Jump to content


Photo
- - - - -

Andranik Tsarukian


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 04:25 AM

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

Մայր որդեկորոյս,
Որդի´ք որբացած՝
Ուրւականների´ն
Այդ սովահալած-
Երկրում մեր աւեր
Այն ո՞վ էր դաւել,
Մենք չենք մոռացել:


Ո՞վ էր վաճառել
իշատիչ գայլին
Ժողովո´ւրդը մեր
Ու գամել ժայռին,
Արնաքամ ու մերկ
Թէ մանուկ, թէ ծեր -
Մենք չենք մոռացել:


Դո´ւք դաշնակ շներ,
Դուք հայ գեղջուկին
Ստիպել էք չոքել
Եւ իր սիրտն ի վեր
Պարպել մաուզեր -
Այդ չենք մոռացել:


Դո´ւէ էիք արիւն
Ու հուր տարածել,
Որ արիւնարբու
Սեւ մոլո´խը ձեր
Իր մեծ աւարից
Ձեզ պատառ գցեր -
Մենք չենք մոռացել:


Որ կը դառնայիք
Ֆաշիզմի ռազմի
Արիւնածարաւ
Շներն անազնիւ,
Արնոտ բորենու
Թաթը կը լիզեք,
Մենք չենք մոռացել:


Մենք չենք մոռացել,
Որ պիտի ջնջենք
Երկրից առյաւէտ՝
Սեւ Ֆաշիզմի հետ
Նաեւ հե´տքն իս ձեր -
Ո´չ,
Չենք մոռացել:


Գէորգ Աբով
(Կարմիր Մարտիդի րադարան, Թիւ 7,
ՀԱՅՊԵՏՀՐԱՏ, Երեւան, 1944)




ԹՈՒՂԹ ԱՌ ԵՐԵՒԱՆ
Գրեց՝ Անդրանիկ Ծառուկեան

1946
Հալէպ


Այս ուշ գիշերին,
Աշնան տխրակոծ հողմերի միջով
Ու բարակ մաղւող անձրեւների տակ,
Գնում է ահա,
Մի քայլամոլոր ու հիւանդ տղայ.
Անցնում է խոնաւ ու թաց մայթփրից
Գլխահակ, տրտում,
Եւ նրա սրտի մռայլ խորքերում
Խփող որպէս մուրճ՝ ծանր մի թախիծ...


Գնում է խոնաւ ու ցուրտ մայթերով
Անընկեր, մենակ,
Ձեռները անփոյթ գրպանների մէջ,
Ասես իր յոգնած ուսերի վրայ
Անտեսանելի մի ինչ որ կապար.
Մի չար աստուծոյ ինչ որ մութ անէծք,
Ոխակալ բախտի
Ճակատագրային հսկայ մի բռունցք...


Նրա աչքերի փոթորկած ծովում,
Որպէս թեւաբախ ու մեռնող թռչուն՝
Մի անհաս կարօտ.-
Հեռաւոր գարնան նետւած պաղատանք,
Կապոյտ լեռների ու ջերմ արեւի
Որպէս յաճախանք՝
Անհա´ս մի կարօտ հայրենի երկրի:


Երազում է նա իր երկրի մասին
Ինչպէս կարօտած մայրը իր զաւկին,
Ինչպէս պապակած հողը անձրեւին,
Ինչպէս սրսփող հիւանդն արեւին,
Ինչպէս ոգեվար կռունկը կեանքին՝
Երազում է նա իր երկրի մասին:


Օ՜ հիմա, այնտեղ շէն երդիքներ կան,
Ու զւարթաձայն երգեր ու ծիծաղ,
Հողից դուրս պայթած սերմերի նման
Նոր սերունդների կեանքը կայ չքնաղ.
Ու մանուկներ կան հազար ու հազար,
Երազ աչքերով անթիւ մանուկներ՝
Ապագայի դէմ ժպտուն ու պայծառ:


Հեռաւոր երկրի կարօտը սրտին
Ու լուսապայծառ երազն աչքերում,
Աշնան դալկացող ստւերների հետ
Ու բարակ մաղւող անձրեւների տակ,
Ինքն էլ երերուն, մի տարտամ ստւեր՝
Ո՞վ է նա - մոլար ու անտէր տղայ,
Ի՞նչ է նա - սուզւած նաւի մի խլեակ,
Ո՞ւր է նա - օտար ու խորթ մի աշխարհ,
Ի՞նչ ունի - ոչ հայր, ոչ տուն, ոչ զաւակ,
Ոչ մի կտոր հող անծայր աշխարհից
Ու ոչ մի երդիք այս երկնքի տակ.-
Անվերջ մաքառող պայքարում հացի,
Չունի նա ոչինչ՝ վշտերից բացի...


Այսպէս հողմավար ափունքից ափունք
Քշւող բիւրաւոր խլեակներից մին՝
Այդ ես եմ ահա,
Որ գնում եմ թաց ու մութ մայթերով,
Եւ ատամներիս տակ սիրտս սեղմած՝
Մտածում եմ քո երգի մասին,
Օ՜ Գէորգ Աբով...


Հայրենի երկրից դու ինձ ես յիշել,
Ինձ գիր ես գրել բառերով հատու,
Ու բառերի մէջ դրել ես կրակ,
Ու կրակի հետ թոյն ու մոլեխինդ՝
Եւ ասում ես ինձ.
-Քեզ չեմ մոռացել:
Դու ուզում էիր սարքել պատարագ
Եւ զոհասեղան վասն հայրենեաց,
Դու ուզում էիր
Նւիրել նրան արիւնդ կարմիր,
Դէհ, եղիր պատրա´ստ.
Հայրենիքն էլ քեզ տալիս է ահա
Թոյն ու մոլեխինդ.
Քեզ չի մոռացել, նա քեզ չի մոռնայ,
Ու կը հալածի քեզ անհաշտ ոխով՝
Մինչեւ մեր պայծառ արեւի ներքոյ
Անհետ չքանայ յիշատակը քո...


ես չեմ ատում քեզ, անէծք չեմ տալիս,
Իր խենթ արիւնի կարկաչուն երգով
Հայրենակարօտ ու խոցւած հոգիս
Չունի քեզ հանդէպ, օ՜ Գէորգ Աբով,
Ոչ քէն, ոչ բողոք,
Այլ բութ մի կսկիծ, անանուն մի ցաւ,
Եւ որպէս կարիճ խայթող մի մորմոք...


Եւ ինքս ինձ հետ դեռ միտք եմ անում,
Թէ ո՞նց է եղել, - եղե՞լ է արդեօք -
Որ հրդեհներում կիզւած ֆիդային,
Չարիքի հանդէպ անչափ անողոք,
Տկարների դէմ անչափ կաթոգին
Մեր ջա´ն ֆիդային,
Իր եղբայրների հանդէպ հարազատ
Լինի այնպէս չար եւ անմարդկային,
Լինի այնպէս վա´տ...


Այդ ե՞րբ է եղել
Որ հայ գեղջուկին ստիպել են չոքել
Եւ իր սիրտն ի վեր
Պարպել մաուզեր:
Ե´րբ է պատահել արարքն այդ դժխեմ,
Հայը հայ մարդին ե՞րբ է կոտորել,
Հայն հայի արեան ե՞րբ է ծարաւել.
Զառանցա՞նք է սա թէ մի սեւ կատակ,
Եւ կամ Պատմութեան յատակից պղտոր,
Գորշ ու լպրծուն դիրտը խառնելով
Դուրս հանւած մթին լէգէնտի կտոր...


Հայը հայ մարդին ե՞րբ է կոտորել
Օ՜ էորգ Աբով.-


Թէ մութ օրերին,
Փոթորկոտ ու սեւ այն սեւ օրերին,
Բաբելական խուլ խառնակոյտի մէջ
Մեկնել է անմիտ, մի յիմար գնդակ
Եւ անմտորէն խփել մի հայի,-
Թէ մի գազազած, անօթի հայդուկ
Դարձել է քաղցից խելառ աւազակ
Եւ անասնական սուր մօլուցքի մէջ
Հրացան պարպել հարազատի դէմ,
Կողոպտել նրա պատառը վերջին,
Յետոյ կուլ գացել անողոք սովին
Ինքն էլ իր հերթին,-
Թէ փրփրակուտակ ալիքների մէջ
Յեղափոխութեան կատաղած ծովի
Ու պայքարի մէջ կեանքի ու մահի
Մի եղբայրական կռիւ է եղել
Յաւէտ ողբալի,-
Ինչո՞ւ որոնել, որպէս նեխած լէշ,
Տասնամեակների ներքեւ պատանքւած
Կռիւն այդ տխուր ե´ւ անմիտ ե´ւ գէշ,
Ու նետել որպէս մարտի հրաւէր,
Օտարութեան մէջ, հարենի երկրի
Կարօտով մեռնող հարազատներին...


Եղել է հնում թէ բիրտ ու հարբած
Ինչ որ մավզէրիստ,
Չի՞ եղել միթէ եւ մի խեւ Աւիս,
Որ մեծ Լենինի պատգամին անտես՝
Երեւանեան մութ բանտի նկուղում
Կացինահարման սարքել է հանդէս...
Դո´ւրս ժայթքել նորից հին ոխը ժահրոտ,
Եւ որպէս արջասպ
Միմեանց երեսին արձակել ամօ՞թ...
Յիշե՞լ ոնց մեռաւ մարտիկն Համազասպ,
Յիշե՞լ, յիշե/՞լ դեռ...Ինչո´ւ, երբ արդէն
Ծանր պատմութեան գլանը հարթիչ
Թողել է անդարձ ամէն ոխ ու քէն...


Եւ ինչո՞ւ քամուն չյանձնել նորից
Ինչ բերել էր մեզ սեւաբախտ քամին,
Ու եղբայրների միջեւ սրտակից
Ցանել պայքարի որոմներ մթին,
Ինչո՞ւ չպոկել մեր կանաչ արտից
Բոյսերն այդ զազիր որպէս մոլեխոտ
Եւ անգէտ մնալ, թէ կռիւն այդ հին
Մեր դաժան բախտի խաղն էր արիւնոտ,
Եւ ճակատագրի քրքիջը վերջին,
Նետւած ուժաքամ մեր ժողովուրդի
Անծայր սուգերից դեռ թաց աչքերին...


Գուցէ եւ մի խենթ եւ գինով աստւած
Կամեցել է դեռ, որ լինի գրւած՝
Թէ մի ողջ երկիր յանձնել են սրին,
Մի ողջ ժողովուրդ ղրկել անապատ,
Ջարդել անխնայ ե´ւ մանուկ ե´ւ ծեր,
Լլկել անպատիժ կոյս թէ նորահարս,
Պղծել աներկիւղ ե´ւ խաչ ե´ւ խորան,
Ու կէսը նրա - Միլիոն մի կեանք -
Նետել են մահւան,
Որ կէսը ապա ծաղկի ու շէննայ,
Բայց իր նորաստեղծ երկիրը թրջի
Էլե՝ մի անգամ հայի արիւնով
Եւ հայի ձեռքով...


Կարող են մարդիկ խախտել լեռներին
Ու բազկի ուժով սանձել գետերին.-
Բայց ո՞վ է կարող
Ժամանակների վճիռը եղծել,
Եւ դիւցազնութեան կապոյտ երկնքում
Շողացող աստղին վարագոյր քաշել...


Դաշնակ շների՞ն...
Բայց ո՞վ են նրանք, շներն այն բոլոր,
Որոնց սրբազան յիշատակն ի վեր,
Մի քերթող Աբով - բառերի որսորդ -
Եկել իր թղթէ կապարճն է պարպել...
Շնե՞ր են նրանք, մարտիկներն այն սուրբ,
Հողի կարօտով հող դարձած մարդիկ,
Որ սիրտը իրենց որպէս պայթող ռումբ,
Եւ կեանքը իրենց որպէս խօլ մրրիկ
Զարկել են հայոց դաժան լեռներին,
Եւ թշնամու դէմ լեռնացած քէնով
Քայլել են կեանքից ու հասել մահին...


Շնե՞ր են նրանք, հերոսներն այն վեհ,
Մեր ազատութեան վաղ այգաբացին
Հեքեաթից յառնող վիշապների պէս
Ու հեքեաթ դարձած ոգիներն ահեղ.
Նրանք՝ որ խաւար ժամակներում
Շրջել են վառւող խարոյկների տեղ.
Որպէսզի մթին հայ խրճիթներում
Դարերով մարած լոյսը պլպլայ,
Եւ արդարութեան ծիրանի գօտին
Նորից կամարւի հայ երկրի վրայ,
Որպէսզի խրւի գութանը անշեղ
Մեր սեւ հողերի չարչարւած կողին,
Եւ ակօսներում տաք քրտինքի տեղ
Մաճկալի ճակտից չթորայ արիւն,
Որպէսզի արդար հացի սեղանին
Աղօթքի փոխան չլինի անէծք,
Եւ արդարութեան լուսինը դեղին
Մեր մանուկների հեւքոտ երազում
Երկնքից կախւած չթւայ լայն վէրք¦


Շնե՞ր են նրանէ...Եւ շո՞ւն էր արդեօք
Եարի փոխարէն ցուրտ զէնքը գրկած
Խրոխտ ֆիդային - մարմնացած բողոք,
Ու համակ կսկիծ, ցասում ու վրէժ,
Որ անհաւասար մարտի էր ելել
Ընդդէմ արիւնոտ Սուլթանի խենեշ,
Եւ ընդդէմ Ցարի, ընդդէմ Խաների
Ու բոլո´ր, բոլո՜ր բռնակալների...


Շնե՞ր են նրանք...Եւ շո՞ւն էր միթէ
Մղձաւանջներում մղձաւանջ դարձած
Սասնոյ վիհերի ոգին երկաթէ...
Եւ շո՞ւն էր միթէ
Հրայրը թախծոտ-գաղափարի սիւն,
Եւ շո՞ւն էր արդեօք որպէս աշտանակ
Ռումբից հրկիզւած հէգ Բաբկէն Սիւնին,
Թէ՝ ազատութեան բագինի առաջ
Ընկած նահատակ...


Օ՜ շո՞ւն էր, շո՞ւն էր
Գէորգը առիւծ, Սերոբը պարթեւ,
Մակար ծերունին՝ շնչող մագաղաթ
Օ՜ շուն էր Մուրադն իր ձիու վերեւ,
Ռոստոմը խոժոռ՝ կաղնի հաստարմատ,
Եւ Քրիստափորն՝ արդար ուժանակ,
Շո՞ւն էր Զաւարեանն՝ անբի՜ծ ինչպէս լոյս,
Թէ մեր աշխարհում մարդացած Յիսուս...


Ու լէգէնդական թափօրը հսկայ
Համեստ անանուն մեր հայդուկների,
Արեան ու վշտի ծովերից անցած,
Լեռների լանջին եւ մութ ձորերում
Անթաղ մնացած մեռելներն ամէն,
Կախաղանների մռայլ կատարին
Եւ արհաւիրքի խուլ զնդաններում
Զոհերն անհամար,
Ու նահատակներն այն լուսապսակ
Հայոց պատմութեան անդունդներն ի վար,
Բոլորը նրանց շներեին վոհմա՞կ...


Ու դեռ դպրութեան այգեստաններից
Փոխան երազի՝ դժոխք շալակած,
Փոխան տաւիղի՝ շեփորով պղինձ
Արի՜ւն, արհաւի՜րք, կոտորա՜ծ երգող
Քերթողները վէս,-
Փոթորկամռունչ, խօլ Սիամանթօն,
Եւ քաղցրաթախիծ Վարուժանը հեզ,
Վաստակը նրանց շների թողօ՞ն...
Մարգարէաշունչ երգերը նրանց
Շների կաղկա՞նձ...


Օ՜ հիմա, հիմա,
Կարող է նրանց ոգին անհանգիստ
Յանկարծ ծառանալ երկնքի դիմաց
Որպէս վիրաւոր Գամփռ մի հսկայ,
Բանալ աստղերին իր սիրտը մռայլ,
Ու ցաւից կանգնել զոյգ ոտի վրայ
Եւ անվերջ ոռնալ...


Օ՜ հիմա, հիմա,
Եղեռնի կարմիր անապատներից
Կարող է անթարթ ու չոր մի կմախք
Շարժւել դէպի վեր, աստղերի ճամբով,
Հասնել երկնքին,
Եւ ստեղների վրայ Յարդգողի
Մի ահեղիմաստ համերգ փոթորկել...


Օ՜ հիմա, հիմա,
Կարող է երկրի սիրտը պատառւել,
Լինել տեղաշարժ,
Եւ ընդերքներից հայոց աշխարհի,
Որպէս յայնտնութեան քստմնող միրաժ,
Դուրս խուժել յանկարծ
Դաշնակ շների մի անհուն բանակ...


Օ՜ հիմա, հիմա,
Կարող է նոյնիսկ,
Որ դաշունահար ու մերկ մի մարմին
Անսանձ հողմերի շեփորը գողնայ,
Եւ քար մարդկութեան քարեղէն խղճին,
Անէծքի շունչով բիրտ ու անխնայ,
Մի վերջին անգամ էլի´ որոտայ
Խաբւած իր հոգոււ կսկիծը խորին...


Կարող են մարդիկ խախտել լեռներին.-
Բայց ո՞վ է կարող
Վճիռը եղծել ժամանակների,
Եւ դիւցազնութեան կապոյտ երկնքում
Շողացող աստղին վարագոյր քաշել...


Արեան ու ցաւի ծովերից անցած
Մեր հազարամեայ հին նաւը խարխուլ
Մի վերջին անգամ առագաստ պարզած
Եկել է ահա այս ափերին փուլ.
Քանի՜ մարտիկներ ծեծել են նրա
Կայմերը հաստատ, կամուրջներն ամուր,
Եւ որպէս փետուր՝
Նետել մոլեգնած կոհակների վրայ,
Զարկել խութերին,
Ու զահանդական, խոր անդունդների
Խաւար երախին...


Եկել են մեզ դէմ
Վոհմակներն անթիւ մութ խուժանների,
Եկել հիւսիսից, եկել հարաւից,
Տափաստաններից եկել են ծարաւ,
Ու մեր մաքրափայլ պայծառ ջրերին
Խառնել են նեխանք, արիւն ու շարաւ,
Արտերին իջել՝ հանց անկուշտ մարախ
Գիւղերին նստել որպէս պղծութիւն,
Ու չի մնացել եւ ոչ մի օջախ,
Ու մեր հարսների ճակատին մաքուր
Շնագայլերի գարշահոտ դնչից
Նարօտի վրայ չլինէր սեւ մուր...


Երկիրը մեր շէն դարձել էր դամբան,
Ու դամբանի մէջ ժողովուրդը մեր
Եղել անկշտում սրերի յեսան.
Ապրում էր ահով, կէս-մեռել կէս-ողջ
Վեց ստրկութեան անհատնում դարեր.
Կեանքը նրա մէջ լոկ կայծ էր դողդոջ
Եւ նա աշխարհում թափառող ստւեր,
Տառապանքների ներքեւ անհաշիւ
Կորցրած ընդմիշտ ե´ւ ինչք ե´ւ պատիւ...


Եւ դամբանների անծայր խաւարից,
Ցուրտ մոխիրների պատանքը թոթւած,
Զարթնել է յանկարծ մի սիրտ կենսալից
Տրոփել է նա կշռոյթով առաջ,
Եւ նրա արեան ցնցող զարկերից
Շնչել է մեռեալ երկիրը ամբողջ.
Թմրած հոգիներն առել են խոյանք,
Ստրուկը խոնարհ դարձել է մարտիկ,
Պայքարը ազնիւ նկատել պարծանք
Եւ աղաղակել - Մահ կամ Հայրենիք...


Մի սիրտ է խփւել մոխիրների տակ,
Հողմերի դիմաց բացւել մի դրօշ,
Թափւել է արիւն, սուլել է գնդակ,
Լսւել սուրերի կայծակնագոռ շաչ.
Ոսոխը վատթար ջարդել է անվերջ,
Մարտիկներն անվախ քայլել են առաջ,
Նորեր են եկել ընկածների տեղ,
Երկիրն է դարձել գալարւող բռունցք.
Արիւնը դարձել զայրագին հեղեղ,
Հովիտները խոր լճացած արցունք.
Դժո´խքն է փլել մեր երկրի վրայ
Ու հողն է պայթել որպէս շէկ կաթսայ...


Հոսել են ապա հեղեղներ տղմուտ,
Եւ մութ ամպերի արանքից դաժան
Բացել երկնքի կտոր մի կապոյտ.
Յոյսեր են ծաղկել եւ շունչը գարնան
Խօստացել երկրին մի բեղուն ամառ.


Արցունքն է սրբել ժողովուրդն հայոց
Եւ լծւած հերկին ազնիւ ու արդար,
Յառել է աչքերն օրերին գալոց.
Եւ հաւատացել՝ թէ իր վէրրքերին
Հպում են ահա մատներ բարեգութ,
Թէ եկել, հասել է Սամարացին,
Կը լինի շուտով տօն ու այգեկութ,
Հնձանների մէջ կը խայտայ գինին,
Ընդմիշտ կը չքւի ստւերը մահւան
Ու լեռների վրայ ու մեր դաշտերի՝
Նորից կը ժպտայ պայծառ ապագան...


Յոյսեր են ծաղկել...կտոր մի կապոյտ...
Հօֆ եւ Վեստէնէնկ... Բարենորոգում...
Կտոր մի կապոյտ.-
Ուղեղների վրայ, սրտերին վրայ՝
Դաշնագրերի փոշեթաթաւ կոյտ.
Հոգիների մէջ՝ յոյզերի փեթակ.
Ու երակներում՝ ցնծութեան կրակ.-
Կը լինի շուտով հարսնիք ու ծիծաղ,
Անապատը չոր կը լինի պարտէզ,
Ողբը հնօրեայ՝ սիրոյ անուշ տա´ղ...
Կտոր մի կապոյտ... Յոյսը՝ կը լինի
Ձմռայ մէջ բացւած վառման վարդենի...
Կտոր մի կապոյտ... եւ կապոյտի վրայ՝
Ինչպէս... ինչքան շուտ...
ա՜հ, ինչպէ´ս,
ինչպէ՜ս՝
Յեղակած փայլա՜կը մեծ Եղեռնի...


Յիշո՞ւմ ես, Աբով - կռիւ էր նորից,
Լիզում էր աշխարհն հրդեհը քանդիչ,
Տւել էր կեանքին մահը մի նոր կից
Ու սիրտը մարդուն դարձրել արճիճ:
Նորից բանակներ բանկակների դէմ,
Նորից բռնութեան խելագար արշաւ,
Իսկ մեր հողերում ոսոխը խարդախ
Նիւթել էր ծածուկ ահաւոր մի դաւ,
Բացել մեր առաջ անհուն մի դագաղ...


Ու կարաւաննե´ր՝ անվերջ ու անծայր,
Անապատներում՝ արհաւիրք ու սուր,
Քաղաքները շէն գետնին հաւասար
Ու ճամբաներին՝ գանգերի բլուր...
Ոռնում էր խուժանն անկուշտ ու վայրագ
Եւ իր սեւ հոգուն ու եղեռնի վրայ,
Որպէս անթափանց խաւարի վերմակ՝
Փռւել էր նեխած խիղճը մարդկութեան...


Յիշո՞ւմ ես Աբով.- եղել է մի օր,
Անցած ու գալիք օրերից բոլոր
Անջատւած մի օր.
Ապրիլ է եղել, դաշտերում ծաղիկ,
Եւ մի հեռու տեղ, մի գետի ափին,
Եղել է արեան կարմիր բաղանիք...
եղել է մի օ´ր,
Եւ արաբական տաք անապատում
Եղել Ռաս-իւլ-Այն, եղել է Դէր-Զօր.
Յիշո՞ւմ ես, Աբով.-
Եղել է Դէր-Զօր...


Յիշո՞ւմ ես, Աբով.-
Թէ եղաւ մի սեւ ու վատութեան օր,
Ժողովուրդը մեր մորթւող ոչխար,
Ապա եւ նորից ինձ հետ միասին,
Ճակատները վա´ր՝
Համբոյր տանք բոլոր, բոլոր շներին,
Օ՜ էորգ Աբով,
Որ մեր աղարտւած ու անսուրբ ճակտից
Անմար վրէժի սրբազան հրով
արշ ստրկութեան ամօթն այրեցին...


Եւ փառք շներին.
Նրանց՝ որ մահով յաղթեցին մահւան
Եւ մահից առաջ թշնամու ճակտին
Որպէս պղծութեան անմոռաց խարան,
Արեա´մբ գրեցին՝
Թէ մահն է միշտ մէկ եւ ամենայն տեղ,
Թք մարդը կեանքում կը մեռնի մի հեղ,
Թէ հազար երնեկ ու բիւր երանի
Նրա´ն՝ որ ազգի սիրոյն կը զոհւի...


Ու նորից պատիւ եւ փառք շներին՝
Վասպուրականից մինչեւ Մուսա Լեռ,
Ու մինչեւ Ուրֆա եւ արահիսար,
Չոք-Մարզըւանից մինչեւ Տաւրոսներ,
Փա´ռք մեր երեկի, փա´ռք մեր ներկայի
Ու դեռ գալիքի բոլո´ր շներին...


Յիշո՞ւմ ես Աբով.- Նահանջ էր այլ տեղ
Ու լեղապատառ քայքայման խուճապ.
Եւ որպէս խրտնած ու գինով նախիր՝
Ռուսաց զօրքերի փախուստն հապշտապ,
Նետել էր Լէնինն իր պատգամը.- Տո՜ւն,
Ողջո՜յն տառապող երկրին ու մարդուն,
Ողջոյն ոսոխի´ն, ողջոյն պարտեալի´ն,
Ողջոյն բոլորին եւ դարձ՝ դէպի տուն...


Յիշո՞ւմ ես Աբով.-
ալիս էր նորից, արիւնոտ դնչով
Նոյն հրէշը սեւ ժանիքը սրած,
Որպէսզի անզուսպ թափով մի վերջին՝
Վերջին բեկորին տայ վերջին հարւած...


Եղե՞լ է արդեօք դարերի խորքում
Աւելի մթին, անյոյս ճգնաժամ՝
Երբ օրհասական հայոց աշխարհի
Սիրտը վիրաւոր ու արիւնաքամ,
Յաւիտենութեան վիհերից առկախ՝
Դադարեց մի պահ...


Յիշո՞ւմ ես Աբով.- երկինքն էր սառել,
Չկար բարեգութ եւ ո´չ մի աստւած.
Ու երկիրը մեր՝ կենդանի մեռել,
Ընկել բորենու կլափի դէմ բաց...
Ու ճակատագրի մատեանում անպէտ
Մի ձեռք անողոք
Դրել իր արդէն տխուր վերջակէտ...


Երկինքն էր սառել ու չկար Աստւած...
Բայց ահա´, ահա՝ հէքեա´թ թէ հրաշք,
Ծառացաւ մի մարդ,
Հրաշքից փախած ու հրա´շք մի մարդ.
Կանգնեց նա դաշտում մեր Արարատեան,
Դիակների մէջ եւ ագռաւների,
Եւ հաւատքն արած պողպատեայ վահան,
Եւ սէրն հայրենեաց մի շեփոր ռազմի՝
Սոված, սարսափած մարդկանցից վհատ
Դարբնեց մի բանակ,
Եւ որպէս ոխից շիկացած երկաթ՝
Խփեց ոսոխի ճակատին անարգ...


Յիշո՞ւմ ես, Աբով, թէ ոնց ապրեցան
Հայոց աշխարհի զարմերը վերջին,
Երբ չկար աստւած, երկինքն էր դաժան,
Յիշո՞ւմ ես կրկին,
Ահեղ Բէլի դէմ ծառացող Հայկին
Եւ նրա թոռան.
Թո՞ռն էր նա Հայկի, զա՞րմը Վարդանի,
Դաւի՞թն էր մանուկ,
Հայոց լեռներում յայտնւած ոգի՞...
Յիշո՞ւմ ես նրա ճակատը պայծառ,
Անունն անթառամ-
Մանուկեան Արա´մ...


Յիշո՞ւմ ես ապա.
Կռիւ էր, երգ էր, խա´ղ էր մահի հետ,
Թշնամին՝ յոխորտ ճակատների վրայ,
Եւ ինչպէս պրկած աղեղի սուր նետ՝
Նրա թիկունքին
Սեպո´ւհն էր խիզախ եւ իր այրուձին...


Յիշո՞ւմ ես ապա.
Արաքսի ափին վերջալոյս էր վառ
Եւ բլուրների լանջին հեռակայ
Սւինամարտի բոցկլտող անտառ.
Դաշտում՝ վիրաւոր ձիերի խրխինձ,
Հովտում՝ մորթւող թշնամու բառաչ,
Եւ խրամների երախից քանդիչ
նդացիրների բոցավառ շառաչ:


Յիշո՞ւմ ես ապա.
Փշրել էր նորից իր ժանգոտ շղթան
Արտաւազդների զայրոյթը հզօր.
Քանդել էր նորից թումբերը համայն
Հայկազունների ոգին թեւաւոր.
Եւ ատամների կրճտող քէնով,
Որպէս վրնջող ու կատաղած ձի՝
Խածել էր շեղփից մահւան մանգաղի...


Յիշո՞ւմ ես ապա.
Դուրս էին խուժել առասպելներից
Նախահայրերի ոգիներն հսկայ
Ու եղել կռւող զօրքին զինակից.-
Հասել էր Սասնոյ Ոաւիթը մրրիկ
Ու եղել մարտում
Աննահանջ թափով յաղթող Անդրանիկ,
Եկել էր որպէս մի նոր այլ-Վահան՝
Նիկո´լը Դուման.
Եկել էր Մուշե´ղը Մամիկոնեան
Պահած ճերմակ ձին,
Պահած եւ հոգին, պահած եւ անուն,
Ու փոխած միայն, միայն ազգանուն
Եւ դարձած Մուշե´ղ մի Աւետիսեան...
Եւ ինչպէս Մանւէլ վէրքերով առատ,
Մահճից եղկ մահւան թմբիրը թօթւած՝
Թամբել էր իր ձին ու դարձել Մուրադ
Մարտիկ մի ահեղ:
Որպէսզի անփայլ մահով չմեռնի
Եւ թողի պայծառ քաջութեան անուն,
Սրտում մեծագործ իր ժառանգների...


Չյիշե՞լ նրանց - Դաշնակ շներին,
Ու դիւցազնութեան լոյս ոլորտներում
Շողացող աստղին վարագոյ՞ր քաշել.
Չյիշե՞լ , ինչո՞ւ.
Թաղել, ուրանալ անցեալ մի շքեղ
Ու դառնալ գնչու...


Յիշո՞ւմ ես ապա.
Երաշտ մի հովտից, անանուն դաշտից
Պողպատ առ պողպատ
Դարերին նետւած կամուրջ մի հսկայ.-
Օ՜ Սարդարաբադ...


Յիշո՞ւմ ես ապա.
Սրտերի գրոհ ու կամքի հեղե´ղ,
Ոգու ուրւակա´ն,
Ու մետաղացած բազուկներ ջրդեղ՝
Հրաբուխներից տեղահան անտա´ռ,
Ու երկնքի դէմ գալարւող թաթա´ռ-
Յիշո՞ւմ ես ապա՝
Մոռացւած մի գիւղ, մի խուլ կայարան-
Ղարաքիլիսա
Ու Բաշ-Աբարան...


Քաջալանջ Հայկից թող մինչեւ Տիգրան,
Ու պերճ Տիգրանից մինչ Կարմիր Վարդան,
Ու մինչեւ, Գագիկ, ու մինչեւ Թորոս,
Մինչեւ Դաւիթ Բէկ
Եւ մինչեւ, մինչեւ Բաղրամեա´նն հերոս,
Վե´ր կենան մի հեղ,
Հողի տակ ապրող մարտիկները մեր
Վե´ր կենան մի հեղ,
Եւ Արարատից մինչ անհաս երկինք,
Ու երկնքներից դեռ մինչեւ աստղեր,
Ու մինչեւ եթեր,
Ու մինչեւ Աստւա´ծ.
Ու համբոյր տան ձեզ,
Ու տան ձեզ պատի´ւ,
Տան Փա´ռք ու պարծանք՝
Հէ´յ Սարդարաբադ
Ղարաքիլիսա´,
Հէ´յ Բաշ-Աբարան...


Յիշո՞ւմ ես ապա.
Արիւնից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկւած կտոր մի կապոյտ,
Հասուն հասկերի շող նարնջագոյն,
Եւ վեց դարերի խաւարի վրայ՝
Դրօ´շ Եռագոյն...


Յետոյ Նոյեմբեր, ապա Փետրւան,
Նորից արցունքի ու արեան տարափ,
Մինչեւ մոլեգնած ջրերից վարար,
Երկիրը հիվանդ խարխափ առ խարխափ
Հասաւ իր կայքին,
Ու պարզեց թեւերն իր ցրտից կարկամ
Բորբ արեգակի դէմ Խորհրդային...


Ո՞վ չի խաբել մեզ,
Ո՞վ չռ մօտեցել մեր խորունկ վէրքին
Որպէս երկնաւոր բարի յարալէզ
Եւ ո՞վ իր անյագ ոսկու ծարաւին
Չի տւել յագուրդ մեր տաք արիւնով,
Ո՞վ չի խաբել մեզ...


Ո´վ չէր խաբել մեզ.
Ու դեռ կիսաբաց կարմիր դրօշին
Թէ հիասթափւած սիրտը մեր վհատ
Առաջին պահին չի տւել հաւատ,-
Թէ հազար անգամ օտարից խաբւած
Ու հազար ձեռքից մէֆք առած հազար
Մեր սրտում եղել է մթին կասկած՝
Թէ դրօշների ետեւ կարմրավառ
ալիս է նորից նոյն արջը նօթի,
Լոբանովների եւ Նիքոլայի
Ստւերը դահիճ,
Որպէսզի նորից, ինչպէս հանրակին
Արձակի քրքիջ՝
Թէ սիրում է մեզ, սիրում հայերին
Եւ սիրում այնքա՜ն, եւ սիրում այնպէ՜ս՝
Որ տալիս է մեզ...դրախտը բաժին,
Իսկ այս աշխարհում դեռ տալիղ է մեզ
Մի մեծ Հայաստան...
բայց առանց հայի,-
Թէ չենք կամեցել լինել մենք անհետ,
Թէ չենք կամեցել կորչել առյաւէտ,
Թէ մի հեղ էլ մե´նք եղել ապերախտ,
Մերժել ենք գնալ երկինք ու դրախտ,
տել՝ մեր նախնեաց հողը կենսատու
Քան երանաւէտ գոգն Աբրահամու,-
Չենք ուզել ստրուկ լինել օտարին,
Հաւատալ նորից ու խաբւել կրկին,
Եղբայր է հիմա աշխարհը բոլոր
Ու մենք ենք միայն,
մենք ենք մեղաւոր...


Անցել է արդէն լրիւ քառորդ դար,
Ու երկիրը մեր
Կարմիր դրօշին դարձել է ընկեր,
Դարձել է եղբայր.
Նետել է հիւսիս բազուկն իր հուժկու
Մուրճին, մանգաղին,
Ճակատը պայծառ, նայւածքը հատու
Ու կանգնել կրկին:
Տեսնում ենք ահա խինդով անսահման,
Թէ չի խաբել մեզ դրօշը կարմիր,
Թէ բացւել է դարը երջանկութեան,
Եւ առագաստները մեր հողմալիր,
Խաղաղ ջրերի վրով հեզասահ
Եւ զէփիւռների շնչով այգային,
Նաւը Նայիրեան տանում են վստահ
Վառ գալիքների երազ ափերին:


Դիտում ենք յոյզով ու վառ կարօտով,
Ափին մոռացւած մենք ուղեւորներ՝
Թէ երբ կը լսւին մեր կանչը խռով,
Կւ լսւի անհուն կարօտանքը մեր:
Բարձրագոյն կայմից հսկայ նաւաստին
Կը տայ ահազանգ՝
Թէ հորիզոնում մշուշապատանք
Նաւաբեկեալի կայ դողդոջ հրթիռ,
Խեղդամահների զանգւածներ մթին,
Եւ կան երկնքին պարզւած ձեռներ,
Թէ հարկ է մեկնի նաւը իր հետքին
Եւ դառնայ նորից իր բեկորին տէր...


Դարձել ենք հիւսիս,
Ափին թողլքւած մենք ուղեւորներ,
Եւ պայծառ աստղին ողջոյն ենք տալիս.
Բայց ողջոյնի հետ, ողջոյնից առաջ,
Արժա՜ն է մեզի, Արժա՜ն է մարդում՝
Նզովք հոլովել իր մեռելներին,
Անցեալն իր նետել որպէս փտած քուրջ,
Արժա՜ն է աստղօմ վարագոկր քաշել,
Ու վայե՞լ է դեռ, Յարութեան տօնին,
Խաչեցեալների շիրիմը պղծել...


Անցել են նրանք արիւնի ճամբով,
Որպէս խաւարում լուծւած ճառագայթ,
Անցել են նրանք, օ՜ էորգ Աբով,
Տեսած հազար դաւ, հազար որոգայթ
Եւ պատմութեան գորշ պաստառի վրայ՝
Դարձել պատմութիւն ու դարձել հեքեաթ...


Անցել են նրանք, Շները Դաշնակ,
Յաւերժապայծա՜ռ փառքի ճամբէքով,
Անցել են նրանք վոհմակ առ վոհմակ,
Եւ Հայաստանի երկնքից ահա,
լուխները զոյգ թաթերի վրայ
Ոգեղինացած Սֆինքսներ որպէս,
Անհուն կարօտով ու անհուն սիրով
Տե´ս դիտում են քեզ, օ՜ էորգ Աբով,
Եւ դիտոմ են մե´զ...


Կարող ես մի պահ
Խզել արմատից բունը մեր ծառի,-
Թէ ունենք հիմա Կարմիր Նոյեմբեր՝
Փա՜ռք իր արեւին,
Թէ ունենք զւարթ ու ցնծուն երկիր,՝
Փա՜ռք իր հասակին,
Յիշո՞ւմ ես մի պահ, օ՜ էորգ Աբով,
Թէ նա կը լինէր.
կը լինէ՞ր արդեօք Կարմիր Նոյեմբեր
Ու դեռ կը լինէ՞ր ժողովուրդը մեր,
Թէ մշուշապատ
Եւ արիւնազանգ անցեալի ֆօնին՝
Չլինէր շքե´ղ մի Աարդարաբադ...


Ու պիտի ջնջէք
Երկրից առյաւէտ
Սեւ Ֆաշիզմի հետ
Նաեւ հե´տքն իսկ մեր. -
Բայց սեւ ֆաշիզմին յաղթելու համար
Ունէք դուք արդէն
Կուռ բանակների շարքեր անհամար.
Ունէք յաղթութեան
Վառ դրօշ պարզած քաջ զորավարներ.
Ունէք Բաղրամեան,
Ունէք հանճարեղ ու մեծ Ստալին,
Որ ինչպէս անխոնջ ու յամառ դարբին՝
Խփում է անվերջ իր մուրճը սալին
Ու սովետական ձեր բորբ քուրայից
Նետում է կայծեր ողջ տիեզերքին...


Ու պիտի ջնջէք դուք սեւ ֆաշեզմի՞ն.
Դէ´հ, այնպէս ջնջէք,
Որ ապագայի լուսաւոր շէմքին
Էլ երբէ´ք, երբէ´ք
Չլինի ոչ մի ստրուկ ու ծառայ,
Չլինի արքա´յ,
Ու լինի վճիտ ջուրի պէս զուլալ
Կեանքը դեռ գալիք մեր սերունդների...



Եւ լինի՜, լինի՜,
Հանուր մարդկութեան երազը պայծառ
Լինի սալարկւած ու լայն ծառուղի.
Եւ լինի՜, լինի՜,
Աշխարհի վրայ արեւ մի արդար,
Ու լինի մարդը մարդին հաւասար,
Եւ խաղաղութեան ճերմակ աղաւնուն
Չմերձի ոչ մի գիշատիչ թռչուն...


Լինի մարդկութեան երազը պայծառ,
Եւ ով յետ դառնայ լուսեղէն ճամբից,
Ինչպէս առասպել Ղօվտի հէքեաթում՝
Դառնայ անշունչ քա´ր...


Կը ջնջէք շուտով,
Ջնջել էք արդէն արդար բռունցքով
Որջում գալարւող ֆաշիստ հրէշին.
Կը մնայ շուտով այս արեւի տակ
Նրա չար թաթից
Ու սեւ ստւերից՝ լոկ սեւ յիշատակ:


Դաշնակ շների՜ն.
Ջնջելը նրանց այնքան է հեշտին.-
Ոչ ռումբ է պիտոյ եւ ոչ էլ սւին,
Եւ ոչ էլ, ոչ էլ, օ՜ էորգ Աբով,
Հարկ է երկնքում շողացող աստղին
Տիղմ գցել ափով...


Բաւ է աշխարհում անվերջ թափառող
Հարազատներին
Հայրենի երկրում տալ մի պատառ հող.
Թէկուզ եւ փոքրիկ, թէկուզ եւ խոպան,
Թէկուզ եւ լինի նա մութ գերեզման՝
Տալ մի պատառ հող,
Որպէսզի օտար ու ցուրտ հողերում
Մեր մեռելների հոգին չմսի,
Տալ մի պատառ հող,
Որպէսզի դողդոջ մեր մանուկների
Վարդ շրթների վրայ,
Ինչպէս ձիւներում ընկած ծաղկի փերթ՝
Չսառի բարբա՜ռը մեր հնօրեայ...


Ջնջել հե՞տքն իսկ մեր.
Բայց ի՞նչ է արդէն
կեանքը մեզ համար,-
Չարչարանքի բեռ,
Ու ճակատագրի քառուղիներում
Կեանքը մեզ համար՝
Անարիւն կռի´ւ ու լռին մաշո´ւմ.
Խփել է արդէն մեր կարկամ ուսին
Բռունցքը բախտի.
Ու նորի´ց բռունցք, ու նորի´ց արիւն,
Եւ այն էլ, այն էլ երկրի´ց հարենի...


Իսկ մենք, օ՜, գիտես, երջանիկ Աբով,
Թէ հիմա ցրւած աշխարհում անծէր,
Մէն մի հայ սրտի մէն մի տրոփով
Սպասում ենք դեռ՝
Հայրենի երկրի կանչին քաղցրալուր.
Սպասում ենք լուռ, տրտում ու խռով,
Ներկան՝ մեզ համար տառապանքի ծով,
Մեխւած մեր սրտին՝ անցեալը սուր սեպ,
Եւ ցուրտ ապագան, խաւար ու անյայտ,
ողգոթաների կատարին ցցւած
Մեզ համար ցաւի մի նոր խաչափայտ:


Կորցրել ենք արդէն մեր հոգին պայծառ,
Երազները վառ,
Հայրենի հողի շունչը խնկաբոյր,
Մեր օջախների բարքերը մաքուր.
Եղել ենք ահա,
անկուշտ գայլերին պատրաստի նոխազ.
ալիս են նրանք, գայլերն այդ ծպտած,
Խօսում դրախտից, երկնքից անհաս,
Ու քաղցրաշողոմ ժպիտով անուշ,
Բառերով քնքոյշ՝
Պոկում մեր մարմնից փերթեր անխնայ.
Խօսում են խաչից ու խաչի անւամբ
Մի հեղ էլ խաչում մեզ խաչի վրայ...


ալիս են ծածուկ կաբինէտներից
Մթին խաղերի ագէտները դեռ,
Բերում յոյսերի բառեր մեղրալից
Ու ոսկով ծախւող ոսկի երազներ.
Եւ վասն անյագ կիրքերի յագուրդ՝
Իրենց հեռաւոր սակարաններում
Հանւում ենք աճուրդ...
Ու որպէս եղբայ´ր գալիս են ոմանք,
Եւ եղբայրութեան խօսքերով վսեմ,
Աչքերում ժպիտ, սրտներում հեգնանք՝
Զինում են եղբայրն ի´ր իսկ եղբօր դէմ...


Ու գիտե՞ս, գիտե՞ս,
Աշխարհում ձգւող մեր ճամբաներին
Դարան են մտել դեչ քանի´ աղւէս,
Եւ խոնջ ու վատուժ մեր մկաններին
Կպել են գաղտուկ
Արիւնածարաւ դեռ քանի՜ տզրուկ:
Ու գիտե՞ս, գիտե՞ս թէ կան մեր դիմաց
Անդարձ կորստեան վիհեր լայնաբաց,
Քանի՞ ուղիներ մթին ու խարդախ,
Եւ Դամօկլէսեան դեռ քանի՞ օրեր
Մեր գլխին առկախ...


Օ´ էորգ Աբով, հեռաւոր եղբայր,
Լսե՞լ ես արդեօք
Թէ ծովերից դէն աշխարհում անծայր
Ունես բիւրաւոր եղբայրներ անոք,
Լսե՞լ ես նրանց պայքարի մասին
Ապրելու համար, մեռնելու համար...
Լսե՞լ ես նրանց բորբ սրտի մասին
Եւ նրանց սիրոյն լեռայ հարասար.
Լսե՞լ ես ապա նաեւ, այն մասին՝
Թէ ամէն մի հայ, սիրով մի խնդուն,
Լինի նա Հնչակ, լինի Բոլշեւիկ
Եւ կամ Դաշնակ Շուն՝
Կը նետե´ր բոլոր օրերը գալիք
Բախտի նժարին,
Եթէ փսխարէն նժարում միւս
էթ լինէր մի´ օր, օ՜, մի´ օր, մի´ որ՝
Հայրենի երկրում մեր խորհրդային...


Ջնջել հետքն իսկ մեր, դաշնակ շներիս,
Նետել մեր աչքին վառօդ ու արճիճ,
Եւ ողջ աշխարհին ողջոյններ տալիս
Լոկ մե´ր ականջին ատելութեան ճի՞չ...
Թէ կայ մեր բախտի մատեանում անտես
Որ էլի´ մի հեղ մենք լինենք զոհւող,
Լինի´ թող այդպէս.
Լինե մեզ համար անվախճան զրկանք,
Եւ մահը նորից լինի մեզ նոր կեա´նք,
Միայն թք լինի´, օ՜, լինի՜, լինի՜
Մեր եղբայրների´ համար, քոյրերի´,
Մեր մանուկների եւ մեր որբերի,
Եւ որպէս շնորհ՝ մեր մեռելների
Շիրիմի´ համար, օ՜, լինի՜, լինի՜՝
Պատառ մի չոր հող երկրում հայրենի...


Եկել եմ ահա- պօէտ մի չնչին,
Որպէս աշունից պոկւած մի տերեւ,
Եկել եմ ահա
Որպէս խոնջ կռունկ մի ժայռի վերեւ,
Եկել եմ ահա
Որպէս խոնջ կռունկ մի ժայռի վերեւ,
Եկել եմ ահա- պօէտ մի չնչին,
Եւ խառնած շունչս բիւրերի շնչին՝
Երգում եմ նրանց
Խռովը խորին եւ վիշտը անանց.
Լսիր իմ երգում անամոք թախիծ,
Եւ պանդուխտի լաց,
եւ սիրոյ արցունք լսիր իմ երգում,
Լսիր լեռնացած կարօտ իմ երգից
Եւ նահանջական պայքարի զղջո´ւմ...


Եւ լսի´ր, լսի´ր,
Ինձ հետ միասին լալիս է անյոյս
Մի ողջ ժողովուրդ,
Որի կէսն արդէն տարել է մի օր
Եղեռնը անգութ -
Յիշո՞ւմ ես Դէր-Զօր...
Ու կէսը ցրիւ հողմերի բախտին,
Կանչում է ահա այս գորշ Հալէբից,
Բուրգերի երկրից, Փարիզից կանչում,
Ու դեռ հեռաւոր Կալիֆորնիայից
Եւ Մարմարայի ափերից տրտում,
Կանչում երկնքին, կանչում աստծուն,
Դժոխքին կանչում՝
Որ տանեն, տանեն, տանե՜ն դէպի տուն...


Եկել եմ ահա- պօէտ մի չնչին,
Եւ կարօտահար իմ եղբայրների
Տաք սի´րտն եմ բերել իմ հայրենիքին,
Որպէսզի սրտից հայրենի երկրի
Բորբ մեր սրտի դէմ սառոյցը ճաքի,
Ու սառոյցի տակ, ինչպէս ձնծաղիկ
Բացւած արեւին,
Եւ ինչպէս քնքոյշ ու կարօտած մայր՝
Իր սիրտը բացի
Բոլորի´ հանդէպ, բոլորի համար...


Եկել եմ ահա- պօէտ մի չնչին,
Եւ որպէս ծովում խեղդւողի կանչ,
Ընկուղւող նաւի եղերական սոյլ,
Աշնան մշուշում պլպլան ճաճանչ,
Եւ հողմերի դէմ առկայծող նշոյլ.
Եկել եմ ահա- պօէտ մի չնչին՝
Նետում եմ երկրիս իմ երգը վերջին.-
Տւել եմ ջրին, տւել եմ հովուն
Ինչ կեանքն էր դիզել իմ ջահել հոգում.
Ե´ւ ուղեղիս մէջ օրերի դարսած
իտութիւնը բութ,
Ե´ւ սրտիս նստած յոյզը լայնաշերտ
Լոկ պատրանք եւ սուտ,
Նետել եմ հեռու՝ որպէս հոգու կե´ղտ...


Իմ հոգին հիմա, մրրիկների տեղ
Ճարճատող քնար,
Որին փաթթել է անցեալը դժխեմ
Որպէս հնչուն լար՝
Միլիոն զոհերի աղիքները պիրկ.
Դարն է մղկտում լարերի վրայ
Ու ողբն իր նետում դարերին գալիք.-
Հասել է ահա րոպէն գերագոյն,
Կեանքի եւ մահւան արարը վերջին.
Չկա՜յ մեզ համար ուրիշ փրկութիւն
Քան մեռելների սեւաբախտ ուղին,
Որ ձգւում է տաք անապատներից,
Անցնում մեր սրտից
Եւ հասնում ի քե՜զ, եւ հասնում ի քե՜զ,
Իմ լուսապայծառ, կարմի´ր հարենիք...


Չունիմ ես հիմա եւ ոչ մի աստւած,
Ու ստապատիր ո´չ մի ոսկի հորթ.
Ես, կեանքի հովտում յոկնաբեկ անցորդ
Եւ միրաժների խաբւած ուղեկից...
Մաշել է սիրտս, մաշել է հոգիս
Առօրեայի պաղ խարտոցների տակ.
Չկա´յ ինձ քաշող ե´ւ ոչ մի մագնիս
Բացի քո աստղից վառ ու շողարձակ...


Իսկ դու հեռաւոր, երջանիկ ընկեր,
Օ՜ էորգ Աբով,
Հոգուդ մէջ դիզւած այդ մաղձը դեղին
Յանձնիր Զանգուի ցասկոտ ջրերին.
Խփի´ր ականջիդ թմբուկը արթուն
Որպէս զգայուն
Ու յարաթրթիռ մի դիափազոն
Հայրենի հողի տրոփուն կրծքին.
Լսիր դու հողին, լսիր դու հողին,
Դու հողի´ն լսիր,
Եւ նա քեզ կ'ասի թէ չկայ խտիր
Իր զաւակների միջեւ տարագիր,
Թէ չկա՜ն շներ,
Թէ հայ գեղջուկին սիրտն ի վեր ցցւած
Չկայ մաուզէր,
Այլ կան բիւրաւոր տառապող սրտեր՝
նո´յն հողի համար,
Եւ կան սրտերում վրէժի լեռներ՝
Նո´յն եւ միեւնոյն ոսոխի համար,
Եւ հոգիներում սիրոյ ջրվէժներ
Միայն ձե´զ համար
Ո՜վ հայրենիքում ապրող եղբայրներ,
Միայն ձե՜զ համար...


Եւ միայն, միայն միայն քեզ համար՝
Հէյ ջա՜ն Երեւան,
Մշուշների մէջ կարօտած իմ եար՝
Հէյ ջա՜ն Երեւան,
Ու խոյանքներիս դու վերջին կայան՝
Հէյ ջա՜ն Երեւան,
Իմ առաջին սէր ու վերջին տենչանք՝
Հէյ ջա՜ն Երեւան...
Մտքիս խանձարուր ու սրտիս պատանք՝
Հէյ ջա՜ն Երեւան,


Հէյ ջան Երեւան,
ուցէ այս օտար երկրից աքսորի
Հոգիս Արաքսին երբէք չհասնի.
Ու այգաբացի շողերից առաջ
Ինձնից մնայ լոկ թեւաբեկ մի խաչ,
Ու երազներիս պալատը մարմար
Դառնայ մի դաշտում անտէր շիրմաքար.
Հէյ ջա՜ն Երեւան,
ուցէ հող դառնամ չհասած հողիդ,
Դառնամ յիշատակ ու դառնամ աճիւն.
Բայց մինչեւ կեանքիս նշոյլը յետին,
Ու վերջին շոնչիս թրթիռը վերջին՝
Հոգիս քեզ համար կ'երգի օրհնութիւն,
Կ'երգի ծովացած հասկերն արտերիդ,
Աստղերի դագաղ Սեւանդ վճիտ,
ոծարաններիդ զանգւածը մեծղի
Ու բանւորներիդ քրտինքը կ'երգի,
Հէյ ջա՜ն Երեւան,
Լինեմ մինչեւ հող ու դառնամ մոխիր՝
Կ'երգեմ բորենու սուր ատամներից
Մարմինդ պահող դրօ´շդ կարմիր...
Կ'երգեմ լուսաշող ու պայծառ ներկադ,
Եւ մեր անցեալի աւերակներից
Կ'երգեմ բարձրացող շքեղ ապագադ,
Հէյ ջա՜ն Երեւան...


Հէյ ջա՜ն Երեւան,
Լինեմ ես քնած թէ լինեմ արթուն,
Հէյ ջա՜ն Երեւան,
Զարկերը սրտիս տրոփ առ տրոփ,
Հէյ ջա՜ն Երեւան,
Կ'երգեն քեզ համար միայն օրհնութիւն...


Միայն օրհութիւ´ն, Միայն օրհութի´ւն
Եւ սէր ու կարօտ,
Սէ´ր եւ օրհութիւն՝ Հէյ ջա՜ն Երեւան...


Հէյ ջա՜ն Երեւան,
Արեւը պայծառ երկնքիդ վրայ,
Արարատը քեզ լինի պահապան,
Այգիներիդ մէջ որթը մեղրանայ,
Երդիքներիդ տակ ծիծաղն անպակաս,
Դէզերը հունձքիդ հսկայ լեռ դառնան
Ու յաւերժի դէմ յաւէտ շէն մնաս՝
Հէյ ջա՜ն Երեւան:


Հէյ ջա՜ն Երեւան,
Ձմեռների դէմ միշտ դալա´ր մնաս
Ու պայքարներում մնաս յաղթակա՜ն,
Բռունցքդ չարին լինի պատուհաս,
Եւ զաւակներիդ համար հեռառոր
Դու լայնաբաց գիրկ դառնաս մայրական
Եւ հեռուներից երգես մեզ օրօր՝
Հէյ ջա՜ն Երեւան...


Հէյ ջա՜ն Երեւան,
Օրերդ անցնին ծափով ու երգով,
Օրորոցներիդ վերեւ ապագան
Լինի գարնային մեղմ ու անուշ հով.
Քրտինքդ հողիդ օրհնութիւն դառնայ,
Հողդ ոսոխիդ դառնայ գերեզման,
Ու վիշտը սրտէդ ընդմիշտ բացակայ՝
Հէյ ջա՜ն Երեւան...


Հէյ ջա՜ն Երեւան,
Դրօշդ ձեռքիդ միշտ ամուր բռնես,
Մեծ երազը մեր անվթար պահես,
ալիքն անցեալին զօդող կապ լինես,
Լոյսի ակերից անյագուրդ ըմպես,
Նայւածքիդ հուրով չարքերը վանես
Եւ հողմերի դէմ անխորտակ կանգնես՝
Հէյ ջա՜ն Երեւան.


Հէյ ջա՜ն Երեւան,
Հող բռնես ձեռքիդ ու դառնայ ոսկի´,
Ծիլ տնկես արտիդ ու դառնայ կաղնի´,
Շրթունքդ արեւի ակունքին հասնի,
Արմատդ հողի ընդերքից անցնի,
Աչքերիդ շողից լուսինը խամրի,
Հրճւանքդ մնայ, թախիծդ մեռնի՝
Հէյ ջա՜ն Երեւան...


Հէյ ջա՜ն Երեւան,
Դարերի դիմաց միշտ կանգուն կենաս,
Ու բախտի կոչին յար արթուն մնաս,
Լուսաւոր ճամբէդ անվարան գնաս,
Նախանձ աչքի դէմ ծակող փուշ դառնաս,
Սիրտդ աշխարհին որպէս վարդ բանաս,
Մէկով ցանք անես, հազարով բառնաս՝
Հէյ ջա՜ն Երեւան...


Հէյ ջա՜ն Երեւան,
Մի վայրկեանի մէջ օրով կանաչես,
Տիեզերքի դէմ փառքով ճաճանչես,
Հոգուդ ժպիտով մեր վիշտը ջնջես,
Մի օր էլ դարձի շեփորը հնչես
Եւ պանդուխտներիդ հայրենիք կանչես՝
Հէյ ջա՜ն Երեւան...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users