«...Եւ յատկական ներհեղմամբ շնորհաց այնքան առատացաւ յարդիւնս բանից մինչ զի համարձակիմ ասել, թէ զաղօթական բանս իւր արար համառօտարան իմն Աստուածաշունչ եւ իբր երկրորդ Աւետարան»։
Հակոբ պատրիարք Նալյան
Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծաբանությունը՝ «Նարեկը», դարերի հոլովույթում բնորոշվել է միեղեն եզրույթով՝ աղոթագիրք, ինչը հարազատ արտահայտիչն է Մատյանի իսկ բովանդակության: «Նարեկն» ստեղծվել է որպես «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»: Այն Արարչի եւ արարածի միջեւ կենսական զրուցարան է, որում, ինքնին, ենթադրելի են զանազան բնույթի խոսակցություններ, բազմազան խնդիրների առաջադրում եւ դրանց համար հարկավոր պատասխանների ու լուծումների ակնկալություն: Այսուհանդերձ, նարեկյան խոսքն Աստծո հետ ոչ թե հախուռն է, ոչ թե բազմանպատակ (թեեւ, ինչպես նշեցինք, զանազան խոսակցություններ են ենթադրվում), այլ ունի մեկ նպատակ, մեկ առաքելություն, որովհետեւ այդ խոսակցությունները, որպես տարբեր ուղիներ, հանգուցալուծվում են մեկ վայրում, մեկ նպատակակետում, որ է՝ «Գիրք սրբոյս Գրիգորի՝ է՛ նիւթ եւ պատճառ դարձման մեղաւորաց, եւ ուրախութեան Ամենասրբոյ Երրորդութեան» (Հակոբ պատրիարք Նալյան): Այսինքն՝ «Նարեկ» աղոթագիրքն իր խոսքաբանությամբ մարդ արարածին «շարժէ ... ի զղջումն», որն էլ, Տերունի խոսքի համաձայն, մեծ ուրախություն է պարգեւում Երկնավոր Թագավորին (հմմտ. Ղուկ. ԺԵ 7):
Համաձայն քրիստոնեական մեր ուղղափառ վարդապետության՝ Եկեղեցու՝ հավատացյալների միության կյանքում գոյություն ունի երկու կենսակերպ՝ ընդհանրական եւ առանձնական: Այս երկուսը, ըստ ինքյան, հոգեւոր կյանքի յուրօրինակ դրսեւորվումներ են: Ինչպես որ ներդաշնակ կարգավորությամբ է արարված համայն տիեզերքը, այնպես եւ կարգավորյալ է Եկեղեցու ընդհանրական ու առանձնական հոգեւոր կյանքը. հոգեւոր կյանքում որեւէ անկանոնություն չի՛ կարող լինել, քանզի աններդաշնակության թեկուզ մեկ նշանախեցի իսկ առկայությունն ինքնին քաոսի պատճառ պիտի լինի: Իսկ քաոսային վիճակը բնավ չի՛ կարող խթանել մարդկային հոգու փրկագործումը: Հետեւաբար, այն, որ Տիրոջ համբարձումից հետո աշխարհ առաքվեց Ճշմարտության Հոգին՝ Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձ Սուրբ Հոգին, հետապնդում է հավատքի ճշմարտության անեղծանելիությամբ՝ հոգեւոր կյանքի անխաթարությունն ու իսկությունը, որոնց համաձայն՝ միայն մարդը կարող է փրկվել, հավիտենական փրկությունը ժառանգել:
Ճշմարտության Հոգու առաքելության անդաստանն էլ Եկեղեցու կյանքն է, որտեղ ամենայն ինչ պիտի հաստատվեր ճշմարտապես ու իմաստությամբ, եւ այդ ամենը պետք է հաստատվեր ոչ այլ կերպ, եթե ոչ Եկեղեցում առկա ընտիր անոթների՝ շնորհընկալ հայրերի ու վարդապետների միջոցով: Ահա եւ աստվածային ներշնչմամբ եւ «յատկական ներհեղմամբ շնորհաց»՝ եկեղեցական հայրերի ու վարդապետների կողմից կառուցվեցին, կարգվեցին, կուտակվեցին ու դիզվեցին զանազան աստվածաշունչ (այսինքն՝ Սուրբ Հոգու ներշնչանքով գրված - Ա. Ք.) գրվածքներ, կանոններ ու կարգեր, որոնք հիմնարկեցին անխորտակելի շինվածքը քրիստոնյայի թե՛ ընդհանրական եւ թե՛ առանձնական հոգեւոր կյանքի: Հոգեւոր կյանք, որտեղ չկա՛ որեւէ անճշտություն եւ սխալմունք: Հոգեւոր կյանքի շինվածք, որի հենքն ու առանցքն «ի խորոց սրտի խօսքն» է Արարիչ Աստծո հետ: Եվ աղոթական այս առանցքը եկեղեցական հայրերի կամայականությունը չէ, սա պատգա՛մ է աստվածային, սա հրահա՛նգ է առաքելական. «Արթուն կացեք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք»,- պատգամում է Քրիստոս Աստված (Ղուկ. ԻԱ 36), «Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ»,- հրահանգում է սբ. Պողոս առաքյալը (Կողոս. Դ 2): Արդ, «յամենայն ժամ աղօթս արարէք », «զի մի՛ անկանիցիք ի փորձութիւն», քանի որ «ո՞չ ապաքէն իբրեւ զփորձութիւն են վարք մարդոյ ի վերայ երկրի» (Հոբ Է 1):
Սբ. Գրիգոր Նարեկացին ոչ միայն նշանավոր է նրանով, որ ապրել է սրբակենցաղ կյանքով, ոչ միայն այն բանի համար, որ դրանով իսկ հայ ժողովրդի կողմից ճանաչվել է սուրբ, այլեւ Հայոց Եկեղեցու կողմից դասվել սրբոց շարքում, քանի որ նա նաեւ եկեղեցական հայր է եւ վարդապետ (տե՛ս Շնորհք եպս. Գալուստյան (Պատրիաք Կ. Պոլսո), «Տեղիք աստուածաբանութեան», Երուսաղէմ, 1993, էջ 27, 29): Հետեւաբար, նրա ստեղծաբանությունները Եկեղեցու կողմից ճանաչվել են աստվածաշունչ եւ դիտվել են օգտակար «վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծո մարդը՝ ամրացած բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմոթ. Գ 16-17): Եթե սբ. Գրիգոր Նարեկացու ամբողջական ժառանգությունը համարվել է աստվածային ներշնչմամբ եւ երկնառաք շնորհների ներգործությամբ ստեղծված, ապա ուրեմն «Ողբերգության մատյանը» եւս, որ սրբի ստեղծաբանությունների թագն ու պսակն է, միանշանակ գրվել է Սուրբ Հոգու ներշնչումով, ինչի մասին եւ վկայում է հենց ինքը՝ սբ. Գրիգոր Նարեկացին: Այսուամենայնիվ, այստեղ մենք բնավ չենք անտեսում սբ. Գրիգոր Նարեկացու անհատական մասնակցությունն աղոթագրքի գրության գործընթացում. ինչպես Աստվածաշունչ մատյանի գրքերը գրվեցին Աստծո ներշնչմամբ, սակայն զանազան հեղինակների կարողությանց (անհատական, հոգեբանական եւ ինքնատիպ գրական առանձնահատկություններ) համաձայն, այնպես եւ «Նարեկը» ծնվեց սբ. Գրիգոր Նարեկացու ներաշխարհից, բայց Բարձրյալի գործակցությամբ, զորակցությամբ եւ առաջնորդությամբ. «Զսկսեալս իմ դու կատարեա՛, եղիցի՛ Հոգի Քո խառնեալ ի սա, շունչ զաւրութեան Մեծիդ միասցի՛ ի Քո ինձ շնորհեալ ստեղծաբանութիւնս: Զի Դու տաս զաւրութիւն վհատեալ սրտից եւ ընդունիս փառս յամենեցունց»:
Հնարավոր թյուր ընկալումը բացառելու համար հարկ ենք համարում նշել, որ երբ եկեղեցական հայրերի ու վարդապետների գրվածքների պարագայում գործածում ենք «աստվածաշունչ» եզրը կամ «Սուրբ Հոգու ներշնչանքով գրված» արտահայտությունը, ապա նկատի ունենք այն, որ դրանք թեեւ մարդկային «մտաց երկունք» են, սակայն ստեղծվել են Սուրբ Հոգու շնորհաց ներգործությամբ՝ ի սպաս Եկեղեցու հոգեմտավոր լուսավորության եւ պայծառության, իսկ Սուրբ Գրքի աստվածաշունչ լինելու մեկնաբանությունն այն է, որ հեղինակներն իրենց «սեպհական ոճով ..., իրենց ընտանի օրինակներով՝ իրենց յատուկ եղած բացատրութեամբք եւ բառիւք իսկ» գրեցին «Աստուծոյ առ մարդ յայտնել ուզած ամեն ճշմարտութիւնները, ինչպէս նաեւ Իր կամքը», ըստ այսմ՝ Սուրբ Գիրքն է՛ «բան Աստուծոյ եւ Աստուածային յայտնութիւն» ի փրկություն ամեն մի հավատացյալ անձնավորության:
... Ուղղափառ մեր վարդապետության համաձայն՝ եկեղեցական հայրերի ու վարդապետների բոլոր գործերը գալիս են «լցուցանելու զպէտս կարեաց» Եկեղեցու հոգեւոր կյանքի: Եկեղեցական այդ գրվածքներում կան որոշ մատյաններ ու ժողովածուներ, որոնք կիրառվում են Եկեղեցու ընդհանրական աստվածպաշտության ընթացքում: Այդ մատյանները հայտնի են որպես եկեղեցածիսական (զոր օրինակ՝ «Ճաշոց», «Մաշտոց» եւն), որոնցով կարգավորվում եւ կատարվում են Եկեղեցու ընդհանրական աղոթքները, խորհրդակատարությունները, սրբազան արարողությունները: Եկեղեցական մատյաններ էլ կան, որոնք կոչված են այլեւայլ գործառույթների («Տօնացոյց», «Տաղարան» եւն): Միով բանիվ՝ եկեղեցածիսական մատյանների առկայությունը Եկեղեցու ընդհանրական հոգեւոր կյանքում, ինչպես արդեն վերը նշեցինք, հետապնդում են նախ եւ առաջ խիստ կարի կարգավորություն, ինչպես նաեւ՝ հավատացյալ անձնավորության եկեղեցագործում:
Ինչպես ընդհանրական հոգեւոր կյանքում, այնպես եւ առանձնականի պարագայում հարկավոր է հստակություն, կարգավորություն: Եվ սա հրամայական է, քանի որ թե՛ ընդհանրական եւ թե՛ մասնավորապես առանձնական հոգեւոր կյանքում առկա են այնպիսի երեւույթներ ու ապրումներ, որոնք հիմնականում աներեւույթ են, հետեւապես հարկավոր են այնպիսի միջոցներ, որք հնարավորություն պիտի տան դրանք ճանաչելու, որպեսզի հոգեւոր կյանքում ներդաշնակ առաջգնացությունը մշտապես լինի բնականոն:
Հոգեւոր կյանքում ամենից էականն զգուշավորությունն է ու նրբանկատությունը, հակառակ դեպքում աներեւույթ թշնամու հարձակումները կարող են շեղել հոգեւոր ջանքերը եւ ոչ միայն ի դերեւ հանել առաջգնացության բոլոր արդյունքները, այլեւ հեռացնելով ճշմարիտ ճանապարհից՝ մոլորեցնել եւ խելացնորության հասցնել:
Ահա այս նկատառումով է, որ եկեղեցական հայրերն ու վարդապետներն աստվածային տեսչությամբ եւ իրենց հատուկ իմաստությամբ գրեցին տարբեր խրատներ, ճառեր, քարոզներ ու մեկնաբանություններ, որոնցով, իրենց իսկ հոգեւոր կենսափորձից ելնելով, սահմանեցին կարգեր ու կանոններ, որոնք անհրաժեշտ են քրիստոնյայի առանձնական հոգեւոր կենսակերպի համար:
Եվ քանի որ, ինչպես նշել ենք, նաեւ առանձնական հոգեւոր կյանքի առանցքն աղոթքն է, ուստի եկեղեցական հայրերն ու վարդապետները ձեռնամուխ եղան եւս մեկ օրհնյալ գործի. նրանք իրենց աղոթքները գրառեցին, որպեսզի հոգեւոր կյանքի դժվարին ու փորձանաշատ ուղիով ընթացողների համար այդ աղոթքները լինեն լուսատու ջահեր ու կանթեղներ:
Եկեղեցական հայրերի կողմից մեզ ավանդված աղոթքները շատ-շատ են ու բազմաբովանդակ, սակայն նրանց մեջ, ինչպես նշում է Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին՝ «արեգակի պես փայլում է մեր Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթական մատյանը»:
Աղոթական մատյան, որը Սբ. Գրիգոր Նարեկացին արարեց «ըղձիւ սիրոյն Աստուծոյ տոչորեալ»: Աղոթական մատյան, որի աստվածախոս բաներն իրենց մեջ խտացյալ կերպով ամփոփում են հոգեւոր կյանքի ընդհանրական տարրերը՝ խորհուրդ, դավանանք (վարդապետություն), ծես (պաշտամունք): Աղոթական մատյան, որը թեեւ «շարժէ ... ի զղջումն»՝ նկարագրելով մարդու մեղքերն ու դրանց հետեւանքները, սակայն միեւնույն ժամանակ աղոթական մատյան, որ «է՛ երկնային իմն բանալի, որով կարեմք բանալ զամենայն գանձս Աստուծոյ, եւ անտի առնուլ՝ որ ինչ օգտակար թուեսցի մեզ առ ի փրկութիւն» (Հակոբ պատրիարք Նալյան):
Հետեւապես, «Ողբերգության մատյանը», լինելով աղոթագիրք, եկեղեցածիսական մատյան է, քանի որ հետապնդում է առանձնական աղոթքի կարգավորյալ, դասավորյալ ու ներդաշնակյալ նկարագիրն ու կառուցվածքը, ինչպես եւ քրիստոնյա անձի եկեղեցագործումը: Վերջինս իրողություն է միայն այն ժամանակ, երբ Սուրբ Հոգու կենդանի տաճար մարմնի ներքին խորանում կամ խորհրդակիր սենյակում հանապազ մատուցվում է բանավոր պատարագ, այսինքն՝ աղոթք, որը զորացնում է մարդ արարածին աստվածահաճո կյանքով ապրելու համար: Այսպիսով, աղոթքը ներքին քահանայագործություն է սրտի՝ «խորհուրդք»-ի խորհրդական տաճարում: Ըստ այսմ՝ բանավոր պատարագն ընդունելի կլինի միայն այն ժամանակ, երբ մատուցողը լինի լուրջ նախապատրաստված, այսինքն՝ ունենա սեփական հոգու բոլոր զորությունների (բանական, ցասմնական, ցանկական) համադիր կարգավորություն, այլ կերպ՝ աղոթքի կանգնելուց առաջ հարկավոր է հոգու բոլոր զորություններով զգուշանալ մեղքից, որպեսզի աղոթքն անարդյունք չլինի, եւ աղոթամատույց անձը դատապարտության տակ չհայտնվի: Քանի որ աղոթելը ներքին իրողություն է, եւ ճշմարիտ աղոթքին հասնելու համար հարկավոր են հարատեւ ճգնություններ ու առաքինի գործեր, ուստի եկեղեցական հայրերն ու վարդապետները հրահանգել են, որ հավատքի մեջ մանուկներն իրենց բանական պատարագը Տիրոջը մատուցեն շնորհընկալ հայրերի ու վարդապետների աղոթքների միջոցով, քանի որ նրանք Սուրբ Հոգու ներգործությամբ եւ աստվածային շնորհների լուսավորությամբ բացահայտել են աղոթքի օրինաչափություններ ու նրբություններ, որոնց համաձայն էլ արարել են իրենց աղոթքները:
Սբ. Գրիգոր Նարեկացու ստեղծաբանությունը եւս ունի աղոթքին հարկավոր օրինաչափություններն ու նրբությունները: Հետեւաբար, այն բանավոր պատարագի համար այնպիսի անգին մի նյութ է, որը Բարձրյալին հավատքով մատուցող ամեն ոք, իրավամբ, կարող է ստանալ այն ամենը, ինչ որ սբ. Գրիգոր Նարեկացին իր իսկ «Ողբերգության մատյանում» խնդրում է Ամենասուրբ Երրորդությունից. «Եւ արասցե՛ս լինել դեղ կենաց առ հնարս ցաւոց հոգւոց եւ մարմնոց քոց ստեղծուածոց» եւ այլն:
Միով բանիվ՝ պարտ է «Նարեկը» ճանաչել եւ ճանաչեցնել որպես աղոթագիրք, որպես առանձնական հոգեւոր կյանքի եկեղեցածիսական մատյան, քանի որ աստվածասեր մեր ժողովրդի բարեպաշտ զավակներն իրենց մարմնի եւ հոգու ախտերից բժշկվելու նպատակով՝ յուրյանց մեծ հավատքով բժշկարան «Նարեկին» են դիմում եւ իրենց անսպառ հույսով «Նարեկի» բժշկարար զորությանն են ապավինում: Եվ մենք՝ Տիրոջ անպիտան ծառաներս, շատ հաճախ նրանց համար առ Աստված «Նարեկին» ենք միջնորդ ու բարեխոս դարձնում եւ նրանց վրա Տիրոջ ողորմությունն ու օրհնությունն ենք իջեցնում՝ նարեկյան բանավոր սուրբ պատարագն «ըստ իւրաքանչիւր պիտոյից» մատուցելով:
Ի վերջաբան բանիս՝ հավատավոր հայոց ազգն է, որ սրբացնում է իր հրեշտակակենցաղ որդիներին, եւ այդ որդիներն են, որ իրենց սիրատոչոր աղոթքներով ու աղոթահորդ գործերով ու գրվածքներով յուրյանց մայր ժողովրդի համար ճանապարհ են հարթում դեպի Երկնի անանց արքայություն, այդ որդիների բարեխոսական աղոթքներով է, որ Եկեղեցին Հայաստանյայց կենաց ալեկոծյալ ծովում առաքինազարդ ու հաստատուն ընթանում է դեպ հավիտենական խաղաղության Նավահանգիստ: