Jump to content


Photo

Komitasi Hishatakin


  • This topic is locked This topic is locked
1 reply to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 10 June 2007 - 11:30 PM

ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(Նոր Ուղղագրությամբ)
Requiem Ęternam
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ



Ա.
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք:-
Դեմքիդ տանջանքն է դրել
Անագորույն մի կնիք:-
Եվ հանճարի հեռակա
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպես մարող ճառագայթ
Արարատի գագաթին:-


Բ.
Հայրենի ե“րգն ես դու մեր
Հալածական, ինչպես ամպ,
Որ քամիներն են ցրել
Եվ տարիներն ապստամբ:-
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարության մշուշում:


Գ.
Առանձին ձայնն է ինչպես
Դառնում հնչյուն հայրենի-
Դաշնութէան մէջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների,-
Այդպես մեր հին դաշնության
Ով մարգարէ տարագիր,-
Դու գտանում ես ահա
Ե“վ ժողովուրդ, և“երկիր:


Դ.
Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամյա՜ մեր հանճար,-
Լոկ ժողովո'ւրդն է հյուսել
Քո դաշնությունը պայծառ,-
Քեզ ժողովո“ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել,
Իր աւյունով պահել վառ,
Իր ոգու մէջ ընդունել...


Ե.
Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ
Իր բորբ շնչով տվել շունչ,-
Ո“չ մի իշխան կամ արքա
Քեզ չի“ պահել իր նաշում:-
Թեէ“ հայրենի, թե“ օտար
Տիրողների համար միշտ
Եղել ես- ձա“յն որոտան,
Եվ հա“ր օտար, և ուրի“շ:-


Զ.
Դու աշխատա՜նքն ես երգել
Եվ քրտինքը մաճկալի,-
Անջու“ր հանդեր ու հերկեր,
Սիրո երգեր անձկալի...
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարոտող՝
Անհայրենիք արագիլ՝
Կապված հուշի նարոտով:-


Է.
Հնչյուններ ես հավաքել
Հէնքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի,-
Եվ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հյուսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր:-


Ը.
Դու երգել ես միայն ճորտ
Ժսղովրդի համար մեր
Երգեր՝ կյանքի նման խոր
Եվ զրկանքի նման վեհ:-
Եվ երգերում քո անհուն-
Ժողովրդի սրբազան
Սե“րն է միայն վեհանում
Եվ աշխատանքը դաժան:-
Թ.
Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառվող ցնորքն անհողդողդ՝
Իր գալիքի մասին վես:-
Հայրենիքի՜ մասին նոր,
Կյանքի, որ հաշտ ու ազատ-
Ծնվելու է արյունով
Եվ զոհերով սրբազան...


Ժ.
Քո ժողովո'ւրդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կյանքի տենչն անհնար
Եվ սիրո շունչը հնչեղ:-
Խաղաղությունն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրա մեր,-
Եվ սիրո խոսք ու շշուկ,
Հասկերի երգ ու համերգ...


ԺԱ.
Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող-
Տանիքների վրա մեր
Եվ սրտերի ղողանջող:
Կարկաչում էր նա հուշիկ,
Մինչև խորշակն այն դաժան
Հու՜շ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան...


ԺԲ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչւող սև
Այն հեռաստանն արնակոխ
Որ քո ցնորքն էր լուսե:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ ավելի“ էր դաժան,
Քան թշնամին վայրենի...

ԺԳ.
Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպես եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ,-
Սև զրկանքում մտորող
Քո ժողովո'ւրդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրո
Հոյզերո“վ էր սնում քեզ...


ԺԴ.
Քո ժողովուրդը չարքաշ,
Հազարամյա զրկանքով,
Հազա՜ր սրով զարկած հար՝
Մարտիրոսյա՜լ իր կյանքով-
Իր եզերքում հայրենի
Հազիվ գտած հող մի բուռ-
Քշվե“լ է հար իր բնից,
Իր խրճիթից ընդհանուր...


ԺԵ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած՝
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց...
Գերի երկրում քո անթով
Անգամ մի մա“յր, որը քեզ
Սնե՜ր անգին իր կաթով
Եվ հավատով իր փրկեր...


ԺԶ.
Չար ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ-
Քշեց շյուղի նման չոր,
Հողմի նման խելահեղ,-
Եվ տերևներ ինչպես հին՝
Ծառից ընկած ու անկյանք-
Քշեց երախը մահի
Թե՝ մայրերին, թե“ մանկանց...

ԺԷ.
Զարհուրելի եռանդով,
Ինչպես քաղցած մի գազան-
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան...
Լափեց եզերքը քո հին՝
Ե“վ ժողովուրդ, և“վաստակ,
Եվ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան...


ԺԸ.
Ինչպես գրքից պոկված թերթ,
Կամ չորացած արտի շյուղ,
Նետված հողմով այն անեզր
Մահվան քամուն ու փոշուն,
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամյա ուրվական՝
Դարձար տերև մահամերձ,
Քշված ոգի ու վկա...


ԺԹ.
Հողմով տարված ինչպես շյուղ,-
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կյանք ու խուղ,
Եվ ժողովուրդ հրկիզած:-
Ինչպես մահո“ւ մանգաղով,-
Տեսար գյուղե՜ր դու հնձած,-
Այս ժողովո“ւրդն էր քո ողջ,
Որ քեզ տվեց երգի ձայն...


Ի.
Եվ արդեն խո՜լ դարձած հողմ,
Խուղերի ծուխ ու փոշի՝
Քշված ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի,-
Խելակորույս քո ոգին
Դո“ւրս շպրտվեց երկրից հար,-
Եվ թափառեց տարագիր,
Իբրև մեռա՜ծ երգի բառ:

ԻԱ.
Վիթխարի եզ մի ինչպես՝
Սովից տոչոր՝ հանկարծ գա,
Լիզե մի ողջ ոսկի դեզ
Եվ չթողնի հե“տք անգամ,-
Այդպես աղետն այն զարհուր
Անցավ բարձրիկ քո դաշտից,-
Եվ դաշտն ամբողջ դարձավ մու“ր,
Ինչպես արտը երաշտից:-


ԻԲ.
Հալածակա՜ն, որպես քո
Ո“ղջ ժողովուրդն այն պահին-
Խելակորույս քո ոգով
Չտրվեցի՜ր դու Մահի...
Ո“չ,- չմեռա“ր այնժամ դու,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն,
Որ աշխարհում էլ չկար...


ԻԳ.
Եվ՝ սարսափից խելագար
Ե“վ գզգզված, և“բոկոտն
Մահվան սքեմ դու հագար
Եվ սնվեցիր քո ոգով:-
Բայց քո ոգին չքամեց
Եվ չէ“ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արյունը սուրբ ու անչափ...


ԻԴ.
Անհնարին էր, վարպետ,
Որ քո ոգին ստեղծող
Հղիանա՜ր ու արբեր
Ավյունով ժանտ ու խոցող...
Անհնարին էր, որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նայիրական իր երգով
Այնժամ երգեր մի արև...

ԻԵ.
Անհանգրվան, ինչպես նոր,
Հալածական Արքա-Լիր՝
Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
Անէացած մի երկի“ր,-
Զգեցած մահ ու սարսափ,
Տեսած և“ահ, և“դժոխք,-
Ինչպես կարող էր անսալ
Ոգին քո կյանք ու ցնորք...


ԻԶ.
Քո հին սրինգը գրկած,
Իբրև մանուկ մի ազատ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ,-
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար,
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանով- ե՜րգ փրկարար...


ԻԷ.
Անհանգրվան տարվեցիր
Երկրից-երկիր, որպես մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ-ունի ե“րգ:-
Բայց չլսեց ոչ ոք քեզ,
Քեզ ոչ մի սիրտ չգթած,-
Միայն քամին մորմոքեց,
Միայն անձրևն իջավ ցած...


ԻԸ.
Եվ ափերում այն օտար,
Ուր քեզ նետեց հողմը սև-
Դու ունկնդիր չգտար,
Իսկ պատահմամբ թե լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղևոր ահաբեկ,-
Տեսար, որ նույն հողմերով
Քշվածներ են նրանք հեք...

ԻԹ.
Նրանք՝ իրենք-տարագիր,
Իրենք՝ և“որբ, և“անճար-
Ունկնդրում են քո երգին,
Որ երազեն ու տենչան,-
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի,
Գոնե հուշով փարատող...


Լ.
Ինչ պիտի տար սրտին քո,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցողված ոգիդ նրբաձայն...
Հեռու երկրից քո այն վառ,
Ժողովրդից՝ դարձածհուշ-
Ո՞նց քո ոգին որոտար
Կարոտանքից նրանց ուշ...


ԼԱ.
Որքան էլ պիրկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին-
Ո՞ր դաշտերում նա հիներ
Երգն իր անմահ մորմոքի...
Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի“ հաճախ ճանաչում,-
Բայց սե“րմն հոգու-միայն իր
Հայրենիքում է աճում...


ԼԲ.
Ամայացա՜ւ քո ոգին,
Ինչպես անջուր հանդի հող,
Եվ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձյուն անողոք:-
Եվ գետնահար, որպես ծառ`
Պոկված հողմով կատաղի-
Բեկվեց ոգին քո պայծառ`
Առանց բույրի ու շաղի:-

ԼԳ.
Քո հեռավոր երկրի ջեռ
Արոտների նման ա'յն,
Որ դարձրեց սև մի ձեռք
Հերկ` խորշակյալ և ունայն,-
Խորշակյալ դաշտ դարձավ չոր
Այդպես ոգի'ն քո հնչեղ,
Որ ո'չ արև կենսաշող,
Ոչ յույսի շող չշնչեց:-


ԼԴ.
Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամյալ,-
Եվ` հալածված ոսոխից`
Երազեցիր միայն մահ...
Զառանցանքի մէջ զարհուր
Երազվեցին քեզ հեռվից-
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եվ գլխատում արևի...


ԼԵ.
Ապա խավար իջավ խոր
Եվ հանճարեղ քո ոգում
Փռվեց գիշեր ու ժխոր,
Եվ մտքի մուժ բորբոքուն.-
Եվ տարինե՜ր անցան սին,
Եվ քո ոգին խելագար
Կիզվեց հուրո“վ այն զազիր,
Մինչև գիշեր վերջին գար:-


ԼԶ.
Ո՜վ հարենի մեր երգի
Հրե հանճար տառապած,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալույսը փառապանծ...
Իբրև աճյուն դու եկար,
Իբրև մեռա՜ծ տարագիր,-
Հին դաշնության դու վկա
Եվ առաջին քարակիր...

ԼԷ.
Անհանգրվան, ինչպես մի
Տերև, պոկված իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից,-
Եվ քո ոգում՝ հայրենի
Հուշն արյունով նա նշեց-
Զառանցանքով արյունի՝
Հորդած կարմիր մի գիշեր...


ԼԸ.
Ճի“շտ է վարպետ:- Քո ոգուն
Իջած մուժի“ նման մառ-
Եվ հալածող մահաթույն,
Եվ խավարի պես խավար,-
Այն օրերում մեր երկրի,
Մեր աշխարհի“ վրա ողջ-
Իջել էր սե՜ւ ավերքի
Զարհուրելի մռայլ քո“ղ...


ԼԹ.
Այն օրերին արդեն մեր
Ողջ աշխարհում համարյա՝
Նստե“լ էր սև, ինչպես նեռ,
Մեր սև ոսոխն հնօրյա,-
Ինչպես բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի,-
Այդպես մահու գերանդին
Հունձն էր արել արդէն իր:-


Խ.
Ո“ղջ աշխարհում արդէն մեր,
Ծայրեիծայր համարյա
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրյա
Եվ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի“լ էր ոգու՝
Որ շյուղ անգամ էլ չաճի-
Հնձել էր ձեռքն ահարկու:-

ԽԱ.
Վերջին հողի վրա լոկ,
Վերջին քարին հայրենի,
Ցցված կղզու նման շող՝
Օվկիանում արյունի,-
Վերջին քարի վրա այդ,
Դեռ մնացած անողող՝
Զառանցում էր հուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ


խԲ.
Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը, որ չուներ
Էլ փրկության կարծես դուռ:-
Հորդաներով ամեհի
Շրջապատված ու ողող՝
Տերն էր նաև «հայրենի»
Քշում անդունդն անողոք...


ԽԳ.
Ինչպես մարդկանց նավաբեկ՝
Կառչած լաստին մոտեցող-
Ծովահէնն է հրում լերկ
Մոլեգնությամբ դեպի ծով.-
Ժողովրդի ինչպես մեր
Բեկորները այդ չնչին.-
«Հայրենական» տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին...


ԽԴ.
Փորձանքներից հարատև
Արդեն կորած, անուղի,
Այդ շյուղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի,-
«Իր» տերերի ձեռքով սև,
Որպես դիակ՝ կրծքին քար-
Պիտի սուզվեր վերջապես,-
Թե փրկությունը չգար...

ԽԵ.
Բայց փրկությունը եկավ
Խոր խավարում, ինչպես լույս
Արեգակի հեռակա,
Որ ճառագում է վերուստ...
Որպես հրա՜շք նա եկավ,
Որպես որո“տ շառաչեց,
Խնդությունից խելագար,
Մի փրկչի“ պես փառաճեմ...


ԽԶ.
Մեզ հայրենի տվեց հող,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արևկա,
Հանճարի հուրը այն որբ,
Որ դարերից մինչև մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ...


ԽԷ.
Եվ եզերքում մեր նորոգ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունոմ ենք սիրով
Քո վերադարձը վարպե՜տ:-
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ:-


ԽԸ.
Հազարամյա ճորտ անհող
Իմ աներկիր ժողովուրդ,
Էլ չկա քեզ կործանող
Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-
Եվ հնամյա իր երգով
Գիրկն է դառնում քո անմահ-
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ:-

ԽԹ.
Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան.
Գուրգուրեցի՜ր այն խավար
Զառանցանքում քո անդուռ,
Բայց չբացվեց քեզ համար
Դարձի շավիղ դէպի տուն...


Ծ.
Հալածական երգ մեր հին,
Հանճարեղ ձայն դու մեր որբ,-
Դեմքիդ կնիքը մահի,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչված,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարում նվաճված...


ԾԱ.
Օ՜, հնամյա դու մեր յույս՝
Ոգու զրույց դու մեր հին,
Որքան զրկանք ու կորուստ
Եվ լուսե զոհ մենք բերինք-
Մինչ այս դարձի համար քո,
Ե“վ հայրենի, և“ ազատ-
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ:-


ԾԲ.
Եվ չգիտեմ ես՝ արդյոք
Կա՞ աշխարհում մի այլ երգ,
Որ քո երգի նման խոր,
Եվ արնաթոր, ինչպես վերք-
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՜ն մտերիմ,
Որքան ուղին՝ նոր բացած:

ԾԳ.
Եվ չտեսար, ո“վ երգիչ,
Այս հայրենիքը նորոգ,
Որն իբրև մայր ամոքիչ
Արևային իր սիրով
Բուժեր քո սիրտը խոցված
Սև տեգերով անցյալի,
Դափնեպսակ դներ պարզ
Քո ճակատին պանծալի:


ԾԴ.
Իբրև աճյուն դու եկար
Քո հայրենիքը, որ քեզ
Հուշ էր թվում սրբացած,
Մեռած զրույց, որ որպես
Արդեն անդարձ, կորած հեք,
Ննջած մի այր՝ դրած հող,-
Չի“ բարձրանա էլ երբեք,
Որ արևի ըմպե շող...


ԾԵ.
Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած...


ԾԶ.
Բայց հայրենի երկրում քո,
Մայր քաղաքում նրա հին,
Պատվանդանի վրա նոր
Եվ սրտերի վրա հիր՝
Ահա մարմինը քո սուրբ,
Իբրև մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եվ բարձաբերձ՝ իբրև սար...

ԾԷ.
Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ-
Քո հնօրյա երգերով
Օրորելով սիրտդ կեզ.-
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եվ չարչարանք կրած հեզ,-
Ահա քեզ փա՜ռք երգելով՝
Այնքան հպարտ ենք արդ, տե“ս...


ԾԸ.
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան-
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դէմ երգաձայն,-
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն...


ԾԹ.
Կարծես տեսել եմ ես քեզ,
Մանկությունից մինչև մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամա,-
Բռնած քո ձեռքը դողդոջ,
Հանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպես գող՝
Կույր իմ հոր հետ մուրացիկ...


Կ.
Այդպես բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հոր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկեզ.-
Ցուրտ բակերում ժամերի
Հիվանդ հոր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռավոր, ինչպես հաց...

ԿԱ.
Եվ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել, հա“յր:-
Հա՜յր, առաջին անգամ ես
Կյանքում ժպիտ տեսայ քո
Շրթունքներին, երբ որ քեզ
Մի բաժակ թէյ տվի գոլ...


ԿԲ.
Հետոյ փակել եմ հոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր,-
Եվ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հոր:-
Առավոտյան իմ մռայլ,
Իմ մեռած հոր դեմքին ցուրտ-
Երանության անայլայլ
Ժպիտն էր նույն հանգչում լուրթ...


ԿԳ.
Եվ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո հայր,
Կարո՞ղ էի ես արդյոք
Զառանցանքում անգամ վառ-
Օ՜, երազել անգամ լույս
Վերադարձիդ մասին այս,-
Որ հայրենիք ես գալու,
Իբրև աճյուն զմռսած...


ԿԴ.
Մի՞թե իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած հար,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար:-
Ինչպես մեռած մարգարե
Քարաքանդակ իր նաշում,
Մի՞թե դու չես երկարել
Այն իրիկվա մշուշում...

ԿԵ.
Եվ մատները այն դողդոջ,
Մոմէ մատներն այն բարակ,
Որ փակեցին մի օր քո
Հոգնած կոպերն անկրակ՝
Չէի՞ն արդյոք այն իմ խեղճ
Մատները որբ՝ դեռ գերի
Նվագների տրտմաշեշտ
Եվ Տերյանական երգերի...


ԿԶ.
...Իբրև մեռած մարգարե՝
Պառկել էր նա այդպես միշտ.
Դեմքը մի քիչ երկարել
Եվ խաղաղվել էր ընդմիշտ:-
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցըրինք գերեզման-
Խաղաղությամբ նայեց վեր
Եվ արքայի էր նման...


ԿԷ.
Եվ վայրկյանին ահա այդ,
Երբ որպես սուրբ մի նաշից,
Արքայական վեհությամբ
Նայեց նա խեղճ իր փոսից,-
Ես հասկացա, որ այդ խիստ,
Այդ մռայ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եվ տխրությունն էր սիրում...


ԿԸ.
Այն տխուր մարդն էր, որ իր
Մռայլ տեսքի տակ ունէր
Մի անսահման սիրող սիրտ
Եվ երազի հեռուներ,-
Որ ահաբեկ իր կյանքում
Ոչ մի անգամ չժպտած,
Բայց գիտեի, որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ...

ԿԹ.
Տխուր մի մարդ էր նա լոկ
Եվ երազող ուներ սիրտ,
Ուներ ոգի համբերող,-
Դեմքն էր նրա միայն բիրտ:-
Դեմքն էր նման փականքի,
Որ նա երբեք չբացեց.-
Ահաբեկվել էր կյանքից
Եվ զրկանքից քարացել:


Հ.
...Ո“չ մի անգամ չժպտաց
Նա հոգնատանջ իր կյանքում:-
Տեսա ամպի պես մթնած
Ես նրա դեմքը մանկուց:-
Գոց մնաց դուռն երկաթե
Մինչև վայրկյանը մահվան,-
Եվ միայն մայրս գիտեր,
Որ այնտեղ սերն է պահված:


ՀԱ.
...Չհամբուրեց աշխարհում
Զավակներին նա երբէք,-
Եվ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց, որ արբեր:-
Մարդու հանդեպ չարացած՝
Ո“չ խոհերի, ո“չ հացի
Նա չունեցավ բարեկամ,
Լռությունից իր բացի:


ՀԲ.
...Եվ տարիներ միայն վերջ՝
Արդեն բեկված, արդեն լուրջ՝
Նոր հասկացա միայն ես,
Երբ նրա պես դարձա լուռ-
Որ երգերում բոլոր իմ
Եվ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին,
Այդ միայն ն“ա է տվել...

ՀԳ.
...Որ իր ամբողջ կյանքում լուռ
Ի“նչ չէր վատնել նա երբեք,
Ի“նչ չէր այրել իբրև հուր
Եվ չէր երգել իբրև երգ,-
Երազներում իր տխուր,
Պահած անգամ իրենից.-
Թաքցրել է այնքան խոր,
Որ իբրև գանձ բաշխի ինձ...


ՀԴ..
Կա տառապանք անվեհեր
Նայիրական քո դեմքին՝
Խոհն աշխարհի այն ավեր,
Շողն հանճարի աներկիր...
Նա էր այդպես պառկել վեհ
Մի օր հողե իր փոսում-
Որպես վկա հանճարեղ՝
Հազարամյա մի նաշում...


ՀԵ.
Եվ հիրավի“.- դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն:-
Դու թաղվելու ես եկել
Երկրում քո նոր, որ արդեն
Դարձել է հաշտ ու հզոր
Եվ քեզ բերում է վարդեր...


ՀԶ.
Կարդում եմ ես քո հոգնած,
Մագաղաթյա կոպերին
Եվ ճակատի վրա բարձր-
Մտերմություն մի վերին:-
Նույն մտորումն ու անհուն
Նայիրյան խոհն հարազատ,-
Նույն երազանքն անանուն՝
Հազարամյա“ երազած:-

ՀԷ.
Ճգնավորի դեմքով ծեր՝
Մարտիրոսի դեմքով սուրբ,-
Օ՜, ուրվական դու վսեմ,
Թափառական մեր Հիսուս,-
Ճգնավորի ճակատով
Եվ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես հառնում ահա դու
Իբրև վկա ներկայի...


ՀԸ.
Օ՜, վարդապետ անվեղար,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի“վ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
Դու աղոթքի փոխարեն
Ձայն խնկեցիր միայն վեհ-
Դեպի երկինք, որ բյուրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ...


ՀԹ.
Ո՜վ Նայիրյան հանճարի
Հազարամյա դու տեսիլ,-
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր,-
Մարտիրոսյալ հավիտյան,
Որպես անհող մարգարե-
Դու հանգրվան չգտար
Կյանքում-դարեր ու դարեր:-


Ձ.
Եվ միայն արդ, Նահպե“տ,
Գիսախռով, կորացած,
Հազարամյա հոգնաբեկ
Թափառումից քո դարձած՝
Պիտի հառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր,-
Եվ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն հոգնաբեկ...

ՁԱ.
Իբրև աճյուն դու դարձար
Քո հայրենիքը ազատ,-
Իբրև մասունք մի պայծառ,
Իբրև նշխար հարազատ,-
Եվ հայրենի քո հողում,
Հին հանճարի իբրև սերմ՝
Կբարձրանա“ նա բեղուն,
Երկրիդ ցողով ցողված ջերմ:-


ՁԲ.
Իբրև աճյուն դու դարձար,-
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՜ նոր բերքո“վ:-
Բեղմնաւորված սրբազան
Քո աճյունով և անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՜լ կտա մեզ:


Ձ.
Մե՜ծ ցնծություն է հիմա
Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-
Տոնն է երգի իր անմահ
Տոնում հառնած մի երկիր:-
Դարձի համար քո այս վեհ,
Վերադարձի քո անմահ-
Կյանք ենք կերտել արդեն մենք
Ե“վ արևոտ, և“անմար:


ՁԴ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հազա՜ր սրտեր տարագիր,
Զարհուրելի հեռուներ
Տարված հողմով հարաբիրտ:-
Իբրև սրտե՜ր կենդանի,
Իբրև աճյուն կամ մասունք-
Սրտեր քանի՜, դեռ քանի՜-
Հողն են իրենց երազում...

ՁԵ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրյան՝
Իբրև նորո՜գ երկրի տեր՝
Ե“վ Թումանյան, և“Տերյան:-
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե“վ Դուրյանի սիրտը բորբ,
Ե“վ Մեծարենցն հմայուն:-


ՁԶ
...Միջագետքից-Օրենբուրգ,
Հելեսպոնտից մինչև Վան,-
Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ
Չկա մասունք Նայիրյան...
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան,-
Օ՜, նայիրյան հանճարի
Հազարամյա Սերմնացան...


ՁԷ.
Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիվ,-
Որ աճյունով կամ սրտով
Դառնան աղբյուր եռանդի:-
Կենդանի սիրտ, թե աճյուն-
Իբրև հունտեր հանճարեղ,
Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
Հայրենի հողն այդ իրենց:-


ՁԸ.
Իսկ դու“, ոգի“ երգի մեր,
Վերադարձած արդեն տուն,-
Օ, սրբազա՜ն բերքի պես
Ընդունեց սիրտը խնդուն,-
Ցնծությունից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ.-
Իբրև աճյուն դու եկար,
Բայց իբրև կյանք ընդունեց:-

ՁԹ.
Ինչպես երգերը քո ջերմ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրև բարիք, իբրև սերմ
Մի ոգեղէն ընդունեց,-
Քեզ կընդունե այդպես հար
Հայրենի հողն արդարև-
Ե“վ քո աճյունը արդար,
Ե“վ քո ոգին հանճարեղ:-


Ղ.
Թո“ղ ամոքվի վերջապես
Հազար սրով զարկած խոր-
Սիրտդ հողում մեր հրկեզ,
Որպես գրկում սիրած մոր:-
Որպես վսե՜մ ողջակեզ՝
Հոգնած աճյունը քո թո“ղ
Գտնի հանգի՜ստ վերջապես-
Եվ հայրենի դառնա հող...


ՂԱ.
Եվ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի-
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շյուղե՜ր կենդանի:-
Եվ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր-
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր...


ՂԲ.
Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար:-
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած ավյո՜ւն, դարձած քար:-
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն-
Եվ հարենի դարձած հող...

Edited by vartahoor, 10 June 2007 - 11:51 PM.


#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 10 June 2007 - 11:35 PM

ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Requiem Ęternam
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ


Ա.
Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք:-
Դէմքիդ տանջանքն է դրել
Անագորոյն մի կնիք:-
Եւ հանճարի հեռակայ
Հուրն է հանգչում ճակատիդ,
Ինչպէս մարող ճառագայթ
Արարատի գագաթին:-

Բ.
Հայրենի ե“րգն ես դու մեր
Հալածական, ինչպէս ամպ,
Որ քամիներն են ցրել
Եւ տարիներն ապստամբ:-
Ժողովրդի հանճարեղ
Սրտով երկնած ձայն ու շունչ,
Որ բարբառել ես դարեր
Օտարութեան մշուշում:

Գ.
Առանձին ձայնն է ինչպէս
Դառնում հնչիւն հայրենի-
Դաշնութեան մէջ լոկ հնչեղ
Հայրենական ձայների,-
Այդպէս մեր հին դաշնութեան
Ով մարգարէ տարագիր,-
Դու գտանում ես ահա
Ե“ւ ժողովուրդ, և“երկիր:

Դ.
Հայրենի երգ մեր վսեմ,
Հազարամեա՜յ մեր հանճար,-
Լոկ ժողովո'ւրդն է հիւսել
Քո դաշնութիւնը պայծառ,-
Քեզ ժողովո“ւրդն է խոնարհ
Տառապանքով իր ծնել,
Իր աւիւնով պահել վառ,
Իր ոգու մէջ ընդունել...

Ե.
Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ
Իր բորբ շնչով տւել շունչ,-
Ո“չ մի իշխան կամ արքայ
Քեզ չի“ պահել իր նաշում:-
Թէ“ հայրենի, թէ“ օտար
Տիրողների համար միշտ
Եղել ես- ձա“յն որոտան,
Եւ յա“ր օտար, և ուրի“շ:-

Զ.
Դու աշխատա՜նքն ես երգել
Եւ քրտինքը մաճկալի,-
Անջու“ր հանդեր ու հերկեր,
Սիրոյ երգեր անձկալի...
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարօտող՝
Անհայրենիք արագիլ՝
Կապւած յուշի նարօտով:-

Է.
Հնչիւններ ես հաւաքել
Հէնքի համար քո երգի
Դու՝ հանդերից մահաբեր
Հայրենական եզերքի,-
Եւ հայրենի հանդերի
Մրմունջներից չմարող
Հիւսել ես երգ անթերի
Սերունդների համար նոր:-

Ը.
Դու երգել ես միայն ճորտ
Ժսղովրդի համար մեր
Երգեր՝ կեանքի նման խոր
Եւ զրկանքի նման վեհ:-
Եւ երգերում քո անհուն-
Ժողովրդի սրբազան
Սէ“րն է միայն վեհանում
Եւ աշխատանքը դաժան:-

Թ.
Դու երգել ես միայն բորբ
Ժողովրդի սրտում մեր
Վառւող ցնորքն անյողդողդ՝
Իր գալիքի մասին վէս:-
Հայրենիքի՜ մասին նոր,
Կեանքի, որ հաշտ ու ազատ-
Ծնւելու է արիւնով
Եւ զոհերով սրբազան...

Ժ.
Քո ժողովո'ւրդն է խոնարհ
Քո երգերում անրջել՝
Իր կեանքի տենչն անհնար
Եւ սիրոյ շունչը հնչեղ:-
Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝
Տանիքների վրայ մեր,-
Եւ սիրոյ խօսք ու շշուկ,
Հասկերի երգ ու համերգ...

ԺԱ.
Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող-
Տանիքների վրայ մեր
Եւ սրտերի ղօղանջող:
Կարկաչում էր նա յուշիկ,
Մինչև խորշակն այն դաժան
Յու՜շ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան...

ԺԲ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենի հող կոչւող սև
Այն հեռաստանն արնակոխ
Որ քո ցնորքն էր լուսէ:
Քեզ չմնաց անգամ ժանտ
Այն արեգակն հայրենի,
Որ աւելի“ էր դաժան,
Քան թշնամին վայրենի...

ԺԳ.
Քեզ չմնաց անգամ քո
Գորշ ժողովուրդն այն չարքաշ,
Որ, ինչպէս եզ գլխիկոր,
Տքնում էր լուռ ու չարքաշ,-
Սև զրկանքում մտորող
Քո ժողովո'ւրդն անգամ հեզ,
Որ լոկ հացի ու սիրոյ
Յոյզերո“վ էր սնում քեզ...

ԺԴ.
Քո ժողովուրդը չարքաշ,
Հազարամեայ զրկանքով,
Հազա՜ր սրով զարկած յար՝
Մարտիրոսեա՜լ իր կեանքով-
Իր եզերքում հայրենի
Հազիւ գտած հող մի բուռ-
Քշւե“լ է յար իր բնից,
Իր խրճիթից ընդհանուր...

ԺԵ.
Քեզ չմնաց անգամ քո
Հայրենիքում դեռ աճած՝
Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ
Կամ թոնիրում թխած հաց...
Գերի երկրում քո անթով
Անգամ մի մա“յր, որը քեզ
Սնէ՜ր անգին իր կաթով
Եւ հավատով իր փրկէր...

ԺԶ.
Չար ուրագան մի շաչող,
Դաժան մրրիկ մի ահեղ-
Քշեց շիւղի նման չոր,
Հողմի նման խելահեղ,-
Եւ տերևներ ինչպէս հին՝
Ծառից ընկած ու անկեանք-
Քշեց երախը մահի
Թէ՝ մայրերին, թէ“ մանկանց...

ԺԷ.
Զարհուրելի եռանդով,
Ինչպէս քաղցած մի գազան-
Սրբեց կամքով մի քանդող
Երկիր ու տուն սրբազան...
Լափեց եզերքը քո հին՝
Ե“ւ ժողովուրդ, և“վաստակ,
Եւ անապատ ամայի
Դարձավ երկիրն Հայաստան...

ԺԸ.
Ինչպէս գրքից պոկւած թերթ,
Կամ չորացած արտի շիւղ,
Նետւած հողմով այն անեզր
Մահւան քամուն ու փոշուն,
Դու՝ հանճարի նման մեր՝
Հազարամեայ ուրւական՝
Դարձար տերև մահամերձ,
Քշւած ոգի ու վկա...

ԺԹ.
Հողմով տարւած ինչպէս շիւղ,-
Ուղիներում դու տեսար
Հրաճարակ կեանք ու խուղ,
Եւ ժողովուրդ հրկիզած:-
Ինչպէս մահո“ւ մանգաղով,-
Տեսար գիւղե՜ր դու հնձած,-
Այս ժողովո“ւրդն էր քո ողջ,
Որ քեզ տւեց երգի ձայն...

Ի.
Եւ արդէն խո՜լ դարձած հողմ,
Խուղերի ծուխ ու փոշի՝
Քշւած ձեռքով անողորմ
Զարհուրելի մի ուժի,-
Խելակորոյս քո ոգին
Դո“ւրս շպրտւեց երկրից յար,-
Եւ թափառեց տարագիր,
Իբրև մեռա՜ծ երգի բառ:

ԻԱ.
Վիթխարի եզ մի ինչպէս՝
Սովից տոչոր՝ յանկարծ գայ,
Լիզէ մի ողջ ոսկի դէզ
Եւ չթողնի հե“տք անգամ,-
Այդպէս աղետն այն զարհուր
Անցաւ բարձրիկ քո դաշտից,-
Եւ դաշտն ամբողջ դարձավ մու“ր,
Ինչպէս արտը երաշտից:-

ԻԲ.
Հալածակա՜ն, որպէս քո
Ո“ղջ ժողովուրդն այն պահին-
Խելակորոյս քո ոգով
Չտրւեցի՜ր դու Մահի...
Ո“չ,- չմեռա“ր այնժամ դու,
Այլ սարսափից խելագար՝
Երազեցիր դառնալ տուն,
Որ աշխարհում էլ չկար...

ԻԳ.
Եւ՝ սարսափից խելագար
Ե“ւ գզգզւած, և“բոկոտն
Մահւան սքեմ դու հագար
Եւ սնւեցիր քո ոգով:-
Բայց քո ոգին չքամեց
Եւ չէ“ր կարող քամել ժանտ
Այն զոհերի մեծամեծ
Արիւնը սուրբ ու անչափ...

ԻԴ.
Անհնարին էր, վարպետ,
Որ քո ոգին ստեղծող
Յղիանա՜ր ու արբեր
Աւիւնով ժանտ ու խոցող...
Անհնարին էր, որ քո
Երգի ոգին հանճարեղ
Նայիրական իր երգով
Այնժամ երգեր մի արև...

ԻԵ.
Անհանգրւան, ինչպէս նոր,
Հալածական Արքայ-Լիր՝
Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝
Անէացած մի երկի“ր,-
Զգեցած մահ ու սարսափ,
Տեսած և“ահ, և“դժոխք,-
Ինչպէս կարող էր անսալ
Ոգին քո կեանք ու ցնորք...

ԻԶ.
Քո հին սրինգը գրկած,
Իբրև մանուկ մի ազատ,
Որ դեռ պահում է երգած
Երգերիդ շունչն հարազատ,-
Քո այդ եղեգն երգեցիկ
Հեռու ափեր դու տարար,
Բայց դու երբեք չերգեցիր
Նրանով- ե՜րգ փրկարար...

ԻԷ.
Անհանգրւան տարւեցիր
Երկրից-երկիր, որպէս մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ-ունի ե“րգ:-
Բայց չլսեց ոչ ոք քեզ,
Քեզ ոչ մի սիրտ չգթած,-
Միայն քամին մորմոքեց,
Միայն անձրևն իջավ ցած...

ԻԸ.
Եւ ափերում այն օտար,
Ուր քեզ նետեց հողմը սև-
Դու ունկնդիր չգտար,
Իսկ պատահմամբ թէ լսեց
Քեզ մի անցորդ կամ մոլոր
Մի ուղևոր ահաբեկ,-
Տեսար, որ նոյն հողմերով
Քշւածներ են նրանք հեք...

ԻԹ.
Նրանք՝ իրենք-տարագիր,
Իրենք՝ և“որբ, և“անճար-
Ունկնդրում են քո երգին,
Որ երազեն ու տենչան,-
Որ՝ բռնելով քո թելից
Իրենց սրտով կարոտող
Դառնան երկիրն այն էլի,
Գոնէ յուշով փարատող...

Լ.
Ինչ պիտի տար սրտին քո,
Քո հանճարին որբացած
Նրանց անհող արցունքով
Ցօղւած ոգիդ նրբաձայն...
Հեռու երկրից քո այն վառ,
Ժողովրդից՝ դարձած յուշ-
Ո՞նց քո ոգին որոտար
Կարօտանքից նրանց ուշ...

ԼԱ.
Որքան էլ պիրկ նա լիներ՝
Ստեղծագործ քո ոգին-
Ո՞ր դաշտերում նա հինէր
Երգն իր անմահ մորմոքի...
Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի
Հող չի“ յաճախ ճանաչում,-
Բայց սե“րմն հոգու-միայն իր
Հայրենիքում է աճում...

ԼԲ.
Ամայացա՜ւ քո ոգին,
Ինչպէս անջուր հանդի հող,
Եւ մազերին քո չոքեց
Ձմեռ ու ձիւն անողոք:-
Եւ գետնահար, որպէս ծառ`
Պոկւած հողմով կատաղի-
Բեկւեց ոգին քո պայծառ`
Առանց բոյրի ու շաղի:-

ԼԳ.
Քո հեռաւոր երկրի ջեռ
Արոտների նման ա'յն,
Որ դարձրեց սև մի ձեռք
Հերկ` խորշակեալ և ունայն,-
Խորշակեալ դաշտ դարձավ չոր
Այդպէս ոգի'ն քո հնչեղ,
Որ ո'չ արև կենսաշող,
Ոչ յոյսի շող չշնչեց:-

ԼԴ.
Հո՜ղ ցանեցիր ու մոխիր
Քո մազերին զառամեալ,-
Եւ` հալածւած ոսոխից`
Երազեցիր միայն մահ...
Զառանցանքի մէջ զարհուր
Երազւեցին քեզ հեռվից-
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եւ գլխատում արևի...

ԼԵ.
Ապա խաւար իջավ խոր
Եւ հանճարեղ քո ոգում
Փռւեց գիշեր ու ժխոր,
Եւ մտքի մուժ բորբոքուն.-
Եւ տարինե՜ր անցան սին,
Եւ քո ոգին խելագար
Կիզւեց հուրո“վ այն զազիր,
Մինչև գիշեր վերջին գար:-

ԼԶ.
Ո՜վ հարենի մեր երգի
Հրէ հանճար տառապած,
Դու չտեսա՜ր քո երկրի
Արշալոյսը փառապանծ...
Իբրև աճիւն դու եկար,
Իբրև մեռա՜ծ տարագիր,-
Հին դաշնութեան դու վկա
Եւ առաջին քարակիր...

ԼԷ.
Անհանգրւան, ինչպէս մի
Տերև, պոկւած իր ծառից՝
Քեզ վտարեց մի քամի
Քո հայրենի աշխարհից,-
Եւ քո ոգում՝ հայրենի
Յուշն արիւնով նա նշեց-
Զառանցանքով արիւնի՝
Յորդած կարմիր մի գիշեր...

ԼԸ.
Ճի“շտ է վարպետ:- Քո ոգուն
Իջած մուժի“ նման մառ-
Եւ հալածող մահաթոյն,
Եւ խաւարի պէս խաւար,-
Այն օրերում մեր երկրի,
Մեր աշխարհի“ վրայ ողջ-
Իջել էր սե՜ւ աւերքի
Զարհուրելի մռայլ քո“ղ...

ԼԹ.
Այն օրերին արդէն մեր
Ողջ աշխարհում համարեայ՝
Նստե“լ էր սև, ինչպէս նեռ,
Մեր սև ոսոխն հնօրեայ,-
Ինչպէս բերքի տեղ հանդի՝
Հնձեն թուփեր վարդենի,-
Այդպէս մահու գերանդին
Հունձն էր արել արդէն իր:-

Խ.
Ո“ղջ աշխարհում արդէն մեր,
Ծայրէիծայր համարեայ
Կենդանի հունտ էր ինչ դեռ
Պարտեզներում հնօրեայ
Եւ՝ ամենից առաջ՝ ինչ
Բողբոջ ու ծի“լ էր ոգու՝
Որ շիւղ անգամ էլ չաճի-
Հնձել էր ձեռքն ահարկու:-

ԽԱ.
Վերջին հողի վրայ լոկ,
Վերջին քարին հայրենի,
Ցցւած կղզու նման շող՝
Օվկիանում արիւնի,-
Վերջին քարի վրայ այդ,
Դեռ մնացած անողող՝
Զառանցում էր յուսահատ
Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ

խԲ.
Զառանցում էր կիսամեռ
Ժողովրդի մեր մի բուռ
Մնացորդը, որ չունէր
Էլ փրկութեան կարծես դուռ:-
Հորդաներով ամեհի
Շրջապատւած ու ողող՝
Տէրն էր նաև «հայրենի»
Քշում անդունդն անողոք...

ԽԳ.
Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝
Կառչած լաստին մօտեցող-
Ծովահէնն է հրում լերկ
Մոլեգնութեամբ դէպի ծով.-
Ժողովրդի ինչպէս մեր
Բեկորները այդ չնչին.-
«Հայրենական» տերն էր դեռ
Հրում անդունդը վերջին...

ԽԴ.
Փորձանքներից յարատև
Արդէն կորած, անուղի,
Այդ շիւղն անգամ մահամերձ
Ժողովրդի ու հողի,-
«Իր» տէրերի ձեռքով սև,
Որպէս դիակ՝ կրծքին քար-
Պիտի սուզւէր վերջապէս,-
Թէ փրկութիւնը չգար...

ԽԵ.
Բայց փրկութիւնը եկավ
Խոր խաւարում, ինչպէս լոյս
Արեգակի հեռակայ,
Որ ճառագում է վերուստ...
Որպէս հրա՜շք նա եկաւ,
Որպէս որո“տ շառաչեց,
Խնդութիւնից խելագար,
Մի փրկչի“ պէս փառաճեմ...

ԽԶ.
Մեզ հայրենի տւեց հող,
Հերկ՝ ձեռքերով մեր հերկած,
Դաշտ՝ արգանդում իր պահող
Հանճարի հունտն արևկայ,
Հանճարի հուրը այն որբ,
Որ դարերից մինչև մեր
Այս օրերը հրաբորբ
Երգն է երկնել մեր անմեռ...

ԽԷ.
Եւ եզերքում մեր նորոգ,
Հայրենիքում ահա մեր
Արդ ողջունոմ ենք սիրով
Քո վերադարձը վարպե՜տ:-
Իր տարագիր հանճարի
Վերադարձն է տոնում արդ
Ժողովուրդը քո արի
Հայրենիքով իր անպարտ:-

ԽԸ.
Հազարամեայ ճորտ անհող
Իմ աներկիր ժողովուրդ,
Էլ չկայ քեզ կործանող
Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.-
Եւ հնամեայ իր երգով
Գիրկն է դառնում քո անմահ-
Ահա քո շուրջը երգող
Քո ձայնապետը անմահ:-

ԽԹ.
Վերադարձել է ահա
Քո հայրենիքը ազատ,
Մեռած սրտում քո պահած
Նրա փոշին սրբազան.
Գուրգուրեցի՜ր այն խաւար
Զառանցանքում քո անդուռ,
Բայց չբացւեց քեզ համար
Դարձի շաւիղ դէպի տուն...

Ծ.
Հալածական երգ մեր հին,
Հանճարեղ ձայն դու մեր որբ,-
Դեմքիդ կնիքը մահի,
Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.-
Չորս ծայրերում աշխարհի
Ինչքան եղար դու խաչւած,
Մինչ հայրենիք դառնայիր՝
Նոր պայքարում նւաճւած...

ԾԱ.
Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝
Ոգու զրոյց դու մեր հին,
Որքան զրկանք ու կորուստ
Եւ լուսէ զոհ մենք բերինք-
Մինչ այս դարձի համար քո,
Ե“ւ հայրենի, և“ ազատ-
Այլ պայքարով ու երգով
Հիմնեցինք հող հարազատ:-

ԾԲ.
Եւ չգիտեմ ես՝ արդեօք
Կա՞յ աշխարհում մի այլ երգ,
Որ քո երգի նման խոր,
Եւ արնաթոր, ինչպէս վէրք-
Ժողովրդի սրտում իր
Տարիներով որբացած
Լինի այնքա՜ն մտերիմ,
Որքան ուղին՝ նոր բացած:

ԾԳ.
Եւ չտեսար, ո“վ երգիչ,
Այս հայրենիքը նորոգ,
Որն իբրև մայր ամոքիչ
Արևային իր սիրով
Բուժէր քո սիրտը խոցւած
Սև տէգերով անցեալի,
Դափնեպսակ դնէր պարզ
Քո ճակատին պանծալի:

ԾԴ.
Իբրև աճիւն դու եկար
Քո հայրենիքը, որ քեզ
Յուշ էր թւում սրբացած,
Մեռած զրոյց, որ որպէս
Արդէն անդարձ, կորած հեք,
Ննջած մի այր՝ դրած հող,-
Չի“ բարձրանայ էլ երբեք,
Որ արևի ըմպէ շող...

ԾԵ.
Արդեօք կարո՞ղ էր քո սուրբ,
Բեկւած հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգւանքը մեր այս
Եւ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած...

ԾԶ.
Բայց հայրենի երկրում քո,
Մայր քաղաքում նրա հին,
Պատւանդանի վրայ նոր
Եւ սրտերի վրայ հիր՝
Ահա մարմինը քո սուրբ,
Իբրև մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եւ բարձաբերձ՝ իբրև սար...

ԾԷ.
Սեր է բերել և գորով
Քո ժողովուրդն ահա քեզ-
Քո հնօրեայ երգերով
Օրորելով սիրտդ կէզ.-
Սիրտդ տանջանք տեսած լոկ
Եւ չարչարանք կրած հեզ,-
Ահա քեզ փա՜ռք երգելով՝
Այնքան հպարտ ենք արդ, տե“ս...

ԾԸ.
Կարօտով խոր իբրև վէրք
Եւ երկիւղով սրբազան-
Խոնարհւել եմ ահա ես
Աճիւնիդ դէմ երգաձայն,-
Սիրտն ու հոգին իմ ահա
Նոյն ափսոսանքն են յորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն...

ԾԹ.
Կարծես տեսել եմ ես քեզ,
Մանկութիւնից մինչև մահ
Դեգերել եմ կարծես ես
Ուղիներում այն ամայ,-
Բռնած քո ձեռքը դողդոջ,
Յանուն ջրի ու հացի՝
Դեգերել եմ որպէս գող՝
Կոյր իմ հօր հետ մուրացիկ...

Կ.
Այդպէս բռնած ձեռքը ծեր
Հալածական իմ հօր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում աղեկէզ.-
Ցուրտ բակերում ժամերի
Հիւանդ հօր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռաւոր, ինչպէս հաց...

ԿԱ.
Եւ հեռավոր մի ժամի
Պատերի տակ ցրտահար՝
ես առաջին անգամ ինձ
Երջանիկ եմ տեսել, հա“յր:-
Հա՜յր, առաջին անգամ ես
Կեանքում ժպիտ տեսայ քո
Շրթունքներին, երբ որ քեզ
Մի բաժակ թէյ տւի գոլ...

ԿԲ.
Յետոյ փակել եմ յոգնած
Քո աչքերը՝ ընկած խոր,-
Եւ քարերին այն պառկած՝
Ննջել կողքին մեռած հօր:-
Առավոտեան իմ մռայլ,
Իմ մեռած հօր դէմքին ցուրտ-
Երանութեան անայլայլ
Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ...

ԿԳ.
Եւ հողմերին հեռավոր
Տալու մարմինը քո հայր,
Կարո՞ղ էի ես արդեօք
Զառանցանքում անգամ վառ-
Օ՜, երազել անգամ լոյս
Վերադարձիդ մասին այս,-
Որ հայրենիք ես գալու,
Իբրև աճիւն զմռսած...

ԿԴ.
Մի՞թէ իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած յար,
Որ անունով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար:-
Ինչպէս մեռած մարգարէ
Քարաքանդակ իր նաշում,
Մի՞թէ դու չես երկարել
Այն իրիկւայ մշուշում...

ԿԵ.
Եւ մատները այն դողդոջ,
Մոմէ մատներն այն բարակ,
Որ փակեցին մի օր քո
Յոգնած կոպերն անկրակ՝
Չէի՞ն արդեօք այն իմ խեղճ
Մատները որբ՝ դեռ գերի
Նւագների տրտմաշեշտ
Եւ Տերեանական երգերի...

ԿԶ.
...Իբրև մեռած մարգարէ՝
Պառկել էր նա այդպէս միշտ.
Դեմքը մի քիչ երկարել
Եւ խաղաղւել էր ընդմիշտ:-
Իսկ անդագաղ նրան երբ
Իջեցըրինք գերեզման-
Խաղաղութեամբ նայեց վեր
Եւ արքայի էր նման...

ԿԷ.
Եւ վայրկեանին ահա այդ,
Երբ որպէս սուրբ մի նաշից,
Արքայական վեհութեամբ
Նայեց նա խեղճ իր փոսից,-
Ես հասկացայ, որ այդ խիստ,
Այդ մռայ մարդն աշխարհում
Բարի մի հայր էր միայն
Եւ տխրութիւնն էր սիրում...

ԿԸ.
Այն տխուր մարդն էր, որ իր
Մռայլ տեսքի տակ ունէր
Մի անսահման սիրող սիրտ
Եւ երազի հեռուներ,-
Որ ահաբեկ իր կեանքում
Ոչ մի անգամ չժպտած,
Բայց գիտէի, որ հոգում
Ունի հուրեր մշտակայծ...

ԿԹ.
Տխուր մի մարդ էր նա լոկ
Եւ երազող ունէր սիրտ,
Ունէր ոգի համբերող,-
Դեմքն էր նրա միայն բիրտ:-
Դեմքն էր նման փականքի,
Որ նա երբէք չբացեց.-
Ահաբեկւել էր կեանքից
Եւ զրկանքից քարացել:

Հ.
...Ո“չ մի անգամ չժպտաց
Նա յոգնատանջ իր կեանքում:-
Տեսայ ամպի պէս մթնած
Ես նրա դէմքը մանկուց:-
Գոց մնաց դուռն երկաթէ
Մինչև վայրկեանը մահւան,-
Եւ միայն մայրս գիտէր,
Որ այնտեղ սէրն է պահւած:

ՀԱ.
...Չհամբուրեց աշխարհում
Զավակներին նա երբէք,-
Եւ ժամերով նստած լուռ՝
Չպատահեց, որ արբէր:-
Մարդու հանդէպ չարացած՝
Ո“չ խոհերի, ո“չ հացի
Նա չունեցաւ բարեկամ,
Լռութիւնից իր բացի:

ՀԲ.
...Եւ տարիներ միայն վերջ՝
Արդէն բեկւած, արդէն լուրջ՝
Նոր հասկացայ միայն ես,
Երբ նրա պէս դարձա լուռ-
Որ երգերում բոլոր իմ
Եւ խոհերում այնքան վեհ՝
Ինչ կա անհուն ու խորին,
Այդ միայն ն“ա է տւել...

ՀԳ.
...Որ իր ամբողջ կեանքում լուռ
Ի“նչ չէր վատնել նա երբեք,
Ի“նչ չէր այրել իբրև հուր
Եւ չէր երգել իբրև երգ,-
Երազներում իր տխուր,
Պահած անգամ իրենից.-
Թաքցրել է այնքան խոր,
Որ իբրև գանձ բաշխի ինձ...

ՀԴ..
Կայ տառապանք անվեհեր
Նայիրական քո դէմքին՝
Խոհն աշխարհի այն աւեր,
Շողն հանճարի աներկիր...
Նա էր այդպէս պառկել վեհ
Մի օր հողէ իր փոսում-
Որպէս վկայ հանճարեղ՝
Հազարամեայ մի նաշում...

ՀԵ.
Եւ յիրաւի“.- դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն:-
Դու թաղւելու ես եկել
Երկրում քո նոր, որ արդէն
Դարձել է հաշտ ու հզօր
Եւ քեզ բերում է վարդեր...

ՀԶ.
Կարդում եմ ես քո յոգնած,
Մագաղաթեայ կոպերին
Եւ ճակատի վրայ բարձր-
Մտերմութիւն մի վերին:-
Նոյն մտորումն ու անհուն
Նայիրեան խոհն հարազատ,-
Նոյն երազանքն անանուն՝
Հազարամեայ“ երազած:-

ՀԷ.
Ճգնաւորի դէմքով ծեր՝
Մարտիրոսի դէմքով սուրբ,-
Օ՜, ուրվական դու վսեմ,
Թափառական մեր Յիսուս,-
Ճգնաւորի ճակատով
Եւ մորմոքով վկայի՝
Նո՜ր ես յառնում ահա դու
Իբրև վկայ ներկայի...

ՀԸ.
Օ՜, վարդապետ անվեղար,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովի“ւ լոկ եղար՝
Ձեռքիդ սրինգ մի թովիչ:
Դու աղօթքի փոխարէն
Ձայն խնկեցիր միայն վեհ-
Դէպի երկինք, որ բիւրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ...

ՀԹ.
Ո՜վ Նայիրեան հանճարի
Հազարամեայ դու տեսիլ,-
Որքան զրկանք ու չարիք
Դու աշխարհում կրեցիր,-
Մարտիրոսեալ յաւիտեան,
Որպէս անհող մարգարէ-
Դու հանգրւան չգտար
Կեանքում-դարեր ու դարեր:-

Ձ.
Եւ միայն արդ, Նահպե“տ,
Գիսախռով, կորացած,
Հազարամեայ յոգնաբեկ
Թափառումից քո դարձած՝
Պիտի յառնի շողշողուն
Հանճարիդ հուրն այգաբեր,-
Եւ խոր հանգչեն մեր հողում
Քո ոսկորներն յոգնաբեկ...

ՁԱ.
Իբրև աճիւն դու դարձար
Քո հայրենիքը ազատ,-
Իբրև մասունք մի պայծառ,
Իբրև նշխար հարազատ,-
Եւ հայրենի քո հողում,
Հին հանճարի իբրև սերմ՝
Կբարձրանա“յ նա բեղուն,
Երկրիդ ցողով ցողւած ջերմ:-

ՁԲ.
Իբրև աճիւն դու դարձար,-
Բայց հայրենի երկրում քո
Հանճարիդ հունտն հրացայտ
Կբարձրանա՜յ նոր բերքո“վ:-
Բեղմնաւորւած սրբազան
Քո աճիւնով և անեզր
Արեգակով մեր կիզած՝
Հողն հազար ծի՜լ կտայ մեզ:

Ձ.
Մե՜ծ ցնծութիւն է հիմա
Մեր սրտերում, ո՜վ երգիչ:-
Տօնն է երգի իր անմահ
Տօնում յառնած մի երկիր:-
Դարձի համար քո այս վեհ,
Վերադարձի քո անմահ-
Կեանք ենք կերտել արդէն մենք
Ե“ւ արևոտ, և“անմար:

ՁԴ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հազա՜ր սրտեր տարագիր,
Զարհուրելի հեռուներ
Տարւած հողմով յարաբիրտ:-
Իբրև սրտե՜ր կենդանի,
Իբրև աճիւն կամ մասունք-
Սրտեր քանի՜, դեռ քանի՜-
Հողն են իրենց երազում...

ՁԵ.
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրեան՝
Իբրև նորո՜գ երկրի տէր՝
Ե“ւ Թումանեան, և“Տէրեան:-
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե“ւ Դուրեանի սիրտը բորբ,
Ե“ւ Մեծարենցն հմայուն:-

ՁԶ
...Միջագետքից-Օրենբուրգ,
Հելեսպոնտից մինչև Վան,-
Ո՞ր աշխարհում արդեօք սուրբ
Չկայ մասունք Նայիրեան...
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան,-
Օ՜, նայիրեան հանճարի
Հազարամեայ Սերմնացան...

ՁԷ.
Պիտի դառնան դեռ հերթով
Տարագիրներն այդ անթիւ,-
Որ աճիւնով կամ սրտով
Դառնան աղբիւր եռանդի:-
Կենդանի սիրտ, թէ աճիւն-
Իբրև հունտեր հանճարեղ,
Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ
Հայրենի հողն այդ իրենց:-

ՁԸ.
Իսկ դու“, ոգի“ երգի մեր,
Վերադարձած արդէն տուն,-
Օ, սրբազա՜ն բերքի պէս
Ընդունեց սիրտը խնդուն,-
Ցնծութիւնից խելագար
Ժողովրդի սիրտը քեզ.-
Իբրև աճիւն դու եկար,
Բայց իբրև կեանք ընդունեց:-

ՁԹ.
Ինչպէս երգերը քո ջերմ,
Ժողովրդի սիրտը մեծ
Իբրև բարիք, իբրև սերմ
Մի ոգեղէն ընդունեց,-
Քեզ կընդունէ այդպէս յար
Հայրենի հողն արդարև-
Ե“ւ քո աճիւնը արդար,
Ե“ւ քո ոգին հանճարեղ:-

Ղ.
Թո“ղ ամոքւի վերջապէս
Հազար սրով զարկած խոր-
Սիրտդ հողում մեր հրկէզ,
Որպէս գրկում սիրած մօր:-
Որպէս վսե՜մ ողջակէզ՝
Յոգնած աճիւնը քո թո“ղ
Գտնի հանգի՜ստ վերջապէս-
Եւ հայրենի դառնայ հող...

ՂԱ.
Եւ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի-
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շիւղե՜ր կենդանի:-
Եւ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր-
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր...

ՂԲ.
Կխաղաղւի՜ վերջապէս
Խոնջած աճիւնը քո յար:-
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած աւիւ՜ն, դարձած քար:-
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն-
Եւ հայրենի դարձած հող...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users