Jump to content


Photo

Armenian Mason

armenian mason

  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,870 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 April 2016 - 05:34 PM

Մասոնները և հայերը
Ինչպես ձևավորվեցին առաջին հայկական օթյակները, և ինչ զարգացում ստացավ հայկական մասոնությունը

Պատմականորեն հայ մասոնությունը ծագել և զարգացել է Օսմանյան կայսրության տարածքում՝ հայկական հզոր համայնքներում, որտեղ ձևավորվել են 4 հայկական մասոնական օթյակներ։ Զգալի թվով հայեր անդամակցել են նաև այլ մասոնական կազմակերպությունների, իսկ 20-րդ դարում արդեն սփյուռքահայության շրջանում ձևավորվել են նոր օթյակներ։ PAN-ը ներկայացնում է, թե ինչպես և ինչ պայմաններում ձևավորվեց հայկական մասոնությունը։
1 ապրիլի 2016

PanARMENIAN.Net - Հասանելի տեղեկատվության համաձայն՝ մասոնական կազմակերպությունը («Ազատ որմնադրություն», անվանումը ծագում է ֆրանսերեն franc-maçon-ից (հին ֆրանսերեն՝ masson), բառացի՝ «ազատ որմնադիր») համաշխարհային վերազգային կազմակերպություն է՝ որոշակիորեն գաղտնիացված ու բարդ կառուցվածքով, գործունեության ձևերով ու ծիսակարգով, առանձնահատուկ խորհրդանիշներով եղբայրական միաբանություն։ Ընդունված է համարել, որ մասոնության կազմակերպական ակունքները ձևավորվել են միջնադարյան Եվրոպայում որմնադիրների ու շինարար-ճարտարապետների միությունների հիման վրա` միևնույն ժամանակ ներառելով ու զարգացնելով կրոնական և մշակութափիլիսոփայական տարբեր ուղղությունների գաղափարական ժառանգությունը։ Մասոնության բարդ և ոչ ամբողջովին պարզ գաղափարախոսությունը, ըստ կազմակերպության, ընդհանուր առմամբ հանգում է մարդու և մարդկության բարոյական կատարելագործման նպատակին՝ ազատության, հավասարության և եղբայրության գաղափարների տարածմանը, մարդկային «չհղկված մտքի» կատարելագործմանն ու «առաքինության հոգևոր տաճարի» կառուցմանը։

Արդի իմաստով առաջին մասոնական կազմակերպությունները հիմնվել են Անգլիայում և Շոտլանդիայում 15-16-րդ դդ., իսկ 1717 թ. Լոնդոնում կազմավորվել է մասոնական միասնական ղեկավար կազմակերպությունը՝ Անգլիայի Գերագույն օթյակը։ 1738 թ․ Ֆրանսիայում հիմնվում է Ֆրանսիայի Գերագույն օթյակը (1773-ից՝ Ֆրանսիայի Մեծ Արևելք), որը 19-րդ դարում գաղափարական տարաձայնություններ ուներ և որոշակիորեն մրցակցում էր անգլիական գերագույն մասոնական օթյակի հետ։

Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերից անգլիական, շոտլանդական և ֆրանսիական մասոնական կազմակերպությունները իրենց գործունեության ոլորտ են ներառում նաև Մերձավոր Արևելքը, և Օսմանյան կայսրությունում նրանց օժանդակությամբ բացվում են մասոնական բազմազգ օթյակներ, որոնց անդամակցում էին նաև հայեր։ Իսկ դեռևս 1762 թ․ Անգլիայի Գերագույն օթյակի մի տեղեկագրից պարզվում է, որ Մերձավոր Արևելքում հիմնվող ղեկավար օթյակներից մեկի Մեծ վարպետ է նշանակվել հայազգի ոմն դոկտոր Մանաս։

Հայկական մասոնության ակունքները ամենից առաջ պայմանավորված էին պետական, դիվանագիտական բարձր դիրքեր գրավող օսմանահպատակ հայերի և Օսմանյան կայսրությունում գործող՝ մասոն կամ մասոնության հետ կապ ունեցող եվրոպացիների հետ ամուր կապերով։ Հայտնի է, որ արդեն 19-րդ դարի 30-ական թթ. սկսած՝ Օսմանյան կայսրության դիվանագիտական տարբեր պաշտոններ զբաղեցնող հայազգի գործիչների մի մասը, նաև արտասահմանում եղած ժամանակ, հարել են ֆրանսիական ու շոտլանդական մասոնական օթյակներին ու չեն թաքցրել այդ փաստը։ Այստեղ մեծ դեր է խաղացել նրանց, առնվազն մի մասի, ձգտումը և ինչ-որ տեղ նաև ռոմանտիկ պատկերացումները՝ մասոնական կազմակերպության անդամ հանդիսացող և եվրոպական երկրներում ազդեցիկ պետական, դիվանագիտական, նաև մտավորական գործիչների հետ սերտ կապերի միջոցով նպաստելու հայությանը վերաբերող տարբեր խնդիրների լուծմանը։

Թորգոմ Բոյաջյան, «Հայաստան» մասոնական օթյակի ղեկավարներից

Մյուս կողմից մասոնության գաղափարները հատկապես հայ մտավորականության մեջ պարարտ հող գտան՝ շնորհիվ այդ ժամանակներում արդեն իսկ խորացող ազգային վերազարթոնքի, ազատության, հավասարության, սահմանադրականության, ժողովրդավարության և այլ առաջադիմական գաղափարների ու հոսանքների տարածման։ Մասնավորապես, մասոնության գաղափարները հարազատ ու հայության խնդիրներին համահունչ համարեցին պոլսահայ մտավորականության շատ ներկայացուցիչներ, որոնք 1850-ական թթ․ մասնակցել էին Հայոց Ազգային սահմանադրության մշակման աշխատանքներին։

Այս առումով կարևոր շարժառիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների համար հռչակված բարենորոգումների ծրագրերի (1830-50թթ) չիրագործման հետևանքով հուսախաբ եղած հայ առաջադիմական շրջանակների մի մասը սկսեց ազգային խնդիրների լուծումը մասոնությանը հարելու մեջ փնտրել։ Բացի այդ, ինչպես նշում է հայ մասոնության պատմությունը լավագույնս ուսումնասիրած խմբագիր Ռուբեն Բերբերյանը Բոստոնի «Հայրենիք» հրապարակված իր հոդվածաշարում (1937թ), հայության մեջ այդ շարժումը ծնվել և զարգացել է՝ որպես հակազդեցություն 1860 թ․ Ազգային սահմանադրության ճանաչման շուրջ «թմրեցուցիչ ու հուսախաբություն ծնող» գործունեության, պոլսահայ տարբեր հատվածների երկպառակությունների, և որպես բողոք օսմանյան պետության նկատմամբ հայության որոշ շերտերի ստրկամտության դեմ։

Ուշագրավ է, որ պոլսահայ նշանավոր մտավորական, բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը (1828-1868), որը մահվանից ավելի քան մեկ տարի առաջ մուտք գործեց հայ մասոնության շարքերը, նախքան այդ էլ մշտապես հանդես գալով հայերի միաբանության ու եղբայրության քարոզներով, համոզված էր, թե հայկական տարբեր կրոնական ու գաղափարական հատվածների միջև երկպառակության ու դիմակայության պատճառը միմյանց վատ ճանաչելն է, հետևաբար կոչ էր անում՝ «Զիրար ճանչնալու համար եղբայր անունը տվեք իրար։ Ավելի զորավոր ու աննկուն ըլլալու համար ամենքդ ալ մեկ սիրտ եղեք․․․ Առաջ ժամանակի լուսովը և դեպի միություն»։ Այսպիսով, հայ մասոնությունը կարծես ձևավորվում էր որպես ազգային խնդիրների լուծման այլընտրանքային ճանապարհ, որի նպատակն էր հայերին նախապատրաստել դեպի «ազգային ու համամարդկային նոր բարձունքների»։

Առաջին հայկական օթյակը՝ «Տիգրան № 1014»-ը, հիմնվել է Զմյուռնիայում Անգլիայի Գերագույն օթյակի հովանու ներքո 1864 թվականի ապրիլի 29-ին։ Սկզբում այդ օթյակի աշխատանքները տարվել են անգլերենով, քանի որ անդամացում էին նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, ապա, հայերի թիվը մեծանալուց հետո այն դարձավ հայալեզու օթյակ։ Իր սկզբնավորումից մինչև լուծարումը (թուրք մասոնների սադրանքների հետևանքով)՝ 1876թ․, «Տիգրան» օթյակը ունեցել է 118 անդամ, որոնցից 108-ը՝ հայ, 7-ը՝ թուրք, 3-ը՝ հույն։ Այդ օթյակի հայտնի անդամներից էին Մեսրոպ Նուբարյանը, Մատթեոս Մամուրյանը։ «Տիգրան» օթյակի տարեգրությունների մեջ երևելի այցելուների շարքում հանդիպում է նաև Անգլիայի ապագա թագավոր Էդուարդ 7-րդի անունը (1867թ.):

ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի դիմանկարը՝ «Արարատ» կոչվող օթյակի գլխարկով ու զինանշանով․ լուսանկարը վերցված է «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքից (Հեղ․՝ Հասմիկ Ստեփանյան)

Երկրորդ և ամենանշանավոր հայկական օթյակը «Սեր» օթյակն է, որին անդամակցել են պոլսահայ մտավորականության զգալի թվով երևելի ներկայացուցիչներ՝ Հարություն Սվաճյանը, Մատթեոս Մամուրյանը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Միքայել Ալիշանը, Սրապիոն Հեքիմյանը, Սերովբե Ազնավուրը և այլք։ Հիմնվել է 1866 թվականի մայիսի 7-ին Կ. Պոլսում և գտնվում էր Ֆրանսիայի Մեծ Արևելքի ենթակայության տակ․ գործել է մինչև 1890թ։ «Սեր» օթյակի աշխատանքները հիմադրումից ի վեր կատարվել են միայն հայերենով։ Հետաքրքիր է, որ այս օթյակի հիմնադրման ժամանակ բանավեճ է եղել, թե որ գերագույն օթյակի ենթակայության տակ պետք է գործել։ Մի մասը պնդում էր, թե պետք է ընդունել անգլիական Գերագույն օթյակի ենթակայությունը, քանի որ մասոնականությունն այդտեղ ավելի զարգացած է, մյուսներն էլ այն համոզմանն էին, թե հայ ազգային խնդիրները լուծելու տեսանկյունից նպատակահարմար է ընդունել Ֆրանսիայի Մեծ Արևելքի գերակայությունը, քանի որ ֆրանսիացի մասոններն ավելի հակված էին հանրապետականության և ազատության գաղափարներին, նրանք լսել էին, թե ֆրանսիական օթյակներում աջակցում են լեհերի ազատագրական պայքարին։ Ի վերջո, որոշվում է ընդունել ֆրանսիական մասոնության գերակայությունը։

Հայկական երրորդ օթյակը՝ «Եփրատ № 1078»-ը, հիմնվել է 1909 թ․ Արևմտյան Հայաստանում՝ Խարբերդի Հյուսեյնիկ գյուղում, Էդինբուրգի շոտլանդական Մեծ օթյակի հովանավորությամբ։ Հիմնադրումից 6 տարի անց՝ Հայոց ցեղասպանության օրերին, թուրքերի կողմից «Եփրատ»-ի նոր կառուցվող շենքն ավերվեց, իսկ անդամներից շատերը զոհվեցին։ Ուշագրավ է, որ Խարբերդում հայ մասոններից ոմանք ցանկանում էին այդ օթյակը միացնել 1912 թ․ ստեղծված թուրքական ազգային օթյակին, սակայն մեծ մասը դեմ էին։ Ի վերջո, թուրքական մասոններին միացած և նրանց հետ «եղբայրացած» հայերը, հաճախ նրանց իսկ կողմից, զոհվեցին Ցեղասպանության ժամանակ։

Հայկական չորրորդ օթյակը՝ «Հայաստան № 1185»-ը, դարձյալ հիմնվել է Կ. Պոլսում 1919 թվականի մայիսի 1-ին՝ Շոտլանդական Մեծ օթյակի ենթակայությամբ։ Գործել է մինչև 1923 թ․, երբ աշխատանքները դադարեցվել են Կ․ Պոլսից անդամների մեծ մասի հեռանալու հետևանքով։

20-րդ դարի սկզբին Պոլսում ստեղծված այլ՝ թուրքական կամ բազմազգ օթյակներում ևս զգալի թվով հայ մասոններ կային, որոնց մի մասը գերագույն պաշտոններ է զբաղեցրել։ Օրինակ, թուրքական օթյակներից մեկի Գերագույն վարպետը ականավոր հրապարակախոս Տիգրան Քելեկյանն էր, որը ևս սպանվեց Մեծ Եղեռնի ժամանակ։ Զգալի թվով հայեր անդամակցել են նաև Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում գործող ռուսական մասոնական օթյակներին, ըստ որոշ տվյալների՝ նրանց շարքում են եղել այնպիսի նծանավոր գործիչներ, ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետներ Ալեքսանդր Խատիսյանը և Սիմոն Վրացյանը։ Հետագայում հայկական մասոնական օթյակներ են հիմնվել նաև ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ռուսաստանում, իսկ անկախացումից հետո՝ նաև Հայաստանում։

Օգտագործված աղբյուրներ

Ռուբեն Բերբերյան, Հայ մասոնները և «Սեր» օթյակը Պոլսո մեջ, «Հայրենիք», Բոստոն, 1937, թիվ 5-8

Հասմիկ Ստեփանյան, Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Եր․, 2012

Հ․ Իորդանյան, Հայ մասոնության պատմությունից, Եր․, 2014
Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,870 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 April 2016 - 05:34 PM

http://www.panarmeni...details/209379/






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users