Jump to content


Photo

Grigor Narekacu masin


  • Please log in to reply
No replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 06 April 2008 - 02:56 PM

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ


***

Գրականության պատմությունը նման է լեռնապարի, որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նույնքան փոքրանում են դրանք: Նա նման չէ նույնիսկ՝ Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է:
...Նա նման է...հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող:


***

Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...:

***

Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր "Մատյանը", որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ "Մատյանն" անկործանելի է ստուգապես:

***

Նարեկացու տաղերգությունը շարականների շարունակություն է՝ ըստ ժամանակի, բայց դրանց ժխտումն է՝ ըստ էության: Շարականների կաղապարվածության դիմաց Նարեկացին դրեց իր անկաշկանդությունը, նրանց խորհրդանիշների դեմ՝ իր կենդանի պատկերները, նրանց բնազրկության տեղ՝ իր բնապաշտությունը, նրանց արարողական առկախության փոխարեն՝ իր բանաստեղծական անկախությունը:

***

Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես "Նարեկ"՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել:

***

Նորարար էր ամեն բանով. և' լեզվով, որ լինելով ամենաբարդ գրաբարը՝ միաժամանակ խառնում էր աշխարհաբարի մտածողություն, և' ձևով, որ առաջին անգամ իր մեջ էր առնում չափն ու կշռույթը, հանգն ու հանգիտությունը, և' օգտագործմամբ ժողովրդական բանահյուսության, այն "լալեաց բանաստեղծութեան", որ պաշտոնական գաղափարախոսությունը համարում էր ոճրագործություն և անառակություն:

***

Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն:

Edited by Ashot, 06 April 2008 - 02:57 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users