Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը բուռն է անցել. քիչ է մնացել բանը հասնի բռունցքների
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին հանդիպել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին, որի ժամանակ նրանց միջեւ սուր բանավեճ է ծավալվել, հաղորդում է «Հարավային դարպաս» կայքը:
Կայքի փոխանցմամբ՝ եկեղեցու բակում հավաքված են եղել մարդիկ, որոնց թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը: Սահակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է. «Ո՞րն է նա, ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տվել Չախալյանին, նախագահը քայլերն ուղղել է դեպի նա: Թիկնապահները շրջապատել են նախագահին, սակայն նա ձեռքով բացել է ճանապարհը եւ մոտեցել հավաքվածներին: Սահակաշվիլին ձեռքով բարեւել է Չախալյանին եւ նրանք զրույցի են բռնվել:
Չախալյանը ներկայացրել է նախագահին իր բողոքները, խոսել Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման եւ անմխիթար վիճակի մասին, ինչու է դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվել, «ո՞ւմ էր խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը... Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», - ասել է նա:
Չախալյանի անվերջ հնչող հարցերին նախագահն ընդհատել է, ասելով. «Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ»:
Այնուհետեւ Չախալյանն ասել է, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո նախագահը նրան «անջատողական» անվանել:
«Ես անջատողական չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես անջատողական», - պատասխանել է Չախալյանը:
Այնուհետեւ Միխայիլ Սաակաշվիլին սկսել է խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին եւ որ այդ ամենը նա չի գնահատում: Զրույցը բորբոքվել է: Չախալյանի կողմնակիցներն սկսել են գոռալ «Ծադի Միշա» (Գնա Միշա), իսկ մի քանիսը՝ «Միշա գաումարջոս» (կեցցե Միշան): Երբ ոստիկանները եւ ընկերները Չախալյանին հեռացրել են, Սահակաշվիլին նրա հետեւից վազել եւ երկուստեք վիրավորանքներ են հնչեցրել: Նախագահը մինչեւ կենտրոնական փողոց հետեւել է Չախալյանին:
Չախալյանը տեղի ունեցածի մասին կայքին հայտնել է հետեւյալը. «Մենք հանգիստ կանգնած էինք, նախագահը մեզ մոտեցավ: Ընդհանրապես մեր կողմնակիցների մի տոկոսն էլ չկար հավաքված, եթե մենք պատրաստված լինեինք հակառակը կլիներ»:
Ըստ Չախալյանի՝ Միխայիլ Սահակաշվիլին նախագահին վայել արտահայտություններ չի օգտագործել. «Ես եւս մեկ անգամ ամաչեցի: Վերջում ասաց արի «ադին նա ադին» ելնենք: Երկրի նախագահը իրավունք ունի՞ իր քաղաքացուն հաշիվ պարզելու հրավիրելու: Ես ասացի, որ 5 օրից: Պետք չէր դա ասել: Մի բան հասկացա, որ կոնֆլիկտ կուզեն»,- նշել է Չախալյանը: