Jump to content


Photo

Hayastan@ Yergeri Mej


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 June 2007 - 02:33 PM

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԳԵՐԻ ՄԷՋ
(Դասական Ուղղագրութեամբ)

Մի փոշոտւած փշատենի,
Մի յօշոտւած խաղողի որթ,
Նորքի վրայ մի հին բարդի,
Մի հին բոստան Արազի մօտ,-
Մի տարագիր հոգու բաղձանք,
Մի ծիծեռնակ ու մի կռո՜ւնկ,
Պանդխտութեան ճամբաներում
Հազար քարի բախւած կրո՜ւնկ,
Որդեկորոյս մայրերի ողբ,
Որբերի սիրտ վէրքերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Մի մենաւոր ծիրանի ծառ,
Մի խրճիթի աղօտ ճրագ,
Խաւարի մէջ՝ տագնապահար
Հովիւների կանչ ու կրակ,
Զանգակաձեւ, զանգակաձայն
Մի ջրւէժի տխուր հառաչ,
Մի ջրատւած ջաղացի քար,
Մի կոտրւած գութանի մաճ,
Մի բուռ ցորեն արցունքոտւած՝
Արիւնոտւած հերկերի մէջ,---
Այսպիսին է Հիյաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Թափառական մի անտունի
Եւ հորովել մի քաղցրալուր,
Հայրենների տողերի տակ
Սիրահարի սիրտ ու մրմուռ,
Ուխտի ճամբայ ¢ ուխտավայր,
Ուխտաւորներ կարօտակէզ
Խրախճաններ հարսանեկան,
Ժողովրդեան տօն ու հանդէս,
Օջախների ծիրանի ծուխ՝
Մայրամուտի ներկերի մէջ...
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ...

Երկաթագիր մի մագաղաթ,
Մի սրբատաշ տաճարի վէմ
Մի կուռ վահան՝ ասիական
Մրրկարշաւ ցեղերի դէմ,
Թշնամասաստ մի այրուձի
Եւ ընդվզում մի անողոք,
Մի Վարդանի սրի շառաչ,
Մի Ֆրիկի արդար բողոք,
Մի Սասնա տան Թուր-կայծակի
Դաւթի հզօր ձեռքերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր հինաւուրց երգերի մէջ:

Նստած դաշտում Արարատեան,
Մէջքը յենած Արագածին,
Ականատես եւ ունկնդիր
Աշխարհների անցուդարձին,
Կռելով բախտն ու ապագան
Թէժ բովերում գործարանի՝
Բորբոքում է օջախն իր հին,
Ծխում է ծուխն իր ծիրանի՝
Վառած աստղերն իր նոր փառքի՝
Ամենավեհ փառքերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Մարմին տւած իր դարաւոր,
Իր փառաւոր երազանքին,
Իր վաստակած դաստակներով,
Վաստակներով իր թանկագին,
Տարազներով իր ծաղկաւոր,
Իր ինքնութեան օռնամէնտով,
Դրօշակով իր պետական
Եւ սեփական պառլամէնտով
Կանգնել է՝ ողջ հողագնդին
Յոյս առաքող ազգերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Լոյս է քամում իր գետերից
Ոգորումով իր անխափան,
Լուսաւորում իր խոր հոգին,
Իր տունն, իր կեանքն ու իր ճամբան,
Եւ տքնելով, ինքն իրենից
Հազար անգամ հզօրացած,
Մեղր է քամում փշից անգամ
Եւ կարկառից գինի ու հաց,
Նռան հիւթ է քամում քարից
Իր սիւնաբարձ քերծերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Արարատեան երկնքի տակ
Իր ոստանը սրբագործել,
Ամէն մի քարն իր երազի
Արեւով է ոսկեզօծել,
Ի հեճուկս նրանց, ովքեր
Մեր Արարատն առան գերի,
Իր հանճարի բռնկումով
Կերտել է Տունն իր երգերի,
Կերտել է նոր մի Արարատ
Երկինք մտած շէնքերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Մի անհանգիստ մտքի թռիչք
Անդրաստեղեան ոլորտներում,
Ճարտար մի ձեռք այս աշխարհի
Վերակերտման որոտներում,
Եղբայրութեան զրահներով
Ամրապնդւած հուր-յաւիտեան՝
Մի աչալուրջ սահմանապահ
Ամենամեծ մի տէրութեան
Եւ Թամանեան մի զօրագունդ
Ռազմի դժւար երթերի մէջ.---
Այսպիսին է Հայաստանը
Մեր նորօրեայ երգերի մէջ:

Իր սխրանքի դափնիներով
Եւ գանձերով իր հին ու նոր
Բուրումնալից իր վարդերով
Եւ զարդերով ար¢աւոր,
Հաւասարւում ամէնքի հետ,
Ամէնքի չափ հպարտանում,
Ջղագրգիռ այս մարդկութեան
Երազների հանգրւանում
Շաղ է տալիս բերքն իր բարի
Անմահութեան հերկերի մէջ
Իմ բարձրաբերձ Հայաստանը
Դեռ չգրւած երգերի մէջ:

Համօ Սահեան
1958 թ.

Edited by vartahoor, 16 June 2007 - 02:34 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users