Jump to content


Photo
- - - - -

Մուրացան


  • Please log in to reply
2 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:59 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մուրացան
(1854 -1908)


Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Քսանչորս տարեկան հասակում տեղափոխվում է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը աշխատում որպես հաշվապահ։ Բայց նրա իսկական կոչումը գիր ու գրականությունն էր։ Նա գրել և հրատարակել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։

Գրականական գործունեությունը սկսել է 80-ականներին, և սկզբնական շրջանում ընկել է 19րդ դարի 80- և 90-ականների հայկական բուրժուականության շարժման երկու հիմնական ուղղությունների ազդեցության տակ:

Պշտպանում էր բուրժուական լիբերալիզմը (Մշակ), տեսնելով հայ ազգի վերածնունդը ազգային դրամագլխի զարգացման մեջ: Կոնսերվատիվ-կղերական ուղղությունը, կառչելով անցյալից, վարում էր անհաշտելի պայքար նահապետական արժեքների մաքրության պահպանման համար, շեշտելով հատկապես կրոնը և լեզուն, որպես ազգային մշակույթի հիմքեր: Այդ քաղաքական խումբը ձգտում էր ազդել հայկական գյուղացիության վրա, հակադրելով այն այլասերվող հայկական բուրժուականությանը: Նրանք չէին ընդունում նոր բուրժուական մշակույթը, դիտարկելով այն որպես լուրջ վնաս ազգին, որի հենարանը գյուղացիությունն է: Այդ հոսքին միացավ նաև Մուրացանը:


Գյուղացիությանը նվիրված ստեղծագործություններում Մուրացանը ցուցաբերել է գյուղացիական կյանքի մասին խորը գիտելիքներ: Մուրացանը, ցույց տալով աղքատությունը, նշում է միայն հայ մտավորականության կրթասիրական աշխատանքը որպես պայքարի միջոց: Բնորոշ են նրա Խորհրդավոր միանձնուհի ռոմանտիկ վիպակը և Նոյի ագռավ ռեալիստական պատմվածքը: Վերջինում Մուրացանը հակադրում է վերացող գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են թեքում գյուղին: Հաջորդ իր պատմվածքում (Առաքյալ, 1902) Մուրացանը ստիպված է լինում ընդունել իր մտածմունքների վերջը:

Մուրացանի խոշոր ստեղծագործություններից հարկավոր է նշել Գևորգ Մարզպետունի պատմական վեպը (1896) և Ռուզան պատմական դրաման (1882):

Գևորգ Մարզպետունի վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ Մարզպետունին, միավորելով հայ իշխաններին, մի շարք հաղթանակներ է տանում արաբների դեմ և օգնում Աշոտ Երկաթ թագավորին Հայաստանն ազատելու արաբական հրոսակներից։


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 05:01 AM

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻՆ

(հատված համանուն վեպից)

Հայերը Սևանում ու Գեղում արաբների դեմ իրենց տարած հաղթանակի առթիվ ուրախության տոն էին կատարում, իսկ արաբ զորավար Բեշիրը, վիրավոր վագրի պես զայրացած ու կատաղած, գալիս էր դեպի Ոստան։ Նա հավաքել էր իր փախչող զինվորներին, կարգի էր բերել նրանց և գալիս էր Գեղ ամրոցը կործանելու, որտեղ իր առաջին պարտությունն էր կրել հայերից։ Երբ տեղ հասան, Բեշիրը բանբեր ուղարկեց Գեղ և պահանջեց բերդի բանալիները։ Նրան թվում էր, թե Գեղի բնակիչները վախենալով չեն հակառակի իր հրամանին։

Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ բանբերը ետ դարձավ բացասական պատասխանով։

Մեր բերդի բանալիները խիստ ծանր են, ասել էին հայերը բանբերին, դու միայնակ տանել չես կարող, ասա Բեշիրին, որ ինքը գա բանալիներն ստանալու։

Նրանք ուրեմն իմ հրամանը ծաղրեցի՞ն, գոռաց Բեշիրը։

Այո, տեր, մինչև անգամ հայհոյեցին Ձեզ։

Լավ, ես փակել կտամ այդ հայհոյող բերանները... Որքա՞ն զորք ունեն այդ հանդուգն հայերը։

Չգիտեմ, տե՛ր։ Ինձ թույլ չտվեցին բերդը մտնելու, աշտարակի վրայից խոսեցին հետս, պատասխանեց բանբերը։

Զորքի գլխավորները, վախենալով անհայտ ուժի դեմ հարձակվելուց, խորհուրդ տվին Բեշիրին իջնել Դվին, հանգիստ տալ զորքին և ապա թարմ ուժերով վերադառնալ Գեղ։

Մինչև այդ մենք միջոց կգտնենք նաև ամրոցում եղած զորքի մասին տեղեկություն ստանալու, ավելացրին զորավարները։

Ոչ, ես կրկնակի պարտություն կրելուց հետո Դվին վերադառնալ չեմ կարող, պատասխանեց զորապետը։ Ես սովոր եմ հաղթանակով մտնել Դվին և այդպես էլ կմտնեմ։

Կամակոր հագարացուն համոզել անկարելի էր։

Մայիսյան առավոտ էր։ Թանձր ամպերը պատել էին երկինքը։ Այդ եղանակը հաճելի էր Դվինի դաշտում, ուր միջօրեին կիզում էր արևը, իսկ զորքի համար հով էր հարկավոր։ Բեշիրը ուրախացավ. նրան թվում էր, թե բնությունը հաջողություն է խոստանում իրեն՝ ծածկելով ամպերի տակ արևի ճառագայթները։ Այդ պատճառով նա հրամայեց պետերին անմիջապես պատրաստել զորքը և ուղղվել դեպի Գեղ։

Հայերը երկու հաղթանակից արդեն քաջալերված էին։ Իշխանը որոշել էր չփակվել բերդում, այլ հարձակվել թշնամու վրա, հենց որ վերջինս Գեղա լեռան լանջերը կբարձրանա։ Հայ զորքերը անհամբեր սպասում էին հետախույզների ազդանշանին։ Ամեն մեկը նրանցից որոշել էր որևէ սխրագործությամբ աչքի ընկնել։ Այլևս չկար այն երկյուղը, որ հայ զինվորն զգում էր հագարացու հարձակման լուրը լսելիս։ Իշխան Գևորգ Մարզպետունու ձայնը գերբնական ուժ էր ներշնչում նրանց. ամեն մեկը հավատում էր, թե չի կարող հաղթվել այն զորքը, որ Գևորգ իշխանի հետ միասին է կռվում։ Հագարացիք արդեն հասել էին լեռան կեսը և մտնում էին մառախուղի սահմանը։ Հրամանատարներից մեկը հիշեցրեց զորապետին մշուշի վտանգավոր լինելու մասին։ Բայց Բեշիրը աներկյուղ հրամայեց առաջ շարժվել։

Հազիվ զորապետն իր խոսքը վերջացրեց։ Հանկարծ որոտաց հայոց գնդերի աղաղակը։ Ինչպես զայրացած մի հեղեղ, թափվեցին նրանք հագարացիների վրա, կատաղությամբ սկսեցին կոտորել։ Հարձակումն անսպասելի էր։ Թշնամին գլուխը կորցրած՝ պատրաստվում էր փախչելու, բայց Բեշիրի աղաղակը և գնդապետների խրախույսը արգելք եղան դրան։ Առանց տեղն ու դիրքը ճանաչելու և հարձակվողների քանակն իմանալու, հագարացիք ճակատ կազմեցին լանջերի վրա և սկսեցին պաշտպանվել, բայց դիմադրությունը հուսահատական էր։ Նրանք կռվում էին միայն զորավարի ներկայությամբ, բայց հենց նա հեռանում էր մյուս կողմը, սկսում էին քայլ առ քայլ նահանջել դեպի զառիվայրերը։ Իսկ հայերի թափը այնքան ուժեղ, և հարվածներն այնքան դիպուկ էին, որ մի ժամվա ընթացքում լեռնալանջը դիակներով ծածկվեց։

Մարզպետունու զինակիցները՝ Վահրամը, Գոռը և ծերունի Մուշեղը կռվում էին յուրաքանչյուր մի կետի վրա. նրանց գնդերը փոթորկի նման ավերում էին իրենց շուրջը՝ շարունակ դեպի ցած մղելով դիմադրողներին։ Հզոր դիմադրություն էր ցույց տալիս միայն Բեշիրը մի խումբ արաբացի քաջերով, որոնց կատաղի նժույգները ծառանում, սլանում էին լանջերի այս ու այն կողմ՝ աշխատելով ոտնատակ անել սուսերամերկ կամ նիզակավոր հայ մարտիկներին։

Գևորգ իշխանը, որ հերոսաբար կռվում էր բարձունքի վրա, հանկարծ տեսավ Բեշիրին։

Կարծես մի նոր զայրույթ բռնկվեց իշխանի սրտում, և նա, ճեղքելով կռվողների խիտ շարքերը, գնաց դեպի Բեշիրը։

Դեպի ո՞ւր, թշվառական, որոտաց նա ահավոր ձայնով և մոտ հասնելով, նիզակը ուղղեց հագարացու կրծքին։ Նրա նիզակը, սակայն, չթափանցեց պողպատե զրահը, այլ սահելով ցցվեց նժույգի կրծքում։ Ձին թավալվեց, բայց Բեշիրը թռավ դեպի ետ։ Խռնվեցին իսկույն նրա թիկնապահները և շրջապատեցին Մարզպետունուն։ Մի փոքր ևս, և մահը անխուսափելի էր իշխանի համար, որովհետև նրա մի հարվածին պատասխանում էին մի քանի ուրիշները։ Հորը օգնության հասավ որդին՝ Գոռը. նա իր զինակիցների հետ միասին իջավ վերին լանջերից ինչպես արծիվ և ընկավ շրջապատող խմբի վրա։ Հագարացիների այս խումբն էլ երկար չդիմադրեց, նա նահանջեց դեպի ցած՝ որոնելով իր զորապետին։ Բայց Բեշիրը չէր երևում ոչ մի տեղ. նա ձորակի ճանապարհով փախել էր դեպի Դվին, որովհետև իր զորքի պարտությունը տեսնելով՝ շտապել էր գոնե իր կյանքը ազատելու։

Այս հանգամանքը վհատեցրեց վերջին դիմադրողներին, և նրանք սկսեցին փախչել դեպի Դվին։

Մարզպետունին չհետապնդեց փախստականներին, նկատի ունենալով, որ Դվինը մոտ է և այնտեղից կարող են օգնության հասնել փախչողներին։ Նա հավաքեց իր քաջերին, ստուգեց ընկածների թիվը, որոնք միայն մի քանի տասնյակ էին, և աշտանակելով նժույգը, վերադարձավ Գեղ։

Նրան հետևեցին իր զինակիցներն ու զորքը՝ ցնծության աղաղակներով, հաղթական երգ երգելով։


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 05:02 AM

ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈՒՅՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ

( Հատված Գևորգ Մարզպետունի պատմավեպից)

Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա: Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե ապա թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ Ամրամին, կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն, այսուամենայնիվ Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին: Նա որքան քաջ, այնքան և բարեպաշտ և երկյուղած եր,, նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է օրհնությամբ կամ անեծքով, նրանց հայցած խնդիրները: Այս պատճառով մի գաղտնի և մինչև այն իրեն անծանոթ կասկած պաշարեց յուր սիրտը: Նախազգուշացմո՞ւնք էր այս, թե նախապաշարման ազդեցություն, հարկավ, նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և, որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորին...Նա մտածում էր, որ թագավորը կարող է հաղթվել, որ ամբստամբները կարող են ցրել եգերացիներին...Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու՝ օտար զորքով...Իսկ այդ անպատվությանը կհաջորդեին, անշուշտ նոր կոտորածներ, նոր ավերումներ...

Այս մտքերը սարսափեցրին իշխանին: Բայց նա լուռ նստած սպասում էր, թե ուրիշ ի'նչ պիտի ասեր Սևադան:Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել, չվիրավորել հոգին, այլ խոնարհիլ և հետը խոսել ողոքանոք: Գուցե այդպիսով ամո?եմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ... ,մտածում էր նա :

Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մեկը և ջուր բերավ հյուրին՝ լվացվելու համար: Մարզպետունին ակնարկեց նրան՝ նախ Սևադա իշխանին մատուցելու կոնքը, որովհետև իրան, իբրև տարիքով փոքրի, վայել չէր առաջ լվացվել:

Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց.

Զարմանում եմ , որ թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից:

Բայց նա ունի և ուրիշ շատ ավելի առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները... մեղմությամբ պատասխանեց մարզպետունին:

Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերեցին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին մարզպետունու և մյուսը Սևադայի առաջ:

Մանկահասակ ծառաներից մեկը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու, իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռքին գինի էր մատռվակում ինչպես յուր տիրոջը, նույնպես և հյուրին: Մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում: Սևադան այդ իմացավ մատռվակի մի պատասխանից և ժպտալով ասաց.

Տեսնում ես իշխան, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում: Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում: Բայց ես չկամեցա նրանց նմանվել: Մենք օտրաներ չենք, ասացի. տարօրինակ կլիներ , եթե մի վայրկյան առաջ ցանկանայինք տեղեկություններ առնել իրարից, մեզ հետաքրքրող խնդիրների մասին...: Այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ: Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը:

Այդպես է, իշխան, կեղծել չեմ կարող, պատասխանեց Մարզպետունին, և լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին:

Այո', համաձայն եմ քեզ հետ, այդ խրատները սուրբ խրատներ են, երբեք չպիտի մոռանանք նրանց: Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները: Այդ խրատներից մեկն այն է, որ ասում է Զուգություն է մայր բարյաց, անզգություն ՝ ծնող չարյաց...:

Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին.

Դու ինձ կշտամբում ես, տեր Մարզպետունի և իրավունք ունիս: Բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես. այդ ինձ ավելի կուրախացնե, քան թե զուգություններից առաջացող բարիքները, որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել...:

Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել: Բայց նրա վրա, արդարև, ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի՝ ծառայի օգնությամբ կերակրվելը: Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մեռած չլիներ Գարդման: Չէ՞ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ, երբ նա ճեմում էր իր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վես արտահայտությամբ...Իսկ այժմ...Այժմ կծկված եր նա տախտի մի անկյունում, ինչպես զառամյալ ծերում, նիհարած , դալկադեմ և միայն հոգին էր , որ չէր ճնշվում նրա մեջ մարմնի կրած զրկանքներից:

Երբ ընթրքիը վերջացավ , Մարզպետունին հարցրեց, թե ինչո՞ւ Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրենց մոտ:

Գրիգորը նույնպես Ամրամի հետ է, պատասխանեց Սևադան : Դավիթ որդիս առաջնորդում է աղվանից գնդերին, իսկ Գրիգորը գարդմանացիներին :

Առաջնորդում է գարդմանացիների՞ն...զարմացած հարցրեց Մարզպետունին:

Այո', առաջնորդում է : Միթե՞ այդ խոսքը զարմացնում է քեզ: Դու անշուշտ մտածում ես , թե ինչպե'ս կույրը կարող է առաջնորդել, այնպես չէ՞: Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունեն: Գ?իգորի ներկայությունը անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրենց կույր իշխանին և սրտների մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը: Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռիլ իմ քորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը...Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից:

Մարզպետունի զարմանում էր , որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, , հայտնում էր նրան մինչև անգամ յուր նախահոգակ դիտավորությունները. և այդ անում էր առանց քաշվելու, կամ նույնիսկ վախենալու, թե ինքը, Մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ ու զինակից, կարող է խոչընդոտ լինել իրեն՝ յուր նպատակներն իրագործելու: Սևադայի այս վարմունքը ավելի ևս երկյուղ էր ազդում Մարզպետունու սրտին:

Եվ այսպես. դու ուրեմն հոգացել ես , որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ամսամբությունը՝ համաճարակ և կործանի՞չ, հարցրեց իշխանը հուսահայտ ձայնով:

Այո', տեր Մարզպետունի, ուրիշ կերպ վարվել չէի կարող. անիծի'ր ինձ , եթե կամնում ես, բայց գիտցի'ր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանկ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի...

Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը՝ գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոքել. այդ զենքերը յուր խնդիրներն ու ախաչանքներն էին : Այդպիսի զենքերով , իհարկե, նա չէր հայցի օտարից , նույնիսկ հայրենիքի փրկությանը, բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրան, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքերում:

Այդ պաճառով ասաց.

Եթե ես ծունր չոքեի քո առաջ , Սևադա իշխան, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ ու որդկերանցդ արյունը...արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք ու հարսունք պիտի այրիացնե: Եթե հիշեցնեի քեզ նախ՝ քրիստոնեի և ապա՝ հայ մարդու սրբազան պարտքը, որ է չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով վրեժխնդրությունը չհագեցնել...Ի՞նչ կանեիր դու, Սևադա իշխան, միթե՞ անողոք կմնաիր իմ աղաչանքներին, իմ արտասունքների առաջ...

Ո'չ մի խոսք այդ մասին, տեր Մարզպետունի: Բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան: Իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում. մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտներ: Քրիստոնյա մարդ չկա աշխարհում: Քրիստոսի պատվերները կատարում են միայն նրանք, որոնք զրկանք չեն կրել ապերախտ ընկերից կամ եթե կրել են չեն կարողանում ակն ընդ ական և ատամն ըդն ատամանփոխարինել: Բայց նրանք, որոնք ուժ ունեին փոխարինելու՝ փոխարինում են զրկանք. և այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը:

Իսկ նրա՞նք, որոնք ուժ ունեին վրեժխնդիր լինելու , սակայն ներում են...

Եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ են, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում:

Դու եղի'ր նրանցից մինը, Սևադա իշխան, միթե՞ քո սիրտն ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածում ես, թե կարող էի վրեժխնդիր լինել և սակայն ներեցիր. քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով՝ շուրջդ ավեր և սրածություն սփռես: Ով որ գիտե, թե որն է բարին և լավագույնը, և սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է: Անշուշտ, Գարդմանա տերը չի ցանկանալ, որ մեզնից մեկը համարձակվի նրան այդ անունը տալ:

Գարդմանա տերը, դժբախտաբար ,մի հասարակ մարդ է. բնությունը նրա կրծքի տակ այնպիսի մի սիրտ, որպիսին ունեին և ուրիշները, նա չի կարող զգալ այն, ինչ չեն զգում յուր նմանները:

Ո'չ, Գարդմանա տերը մի սինքլոր կամ գեղջուկ չէ, որ չճանաչե առաքինությունը: Նա գիտե, թե որքան քաղցր է ներել, և պիտի ներե անշուշտ: Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը այն մայրերի և կանանց բերանից, որոնց որդինենրն ու ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը:

Տեր Մարզպետունի, դու ինձ զինաթափ ես անում. քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, և ես լսում եմ քո կենդանի բարբառը: Բայց երբ դու հեռանաս, և ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերակցելու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը, ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտ եմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ , բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը և մտածում եմ, որ թագավորի անողորմ հրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին...Երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը կամ կույր ամուսնու սև բախտը լացող նրա ողբերը...Երբ Գրիգորի որդին՝ փոքրիկ Սևադան, գա հարյուրերորդ անգամ ինձ հարցնելու, թե ՝ Պապիկ, դու ծերացար, աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչո՞ւ համար է կույր...: Ասա', տեր Մարզպետունի, երբ սիրտս անընդհատ գոռա՝ Վրե՜ժ, վրե՜ժ անզգամին..., ի՞նչ անեմ ես այն ժամանակ...

Ի՞նչ անես այն ժամանակ:

Այո՜, ասա, ես ինքս ինձ կամենում եմ հաղթահարել:

Ի՞նչ արավ Սմբատ թագավորը, երբ յուր աշխարհի ավերումը տեսնելով՝ իջավ կապույտ բերդից յուր անձը հանձնելով թշնամուն: Ի՞նչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով՝ չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռները գլխին թափելով՝ տասնյակ հոգի վրան նստեցին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատցնել չկարողանալով՝ նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել...

Սևադան լուռ էր:

Ոչինչ չարավ, նա ասաց. Տե՜ր, ընդունիր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և նրա փոախրեն՝ փրկիր իմ ժողովուրդը պատուհասից...: Նա ասաց. Լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդյանս և մի ամենայն ազգս կորիցե..., և հոժարությամբ հանձն առավ նահատակությանը: Դու էլ, իշխան, ընդունիր , թե չարագործը հագարացու մինն է քեզ կուրացրել և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու...: Հագարացի գազաններին աղաչել , համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել . ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքնին և հավատա , որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ:

Սևադան լուռ էր մի քանի վայրկյան. հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց.

Ի՞նչ է քո պահանջը ինձանից, Գևորգ իշխան:

Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և ետ կանչես Ուտիքից թե' Աղվանից և թե'Գարդմանա գնդերը:

Սևադան կրկին գլուխը կախեց և սկսեց մտածել: Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց:

Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնությանը:

Եվ ահա' վերջապես Սևադան խոսեց:

Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի. իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում. ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ: Թող այդպես լինի: Ես թողնում եմ վրեժխնդրությունը...:Բայց բռնկած ապստամբությունը խաղաղեցնելու համար կա և մի ուրիշ արգելք, որ ես բառնալ չեմ կարող: Այդ աշխատությունը դու պիտի հանձն առնես:

Ամենայն ուրախությամբ. աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա', որն է արգելքը:

Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրանց զորքերով, բայց Ցլիկ Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում. այժմ ինչպե՞ս հակառակ խորհուրդ տամ նրան:

Այդ նեղությունը ես հանձն կառնեմ, ասաց Մարզպետունին:

Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի ետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանիլ նրանից: Որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող: Այժմ դու գնա' Ամրամի մոտ, աշխատի'ր համոզել նրան, որ հնազանդվե յուր թագավորին: Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկե ինձ , և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որվոց, որ հեռանան Ուտիքից իրենց զորքերով: Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր , որ աստված չի ցանկանում անցընել փորձության բաժակը , և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն:

Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց:

Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր:Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբրև անողոքելի մի քարաժայռ, ահա', համոզվել էր: Ի՞նչ դժվարություն կար, ուրեմն, Ցլիկ Ամրմաին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որ ի բնե ստեղծված էր բարի սրտով:

Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մեկում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը:

Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին և անուշաբեր քունը նրա աչքերը փակեց:

...Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանն ու յուր թիկնապահը Աղստևի հովիտ հասան:

Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը՝ սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտաակա լեռան ստորոտը: Հովտի արեգընդդեմ մասի վրա զարկած էին ուտիացոց ու սևորդյան վրանները: Նրնացից մի ասպարեզ հեռու գտնվում էին գարդմանցիք ու աղվանք: Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և զբաղեցնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ , որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավորի կամ իշխանի վրանը: Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված. այդ նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու:

Նոր էին հասել և դաշնակից աբխազցիները, որոնք խառն ու անկանոն կերպով խփել էին իրենց վրանները դեպի Կուրը ձգվող դաշտավայրի վրա:

Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով՝ Մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց.

Ինչպե՜ս լավ համախմբվում են՝ իրանք իրանց կործանելու համար:

Չէիր սպասում այսպիսի կազմության, տե'ր իմ, այնպես չէ՞, հարցրեց Եզնիկը ժպատլով:

Բնա'վ: Թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում կամ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել...

Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞, հարցրեց թիկնապահը:

Իշխանը չպատասխանեց: Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած՝ դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը:

Երկար դիտելուց ետ, նա դարձավ թիկնապահին.

Տեսնո՞ւմ ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրան:

Ա՞յն , որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակը:

Այո'. Ամրամ սեպուհինն է այն. անցի'ր ուղղակի բանակի միջով...

Ավելի լավ չէ՞ հովտի եզրերից մոտենալ:

Ո'չ. սևորդիները վայրենի մարդիկ են. կարող են մինչև անգամ նետահարել: Անցի'ր բանակի միջով, բայց սրարշավ և առանց աջ ու ձախ նայելու, մոտեցիր իշխանի վրանին, ներս մտիր... ճանաչո՞ւմ ես դու իշխանին:

Ինչպե՞ս չէ. շատ անգամ եմ տեսել:

Հա'. նե'րս մտիր ու հայտնիր իմ կողմից, որ կամենում եմ տեսնվել յուր հետ: Ասա, որ կարևոր գործի մասին է խոսելիքս:

Կհրամայե՞ս հայտնել իրան պատճառը, եթե հարցնելու լինի:

Ո'չ, պաճառների մասին խոսելը քո գործը չէ. գնա', մի' ուշանար:

Իսկույն, տե'ր իմ: Այս ասելով Եզնիկը մտրակեց յուր ձին և սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ:

Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած չորս տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկված էր մյուսի հանդեմ երկշար ուղղությամբ: Դրանց մեջտեղում գտնվում էր սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանվում էր զորավարական դրոշը: Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով: Վրանը վերամբառնող եռյակ սյունների վրա , որոնք զարդարված էին պղնձե փայուլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է՝ արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ և ասպարներ, նետալից կապարճներ , արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ ու գեղարդներ:

Իշխանակ վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապաններ, երկաթի գլխանոցներով, երկար նիզակներ ու ասպարներ ձեռքներին: Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում Ցլիկ Ամրմաը. միայնակ ու մտախոհ:

Սա մի բարձրահասակ ու հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով: Նրա լան ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավմազ և գրեթե միավորյալ հոնքերը, մեծ և արծռունգ քիթը, որ իշխում էր կարծես երկար ու թավ ընչացքին, և հարուստ, գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապնակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք: Նա ամբողջապես զրահազգեստ էր: Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին՝ փայլուն լանջապնակ, կռներին՝ բազպաններ, ոտքերին՝ սռնապաններ, իսկ ազդրին ծանր արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որ զարդարված էր սև , թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանիկի վրա:

Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ:

Ո՞վ է այդտեղ, գոչեց նա ներսից ահարկու ձայնով :

Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե'ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել, պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին:

Ո՞վ է այդ համառը, թողեք որ գա, հրամայեց սեպուհը:

Եկողը Եզնիկն էր: Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրան, խոր գլուխ տվավ իշախնին:

Ո՞վ ես դու , հարցրեց Ամրմաը խրոխտ ձայնով:

Մարզպետունի մեծ իշխանի թիկնապահը, պատասխանեց Եզնիկը:

Դու չգիտե՞ս , որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու:

Երբե'ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ:

Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած:

Առաջին անգամ եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել, պատասխանեց Եզնիկը, փոքր ինչ այլայլված:

Սեպուհը ժպտաց:

Ի՞նչ ունիս ինձ հայտնելու, հարցրեց նա:

Իշխանը հրամայեց ինձ՝ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է բանակցել տեր սեպուհի հետ:

Գևորգ իշխանն այստե՞ղ է, մեր բանակո՞ւմն է:

Այստեղ է, բանակից դուրս սպասում է քո պատասխանին:

Գնա ', ասա' թող շնորհ բերե, պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին՝ հրամայեց, որ հայտնի յուր թիկնապահներին՝ ընդառաջել իշխւանին:

Իսկույն մի խումբ զրահավորներ պատրաստ ձիանը աշտանակելով դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը:

Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարիմին՝ երբե'ք.... ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ:

Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում, ժպատլով պատասախանեց իշխանը:

Բարեբախտաբա՞ր. ի՞նչ կնշանակե այդ:

Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում բարեկամներին:

Բարեկամներին , այո', բայց դու թշնամու վրանումն ես:

Ո'չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. նա այդպիսի թշնամի չի ճանաչում:

Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն:

Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես...:

Բարեկա՞մ...դժոխքը տանե նրան...իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան՝ երբեք, ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին:

Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծակի հուզմունքից:

Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ...այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ... մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը:

Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզնից, խոսել սկսավ սեպուհը՝ նույպես մեղմությամբ, վաղը գուցե մենք ճակատենք միմիյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել:

Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորին...

Ես չեմ ապստամբել իմ թագավորից, ընդհատեց սեպուհն իշխանին, հիշում ես, թե ի'նչպես անձնվիրաբար էի ծառայում նրան:Քանի՜ քանի՜ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՜ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ինչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի, ո՞ր մեկը հիշեմ...

Եվ նա քեզ պարտապան չմնաց. իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ...Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից և պատրաստի զորքերից և ապստամբության դրոշակ բանալով՝ սուրդ ուղղեիր քո բարերաի և թագավորի դեմ:

Երբե'ք իմ թագավորի, մի' ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու...

Անձնական թշնամի՞...միթե՞ թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, նկատեց իշխանը ՝ իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով:

Իշխա'ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր ՝ ինչ որ ես քեզ ասացի. ավելին խոսել չեմ կարող:

Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ: Գիտեմ, թե առհասարակ ի'նչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրան...

Գիտես, այնպես չե՞, ընդհատեց հանկարծ սեպուհը, փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն. ի՞նչ ես կարծում , դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ թագավորին...

Չգիտեմ, և ասացի , թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակը ամփոփես և թագավորիդ հանդեպ հանած սուրը յուր պատյանը դարձնես::

Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխան:

Ո'չ, այլ լոկ խնդիր, աղաչնաք...

Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին...Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները...Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այս խնդրականության մեջ:

Լսի'ր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը, մի՞թե այդ մի արատ է նրա համար:

Բնավ. երանի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

Եվ ահա', հենց այդ հայրենիքի շահն է , որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ: Կարո՞ղ ես արհամրել այդ խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ:

Ո'չ:

Ուրեմն լսի'ր ինձ և կաղկացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից:

Չեմ կարող:

Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավով ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն:

Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժաանկ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը:

Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար զոհվելը սրբազա պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված:

Ամրմաը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից , նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները: Ապա մեկ վայրկենաից ետ ձեռքը դեպի ծնոտը տարավ ու յուր հարուստ նրբահեր մորուքը շոյելով՝ մեղմ ձայնով ասաց.

Տեր Մարզպետունի , շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը: Ես չէի ցանկանա չարագործի անուն վասատկել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ: Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ի՞նչ է ասում աշխարհն ինձ համար, ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ. դա իմ ներքին մարդը, իմ խիղճն է...

Այդ խիղճը թույլ չի տա քեզ, որ եղբարցդ կյանքը վտանգի ենթարկես:

Մի' ընդհատիր, իմ խիղճը ավելի ընտանի է ինձ: Բայց այդ չէ խնդիրը, եթե ես, մինչև անգամ, իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած, ինձ հետ է նայև Գարդմանա և Ափխազիո իշխանները իրենց դաշնակիցներով: Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկված բազմաթիվ վրանները. այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունեն թագավորի հետ վերջացնելու: Եթե ես ամփոփեմ Ուտիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ո'չ սևորդիները, ո'չ գարդմանացիք, ո'չ աղվանք, ո'չ տայոց իշխանը, ո'չ ափխազաց արքայորդին:

Բե՞ր իշխանը...նա՞ էլ այստեղ է:

Այո', նա այստեղ է... հայոց թագավորի տոհմական թշնամին:

Որի հետ միացել ես դու:

Այո', և երդվել եմ, ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին, մինչև իմ վերջին շունչը:

Եվ եթե հաշտվե՞ս:

Այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ: Այս է մեր պայմանը:

Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Ափխազիս երիտասարդ իշխանն է , որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով: Ինքդ ասացիր, որ նա թագավորի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ: Բայց մյուս իշխաններն ընդեմ չեն լինի, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը:

Իսկ Սևադա իշխանը՞. նրա երկու որդիները՞. կատաղի գարդմանացի՞ք, որոնք եկել են իրենց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից...

Սևադա իշխանը ներեց թագավորին:

Ի՞նչ, Սևադան ներե՞ց, տեղից վեր թռչելով բացականչես Ամրամը:

Այո', ես նրա մոտ էի, նա ներեց և ետ կկանչի յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը:

Բարկության հուրը ցոլած Ամրամի աչքերում, , նրա դեմքը այլայլվեցավ և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխ:

Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն ետ դարձավ և ապա կանգնելով իշխանի առաջ, հարցրեց կրկին.

Եվ այդպե'ս, նա ուրեմն ներե՞ց... և զորքերը ետ կկանչի , եթե ես հաշտվեմ...

Այո', նա բոլորովին ներեց, նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց որ սիրում է իր հայրենիքը:

Ամրամը ձգեց յուր ձեռքը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ասած.

Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարան:

Այս ասելով նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով՝ մտավ վրանի երկրորդ բաժանմունքը: Իշխանը հետևեց նրան:

Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահիճին, ի՞նչ բարիքների հույսով է հաշտվում թագավորի հետ, դարձավ Ամրամը Մարզպետունուն:

Յուր անձի համար և ոչ մի: Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը:

Իսկ նա պատմե՞ց քեզ, թե ինչո'ւ համար եմ սուր վերցրել ես:

Պատմեց, ես բոլորը գիտեմ:

Պատմեց և դու բոլորը գիտե՞ս... զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը:

Այո', բայց մի ' վրդովվիր:

Չվրդովվե՞մ, այդ ի՞մ ցանկությունից է կախված. կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ...

Համբերությունը ամենազորավոր զենքն է...

Ի՞նչ համբերությունից խոսելու ժամանակն է, Մարզպետունի իշխան...Սևադան ներել է նրան. ինչո'ւ , ինչո՞ւ ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում, ինչո՞ւ իմ հոգու խաղաղությունը վրդովեց, ինչո՞ւ իմ կյանքը թունավորեց... եթե այսօր պիտի ներե:

Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից...

Է'լ ո'չ մի խոսք, Մարզպետունի' իշխան: Սևադան թո'ղ ներե, նրա որդիք թող ներնե, բոլոր աշխարհը ներե, Ամրամ սեպուհը չի ներիլ. հաշտությո՞ւն... Աշոտ-Երկաթի հե՞տ, երբե'ք... Եթե կարողանամ՝ նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավիժ անելու համար... Եթե դու կկարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ինչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր...

Եվ ահա', հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին:

Ամենից հասարակ և ամենից սինքլորը կարող է հանդուրժել այս անպատվությունը, մեծ հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան:

Սևադան փոքրիկ մարդ չէ: Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, նրա որդուն. և սակայն ն մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիճ փեսային՝ միայն հայրենիքի սիրույն համար:

Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ՝ սիրտոը: Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ... չի կարող ներել:

Բայց...

Տե'ր Մարզպետունի, այն մարդը, որ գիտե թագավորն ինչ անարգանք է հասցրել իմ անվանը և սակայն խորհուրդ է տալիս հաշտվել, նա իմ թշնամին է: Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ...





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users