ
Այո, նա այստեղ իր դատը կանի,
Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի,
Քեզ, որ ոսկի ես միրուքիդ ցանում,
Հագնում ես մետաքս ու հագնում բեհեզ,
Մինչդեռ ռամիկը շինարար ու հեզ,
Որ հողն է վարում ու հաց սերմանում,
Իր դատած հացին կարոտ է մնում...
Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի,
Կը հանի ամեն տեր ու իշխանի
Եվ ձեր ծովական մեղքերի համար
Իր Աստվածային սուրբ դատը կանի:
Նա կը խափանի չարը անողորմ,
Նա կը հաստատի վսեմն ու բարին,
Եվ արդարության անարատ ցողով,
Եվ ազատության ոսկեղեն շողով
Առավոտ կիջնի Հայոց աշպարհին...


ՁԱՅՆԵՐ
- Հաղթեց Սմբատը եպիսկոօպոսին...
- Հաղթեց, Հա՜յ, հաղթեց եպիսկոպոսին:


ԵՊԻՍԿՈՊՈԱ
Գործերիդ համար չարանենգ ու սին
Անիծում եմ ես կռապաշտ մոգիդ,
Անիծում եմ ես մարմինդ ու հոգիդ,
Անիծում եմ քեզ անշիջում հրով,
Տարտարոսական թանձր խավարով,
Կուպրի լճերով, հրեղեն գետով,
Հրեշտակների անվրեպ նետով...


ՔՈՒՆՁԻԿ
Նաեվ որդերով, թունոտ իժերով,
Տառապանքների անանց գիշերով...


ՍՄԲԱՏ
Քունձիկ աբեղա, օ, այստե՞ղ ես դու,
Եվ կերպ ե՞ս առել անարատ մարդու...
Միթե՞, ամիրա´, դու չես նկատում,
Որ բորի թույն է այս մարդուց կաթում,
Որ վարակ է նա... հետ տարեք ապա
Վեղարը նրա այդ օձիկապա
Եվ վեղարի տակ կտեսնեք նրա
Թույնը մահահոտ:


ՁԱՅՆԵՐ
- Բորոտ է իրավ...
- Բորոտ է, բորոտ...


ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ
Եվ դու ահավոր այդ վարակն առած,
Ի՞նձ ես մոտեցել ով, չար արարած...
Դահիճներ, տարեք, գլխատեք դրան:


Ոռնոցով զարհուր ու լալահառաջ
Տարածվեց Քունձիկն Արաբի առաջ:


ՔՈՒՆՁԻԿ
Օ, ողորմա ինձ,
Փրկիչդ վերին,
Հիշիր ամիրա,
Ես եմ քո ձեռքը մատնել այս նեռին,
Հիշիր, ինչպես եմ ես քեզ ծառայել...
Եվ ա՞յս էր վարձս...


ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ
Ես վարձ եմ տալիս մատնիչին վայել:


ԾԱՂՐԱԾՈՒ
Հրաշք եղավ,
Հրաշք եղավ,
Շունը, իրավ, շան միս կերավ:


Բայց խլացնելով աղաղակ ու կանչ,
Նժույգ մի մեխվեց ամբոխի մեջ ծով,
Իջավ նժույգից կին մի հիասքանչ,
Դեպի ամիրան քայլեց սիգալով:
Ու շշուկ անցավ.
- Իշխանուհին է...
Փառանձեմն է դա...


ԻՇԽԱՆՈՒՀԻ
Ողջույն, սուրբ հայրեր, ողջույն, ամիրա,
Ի՞նչ, հավաքվել ու դատո՞ւմ եք արդեն,
Չգիտե՞ք, սակայն, որ իմ ճորտն է նա,
Ու կարգ է, որ ես իմ ճորտին դատեմ:
Ուստի ազատիր թեվերը նրա,
Եվ իմ ճորտ ռամկին ինձ տուր, ամիրա:


ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ
Հազիվ եմ նրան ձեռք ձգել, տիկին,
Եվ դու ուզոմ ես՝ բաց թողնեմ կրկին...
Հա, հա՜, հա՜, հա՜ հա...


ՍՄԲԱՏ
Բայց դու իզուր ես ժամանել տիկին,
Ես չեմ ցանկանում ճորտի անունով
Փրկել իմ հոգին...
Ես ճորտ չեմ, օ, ոչ:
Ես ազատությունն ինքն եմ մարմնացած,
Ազատությունը՝ շղթայի զարկված,
Ազատությունը՝ որ մեռնում է միշտ
Մեռնում է նորից հարություն առնում,
Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ
Ու նորից մեռնում:
Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ.
Զի սերմանել եմ իմ սերմը արդեն,
Որոնք մայր հողում մի օր կը պայթեն,
Ու վեր կընձյուղեն
Ու կելնեն ի լույս,
Ցորյանի հատը կը լինի մասուր,,
Ու գարին՝ ընկույզ...
Չի լինի իշխան,
Ու չի լինի ճորտ,
Մարդը կը դառնա արդար ու բարի,
Եվ ազատություն կը լինի այնժամ,
Ի մեջն աշխարհի:


ՁԱՅՆԵՐ
- Նա սուրբ է, նա սուրբ...
- Աարդար մարգարե...
- Քրիստոսն է մեր...
- Մեր լույսը բարի...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users