Jump to content


Photo
- - - - -

ՋԻՎԱՆԻ


  • Please log in to reply
6 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:18 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՋԻՎԱՆԻ
1846 1909


Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում)20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։

Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ ՂարաՂազարի (Սիայի) մոտ Ջ. յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է թուրք, ու հայ. երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 186895-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ են շրջապատել նրան։ Շուտով Ջ. ընտրվել է ուստաբաշի (գլխ. վարպետ)։ Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և Սոխակ Հայաստանի երգարանի հատորներում։

187090-ական թթ. հասարակական մտքի և ազգային-ագատագր. շարժման վերելքի տարիներին Ջ-ու սիրային, քնարական երգերին փոխարինելու են գալիս բողոքի և ըմբոստության երգերը։ Նա համոզված էր, որ արևմտահայության ազատագրման հարցը լուծել կարող է միայն Ռուսաստանը (Մեծ քեռի, Ով սիրուն, սիրուն)։ Նույնիսկ 1905-ի հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ջ. չի հուսահատվել, նա հավատացել է, որ հայ ժողովրդի ազատության արեգակը ծագելու է հյուսիսից։

Ջ-ու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Իշխող անարդարությունը բացատրել է շահագործումով, հարստահարությամբ։ Ջ. խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին (Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին անվանել է Գայլածին)։ Նրա բոլոր երգերում առկա է դեմոկրատական շունչը, շատ գաղափարներ աշուղն արտահայտել է այլաբանորեն (Այծյամ, Սիրուն հավ, Ես մի ծառ եմ ծիրանի, Հո տառը, Քաջ բազե ևն)։ Ջ. քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ ձախորդ օրերը կուգան ու կերթան։ Նրա համար խորթ են ազգ. և կրոն. խտրությունները։

Նա երգել է համերաշխություն, եղբայրություն, երգել է հայրենիքը, ինչպես նաև մաքուր ու անաղարտ սերը, այդ երգերից շատերն այժմ էլ երգվում են (Պաղ աղբյուրի մոտ, Նազելույս ամպ է իջել ևն)։

Ջ. հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջ. XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգ. դպրոց։

Ջ. աշուղական երգը մաքրել է արլ. ճոռոմաբանությունից, օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։ Մեզ է հասել Ջ-ի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։ Թուրքերենից փոխադրել է Աշըղ-Ղարիբի հեքիաթը (1887), Քյարամի և Ասլիի հեքիաթը (1888), Մելիք-Շահի հեքիաթը (1898)։ Երգչի ստեղծագործությունը բարձր են գնահատել հայ և ռուս արվեստագետներ, գիտնականներ (Հ. Թումանյան, Մ. Գորկի, Ն. Մառ, Վ. Բրյուսով, Վ. Կիրպոտին և այլք)։


Կ. Դուրգարյան



#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:21 AM

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին


Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք:

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած,
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։


1883


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:22 AM

ԿՈԻԳԱՆ ՈԻ ԿԵՐԹԱՆ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։

1892


#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:22 AM

ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ

Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.
Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում
Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,
Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,
Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.
Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,
Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:


#5 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:22 AM

ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ

Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,
Ունեին լավ գինի, գառի խորոված.
Երգում էին, պարում էին, բոլորած.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին.
Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի.
Առանց նրան ես չեմ մնար կենդանի.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:


1883


#6 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:23 AM

ԽՐԱՏ

Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,
Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ
Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,
Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ:

Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,
Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,
Անմահ հիշատակը բարի անունն է,
Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։

Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,
Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,
Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,
Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:


#7 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 16 April 2008 - 04:23 AM

ԱՇՈԻՂՆԵՐԸ

Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:

Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,
Աշուղները ցնծության մունետիկ են։

Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:

Զիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։


1900





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users