Jump to content


Photo
- - - - -

Միսաք Մեծար


  • Please log in to reply
135 replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 14 April 2008 - 09:08 AM

Միսաք Մեծարենց
Մեծարենց Միսաք Կարապետի (իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886, գ.Բինկյան (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքին մերձ)22.6.1908, Կ.Պոլիս) ― հայ բանաստեղծ։
Կենսագրություն
Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի Անատոլիա գիշերօթիկ կոլեջում (1896-1901)։ 1902ին ընտանիքի հետ տեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստիկացող հիվանդության պատճառով։
Գրել սկսել է 1901ից։ 1903ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝Մասիս, Հանրագիտակ, Արևելյան մամուլ, Լույս, Սուրհանդակ, Մանզումեի էֆքյքր, Բյուզանդիոն։ Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է Բաբախումներ ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ Ծիածան, Նոր տաղեր։
Մահացել է թոքախտից։
Ստեղծագործական աշխատանք
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրականքննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մ.Պեշիկթաշյանից և Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների (Ինր արբեցությամբ...)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության անմարդկային անձնաբանությանը, Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է անանձնական ուրախություն, որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին (Տո՛ւր ինձի, Տե՛ր..., Ըլլայի, ըլլայի բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներ (Ջրտուք, Որթին տերևը, Տկճորին երգը)։
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավերի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:16 AM

***

Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
հոգիներուն կ՚իջնե երազ մը բուրյան,
ի՜նչ հեշտին է մթնշաղն այս սատափե:
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
օրորվելով մաքուր շունչ մը կը հեւան.
մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտեւան՝
զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց ,անխոս հուրի՜ դյութական.
հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
շատըրվանին կ՛իջնե գուռին մեջ կաթե:
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
նըվագն անոր կը հեծեծե հեշտական:
Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե...:


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:17 AM

ՍԻՐԵՐԳ


Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ'անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...
Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...


#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:17 AM

ՁՄՌԱՆ ՑՈՒՐՏ ԳԻՇԵՐ

Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
թո՜ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին
ու զով շաղերուդ կախարդանքը թաց:
Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
հոսե՛ սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ
պուտ-պուտ կաթեցու՛ր հոդվույս սիրաջեր:
Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
կուզեմ որ մեռնի՛ն տիվ ու ժամանակ`
ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:
Ու դաբիրներու՜դ իյնամ ծնրադիր,
այս պաղատագին շարժուձեւիս մեջ,
ու մինչ կողողեն զիս ցոլքերդ անշեջ,
աչքերս ալ մոռնան տակավ այս նատիր:
Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՛ զիս,
ընդունե՜, միստիք ո՛վ անդորրություն,
իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
եւ համբույրն անանց` զոր կուտա հոգիս:
Սենյակս է լեցուն հուշքերովն աղի
երեկի հովին վայրագ տարփանքին.
ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
վախը գրգանքին անոր կատաղի:
Ն՛երս խուժե ուժգին. նե՜րս պատուհանես
ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
քու սրբությունով իր խորշերն հորդին,
եւ ես արթնանամ վաղնջուց քունես:
Համբույրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ կախարդանքը թաց:


#5 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:18 AM

Հյուղը

Դաշտի ճամփու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյուղն ըլլայի:
Ու գգվանքով կանչեի
ես ճամփորդներն անժաման,
ու ճամփուն վրա մենավոր,
ու ճամփուն վրա ոսկեման,
եկվորներուն դիմավոր՝
ծըխանիս ծուխն ամպեի:
Ու գրգանքիս կանչեի
ուղեւորներ պարտասուն
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի,
հազար բարիք ես տայի.
գոլը կրակին ճարճատուն,
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր մրգերն աշունի,
ու մեղր,ու կաթ ,ու գինի...
Ու լսեի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն՝
երգն իրիկվան եկվորին.
ու ճամփեի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկվան եկվորին:
Ու լսեի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկվան եկվորին.
ու դիտեի ես այգուն,
ու խոկայի օրնի բուն
երթն իրիկվան եկվորին...:

Ու ձմեռներն ալ համբուն ,
հըրավիրակ զըվարթուն,
կանգնեի քովը ճամփուն
ու ձյունապատ հեք մարդուն
ես հայրորեն , լայնաբաց
երկու թեւըս պարզեի.
մի՜շտ քաղցրագին, նյութացած
հըրավերներ ըլլայի:
Ա՝հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամփու մը վըրան
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյու՜ղն ըլլայի:

Edited by Ashot, 14 April 2008 - 09:19 AM.


#6 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:20 AM

ՍԻՐԵՐԳ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,
կ'ըլլամ շիկնոտ ու թրվռուն՝
ինչպես կ'ըլլա բուրումնանետ
վարդենիքեն անցնող առուն:

Եվ ջուրին պես այն թրվռուն,
քու նախընծա գրկանքիդ հետ,
մոլորվելով կ'ըլլա անհետ՝
գետ հոգվույդ մեջ սրտիս առուն:

Ու գետին պես՝ սրտիս առուն
կը տանիս քու մահվան ճամփեդ,
զարնելով զայն մերթ ծաղկավետ
ափունքներուն, մերթ քարերուն

***

Ու կը սահի ճյուղ մը վարսքենմետաքսե՝
իր ծիծերուն մինչև ծմակը շուշան:
ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,
ու թղթիկը իր բոց բառերը կ'ըսե,
իր տառերը կտրոփե մութին մեջ...


#7 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:20 AM

ՄԵՐԺՈՒՄ

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե ոչ ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:

Դժնե ոչ ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ ոչ ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի:


#8 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:21 AM

ԵՐԱԶ ՕՐԵՐ

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:


#9 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:22 AM

ԹՐԹՌՈՒՄՆԵՐ

Լույսի բիծեր ծիրանի
կ'ասղնտեն քողքը մութին.
լուսնի ցոլքեր կ'անհետին
խորքը ծովուն հոլանի:
Հըմայքներով փողփողուն,
հեշտություն մը կապույտի,
հանդարտորեն կը ժպտի
հոգվույս մըռայլ տենչերուն:
Սիրո հուշեր լուսավետ,
դողդոջուն ու ցնծագին,
արագորեն կը ծագին,
հըպարտ կ'անցնիմ երբ քովեդ:
Ըզգացում մը բյուրեղե,
ծիածանի երանգով,
ցավոտ հոգվույս մութին քով
լույս ակոսներ կը պեղե:


#10 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:23 AM

ՄԱՐՄՆԻ ՎԵՐՔ, ՍՐՏԻ ՎԵՐՔ

Մարմնի վերքը` արտաբացված դանակե`
Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե.
Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե,
Մարմնի վերքը` արտաբացված դանակե.

Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ,
Սեւով անքակ, խոցերով ժանտ է պատած.
Խեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքված
Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ:

Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,
Անցնելով նա մոռցուկ կ'ըլլա շատ կանուխ,
Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.

Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարած
Ողի մ' ունի, արցունքներու զերթ մեկ ուղխ.
Սպեղանին անոր երկինքն է պահված:


#11 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:24 AM

ՑԱՅԳԱՆՎԱԳ


Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ո՛վ չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ո՛վ չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կերգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե՜ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն:

Զանգակները կը հնչեն, երգերը կոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնու՛նդն է:

Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնու՛նդն է:

Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանան. հոգիներու ծնունդն է:

Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնուննդն է:

...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, միշտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնունդն է...


* * *


Քու խորհուրդիդ վեհության առջև, ո՜վ սիրական ու պաշտելի գիշեր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ:

Ո՜վ սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր:

Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո՜վ Տեր, ապրիլ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տուր ինծի, ով Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե:

Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ:

Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...


#12 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:25 AM

ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:

Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:
Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...


#13 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:26 AM

ԱՇՆԵՐԳ

Ե. Պ.-ին

Սա՜րն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:

Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին՝ հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելի՜ անդին՝ կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օ՜հ, իմ երազիս ճերմակ աղավնի՜ն:

Հո՛վը, հովը՝ որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկան Սեպտեմբերին հովը՝ որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հո՜վը, որքա՜ն մսեցուց արդյոք հոգյակդ, ա՜հ, որքա՜ն, որքա՜ն, երազանքիս սպիտակ աղավնին:

Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը՝ տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր՝ անշիջանելի՜: Այս իրիկուն, օ՜հ այս իրիկուն, ի՜նչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, ի՜նչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես՝ որ հորիզոնին ծայրը կը բարձրանա՝ աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օ՜հ, ի՜նչ քաղցրություն է այս՝ զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. ա՜հ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դու՛ն ալ, սպիտա՜կ աղավնիս, դու՛ն ալ լուսնին նայեցար...


#14 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:33 AM

ԲԱԲԱԽՈՒՄՆԵՐ
< 1901-1903 >


ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Աղջամուղջին մեջ գիշերը կերազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.

Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կերազե զերթ անդունդ.
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքերը կը թորին:


1903, հունվար

ՀԻՇԱՏԱԿԸ
Կ. Մկրտիչյանի հիշատակին

Ձմրան ցրտին հովերեն վերջ
Զըվարթ գարունը ժպտեցավ.
Ընձյուղեցան թուփերն ու պերճ
Ծաղիկները ծլան կարգավ.

Բայց հիշատակն անոր, ավա՜ղ,
Հողին տակը թաղված մնաց.
Լքված հոգվույն անունը վաղ
Մոռացոնքի վիհին գնաց:


1902, հոկտեմբեր

ՓՈՒՆՋԵՐԸ
Գ. Շահինյանի հիշատակին

Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն`
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեղ շրջպարին:
Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սփռել կուղարկեմ.
Փունջեր ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:


<1903, հունվար>

ՆՈՐ ՏԱՐԻՆ

Այս գիշեր հագված, սգված նոր տարին
Առտվան լույսին կըսպասե տենդոտ.
Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն
Մեր գիրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր.
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կարձագանքեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կօրրե զայն ուժգին.
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերը ըղձանքներու մեջ:

Գիշերվա վերջին պահերուն լռին
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
Եվ բեհեզներովն կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կու գա նոր տարին:


1902, դեկտեմբեր


ԱՍՏՂԵՐԸ

Լույսի բիծեր ծիրանի
Կասղնտեն քողքը մութին.
Լուսնի ցոլքեր կանհետին
Խորքը ծովուն հոլանի:

Կապույտը կը ծածանի
Կամարին ջինջ ու հանդարտ.
Հրապույրն անոր գեղանի
Կառինքնե աչքերն անթարթ:


***

Աստղերը լուռ կը հալին
Մութին մեջ մինչև առտու.
Նման ցավոտ սրտերու,
Որ թաղված են առանձին:

Անշեջ հուրքով մը վառած
Կայրին անոնք հավիտյան.
Իրենց վիշտը միշտ կու լան
Լույս արցունքով տխրամած:


1902, դեկտեմբեր


ԱՐԵՎԱԳԱԼԸ

Հորիզոնեն վար լույսի պար մը կիջնե,
Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս.
Շուտ կանհետի մութն ու խավար կու տա խույս,
Աշխարհ արփվույն հուր գալուստը կողջունե:

Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ,
Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին.
Ու զմրուխտի, ադամանդի երանգներ
Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին:

Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի,
Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ,
Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜:

Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր,
Ուրախության ժպիտներուն տակ անհուն.
Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր:


< 1901, հունիս >

ԿՅԱՆՔԻ ԵՐԳԸ

Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին
Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին.
Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին,
Ունայնություն մը կը պրկե կյանքը սին:

Ամեն ծաղիկ խամրում մունի իրեն մոտ.
Ու ամեն կյանք` մութ ստվեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ
Ամեն հույսեր դեռ չըծլած կանհետին:

Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի
Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով,
Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի,
Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով:

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ, ըսավ,
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ`
Զինք մոռցնող ժպիտները լուսացան:

Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին
Մերթ ամպերու գորշությունով կաղարտի,
Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին,
Անձրևն, այդ լաց, սակայն երգն է ավարտի:

Ամեն անձրև արև մունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ հաջորդե ժպիտներուն երբեմնի:


1903, հունվար


ՀԻՎԱՆԴԻ ՀԵՎՔԵՐ
(Ցայգերգ)

I

Վանդակին մեջ փակված հեք
Թռչնիկին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր:

Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սև պար մը կա
Նվագներու տրտմալար:

Թռչնոց ճիչին պես հիմար
Եվ նվաղկոտ կերկերին,
Թույլ խաղերու մեջ տկար`
Մութ երգերս կերկարին:


II

Լուռ քերթված մը կապույտի
Կերգե ցայգը լուսավոր.
Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր:

Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն.
Արձագանգ մը հեռավոր
Թողլով իրենց ըշտապեն.

Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափի մը մեջ ուժգին:
Պատուհանեն հեռավոր,

Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խռովեն զիս անլուր:


III

Անշարժ կեցած մեկուսի
Կը հեծեծեմ սգավոր.
Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր:

Պիտի ըլլա՞ օր մարդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զվարթությունն անոնց կույս:

Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ.
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
Մտածումներս դժխեմ:

Եվ անուրջներ ոսկեզօծ`
Լուռ` մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոնց հոծ
Թուխպը լույսի փապարեն:


1903, հունվար 29, 30, 31


ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ

Փթթեցեք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մաղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:

Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:

Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր

Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցեք միշտ ընկճվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:


1902, մայիս

ՀԻՇԱՏԱԿ

Գիշեր է լուռ, մութը պատած է չորս դին,
Մըտածում մը կը սավառնի վեր, ետին,
Ստվերամած ու մթասքող ամպերուն.
Եվ կիսատված խուրհուրդներս թև կառնուն.

Մըտածում մը կը սավառնի վեր, հեռո՜ւն,
Խորհրդավոր քողարկումի մութին տակ.
Ու աչքերս խորհրդամած, սևեռուն,
Բյուր խորհուրդներ կը բերեն ինձ անհատակ.

Խորհրդավոր քողարկումի մութին տակ
Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.
Կարթըննա մեջըս բյուրավոր հիշատակ:

Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.
Մութը խորին, ու բույլ մանշեջ հիշատակ
Սարսուռներով կը համակեն զիս հանկարծ:


1902, հունիս


ՏԵՂԱՏԱՐԱՓ

Մութ մը թանձր ու հոծ պատեր է չորս դին.
Ամեհի հևքը կը լսվի ծովուն.
Տենդեր, բյուրավոր խորհուրդներ մթին
Կը ցնցեն հանկարծ միտքըս վրդովուն:

Օձաձև լույսի երիզներ ճերմակ
Կը փայլատակեն շողյունով արագ.
Եվ որոտումներ, ահավոր համակ,
Գոռ դըղրդումներ կը տեղան վայրագ:

Հորդ անձրևներու տարափներ թոնուտ
Խոլ ջրվեժներով մայթը կը ծեծեն
Խառնակ շողյուն մը երկարելով բութ`
Իրենց մոլոգին ու վայրագ ծեծեն:

Իմ սիրտս ալ տրոփուն կը փղձկի հանկարծ,
Եվ զայն կը ծեծեն հույզեր անհամար.
Անհաս տենչերու ճիգեր մշտարծարծ
Կը լուսավորեն իր մռայլ կամար:


1903, փետրվար. 12

ԱՆԴԱՐՁ

Գյուղին արևը կը հատնի լռին.
Նեղ արահետեն, մոտեն բլուրին,
Կապույտ-Դարն ի վեր դագաղ կը տանին.
Հոն կը նիրհե խոր, դժբախտ պատանին,
Ճերմակով հագված անդա՜րձ ուղևոր:

Ճերմակով հագված անդարձ ուղևոր,
Կը թողու հայր մու մայր մը սըգավոր
Սև օճախի մը մեկ հատիկ բոցն ալ`
Ցուրտ հովեն փչված պիտ չըշողա ալ.
Խրճիթն ալ պիտի մխա օրե օր:

Խրճիթն ալ պիտի մխա օրե օր,
Ինչպես գիշերն որ կը խոկա տխուր,
Արագ խուսափումն արևին փարփառ`
Զոր ուրվականներ տարին անբարբառ,
Բոց դրոշներով, ցնցումով կարմիր:

Բոց դրոշներով, ցնցումով կարմիր,
Այգուն կը տոնեն սեգ վերադարձն իր,
Ու սև պրկումներ զայն շուտ կը թողուն:
Բայց կսկիծը սուր, սուգը վրդովուն,
Ճերմակ պատանքն ա՜լ չեն քակվիր տղուն:


1903, փետրվար 15


#15 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:37 AM

ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՄԸ
"ԾԻԱԾԱՆ"-ԻՆ ԱՌԻԹՈՎ


"Ծիածանի"-ի հեղինակը գավառացի երիտասարդ մըն է. Ակնեցի` Մերուժան Պարսամյանին պես, սա՛ տարբերությունով որ մինչ Պարսամյան թոթափած է իր ծննդավայրին ազդեցությունը, Մեծարենցի մեջ տեղ տեղ նշմարելի է անոր հետքը: Բինկյան` Մեծարենցին գյուղը` Արածանիի ափունքը ժեռուտ խորշի մը մեջ ամփոփված է. բայց քերթողին թողունք իր գյուղին նկարագրությունը.

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,

Տարտամորեն, հսկայական արծիվի մը ձևերով,

Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

("Ծիածան", Այգերգ)

Այս գյուղը` որ իր ծառաստանները ու իր արոտավայրերը իր դիմացը առած նստեր է, թեև ինքնին համակ բանաստեղծություն, զարմանալի է որ ժամանակին չէ ունեցած իր սիրերգակները, աշուղները. իր երգերը ամենն ալ Ակնա մտքին ծնունդներն են` կամ անոնց այլացումները (variante). ուրեմն Մեծարենցին մնացեր է անոնց առաջին "Մտքի գինով"-ը ըլլալու փառքը. սակայն, որքան ալ որ հպարտ զգա ինքզինքը այս մասին, մյուս կողմեն ալ չի կրնա չցավիլ, որ իր հաճույքը անխառն չէ. որովհետև "Ծիածան" իր ծննդավայրին հարազատ ցոլացուցիչը չէ, կամ չէ' կրցած ըլլալ` այքնան կանուխ բաժնված ըլլալով անկե. ինչ որ մնացած է իր քով անկե, խանդաղատելի մանկականությամբ մը հիշակերտված, անշուշտ չպիտի բավեր հզոր լիություններ արտահայտելու:

Հիմակ որ "Ծիածան"-ին մեջ գյուղին դերը ճշդվեցավ, կարելի է ասել անմիջապես թե իրեն գլխավոր ազդակ եղած են Պոլսի միջավայրը, ֆրանսիական գրականությունը կամ քիչ մըն ալ անգլիականը. այս ազդեցությունները սակայն բացարձակ եղած չեն, քանի որ Մեծարենց անոնց մենամոլությունը ունեցած չէ:

"Ծիածան"-ի հեղինակը կամ Շավասպ Ծիածան, մեր նոր բանաստեղծներուն մեջ նորագույններեն է. 1903-ին սկզբնավորված, ահավասիկ քիչ ատենի մեջ խուրձ մը երգեր կը բերե մեզի. պե՞տք է բարեդեպ նկատել նորագույներուն այդ փութկոտությունը. "Անրջանք"-ի բազմաբեղուն հեղինակը վաղը իր մտքին երկվորյակը պիտի ծնի... մինչ անդին, ավաղ, Գոլանջյան դեռ չէ տրցակած իր երկին նախհունձքը :

Չըլլա՞ որ օր մը այս աճապարկոտները զղջան իրենց եռանդին վրա, ինչպես ըրին երբեմն "Մրմունջք"-ին և "Հիշատակաց ծաղիկներ"-ուն հեղինակները . մեկը իր հատորին "ներողամիտ ընթերցողը ըլլալե ավելի անոր անխնա քննադատը" դարձրավ. իսկ մյուսը "մորուտի սեզեր" կոչեց իր երբեմնի ծաղիկները: Ինչ լեղի հեգնություն ըլլալու է, իրա'վ, տարիներու ճշդացույց ապակիին մեջեն իր պզտիկությունը, իր ոչնչությունը դիտել. բայց այս դառնությունը միևնույն ատեն առողջ քաջալեր մը, զտված հպարտություն մը չէ՞ միթե. միշտ արհամարհել, նույն իսկ ատել կարենալ երկի գոյությունն ու արժանիքը դեպ ի բարեշրջում առնված երջանիկ քայլին մեջ, օհ, ինչքան զգացված վայելք մը ըլլալու է ասիկա:

"Ծիածան"-ի հեղինակն ալ կրած է անշուշտ այս տպավորությունները, որովհետև իր ընթացքը թվաբանական հառաջատվություն մը եղած է դեպ ի բարելավում, ինչ որ պիտի կրնանք տեսնել հետևելով իր հետզհետեական բարգավաճումներին:

Երբ իր առաջին հրատարակությունները քննենք, կը տարվինք հարցնելու թե արդյոք կանուխ հրապարակ ելած չէ՞ Մեծարենց, և կամ պիտի չշահե՞ր սպասելով որ հակումները զարգանային իր մեջ. և ուժի կատարյալ գիտակցությունով սկսեր իր բանաստեղծական վերթևումներուն. այս հարցումին պատասխանը երևութապես դրական, կերկճղի սակայն երբ քիչ մը հոգեբանորեն քննվի խնդիրը. կամ այն է որ իրոք պիտի կրնար առանց հրապարակվելու աճեցնել իր ձգտումները, հակումները ճշդել, խորհրդածել, զարգանալ, լիանալ վերջապես. և կամ գուցե իր խարխափանքին մեջ չգտներ լուսավոր ճամբան, զուրկ ըլլալով լավագույնը արտադրելու փառասիրության օրըստօրեական մղումեն, այս մասին բացարձակապես խոսիլ անկարելի է:

Իր առաջին հրատարակությունները, ուրեմն, որոնք իր առաջին արտադրությունները չեն սակայն, ունին իրենց մեջ անարժեքներ. հեղինակը արդեն խոհեմությունը ունեցած է անոնց մեկ մասը կապոցեն դուրս թողնելու, տակավին նետվելիքներ կային անշուշտ, բայց հոս վարանած է հեղինակը, որովհետև իր կարծիքով, ինչպես առիթ պիտի ունենանք տեսնելու, ի'ր կարծիքով այդ զանցառելի հասկերուն թիվը ա'յնքան շատ պիտի ըլլար, որ ... հազիվ քանի մը ատոքներ պիտի մնային: Բայց ասիկա զուտ անձնական կարծիք մըն է, ու սահմանը մը կա` ուրկե անդի անցնելու իրավունք չունի հեղինակը. այդ սահմանը` ոչնչությունները կը գծեն զայն, ուրեմն ինչ որ աչքառու, բացարձակ ոչնչություն մը չէ, հեղինակը արտաքսել չի կրնար. ի՞նչ է որ բանաստեղծին կոչումը. "Բանաստեղծը Սիրո կը նամանի. և իր պաշտոնն է ճամբաները լուսավորել: Անիկա կառնե կտանի յուրաքանչյուր հոգի իրեն ճակատագրված վայրերեն և ցույց կու տա անոր հրեշտակային գանձեր": Այսպես կը սահմանե բանաստեղծին դերը Սեն Ժորժ տը Պուելիե` բնութենապաշտներուն ռահվիրան : Որքան ալ որ գեղեցիկ դեր մը արժանավորապես կատարած ըլլալու հավակնությունը ունեցած չըլլար "Ծիածան"-ի հեղինակը, դարձյալ ի՞նչպես չխղճահարեր մտածելով թե իր անարժեք նկատած մեկ ոտանավորը, ո՞վ գիտե, իրմեն շատ ավելի պարզ հոգիի մը համար պզտիկ լուսավոր ճամբա մը պիտի բանար թերևս...


* * *


Տեսնենք հիմակ թե բանաստեղծին մտքին մեջեն ի՞նչպես ծիածանվեր են հավիտենական զգացումներն ու մտածումները:

Կրնանք երկու շրջանի բաժանել իր ոտանավորներուն շարքը, սկզբնական շրջանը` որ խարխափանքի շրջանն է. և մյուսը` որ քիչ թե շատ գիտակից է ու ինքնավստահ: Իր կանխագույն ոտանավորներուն մեջ, որոնք առաջին շրջանը կը կազմեն, նշմարելի է սկսնակի վեհերոտ թոթափումը. հոն զգացումներն ու անոնց արտահայտությունները սաղմնային անստույգություններ ունին. տեսակ մը տպավորական-նմանողական ազդեցության տակ գրված են անոնք` որ բնավ չեն կրեր եսին ցոլքը, ինքնության դրոշմը. այս կարգեն են, օրինակի համար, այս հատորեն դուրս թողվածները և անոնց անմիջական հաջորդները, ինչպես "Ցայգերգ"ը (Դադրեցան ձայներն ամեն...)` որ սիրային հասարակ ոտանավոր մըն է. նույնիսկ "Եկուր"-ը, "Վայրկյանները", երկու "Աշնանայինն"-ները, "Սեռենատ"-ը և ուրիշ մեկ քանիներ. ասոնց մեջ երբեմն նույնիսկ զգացումը կեղծված է:

Ո՞վ, արդյոք ո՞վ,

Պիտի տանի սրտես հեռու

Վայելքն աղու

Գրգանքներու`

Որոնց հոգիս հափրանքն ունի

կըսե բանաստեղծը, որ վերջեն պիտի երգե հաճախ սպասումը: Չմոռնանք հիշատակել այս առաջին շրջանին հրատարակած ուրիշ երկու ոտանավորներ ալ. "Քուն"-ը և "Ան իմ սիրտս է..."-ն. քննադատ մը "Վեռլենյան վարնոց կեղծարարություն" պատվանունը տված էր ասոնցմե առաջինին, մինչև հոդ երթալու պետք կա՞ր, չեմ գիտեր, ըսելու համար պարզապես, թե այդ ոտանավորը մեծ բան մը չէր արժեր. ես որ Վեռլենը դեռ կարդացած չեմ, փոխանակ ուրախանալու այդ մերձեցումին վրա, պարզապես զարմացա որ ինքնին շա'տ քիչ նշանակություն ունեցող բանաստեղծություն մը Վեռլենին հետ բաղդատության եզր կազմելու կը ծառայեր: Ուրիշ քննադատ մը լալկանություն կը հռչակեր "Ա'ն իմ սիրտս է..."-ն. օհ, աս լալկանություն բառը շա'տ չարչարված է, իրա'վ որ. մեկը որ մեր բանաստեղծները դատափետելու մարմաջեն կը բռնվի, երգիծանքը բանաստեղծութենեն զանազանել չկրցող օրիորդ մը ըլլա ան թե հարգելի եկեղեցական մը, նեցուկ մը ունի արդեն պատրաստ` "լալկանություն"-ը, չե'մ ջատագովեր երբեք, ու մանավանդ կատեմ, անջիղ, հիվանդագին ու մանավանդ ուզված, բռնադատված տխրությունը. սակայն մյուս կողմեն չմոռնանք ալ հոգեկան տրամադրություններն ու պարագաները` որոնց տակ կարտադրվին էապես զգացված տխրությունները: Դառնալով հիշված ոտանավորներին, ըսեմ դարձյալ թե հեղինակին աչքին մեծ բան մը չերևար անիկա. ու հետո, պզտիկ մեջբերում մըն ալ, եթե չեք ձանձրանար.

... Թույլ խազերու մեղկություններ չունի ան,

Այլ կը սահին հզոր կուրծքին բյուր ձայներ,

Բամբ թառանչներ` հոծ ու մըռայլ,

Հովն երբ պոնդեր կու տա նամետ գիշերին:

(գիշերը` Եվոլյան տավիղի նմանեցված)

Ակնածանքով դիտել կու տամ թե ասիկա լալկանություն չէ' երբեք: Այս հիշվածներուն հատուկ սովորականութենեն շեղված են "Սոնադին"-ը, "Նոպաներ"-ը, "Թրթռումներ"-ը. առաջին երկուքը զորեղ, իսկ երրորդը` վճիտ ու խորհրդավոր:

Երկրորդ շրջանին մեջ բանաստեղծը կը ցնցվի, քիչ մը ու փոփոխություններ կը կրե, թեև դեռ չի կրնար ամբողջովին սկրթել նետել սովորականությունը, ու երբեմն բոլորովին կենթարկվի անոր` ինչպես "Աղերսանք"-ին մեջ: Իր սիրերգությունները` այս շրջանին` կը դադրին ձուլված բաներ ըլլալե. և կսկսի իր սերը միշտ բնագեղ տեսարանով մը շրջանակել. զգացումին ընկերացող տեսարան մը կա, և կամ տեսարանեն վերջ զգացումը կու գա.

Իրիկունը արագորեն կը խոնարհի դեպ ի խավար.

Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,

Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ, հուզումնավար.

հետո.

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն...

ուրիշ օրինակ մը նախ.

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,

Եղնիկները` մըթնշաղին` դեպ ի գետափ կը դիմեն.

հետո.

Ես կերազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար

Լույս-պարիկին` որ իղձերս պսակելու պիտի գար:

Եվ ուրիշ մըն ալ` որ սապես կը սկսի.

Այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ` թեթևորեն.

Մշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի,

Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի.

և ապա.

Քիչ մըն ալ դո'ւն ժպտեիր, ահ, հոգվույս համար որ հիվանդ է.

Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ:

Ասոնցմե զատ ունի զուտ նկարագրական ոտանավորներ` որոնք զինքը կը բնորոշեն: Այսպես` "Ցնորոտ անդորրություններ"-ը.

Հեշտ փալփլուն գիշերներու անդորրություն մը ցնորական...

Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական.

Շանթե աչքեր, բոցե թևեր մտածումիս կանցնեն քովեն.

Դաշտերուն վրա հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.

"Աքասիաներու շուքին տակ"-ը` քնքույշ.

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե

Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,

Հոգիներուն կիջնե երազ մը բուրյան.

Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,

Վըճիտ` ինչպես լույսե արցունքը մանկան.

"Գետափի երազանք"-ը` արևոտ ու բուրումնավետ.

Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն.

Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի.

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,

Ինձ անծանոթ թավուտքներեն կը խրկեն բույրն հեշտանքի...

"Երազի պահեր"-ը` գիշերով ու երազով լի.

Մտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս,

Կանցնի փութով, անձկագին,

Մերթ լուսավետ ու մերթ անլույս

Ճամբաներեն իմ մտքին:

Ու կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն

Դեպ ի ափունքն երազիս:

"Տապի նոպաներ"-ը` տապագին ու բարբարիկ.

Արեգակի բորբ ընձյուղներ կայրեն ամեն իր անխընա.

Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող.

Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.

Բայց կը տևե դեռ ցորեկին բազմալեզու տենդն հրավառ:

"Հովին անցք"-ը` միստիք ու երկյուղալի.

Անդնդագալար օվկիանի պես

Կուռի այս գիշեր հովն ալիք ալիք,

Կը ծծեմ լեղի սարսափն իր ճամբուն...

Ե՞րբ պիտի հասնի իր հանգըրվանին

Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան.

Մարած է քրքում լույսը լամպարիս

Հորդող մութին մեջ հևալով տրտում.

Ահ քու'կդ եմ, ո'վ ձայն, ով միստիք ցնցում,

Մինչ դու կաթոգին հոգվույս կը փարիս:

"Սիրերգ"-ը, "Պետրոս Դուրյան"-ը, "Վերադարձի երգ"-ը, եթե ոչ հասարակ, գեթ հասարակ կերպով արտահայտված են: "Մթնշաղներ"-ը, "Այգերգ"-ը, հիվանդագին, ընկճող տխրություն մը ունին` որ քիչ մը կարդարանա թերևս սա' նկատումով, թե ճշմարիտ հիվանդ մըն է խոսողը, ասոնցմե տարբեր է անշուշտ "Արևին"-ը` սանձարձակ բանաստեղծություն մը` ուր հեշտագին, գրեթե այրող ջերմություն մը կա:

Գիշերերգությունները, լուսավետ կամ մթաստվեր, երկար տողանցք մը կը գծեն ամբողջ հատորին մեջ: Գիշերը երկար ատեն իր ազդեցության, իր խանդաղատանքին մեջ պահած է բանաստեղծը. սկիզբները քաղցր ու զվարթ է անոր գրգանքը.

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին.

կամ.

Քերթված մըն է ցայգն համորեն, ջինջ գեղոն`

Որ կերփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ.

և կամ.

Ցայգն է պայծառ անհունորեն,

Ցոլցլանքովն իր խոլապար.

Օդանույշներ` որ մեղմաբար

Կը մոտենան հոգվույս նորեն:

Պարզկա ցայգուն անուրջին մեջ

Լըվալ կուզեմ հիմակ հոգիս.

Եվ հըրահրիլ` երբեմնի շեջ

Աշտանակներն իմ երազիս:

("Ցայգն է պայծառ...")

Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը այնքան հմայիչ կըլլա, և սպասումը` այնքան քաղցրորեն տաժանագին.

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,

Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.

Փա~կ են :

Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա՜յնքան հմայիչ կըլլա, և սպասումը՝ ա՜յնքան քաղցրորեն տաժանագին.

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,

Ու շրթունքներս են բոցավառ՝ ջերմութենեն երազային.

Փա՜կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.

Ա՜հ, լռությունն՝ որ կը տևե, և ըստվերներն՝ որ կը քալե՜ն:

("Խոնջ իրիկունն արագորեն")

Շրթունքս են ծարավ միակ համբույրին...

Ցնծագին գիշերն է լույս ու լուսին,

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜:

("Սիրերգ")

Բայց գիշերվան սերը միշտ կը վերածաղկի.

Զգացում մը բյուրեղե,

Ծիածանի երանգով,

Ըսպասումի մութին քով

Լույս ակոսներ կը պեղե:

Ու այս սերը կերկարաձվի մինչև պաշտամունք. և այդ պաշտամունքը այնքան խանդոտ է, որ բանաստեղծը կուզե նույնիսկ գիշերին հավիտենությունը, բացարձակ, անկապտելի Աստվածությունը.

Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,

Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.

Կուզեմ որ դադրին տիվ ու ժամանակ,

Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:

Հետո երկյուղած աղերսանք մըն ալ.

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունե՜ զիս.

Ընդունե՜, միստիք ո՜վ անդորրություն,

Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,

Եվ համբույրն անանց՝ զոր կու տա հոգիս:

Բայց վերջապես կու գան ատեն մը՝ որ գիշերներու այս տարփանքը ժամանակ մը տեղ կու տա արևին ու տիվին հրայրքին.

Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի.

("Այգերգ")

Ու թող նըշուլե բաղձիկ հոգվույս մեջ

Ճառագայթը նախածին,

Վաղորդայններու քրքում արևին:

("Դեպի մոռացում")

Շողա, ով արև, շառափներովդ ոսկեծայր,

Մառախլապատ երկունքիս մեջ՝

Ուր մըտածումը կը դեգերի ուղեմոլար.

("Արևին")

Հոգիս ներս կը խուժե

Քրքումն՝ ալիքի նման

("Առտվան արևին մեջ")

Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն է աղերսանքներով, հոգերով, ցավերով, ու երբեմն ալ կայծկլտուն հույսերով լեցուն.

Անձուկին բոցը զիս պաշարեց, ըսպասման հիվա՜նդն եմ.

Գիշերներ միշտ անքուն կըսպասեմ ծիրանի ես դարձին:

Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջըրանու՜յշ պայիկներ,

Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ:

Փորձած է քանի մը ազատ ոտանավորներ՝ որոնցմե ոմանք չափին ավանդութենեն թեև զերծած՝ չեն կրցած սակայն տեղ տեղ վտարել արտահայտումի սովորական դարձած, մաշած, թելատած կերպերը: Օրինա՞կ կուզեք՝ "Դաշտերու մեջ"-ը՝ որ խճողված թանձրություն մը ունի.

Կյանքի թարմ կաթը ծծելու

Հեշտին այգուն ստինքներեն քաղցրածոր.

Այս կարգեն է նաև հետևյալ տողը "Ցնորոտ անդորրություններ"-ուն մեջ, որ մյուս տողերուն բնական խաղացքին մեջեն մարախի մը պես դուրս կը ցատկե.

Եվ հուրիներ նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին:

Ուրիշ տող մը "Գետափի երազանք"-են.

Ու կը նիրհիմ արբշիռ՝ հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:

Այս նեկտար բառին կրած չարչարա՞նքը հապա:

Տափակ տուն մըն ալ Այգերգ-են.

Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի.

Զերթ արևին լեզվակն ոսկի՝ որ կը ծծե մշուշն այգուն.

Ուր է ճաճանչն, հուրքը ջերմին՝ որ մառախուղն առնե տանի,

Սեր-Արևիդ (ևն, ևն,)

Անոնց թվում տաղտկալի հարկ մըն է. մինակ պետք է խոստովանիլ թե եթե ոչ շատ, գեթ բավական կարելի էր երկարել:

Հորինվածի տեսակետին գալով, ըսենք թե Մեծարենց ընդհանրապես հնչուն ու ինքնեկ հանգեր ունի, եթե ասիկա արժանիք մըն է. "ը" ձայնին հաճախությունը շատ զգալի է. բայց նորերը ատիկա ներդաշնակության պայման չեն նկատեր. ճաշակի խնդիր, թերևս: Գալով հատածի կազմության միջոցին բառերու վանկատումին, նորերը կը կարծեն թե եթե վանկը նայ տառերով կազմված ըլլա, ներդաշնակության դեմ չըլլալե ավելի արտասանության նրբություն մը կու տա. օրինակով խոսի՞նք.

Իր երանգնե/րը նրբին.

"րը" ձայնը, հոս ըստ տաղաչափության, ներելի չէ, իբրև դիմորոշ հոդով ավարտվող. նորերը անճաշակ չեն գտներ այս բանը, ըսի':

"Ծիածան"-ի բարբառը ունի երաժշտականություններ. իբրև օրինակ հիշենք "Շերամին նինջ"-ը և "Մտերմիկ տեսիլներ"-ը: Երկուքն էլ քերթության թանկ գեղորներ:

Կրճատումի խորթ ձևեր բնավ չունի "Ծիածան"-ի հեղինակը, որչափ որ կը հիշեմ, ասիկա իմ աչքիս արժանիք չի թվիր. դար մը վերջի սերունդը ապահովաբար մեզ ամենս ալ մեկ ջրով պիտի լվա. մեջը ըլլալով այս մասին ամենեն խղճամիտները. և կամ, օրինակի համար, լեզվական խորթություններ, ոչինչ, բայց ոչի'նչ կը պակսեցնեն արժանիքեն. ինչպես որ անոնց չգոյությունը դրական արժանիք մը չենթադրեր:

Իր ձայնյակները անստգյուտ հորինված մը ունին, կարծեմ ասիկա դրական արժանիք մը չէ անշուշտ, բայց մեկը որ ձայնյակներ (սոննետ) գրել կուզե՝ հարգելու եղած կանոնները և կամ հրաժարվելու է ձայնյակ գրած ըլլալու հավակնութենեն՝ որ մազի չափ իսկ արժեք չունի:


* * *


Վերջակետեն առաջ կրնանք ըսել թե "Ծիածան"-ը ունի թերություններ՝ ինչպես արժանիքներ. մետը անշուշտ արժանիքին կողմը պետք է ծռի, այլապես գոյության իրավունք ձեռք բերելու չէր. սակայն այդ արժանիքը, հարաբերապես, այսինքն բանաստեղծության ընդհանրական ըմբռնումով՝ մեծ բա՞ն մըն է արդյոք. օ՜հ, ո'չ անշուշտ: Եթե "Ծիածան"-ը հասուն ու բազմակողմանի գործ մը չէ, տարակույս չկա, որ վիժած մըն ալ չէ: "Ծիածան" մութին մեջ խարխափանք մը չէ. նշմարված ճամբաներուն լույսը կը թրթռա հոն. ճամբորդը դեռ կը դեգերի սակայն, եթե չի վարանիր. ասիկա բնականու ներելի է դեռ շա'տ երիտասարդ հեղինակի մը համար՝ որ տակավին իր մտային զարգացումին լիությանը մեջ թևակոխած չէ: Ակներև է, որ համաշխարհիկ բաբախումներ չունի իր սիրտը. պզտիկ կամ մեծ, անձնականություններ միայն ունի դեռ. ամբողջովին բնությունով տոգորված չէ. բնությունը գխագիրով (ինչպես պիտի ուզեր ըսել Հարությունյան ճարտարամտորեն), լեռն ու դաշտը, հեղեղատն ու առուն չեն մինակ բնությունը, ըսելու հարկ կար:

Փափաքելի էր ուրեմն, որ Մեծարենց ջանար իր էութենեն դուրս ելլել. չէ թե մինակ "Ծիածան"-ի հեղինակը այլ մեր բոլոր բանաստեղծներն ալ մերկանալու են այլևս եսին տաղտկալի ոչնչաբանություններեն. մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ' իրապես. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը: Բանստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն:

"Ծիածան"-ի գրախոսականներեն մեկը ըլլալու սահմանված այս գրությունը եթե այսքան ուշ կը հրատարակվի, իսկապես ժամանակավրեպ մը չէ սակայն, քանի որ այս "Ինքնադատություն"-ը (ինքնադատության փորձը) կրնա կերպով մը "Նոր տաղեր"-ուն հառաջաբանը նկատվիլ. վասնզի "Ծիածան"-ի հեղինակը գեթ մասամբ իր խոստումը հարգած ու հավատքը իրագործած ըլլալու գիտակցությունը ունի, իրեն և մանավանդ ուրիշներու ուրախության համար:


< 1906, հոկտ. 9 >

Այսօրվան "Ծիածանը" որչա՛փ ալ նախնական ու աղոտ գույներ ունենա իր վրա, առաքելությունն է այն հորդ արևին և բեղուն անձրևին, որ իր հետևը պահած կա:

Հ. Տեր-Հակոբյան

Ահա և Ծիածանը. թող ծիածանվեն բոլոր զգացումները.

Նորից չեմ տեղադրի այն բանաստեղծությունները, որոնք արդեն կան այդ ժողովածուից:


#16 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:37 AM

ԾԻԱԾԱՆ
1903-1906
ԿԱՅԾԵՐ

Հոգվույս դափ ու թմբուկի
Կիջնե ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պես ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ հուշեր:

Բամբիռներու երգին հետ
Քու շահենի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
Կայրի հոգվույս մեջ նորեն:

Գինով՝ աննյութ նեկտարեն
Համբույրներուն ծաղկանույշ՝
Հոն խոլաբար կը պարեն
Շարժուձևեր բամբիշի:

Ցայգն համրորեն կը մաշի՜,
Ա՜հ, քի՜չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կուզե հոգիս գինովնալ
Նայվածքիդ մեջ հրահոսան:


#17 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:38 AM

ՑԱՅԳԱՆՎԱԳ

Կու գա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մընդհատին,
Հասնի գիշերն երջանիկ:

Արևելքի գիշեր մը ջինջ,
Շափյուղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով:

Ծառաստվերի տակ սխրալի,
Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու:

Ու կը շրջի անտես ոգին
Հոն անտառի ծառերուն`
Խարշափն որոնց, թույլ հեշտագին,
Կը նվագե օրորուն:

Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
Արահետները նրբին,
Ու երազներս ականակիտ
Հետզհետե կը թափի՜ն

Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի՛ս,
Դեռ մինչև ե՞րբ տառապիմ
Պրպտելով անրջանքիս
Թոշ ծաղիկը մտերիմ:

Գուցե վաղը մթնե հոգիս,
Գուցե դո՜ւն ալ թարշամիս,
Մեղծեր հըմայքն անրջանքիս
Ու ծաղիկը պաշտումիս


#18 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:39 AM

ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ

Լույսը մարած սենյակիս մեջ,
Ուր կը հոսին գալար գալար
Հորդ ալիքները մութին,
Ու կանհետին
Արծաթ շողերն երազի.
Ես կը փնտռեմ մըտամոլար
Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:

Ես կը փնտռե՜մ,
Ըսպասումեն հոգիս համակ պատրաստած,
Ու տենչանքով մշտահած.
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վըրա նսեմ,
Լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:

Ու տակավ,
Կիջնե ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
Անձկությունով անպատում:

Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
Կանցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս,
Ճամբաներեն իմ մտքին:

Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
Ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարծական խուճապի մը մատնըված.
Ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
Քովը ճամբուն մթամած`
Ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:

Ես կը փնտռե՜մ,
Պատըշգամբին վրա կանգուն,
Զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
Հոգվույս մեգ ու խավարի
Անդոհության մեջ դժխեմ:

Պատըշգամբին վրա կանգուն,
Ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս`
Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն`
Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:


#19 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:39 AM

ՇԵՐԱՄԻՆ ՆԻՆՋԸ

Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ` դափին,
Որուն հուշիկ կընկերանա ձայնն երգեցիկ կիներու,
Եվ կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին,
Պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին:

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին`
Խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար.
Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ միասին.
Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին:

Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահը ըսպիտակ,
Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,
Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ
Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր



#20 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 14 April 2008 - 09:40 AM

ՄՏԵՐՄԻԿ ՏԵՍԻԼՆԵՐ

Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,
Կափկափելով համբարուի հեքիաթներ.
Թախծապատում բարբառի հոծ կշռություն,
Որ կակոսե լուռն աշնանի գիշերին:

Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ
Նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
Շարամանված պատմուճանն իր մըշուշե`
Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի:

Ու բոժոժին ձայնեղ` գանգյունն արծաթե...
Ու սայլորդին ըստվերն որ գո՜րշ` կերկարի՜,
Ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կամպանա`
Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users