Jump to content


Photo

ՍԱՄՈՒԷԼ


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 12:37 PM

“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888 ( հատուածներ )


ՅԱՌԱՋԱԲԱՆ


Պատմական վէպը մի ժողովրդի պատմական կեանքի նկարագիրն է: Նա պատկերացնում է իր մէջ՝ թէ ո՛րպէս ապրել է եւ ո՛րպէս գործել է մի ժողովուրդ, պատկերացնում է նրա բարքը, վարքը, սովորութիւնները, պատկերացնում է նրա մտաւոր ու բարոյական յատկութիւնները, մի խօսքով, ներկայացնում է հնադարեան մարդուն իր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխուել եւ ներկայ սերնդի համար մոռացուել էր:

րելով “Սամուէլը”, ես նպատակ եմ ունեցել՝ ներկայացնել մի այդպիսի նկարագիր մեր պատմական անցեալից:

Պատմական վիպասանին նիւթ է մատակարարում ինքը պատմութիւնը եւ այն յիշատակարանները, որ պահել են իրենց մէջ անցեալի յիշատակները եւ աւանդել են ապագայ սերնդին:

Բայց ի՞նչ է տալիս հայ վիպասանին հայոց պատմութիւնը:

Մենք կարդում ենք նրա մէջ մեր թագաւորների, մեր իշխանների անունները, ծանօթանում ենք նրանց ներքին կռիւների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թէ ո՛րը ո՛րքան տարի տիրեց, կամ ի՛նչ լաւ եւ վատ գործեր կատարեց,- այդ բոլորը գիտենք մենք: Բայց թէ ի՞նչպէս էր կազմակերպուած նրանց ընտանեկան կեանքը, ի՞նչ սովորութիւններ ունէին, ի՞նչպէս էին հագնում, ի՞նչ տեսակ տների մէջ էին ապրում, մի խօսքով, իբրեւ մարդ, նրանց ընտանեկան եւ հասարակական կենցաղավարութեան մասին՝ մեր պատմութիւնը, եթէ չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է:

Բայց վէպի համար հարկաւոր է ընթացիկ, շարժուն կեանքը իր բոլոր երեւոյթներով, եւ ոչ թագաւորների կամ իշխանների աշխարհակալութեան կամ պարտութեան չոր ու ցամաք տարեգրութիւնը:

Մեր պատմութեան մէջ գրեթէ բոլորովին մոռացուած է ամբոխը: Մեր պատմագիրները չեն նկատել, որ բացի թագաւորներից եւ իշխաններից, բացի հոգեւորականներից եւ զինուորներից, Հայաստանում կար եւ ժողովուրդ, որ ապրում էր, որ իր կեանքն ունէր, որ իր տօները, հանդէսները եւ ցնծութիւններն ունէր, եւ որի հոգեկան եւ բարոյական հակումները արտայայտուում էին այս եւ այն հասարակական երեւոյթների մէջ: Մեր պատմութեան մէջ ժողովուրդ չկայ, կան միայն տիրապետողներ: Մենք չգիտենք, ի՞նչպէս էր ապրում հայոց շինականը, ի՞նչ տեսակ յարաբերութիւնների մէջ էր իր տէրերի հետ, կամ ի՞նչ էր ուտում եւ ի՞նչ էր հագնում, եւ ի՞նչ տեսակ զուարճութիւններ ունէր: Մենք չգիտենք, թէ ի՞նչ էր շինում հայոց արհեստաւորը, ո՞ր երկրների հետ առեւտուր ունէր հայոց վաճառականը, կամ ի՞նչ տեսակ անասուններ էր սնուցանում հայոց խաշնարածը: Մեր պատմութիւնը լուռ է այդ բոլորի մասին: Բայց վէպի համար դրանք կարեւոր են:

Մեր պատմութեան մէջ մոռացուած է եւ մեր ժողովրդի մի նշանաւոր տարրը - կինը: Մենք ծանօթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կեանքը իր բոլոր մանրամասներով մեզ անյայտ է: Ի՞նչ էր հայ կինը, որպէս ամուսին, ի՞նչ էր նա, որպէս մայր, ի՞նչ դեր է խաղում, որպէս ընտանիքի եւ հասարակութեան անդամ, - այդ մենք չգիտենք: Մենք չգիտենք նաեւ, թէ ի՞նչպէս էր յայտնուում նա ժողովրդական տօների եւ հանդէսների մէջ, կամ ո՞ր աստիճան մասնակցում էր նրա ուրախութիւններին եւ տրտմութիւններին: Իսկ առանց կնոջ վէպ կարող չէ լինել. կինն է նրա ոգին եւ կենդանութիւնը:

Եւ այդպէս, մեր պատմութիւնը, իբրեւ չոր ու ցամաք տարեգրութիւն, խիստ նուազ նիւթ է տալիս մի վիպասանի, որով կարող լինէր նա նկարել անցեալի ճիշտ պատկերը իր բոլոր երեւոյթներով:

Ինչ որ թերի է թողել պատմութիւնը, կարող էին լրացնել բանաստեղծական գրուածքները, եթէ մեզ հասած լինէին: Բայց մենք չունենք ո՛չ Էսքիլէսի եւ Սոֆոկլէսի ողբերգութիւնները, եւ ո՛չ Հոմերոսի եւ Վիրգիլիոսի դիւցազնական հագներգութիւնները: Մեր հին գրականութիւնը դուրս չեկաւ եկեղեցական շրջանակից: Մեր հեղինակները գրեցին մեկնութեան ստուար գրքեր, հռետորական ճառընտիրներ, գրեցին փիլիսոփայական եւ աստուածաբանական աշխատութիւններ, բայց ո՛չ մի վէպ, ո՛չ մի դրամա կամ կօմեդիա չտուեցին մեզ:

Մեր հին գրականութեան մէջ, թէեւ կեանքի եւ սովորութիւնների, ընտանեկան եւ հասարակական կազմակերպութեան լիակատար նկարագիրներ չկան, բայց կան հազիւ նկատելի նշմարներ, փոքրիկ բեկորներ, որոնք ի մի ամփոփելով, պարզելով եւ դասաւորելով, կարելի էր, եթէ ոչ բոլորովին ամբողջական, գէթ մասնաւոր գաղափար կազմել պատմական հայի կեանքի մասին:

Այդ աշխատանքը պէտք է մեր արդի հնախօսութեան գործը լինէր: Բայց մեր հնախօսութիւնը այդ մասին դեռ շատ աննշան գործ է կատարել: Մեր հնախօսութիւնը դեռ չէ դուրս եկել այն նեղ, սահմանափակ շաւիղից, ինչ շաւիղով որ ընթացել է պատմութիւնը: Պատմութիւնը խօսում է միայն թագաւորների, իշխանների եւ հոգեւորականութեան մասին. հնախօսութիւնը նոյնպէս զբաղուած է նրանցով: Մեր հնախօսութեան մէջ կեանքի քննադատութիւնը, իր բոլոր երեւոյթներով, խիստ աննշան տեղ է բռնում: Կարդալով Ինճիճեանի երեք պատկառելի հատորները, չէ կարելի մի պարզ հասկացողութիւն կազմել նախնական հայի կրօնի, պաշտամունքների, սովորութիւնների եւ ծէսերի մասին, - չէ կարելի տեղեկանալ, թէ ի՞նչպէս էր ապրում հայը իր տան մէջ եւ հասարակութեան մէջ:

Այդ բոլորից յետոյ, ինքն ըստ ինքեան հասկանալի է, թէ ո՛րքան դժուար է հայ վիպասանի համար պատմական վէպ գրել: Թէ՛ հին եւ թէ՛ նոր գրականութիւնը նրա համար բաւականացուցիչ նիւթ չէ պատրաստել: Նա ինքը պէտք է բոլորը ուսումնասիրէ, նա ինքը պէտք է բոլորը պատրաստէ: Բայց ո՞րտեղից:

Արդեօք ունե՞նք մի մուզէում, որդեղ հայ վիպասանը մտնելով, տեսնէր, թէ ի՛նչ տեսակ զգեստ ունէին նախնի հայերը, ի՛նչ տեսակ զարդեր ու զէնքեր ունէին, կամ ի՛նչ տեսակ տնային կարասիք էին գործածում: Արդեօք մենք ունե՞նք մեր հին արձանները, մեր հին նկարները: - Ոչինչ չունենք: Իսկ այդ բոլորը պէտք են պատմական վէպի համար: Եթէ Վօլտեր Սկօտը եւ Էբերսը գրեցին գեղեցիկ պատմական վէպեր, որոնց մէջ իր բոլոր մանրամասներով պատկերանում է վաղեմի մարդու կեանքը, - այդ յաջողութիւնը պէտք է վերաբերել ո՛չ այնքան նրանց տաղանդին, որքան նիւթերի այն ահագին պաշարին, որ պատրաստել էր նրանց համար նախընթաց գրականութիւնը: Այդ երջանիկ վիպասաններին մնում էր միայն օգուտ քաղել արդէն պատրաստի նիւթերից: Բայց հայոց դժբախտ վիպասանը ի՞նչ ունի: Նա պէտք է ուժ տայ իր երեւակայութեանը, իսկ լոկ երեւակայութիւնը մի ճիշտ պատմական վէպ նկարել չէ կարող:

Մեր գրականութեան չքաւորութեան մէջ, անհրաժեշտ նիւթերի պակասութեան մէջ, խոստովանուում եմ, որ իմ կողմից մեծ վստահութիւն էր՝ ձեռնարկել մի վէպ գրելու, որ նա պատմական ճիշտ նշանակութիւն ունենար: Բայց “Սամուէլը” վաղուց իմ մտածումների առարկան էր դարձել: Խրախուսուելով այն գաղափարով, թէ ո՛րքան մեծ կրթողական ազդեցութիւն ունի պատմական վէպը ընթերցողի համար, երբ նա տեսնում է իր նախնեաց մեծագործութիւնները եւ աշխատում է հետեւել նրանց առաքինութիւններին, տեսնում է եւ նրանց մոլութիւնները, աշխատում է հեռու պահել իրեն նրանց կատարած սխալներից, - այդ միտքը քաջալերեց ինձ: Ես սկսեցի գրել: Բայց թէ ի՞նչ աղբիւրներից եմ օգուտ քաղել, աւելորդ չեմ համարում բացատրել իմ ընթերցողներին:

Նախ, ես օգուտ եմ քաղել այն յիշատակներից, որքան յաջողուել է ինձ գտնել մեր ազգային եւ օտարազգի գրականութեան մէջ: Երկրորդ՝ իմ ճանապարհորդութիւնների ժամանակ, ես օգուտ եմ քաղել ներկայ հայի կեանքից, այն չափով միայն, ինչ չափով պահպանուել է նա իր նախնական ձեւի մէջ: Եթէ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Քսենոփոնի 24 դար առաջ նկարագրած գետնափոր խրճիթները, եթէ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Հերոդոտոսի 24 դար առաջ նկարագրած մաշկապատ նաւակները Եփրատ գետի վրայ, ինչո՛ւ պէտք է չմտածել, որ դեռ շատ բան չէ փոխուել հայոց աշխարհում: Նոր քաղաքակրթութիւնը կարող էր ոչնչացնել, ինչ որ նախնական էր, ինչ որ հին դրոշմ էր կրում: Բայց Հայաստանում դեռ մնացել են այնպիսի խուլ, առանձնացած տեղեր, ուր ժողովուրդը դեռ ապրում է իր վաղեմի, աւանդական սովորութիւններով: Այդ տեղերը ես առիթ եմ ունեցել տեսնելու եւ նրանց կեանքը ուսումնասիրելու:

Համարելով հայերին մի եւ նոյն ցեղին պատկանող եւ ոչ այնքան տարբեր կեանքով ապրող մի ժողովուրդ, որպիսին էին հին պարսիկները եւ մեդացիները, ես առել եմ շատ բան պարսիկների եւ մեդացիների կեանքից, ի հարկէ, զանազանելով, ինչ որ ազգային առանձնայատկութիւն է եւ ինչ որ օտարամուտ է:

Հայոց կեանքի եւ սովորութիւնների վրայ ոչ սակաւ ազդեցութիւն են գործել եւ այն մեծ գաղթականութիւնները, որ հին դարերում, կա՛մ ինքնական եկել են եւ կա՛մ իբրեւ գերի բերուել են Հայաստան: Դրանցից մեծ տեղ են բռնել քաղդէացիք, ասորեստանցիք, պարթեւները, հնդիկները, ճենացիք եւ հրէաները: Ես ի նկատի եմ ունեցել եւ դրանց սովորութիւնները:

Այդ բոլորը բացատրուած է առանձին ծանօթութիւններով, որ կցուած են գրքիս վերջում:

“Դաւիթ-բէգից” եւ “Պարոյր Հայկազնից” յետոյ, “Սամուէլը” իմ երրորդ պատմական գրական փորձն է: Այդ վէպի նիւթը առնուած է մեր պատմութեան Դրդ. դարու անցքերից:

Edited by Ashot, 06 April 2008 - 12:48 PM.


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 12:39 PM

1. ԵՐԿՈՒ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԸ


Լուսնի եղջիւրը ծածկուեցաւ Քարքէ լերան ետեւում եւ Տարօնը ընկղմուեցաւ գիշերային խաւարի մէջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երեւում: Երկինքը պատած էր մոխրագոյն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դէպի Կրկուռ եւ Նէմրութ լեռների կողմերը եւ, այնտեղ կուտակուելով, թանձրանալով, միգային-սեւ կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր կայծակը եւ լսելի էր լինում որոտման խուլ դղրդիւն, որ գուշակում էր յորդ անձրեւ:

իշերային այդ տագնապալի պահուն երկու ձիաւորներ անցնում էին Մուշի դաշտով: Նրանք գալիս էին հեռուից, շատ հեռուից: Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի (1) երկաթեայ քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արեւակէզ Ասորեստանը, անցան հայկական Միջագետքը եւ մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրայ: Դրանք երկու սուրհանդակներ էին:

Երկու սուրհանդակներից մէկի ձին սեւագոյն էր, միւսը կապուտակ: Կապուտակ ձիաւորը առաջինի ուղեւորութեան մասին տեղեկութիւն ունէր, ամենայն զգուշութեամբ հետեւում էր նրան եւ երբէք իր նկատողութիւնից բաց չէր թողնում: Իսկ առաջինը չգիտէր, որ իրեն հետեւում են: Այդ էր պատճառը, որ նրանք, երկու մոլորակների նման, թէեւ գնում էին մի եւ նոյն ուղղութեամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնաւ միմեանց չէին հանդիպում: Երկուսն էլ ճանաչում էին միմեանց:

Նրանք արդէն հասել էին Արածանիի ափերին:

Կապուտակ ձիաւորը այստեղ կանգ առեց: Նա նայեց դէպի երկինքը, նայեց դէպի իր շուրջը: Կամենում էր գիտենալ, թէ ո՛րքան ժամանակ էր մնացել, մինչեւ լոյսի բացուիլը: Ոչ մի աստղ ցոյց չտուեց նրան գիշերային ժամը: Ամէն ինչ խորասուզուած էր անվերծանելի մթութեան մէջ:

Բայց պէտք էր շտապել...

Երկու մտածութիւններ մի քանի րոպէ պահեցին նրան անվճռականութեան մէջ. գետո՞վ անցնել, թէ կամուրջով գնալ: Կամուրջով - դա շատ հեռու կը տանէր եւ գուցէ կը հանդիպէր նրան... եւ գուցէ կը բռնուէր կամուրջի գիշերային պահակներից...: Վճռեց անցնել գետով:

Հեզ եւ արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր եւ պղտոր յորձանքներով ծածկել էր իր ափերը: Բայց մեր ուղեւորը ծանօթ էր նրա ծանծաղուտների հետ: Նա ցած իջաւ ձիուց, ձեռքով փայփայեց իր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. “Դու քաջութեամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պէտք է վախեցնէ քեզ”: Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնէ, նստեց եւ, երեսը խաչակնքելով, քշեց դէպի գետը:

ետը, մի ահարկու վիշապի նման, գոռում էր, գոչում էր: իշերային մթութեան մէջ՝ նրա պղտոր հոսանքը աւելի մռայլ կերպարանք էր ստացել: Ձին, ամբողջ մարմնով խորասուզուած ջրի մէջ, միայն գլուխը վեր բարձրացած, մռնչելով եւ փռնգալով, պատերազմում էր ալիքների հետ: Նրա ոտները յատակին չէին դիպչում, անցնում էր լողալով: Ձիաւորը, սանձի փոխարէն բռնած ունէր նրա բաշից, եւ ձեռքով ուղղութիւն էր տալիս ընթացքին: Մի քանի պտոյտների մէջ՝ թէ՛ ձին, եւ թէ՛ ձիաւորը սկեցին ջրի տակ: Կրկին դուրս յայտնուեցան: Երբեմն անցնում էին նրանց մօտով ծառի կոճղներ, գերանի կտորներ, որ ծփալով տարուում էին կոհակների հետ: Ձիաւորը շտապում էր խոյս տալ դրանցից: Բայց ահա՛ հեռուից մի ինչ - որ որոտում էր: Տագնապը մօտենում էր: Ձիաւորը չկորցրեց իր սառնասրտութիւնը եւ խորին ուշադրութեամբ նայեց դէպի այն կողմը: Մի մթին, անորոշ կոյտ լողում էր ջրի երեսին: Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձեւ էր ստանում: Կարծես, մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրայ: Մերթ անյայտանում էր նա, մերթ երեւան էր գալիս, աւելի ահարկու կերպարանքով: Ձիաւորը հասկացաւ նրա ի՛նչ լինելը: Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դէպի գաւակը, որ նրա բեռը թեթեւացնէ: Բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան: Օրհասական ժամը մօտենում էր, քանի որ թանձր, այլանդակ հրէշի նման մօտենում էր մթին կոյտը: Նրա որոտը խլացնում էր ամէն ձայն: Պէտք էր փախչել նրանից, եթէ ոչ, մի թեթեւ տաշեղի նման իր հետ կը տանէր թէ՛ ձիուն, թէ՛ ձիաւորին: Ձին անգամ զգաց մօտալուտ վտանգը եւ կրկնապատկեց իր ուժերը: Անհնարին արագութեամբ կտրում էր նա կոհակները: Հրէշը անցաւ: Դա ուրիշ բան չէր, եթէ ոչ մերձակայ անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով, իր պտոյտների մէջ կծկել էր, գալարել էր, եւ մի այնպիսի այլանդակ գունդի ձեւ էր տուել:

Ձիաւորը կրկին անգամ գոհութեամբ երեսը խաչակնքեց, երբ ոտք դրեց ցամաքի վրայ:

Նա իր հագուստը քամեց, ցամաքացրեց, յետոյ սանձը դրեց ձիու բերանը, եւ շարունակեց ճանապարհը, ինքը գնալով ոտով, իսկ ձիուն իր ետեւից քարշ տալով, որ փոքր ինչ հանգստանայ: Բայց ձին դժուարութեամբ էր հետեւում նրան: Որքան նա ջրի մէջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրայ դանդաղկոտ դարձաւ: Տէրը վերաբերում էր այդ նրա յոգնածութեանը:

ետեզերքից բաւական հեռանալով, այժմ մօտեցաւ նա Քարքէ լերան բարձրաւանդակներին: Ճանապարհը զառիվեր էր, ոլորուում էր սարերի լանջաց վրայով, իջնում էր խորին ձորերի, փապարների մէջ, եւ դարձեալ բարձրանում էր բլուրների վրայ: Նա ծանօթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտէր նրանց դժուարին անցքերն ու շաւիղները, երեխայութիւնից սնուել ու մեծացել էր այդ խոնաւ ծմակների մթութեան մէջ, ուր ցերեկի լոյսը երբէք չէր թափանցում: Նա ապառաժների ու անտառների որդի էր:

Կայծակը շանթեց մօթակայ ծառերի կատարներին եւ մերձակայքը լուսաւորուեցաւ բաց-վարդագոյն փայլով: Որոտի ձայնը ահեղ դղրդիւնով տարածուեցաւ, մթին ձորերի մէջ: Ուղեւորը նայեց դէպի ամպամած երկինքը եւ շտապեցրեց իր քայլերը: Նա չվախեցաւ գետից, բայց վախենում էր փոթորիկից: Փոթորիկը մեծ արհաւիրք է գործում այդ կուսական անտառների մէջ, մանաւանդ գիշերային պահուն: Ժայռերի բարձրութիւնից խլում է նա ողողուած, մերկարմատ ծառերը եւ նետում է ճանապարհի վրայ: Ծառերի հետ փուլ են գալիս եւ քարերի ահագին բեկորներ: Ամէն մի ճանապարհորդ կ'անհետանար այդ փլատակների տակ, եթէ դժբախտութիւն ունենար հանդիպելու:

Կրկին լսելի եղաւ որոտման ահեղ դղրդիւնը եւ նրա հետ անձրեւի խոշոր կաթիլները սկսեցին մաղուել երկնքից: Քամին մռնչում էր եւ անձրեւային տարափը, կարկուտի գնդակների նման, զարկում էր նրա բորբոքուած երեսին: Բայց նա ոչինչ չէր զգում: Նրա միտքը, նրա զգացմունքները լարուած էին դէպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյութիւնը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան, որպէս մի մարմնացած փութաջանութիւն: Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կը հասնէր սեւ ձիաւորը:

Բայց ձին դժուարութեամբ էր հետեւում նրան: Այժմ միայն նկատեց, որ ետեւի ոտքից կաղում էր նա: Անշուշտ գետի հոսանքի հետ տարուող կոճղներից մէկը դիպչելով, վնասել էր նրան: Այդ դէպքը սաստիկ վրդովեցրեց անվեհեր ուղեւորին: Նա շտապում էր: Իսկ այժմ զրկուեցաւ իր սրընթաց երիվարից: Ի՞նչ պէտք էր անել: Թողնե՞լ նրան եւ այնպէս ոտքով շարունակել ճանապարհը: Բայց ի՞նչպէս թողնել այն սիրելի նժոյգին, որը այնքան տարիներ թէ՛ պատերազմի դաշտում, թէ՛ իր ճանապարհորդութիւնների ժամանակ, լաւ ընկեր էր եղել նրա հետ: Մի քանի րոպէ մնաց նա մտածութեան մէջ: Յետոյ թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շաւիղ, որ տանում էր դէպի Աշտիշատի վանքը:

Վանքը շատ հեռու չէր այնտեղից. մէկ ժամից յետոյ հասաւ նա: Դարեւոր, նուիրական ծառաստանի խորքում, վաղեմի սրբազան բարձրութիւնների վրայ, հանգչում էր Տարօնի այդ հին սրբավայրը, իր վսեմ, մեծափառ վեհութեան մէջ: Պատսպարուած բարձր շրջապարիսպներով եւ բրգաձեւ աշտարակներով գիշերային մթութեան մէջ, ներկայանում էր նա, որպէս մի անմատչելի ամրոց: Կատաղի մրրիկը, քամու մռնչիւնը, անձրեւի տարափը չէր վրդովեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիրհը:

Շրջապարիսպներից դուրս, մի առանձին շինուածքի նեղ լուսամուտից լոյս էր երեւում: Ուղեւորը դիմեց դէպի այն կողմը, մօտեցաւ փակ դռներին: Այստեղ, դրան մի կողմում, փայտեայ սիւնից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սիւնի պատուանդանի մօտ դրած էր նոյնպէս փայտեայ փոքրիկ օթակ: Ուղեւորը վերառեց օթակը, երեք անգամ զարկեց տախտակի վրայ: Կոչնակի ձայնից լուսամուտը բացուեցաւ, մէկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց եւ վերեւից հարցրեց.

- Ո՞վ ես :

- Ճանապարհորդ եմ, - եղաւ պատասխանը:

Վանքի պարիսպներից դուրս, այդ շինուածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների եւ պանդուխտների օթեւան էր: Դռնապանը բաւականացաւ ուղեւորի պատասխանով, բացարեց դռները եւ ճրագը ձեռին յայտնուեցաւ սեամի վրայ:

- Դու բոլորովին թրջուած ես, - ասաց նա մի առանձին հոգատարութեամբ, - ներս համեցիր, ես իսկոյն կրակ կը վառեմ, քո հագուստը չորացրու:

- Շա՜տ շնորհակալ եմ քո բարեսրտութեան համար, - պատասխանեց ուղեւորը, - բայց ես կը խնդրէի քեզանից ընդունել ձեզ մօտ, որպէս հիւր, իմ ձիուն միայն:

- Ինչո՞ւ քո ձիուն միայն, - հարցրեց դռնապանը զարմանալով:

- Նա կաղում է, վնասել է ոտքը... իսկ ես պէտք է շարունակեմ իմ ճանապարհը:

- ոնէ ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկոյն կրակ կը վառեմ:

- Չեմ կարող... ես շտապում եմ... պատասխանեց ուղեւորը եւ մօտեցաւ ճրագին:

Նա ծոցից հանեց իր սանդրը, որ կիսալուսնի ձեւ ունէր, շինուած էր գոմէշի եղջիւրից, եւ, ցոյց տալով դռնապանին, ասաց.

- Ճանաչի՛ր այդ սանդրը, մի կողմի երկու ատամները կոտրած են, եթէ ես չվերադարձայ, ով որ քեզ ցոյց տալու լինի, ձին նրան կը յանձնես:

- Իսկ դու ո՞վ ես, - հարցրեց դռնապանը, փոքր ինչ կասկածելով:

- Ես զինուոր եմ... պատասխանեց ուղեւորը:

Դռնապանը բաւականացաւ ուղեւորի անորոշ պատասխանով, որովհետեւ այդ տագնապալի ժամանակներում զինուորի հետ շատ հեռուն գնալ՝ փոքր ինչ դժուար էր:

Ուղեւորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթեւ խուրջինը, ձգեց իր ուսին եւ, “բարի գիշեր” ասելով, հեռացաւ:

Դռնապանը, ճրագը ձեռին, դեռ կանգնած սեամի վրայ, ապշութեամբ նայում էր նրա ետեւից, մինչեւ անյայտացաւ գիշերային խաւարի մէջ: Քամու մռնչիւնը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը:

Հեռանալով վանքից, ուղեւորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դէպի Ողական ամրոցը:


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 12:41 PM

2. ՏԱՐՕՆԻ ԱՌԱՒՕՏԸ


Փոթորկային գիշերին յաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առաւօտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձիւնի պէս ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մէջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառուում էին միլիոնաւոր ոսկեայ ուլունքների նման: Ծառերի տերեւները, խոտերի ծղօտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցօղուած անձրեւային կաթիլներով, կարծես սփռուած լինէին գոյնզգոյն գոհարներով:

Այդ գեղեցիկ առաւօտը յիշեցնում էր այն վաղեմի, հանդիսաւոր առաւօտներից մէկը, երբ Աստղիկը, Տարօնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից եւ, շրջապատուած իր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքէ լերան բարձրութիւնից, Արածանիի արծաթափայլ ալիքներու մէջ լողանալու: Այդ միջոցին հայոց երիտասարդ դիւցազունները թագչում էին Աշտիշատի դիցանուէր անտառի մթին ծառաստանի մէջ, հեռուից դիտելու գեղեցիկ աստուածուհու լոգարանը: Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով եւ իր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեստ հետաքրքրութիւնից:

Վաղորդեան մառախուղը հետզհետէ նօսրանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրայ: Այժմ մշուշի միջից, որպէս թափանցիկ շղարշի միջից, սկսուեցան նկարուել հեռաւոր պատկերները: Երեւում էր Սիմ լերան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով եւ ձիւնապատ գագաթներով, որոնք արեւի ճառագայթների առջեւ փայլում էին վարդագոյն ներկով: Իսկ աւելի հեռու, դէպի Կրկուռ եւ Նէմրութ լեռների կողմերը, մանիշակագոյն ժապաւէնի նման, երեւում էր Բզնունեաց ծովակի միայն նեղ շերտը: Երեւում էին Քարքէ լերան բարձրութիւնները իրենց մթին ծմակներով եւ մռայլ անտառներով, որոնք իրենց անմատչելի թաւուտների մէջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ: Յիշեալ լեռների հսկայական շրջանակի մէջ, որպէս մի սքանչելի պատկեր, երեւում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հաւասար, իբրեւ մի լայնածաւալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրայ սփռուած էին Տարօնի բազմաթիւ գիւղերը, աւանները, հոյակապ քաղաքները: Ահա՛ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տաւրոսի լանջաց վրայ: Ահա՛ Մեղտի գետի օձապտոյտ ափերի մօտ երեւում են Օձ քաղաքի բարձր աշտարակները: Ահա՛ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պէս բացուած, ահարկու դռներով: Ահա՛ Կաւկաւ քաղաքը... ահա՛ սպիտակ Ձիւնակերտը...:

Արածանին կէս է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը: Նրա արգաւանդ ափերի մօտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականութիւն էր գտել այստեղ անգէսի ափերից, եւ հնդիկ ժողովրդի արօրի խոփը փայլում էր հայոց արեգակից, եւ հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարօնի լուսապայծառ առաւօտի լռութիւնը:

Արածանիի ափերի մօտ ապրում էր եւ մի այլ ժողովուրդ, որ հիւրասիրուել էր այստեղ Հօանգօի ափերից, եւ դեղնակաշի սինէացին, բոլորովին հայկական դէմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը: Նրանց բազմաթիւ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մօտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով “որդան կարմիր” էին հաւաքում կանաչ, ցօղազարդ մարզագետիններից, որ իրենց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները:

Զայրացած է այս առաւօտ Արածանին: Բայց նրա զայրոյթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն: Ահա նրա զօրեղ կոհակները տանում են իրենց հետ մի ամբողջ նաւատորմիղ - նախնական մարդու նաւատորմիղը: Բարեկամները ափերի մօտ կանգնած, “յաջողութիւն” են բարեմաղթում: Նաւորդները գետի միջից “մնաք բարեաւ” են ասում: Եւ թեթեւ մաշկապատ նաւակների խումբը, բեռնաւորուած հայոց երկրի բարիքներով, լողում են դէպի հեռաւոր աշխարհ, դէպի Բաբելոն: Նաւորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնուելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրութիւնը:

Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատուած լինելով բարձր լեռներով, այդ բնական ամրութիւնները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու յարձակմունքներից: Բացի բնական ամրութիւններից, նոյն լեռների բարձրաւանդակների վրայ դրած էին Տարօնի իշխանները անմատչելի բերդերը եւ նրանց ահռելի ամրոցները, որպիսիք էին՝ Եղնուտը, Մեծամօր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը եւ Ողականը:

Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը. նա կանգնած էր Քարքէ լերան ապառաժների վրայ, եւ խրոխտ, վեհապանծ դէմքով նայում էր դէպի իր ստորոտով հոսող Արածանին: Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրեայ ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրութիւնից կա՛մ դէպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, եւ կա՛մ տանում էին դէպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցութիւն ունենալու համար: Այդ անցքերի մուտքերը յայտնի էին միայն ամրոցի տէրերին: Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնութեան արհաւիրքի եւ թշնամու յարձակման դէմ, եւ միշտ մնում էին անպարտելի: Նա հովանաւորուած էր հին, հսկայ կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցում էին ամպերի հետ:

Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունեաց իշխաններին, որոնք Տարօնի նախկին տէրերն էին: Իսկ Վաղարշակ Ա.ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները աւելի նշանակութիւն ստացան, որովհետեւ Վաղարշակը, հայոց բոլոր նախարարութիւնները կարգի դնելով, Սլկունիների քաջ եւ որսորդութեան մէջ յաջողակ իշխաններին եւս նախարարութեանց կարգն անցուց եւ նրանց յանձնեց արքունի որսորդութեան գլխաւորութեիւնը: Բայց Տրդատի օրերում, 320 թուին Քրիստոսից յետոյ, Սլկունիները ապստամբուեցան թագաւորի դէմ: Տրդատը խոստացաւ, թէ Սլկունիների ամբողջ ժառանգութիւնը, Տարօնը, նրան կը նուիրէ, եթէ մէկը կը ձերբակալէ ապստամբ Սլուկին: Ճենացի Մամգուն իշխանը յանձն առեց կատարել թագաւորի ցանկութիւնը եւ դաւաճանութեամբ սպանեց Սլուկին: Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղաւ Ողական ամրոցի մէջ: Իսկ Մամգունը այդ ծառայութեան համար ստացաւ, որպէս ժառանգութիւն, թէ՛ Ողական ամրոցը, եւ թէ՛ Տարօնը: Մամգունից առաջ եկաւ Մամիկոնեան մեծ նախարարութիւնը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարօնը:

Այս առաւօտ, դեռ լոյսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում: Մէկը առջեւի մեծ դռնից, միւսը անտառի մէջ թագնուած գաղտնի անցքից: Առաջինը սեւ ձիաւորն էր, իսկ երկրորդը՝ կապուտակ ձիաւորը:


#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 12:47 PM

3. ՈՒԺԿԱՆ


Ողական ամրոցի սենեակներից մէկի մէջ, թանկագին գորգով պատած գահաւորակի վրայ, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ: Նա, ինչպէս երեւում էր նրա քնէած դէմքից, դեռ նոր դուրս էր եկել իր քնարանից եւ դուրս էր եկել իր զարթնելու ժամից շատ վաղ: Ոչ հագնուել էր, ոչ լուացուել էր եւ ոչ սանդրուել էր: Մի լայն, ասրեայ, նուրբ վերարկուի մէջ սփածուած էր նա, եւ բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռուել էին թիկունքի վրայ, եւ երբեմն սքօղում էին նրա գեղեցիկ, գունաթափ դէմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին՝ փոքր ինչ ուռած, կարմրագոյն շրթունքի նորաբոյս ընչացքը, թէեւ ոլորելու շատ պաշար չէին գտնում: Այդ ցոյց էր տալիս սրտի խորին խռովութիւնը: Իսկ սեւորակ, նշաձեւ աչքերի մէջ նշմարուում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսան եւ հինգ տարեկան հազիւ կը լինէր նա, նուրբ կազմուածքով եւ փոքր ինչ մոյգ-դեղնագոյն դէմքով, որ պահպանուել էր նրա մէջ ժառանգական արիւնից:

Երիտասարդը Վահան Մամիկոնեանի որդին Սամուէլն էր:

Սենեակը, որտեղ նստած էր նա, ներկայացնում էր նրա ընդունարանը: [...]

Այդ սենեակը աւելի զինարանի նմանութիւն ունէր, քան թէ ընդունարանի: Երիտասարդ իշխանը սիրում էր իրեն շրջապատել այն առարկաներով, որ իր սրտին շատ մօտ էին: Միակ առարկաները, որ յիշեցնում էին, թէ դա եւ հիւրանոց էր, էին մի քանի փառաւոր բազմոցներ, որ դրած էին պատերի մօտ, պատուաւոր հիւրերի համար:

Սենեակի դռները ներսից փակած էին եւ լուսամուտների ծիրանեգոյն վարագոյրները, զարդարած ծանր, ոսկեթել ծոպերով, ցած էին թողած: Մի դուռ միայն բաց էր մնացել, որ տանում էր դէպի քնարանը: Այդ դրան մօտ կանգնած էր մի տղամարդ, երկու ձեռքերը իր դաշոյնի կոթի վրայ դրած: Նա հագած ունէր սուրհանդակի թեթեւ զգեստ. մի կարճ մուշտակ, որի մորթեղէն կողմը դէպի ներս, իսկ մաշկեղէնը դէպի դուրս էր թողած. մէջքը պնդած էր կաշեայ լայն գօտիով, որ պատել էր կուրծքի մի մասը՝ մինչեւ փորի ստորին մասները, որպէս զի ձիու սրարշաւ ցնցումներից փորոտիքը չխախտուէին: [...] Նրա տարիքը դեռ չէր անցել երեսուն եւ հնգից, բայց կարճ գանգրահեր մօրուքի մէջ արդէն նկատուում էին սպիտակ մազեր: Բնականից թուխ դէմքը աւելի մռայլ գոյն էր ստացել եղանակների խստութիւնից եւ երկար ժամանակ արեւի տակ այրուելուց: Բայց այդ այրական դէմքի մռայլ արտայայտութիւնը մեղմանում էր, պայծառանում էր երկու լուսափայլ աչքերով:

- Ուրեմն քեզ նամակ չտուի՞ն, Սուրէն, - ասաց իշխանը, շարունակելով ընդհատուած հարց ու փորձը:

- Չտուին, տէր իմ, - պատասխանեց սուրհանդակը. - զգուշացան, որ նամակը կարող էր բռնուել ճանապարհին: Իսկ ես հազիւ կարողացայ հասցնել ինձ իմ տիրոջ մօտ, որպէս կենդանի նամակ: Ամէն ինչ պատմեցի ձեզ, դուք այժմ գիտէք բոլորը…

- Բայց դու լաւ չբացատրեցիր ինձ, Սուրէն, - հարցրեց իշխանը խռովուած ձայնով , - թէ ի՞նչը հրապուրեց իմ հօրը ուրանալ իր կրօնը եւ յանձն առնել մի այդպիսի ամօթալի գործ… Միթէ Մերուժան չարագո՞րծը խելքից հանեց նրան… Ես Արծրունիներին ճանաչում եմ… նրանք իմ քեռիներն են… փառքի, իշխանութեան եւ պատուի համար ամէն սրբութիւն կը վաճառեն նրանք… Բայց իմ հա՜յրը… այդպէս չէր իմ հայրը… միթէ նա՞ էլ խաբուեցաւ…

Վերջին խօսքերի միջոցին երիտասարդի ձայնը սկսեց դողալ, ձեռքը տարաւ դէպի ճակատը, գլուխը խոնարհեցրեց եւ մի քանի րոպէ մնաց տխուր մտախոհութեան մէջ: Սուրէնը խորին ցաւակցութեամբ նայում էր նրա վրայ: Երբ կրկին գլուխը վեր բարձրացրեց նա, Սուրէնը պատասխանեց.

- Չխաբուեցաւ, տէր իմ: Այլ այն օրից, որ ձեր հօրեղբօրը բերեցին Տիզբոն, եւ այն օրից, որ Շապուհ արքան այնպիսի չարաչար մահով սպանել տուեց ձեր հօրեղբօրը, - ձեր հայրը հետամուտ եղաւ ստանալ հայոց սպարապետութիւնը. Շապուհը տուեց նրան այդ, եւ ձեր հայրը կատարեց Շապուհի կամքը…

- Այժմ հասկանում եմ… խօսեց երիտասարդը ինքն իրեն: - Պատմի՛ր, Սուրէն, ի՞նչպէս եղաւ իմ հօրեղբօր մահը:

Սուրհանդակը դժուարանում էր պատմել քաջ հերոսի մահը, որի թիկնապահներից մէկն էր եղել ինքը, որի կռիւների մէջ այնքան երկար տարիներ մասնակցել էր ինքը: Բայց երբ երիտասարդը կրկին թախանձեց նրան, պատմեց:

- Ձեզ յայտնի է, տէր իմ, թէ որպիսի՛ խաբէութեամբ Շապուհ արքան մեր Արշակ թագաւորին եւ ձեր հօրեղբօրը հրաւիրեց Տիզբոն: Թագաւորին երկաթեայ շղթաներով աքսորեց Խուժաստանի Անյուշ1 բերդը: - Այդ ես պատմեցի ձեզ: - Յետոյ բերել տուեց ձեր հօրեղբօրը դատելու: Այն օրը Շապուհի դիւանի ամբողջ հրապարակը լի էր բազմութեամբ: Ներկայ էի եւ ես: Երբ կանգնեցրին ձեր հօրեղբօրը դիւանի առջեւ, երբ Շապուհը նայեց նրա վրայ եւ, տեսնելով անձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց. - “Դո՞ւ էիր, որ այդքան տարի կոտորում էիր արիներին (պարսիկներին). դո՞ւ էիր, որ այդքան ժամանակ անհանգստացնում էիր մեզ”: Ձեր հօրեղբայրը համարձակութեամբ պատասխանեց. - “Այո՛, ես էի, արքայ”: - “Աղուէ՜ս, ասաց Շապուհը զայրանալով, “աղուէսի մահով սպանել կը տամ քեզ”: Ձեր հօրեղբայրը այսպէս պատասխանեց արքայի սպառնալիքին. “Այժմ դու տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. միթէ այդքան ժամանակ չհասկցա՞ր իմ մեծութեան չափը: Մինչեւ այսօր ես քեզ համար առիւծ էի, իսկ այժմ աղուէ՞ս: Լսի՛ր, արքայ, ես այն Վասակն եմ, որ մի հսկայ էի, մէկ ոտս մէկ լերան վրայ էի դրած, միւս ոտս մի այլ լերան վրայ. երբ աջ ոտիս վրայ էի յենուում, աջակողմեան լեռը գետնի տակն է տանում, իսկ երբ ձախ ոտիս վրայ էի յենուում, ձախակողմեան լեռը գետնի տակն է տանում”: Շապուհը հարցրեց. - “ Ասա՛ ինձ, որո՞նք են այն երկու լեռները, որ դու գետնի տակն էիր տանում ”: Նա պատասխանեց. - “ Երկու լեռներից մէկը դու էիր, միւսը յունաց թագաւորը: Քանի որ հայոց նախարարների մէջ միաբանութիւն կար, քանի որ նրանք կապուած էին իրենց թագաւորի հետ, եւ քանի որ մենք պահում էինք մեր հայր Ներսէսի խրատները, - այնքան ժամանակ Աստուած մեզ հետ էր եւ մենք կարողանում էինք խրատել մեր աշխարհի թշնամիներին, որոնց թւում եւ քե՜զ, արքայ: Բայց երբ մեր նախարարների երկպառակութիւնը մատնեց մեր թագաւորին քո ձեռքը, այն օրից մենք ինքներս մեր կործանումը պատրաստեցինք… Այժմ ինչ որ կամենում ես արա՛, ես պատրաստ եմ, արքայ”: Հրապարակի վրայ հաւաքուած ամբողջ բազմութիւնը զարմանում էր ձեր հօրեղբօր համարձակութեան վրայ, զարմացաւ եւ ինքը Շապուհ արքան, եւ գովեց նրա քաջութիւնը: Բայց յետոյ հրամայեց մորթել նրան, կաշին տիկ հանել, լցնել խոտով եւ տանել Անյուշ բերդը: Այնտեղ դրուած է նա, իբրեւ նախատինք, շղթայակապ Արշակ թագաւորի աչքի առջեւ, եւ դժբաղդ թագաւորի աչքից արտասուքը չէ պակասում, քանի որ նայում է իր քաջ, հաւատարիմ սպարապետի վրայ:

Երիտասարդը, լսելով ցաւալի պատմութիւնը, թաշկինակը տարաւ դէպի լճացած աչքերը եւ ծածկեց իր արտասուքը:

- Հերո՜սը հերոսի նման մեռաւ, - բացականչեց նա: - Նրա որդին, Մուշեղը, կարող է պարծենալ հօր մահուամբ: Բայց ե՜ս… ես ինչո՞վ կարող եմ պարծենալ… ես պէտք է յաւիտենական նախատինքի տակ մնամ… Իմ հայրը իր եղբօր սպարապետութիւնը ստանալու համար, դառնում է նրան սպանել տուող Շապուհի ձեռքում մի անարգ գործիք… եւ այժմ պարսից զօրքով գալիս է ողողելու Հայաստանը արիւնով… Թշուա՜ռ եմ ես, թշուա՜ռ… ինչո՞վ պէտք է քաւեմ այդ նախատինքը…

Արեգակի առաջին ճառագայթները, ընկնելով ծիրանագոյն վարագոյրների վրայ, լցրին սենեակը ծիրանագոյն լուսով: Երիտասարդը սոսկալով նկատեց, որ օրը լուսացել էր: Նա դարձաւ դէպի սուրհանդակը, ասելով.

- Շնորհակալ եմ, Սուրէն, ես քո ծառայութիւնը չեմ մոռանայ: Այժմ կարող ես գնալ, քանի որ ամրոցում դեռ քնած են: Երբ հարկաւոր լինես, կրկին կը կանչեմ քեզ:

Սուրէնը, մինչեւ յատակը խոնարհուելով, գլուխ տուեց:

- Դու, ի հարկէ, ձեր տա՞նը կը մնաս, - հարցրեց երիտասարդը:

- Ոչ, տէր իմ, ես երդուել եմ իմ կնոջ, իմ զաւակների երեսը չտեսնել, մինչեւ…

Նա չաւարտեց խօսքը, բայց երիտասարդը հասկցաւ, թէ ինչ էր կամենում ասել: Բարի եւ քաջ զինուոր՜. ամբողջ հինգ տարի հայրենիքից տարակայ էր նա, ծառայում էր Պարսկաստանի հայկական հեծելազօրքի մէջ, մասնակցել էր շատ արշաւանքների քուշանաց դէմ2, իսկ այժմ վերադարձել էր իր հայրենիքը: Նրա հայրենի աւանը, Խորնին, շատ հեռու չէր Ողական ամրոցից, նա չէր ցանկանում իր տնակը տեսնել, որովհետեւ նրան զբաղեցնում էր մի գործ, որ աւելի մօտ էր նրա սրտին, քան թէ կինը, որդին, բարեկամը…

- Ուրեմն դու ո՞րտեղ կը մնաս:

- Աշտիշատի վանքում, - պատասխանեց նա, - այնտեղ չեն ճանաչի ինձ, կը մնամ, որպէս մի օտարական: Ես իմ ձին այնտեղ եմ պահ տուել:

Երիտասարդը ցած իջաւ գահաւորակի վրայից եւ, աւելի պինդ փաթաթուելով իր լայն վերարկուի մէջ, անցաւ քնարանը: Սուրէնը հետեւեց նրան: Նա մօտեցաւ իր մահճակալին եւ ձեռքով մի կողմ ծալեց մահճակալի առջեւ փռած գորգը: Յետոյ մատը սեղմեց երկաթեայ հազիւ նշմարուող զսպանակի վրայ, իսկոյն յատակի տախտակամածը բարձրացաւ եւ յայտնուեցաւ մի քառակուսի ծակ:

- Դու ծանօ՞թ ես այս անցքի հետ, - դարձաւ նա դէպի Սուրէնը:

- Ի՞նչպէս ծանօթ չլինել, տէր իմ, - պատասխանեց Սուրէնը մի առանձին զգացմունքով, - այդ սենեակը հանգուցեալ սպարապետի քնարանն էր. ես դեռ պատանի էի, իմ երեսին մի մազի հետք անգամ չկար, երբ այդ սենեակի յատակը աւելում էի …

Սուրէնը մանկութիւնից սնուել, մեծացել էր այդ ամրոցում: Մամիկոնեանների գիւղացին լինելով, իբրեւ մի շնորհալի եւ մաքուր տղայ, նրան բերեցին ամրոցը: Երբ բաւական վարժուեցաւ, սենեկապետի պաշտօն էր կատարում:

Երիտասարդը պատուհանից վեր առեց պողովատի կայծհանը, կայծքարը եւ աբեթը, զարկեց միմեանց, կայծերը ցայտեցին, աբեթը վառուեցաւ, նրանով վառեց ծծումբի լուցկին, իսկ վերջինով վառեց մոմպատի կծիկը եւ տուեց Սուրէնի ձեռքը, ասելով.

- Դէ՛ , անցի՛ր :

Սուրէնը կրկին անգամ լռութեամբ գլուխ տուեց եւ, իր սովորութեան համեմատ, երեսը խաչակնքեց, յետոյ ցած իջաւ քառակուսի նեղ ծակից, որտեղից մի մարդ հազիւ կարող էր անցնել: Երիտասարդը ցած թողեց տախտակեայ փոքրիկ դռնակը եւ անցքը ծածկեց գորգով:

Այդ ամրոցի յատակի տակ կային բազմաթիւ ստորերկրեայ անցքեր, որոնք, ցանցատեսակ լաբիւրինթոսի նման, տանում էին դէպի զանազան կողմեր: լխաւոր սենեակները, որոնց մէջ բնակուում էին ամրոցի տէրերը, ունէին իրենց առանձին գաղտնի անցքերը, որոնք յատակի խորքերում միանում էին եւ այդպիսով պահպանում էին հաղորդակցութիւն թէ՛ միմեանց մէջ, եւ թէ՛ դրսի հետ:


#5 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 12:55 PM

4. ՄԻ ԱՂՕՏ ՄԻՏՔ ԾԱՈՒՄ Է ՆՐԱ ՄԷՋ


Սամուէլը կրկին մտաւ իր ընդունարանը:

Այս առաւօտ այդ կոկիկ, ընդարձակ սենեակը, կարծես, խեղդում էր նրան: Նա մօտեցաւ լուսամուտին, ետ քաշեց ծանր կերպասեայ վարագոյրը եւ բացարեց փեղկերից մէկը, որ փոքր ինչ թարմ օդ ներս թողնէ: Յետոյ բացարեց դռները սպասաւորի համար: Սպասաւորի փոխարէն ներս մտաւ նրա գեղեցիկ, ոսկեգոյն բարակը: Այդ խելացի անասունը, կարծես, նախասենեակում սպասում էր դռների բացուելուն: Նա այն աստիճան քնքուշ եւ նրբակազմ էր, որ դրսից կարելի էր բոլոր կողքերը համարել: Երկար պարանոցի վրայ կրում էր արծաթեայ օղամանեակ: Նա մօտեցաւ եւ, կանգնելով ետեւի թաթիկների վրայ, առջեւի թաթիկները բարձրացրեց, դրեց իր տիրոջ կուրծքի վրայ, եւ մի առանձին քաղցրութեամբ նայում էր նրա երեսին, աշխատելով գուշակել, թէ ինչո՛ւ էր նա այնքան տխուր: Երիտասարդը ձեռքով փայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, եւ բարակը մխիթարուելով այդ փաղաքշանքից, ցած թողեց թաթիկները, հեռացաւ սենեակի մի անկիւնում եւ այնտեղ պառկեց, չդադարելով իր հեզ աչքերով հետեւիլ, թէ որպէս իր սիրելի տէրը՝ դանդաղ, անհաւասար քայլերով՝ շարունակում էր անց ու դարձ անել սենեակի մէջ:

Նրա սիրտը ալէկոծութեան մէջ էր. երիտասարդական ջերմ արիւնը եփ էր գալիս նրա մէջ: Որքան մտածում էր գալոց աղէտների մասին, այնքան չարիքը իր բոլոր զարհուրանքներով մեծանում էր նրա աչքում: Հայաստանը մնացել էր բոլորովին անտէր եւ անպաշտպան: Հայոց Արշակ թագաւորը, երկաթի շղթաների մէջ, հեծում էր Խուժաստանի Անյուշ բերդում: Հայոց թագաժառանգը, Պապը, իր կնոջ՝ Զարմանդուխտի եւ երկու որդիների՝ Արշակի եւ Վաղարշակի հետ, պահուած էին Կ. Պոլսում: Թագաւորին աքսորել էր պարսից Շապուհ արքան, իսկ թագաժառանգին կալանաւորել էր յունաց Վաղէս կայսրը: Հայաստանի քահանայապետը, հայրենիքի հզօր պաշտպանը, Ներսէս մեծը, նոյն կայսրի հրամանով աքսորուած էր Պատմոս անբնակ կղզում: Հայաստանը մնացել էր անտէր: Նրա երկու պաշտպանները - թագաւորը եւ քահանայապետը - չկային: Յունաց կայսրը մէկ կողմից, պարսից արքան միւս կողմից, երկու անյագ վիշապների նման, բերանները բացարած, մաքառում էին միմեանց հետ, թէ ո՛րը աւելի շուտ կը կլանէ անտէր մնացած երկիրը…

Այդ ցաւալի մտածութիւններն էին, որ ալէկոծում էին երիտասարդի սիրտը եւ նա սոսկալով տեսնում էր իր հայրենիքի մեծ տագնապը - նրա մօտալուտ օրհասը…

Միւս կողմից, տեսնում էր նա հայոց նախարարների մէջ երկպառակութիւն. ոմանք ցանկանում էին ընդունել յունաց գերիշխանութիւնը եւ հարկատու լինել յոյներին, իսկ ոմանք ցանկանում էին ընդունել պարսից գերիշխանութիւնը եւ հարկատու լինել պարսիկներին: Հայրենիքի անկախութիւնը սիրող եւ նրա ինքնակայութեանը նուիրուած նախարարները տառապում էին անհնարին յուսահատութեան մէջ, թէ ի՛նչ միջոցով ազատեն հայրենիքը անդառնալի կորուստից: Չկար մէկը, որ նրանց մէջ համաձայնութիւն կայացնէր: - Չկար թագաւորը, չկար քահանայապետը…

Կային դաւաճաններ :

Եւ այդ դաւաճանները հայոց երկու ամենահզօր նախարարութիւնների ներկայացուցիչներն էին՝ - Վահան Մամիկոնեանը եւ Մերուժան Արծրունին: Մէկը երիտասարդի հայրն էր, միւսը երիտասարդի մօրեղբայրն էր… Երկուսն էլ ուրացել էին քրիստոնէութիւնը, երկուսն էլ ընդունել էին պարսից կրօնը եւ Շապուհ արքայի ձեռքում դարձել էին մի սոսկալի զէնք, ոչնչացնելու ամէն ինչ, որ սուրբ էր, որ նուիրական էր Հայաստանում…

Այդ սարսափեցնում էր երիտասարդին եւ միեւնոյն ժամանակ նրա սիրտը լցնում էր մի անբացատրելի կատաղութեամբ: - “Մոգերով ու մոգպետներով է գալիս իմ հայրը”… մտածում էր նա խորին դառնութեամբ, - եւ իր հետ բերում է, որպէս օգնական պարսից զօրութիւնը… գալիս է ոչնչացնելու մեր եկեղեցիները, մեր դպրոցները, մեր դպրութիւնը… գալիս է պարսկացնելու մեզ… Նա գալիս է ձեռք ձեռքի տուած Մերուժանի հետ… Թագաւորութիւնը սպանեցին, այժմ պէտք է սպանեն ազգութիւնը, կրօնը… Մենք այսուհետեւ պէտք է պարսկերէն խօսենք եւ պարսկերէն աղօթենք… Եւ իմ հայրը մի այդպիսի եղեռնագործութեան պէտք է մասնակից լինի, յաւիտենական նզովք դնելով Մամիկոնեանների տոհմի վրայ…

Նրա վարդագոյն շրթունքները բոլորովին գունաթափուեցան, ծնկները դողացին, աչքերի առջեւ մթնեց եւ հազիւ-հազ կարողացաւ իրեն հասցնել գահաւորակի մօտ, եւ ծանրացած գլուխը բաց թողնել բարձերի վրայ: Երկար նա, երկու ձեռքով գլուխը բռնած, գտնուում էր մի տեսակ տենդային շփոթութեան, մի տեսակ հիւանդոտ այլայլութեան մէջ: Մթին մառախուղի նման՝ անորոշ մտքեր պտտուում էին նրա բորբոքուած երեւակայութեան մէջ: Յանկարծ ցնցուեցաւ նա, եւ կրկին վեր թռաւ պառկած տեղից, ինքն իրեն խօսելով.

- “ Մամիկոնեանը ծնում է դաւաճաններ… Մամիկոնեանը ծնում է եւ հերոսներ… Երբ իմ հօրեղբայր Վարդանը արքայազն Տիրիթի հետ ապստամբուեցան մեր Արշակ թագաւորի դէմ եւ դիմեցին պարսից Շապուհ արքային, - դարձեալ իմ հօրեղբայր Վասակն էր, որ գնաց նրանց ետեւից եւ, ճանապարհին բռնելով, սպանեց թէ՛ Տիրիթին, եւ թէ՛ իր եղբօրը… Նրա ձեռքը չդողաց թափել իր հարազատի արիւնը, որ դաւաճանում էր իր թագաւորին եւ իր հայրենիքին… Իսկ ե՞ս ” …

Վերջին խօսքը արտասանելու միջոցին, կարծես, նրա շրթունքները կրակով այրեցին, նա չկարողացաւ վերջացնել, կրկին ընկաւ գահաւորակի վրայ եւ, աչքերը բռնելով, սկսեց դառն կերպով հեկեկալ: - “ Ա՜խ, հայր իմ… ա՜խ, հայր իմ ”… կրկնում էր նա եւ արտասուքը հեղեղի նման թափուում էր աչքերից:

Նա սիրում էր իր հօրը, սիրում էր որդիական ջերմ, անկեղծ սիրով: Բայց սիրում էր եւ իր հայրենիքը: Նրա կրթութիւնը այնպիսի անձանց խնամքով էր կատարուել, որ պատրաստել էին նրանից մի անձնանուէր որդի՝ նախ հայրենիքի, եւ ապա ծնողաց:

Ընդունարանի դուռը բացուեցաւ, ուշիկ քայլերով ներս մտաւ մի պատանի, նայեց երիտասարդի վրայ եւ, սառածի նման, կանգնած մնաց պատի մօտ:

Պատանին լաւ հագնուած սենեկային մանկլաւիկի տպաւորութիւն էր գործում: Ծիածանի բոլոր գոյները կային նրա հագուստների վրայ. գունաւոր էր գլխի թեթեւ ապարօշը, որ թեք կերպով կապած էր թասակի վրայ, ծածկում էր աջ կողմի յօնքը, իսկ ձախ կողմի յօնքը ճակատի մի մասի հետ բաց էր թողած. գունաւոր էին նրա երկար, ոսկեայ գանգուրները, որ սփռուած էին ուսերի վրայ. գունաւոր էր բեհեզեայ գօտին, որ, խորշաւոր փաթոթներով մի քանի անգամ բարակ մէջքից անցնելուց յետոյ, անփոյթ վերջաւորութիւններով ծածանուում էր ծնկների վրայ. գունաւոր էր նրա բաճկոնակը, վարտիքը, որ մանր ծալքերով իջնում էր մինչեւ ծնկները եւ այնտեղ կապուած էր նոյնպէս գունաւոր սռնապաններով, եւ իր ծալքերի շարունակութեամբ ծածկում էր սռնապանները, իջնելով մինչեւ սրունքները: ունաւոր էին եւ նրա նախշուն տրեխները, որ պատրաստուած էին գոյնզգոյն մետաքսեայ թելերից, եւ կատուի թաթիկների նման, ոտքերը գետնին դնելու ժամանակ ձայն չէին հանում: Ձախ ականջին կրում էր արծաթեայ օղակ. դա արդէն նշան էր, որ նա իշխանական սենեակի սպասաւոր է:

Նա դեռ ապշած նայում էր իր տիրոջ վրայ: Նրա գեղեցիկ, խաժ աչքերը արտայայտում էին ե՛ւ զարմանք ե՛ւ հեգնութիւն: Զարմանում էր, թէ ի՛նչ էր պատահել, որ նա այնպէս շուտ էր զարթնել եւ, առանց լուացուելու, առանց հագնուելու, դուրս էր եկել քնարանից: Նա երբեք սովորութիւն չունէր այդքան վաղ վեր կենալու իր անկողնից: Իր մտքում ծիծաղում էր, թէ իր միշտ ուրախ, միշտ զուարթ տէրը անպատճառ մի “փորացաւ” կ'ունենար, որ այդպէս տխուր էր, եւ, սգաւորի նման, ընկած էր երեսի վրայ, գլուխը չէր բարձրացնում: Այդ բոլորը բացատրում էր նա իր տեսակէտից:

Երբ նկատեց, որ իր վրայ ուշադրութիւն չեն դարձնում, եւ իր ներկայութիւնը զգալ տալու խորամանկութեամբ, կամաց մօտեցաւ բարակին եւ նրա ոտքը պինդ կոխեց: Շունը մի օտարոտի հառաչանք արձակեց, որ նշան էր սաստիկ վիրաւորանքի: Իշխանը գլուխը վեր բարձրացրեց, նայեց դէպի այդ կողմը:

- Յուսիկ , այդ դո՞ւ ես :

- Այո՛ , տէր իմ , - պատասխանեց սպասաւորը, գլուխ տալով:

Ժամանակի սովորութեան համեմատ, սպասաւորը ամէն ծառայութեան համար պէտք է իր տիրոջ աչքին երեւնար միայն. նա համարձակութիւն չունէր իր կողմից առաջարկութիւններ անելու, այլ պէտք է լուռ սպասէր տիրոջ հրամանին: Այժմ նրա լուացուելու եւ հագնուելու ժամանակն էր: Սպասում էր, արդեօք իր տէրը կը բարեհաճէ՛ր ջուր պահանջել: Այդ մասին ոչինչ պատուէր չստացաւ պատանին. մտածեց փարատել իշխանի տխրութիւնը:

- իտէ՞ք, տէր իմ, այս գիշեր ի՛նչ է պատահել ամրոցում, - ասաց նա խորամանկ ժպիտով:

- Ի՞նչ է պատահել, - հարցրեց իշխանը:

- Մկները Պապիկի մօրուքի մի կողմը կրծոտել են:

Ամրոցի ծերունի դռնապանի մասին էր խօսքը:

- Երէկ երեկոյեան, - շարունակեց պատանին, - նա օծուել էր, իւղուել էր, գնացել էր իր փեսային տեսնելու. այնտեղից հարբած եկել ու պառկել էր, գիշերը մկները մի լաւ ընթրիք էին անուշ արել նրա բարձերի վրայ…

Իշխանը նայեց պատանու անհանգիստ, վառվռուն աչքերի մէջ եւ բարկութեամբ ասաց.

- Չարաճճի , այդ անպատճառ քո գործը կը լինի:

- Չէ՛ , Աստուած է վկայ:

- Իմ գլխովը երդուիր:

Պատանին կարմրելով կանգ առեց:

- Տեսնո՞ւմ ես, անպիտան. միւս անգամ այդպիսի յիմարութիւն չանես:

Կատակը անյաջող անցաւ:

- Ապա ի՞նչ անէի… ամօթից գլուխը քարշ ձգած մրմնջեց պատանին, - այնպէս հարբած եկել, քնել էր, գիշերը մարդ է մտնում ամրոցը, նա չէ զարթնում:

- Ի՞նչ մարդ, - հարցրեց իշխանը աւելի լուրջ կերպով:

- Մի սուրհանդակ. ես բաց արի նրա համար դուռը. նա ուղղակի գնաց տիկնոջ մօտ:

- Դու այդ ժամանակ արթո՞ւն էիր:

- Ես ամբողջ գիշերը չեմ քնել…

Վերջին խօսքերը արտասանելու միջոցին պատանու դէմքը աւելի կարմրեցաւ:

- Երեւի “ նրա ” սենեակի շուրջը քծնուում էիր … , հարցրեց իշխանը աւելի մեղմ ձայնով:

- Ի՞նչպէս իմ տիրոջ առջեւ մեղքս ծածկեմ… այդպէս էր…

Պատանին սիրահարուած էր իշխանի մօր աղախիններից մէկի վրայ եւ այդ գիտէր նրա տէրը: Եւ նրա վարմունքը ծերունի դռնապանի մօրուքի հետ՝ այդ սիրահարութեան հետեւանքներից մէկն էր, որովհետեւ անհամբեր ծերունին շատ անգամ արգելք էր լինում պատանու գիշերային արշաւանքներին… Բայց իշխանը թողեց այդ խնդիրը եւ, խօսքը փոխելով, հարցրեց նրանից.

- Դու ճանաչեցի՞ր սուրհանդակին:

- Սատանայի պէս :

- Ո՞վ էր :

- Պարեխեցի Ոսկանն էր. նա որ իր կնոջը սպանեց եւ իր եղբօր կինն առեց. մեծ իշխանից նամակ էր բերել:

- Նա մնա՞ց տիկնոջ մօտ:

- Ոչ , նամակը յանձնեց, բաւական խօսեցին, յետոյ էլի մթնով դուրս գնաց: Դուռը ես բաց արի:

- Այդ մասին լեզուդ լուռ կը պահես:

- Խուլ ու մունջի պէս:

Այդ ուրախ, պարզամիտ պատանին ոչ սակաւ անգամ վանում էր իր տիրոջ թախծութիւնները նրա տխրութեան րոպէներում, եւ ոչ սակաւ անգամ իր ծիծաղաշարժ բանսարկութիւններով, որ սովորութիւն ունէր գործ դնել ամրոցի հասարակութեան մէջ, զուարճութիւն էր պատճառում նրան: Բայց այս առաւօտ գոհ չմնաց իր վարպետութիւններից: Նրա տէրը դարձեալ տխուր էր, դարձեալ գտնուում էր մի անսովոր, մռայլ մտախոհութեան մէջ:

Նա սպասաւորից շատ բան չիմացաւ սուրհանդակի մասին, որքան ինքը գիտէր. միակ բանը, որ հետաքրքիր էր նրա համար, այդ այն էր, թէ ինչո՛ւ իր մայրը հեռացրել էր սուրհանդակին: Ամէն անգամ, երբ պատահում էր սուրհանդակ ընդունել, նա սովորաբար կը մնար ամրոցում, այնքան ժամանակ, մինչեւ բերած նամակի պատասխանը կը ստանար, յետոյ կը գնար: Իսկ այժմ ի՞նչն էր ստիպել իր մօրը թագցնել սուրհանդակին, եւ թագցնել ամրոցից տարակայ մի գիւղում:

Նա դարձաւ դէպի սպասաւորը այս խօսքերով.

- Յուսիկ, եթէ սուրհանդակը միւս անգամ գալու լինի տիկնոջ մօտ, դու կարո՞ղ ես այդ իմանալ:

- Կարող եմ, - պատասխանեց պատանին վստահութեամբ:

- Ումի՞ց:

- “ Նրանից ”, “ նա ” ամէն բան կ'ասէ ինձ:

Խօսքը տիկնոջ աղախնի մասին էր, որ սաստիկ սիրում էր պատանուն:

- Կարո՞ղ ես իմանալ եւ ա՛յն, թէ սուրհանդակը ի՛նչ կը խօսի տիկնոջ հետ:

- Այդ էլ կարող եմ :

- Ի՞նչ միջոցով :

- “ Նրան ” կ'ասեմ, “ նա ” դեւի նման կը մտնէ մի ծակում, ականջ կը դնէ, յետոյ կը գայ բոլորը կը պատմէ ինձ:

- Բայց “ նա ” չպիտի գիտենայ, որ դու ինձանից պատուէր ես ստացել:

- Յուսիկը երեխայ չէ, նա այդ կարող է հասկանալ:

- Իսկ եթէ “ նա ” լեզուն չպահէ՞:

- “ Նա ” այնպիսի աղջիկ չէ. ես “ նրան ” կ'ասեմ ՝ բերանդ փակ պահի՛ր, եւ “ նա ” էլ չբացանի : ( = բաց չ'անի = բաց չի անի )

Տիկնոջ մօտ եկած սուրհանդակը հասարակ մարդ չէր:

Նա Տարօնի տանուտէրներից մէկն էր. նրա մասնաւոր խօսակցութիւնը տիկնոջ հետ՝ շատ բան կարող էր պարզել իշխանի համար, եւ այդ էր, որ հետաքրքրում էր նրան:

Արեգակը արդէն բաւական բարձրացել էր հորիզոնի վրայ եւ իշխանի սենեակը լցրել էր ջերմ, ոսկեփայլ ճառագայթներով: Նա ցած իջաւ գահաւորակի վրայից եւ հրամայեց պատանուն, որ լուացուելու ջուր տայ:

[ ... ]

Սպասաւորը պատրաստուում էր նախաճաշիկ մատուցանել: Այդ միջոցին դռները բացուեցան, ներս մտաւ մի մարդ, որ խորին կերպով գլուխ տալով, լուռ կանգնած մնաց ոտքերի վրայ: Նրա լերկ, անմօրուս երեսից, որ պատած էր վաղահաս կնճիռներով, նրա հանգած, նեղ աչքերից, որ սեղմուած էին կարմիր կոպերի մէջ՝ առանց թերթերունքների եւ, վերջապէս, նրա դեղին ատամներից, որ դուրս էին ցցուած անգոյն շրթունքների միջից, իսկոյն երեւում էր, որ այդ մարդը ներքինի է:

- Ի՞նչ կայ , - հարցրեց իշխանը:

Ներքինին կրկին անգամ գլուխ տուեց, ասելով.

- Տիկինը հրամայեց յայտնել իմ տիրոջը, որ շնորհ բերէ նրա մօտ:

Իշխանը ամբողջ մարմնով ցնցուեցաւ, բայց զսպելով իր տհաճութիւնը, պատասխանեց.

- Լաւ , ասա՛ , որ կը գամ :

Ներքինին դարձեալ գլուխ տուեց եւ հեռացաւ:


#6 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 01:00 PM

5. ՄԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ


Առաւօտեան մառախուղը չքացել էր: Դրսում տիրում էր ջերմ, լուսապայծառ օր: Օդի մէջ բուրում էր շրջակայ եղեւինների բալասանական խնկահոտութիւնը: Ամէն ինչ ժպտում էր, ամէն ինչ ուրախութիւն էր շնչում, միայն Սամուէլի սիրտը լցուած էր խորին, անմխիթար տրտմութեամբ:

[ ... ]

Այդ միջոցին կանանոցի շքեղ դահլիճներից մէկում, մի կին կանգնած էր մետաղեայ յղկած հայելիի առջեւ, եւ ինքն իր վրայ սիրահարուածի նման, նայում էր, ժպտում էր, եւ մի առանձին հրճուանքով ուղղում էր գլխի զարդերը: Արդէն մի քանի անգամ նա մօտեցել էր այդ հայելիին եւ, չհաւատալով իր աչքերին, այդ վերջին փորձն էր անում, ստուգելու համար, արդեօք այնքան սա՞զ էին գալիս այդ նոր զարդերը, որքան նա կարծում էր:

[ ... ]

Այդ փառահեղ տիկինը Սամուէլի մայրն էր, որին կոչում էին Տաճատուհի:

Ներս մտաւ երիտասարդը բռնի ժպիտը երեսին:

- Բարի լո՜յս, սիրելի մայրիկ, - ասաց նա եւ, իր սովորութեան համեմատ, մօտեցաւ ձեռքը համբուրելու:

[ ... ]

Որդու ողջագուրանքը, մօր սիրալիր փաղաքշանքը բոլորովին անկեղծ էր: Մայրը ունէր սիրող սիրտ, մանաւանդ դէպի իր զաւակները. իսկ որդին հնազանդ, ծնողասէր զաւակ էր: Այժմ այդ անարատ սիրոյ մէջ մտել էր մի դեւ, մի չար միտք, որ պիտի երկպառակէր ընտանեկան խաղաղութիւնը, որ պիտի գժտութիւն, ատելութիւն եւ, գուցէ աւելի աղէտաւոր թշնամանք սերմանէր որդու եւ ծնողների մէջ: Ամէն անգամ, որ այդ մտածումները պաշարում էին Սամուէլին, նա ամբողջ մարմնով դողում էր:

Նոյն մտածութիւնները ոչ սակաւ սաստկութեամբ յուզում էին եւ մօր սիրտը: Նա գիտէր Սամուէլի ամուր հաւատը, գիտէր նրա կրօնական ջերմեռանդութիւնը, նրան ծանօթ էին իր որդու հայրենասիրական ջերմ զգացմունքները: Այժմ ի՛նչպէս յայտնէր որդուն, թէ նրա հայրը ուրացել է իր կրօնը եւ պարսից զօրքերով գալիս է ոչնչացնելու ամէն ինչ, որ հայկական է:

[ ... ]

- իտե՞ս, Սամուէլ, քեզ ինչո՛ւ համար կանչեցի:

- Ես ոչինչ չգիտեմ…

- Հօրիցդ նամակ ստացայ, կանչեցի, որ յայտնեմ քեզ:

- Նամա՞կ ստացար, - բացականչեց Սամուէլը , - այդ ուրախալի՜… է շա՜տ ուրախալի… Ե՞րբ ստացար:

- Այս գիշեր։ Սուրհանդակ եկաւ:

( ... ) Նա տուեց մագաղաթը որդուն, ասելով.

- Հօրդ նամակն է :

Սամուէլը ուրախութեամբ բաց արեց մագաղաթի փաթոթը եւ, նայելով նրա վրայ, ասաց.

- Դա պարսկերէն է գրուած…

Մայրը կիսախրատական եւ կիսայանդիմանական եղանակով նկատեց նրան.

- Ա՜յ, քեզ որ միշտ ասում էի, որդի, սովորի՛ր այդ լեզուն, դու ինձ ականջ չէիր դնում, խելքդ ու միտքդ տուել էիր այն անիծուած յունարէնին եւ ասորերէնին: Հիմա տեսնո՞ւմ ես, հօրդ նամակն էլ չես կարողանում կարդալ: Դու մինչեւ անգամ աշխատում էիր՝ քո փոքր եղբօրը, Վահանին եւս դժբախտացնել, արգելում էիր նրան պարսկերէն սովորել: Բայց նա այժմ ո՛չ միայն խօսում է, այլ եւ գրում է:

Մօր յանդիմանութիւնը սաստիկ վրդովեցրեց Սամուէլին, բայց նա, զսպելով իրեն, ասաց.

- Դու, ի հարկէ, կարդացած կը լինես, պատմի՛ր, ի՞նչ է գրում հայրս:

Տիկինը պատմեց այն, ինչ որ արդէն գիտէր Սամուէլը. թէ Շապուհ արքան շնորհել է իր ամուսնին հայոց սպարապետութիւնը, իսկ իր եղբօրը, Մերուժանին, խոստացել է հայոց թագաւորութիւնը, եւ իր քոյր Որմիզդուխտին արքան կնութեան է տուել Մերուժանին: Եւ այժմ թէ՛ Մերուժանը, եւ թէ՛ իր ամուսինը ճանապարհի վրայ են, պարսից զօրքերով գալիս են, մէկը հայոց թագաւոր դառնալու համար, միւսը՝ հայոց սպարապետ:

Այդ պատմութեան բոլոր ժամանակ տիկնոջ դէմքը փայլում էր անսահման ուրախութեամբ, իսկ Սամուէլը խորին վրդովմունքով լսում էր նրան, աւելի եւ աւելի պինդ գալարելով իր ձեռքում մագաղաթի թերթը, որ բերել էր աղէտաւոր լուրերը: Բայց Սամուէլը նախապատրաստուած էր այդ բոլոր դառն եւ ամօթալի եղելութիւնները լսելու, որոնց մէջն էր տեսնում իր հայրենիքի կործանումը:

Տիկինը իր ստացած տեղեկութիւնների մի մասը միայն պատմեց, եւ նամակի մէջ այնքանը միայն գրուած պէտք է լինէր: Բայց նա թագցրեց Սամուէլից, թէ նրա հայրը եւ Մերուժանը ուրացել են քրիստոնէութիւնը, ընդունել են պարսից կրօնը եւ խոստացել են Շապուհին նոյնը մտցնել եւ Հայաստանում, եւ այդ մտքով բերում են իրենց հետ մոգերի ահագին բազմութիւն, որ եկեղեցիների փոխարէն ատրուշաններ հիմնեն, եւ ամէն տեղ բաց անեն պարսից դպրոցներ, նախարարների, եւ ազնուականների թէ՛ տղաներին, եւ թէ՛ աղջիկներին պարսկական ոգւով եւ պարսկական կրօնի հրահանգներով կրթութիւն տալու համար: Նա ծածկեց Սամուէլից եւ նրա հօրեղբօր, Վասակի չարաչար մահը Շապուհից, - այդ բոլորը, անտարակոյս, բերանացի հաղորդած կը լինէր նրան նամակը բերող սուրհանդակը:

Տիկինը նկատեց այն վատ տպաւորութիւնը, որ իր պատմութիւնը գործեց որդու վրայ, բայց իրեն չգիտենալ ձեւացնելով, գրկեց որդուն եւ, սեղմելով իր կրծքի վրայ, ասաց.

- Դու այժմ կարող ես շնորհաւորել ինձ, սիրելի Սամուէլ , - եղբայրս՝ հայոց թագաւոր, իսկ քո հայրը՝ հայոց սպարապետ…

Սամուէլի դրութիւնը աննախանձելի էր: Նա կա՛մ բացարձակ կերպով պէտք է յայտնէր իր զզուանքը հօր եւ Մերուժանի վարմունքի դէմ, պատմելով բոլորը, ինչ որ ինքը գիտէր նրանց դաւաճանութիւնների մասին, եւ կա՛մ պէտք է լռէր, որ մի՛ գուցէ իր անզգուշութեամբ գործը փճացնէր, եւ իր արդէն խորհած, վճռած նպատակները մնային անկատար: Բայց լռել չէր կարող նա, պէտք էր մի բան պատասխանել: Այդպիսի դժուարին րոպէներում նրան օգնութեան էր հասնում իր սովորական թերահաւատութիւնը մի կողմից, եւ իր կծու հեգնութիւնը, միւս կողմից:

- Այդպէս շուտ ուրախանա՜լ, դեռ վաղ է, սիրելի մայր, - ծիծաղելով պատասխանեց նա, դուրս պրծնելով մօր գրկից:

- Ինչո՞ւ, - հարցրեց մայրը եւ նրա ձայնը դողաց սրտի յուզմունքից:

- Դեռ հայոց թագաւորը կենդանի է…

Տիկինը չկարողացաւ իրեն զսպել, յայտնեց այն, ինչ որ ծածկել էր աշխատում.

- Հայոց թագաւորը աքսորուած է Անյուշ բերդում, որտեղից մարդիկ այլ եւս չեն վերադառնում:

- Այդ ես գիտեմ, որ այնտեղից մարդիկ այլ եւս չեն վերադառնում, բայց հայոց թագաժառանգը Կ. Պոլսումն է, քրիստոնեայ կայսրի մօտ…

- Նրան ո՞վ կը բերէ եւ իր հօր գահը կը նստացնէ:

- Յունաց զօրքերը եւ հայոց նախարարները…

- Մինչեւ նրանց գալը, հայոց երկիրը գրաւուած կը լինի պարսից զօրքերով, իսկ իմ եղբայրը՝ - թագաւոր:

- Յաջողութիւն եմ ցանկանում…

- Դու չես հաւատում, Սամուէլ, բայց շուտով կը տեսնես, որ այդ բոլորը կը կատարուի, - ասաց մայրը, աշխատելով համոզել որդուն: - Դու ասում ես, որ հայոց թագաժառանգը կայսրի մօտ է, յունաց զօրքերով կը գայ եւ իր հօրը գահը կը ժառանգէ: Բայց գիտե՞ս, ո՛վ է յունաց այժմեան կայսրը: - Հայերին թշնամի Վաղէսը: Նա արդէն հայոց քահանայապետ Ներսէսին, որ գնացել էր Կ. Պոլիս կայսրից օգնութիւն խնդրելու, ոչ միայն մերժել է իր երեսից, այլ աքսորել է Միջերկրականի Պատմոս կղզում: Այդ դու գիտե՞ս:

- Առաջին անգամն եմ լսում…

Բայց նա գիտէր հալածասէր Վաղէսի անիրաւ վարմունքը Ներսէս Մեծի հետ: Նա ամենայն ուշադրութեամբ հետեւում էր բոլոր աղէտաւոր անցքերին, որ այդ ժամանակ կատարուում էին իր հայրենիքի վերաբերութեամբ: Եւ նրա զգայուն սիրտը բազմաթիւ վէրքերով խոցուած էր կատարուող չարիքներից:

Նա մտածեց կշտամբել մօր հակակրութիւնը դէպի Վաղէսի վարմունքը: Նա մտածեց յայտնել իր խորին տհաճութիւնը դէպի իր հօր եւ Մերուժանի գործողութիւնները, բացատրելով, թէ որպիսի՛ ազգակործան հետեւանքներ կարող էին ունենալ նրանց ձեռնարկութիւնները եւ, վերջապէս, նա մտածեց, խոստովանուել մօր առջեւ, թէ ինքը, որքան կարող է, ամէն հնարներ գործ կը դնէ ոչնչացնելու հօր դիտաւորութիւնները: Բայց նա գիտէր իր մօր անսահման փառասիրութիւնը: Նա ցանկանում էր հայոց սպարապետի տիկին լինել եւ հայոց թագաւորի քոյր" Ամէն մի ապացոյց այդ մոլեգին ցանկութեան առջեւ կը կորցնէր իր ազդեցութիւնը:

Խոհեմութիւնը փականք դրեց նրա լեզուին:





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users