Jump to content


Photo
- - - - -

Հովի՞վը


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 February 2012 - 07:13 PM

00:42, 19 փետրվարի, 2012
Անի Մարտիրոսյան

Փետրվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Հովիվը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Դեռ նախօրեին համացանցում զետեղված ազդագրից քաղում եմ, որ ֆիլմը Սբ. Գրիգոր Նարեկացու մասին է, և առաջին տարակուսանքս արդեն խանգարում է ինձ ուրախություն ապրել ստեղծագործական նման գովելի ձեռնարկի համար: Որքանո՞վ բնորոշիչ կարող է լինել ֆիլմի «Հովիվը» անվանումը մի սրբի համար, ով առավել հայտնի է իր ճգնակեցությամբ, քան հովվական` ասել է թե ժողովրդին մերձ ու մոտ ապրած կյանքով:

Որոշեցի չշտապել, մանավանդ, կարդում եմ` ֆիլմի պրոդյուսեր` Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան, ասել է թե` անհանգստանալու կարիք չկա, հոգևորականի խորհրդատվական հոգածությունը միայն բավական պիտի եղած լինի խմբագրելու ֆիլմի ստեղծագործական կազմի` հոգևոր կյանքի վերաբերյալ հնարավոր անտեղյակությունն ու սիրողական վերաբերմունքը:

Սակայն ֆիլմի դիտումը հաստատեց իմ բոլոր տարակուսանքները: Այն ոչ միայն արժանի չէր Հայ առաքելական սուրբ եկեղեցու մեծագույն սրբին ներկայացնելու, այլև որպես կինոարտադրանք` էկրան բարձրանալու:

Հայկական մեռնող կինոյի թշշացող մոխրից վերջին տարիներին վեր հառած սերիալային «վերածնունդն» իր խոր կնիքն էր թողել ֆիլմի վրա թե´ տեխնիկական, թե´ դերասանական կազմի ընտրության, թե´ կիտչային անբնական միջավայրերի, թե´ հագուստների ձևավորման, թե՛ լեզվական և բազում այլ առումներով:

Շատ ափսոս: Աշխատանք է կատարվել, մտածում ես` ինչո՞ւ պիտի այսպես լիներ: Մի պատասխան ունեմ. երբ հավակնություններդ գերազանցում են ասելիքդ, երբ նյութին մոտենալու ակնածանքը տրորվում է շուտափույթ էժանագին ծափեր ու շահույթ ստանալու հանդգնությամբ, երբ անտեղյակությանդ մասին տեղյակ չես, երբ առավելապաշտությունդ ստիպում է քեզ բաժին հասնող հողակտորդ հերկելը թողնել ու մոտենալ այլոց խորախորհուրդ շտեմարանների բարիքները քննելու:

Այս միտումը միայն մերօրյա «կինոարվեստին» վերագրելը սխալ կլիներ: Այն լայնորեն առկա է մեր կյանքի բոլոր ոլորտներում` առօրյայից մինչև ընկերային, հասարակական, մշակութային, քաղաքական հարթություններ:

Հետխորհրդային տարիներին առաջացած արժեքային մեծ վակուումը փութով լցվեց ամեն տեսակ դյուրամարս ու քայքայիչ գաղափարներով ու հոսանքներով, և այս գործընթացն այլևս անդառնալիորեն անվերահսկելի էր. ի դեպ` հարմարավետության տեսակետից` իդեալական:

Վերադառնանք ֆիլմին, որին չանդրադառնալ չենք կարող, քանի որ գործ ունենք ոչ միայն ուղղակի անհաջող ռեժիսուրայի հետ, այլև, ցավոք, միտումնավորության, որը չտեսնելու տալը հերթական անգամ ոմանց պիտի թույլ տա շարունակել տրորելով անդրադառնալ մեր մեծերին:

Հենց այս համատեքստում կուզենայի հիշեցնել, թե վերջին տարիներին որքան տենդագին փորձեր արվեցին վերախմբագրելու մեծն Խորենացուն, իբր` սխալ ժամանակաշրջանում «տեղադրված» պատմագրի, Սուրբ Վարդան զորավարին` իբր տաքարյուն արկածախնդրի, Գարեգին Նժդեհին` քահանայի որդուն, իբր` հեթանոսի, Եղիշե Չարենցին` իբր արվամոլի, և վերջապես` մեր եկեղեցու մեծագույն դեմքերին` Մեսրոպ Մաշտոցին, Կոմիտասին ու հիմա էլ բացահայտորեն այս ֆիլմով Սբ. Գրիգոր Նարեկացուն` իբր նույն այդ եկեղեցու կողմից մերժվածների:

Ֆիլմում անթաքույց կերպով Գրիգոր վանականը ներկայացվում է որպես, թող ներվի ինձ ասել, ժողովրդականություն վայելող պոպ-աստղ` ժողովրդին խորթ և անգամ Աստծուն ու եկեղեցական կյանքին անհաղորդ մյուս եկեղեցականների հակադրության ֆոնին:

Բողոքական այս պաթոսի մեջ Եկեղեցին և լայն առումով եկեղեցական կյանքն այս ֆիլմում նվազեցված են վանքի ավերակների ու անշունչ միջավայրի: Ուղերձը մեկն է` Նարեկացուն ներկայացնել որպես ժամանակի Հայ առաքելական եկեղեցու «ինկվիզիցիոն» զոհի (այն դեպքում, երբ սյուժետային իմաստով հեղինակին չէր հաջողվել անգամ վեր հանել որևէ մեկ շարժառիթ` այս էժանագին դրույթը կամ վարկածը ներկայացնելու համար)` այդպիսով կանաչ լույս վառելով երկրումս վխտացող աղանդավորական շարժումների համար:

Աղանդավորական ծանոթներ ունենալով՝ կարող եմ հաստատել, որ բացարձակապես մերժելով սրբերին` աղանդավորներն ընդունում են Սբ. Գրիգոր Նարեկացուն բացառապես այն պատճառով, որ նա իբր Հայ առաքելական եկեղեցու հալածյալ է եղել:

Առանց այդ էլ սյուժետային ոչ մի տրամաբանության չենթարկվող, բայց խաղարկային համարվող այս ֆիլմն աչքի է ընկնում նաև ակնհայտ խարիզմատիկ-աղանդավորական ոճաբանությամբ. մասնավորապես` եթե ժողովրդական ասք ու պատումի մեջ բանահյուսական կանոններով միանգամայն արդարացված կարող է լինել մեծագույն սրբի հրաշագործ վարքաբանության որոշակի չափազանցվածությունը, ապա որպես Նարեկացի հոգևորականի առանցքային հատկանիշներ՝ ֆիլմի ձևաչափով դրանց պարզունակ, «նատուրալիստական» մատուցումը խոսում է ռեժիսորի` այս չափազանց բարդ թեմային մակերեսայնորեն և անպատասխանատու անփութությամբ վերաբերվելու մասին:

Աղանդավորական բուժսեանս կամ աճպարարական հնարք հիշեցնող տեսարանները հոգևոր էժանագին գովազդ են հիշեցնում և կարող են էականորեն խաթարել մեր հասարակության հիմնականում դեռևս անկայուն ու նվազ հոգևոր գիտելիքներն ու պատկերացումները:

Հրաշագործությունը երբևէ ավանդական եկեղեցում, մանավանդ մեր եկեղեցում այդքան պարզունակ չի ներկայացվել` առանց հոգևոր խորը իմաստի և բովանդակության:

Անապատական ինքնաքննության, խոկումի ու աղոթքի, երկնային արքայության հասնելու հանապազօրյա անդուլ ջանքերի ու խիզախումի մեջ է հյուսվել նրանց երկրային կյանքը, և այդ ճանապարհով քայլելու կտակը մեզ հասել է ոչ միայն նրանց թողած գրավոր ժառանգության, այլև մեր եկեղեցու միջոցով, որն իր հավատացյալին մշտապես հորդորել և հորդորում է օրինակ վերցնել իր սրբերից` մանավանդ ներկա փոթորկալից կյանքում այլ հոսանքներից չնավաբեկվելու ու ապահով Ափ հասնելու համար:

Նարեկացին հայ ժողովրդի համար այն մեծագույն սուրբն է, որի մասին կամ պիտի նկարահանել կատարյալ ֆիլմ, կամ առհասարակ հանձն չառնել նման ձեռնարկ:

Ընթերցողը կհարցնի. «Ո՞րն էր հապա Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի դերն այս ֆիլմի ստեղծման մեջ, եթե այսչափ աղաղակող թերությունները չեն կանխվել»:

Ձեռնպահ մնալով որևէ մեկնաբանությունից` փաստեմ միայն, որ սրբազան հայրը Հայաստանում Հայ կաթոլիկ համայնքի առաջնորդն է:

Ձեռնպահ եմ մնում որևէ մեկնաբանությունից, բայց հարցնելու իրավունք ունեմ.

- Սրբազա՛ն Հայր, այս ֆիլմո՞վ եք ցանկանում ներկայանալ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտին` հայ ժողովրդին: Սա՞ է Մայր եկեղեցու հետ անկեղծորեն համագործակցելու Ձեր մեծ ցանկության այցեքարտը:




#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 February 2012 - 07:25 PM



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 February 2012 - 07:26 PM



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 February 2012 - 07:28 PM




ՀՈՎԻՎԸ » գեղարվեստական ֆիլմը պատում է տասներորդ դարի հանճարեղ աստվածաբան, միստիկ փիլիսոփա, բանաստեղծ, երգահան եվ, ուղղակի, առաքինի, արդարամիտ, մարդասեր ու կարեկից մարդու՝ սբ. Գրիգոր Նարեկացու վարքի մասին:
Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2010 թվականին, ավարտվել՝ 2012 --ին
Նկարահանումները տեղի են ունեցել Արեվմտյան Հայաստանի Վանա լճի մոտ գտնվող Նարեկ գյուղում, նրա մոտակայքում գտնվող քարայրներում, ուր ճգնել է Գրիգոր Նարեկացին, եվ Արեվելյան Հայաստանի տարբեր վանքերում ու այլ վայրերում:




Սցենարի հեղինակ՝ Արթուր Էդար
Բեմադրող ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան
Բեմադրող օպերատոր՝ Կարեն Ստեփանյան
Բեմադրող նկարիչ՝ Նաիրա Ասատրյան
Երաժշտությունը Արմեն Քարամյանի Արման Պարսամյանի
Հնչյունային ռեժիսոր՝ Արտակ Ասրիյան Արման Պարսամյան

Պրոդյուսեր՝ Ռաֆաել արքեպիսկոպոս Մինասյան Արտակ Ավդալյան

Գլխավոր դերում ՝ Արթուր Կարապետյան

Դերերում ՝ Ռոբերտ Հարությունյան Հայկ Սարգսյան Արթուր Նալբանդյան Աիդա Սիմոն




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users