Jump to content


Photo
- - - - -

ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻ


  • Please log in to reply
46 replies to this topic

#21 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:26 PM

Զ


ԸՆԿԱ ԾՈԻՂԱԿԻ ՄԵՋ
Ես վճռեցի երբեք չվերադառնալ քավոր Պետրոսի մոտ։ Երեք օր էր, հորս խրճիթից դուրս չէի եկել։ Ես դատապարտված էի նույն վիճակին, որպես Նենեն՝ չերևալ խաչագողներին մինչև այստեղից հեռանայինք։

Բոլոր ժամանակը ես և հայրս զբաղված էինք ճանապարհի պատրաստություններով։ Նենեն շատ ուրախ էր, անդադար շտապեցնում էր մեզ. Գնա՜նք, գնա՜նք, ասում էր, հեռանանք այստեղից։ Պառավը նույնպես տխուր չէր երևում, նա շուտով հաշտվեցավ հորս հետ բաժանվելու մտքի հետ, երբ իմացավ, որ նա մի հեռու երկրում կին ունի, զավակներ ունի և ցանկանում էր, որ ծերունին գնա իր ընտանիքը ուրախացնե։ Հայրս իր խրճիթը բոլոր պարագայով թողնում էր պառավին։

Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհի համար, մնում էր գրաստներ վարձել, տեղափոխվել մինչև մերձակա քաղաքը և այնտեղից փոստային սայլակներով առաջ գնալ։ Չորրորդ օրը վաղ առավոտյան ես ուղևորվեցա դեպի մոտակա գյուղը գրաստներ վարձելու համար։

Դուրս գալով հորս խրճիթից, զգում էի իմ մեջ մի անբացատրելի խաղաղություն, իմ սիրտը լցված էր անսահման ուրախությամբ, ես ինձ բախտավոր էի համարում և գոհ։ Կարծես թե ես ազատված լինեի խիստ ծանր շղթաներից, որ հարաժամ ճնշում էին, հարաժամ տանջում էին ինձ։ Այո , ես ազատված էի քավոր Պետրոսի կապանքներից, ազատված էի մի անբարոյական շրջանից...

Որպես մի մարդ, որ դեռ հազիվ զգաստացել է իր կատաղի արբեցությունից, ես մտաբերում էի իմ սարսափելի անցյալը... տեսնում էի աքն խորին անդունդը, լցված ամեն տեսակ ապականություններով, ուր բարոյապես ընկած էի ես... Ո՞վ դուրս հանեց ինձ այնտեղից՝ Նենեն և հայրս։ Հայրս սովորեցրեց լինել բարի, իսկ Նենեն սովորեցրեց սիրել...

Նախախնամության մատն էի տեսնում այդ բոլոր դեպքերի մեջ, որ առիթ տվին ինձ ազատելու Նենեի կյանքը և հանդիպելու հորս։ Թե՛ առաջինը և թե՛ վերջինը առաջնորդեցին ինձ դեպի ուղղություն։ Եթե Նենեն չլիներ, ես առիթ չէի ունենա հորս տեսնելու, իսկ եթե հորս չտեսնեի, ես գուցե միշտ կմնայի խաչագողների խմբի մեջ...

Դեռ արևը չէր ծագել, դեռ տիրում էր վաղորդյան մռայլը։ Գնալով դեպի մոտակա գյուղը, ես իմ գլխում կազմում էի մի գեղեցիկ ծրագիր մեր ապագայի մասին։ Ես պատկերացնում էի սիրելի հայրենիքը... իմ և հորս վերադարձը... մորս և քույրերիս ուրախությունը... և մեր խաղաղ ու հանգիստ կյանքը հայրենական օջախի կողքում...

Բայց ինձ տանջում էր մի ամենադժվարին հարց, թե ի՞նչ պետք էր անել Նենեի հետ։ Ես գիտեի, որ նա ինձանից չի բաժանվի, ես զգում էի, որ նրան թողնել չեմ կարող... Այդ հարցը երկար զբաղեցնում էր իմ միտքը, երկար ես տարուբերվում էի զանազան մտածությունների մեջ։ Իմ սիրային ասպարեզում միմյանց հետ մրցում էին երկու էակներ՝ Նենեն և Սառան։ Որի՞ն պետք էր ընտրել...

Ճանապարհը, որ տանում էր դեպի մոտակա գյուզը, պետք է անցներ այն ձորի միջով, ուր գտնվում էր խաչագողների բնակարանը։ Այղ պատճառով ես որոշել էի արևածագից առաջ, առավոտյան մթության պահուն անցնել այնտեղից, որպեսզի նկատելի չլինեմ։

Դեռ բավական մութն էր, երբ հասա այնտեղ, բայց իմ ուշադրությունը գրավեցին որոտման խուլ ձայներ, կարծես թե արձակում էին ատրճանակներից, ես կանգնեցա։ Ձայները լսվում էին ուղիղ այն կողմից, որտեղ գտնվում էր նրանց բնակարանը։ Հետաքրքրությունը մոլորեցրեց ինձ։ Ես բարձրացա մի բլուրի վրա, սկսեցի այնտեղից նայել։ Իմ առջև բացվեցավ մի հրեղեն լճակ։ Ամբողջ ձորը վառվում էր կրակի մեջ։ Հրդեհը խաչագողների բնակարանից տարածվել էր անտառի մեջ։ Ամառային տոթից ցամաքած ծառերը այրվում էին։

Կրակի բոցերը դուրս էին հոսում խաչագողների բնակարանից և տարածում էին նրա շուրջը սարսափելի լուսավորություն։ Միլիոնները այրվում էին։ Մի կողմում ածած էին թղթերի կիսավառ կապոցները։ Հրդեհը ոչնչացնում էր կեղծ գործի կեղծ արդյունքը։

Հրդեհի լուսավորության միջից երևում էին զինված մարդիկ, որոնք կարծես թե խուզարկություններ էին անում։ Ոմանք կալանավորված էին, շղթաների մեջ պահված էին, ոմանք փախչում էին։ Անտառի մեջ հետամուտ էին լինում, որոնում էին փախստականներին։ Մթության մեջ ընդդիմադրություններ էին կատարվում, այդ ժամանակ լսելի էր լինում ատրճանակների ձայնը։

Ի՞նչ էր պատահել։ Ինչ էլ որ լիներ, այդ սոսկալի տեսարանը մի լավ թան չէր գուշակում։ Ես մտածեցի հեռանալ։ Այդ միջոցին լուսավորությունը ավելի տարածվեցավ, կարծես, ամբողջ հորիզոնը վառվում էր կրակի մեջ։ Այժմ միանգամից բոցավառվելով, այրվում էին չոր խոտի դեզերը, որ խաչագողները հավաքել էին իրանց ջորիների համար։ Լուսավորությունը հասնում էր մինչև այն բլուրը, որի գագաթին կանգնած էի ես, իմ պատկերը մի անշարժ արձանի նման նկարված էր բլուրի բարձրության վրա։ Ստորոտից լսելի եղավ մի ձայն,

Դա էլ մեր ընկերն է...

Իսկույն վրա հասան մի քանի զինված մարդիկ և կալանավորեցին ինձ։ Եղելությունը արդեն հայտնի եղավ ինձ. ես ընկա ծուղակի մեջ...

Խաչագողը, որ մատնեց ինձ, միևնույն անձն էր, որին կոչում էին էշի ականջ։ Նրան փախչելու ժամանակ ճանապարհից բռնել էին և ետ էին բերում։ Այդ մարդը հայտնի էր ամբողջ խումբի մեջ իր վատություններով։ Ես դարձա նրան, ասելով,

Չե՞ս ամաչում...

Դու պիտի ամաչես, պատասխանեց նա լրբաբար, Դու մատնեցիր մեզ, և կարծում էիր, թե ինքդ ազա՞տ կմնաս...

Ե ս մատնեցի ձեզ...

Այո՛, դու, ապա ո՞վ։ Դու խաբեցիր մեզ, դու հեռացար մեզանից, դու թաքնվեցար ծերունի ձկնորսի խրճիթում, որտեղ թաքցրել էիր և այն աղջկան, որին հանձնել էին քեզ սպանելու համար...

Այդ դու որտեղի՞ց գիտես։

Ես երկու ամբողջ գիշերներ խավարի միջից, ձկնորսի խրճիթի լուսամուտներից նայում էի ձեզ վրա... և այդ հրդեհը պիտի կատարվեր այնտեղ... և ձեզ բոլորիդ պիտի այրեինք կրակի մեջ... բայց դու, անպիտան, ավելի ճարպիկ գանվեցար մեզանից... մի քածի համար մատնեցիր մեզ...

Ես ոչինչ չպատասխանեցի, ինձ ավելի ծանր էր լսել նրա հայհոյանքները և անպատիժ թողնել նրան, քան թե այն կապանքները, որ այդ րոպեում կաշկանդել էին ինձ։ Սկսեցին մեզ տանել դեպի խաչագողների բնակարանի կողմը։

էշի ականջի խոսքերից երևաց, որ իմ բացակայությունը կասկածանքի մեջ էր ձգել ընկերներիս, նրանք սկսել էին որոնել ինձ և գտել էին ձկնորսի խրճիթում։ Նենեին կենդանի տեսնելը ավելի շփոթեցրել էր նրանց, մանավանդ քավոր Պետրոսին, որին ես Հավատացրել էի, թե սպանել եմ այդ աղջկան։

էշի ականջին հանձնված էր եղել գաղտնի հսկել իմ գործողությունների վրա, տեղեկություններ հավաքել, մինչև ընկերությունը կպարզեր այղ մթին և կնճռոտ հարցը և կտար իր վճիռը իմ մասին։ Բայց ես ինչո՞վ էի առիթ տվել նրանց մտածելու, թե ես եմ մատնել նրանց՝ այդ ես հասկանալ չկարողացա։

Արեգակը իր առաջին ճառագայթները խառնեց հրդեհիբոցերի հետ, երբ մեզ հասցրին խաչագողների բնակարանիմոտ։ Երևում էր, որ իրանք, խաչագողները, կրակ էին տվելայդ բնակարանին, որպեսզի մոխրի մեջ անհետացնեն իրանց արհեստի նշանները։

Երբ բոլորովին մոտեցա, տեսնում եմ՝ խաչագողներից մի քանիսը շղթայակապ պահվում են զինվորների ձեռքում։ Ամբողջ ձորը շրջապատված էր բազմաթիվ պահապաններով։ Այսուամենայնիվ, մի քանիսին հաջողվել էր փախչել, թեև ոստիկանությունը վրա էր հասել այն ժամանակ, երբ բոլորը դեռ քնած էին։

Քավոր Պետրոսը նույնպես կալանավորների թվումն էր նա խիստ անխռով կերպով կանգնած էր իր շղթաների մեջ և նույնպես հպարտ էր, որպես միշտ։ Առաջին անգամ չէր, որ նրա հետ պատահում էին այսպիսի խաղեր։ Նա իր կյանքում գուցե հարյուր անգամ գործ էր ունեցել ոստիկանության հետ։ Երբ տեսավ ինձ, խիստ դաժան կերպով նայեց իմ վրա և ոչինչ չխոսեց, բայց ես նրա թունավոր հայացքի մեջ կարդացի այդ խոսքերը. Դու էլ, Մուրադ, դավաճանեցիրինձ...:

Խուղարկությունը անտառի մեջ տևեց մինչև կեսօր, խաչագողներից ոմանք տնակի ստորերկրյա գաղտնի ճանապարհներով դուրս էին եկել և անհետացել էին ծառերի ու թուփերի մեջ։ Նրանց գտնել չկարողացան։ Կալանավորների թիվը, բացի ինձանից, չորս հոգի էին։

Հրդեհը արդեն բոլորովին լափել էր այն բնակարանը, որ մոտ մի տարի եղել էր կենտրոն սարսափելի չարագործությունների։ Երբ ամեն ինչ վերջացած էր, մեզ սկսեցին տանել դեպի մերձակա քաղաքը։ Մի բան, որ իմ կորստյան այն դառն ճգնաժամում մտաբերեցի ես, էր Նենեն։ Խե՜ղճ աղջիկ, դու դարձյալ մնացիր անտեր..

Երկյուղը և հուսահատությունը, որ այսպիսի դեպքերում տիրում են հանցավոր սրտին, ինձ բոլորովին զգալի չեղան։ Կարծես թե ես համոզված էի, թե հարկավոր էր, որ այսպես լիներ, թե այն ճանապարհը, որ ես բռնել էի, ինձ պետք է հասցներ մինչև այստեղ, թե ես պետք է պատժվեի և իմ տանջանքներով քավեի իմ գործած մեղքերը...

Երեք օրից հետո մեզ հասցրին մերձակա քաղաքը և փակեցին բերդի մեջ։ Գիշեր էր։ Բանտի մի անկյունում, թեք ընկած հարդի վրա, հեռու իմ ընկերներից, տխուր մտածությունների մեջ տանջվում էի ես։ Հազիվհազ ինձ համար ծագեց կյանքի մի նոր առավոտ, հազիվհազ ինձ ազատված էի համարում մի անբարոյական հասարակությունից, հազիվհազ սկսվում էր ինձ համար արդար ապրուստի մի նոր եղանակ, և ահա տխուր հանգամանքները ինձ ձգեցին մի նոր դժբախտության մեջ։ Ինչո՞վ կվերջանար այղ, ես չգիտեի, բայց համոզված էի, որ ես ընդերկար պիտի բաժանված մնամ սիրելի ծնողներից, սիրելի բարեկամներից, և ես գուցե մյուս անգամ չպիտի կարողանամ տեսնել Նենեին։

Այդ մտածությունների մեջ էի ես, երբ իմ ընկերները, բանտի մի այլ կողմում խումբով նստած, թուղթ էին խաղում, ծիծաղում էին, հանաքներ էին անում, կարծես թե իրանց տանը լինեին։ Քավոր Պետրոսը նրանց մոտ էր. նա չէր խաղում, բայց նայում էր նրանց խաղի վրա։ Նա րաժանվեցավ խմբից և մոտեցավ ինձ։

Մի մարդու թե՛ բարոյական և թե մարմնական տգեղությունները այնքան նշմարելի չեն լինում, երբ նայում ես նրանց վրա բարեկամի աչքով։ Բայց երբ սկսեցիր ատել նրան, այն ժամանակ միայն հայտնվում է նա իր բոլոր այլանդակությամբ։ Այսպես ներկայացավ ինձ քավոր Պետրոսը, երբ մոտեցավ իր սովորական սառնությամբ։

Դու քեզ վա՞տ ես զգում, Հարցրեց նա։

Ոչ, պատասխանեցի ես։

Ապա ինչո ւ ես այդպես տխուր։

Բանտում ուրախ չեն լինում։

Այդ իրավ է, բայց տխրելն էլ թուլասրտության նշան է:

Նա նստեց իմ մոտ և սկսեց զանազան խրատներ տալ։

Չվախենաս, Մուրադ, այդպիսի դեպքեր շատ են պատահում մեզ հետ։ էգուց շատ կարելի է սկսվի մեր քննությունը, դու պետք է չհայտնես քո իսկական անունը, քո հայրենիքը և ի՛նչ ազգի կամ ի՞նչ դավանության պատկանելը։ Ընտրիր քեզ համար մի կեղծ անուն, ձևացրու քեզ ուրիշ ազգից և ուրիշ երկրից։ Ուրացի՛ր ինչ մեղադրանք որ կդնեն քեզ վրա. այնուհետև քո ազատվելը դժվար չի լինի։

Ես պատասխանեցի խորին զզվանքով.

Որքան խաբեցի, որքան սուտ խոսեցի, բավական է։ Ես այսուհետև պետք է ճշմարիտը խոսեմ։

Նա սկսեց զարմացած կերպով նայել իմ երեսին։

Ի՞նչ է պատահել քեզ հետ, գժվե՞լ ես, ի՞նչ է։

Ես այժմ ավելի խելացի եմ, քան թե երբեք։

Դու կամենում ես կորցնե՞լ քեզ։

Ես այն օրից կորա, երբ սկսեցի հետևել քո խրատներին ։

Այժմ նրա դեմքի վրա երևացին բարկության նշաններ։ Բայց շուտով անցավ բարկությունը և ցավակցական եղանակով խոսեց նա.

Ես չէի հավատում, Մուրադ, և հիմա էլ չեմ հավատում այն կասկածանքին, որ քո ընկերները ունեցան քո մասին, իբր թե դու, առանց որևիցե պատճառի, հեռացար նրանցից և մատնեցիր նրանց։ Բայց ես հավատում եմ մի բանի, որ այժմ քո խելքը իր տեղումը չէ, ես նկատում եմ քո մեջ խելագարության նշաններ։ Դու այլևս այն չես, ինչ որ էիր առաջ։

Այդ իրավ է, ես այժմ այն չեմ, ինչ որ էի առաջ, և այդ ապացույց է, որ այժմ իմ խելքը իր տեղումն է, իսկ առաջ խելագար էի։

Նա կրկին զայրացավ, ասելով.

Ողորմելի՜, ո՞վ փչեց հիմա գլխումդ այդ ցնորքները։ Դու կարծում ես, որ ես այժմ չգիտե՞մ, թե ի նչպես մի թափառական աղջկա համար խաբեցիր ինձ։ Նրա սերը խելքից հանեց քեզ, և դու վճռեցիր բաժանվել քո բարերարից, որ այնքան տարի իր որդու պես սնուցել էր քեզ։ Հայց աստված պատժեց քեզ քո ապերախտության համար, քո ճանապարհը կրկին դարձրեց դեպի մեր կողմը, որ այդ բանտին, այդ շղթաներին մասնակից լինես և դու։

Այդ բանտը, այդ շղթաները իմ հին մեղքերի համար է, պատասխանեցի ես։ Բայց եթե ես գործել եմ իմ կյանքում մի բարի գործ, այդ այն է, որ ես խաբեցի քեզ և չկատարեցի քո պատվերը զրկել կյանքից մի անմեղ աղջկա։

Որին դու սիրեցիր։

Այո՛։

Որը մեր բոլորին մատնեց։

Այդ սուտ է, այդ զրպարտություն է։ Նա չէ մատնել ձեզ։

Նա պատասխանեց ինձ ավելի հանդիմանական եղանակով.

Ինչո՞ւ ես խաբում ինձ, դու մի քանի րոպե առաջ ասում էիր, որ այլևս սուտ չի պիտի խոսես։ Միթե քեզ հայտնի չէ , որ այն աղջիկը սպառնացել էր մատնել ամբողջ ընկերությունը, այդ պատճառով էլ վճռել էին սպանել տալ նրան։ Մի դիպվածով դու նրա կյանքը ազատեցիր և դրանով միջոց տվեցիր նրան կատարելու իր վրեժխնդրությունը։

Բոլորովին սխալ է ձեր ենթադրությունը, պատասխանեցի ես։ Զեզանից բաժանվելուց հետո, եթե դուք ինձ հանձնե՛լ էիք էշի ականջին լրտեսել իմ գործողությունները, այն ևս պետք է լավ հայտնի լինի ձեզ, որ այն աղջիկը ձկնորսի խրճիթից ոչ մի տեղ չի հեռացել, ուրեմն և չէր կարող մատնել ձեզ։

էշի ականջը գտավ քեզ ձկնորսի խրճիթում քո բացակայությունից երկու օր հետո, նա չէր կարող տեղեկություններ հավաքել, թե մինչև այնօր թե դու, և թե այն աղջիկը ի՛նչպես էիք անցուցել։

Մեր վիճաբանությունը քավոր Պետրոսի հետ տևեց երկար, ես դարձյալ չկարողացա համոզել նրան, թե Նենեն մեղավոր չէր մատնության գործի մեջ։ Հանգամանքները ինքնըստինքյան այնպես էին կազմվել, որ Նենեի կարծիքական վարմունքը հավանական էին դարձնում։ Այդ անբախտ աղջիկը ընկել էր խաչագողների ձեռքը, նրան չարչարել էին. նա սպառնացել էր, եթե իրան բաց չթողնեն, կմատնե նրանց, այդ երկյուղը առիթ էր տվել խաչագողներին սպանելու նրան, ես։ Ազատեցի նրա կյանքը, և մի քանի օրից հետո կատարվեցավ մատնությունը, խաչագողներին կալանավորեցին։ Այլևս ո՞ւմ վրա կարող էին նրանք կասկած ունենալ, եթե ոչ կա՛մ իմ, կա՛մ Նենեի վրա։ Քավոր Պետրոսը, թեև չէր հավատում, որ ես կդավաճանեի նրան, այնուամենայնիվ, նա ինձ բոլորովին արդար չէր համարում, հայտնելով նույն միտքը, որ եթե ես նրա հրամանը կատարած լինեի և Նենեին սպանած լինեի, այնուհետև այդ դժբախտությունը տեղի չէր ունենա։ Նրա բարկությանը չափ չկար, թե ինչպե՞ս ես համարձակվեցա խաբել նրան։ Բայց այդ բարկությունը մասամբ մեղմանում էր, երբ նա ի նկատի էր առնում իմ սիրահարությունը, որը նրա կարծիքով մինչև խելագարության էր հասցրել ինձ։ Բայց նա, որպես երևում էր, դեռ չգիտեր հորս հետ իմ հանդիպելը, եթե հայտնեի, գուցե կփարատեր թե նրա և թե ընկերներիս կասկածը իմ անհավատարմության մասին։ Քավոր Պետրոսը ներող էր, երբ իրավացի փաստեր էին ներկայացնում։ Բայց ես այլևս փույթ չունեի իմ անձը արդարացնելու նրա առջև։ Նա հեռացավ, հետևյալ խոսքեքը ասելով,

Օրենքի դատապարտությունից ավելի հեշտ է ազատվել քեզ, բայց ես չգիտեմ, ինչպե՞ս դու պիտի ազատվես քո ընկերների վրեժխնդրությունից...

Այդ խոսքերը սարսափելի էին, սարսափելի էին ավելի այն պատճառով, որ դուրս էին գալիս մի խաչագողի բերանից։ Բայց ես լսեցի խորին արհամարհանքով, և այդ ավելի վիրավորեց նրան։ Այդ անգութ մարդը դեռ սիրում էր ինձ, թեև թաքցնում էր իր սերը, դեռ մտածում էր իմ մասին, դեռ հոգ էր տանում իմ վրա։ Ես տեսա, թե ի՛նչպես նա վշտացած կերպով հեռացավ, գնաց նստեց բանտի մի մթին անկյունում և, գլուխը քաշ գցած, տխուր մտածությունների մեջ ընկավ։ Մի՞թե նա զգում էր, որ ես նրա դաստիարակության թշվառ զոհն էի...

Երբեք չէր պատահել, որ ես այնպիսի համարձակությամբ խոսեի քավոր Պետրոսի հետ, որպես այն գիշեր։ Կարծես թե հանցավորի կապանքները մի տեսակ ազատություն են շնորհում նրան։ Շղթաների մեջ թե՛ մեծավորը, և թե՛ ստորադրյալը հավասար իրավունք են վայելում։ Մեր վիճաբանությունը թեև խիստ տաք էր, բայց անցավ հանդարտ կերպով, այնպես, որ մեր մյուս ընկերները, որոնք զբաղված էին թղթախաղով, ոչինչ չլսեցին։ Այժմ նրանք վերջացրել էին իրանց խաղը և սկսել էին միմյանց հետ զանազան հանաքներ անել։ Ւնձ վրա ուշադրություն անգամ չէին դարձնում։ Ես խորին զզվանքով լսում էի նրանց զվարճությունները։

էգուց կսկսվի մեր հարսանիքը, Ասում էր մեկը, հիշեցնելով քննության սկսվելը։

Տո՛, Հարո, այդ քանիերո՞րդ անգամն է, որ ոտներդ հագնում ես այդ զանգուլակները, Հարցնում էր մի մանկահասակ խաչագող ծերունի ընկերից, ցույց տալով նրա շղթաները։

Սատանան գիտե, մոռացել եմ հաշիվը, պատասխանում է ծերունին ինքնաբավական ժպիտով։

Դու նրանից այդ հարցրու, թե քանի՞ անգամ փախել ես կարմիր տնից, մեջ մտավ մի կարճահասակ խաչագող։

Կարմիր տունը կոչում էին նրանք Սիբիրը։

Այդ հարցնելու հարկ չկա, պատասխանեց առաջինը, չե՞ս տեսնում, հաշիվը ճակատի վրա գրած է, երկու դրոշմ, կնշանակե երկու անգամ։

Այս անգամ երրորդ դրոշմը կդրվի, պատասխանեց ծերունի Հարոն, շարունակելով իր ժպիտը. երե՜ք դրոշմ, վատ չէ, խորհրդավոր թիվ է։

Այդ ժամանակ դեռ գործադրվում էր այն օրենքը, որ աքսորականների ճակատի վրա դրոշմ էին դնում։

Ապա դու ինչպե՞ս փախար բերդից, Հարցրեց մեկը իր ընկերից, որին կոչում էին Զաքո։

Այդ ի՞նչ մի զարմանալու բան է, պատասխանեց Զաքոն, շատ հեշտ կերպով։ Ինձ դրեցին բերդը։ Ընկերս, որ ավելի հանցավոր էր, քան թե ես, չբռնվեցավ։ Նա իր հագուստն ու կերպարանքը փոխեց և, իրան ձևացնելով իմ ազգական, թույլ տված օրերում գալիս էր ինձ տեսության։ Ամեն անգամ բերում էր ինձ համար սպիտակ հաց և այլ ուտելիքներ։ Վերջապես հասավ զատկի տոնը։ Այդ տոնը կալանավորների վրա թափում է իր ողորմությունը։ Բարեպաշտ մարդիկ իրանց տան պատրաստությունից նրանց համար բաժին են ուղարկում։ Այդ տոնին չմոռացվեցա և ես։ Ընկերս բերեց ինձ համար մի ամբողջ հաց և սառը փլավ։ Աքդ երկրի հացերը, փառք աստծո, մեր բարակ և թափանցիկ լավաշները չեն, նրանք այնքան ահագին են, որ ամեն բան կար՛ելի է նրանց մեջ թաքցնել։ Հացի մեջ դրած էր փոքրիկ սղոց և աբրեշումի երկայն պարան։ Առաջինը բավական էր բանտի լուսամուտներից մեկի երկաթյա վանդակապատը կտրելու, իսկ երկրորդով այնտեղից ցած իջնելու։

Իսկ պահապանները չնկատեցի՞ն։

Զատկի տոնին մի՞թե կարելի է մի պահապան գտնել, որ հարբած չլինի։

Այս տեսակ խոսակցություններ տևեցին մինչև կեսգիշեր։ Ես այլևս լսել չկարողացա։ Մի կողմից հոգնածությունը, մյուս կողմից հոգեկան տանջանքը այն աստիճան թուլացրել էին ինձ, որ երկար արթուն մնալ չկարողացա։



#22 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:27 PM

է


ՆԱ ԻՆՁ ՉԹՈՂԵՑ
Անցել էր ավելի քան մի տարի այն օրից, որ ես կալանավորվեցա, որ ես բանտում մաշվում էի։

Հենց առաջին անգամ, երբ տարվեցա քննիչի մոտ, ես պարզ կերպով խոստովանեցա բոլորը, ինչ որ գործել էի։ Ես ոչինչ չթաքցրի, ես մինչև անգամ ցույց տվի այն բաները, որ ինձանից չէին հարցնում։ Ես միըստմիոջե պատմեցի, թե ի՜նչպես անմեղ սրտով դուրս եկա հայրենիքից, ի՛նչպես ընկա խաչագողների հասարակության մեջ, ի՜նչպես հետզհետե ընտելացա չարագործության, ինչե՛ր արեցի, ինչե՛ր կատարեցի և վերջապես ո՛րպես հորս խրատով բաժանվեցա այդ հասարակությունից և պատրաստվում էի բոլորովին հեռանալ նրանցից, բայց հանկարծ բռնվեցա։

Ամեն ինչ անկեղծաբար պատմելուց հետո, ես հույս ունեի, որ կարդարացնեն ինձ, տեսնելով, որ ես բոլորովին անգիտակցաբար ընկած էի այդ հանցանքների մեջ, և ի նկատի առնելով, որ ես արդեն զղջացել էի իմ մեղքերը, հասկացել էի իմ մոլորությունները և դարձել էի չար ճանապարհից։

Բայց այնպես չեղավ, ինչպես ես սպասում էի։ Իմ անկեղծ խոստովանությունը ավելի ծանրացրեց իմ վրա իմ մեղքերը։ Ես ինքս ինձ համար վկա դարձա և հաստատեցի իմ հանցանքները։ Ւմ զղջման վրա ուշադրություն չդարձրին, մտածեցին միայն ապաշխարության մասին։

Մի քանի ամսից հետո քաղաքի բարձր դատարանում կարդացին իմ դատապարտության վճիռը։ Զրկել ամեն իրավունքներից, աքսորել մինչև մահ տաժանական աշխատությունների մեջ...

Ես շատ տխրեցա, երբ լսեցի այդ վճիռը, չներել հանցավորին, որ արդեն զղջացել էր, որ արդեն ուղղվել էր։ Բայց ո՞վ է քննում մարդու սիրտը։ Նա այնպիսի մի խորության մեջ թաքնված է, որ ամենասրատես դատավորի աչքն անգամ այնտեղ թափանցել կարող չէ։

Իմ ընկերները նույնպես աքսորանքի դատապարտվեցան, բայց նրանք այնպես տխուր չէին, որպես ես, նրանք ավելի զայրացած էին երևում, քան թե տրտում։

Շրջապատված զինվորներով, դատարանից կրկին տարան ինձ բանտը։ Երբ հասցրին բերդի դռանը, դեռ ներս չմտած, իմ ետևից մի ճիչ, մի ցավալի աղաղակ բարձրացավ։ Ես պետք է տեսնեմ նրան... մի՞թե դուք գութ չունեք... մի՞թե դուք աստված չունեք... մարդիկ, ինչո՞ւ են արգելում ինձ... ես պետք է տեսնեմ նրան... թողե՜ք, որ տեսնեմ նրան...

Ես ետ նայեցա։ Այդ խոսքերը լսվում էին մի աղջկա բերնից, որ պատառոտած հագուստով, հերարձակ, այս կողմ և աքն կողմն է։ր ընկնում, աշխատում էր պատռել զինվորների շարքը և մոտենալ ինձ։ Պահապանները հրացանների սվիններով հեռացնում էին նրան, բայց նա դարձյալ առաջ էր մղվում։

Որքան և խռովության մեջ լինեի այն րոպեում, որքան և իմ գլուխը և խելքը ինձ չէին պատկանում, այսուամենայնիվ, այն սրտաշարժ պատկերի մեջ ես ճանաչեցի Նենեին։ Խե՜ղճ աղջիկ, որտեղի՞ց հայտնվեցավ նա...

Նրա աղաղակից դուրս եկավ բանտապահը։

Դարձյալ այն ցնորված աղջիկն է, Ասաց նա և հրամայեց հեռացնել։

Երևում էր, որ Նենեն առաջին անգամ չէր, որ խնդրում էր՝ իրան թույլ տան բանտը մտնելու։ Նրան արդեն ճանաչում էին։ Նա խիստ ողորմելի ձայնով պատասխանեց.

Պարոն բանտապահ, ես ցնորված չեմ... ի սեր աստծո։ գթացեք իմ վրա, թույլ տվեցեք, որ տեսնեմ նրան...

Ո՞ւմ տեսնես։

Այն կալանավորին, որ տանում են...

Դու ո՞վ ես։

Ես նրա բարեկամն եմ... թողեք տեսնեմ նրան... մի՞թե դուք աստված չունեք... եթե չթողնեք, ես դատավորի մոտ կգնամ... թագավորի մոտ կգնամ...

Ավելի լավ կլինի, եթե գժատունը գնաս, Հեգնությամբ պատասխանեց բանտապահը և հրամայեց հեռացնել։

Նրա անգթությունը ավելի վշտացրեց ինձ, քան իմ դատապարտության վճիռը, որ այն օր կարդացին դատարանում։ Ինձ ներս տարան, դռները փակվեցան իմ ետևից, ես այլևս ոչինչ չլսեցի...

Ամբողջ օրը խելագարի նման էի։ Ես բոլորովին մոռացել էի իմ թշվառ դրությունը, մոռացել էի, թե ո՛րպիսի սարսափելի ապագա էր սպասում ինձ, ես միայն մտածում էի անբախտ Նենեի մասին։ Միշտ իմ աչքերի առջևն էր այն վրդովմունքով լի աղջիկը, տեսնում էի այն հերարձակ կույսի վշտալի պատկերը, լսում էի նրա սգավոր ձայնը... Արևը մտավ, մութը պատեց, բանտի մեչ տիրում էր գիշերային խավարը։ Այդ մթության մեջ դարձյալ տեսնում էի նրան, լսում էի նրա ձայնը...

Առաջի՛ն անգամ ես զգացի շղթաներիս ծանրությունը, առաջի՛ն անգամ բանտը ներկայացավ ինձ իր սոսկալի կերպարանքով։ Մինչև այսօր ինձ տանելի էր բոլորը։ Իսկ երբ տեսա, թե իմ պատճառով տանջվում է մի անմեղ հոգի, այն ժամանակ միայն հասկանալի եղավ բոլոր զարհուրանքը իմ թշվառ դրության...

Ամենքը թողեցին ինձ. իմ հավատարիմ ընկերները ինձ մատնեցին. ես կտրվեցա լույս աշխարհից... բայց նա ինձ չթողեց... Նա եկավ իմ ետևից, նա որոնում էր ինձ, երևի երկար որոնում էր և գտավ։ Բայց գտավ բանտի մեջ, դատապարտյալների մռայլ գերեզմանի մեջ...

Այդ գերեզմանի շուրջը պտտվում էր նա, գիշերային մենավոր ուրվականի պես պտտվում էր նա, և խավարի միջից մի մարգարեուհի մեռելահարցուկի նման կամենում էր դուրս կոչել իր սիրելիին...

Դա իրողություն էր, և դա ցնորք չէր, ես լսում էի նրա ձայնը, նույն սրտաշարժ, ողբալի ձայնը, որպես լսել էի ցերեկով։ Գիշերը խաղաղ էր. մարդիկ քնած էին, դրսում ամեն ինչ գտնվում էր խորին լռության մեջ։ Թողե՛ք տեսնեմ նրան... այդ խոսքերը միայն հնչվում էին գիշերային լռության մեջ...

Բանտի պահապան զինվորը, հրացանը ուսին դրած, չափավոր քայլերով անցուդարձ էր անում իր պահականոցի մոտ։ Նա նույնպես լսում էր ողբալի ձայնը և անհետաքրքրությամբ ասում էր. Դա այն ցնորված աղջկա ձայնն է...

Գիշերը ես անցուցի տենդային անհանգստության մեջ. ո՛չ քնած էի և ո՛չ արթուն։ Առավոտյան, երբ արեգակի առաջին ճառագայթները ներս ցոլացին բանտի նեղ լուսամուտներից, և ինձ համար ծագեց ուրախության լույսը, դուռը բացվեցավ, և խելագարի նման ներս վազեց Նենեն։ Նրա աոաջին խոսքերը կցկտուր էին և անհասկանալի։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և երկար մնաց իմ կուրծքի վրա անխոս։ Նա նման էր մի սպանվածի, որի երեսի վրա բնավ գույն չկար։ Կենդանի մնացել էին դեռ չմարած աչքերը միայն, այն լի կատաղությամբ աչքերը, որոնք իրանց խռովության մեջ ևս գեղեցիկ էին։

Նրա խռովությունը շուտով անցավ, անցավ՝ որովհետև գտնվում էր ինձ մոտ, որովհետև տեսնում էր ինձ։ Նա սկսեց խոսել.

Ա՛խ, սիրելիս, եթե գիտենայիր ո՛րքան որոնել եմ քեզ... ո րքան ման եմ եկել...

Նրա ձայնը սկսեց խեղդվել, փոքր-ինչ հանգստացավ և ապա շարունակեց.

Անցնում էի քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ամեն տեղ հարցնում էի քեզ... Ա՜խ, ինչո՞ւ մարդիկ այդքան վատացել են... ամեն տեղ հալածում էին ինձ... ամեն տեղ հեռացնում էին ինձ... չէին թողնում, որ բնակարանների մեջ մտնեմ... ասում էին՝ դա ցնորված աղջիկ է...

Ապա որտե՞ղ էիր անցկացնում դու։

Փողոցների վրա, բաց երկնքի տակ... և ավելի հանգիստ էի, երբ գտնվում էի անապատում կամ թաքնվում էի անտառների ծառերի մեջ... Այնտեղ լավ էր, այնտեղ մարդիկ չկային...

Ապա ինչո՞վ էիր կերակրվում դու։

Շատ անգամ օրերով քաղցած էի մնում... շատ անգամ ուտում էի դաշտային բանջարներ կամ կերակրվում էի վայրենի պտուղներով... Երբեմն գտնվում էին բարի մարդիկ, որոնք ինձ հաց էին տալիս։

Եվ այդ բոլորը ո՞ւմ համար, ինչի՞ համար, մի դատապարտյալ աքսորականի համար, որ պիտի մաշվեր, պիտի ոչնչանար հանքերում...

Բայց ինձ ավելի զարմացնում էր այն, թե ինչպե՞ս թույլ տվին խելագար աղջկան մտնել բանտը, որի մեջ ես ամենևին խելագարության նշան չէի նկատում, միայն վերին աստիճանի անձնազոհությունը և թշվառության սաստիկ կատաղությունը նրան բախտավոր մահկանացուների աչքում խելագար էին ներկայացնում։

Նա պատմեց, թե այն օրից, որ եկել էր այդ քաղաքը և տեղեկացել էր, որ ես այն բանտումն եմ գտնվում, բանտի շրջակայքից չէր հեռանում, գիշերները անց էր կացնում նրա պատերի մոտ, իսկ ցերեկով կանգնում էր փողոցների վրա, աղաչում էր, պաղատում էր անցորդներին, պատմում էր նրանց իմ անմեղությունը, խնդրում էր, որ օգնեն ինձ։ Նա դեռ այնքան միամիտ էր, որ կարծում էր, թե ամեն մարդ իրավունք ուներ ինձ դատավոր լինելու։ Իսկ այն առավոտ, երբ բանտը մտնում էր մի երիտասարդ ակնոցավոր պարոն, նա վազեց, մոտեցավ և, գրկելով նրա ոտները, խնդրեց, որ իրան էլ թույլ տան բանտը մտնելու և իր սիրելիին տեսնելու։ Ակնոցավոր պարոնը գթաց նրա վրա, խոստացավ, որ իսկույն հրաման կառնե բանտապահից։ Նա կատարեց իր խոստմունքը, քանի րոպեից հետո նրան ներս թողեցին։

Որքան մխիթարական լիներ իմ դժբախտության տխուր ժամերում տեսնել իմ մոտ Նենեին, որքան սիրարժան լիներ նրա ծայրահեղ անձնազոհությունը, այսուամենայնիվ, ես մտածում էի. Մի՞թե ես արժեմ դրան... ինչո՞վ է մեղավոր այն անմեղ աղջիկը, որ տանջվում է մի չարագործի համար... ինչո՞ւ ես ձգեցի նրա սրտում այն սրբազան կայծը, որ այնքան բոցավառվեցավ, որ այնքան բորբոքվեցավ, մինչև խելքից հանեց նրան... ինչո՞ւ ես խլեցի նրա հանգստությունը... Այդ բնության ազատ որդին, որի ցեղին վիճակված է կյանքի անհոգ և ավելի ուրախ բաժինը, գուցե ավելի բախտավոր կլիներ, եթե չհանդիպեր ինձ... ինչո՞ւ ես թշվառացրի նրան... Ավելի լավ չէ՞ր լինի, որ հենց այն օրը, երբ ես նրա կյանքը ազատեցի եղեռնագործի ձեռքից, բաց թողնե՛ի նրան։ Նա կդնար, աշխարհը լայն ու արձակ է ցիգանուհու համար, կգնար և իր համար նոր բախտ կորոներ...

Արդեն ուշ էր... այդ բոլորը պետք էր անցած համարել... ես միայն հարցրի.

Ինչո՞ւ եկար դու, ինչո՞ւ չմնացիր հորս մոտ. նա բարի մարդ էր, կպահեր, կպահպաներ քեզ։

Դժբախտները ամեն մի դժբախտության դեպքերում այն քաղաքավարական ձևերը չգիտեն, որ պահպանում են բախտավորները միայն։ Նենեն բոլորովին պարզ կերպով պատասխանեց.

Հայրդ մեռավ, նա մեռավ հենց այն օրը, երբ իմացավ, որ դու կալանավորված ես։

Այդ բոթը սարսափելի ներգործություն ունեցավ իմ վրա։ Նա մեռավ իմ պատճառով, մոլորյալ որդու պատճառով, ես նրա մահվանը պարտական էի...

Նենեն չնկատեց իմ խռովությունը, շարունակեց պատմել.

Այն առավոտը, երբ դու հեռացար խրճիթից և խոստացար, թե երեկոյան կվերադառնաս, մենք անհամբեր սպասում էինք քեզ։ Արևը մտավ, օրը մթնեց, բայց դու չվերադարձար։ Ամբողջ գիշերը չքնեցինք, հենց նստած սպասում էինք քեզ։ Հայրդ մեր բոլորից ավելի անհանգիստ էր։ Մյուս առավոտը մինչև ճաշ դարձյալ սպասում էինք քեզ։ Հետո հայրդ ինձ իր հետ առնելով, գնացինք այն ավազակների բնակարանի մոտ, տեսանք՝ նրանց տնակը այրված էր, ոչ ոք չկար այնտեղ։ Երբ ետ դարձանք, անտառում պատահեց մեղ մի խոզարած, նա պատմեց, թե ի՛նչ էր պատահել։ Երբ հայրդ լսեց նրա պատմությունը, իսկույն թուլացավ և ցած ընկավ։ Ես և խոզարածը հազիվ կարողացանք նրան ուշքի բերել և հասցրինք մինչև խրճիթը։ Նույն գիշերը նա սաստիկ ջերմի մեջ էր. առավոտյան նրա մարմինը գտանք բոլորովին սառած։ Ես և պառավը թաղեցինք նրա մարմինը խրճիթից ոչ այնքան հեռու մի ծառի տակ։ Հիշո՞ւմ ես այն եղևնին, որ դու մինչև նրա մոտ էիր թույլ տվել ինձ հեռանալ խրճիթից։

Հիշում եմ... պատասխանեցի ես բոլորովին մեքենաբար։

Այնուհետև ես վճռեցի գալ քո ետևից և որոնել քեզ։ Ես հիմա ամեն տեղ կգնամ, ես հիմա էլ չեմ վախենում։ Պառավը ինձ չէր ուզում թողնել, ասում էր՝ մնա ինձ մոտ, աչքիս լույսի նման կպահեմ քեզ։ Նա ինձ շատ էր սիրում, նա քեզ էլ շատ էր սիրում, այնքա՜ն լաց եղավ որ...

Ինչո՞ւ չմնացիր նրա մոտ։

Քեզ ինչպե՞ս թողնեի...

Ես մի օր կվերադառնայի, քեզ դարձյալ կգտնեի... մենք դարձյալ միասին կլինեինք...

Չէ։ ես գիտեմ, ես բոլորը գիտեմ... այնտեղից, ուր քեզ պիտի ուղարկեն, մարդիկ էլ չեն վերադառնում...

Այդ դու ո րտեղից գիտես։

Ես երեկ դատարանի դռանը կանգնած էի. ինձ չթողեցին, որ ներս մտնեի, այնտե՛ղ էլ ասում էին, թե ես խելագար աղջիկ եմ... Դրսում հարցրի, ինձ պատմեցին բոլորը...

Ես չգիտեի՝ ի՞նչ անել նրա հետ, ի՞նչ խորհուրդ տալ, ես չունեի այս աշխարհում մի բարեկամ անգամ, որի պաշտպանությանը հանձնեի այդ անբախտ աղջկան։ Ես առանց երկար մտածելու կրկին ասացի նրան,

Դու դարձյալ գնա պառավի մոտ, այնտեղ սպասիր ինձ։ Նա բարի կին է. նա կպահե քեզ։ Ո՞վ է իմանում, գուցե աստված կհաջողի, մի օր վերադառնամ քեզ մոտ...

Ես քեզանից չեմ բաժանվի։

Դու խո գիտես, թե ինձ ո՛րտեղ պիտի ուղարկեն։

Գիտեմ։ Ես էլ կգամ քեզ հետ։

Սույն միջոցին բանտի վերակացուներից մեկը ներս մտավ, հրամայեց Նենեին հեռանալ։

Ես այստեղ պետք է մնամ։

Այստեղ հյուրանոց չէ, օրիորդ., պատասխանեց վերակացուն դառն ժպիտով։

Ես դրան մենակ չեմ թողնի։

Բավական է, որքան միասին եք եղել...

Մի տարուց ավել չէ, որ մենք ճանաչում ենք միմյանց։

Ցավում եմ, որ այդքան կարճատև է եղել ձեր սերը... Այսուամենայնիվ, պետք է հեռանաք, նազելի օրիորդ։

Լսելով վերակացուի վերջին հեգնությունը, արյունս բորբոքվեցավ։

Եթե դու կշարունակես այդպես վիրավորել մի պատվավոր աղջկա, ես քո գլուխը կջարդեմ։

Մտածի՛ր, թե ո՛րտեղ ես գտնվում... այստեղ քո բնակած անտառները չեն, պատասխանեց նա սառնությամբ։

Պարոն վերակացու, մեջ մտավ Նենեն, մի՞թե դու քույր չունես, մայր չունես, մի՞թե դու չե՞ս հասկանում կնոջ սիրտը։ Ինչո՞ւ ես հալածում ինձ։ Իմ Մուրադը վատ մարդ չէ. նա իմ կյանքը ազատեց մի եղեռնագործի ձեռքից... այն օրից ես սիրում եմ նրան...

Ես այդ հասկանում եմ... պատասխանեց վերակացուն ավելի կոպտությամբ։ Բայց բանտի մեջ չեն սիրում... պեզ թույլ տվեցին մտնել այստեղ պարոն բժշկապետի խնդրելով։ Բավական է, որքան տեսնվեցաք, որքան խոսեցիք։ Ասո՛ւմ են ձեզ, որ հեռանաք այստեղից, եթե չկամեիք, որ ձեզ դուրս քաշեին։

Նենեն ավելի կամակորեցավ։

Ես կմնամ այս բանտում։

Ես ձեզ խրատ կտայի, որ գժատանը մնայիք։

Անգութնե՜ր... բոլորը այդպես են խոսում... ես ինչո՞վ եմ գիժ, Բացականչեց Նենեն արտասուքը սրբելով։

Վերակացուն ուշադրություն չդարձրեց, կանչեց մի զինվոր, նրան դուրս քաշեցին, և բանտի դռները կրկին կողպվեցան։ Ես մնացի մենակ։ Մի քանի րոպե լսելի էր լինում նրա ճիչը, աղաղակը, և շուտով նրա ձայնը անհետացավ .բանտր խուլ, գերեզմանական լռության մեջ։

Սարսափելի դրություն։ Քո սիրած էակին հալածում են, վիրավորում են, և դու սառն աչքով պիտի նայես այդ անիրավության վրա և լռես։ Մի՞թե այդ է նշանակությունը այն խոսքերի, որ կարդացին ինձ դատարանում. Զրկել ամեն իրավունքներից...

Ի՞նչ պետք է լինի խեղճ աղջկա վերջը՝ ահա այդ էր ինձ տանջող միտքը, երբ դարձյալ մնացի մենակ, երբ սպանվածի նման տարածվեցա իմ կալարանի խոնավ հատակի վրա։



#23 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:29 PM

Ը


ԳԱՆԱՀԱՐՈԻԹՅՈԻՆ
Լինում են այնպիսի րոպեներ, որ մարդ իրան բոլորովին մոռանում է։ Ես մինչ այն աստիճան զբաղված էի Նենեի վիճակով, որ ամենևին չէի հիշում, որ մոտենում է այն սարսափելի օրը, երբ ես պետք է կրեի մահվան տանջանքների առաջին փորձը։ Ինձ, բացի մշտական աքսորից, վճռել էին երկու հարյուր մտրակի հարվածներ։

Այն ժամանակ դեռ տիրում էր այդ օրենքը, որ դատապարտյալին նախքան աքսորելը ենթարկում էին մարմնական գանահարության։ Ի նչ սոսկալի բան է դահճի մտրակը։ Կարծես թե ֆուրիաները առաջին անդամ դժոխքից դուրս գալով, սովորեցրին մարդիկներին այնպես տանջել իրանց նմաններին։ պարդել, խեղաթյուրել, անդամալուծել և ամեն զորությունից զրկել մարմինը մի թշվառականի, ահա այդ է այն մտրակի նպատակը, որպեսզի նրան սպասող դառն աշխատությունները հանքեր,ի մեջ ավելի սպանիչ լինեն։ Եվ այդ բոլորը կատարվում էր չարագործներին ուղղելու նպատակով։

Բայց չարագործները չէին ուղղվում։ Ես տեսնում էի՝ որքան խիստ էր լինում նրանց պատիժը, որքան չարաչար վիրավորվում էր նրանց անձնասիրությունը, այնքան ավելի համառ էին դառնում նրանք, այնքան ավելի կամակորում էին իրանց մոլորությունների մեջ։ Եվ այդ շատ բնական էր։ Հանցավորը մտրակների հարվածների ներքո, փոխանակ զղջալու, արձակում էր կծու հայհոյանքներ, անեծք, և ավելի ոչինչ։

Կյանքի մեջ, իմ անձնական փորձերով, ես հասա այն համոզմունքին, որ ամենավայրենի գազանն անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում ես, երբ նրան չես վիրավորում։

Իմ ընկերների մասին նույնպես վճռել էին աքսոր և գանահարություն։ Բայց նրանց պատիժը ավելի թեթև էր, քան թե իմը, երևի նրա համար, որ նրանք ամեն ինչ ուրացան, ճշմարտապես չխոստովանեցան իրանց մեղքերը, բայց ես չծածկեցի, բոլորը հայտնեցի։

Այդ նախատեսեց քավոր Պետրոսը, նա ավելի փորձված մարդ էր, քան թե ես։ Եվ զգուշացնում էր ինձ ուրանալ, ոչինչ չխոստովանել, որովհետև դրանով ավելի կհեշտացննի դատավորների գործը, իմ մասին սաստիկ վճիռ տալու։ Այնպես էլ եղավ։ Իայց իմ խիղճը հանգիստ էր, որ գոնե իմ դատապարտության րոպեներում սուտ չխոսեցի։

Վերջապես հասավ սարսափելի ճգնաժամը։

Քաղաքի բազմությունը խումբերով դիմում էր դեպի պատժարանը։ Նրանք շտապում էին հանդիսատես լինելու մի սոսկալի գործողության։ Զարմանալի հետաքրքրություն ունի ամբոխը, նրան միօրինակ զվարճություն է պատճառում թե քաղցր երաժշտության ներդաշնակությունը և թե դատապարտյալի դառն հառաչանքները դահճի գանահարության ներքո։

Ամեն ինչ պատրաստ էր սոսկալի հանդեսը սկսելու համար։

Իմ ընկերները բավական քաջությամբ տարան իրանց փորձությունը, կարծես թե նրանց համար շատ սովորական լիներ այդ։ Ես մինչև հիսուներորդ զարկը անցա առանց մի ձայն հանելու, առանց իմ դեմքն անգամ այլայլելու։ Մի այսպիսի արհամարհական վարմունք իմ կողմից վիրավորեց դահիճների անձնասիրությունը, գրդռեց նրանց բարկությունը, և նրանք խստացրին հարվածների սաստկությունը։ Նույն րոպեում նրանց անգութ երեսները կարծես ասում լինեին ինձ. Մենք ծեծում ենք, որ ցավեցնենք քեզ, երբ դու ցավ չես զգում, դրանով վիրավորում ես մեր կատաղությունը։

Բազմությունը վայրենի ոգևորությամբ նայում էր։ Հանկարծ նրանց ուշադրությունը դարձավ մի այլ առարկայի վրա։ Ամբոխի միջից լսելի էր լինում մի ցավալի հառաչանք։ Մարդիկ, ինչո՞ւ եք կանգնած... մի՞թե դուք աստված չունեք... սպանո՜ւմ են... սպանո՜ւմ են... աղատեցե՜ք... աղաչո՜ւմ եմ... աղատեցե՜ք... Մուրադ, սիրելիս... ա՜խ, սպանում են... մարդրկ։ դուք չե՞ք տեսնում... դուք չե՞ք լսում... սպանում են...աղատեցե՛ք... Ինչո՞ւ են սպանում... նա ավազակ չէ... նա բարի մարդ է... նա ինձ սիրում էր... նա իմ կյանքը ազատեց... Մարդիկ, ինչո՞ւ չեք լսում... Ա՜քս, աստված, չեն լսո ւմ... ամենքը խլացել են...

Այն սարսափելի րոպեում, երբ մինը մյուսի ետևից հաջորդաբար շառաչում էին մտրակների զարկերը, երբ արյան կաթիլները դուրս էին ցայտում իմ մերկ մարմնից՝ այդ մահվան տագնապի րոպեում իմ ականջներին հասնում էր դժբախտ աղջկա ձայնը... Այդ ողբալի ձայնը այնքան մխիթարական էր, որ ես այլևս չէի զղում հարվածների սաստկությունը։ Ես երջանիկ էի, որ այս աշխարհում գոնե կար մեկը, որ սիրում էր դատապարտյալին, որ գիտեր, թե նա անմեղ է...

Բայց ամբոխը ծաղրեց նրան։ Ամեն կողմից լսելի էր լինում, Դա այն խելագար աղջիկն է...

Թե ինչո՞վ վերջացավ իմ փորձությունը, թե ի՛՛նչ դրության մեջ ինձ հետ բերեցին պատժարանից, ես չեմ հիշում, միայն այսքանը գիտեմ, երբ առաջին անգամ աչքերս բաց արի, ինձ քաղաքի հիվանդանոցի մեջ գտա։ Իմ մահճակալի մոտ կանգնած էր մի բավական մաքուր հագնված, ակնոցավոր երիտասարդ, որի խելացի դեմքի յուրաքանչյուր գծերից արտափայլում էր բարություն և ազնվություն։ ՛Նա ժամացույցը ձեռին բռնած, հաշվում էր իմ երակի զարկը։

Այժմ հույս կա... ճգնաժամը անցած պետք է համարել, Ասաց նա ինքն իրան մի առանձին բավականությամբ։

Երիտասարդը բժիշկ էր, նա մի քանի պատվերներ տվեց իր օգնականին և հեռացավ։

Մի քանի շաբաթից հետո բժիշկը գտավ ինձ ավելի առողջ։ Մտրակների հարվածներից գիշատված մարմնիս վերքերը այնքան բարվոքվել էին, որ ես կարողանում էի առանց շատ ցավ զգալու մի կողմից մյուսի վրա շուռ գալ։ Իսկ ջերմը դեռ չէր անցել։ Իմ երևակայությունը թեև արթուն էր, բայց գտնվում էր դեռ գրգռված դրության մեջ։

Գեղեցի՜կ բան է ուղեղի այդ դրությունը։ Կյանքի բոլոր լավ և վատ տպավորությունները, որոնք նրա ծալքերի վրա մնացել էին անջնջելի, բայց որոնք բոլորովին ջնջված, անհետացած էին համարվում, հանկարծ կենդանանում են, կերպարանագործվում են և երևան հանում վաղեմի մոռացված պատկերները...

Ես ինձ տեսնում էի իմ հայրենիքում, այն հասակում, երբ դեռ պատանի էի, մի անմեղ և բախտավոր պատանի, որի օրերն անցնում էին անհոգ դատարկությամբ։ Բախտավոր էի նրա համար, որ դեռ միամիտ էի, դեռ չէի հասկանում աշխարհի չարն ու բարին։ Մայրս խրատում էր ինձ, ցույց էր տալիս կյանքի ավելի ուղիղ ճանապարհը։ Բարեսի՜րտ մայր, ես այս րոպեիս տեսնում եմ քո միշտ արտասուքով լի աչքերը, քո միշտ տխուր դեմքը, որ երբեք չէր ժպտում։ Աղքատությունից սպանված, ամուսնուց զրկված, ընտանիքի տակ ճնշված այդ դժբախտ կինը դարձյալ չէր մոռանում իր զավակների օրինավոր դաստիարակությունը։

Հետո տեսնում էի ինձ վարպետիս դարբնոցում։ Դատարկամոլ պատանին սովորում է աշխատանքի։ Գործը հաջողություն է գտնում իմ ձեռքում։ Աշխատանքը, երեսի քրտինքը օրըստօրե ավելի կազդուրում են իմ ջղերը, ավելի բորբոքում են իմ եռանդը։ Սիրտս ուրախ է, խիղճս հանգիստ է, որովհետև ես կարողանում եմ իմ արդար վաստակով օգնել ոչ միայն ինձ, այլև այն անձինքներին, որոնք իմ օգնությանը կարոտ էին։ Մայրս, քույրերս ապրում են իմ ձեռքի արդյունքով։

Այնտեղ, այն դարբնոցի մուխի և սև փոշու մեջ ծագում է ինձ երանության առավոտը... իր բոլոր վարդակարմիր գեղեցկությամբ երևան է գալիս սիրո արեգակը... նա սփռում է իմ հոգու մեջ լույս և ջերմություն... Մի նազելի օրիորդ հպեցնում է իմ սրտին իր կախարդական մատը, և իսկույն նրա մեջ բոցավառվում են սիրո սրբազան կայծերը... Այդ ժամանակ երջանի՜կ էի ես, երջանի՜կ էի, որովհետև գործում էի, աշխատում էի և սիրում էի...

Հանկարծ երջանկության արեգակը սկսում է խավարել... չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով մոտենում է ինձ, խելքից հանում է, մոլորեցնում է... ես շինում եմ աղետալի բանալին... այդ բանալին բաց է անում փմ առջև կորստյան ճանապարհը... Վարպետիս դարբնոցում կատարվում է սարսափելի բարբարոսություն... ես փախստական եմ լինում...

Մի խումբ գլխից ձեռք վեր առած պատանիներ, թաքնված անտառի անհայտության մեջ, ընդունում են ինձ իրանց գաղտնի ընկերության մեջ։ Այստեղ, մարդկային բնակությունից հեռու, ծառերի և թուփերի ամայության մեջ, ես առաջին անգամ սկսում եմ ճանաչել և սիրել հրաշալի բնությունը։ Առաջին անգամ հրապուրում է ինձ սոխակի քաղցրիկ ձայնը, առաջին անգամ ծաղիկները գրավում են ինձ իրանց անմեղ, ողջախոհական գեղեցկությամբ։ Իմ մանկահասակ ընկերների ուրախ և մշտազվարթ հասարակությունը, նրանց անկեղծ բարեկամությունը, նրանց անձնվեր մտերմությունը առժամանակ հանգստացնում են սրտիս ցավերը, առժամանակ մոռանալ են տալիս ինձ այն սարսափելի դժբախտությունը, որին ենթարկված էի ես և իմ պատճառով շատերը... Սիրելի ընկերներ, որտե՞ղ եք այժմ դուք, երանի՜ թե բաժանված չլինեի ձեզանից, երանի թե միշտ ձեր հասարակության մեչ մնայի։ Դուք այնքան բարի էիք և ազնիվ, ես ցավում եմ, որ կորցրի ձեզ, որ զրկվեցա ձեզանից...

Մորս վիճակը, վարպետիս թշվառությունը, ազգականներիս հալածանքը, որոնք բոլորը չարչարվում էին տեղային զանազան օրինազանցությունների պատճառով, բաժանեցին ինձ իմ մանկահասակ ընկերների հասարակությունից։ Ես վերադարձա դեպի իմ հայրենական օջախը, օգնելու նրանց, որոնք իմ պատճառով հալածանքի էին ենթարկված...

Այդ ժամանակ կրկին դուրս է գալիս իմ առջև չար դևը բարեպաշտ մարդու կերպարանքով, առաջարկում է ինձ իր հովանավորության ձեռքը։ Ես կրկին խաբվում եմ... կրկին մոլորության մեչ եմ ընկնում...

Նա համոզում է ինձ, թե հայրենիքի համար ես մի խորթ որդի էի դարձել, թե պետք է թողնել հայրենիքը և օտար երկրում բախտ որոնել։ Նա խոստանում է և առաչնորդել ինձ...

Մայրս, տխուր հանգամանքներից ստիպված, հանձնում է ինձ իմ նենգավոր մենտորի ձեռքը։ Ես թողնում եմ իմ հայրենի երկիրը՛ որը այնքան լավ և վատ հիշատակներով կապված էր իմ սրտի և հոգու հետ։ Ձեռք եմ առնում պանդխտության գավազանը։ Այդ տխուր, ցավալի զգացմունքներով լի անջատման րոպեում, որպես մխիթարիչ հրեշտակ, հայտնվում է իմ սիրո առարկան՝ IIառան։ նա իր կուսական համբույրներով կնքում է մեր ուխտը, խոստանում է մինչև իմ վերադարձը սիրել և սպասել ինձ...

Աղքատությունը մղում է ինձ հեռու և հեռու, դեպի անծանոթ երկիրներ։ Ինձ, բոլորովին անփորձ և միամիտ պատանիիս, առաջնորդում է մի հոյակապ մարդ, մի վիթխարի չարագործ, եփված և թրծված կյանքի քուրայի ամեն փորձությունների մեջ։ Իմ բնական ձիրքերով հարուստ ընդունակությունը խիստ պտղաբեր հող է դառնում իմ առաջնորդի ձեռքում։ Շուտով նրա ցանքը ընծայում է առատ և արդյունավոր հունձք, մի հունձք, ոռոգված բազմաթիվ զոհերի արյունով և արտասուքով... Բոլորովին անմեղ և բարեսիրտ պատանին, դառն հանգամանքների շնորհիվ, վերջապես դառնում է մի սարսափելի եղեռնագործ...

Եվ ես տեսնում էի ինձ, որպես մի քարաժայռ, դուրս կտրված ահագին լեռան բարձրությունից, գլորվում է, գլորվում դեպի ցած, դեպի անդունդը... Հանկարծ մթին անհայտությունից երևան են գալիս երկու ձեռքեր, աշխատում են կանգնեցնել գլորման արագ և ուժգին ընթացքը... բայց իզուր, ես արդեն հասած էի մինչև անդունդի հատակը...

Այդ հոր փրկարար ձեռքն էր, որ աշխատում էր ազատել ընկած որդուն... այն Նենեի կախարդական ձեռքն էր, որ աշխատում էր սովորեցնել նրան սիրել բարին ու գեղեցիկը...

Իմ կորստյան խորին անդունդի մեջ հայտնվում է մխիթարական ոգին՝ մի անարգված և հալածված ցեղի անմեղ դուստրը։ Սիրո հրեղեն կայծակը փայլատակում է իմ սրտի խավարի մեջ և, կարծես, երկնային կրակով զտվում, մաքրվում են իմ վատ կրքերը ամեն ախտերից։ Ես սկսում եմ դարձյալ սիրել... սիրել այն ժամանակ, երբ իմ ոտներին կրում էի դատապարտյալի ծանր շղթաները, երբ իմ ճակատի վրա դրված էր աքսորականի սև կնիքը...

Ո՜վ սեր, ո՜վ դու երկնային զորություն, որ ծավալում ես թշվառականի հոգում կյանք և խաղաղություն, որ ամրացնում ես նրա կամքը և լցնում ես նրա սիրտը պայծառ հույսերով, և այնուհետև բանտի խավարը, երկաթի կապանքների ծանրությունը այլևս զգալի չէ լինում նրան...

Աշխարհից կտրված, որպես մի անպետք մարմին ձգված եմ այդ գերեզմանի մեջ։ Ինձ չէ տաքացնում արևը յուր ջեր մությունով. ինձ համար փակված է արտաքին կյանքը։ Բայց մի արարած, անմարմին ուրվականի պես, հետևում է ինձ... և այս րոպեիս նա կանգնած է իմ առջև իր գեղեցիկ, արտասվալի աչքերով... Ա՜խ, որքան մխիթարական է այդ արտասուքը... նա թափվում է մի թշվառականի համար, որին ամենքը ատում են...

Նենե՛, նազելի Նենե՛, հեռացի՛ր ինձանից, մի՛ մոտենար ինձ... իմ շունչը կարող է թունավորել քեզ... մի մոտենար ինձ... ես չեմ կարող գրկել քեզ... իմ ձեռքերը արյունոտ են... Անմե՜ղ երեխա, ի՞նչն է ստիպում քեզ կապվել մի թ՛շվառականի հետ, որ արժանի չէ ոչ քո սերին և ոչ քո արտասուքին... Գնա՛, հեռացի՛ր, թո՛ղ տուր ինձ... մեր բոլոր կապերը կտրվեցան այն րոպեից, երբ կարդացին իմ դատապարտության վճիռը...

Գնա՛, ո՛վ դու բնության ազատ դուստր, բաց աշխարհում լայն է քո ասպարեզը... գնա , թափառի ր երկրե երկիր, գուշակի՛ր մարդիկների բախտը, ցույց տուր նրանց չարն ու բարին, նրանք գուցե հաց կտան քեզ...

Մինչ ես այդ զառանցությո՛ւնների մեջ էի, մի ձեռք դիպավ ճակատիս։ Աչքերս բաց արի, տեսա մահճակալիս մոտ կանգնած էր ակնոցավոր երիտասարդը։ Ես ճանաչեցի, դա բժիշկն էր։ Երևում էր, նա երկար լսում էր իմ բացականչությունները։

Ի՞նչ եղավ նա, հարցրի ես, դեռ ոչ բոլորովին սթափվելով իմ խռովությունից։

Ո՞վ, հարցրեց երիտասարդը ժպտալով։

Նա... այն աղջիկը... Նենեն... որ հիմա այստեղ էր...

Հա՛, իմանում եմ, պատասխանեց նա խորհրդավոր ձայնով, նա գնաց, խոստացավ, որ շուտով կվերադառնա...

Այո՛, նա կվերադառնա, նա ինձ չի թողնի... կրկնեցի ես ուրախանալով։

Երիտասարդ բժիշկը, որ մինչև այժմ ոտքի վրա էր, նստեց իմ մահճակալի մոտ և կարեկցաբար նայում էր իմ վրա։ Երբ նկատեց, որ ես փոքր-ինչ հանգստացա, հարցրեց.

Ո՞վ է այն աղջիկը։

Ես պատմեցի, թե նա որբ ցիգանուհի է, պատմեցի, թե ինչպես ընկած էր նա չարագործների ձեռքը, որոնք վճռել էին սպանել նրան, պատմեցի, թե ո՞րպես ինձ

հանդիպեց նա անտառում, ո՛րպես ազատեցի նրա կյանքը, և այնուհետև կապվեցավ ինձ հետ։

Երիտասարդ բժիշկը հետաքրքրությամբ, լսում էր։ Ես նկատեց նրա դեմքի վրա և ցավակցության նշաններ։ Մխիթարվեցա, տեսնելով, որ աշխարհում կան մարդիկ, որոնց մեջ չեն մեռած ազնիվ զգացմունքները, որոնք կարող են խղճալ անբախտության վրա։

Բժիշկը, այդ մարմնավոր խոստովանահայրը, միակ մարդն է, որ նայում է դատապարտյալի վրա որպես մարդու վրա։ նա միակ մարդն է, որի հետ կարելի է անկեղծ կերպով խոսել։ Այդ պատճառով ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ ծանրացած էր իմ սրտի վրա, ինչ որ տանջում էր ինձ։ Պատմեցի այն երազը, որ մի քանի րոպե առաջ պատկերանում էր ինձ, և ներկայացնում էր իմ կյանքի ճիշտ նկարագիրը, իր բոլոր պայծառ և մռայլ գույներով։ Պատմեցի, թե ո՛րպես անգիտակցաբար, փոքր առ փոքր շեղվելով ուղիղ ճանապարհից, անմեղությունից վերջապես ընկա անբարոյականության մեջ։ նա գլուխը խոնարհեցրած լսում էր։ Հետո իմ խոսքը կտրեց, ասելով,

Այդ բոլորը ես գիտեմ...

Որտեղի՞ց գիտեք։

Նայեցեք իմ վրա, ծանո՞թ է ձեզ իմ դեմքը։

Կարծես մի տեղ տեսած լինեմ ձեզ։

Քննիչի մոտ։ Ես այն օրը ներկա էի, երբ դատարանում ձեզանից հարցուփորձ էին անում։ Դուք իւոստովանեցաք ձեր Բոլոր հանցանքները։ Դուք նկարագրեցիք ձեր կյանքի պատմությունը սկսյալ ձեր մանկությունից մինչև ձեր կալանավորության րոպեն։ Այդ պատմությունը սաստիկ հետաքրքրեց ինձ, որովհետև նրա մեջ գտնում էի այն բոլոր պատճառները, որոնք ստիպում են մարդուն հակառակ իր կամքի հանցավոր լիներ

Բժշկի կարեկցությունը ոչ միայն շատ մխիթարական էր ինձ համար, այլ նա առիթ տվեց իմ վստահությանը դեպի ազնիվ երիտասարդը, ես հարցրի,

Ուղիղն ասացեք, պարոն բժշկապետ, իրա՞վ նա խոստացավ, որ շուտով կվերադառնա։

Ո՞վ։ Հա՜... դուք, երևի, դարձյալ այն աղջկա մասին եք հարցնում, մտաբերեց նա ընդհատված խոսակցությունը Նենեի մասին։

Այո , այն աղջկա մասին։

Դուք ձեր երազների մեջ եք տեսել նրան, նա այստեղ չէ եղել։

Ես հասկացա, որ գրգռված երևակայությունը խաբել էր ինձ։ Նայեցա շուրջս, կրկին նկարվեցան տխուր պատկերները իմ պատժական կյանքի, և բանտային հիվանդանոցի մռայլոտ կամերաները հիշեցրին ինձ իմ դրությունը...

Ուրեմն ես բոլորովին զրկված եմ նրանից... էլ չե՞մ տեսնի նրան...

Զրկված չեք լինի... հույս ունեցեք, որ մի ժամանակ կտեսնեք նրան, պատասխանեց երիտասարդը խորհրդավոր ձայնով։

Մի Ժամանակ... արդյոք երկա՞ր պիտի տևեր այդ ժամանակը, մտածեցի ես։

Մի անգամ նրան թույլ տվին մտնելու բանտը, ինձ մոտ, ասեցի ես։

Գիտեմ, այդ ես խնդրեցի բանտապետից, որ թույլ տան։

Նենեն ինձ ասել էր, որ մի ակնոցավոր երիտասարդ միջնորղեց նրա համար և թույլտվություն ստացավ բանտը մտնելու։ Ո՞վ կմտածեր, որ այդ բարեսիրտ երիտասարդը լիներ նա։

Նրա բարեսրտությունը մի այնպիսի համակրություն ազդեց իմ մեջ, մինչ ես վստահեցա ասել նրան,

Ես գիտեմ, պարոն բժշկապետ, որ հավիտյան զրկված եմ նրանից։ Բայց դուք այնքան բարի եք և ազնիվ, որ կգթաք մի որբ, անտեր, անօգնական աղջկա վրա, որը այս աշխարհում ոչ մի խնամատար չունի։ Ամեն տեղ հալածում են նքան, ամեն մարդ խելագար է համայում նրան, և ոչ ոք չէ խղճում անբախտին...

Նա խելագար չէ, ընդմիջեց բժիշկը։

Աղաչում եմ, խղճացեք նրա վրա, ընդունեցեք ձեր պաշտպանության ներքո, նա շատ լավ աղջիկ է։

Ես առանց ձեր խնդրելու ևս այդ պիտի անեմ, պատասխանեց երիտասարդը և վեր կացավ։

Ես պատրաստվում էի բռնել նրա ձեռքը, հայտնել իմ անչափ, անսահման շնորհակալությունը, բայց նա ուշադրություն չդարձրեց և շտապելով հեռացավ։



#24 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:30 PM

Թ


ԱՔՍՈՐ
Անցան մի քանի ամիսներ։ Մենք բոլորովին առողջ էինք, առողջ այ՛ն չափով, որ կարող էինք դիմանալ ճանապարհի ծանրությանը և ուղևորվել դեպի հեռավոր հյուսիս։

Առավոտ էր։ Մի խումբ դատապարտյալների հետ, շրջապատված զինվորներով, մեզ դուրս էին տանում քաղաքից։

Այդ տխուր տեսարանը շատ նման էր դագաղների հուղարկավորությանը դեպի գերեզմանների լռությունը։ Ծնողների, քույրերի, եղբայրների լացը, նրանց հառաչանքը միախառնվում էր իրանց կորցրած բարեկամների շղթաներ՛ի հնչյունների հետ։

Այո՛, տխո՜ւր տեսարան էր և ավելի տխուր, քան թե մահը։ Այդ դեպքում մարդը կենդանի է մեռնում և դեռ կենդանի կտրվում են նրա հարաբերությունները աշխարհի և բարեկամների հետ։ Բայց նրա զգացմունքները դեռ մեռած չեն. նրա վրա ազդում են շրջապատող երևույթները։ Իսկ դագաղի մեջ դրած մարմինը ավելի բախտավոր է, նա չէ զգում, չէ հասկանում, թե ինչ է կորցնում։ Մի փոս և սառ հողը պարգևում են նրան հավիտենական խաղաղություն։

Աքսո՜ր, ի՛նչ սոսկալի միտք է բովանդակում իր մեջ այդ բառը։ Հազարավոր մղոններ չափել շղթայակապ ոտներով, պատերազմել դառնաշունչ մրրիկների դեմ, որոնք հսկա եղևնիները խլում են արմատից, պատերազմել ցրտի հետ, որի սաստկությունից ահագին ժայռերը ճաքճքում են, պատառ-պատառ են լինում, մաշվել, ուժաթափ լինել հանքերում տաժանական աշխատություններով այդ բոլորը այնպիսի տանջանքներ են, որոնց մարդը, միայն դատապարտված մարդը կարող է դիմանալ։

Բայց մի բան, որին չէ դիմանում նա, որի առջև փշրվում են նրա բոլոր զորությունները, դա է սիրած աղջկա արտասուքը...

Ահա դարձյալ հայտնվեցավ նա... Մազերը խառնված, լի կատաղի վրդովմունքով, որպես մի խելագար հրեշտակ հայտնվեցավ նա, Ա՜խ, ո՛րքան սարսափելի է նրա զայրացած դեմքը...

Նա աշխատում է մոտենալ ինձ... զինվորները հեռացնում են... նա դարձյալ առաջ է նետվում... նա չէ վախենում սվիններից... Ահա բռնեցին նրան... նա կրկին դուրս պրծավ նրանց ձեռքից... վազում է դեպի ինձ... արգելում էն... Ահա նա խլեց զինվորներից մեկի հրացանը... մուխը բարձրացավ... հրացանը գռռաց... Բայց զարկեցին նրան... նա ընկավ... էլ չէ վեր կենում...

Դա այն ցնորված աղջիկն է, լսելի եղավ ամեն կողմից:

Իմ աչքերի առջև մթնեց, ես այլևս ոչինչ տեսնել չկարողացա, միայն զգում էի հրացանների կոթերի հարվածը, որով քշում էին ինձ դեպի իմ դատապարտության օթևանը։

<A name=10>Ժ


ՆՐԱՆ ԳՐԵՑԻՆ ՄԵՌԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Աքսորականների խումբը, որոնց հետ ես ուղևորվեցա, բաղկացած էր տասներեք հոգուց, նրանց մեջ էին և իմ ընկերները։

Մինչև առաջին իջևանը հասնեք ես մինչ այն աստիճան խռովության մեջ էի, որ ամենևին չնկատեցի, թե մեր ընկերներից մեկը պակաս էր, այն ևս մեր գլխավորը՝ քավոր Պետրոսը։

Մենք հասանք իջևանը, երբ դեռ նոր էր մտնում արևը։ Այդ մի արքունի շինվածք էր փոստային կայարանի մոտ, մարդկային բնակությունից հեռու, առանձնացած անապատի մեջ։

Այնտեղից դուրս եկավ մի ստոր աստիճանավոր և ընդունեց մեզ։ Մենք այժմ մարդ լինելուց դարձել էինք իրեր նշանակված նոմերներով։ Նայեցին մեր նոմերներին, ստուգեցին թվերը և ապա ածեցին մի նեղ նկուղի մեջ։

Գիշերը մեզ բաժանեցին մի-մի կտոր սև հաց և խմելու ջուր տվեցին։ Ընկերներս սկսեցին ընթրիք անել, բայց ես ոչինչ ուտել չկարողացա։ Դա այն տխուր և ծանր գիշերներից մեկն էր, երբ ամեն հույս կորած էր, երբ ամեն ինչ վերջացած էր, և մեզ, ամեն մեկիս, հայտնի էր իր թշվառ վիճակը։

Շուտով դատապարտյալներից ոմանք սկսեցին նիրհել, ոմանք տարածվեցան մերկ հատակի վրա, փորձում էին քնել, ոմանք դեռ նստած, խորին ինքնամոռացության մեջ մտածում էին։ Նկուղի մեջ տիրում էր գերեզմանական լռություն։ Միայն յուղային ճրագը ճրթճրթալով մի աոանձին չարագուշակ ձայն էր արձակում և իր շուրջը տարածում էր աղոտ լուսավորություն։ Սենյա՛կի օդը, տոգորված բորբոսային խոնավությամբ, անկարելի էր շնչել։ Ճրագն անգամ դժվարանում էր վառվել նրա մեջ։ Դրսում անցուդարձ էր անում պահապան զինվորը, և մենք լսում էինք նրա քայլերի ձայնը։

Իմ ընկերները այժմ հաշտվել էին ինձ հետ։ Նրանց կասկածը թե՛ իմ և թե՛ Նենեի վերաբերությամբ բոլորովին փարատված էր։ Որովհետև քննությունների ժամանակ գործերից երևաց, որ ոչ ես և ոչ Նենեն չէինք մատնել նրանց, որպես կարծում էին, այլ մատնել էր մի հրեա, որ նրանց փորագրիչն էր։ Հրեան նույնպես դատապարտության ենթարկվեցավ։

Բայց ինձ գրավել էր այն միտքը, թե որտե՞ղ մնաց քավոր Պետրոսը, ո՞ւր կորավ այդ սատանան։ Այդ միջոցին մոտեցավ ինձ ընկերներիցս մեկը, որը հասակակից էր ինձ հետ։ Այդ երիտասարդը հայտնի էր մեր մեջ իր դուրեկան և ուրախ բնավորությամբ։ Նա նստեց ինձ մոտ։

Ո՞ւր մնաց քավոր Պետրոսը, Հարցրեցի նրանից։

Նրան գրեցին մեռածների թվում, պատասխանեց նա։

Ինչպե՞ս։

Այնպես։

Ես ոչինչ չեմ հասկանում:

Երիտասարդը սկսեց ծիծաղել իմ միամտության վրա։ Գանահարությունից հետո, պատմեց նա, քավոր Պետրոսը, ինչպես մեզանից ամեն մեկը, բանտի հիվանդանոցը տարվեցավ։ Այստեղ նա դիտմամբ սկսեց երկարաձգել իր հիվանդությունը, մինչև առիթ ունեցավ ծանոթանալու բանտապահի հետ։ Շուտով կարողացավ նա շոշափել այդ մարդու թույլ կողմերը և մանավանդ մի դեպք հեշտացրեց նրան օգուտ քաղել նրա թույլ կողմերից։ Բանտապահը ծախսել էր արքունի փողեր և այդ պատճառով ոչ միայն դատի պիտի ենթարկվեր, այլ կկորցներ և իր պաշտոնը, եթե մի տեղից փողի պակասը չլրացնի։ Քավոր Պետրոսը հասկանում է նրա անել դրությունը և մի օր ասում է նրան* Պարոն բանտապահ, ես ցանկանում եմ մի փոքրիկ ծառայություն անել ձեզ։ Ի՞նչ ծառայություն, հարցնում է բանտապահը։ Դուք, կարծեմ, փողի դժվարության մեջ եք, ես կարող եմ օգնել ձեզ:

Այս տեսակ սրախոսություններ կալանավորների և բանտապահի մեջ այնքան սովորական ե՛ն, որ վերջինս ոչ միայն չի վիրավորվում, այլ շատ հետաքրքրվում է, թե քավոր Պետրոսը ո՞րքանով կարող է օգնել իրեն։ Ո՞րքան է ձեզ հարկավոր, հարցնում է քավոր Պետրոսը։ Երկու հազար ռուբլի, պատասխանում է բանտապահը։ Քավոր Պետրոսը խոստանում է վճարել նրան այդ գումարը։

Ինչո՞վ կարող եմ երախտահատույց լինել ձեր այդ օգնության համար, Հարցնում է բանտապահը։

Ինձ ազատելով բանտից, պատասխանում է քավոր Պետրոսը։

Ձեզ համար վճռված է ցմահ աքսոր։

Այդ ես գիտեմ։

Ձեզ կպահանջեն ինձանից։

Այդ էլ գիտեմ։

Ի՞նչ կարող եմ պատասխանել։

Ձեր պատասխանը ես մտածել եմ, մի շատ հասարակ բան է։

Ո՞րպես։

Ինձ կգրեք մեռածների ցուցակի մեջ, կասեք՝ հիվանդանոցում մեռավ, տարան թաղեցին։

Դրա համար զանազան պաշտոնական ձևեր են պահանջվում։

Մատյանների մեջ հեշտ է շինել այդ ձևերը։ Մի՞թե սակավ մարդիկ անհետանում են հիվանդանոցներում և նրանց մասին բնավ հարցուփորձ չէ լինում։ Մեռա՜վ... և դրանով վերջանում է ամեն բան։

Այսուամենայնիվ, մի դիակ պետք է դնել ձեր տեղը։

Հիվանդանոցի մառանի մեջ անտեր դիակներ խո շատ կան, ընտրեք նրանցից մեկը։

Երիտասարդի պատմությունը խիստ հետաքրքրական էր ինձ համար։ Իրավ, շատերը կորչում էին այդ հիմնարկության մեջ։ Մեռածների դիակները չէին արժանանում մինչև անգամ թաղման, նրանց կտրտում էին, այլանդակում էին և ձգում էին մեծ գետի մեջ, որ հոսում էր հիվանդանոցի մոտով։ Բանտը և հիվանդանոցը միևնույն շինվածքի մեջ էին։

Դատաստանական վերանորոգություններից առաջ սարսափելի զեղծումներ էին կատարվում բանտերում, և շատ զարմանալի չէր, որ քավոր Պետրոսի նման մի մարդ կարողացել էր այդ խորամանկությամբ դուրս պրծնել բանտից։ Իմ երիտասարդ ընկերը պատմեց ինձ մի ուրիշ դեպք, որ ոչ սակավ հետաքրքրական էր։

Տեսնո՞ւմ ես այդ մարդուն, Ասաց նա, Որ կծկված, կոլորված նիրհում է այն անկյունում, այդ ողորմելին նույնպես զեղծումների մի անմեղ զոհ է։

Ես նայեցի դեպի այն կողմը, տեսա մի նիհար մարդ, գունաթափ դեմքով, խորին թմրության մեջ նստած էր անկյունում։ Գիշերվա տխրությունը փարատելու համար ես մեծ հոժարությամբ սկսեցի լսել երիտասարդի տեղեկությունները այդ թշվառ աքսորականի մասին։ Նա գիտեր բավական ճշտությամբ նկարել մարդկանց պատկերը։

Այդ ողորմելի արարածը, Ասաց նա, Որին կոչում են Սիդոր Սիդորիչ, որի հետ ես խիստ մոտ ծանոթացա, այն տեսակներից է, որոնք ոչ միայն զրկված են մարդկային ընդունակություններից, այլ կյանքի տխուր պայմանները խլել են նրանից և այն սակավ ընդունակությունները, որ ստացել են բնությունից։ Դա մի ատենական տեղի ստոր ծառայող է եղել, գրագրի պաշտոն է կատարել։ Հարատև կյանքը գրասեղանի մոտ բոլորովին բթամտացրել է դրան, իսկ արաղի անչափ գործածությունը լրացրել է պակասը։ Նրան արտաքսել են ծառայությունից, և չձանձրանալու համար սկսել է ավելի անձնատուր լինել արաղին։ Բայց Սիդոր Սիդորիչը խիստ խաղաղ և հանգիստ արբեցող է եղել։ Գինետնից դուրս գալուց հետո փողոցներում շրջելու և մարդկանց անհանգստացնելու սովորություն չէ ունեցել Սիդոր Սիդորիչը։ Նա ուղիղ կդիմեր դեպի իր տունը և ամբողջ օրը կներկայացներ մեկը այն անշարժ կարասիներից, որ վառարանի մոտ անպակաս են լինում։ Նա կնստեր այնտեղ, կամ կնիրհեր, կամ կհորանջեր, մոռանալով իրան մի առանձին անհոգ, անզբաղ ապշության մեջ։ Կինը նրան հանդիմանում է, հայհոյում է, բայց Սիդոր Սիդորիչը ոչինչ չէ պատասխանում։ Միայն հիմար կերպով ժպտում է, գլուխը քաշ է գցում և խուլ կերպով մրթմրթում է մի քանի անորոշ խոսքեր։ Կինը այն ժամանակ միայն կարող էր նրան դուրս գցել, երբ պետք էր սենյակը մաքրել և փոքր-ինչ կարգի բերել։ Այդ միջոցին Սիդոր Սիդորիչը կնստեր դռան մոտ, արևի ճառագայթներով կտաքանար։ Իսկ երբ սենյակը մաքրեցին, նա դարձյալ վառարանի մոտ էր։

Բայց լինում էին րոպեներ, երբ Սիդոր Սիդորիչը դառնում էր և ժիր, և աշխույժ։ Դա այն ժամանակ էր լինում, երբ նրա կինը ընդունում էր մի հարգելի հյուր։ Հարգելի հյուրը նրա նախկին մեծավորն էր։ Երբ այդ մարդը հայտնվում էր, այն օրը Սիդոր Սիդորիչի համար տոն էր։ Նա խիստ եռանդով հեռանում էր իր նվիրական անկյունից, երբ նրան փող էին տալիս, ուղարկում էին փողոց, որ ուտելիքներ ու խմելիքներ գնե։ Ո՜րքան ուրախ էր լինում նա։ Դեռ ճանապարհին, դեռ ըմպելիքները տուն չհասցրած, Սիդոր Սիդորիչը իր կոկորդը ըստ կարգին փափկացնում էր։ Սեղանը պատրաստվեցավ։ Տիկինը հարգելի հյուրի հետ ուտում են, խմում են, զվարճանում են։ Սիդոր Սիղորիչը խիստ եռանդով պտտվում է սեղանի շուրջը, աշխատում է ամեն տեսակ սպասավորություն ցույց տալ։ Նա մեծ բավականությամբ խմում է հարգելի հյուրի կենացը, երբ բաժակը նրա ձեռքն է հասնում: Կերուխումը տևում է երկար։ Բայց

Սիդոր Սիդորիչը մինչև ընթրիքի վերջը սպասելու համբերություն չունի։ Նա օրորվում է, գլուխը լավ դրության մեջ չէ, կինը նրա ձեռքից բռնելով նստեցնում է հնոցի մոտ, այնտեղ սկսում է մրափել։ Տիկինը շարունակում է հարգելի հյուրի հետ ժամանակ անցկացնել։

Սիդոր Սիդորիչը թեև ապրում էր կնոջ ողորմածությունով, նրա կոշիկների տակ և մոռացած իր բոլոր արժանավորությունները, բայց մի բանով միշտ պարծենում էր նա, որ ինքը այր էր, իսկ նա՝ կին։ Այդ ինքնաճանաչությունը ավելի հայտնվում էր նրա մեջ այն ժամանակ, երբ կինը շարժում էր նրա բարկությունը։ Եվ այդ պատահում էր խիստ հաճախ, երբ Սիդոր Սիդորիչը տանից մի բան էր գողանում և տանում էր գինետունը։ Կինը սկսում էր նախատել, հայհոյել նրան։ Իսկ Սիդոր Սիդորիչը հիշելով, որ ինքը այր է, խլում էր պատահած առարկան և զարկում էր կնոջ գլխին։ Երբեմն դրաման վերջանում էր արյունով։ Այսպիսի դեպքերից մեկն էր, որ առիթ տվեց Սիդոր Սիդորիչին բանտի մեջ ընկնել։ Կինը ուրախ էր, որ ազատվեցավ իր անախորժ բեռնից, իսկ Սիդոր Սիդորիչը շատ չտխրեց, որ նրան մի այլ տան մեջ փոխադրեցին։

Այստեղ նա բոլորովին մոռացվեցավ թե՛ ինքը իր համար և թե՛ իր ընտանիքի համար։ Նա մոռացել էր մինչև անգամ, թե ո՛րքան ժամանակով բանտարկել էին իրան։ Հիմա նրան աքսոր են ուղարկում, դարձյալ չգիտե, թե ինչո՛ւ համար են ուղարկում, և զարմանալին այն է, որ հետաքրքրություն ևս չունի գիտենալու, հրամայում են, նա խոնարհվում է։ Խոնարհվելու ընդունակությունը սաստիկ զարգացած է նրա մեջ։ Նա երբեմն հանդուգն է միայն դեպի իր կինը, բայց հլու է դեպի ամեն մի օտար մարդ։

Իմ երիտասարդ ընկերոջ նկարագրությունը Սիդոր Սիդորիչի մասին այն աստիճան գրավեց իմ ցավակցությունը դեպի այդ թշվառը, որ ես հարցրի նրանից.

Ուրեմն դու որևիցե զեղծո՞ւմ ես գտնում այդ մարդու դատապարտության գործում։

Այո՛, նույնպիսի մի զեղծում և նույն ձեռքով կատարված, որ քավոր Պետրոսի անունը արձանագրեց մեռածների ցուցակի մեջ։ Սիդոր Սիդորիչը աքսորվում է մի ուրիշ հանցավորի փոխարեն, որին վաղուց բաց են թողել։

Իսկ եթե մի օր նրա կինը կմտածե որոնե՞լ իր ամուսնուն։

Այն ժամանակ նրան էլ կգրեն բանտում մեռածների ցուցակում։

Դատաստանական վերանորոգություններից առաջ այս տեսակ զեղծումներ շատ էին պատահում, և ես զարմանում էի, թե ինչո՞ւ քավոր Պետրոսը մտածեց միայն իր ազատության մասին, իսկ իր ընկերների մասին հոգս չտարավ։

Նա իրան ազատեց, որ ավելի դյուրություններ ունենա մեր մասին հոգ տանելու, պատասխանեց երիտասարդը: Նա կգա մեր ետևից և մինչև մեզ չազատե, չի հանգստանա։

Երիտասարդը չծածկեց ինձանից, հայտնեց այն ամբողջ ծրագիրը, որ խաչագողները կազմել էին իրանց մեջ, թե ի՛նչ միջոցներով պետք է փախչեն կես ճանապարհից, ապա հարցրեց.

Կմիանա՞ս մեզ հետ։

Ո՛չ, պատասխանեցի ես։

Նա սկսեց զարմացած նայել իմ երեսին։

Ուրեմն դու քեզ կորցնե՞լ ես ուզում։

Ավելի լավ է մաշվել հանքերում, քան թե կրկին միանալ ձեզ հետ։

Շատ կփոշմանես... Ասաց նա և վշտացած հեռացավ ինձանից։

Մենք բոլոր ժամանակ խոսում էինք հայերեն, այն ևս խաչագողի բարբառով, և կասկած չունեինք, որ կհասկանան մեզ։

Գիշերից բավական անցել էր, հոգնած դատապարտյալները բոլորը խորին քնի մեջ էին։ Բայց քունը, տխուր սրտի միակ մխիթարությունը, ինձ մոտ չէր գալիս։ Դարձյալ ինձ երևում էր Նենեն, ինձանից չէր հեռանում անբախտ աղջկա սգավոր պատկերը...



#25 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:31 PM

ԺԱ


ՓԱԽՈՒՍՏ
Սիբի՜ր...

Սարսափելի ճանապարհորդություն է հարյուրավոր մղոններ անցնել շղթայակապ ոտներով։ Որքան հեռանում ես դեպի հյուսիս, ազգաբնակությունները հետզհետե նոսրանում են։ նոսրանո՛ւմ են և այնուհետև դատարկ և ձյունապատ անապատներին վերջ ու սահման չկա։ Խիստ հազիվ են պատահում փոքրիկ քաղաքներ, որոնք ավելի նման են մեծ գյուղերի։ Նրանց բնակիչները այն աստիճան սովորած են հաճախ աքսորականների խումբեր տեսնել, որ հենց լսում են շղթաների հնչյուններ, տներից դո՛ւրս են թափվում, սառնասրտությամբ նայում են նրանց վրա և ցույց են տալիս իրանց երեխաներին։ Ոմանք տալիս են թշվառներին մի կտոր հաց կամ մի քանի գրոշներ։

Միշտ տխուր և միատեսակ է շրջապատը։ Նույն անվերջ անապատները ամեն օր տարածվում են քո առջև, նույն մառախլապատ հորիզոնը ամեն տեղ միախառնվում է սպիտակ սավանով պատած տափարակների հետ, նույն ցուրտ, խոնավ և մթին իջևանները սպասում են քեզ ճանապարհների վրա, և շատ տեղ հանդիպում ես պաշտոնակատարների կոպիտ, անխիղճ վարմունքին։ Ամեն տեղ, կայարաններում նույնպես համբարքով ստանում են և ճանապարհ են դնում թշվառականների խումբը։ Գնում ես, գնում ես... անցնում են օրեր, շաբաթներ, ամիսներ... օրըստօրե ուժաթափ ես լինում։ Նվազում ես, թուլանում ես, բայց չգիտես, թե ե՞րբ պետք է տեղ հասնես...

Երբեմն երևում են քեզ մարդիկների երեսներ, սառն և անմիտ, որպես ինքը եղանակը։ Ոտքից գլուխ հագնված մորթերի և մուշտակների մեջ, այդ գռեհիկները հազիվ որոշվում են թավամազ արջերից, որոնք շատ անգամ ծույլ և դանդաղ կերպով անցնում են դատապարտյալների խումբի մոտով և, մի առանձին հեգնական հայացք ձգելով նրանց վրա, կարծես, ուզում են ասել. Մենք ավելի բախտավոր ենք, քան թե դուք։

Ցո՛ւրտ է։ Ամեն արարած այստեղ մրսում է, սառչում է, քարանում է։ Երկիրը զուրկ է լույսից և ջերմությունից։ Կարծես արևն էլ այստեղ մրսում է, կարծես նա էլ մուշտակ ունի հագած։ Նրա գունաթափ դեմքը շատ չէ որոշվում նույն գռեհիկների, նույն արջերի երեսներից։ Նրա ճառագայթները կորցնում են իրանց զորությունը ընդհանուր սառնության մեջ։

Մեռած բնությունը բոլորովին ուրիշ կերպարանք է ստանում, երբ հանդիպում ես անտառների։ Այստեղ երևում է կյանք, բուսական թշվառ կյանք։ Տարվա այն եղանակում, երբ մեզ մոտ ծառերը բեռնավորված են զանազան տեսակ անուշ պտուղներով, երբ խաղողը մեղրի համ է ստանում մեր այգիներում՝ այստեղ սառը քամին փչում է, ծառերի ճյուղերը սարսափելով տատանվում են, ցած են խոնարհվում, դալկացած տերևները խշխշալով թափվում են, և նրանց տխուր հառաչանքներից դու որոշում ես այս խոսքերը. Տե՛ս, մենք էլ աքսորված ենք այդ երկրում։ Եվ իրավ, բնության խստությունը մինչև այն աստիճան ճնշել է այդ ողորմելի արարածներին, որ նրանք ազատ կերպով աճել և զարգանալ կարող չեն։ Որքան առաջ ես գնում, ծառերի աճելության ուժը պակասում է, պակասում է, և նրանք հետզհետե փոքրանալով, բոլորովին մանրանում են, մինչև թզուկ թուփերի կերպարանք են ստանում։

Ամեն ինչ այստեղ մոտ է երկրին, ամեն ինչ թեքված, խոնարհված է դեպի ցած։ Լեռները և բլուրներն անգամ չեն համարձակվում իրանց գագաթները շատ վեր բարձրացնել, կարծես նրանց վրա ևս մի բան ճնշում է։ Եվ երկրի ընդարձակ տարածությունը ստանում է տափակ, հարթ-հավասար կերպարանք, ձևացնում է մի անսահման անապատ։

Չնայելով եղանակների խստությանը, չնայելով մեր ուղեվորության սպանիչ ազդեցությանը, իմ ընկերները դարձյալ չէին կորցնում իրանց զվարթությունը։ Նրանք իրանց սովորության համեմատ հանաքներ էին անում, ծիծաղում էին և շատ տեղ իջևաններում անձնատուր էին լինում արբեցության։

Այդ երկրում լույսի և ջերմության պակասությունից մարդը միշտ ցուրտ է զգում և ցո՛ւրտ։ Պետք է մի բանով տաքացնել սառած մարմինը, և արաղը հանդիսանում է որպես փրկարար դարման։ Նա թմրեցնում է ուղեղը, բթացնում է զգայարանքները, և դու բնության խստությունը այլևս չես զգում։ Եվ այդ է պատճառը, որ ոչ մի հիմնարկության այնքան չես հանդիպում, որքան գինետների։ Նրանց թիվը հազարապատիկ ավելի է եկեղեցիների, դպրոցների և այլ կրթական հիմնարկությունների թվից։ Համարյա բոլոր իջևաններում կարելի էր գտնել արաղ։

Թեև արբեցությունը սաստիկ արգելված էր կալանավորներին, բայց պահապանները այնքան բարի են գտնվում, որ չեն արգելում նրանց այդ միակ մխիթարությունից, մանավանդ երբ նրանց էլ հրավիրում են խմել իրանց հետ։

Իսկ այդ զվարճությունները այն աքսորականների համար են միայն, որոնք ունեն իրանց հետ փոքրիշատե արծաթ։ Երևում էր, որ իմ ընկեր խաչագողները զուրկ չէին արծաթից. ամեն տեղ գնում էին ծխախոտ, սպիտակ հաց, ուտելիքներ և արաղ։ Այդ բարիքներից նրանք մասն էին հանում մյուս աղքատ դատապարտյալներին, և այդ պատճառով խումբի մեջ խաչագողները վայելում էին մի առանձին հարգանք։

Բայց ինձ խիստ անհաճո էր թվում նրանց՝ մինչև հանդգնության հասցրած անհոգությունը։ Ես զայրանում էի, երբ նկատում էի, որ նրանք առ ոչինչ էին համարում իրանց դրության բոլոր զարհուրանքը։ Մարդիկ, որ կորցնում էին հայրենիք և ընտանիք, մարդիկ, որ իրանց տների մեջ անբախտ կին և անտեր զավակներ ունեին, մարդիկ, որ հավիտյան զրկվում էին այն բոլորից, որ միշտ սիրելի էր եղել իրանց, այդպիսի թշվառ մարդիկ դեռևս սիրտ ունեին զվարճանալու, դեռևս նրանց երեսը ծիծաղում էր։

Մենք գիշերները ավելի ազատ էինք լինում միմյանց հետ խոսելու և խորհրդակցելու, երբ անասունների նման ածում էին մեզ մի սենյակի մեջ և դռները կողպում էին։ Բայց իմ ընկեր խաչագողները վաղուց արդեն սկսել էին ինձ հետ բավական սառն կերպով վարվել, երևում էր, որ վստահություն չունեին դեպի ինձ և ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել ինձանից մի գաղտնիք։ Ես էլ իմ կողմից ամենևին հետաքրքիր չէի լինում խորամուխ լինել նրանց խորհուրդների մեջ։

Այդ սառնությունը սկսվեցավ մեր մեջ այն օրից, երբ իմ երիտասարդ ընկերներից մեկը հայտնեց ինձ քավոր Պետրոսի ամբողջ ծրագիրը, թե ո՛րպիսի հնարներ էր նախապատրաստել նա, որ կես ճանապարհից փախցներ իր աքսորական ընկերներին։ Ես այն ժամանակ մերժեցի երիտասարդի առաջարկությունը, վճռական կերպով պատասխանելով, թե ամենևին չի պիտի մասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ, և ավելացրի, թե լավ է ինձ հանքերում մաշվել և համբերությամբ սպասել իմ ճակատագրի վախճանին, քան թե ազատություն գտնել քավոր Պետրոսի ձեռքով:

Այն օրից անցել էին երկու ամբողջ ամիսներ։ Մի գիշեր նույն երիտասարդը մոտեցավ ինձ։

Մուրադ, ասաց նա, դու դարձյա՞լ միտքդ չես փոխել։

Ի՞նչ բանի համար, Հարցրի ես։

Հիշո՞ւմ ես մեր մեջ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած խոսակցությունը։

Հիշում եմ։

էգուց երեկոյան պահուն պիտի կատարվի գործողությունը...

Ինչ որ ուզում եք՝ կատարեցեք։ Ես չեմ փոխել իմ միտքը, ես ամենևին չեմ մասնակցելու ձեր ձեռնարկությանը...

Նա բռնեց իմ աջը և աղաչավոր դեմքով աչքերը դարձրեց դեպի իմ երեսը։

Լսի՛ր, Մուրադ, համառության ժամանակ չէ, քո կամակորությունը կկորցնե քեզ։ Մտածիր, որ դու դեռ երիտասարդ ես, քո առջև դեռ ընդարձակ ասպարեզ կա գործելու և բախտավոր լինելու։ Քավոր Պետրոսը իր որդու նման սիրել է քեզ, այժմ նույնպես սիրում է։ Նա քեզանից ձեռք չի վեր առնի, նա կգա քո ետևից, ուր որ տանում են քեզ, և մինչև չազատե քեզ, չի հանգստանա։ Եթե չես հավատում, քեզ ցույց կտամ նրա նամակը։

Նա տվեց ինձ մի թղթի կտոր, որի վրա գրված էին մի քանի տողեր միայն, ստորագրությունը և ձեռագիրը քավոր Պետրոսինն էր։ Ահա նրա բովանդակությունը. Սիրելի Մուրադ, հնազանդվի՛ր, ինչ որ քո ընկերները կառաջարկեն քեզ, մոտ է փրկության ժամը...

Թե ինչպե՞ս էր հասել այդ թուղթը նրա ձեռքը, ես չգիտեմ, բայց ես զզվանքով հետ տվի, ասելով.

Եթե հազար այս տեսակ նամակ գրելու լինի նա, ես դարձյալ իմ միտքը չեմ փոխի։ Ես վճռել եմ, վաղուց վճռել եմ բնավ հարաբերություններ չունենալ խաչագողների հետ։ Ես նրանց մատնությամբ Սիբիր եմ գնում, բայց չէի ցանկանա նրանց ձեռքով ազատված լինել։

Այդ ես հասկանում եմ, պատասխանեց երիտասարդը, և մասամբ իրավունք եմ տալիս քո դժգոհությանը։ Բայց ոչինչ չէ արգելում քեզ այդ դրությունից ազատվելուց հետո կտրել քո հարաբերությունները խաչագողների հետ։

Բանը նրանումն է, որ նրանց ձեռքով ազատվելը ինձ համար անարգանք եմ համարում։

Այդ խոսքը շատ վիրավորական է, Մուրադ, Ասաց երիտասարդը փոքր-ինչ վրդովված ձայնով, Բայց ես ուշադրություն չեմ դարձնի և կհիշեցնեմ քեզ մի ուրիշ բան, որը, որպես երևում է, մոռացել ես դու։ Դու հիշո՞ւմ ես այն անբախտ աղջկան, որը սիրում էր քեզ, որին սիրում էիր և դու։ Արդյոք չե՞ս մտածում վերադառնալ նրա մոտ, գտնել նրան, ուրախացնել նրան։ Գիտե՞ս ինչ դրության մեջ թողեցիր նրան։

Գիտեմ... Բայց ինձ հայտնի չէ, արդյոք ո՞ղջ է նա, թե՞...

Վերջին խոսքը ես չկարողացա արտասանել, դա դանակի պես կտրատում էր իմ սիրտը։ Երիտասարդը հանգստացրեց ինձ, ասելով.

Ողջ է։ նրա վերքը մահացու չէր։ Մենք այդ մասին ճիշտ տեղեկություն ունենք։

Ընթերցողը հիշում է, որ ինձ դեպի աքսոր ճանապարհ դնելու առավոտը հանկարծ հայտնվեցավ Նենեն և իր բարկության խռովության մեջ խլեց զինվորներից մեկի ձեռքից հրացանը և արձակեց։ Թեև ոչ ոքին չվնասեց նա, բայց նրա վարմունքը այն աստիճան հակառակ էր օրենքի, որ մի զինվոր հրացանի սվինով վիրավորեց նրան, և նա ընկավ։ Խելագար աղջկա համարումը և հոգեկան հիվանդության ապացույցները միայն կարողացան ազատել նրան օրենքի խիստ դատապարտությունից։

Նենեի անունը հիշեցնելով, երիտասարդը շոշափեց սրտիս ամենազգայուն լարերը, իմ համառությունը մեղմացավ, իմ կամակորությունը միանգամից փշրվեցավ, և ես պատրաստ էի ասել նրան, Լավ, համաձայն եմ, կմիանամ ձեզ հետ, բայց դարձյալ շուտով ես տիրապետեցի ինձ, կարծես, իմ կամքի զորությունը կրկին վերադարձավ, երբ մտաբերեցի, թե ի՞նչ բան է խաչագողը կամ ի՞նչ է նշանակում միանալ նրանց հետ։

Ոչ, պատասխանեցի նրան, երբեք, երբեք ձեզ հետ գործ ունենալ չեմ կարող։

Երիտասարդի դրությունը անտանելի դարձավ։ Նա գործ դրեց իր վերջին ուժը, աշխատելով Նենեի հիշատակով գրավել ինձ։ Այդ փորձը անցավ ապարդյուն։ Այժմ ի՞նչ պիտի աներ նա։ Նա հայտնեց ինձ մի գաղտնիք՝ հաստատ հույս ունենալով, որ կհամոզե ինձ, որ ես կմասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ։ Ես մերժեցի։ Բայց գաղտնիքը մնաց ինձ մոտ։ Այժմ կարո՞ղ էր նա ապահով մնալ, որ ես նրանց գաղտնիքը չէի հայտնի ում որ հարկն էր և արգելք չէի դնի նրանց դիտավորության կատարվելուն։ Խաչագողները սաստիկ կասկածավոր մարդիկ են։ Ես նկատեցի այդ և բոլորովին անկեղծությամբ միամտացրի նրան, ասելով,

Դուք ինչ որ ցանկանում եք՝ արեք, ես ոչ մի կերպով չեմ խանգարի ձեզ, միայն ինձ հանգիստ թողեցեք։

Ազնիվ խո՞սք ես տալիս։

Ազնիվ խոսք եմ տալիս։

Նա սեղմեց իմ ձեռքը և հեռացավ։

Ես մնացի միայնակ, մեր կալարանի մի անկյունում նստած։ Այդ մարդիկը պիտի փախչեն, մտածում էի ես, նրանց դեռ չբռնված, ազատ մնացած ընկերները դրսից կօգնեն նրանց և անպատճառ կհաջողացնեն գործը, իսկ ես կմնամ իմ կապանքների մեջ։ Ինձ կտանեն այնտեղ, ուր մարդիկ կենդանի թաղվում են հանքերի անձավներում և խլուրդների նման աշխատում են ստորերկրյա մթության մեջ։ Չնայելով այդ բոլորին, իմ սիրտը հանգիստ էր, ես հավատացած էի, որ վերջ ի վերջո ինձ համար էլ կբացվեր ազատության դուռը, բայց ավելի արդար, ավելի օրինավոր ճանապարհով Իր մեղքերը զղջացած, ճշմարտության շավղի վրա կանգնած հանցավորին պետք է ներվեր, պետք է նրա համար փրկություն լիներ։ Եվ եթե մարդիկ այնքան սրատեսություն չունեն, որ քննեն սրտերի բոլոր խորքերը և որոշեն համառ հանցավորը զղջացածից, արդարը մեղավորից, բայց աստված, որի համար ոչինչ գաղտնիք չկա, որ գիտե բոլորը, ի՞նչ որ հասարակ մահկանացուին անհասկանալի և մութն է, մի թե ամենաբարի աստվածը չէր օգնի ինձ։ Իմ հավատը այժմ այնքան ջերմ էր, և իմ հույսը այնքան հաստատուն էր, որ ես նրա օգնությանը հավատում էի և սպասում էի։

Գիշերն անցավ առանց որևիցե աղմուկի։ Ամեն ինչ խաղաղ էր, ամեն ինչ իր սովորական դրության մեջն էր։ Առավոտյան մեզ զարթեցրին խիստ վաղ։ Օրը բավական ցուրտ էր։ Իմ ընկերները ջերմացրին իրանց մարմինը արաղով և չմոռացան մեր պահապան զինվորներին նույնպես խմացնել։ Մենք ճանապարհ ընկանք, մեզանից յուրաքանչյուրը իր ծանրությունները իր մեջքի վրա կրելով։ Մեր ետևից գալիս էր մի սայլակ, լծած միայն մի ձիով, որ բերում էր մեր և զինվորների ավելորդ ծանրությունները։ Նրա վրա երբեմն նստեցնում էին աքսորյալներից նրանց միայն, երբ հիվանդանում էին և չէին կարող ճանապարհը շարունակել Իմ ընկերներից երկուսը, այն առավոտ իրանց հիվանդ ձևացնելով, պառկած էին սայլակի վրա։ Պահապանները հիվանդների վրա շատ ուշադրություն չէին դարձնում, ինքը հիվանդությունը հսկում էր նրանց վրա։

Երբ արեգակը բավական վեր բարձրացավ հորիզոնից, օրը սկսեց տաքանալ։ Աքսորականների խումբը առաջ էր ընթանում դանդաղ և ծանր քայլերով։ Նրանց ոտնակապերի երկաթները աններդաշնակ կերպով ձայն էին հանում։

Պահապանների և աքսորականների ուշադրությունը դարձրած էր մի ծերունի հրեայի վրա, որը զանազան ծիծաղելի առակներով զվարճացնում էր նրանց։ Հրեան մի փոքրիկ մարդ էր, որին կոչում էին ժոզեֆ։ Այդ խեղկատակը կատվի դեմքով, նեղ և խորամանկ աչքերով, բնիկ օդեսացի էր, որը սկզբում պարապում էր մաքսանենգությամբ, իսկ հետո, մտնելով խաչագողների ընկերության մեջ, փորագրիչի պաշտոն էր կատարում և նրանց հետ կեղծ թղթադրամներ էր շինում։ Դա միևնույն անձն էր, որ մատնեց ամբողջ ընկերությունը։

Ժոզեֆը ամբողջ խմբի զվարճությունն էր, նրա սրախոսությունները, հանաքները և հրեական թլվատ լեզվով խոսակցությունը թուլացնելու չափ ծիծաղելի էին։

Կարծես թե այդ բոլորը նրա մեջ մի տեսակ կենսական պահանջ էր դարձել, և այդ պատճառով խեղկատակության ձիրքը ավելի զարգացել էր։ Նայելով նրա վրա, ես բացատրում էի նրա ցեղի մի քանի ընդհանուր գծերը, որոնք առաջ էին եկել կյանքի զանազան պայմաններից։ Խեղկատակությունը ծնունդ է հաճոյամոլության. դրանք երկուսն էլ ճնշված, հալածված ցեղերի հատկություններ են։ Պատմական հանգամանքների խստությունից հրեան այնքան ստոր ընկած է հասարակաց կարծիքից, որ մի շրջանի մեջ գտնվելու ժամանակ ուրիշ բանով չէ կարողանում գրավել նրանց ուշադրությունը, բայց միայն ծաղրածություններով։ Այդ մնում է նրա բնավորության մեջ և այն աստիճան ընտելանում է, որ մինչև անգամ առանց վիրավորելու թույլ է տալիս ուրիշներին ծաղրել իրան։ Այսպես էր և Ժոզեֆը։

Օրը սկսել էր երեկոյանալ։ Դեռ տասն վերստից ավելի էր մնում մինչև առաջիկա իջևանը։ ճանապարհը ձգվում էր անտառի միջով, ուր ասեղնավոր տերևներով պատած ծառերը այնպես խիտ գրկած էին միմյանց, որ մի քանի քայլ հեռվից ուրիշ ոչինչ չէր երևում, բացի ծառերից։ ճանապարհը նեղ էր. ծառերի ոստերը անդադար դիպչում էին մարդու երեսին և ծակոտում էին։ Բայց այդ չէր արգելում լսել Ժոզեֆի մի հետաքրքիր պատմությունը, որը կեսօրից հետո սկսելով, դեռ չէր ավարտել։ Պատմությունը հետզհետե ավելի ծիծաղաշարժ էր դառնում, բոլորի ուշադրությունը լարված էր դեպի հրեան։ Դա ամոքում էր և մեր հոգնածությունը։ Խումբը դանդաղ կերպով առաջ էր գնում։

Մի տեղ ճանապարհը ավելի նեղ ձև ստացավ, մի կողմից բարձրանում էր փոքրիկ բլուր, իսկ մյուս կողմից մի ուղղաձիգ զառիվայր իջնում էր դեպի անտառախիտ ձորը և կորչում էր ծառերի մեջ։ Ես լսեցի մի ձայն, որ շատ նման էր սև ագռավի կռնչյունին։ Որքան և բնական կերպով հնչվեցավ այդ ձայնը, դարձյալ ես չէի կարող չհասկանալ, թե դա խաչագողների սովորական նշանախոսություններից մեկն էր, որ նշանակում էր՝ պատրաստ եղեք։ Ձայնը կրկնվեցավ, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց, միայն իմ ընկերները խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին։

Ժոզեֆի պատմությունը այդ միջոցին ավելի հետաքրքրական էր դարձել։

Փոքր-ինչ առաջ գնալուց հետո ձայնը երրորդ անգամ կրկընվեցավ։ Այդ միջոցին մեր խումբի մեջ գտնված խաչագողները արագությամբ դուրս եկան ճանապարհից, մտան անտառի մեջ և շուտով ծածկվեցան ժայռերի ետևում։ Պահապաններից մի քանիսը փորձեցին հետամուտ լինել, բայց ժայռերի ետևից և ծառերի միջից սլացող գնդակները երկուսին գետին գլորեցին։ Նրանք ետ դարձան, որ պահեն մնացածներին, որպեսզի չփախչեն։

Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ։ Ամբողջ խումբին տիրել էր երկյուղ և խորին ապշություն։ Հրացանները դեռ երկու կողմից ևս արձակվում էին, գնդակները սուլելով անցնում էին ծառերի միջից։ Հետո ամեն ինչ լռեց, միայն անտառի խորքից լսելի էին լինում մուրճերի շտապշտապ զարկերը։ Երևում էր, խորտակում էին փախստականների երկաթյա ոտնակապերը։

Կռվի խռովության ժամանակ հափշտակողներից ոչ ոք չերևեցավ անտառի խորքից։ Նրանք գործում էին իրանց թաքստի տեղից։ Միայն վառոդի ծուխի մեջ ես նշմարեցի մի աղոտ պատկեր։ Որքան էլ կերպարանափոխված լիներ նա, այնուամենայնիվ ես չէի կարող չճանաչել քավոր Պետրոսին։ Նա խորհրդավոր կերպով շարժեց դեպի ինձ իր մատը և դևի նման կրկին անհայտացավ։ Կարծես դրանով ասել էր ուզում. Հիմար, ինչո՞ւ չհետևեցիր իմ խրատներին...

Երբ ամեն ինչ լռեց, հանգստացավ, մենք դեռ նոր նկատեցինք, որ խեղճ Ժոզեֆը դիակների թվում էր։ Գնդակը, որ դիպել էր նրա գլխին, պատահական չէր, այլ նպատակով ուղղած։ Այդ անպիտանը մատնել էր խաչագողներին, ոչնչացրել էր մի ամբողջ հիմնարկություն, որով նրանք միլիոններ վաստակելու հույսեր ունեին։ Խաչագողը մինչև մահ չէ մոռանում յուր ընկերների անհավատարմությունը և աշխատում է մի օր վրեժխնդիր լինել։ Եվ այժմ Ժոզեֆը ստացավ իր վարձը։

Սարսափած և երկյուղից խռովության մեջ ընկած պահապանները հրեայի և իրանց երկու ընկերների դիակները դրեցին սայլակի վրա, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։ Իջևանը բավական հեռու էր, մենք հասանք այնտեղ, երբ արևը վաղուց մայր էր մտել, և մութը բոլորովին պատել էր։

Մյուս օրը մենք մնացինք նույն իջևանում։ Պահապանները, երկյուղ կրելով, միգուցե մնացած աքսորականների հետ պատահեր միևնույնը, այն օր մեր գնացքը հետ ձգեցին, մինչև պատահած անցքի մասին տեղեկություն կտային մերձակա փոքրիկ քաղաքի կառավարությանը, և մինչև փախստականներին գտնելու միջոցներ գործ կդրվեին։ Ես շատ ուրախ էի, որ մեր ուղևորությունը ընդհատվեց, որովհետև փոքր-ինչ կհանգստանայի, փոքր-ինչ կկազդուրեի իմ սպառված ուժերը։



#26 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:32 PM

ԺԲ


ՍԵՐԸ Չէ ՀԱՄԲԵՐՈԻՄ
Խաչագողների փախուստից հետո մեր խումբի մեջ մնաց մեկ քրիստոնյա միայն, ազգով վրացի։ Մյուսները թուրք, թաթար և այլազգիներ էին։ Ազատվելով խաչագողների անտանելի հասարակությունից, ես սկսեցի որոնել հիշյալ վրացու բարեկամությունը։ Նա մի ուրախ, պարզամիտ և բավական շնորհալի դեմքով երիտասարդ էր Իմերեթիայի կողմերից: Նա խիստ շուտով մտերմացավ ինձ հետ։ Նրան աքսորել էին սպանության համար։ Ես զարմանում էի, թե ինչպե՞ս մի այնպիսի բարեսիրտ տղա կարող էր սպանություն գործել։

Այդ երիտասարդը օրըստօրե ավելի և ավելի համակրական էր դառնում ինձ։ Նրա բնավորության մեջ այնքան պարզություն կար, որ չէր կարելի չսիրել նրան։

Մեզ արդեն տեղափոխել էին մերձակա փոքրիկ քաղաքը։ Այստեղ ևս մի քանի օր պահեցին մեզ, որովհետև մեր խումբի հետ պիտի միացնեին մի քանի ուրիշ աքսորականներ, որոնց նույնպես Սիբիր էին ուղարկում։

Վասոն, այսպես էր վրացի երիտասարդի անունը, այնքան ընտելացավ ինձ հետ, որ ինձանից չէր հեռանում։ Գիշերները քնում էր իմ կողքին և շատ անգամ, երբ քունը չէր տանում, ժամերով պատմում էր իր կյանքի այս և այն արկածները:

Մի գիշեր, նստած իմ մոտ, կարկատում էր իր մաշված կոշիկները և տխուր, հազիվ լսելի ձայնով շշնջում էր մի երգ, Երիտասարդը բոլորովին հափշտակված էր իր զգացմունքների մեջ, և գործը համարյա մեքենաբար էր կատարվում նրա ձեռքում։

Վասո, չե՞ս պրծնում, Հարցրի նրանից։

է՜, թող անիծե՜ աստված այդ անպիտանները, սաղ տեղ չէ մնացել, կարում ես, կարում, էլի էն է ու էն։

Մեկ հատը ինձ տուր, ես կօգնեմ քեզ։

Շնորհակալ եմ, դու միայն ճրագը մոտ բռնիր, ես կկարեմ։

Ես նկատեցի, որ Վասոյի խնդիրը խիստ կարևոր էր. ճրագի մոմը, որ նա կպցրել էր հատակի աղյուսի վրա, այնքան սպառվել և կարճացել էր, որ լույսը կոշիկների վրա չէր տարածում և այսպիսով դժվարացնում էր նրան աշխատել։ Ես վեր առի մոմը, բարձր բռնեցի, նա շարունակեց կարել:

Բայց ինձ հետաքրքրում էր այն, թե ի՞նչ պատճառով աքսորեցին նրան։

Ես սպանեցի իմ պարոնին, պատասխանեց նա։

Ինչո՞ւ համար։

Երկար է, շատ երկար, եթե պատմելու լինեմ, մինչև լույս չի պրծնի։

Միևնույն է։ Դու խո չես քնում, իմ քունն էլ չէ տանում, դու պատմիր, ես կլսեմ, այսպիսով ավելի կարճ կլինի գիշերը։

Նա սկսեց պատմել.

Ես է... իշխանի ճորտերից էի։ Նա շատ վատ մարդ էր, օրինակ քեզ՝ մի գազան։ Պատահում էր, կա՛մ տանը կնոջ հետ կռված է, կա՛մ մի ուրիշը բարկացրել է նրան և կամ հարբած է, նա կատաղած դուրս է գալիս տնից, վա՜յ այն գյուղացուն, որ կհանդիպի նրան։ Նա իսկույն մի առիթ կգտներ գյուղացուն ծեծելու, հայհոյելու և իր սիրտը հանգստացնելու։ Օրինակ, պատահում էին այսպիսի դեպքեր, գյուղացին մի զույգ նոր տրեխներ է հագել։ (Նա համբերել չէր կարող, երբ գյուղացին նոր բան էր հագնում և պարոնի նմանություն էր ստանում)։ Տեսար, կանչում է՝ էյ, մարդ։ Գյուղացին մոտենում է, գլուխ է տալիս, կանգնում է։ Այդ ի՞նչ է, ցույց է տալիս նա տրեխները։

Աղա ջան, ցավդ տանեմ, գնում եմ անտառը, պատասխանում է գյուղացին դողալով։ Տո, անպիտան, եթե առանց տրեխների գնալու լինես, ոտներդ կմաշվե՞ն, և հրամայում է իսկույն խլել նրանից տրեխները։ Մի անգամ գյուղացու մեկը փռթկաց նրա մոտ։ Տո, անշնորհք ավանակ, համարձակվում ես փռթկա՞լ քո պարոնի առջև, ասաց նա և հրամայեց ծեծել խեղճին։

Մեր հարևան Գիորգին մի աղջիկ ուներ, շարունակեց նա, նրա անունը Կեկելո էր։ Բայց ի՜նչ աղջիկ, այնքան սիրուն էր, որ կարծես գյուղացու աղջիկ չլիներ, այլ ուղիղ պարոնի տնից դուրս եկած լիներ։ Մի անգամ նա հանդիպեց ինձ դաշտումը, գալիս էր անտառից, շալակած փայտ էր բերում իրանց համար։ Քրտինքը թափվում էր նրա երեսից, թշերը խնձորի նման կարմրել էին։ Հենց որ տեսա, իմ խելքը գնաց։ Տուր, Կեկելո, ես կտանեմ շալակդ, ասացի նրան: Շատ ծանր չէ, ես կարող եմ տանել, ասաց նա ավելի կարմրելով։ Մենք սկսեցինք խոսելով կամաց-կամաց դիմել դեպի գյուղը, երբ մոտեցանք, բաժանվեցանք միմյանցից, որ մեզ միասին չտեսնեն։

Այդ միջոցին Վասոն այն աստիճան հափշտակված էր իր պատմությունով, որ ամենևին չէր նկատում, թե ասեղը ընկել էր նրա ձեռքից, և կոշիկները նույնպես ընկած էին նրա կողքին։ Նա շարունակեց,

Ես մորս հայտնեցի, որ Կեկելոյին նշան դնե ինձ համար նա էլ հորս հայտնեց։ Հայրս գնաց Գիորգիի տունը, խոստացավ տալ մի այծ, հինգ թունգի գինի, մի քանի սոմար սիմինդր, կարճ ասած, խոսեցին, բարիշեցան, նշանը դրեցին։ Սպասում էինք, որ աշունքը գա, գինին պատրաստվի, որ հարսանիք անենք։ Այդ միջոցին, չեմ իմանում, ի՞նչ սատանա մտավ իմ պարոնի գլխում։ Նա հրամայեց, որ Կեկելուին վեր առնեն իր տանը որպես աղախին։

Աշունքը եկավ, գինիները հասան, բայց հարսանիքը չկատարվեցավ։ Այս տարի չի լինի, ասում էր մեր պարոնը։ Իմ սիրտը տրաքվում էր անհամբերությունից։ Բայց ի՞նչ կարող էի անել, երբ պարոնը այսպես էր հրամայում։

Մի անգամ Կեկելոն գտավ ինձ անտառում, տեսնում եմ, երեսին գույն չէ մնացել, կասես թե սպանված լիներ։ Հարցնում եմ, Կեկելո, ի՞նչ է պատահել քեզ հետ։

Նա ոչինչ չէ ասում, հենց լաց է լինում։ Գրկում եմ նրան, դարձյալ հարցնում եմ. Կեկելո, ինչո՞ւ ես լաց լինում։ Նա արտասուքի միջից ինձ պատասխանում է, Ա՜խ, վատ մարդ է... նա շատ վատ մարդ է... նա աստված չունի... նա։ Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել իր խոսքը, բայց ես հասկացա բոլորը...

Արյունը թռավ գլուխս, ես իստակ կատաղեցա։ Հենց էն սհաթին վազեցի դեպի մեր տունը, խենջարս վեր առի, թաքցրի չերքեզիիս տակ, տնից դուրս եկա։ Առաջ մտա գինետունը, լավ խմեցի, սիրտս պնդացրի, հետո գնացի պարոնի դռանը կանգնեցա, սպասում էի, որ նա դուրս գա։ Տեսա, նա դուրս եկավ, պատրաստվում էր որսի գնալ։ Առաջը կտրեցի, ասելով. Ինչո՞ւ ես պահել իմ նշանածին։ Նա բարկացավ, սկսեց հայհոյել և չորս կողմն էր նայում, աչքերով որոնում էր իր սպասավորներին, որ հրամայե ինձ բռնեն։ Տո՛ւր իմ նշանածը, կրկնում եմ ես, հենց մոտ ու մոտ եմ գնում։ Նա դարձյալ գոռում է. Դու, լի՜րբ, անզգամ, համարձակվում ես... բռնեցեք այդ անիրավին։ Ես ուշադրություն չեմ դարձնում, հենց մոտ ու մոտ եմ գնում։ Հիմա քեզ խեղդել կտամ, ասում է ավելի կատաղելով։ Իսկ ես հենց մոտ ու մոտ եմ գնում։ Տո՜ւր նշանածս, ասում եմ քեզ։ Նա էլ չհամբերեց մինչև ծառաները հավաքվեին, հարձակվեցավ իմ վրա։ Ես խենջարը խրեցի նրա կողքը...։

Այդ միջոցին ես նայեցի Վասոյի երեսին, նա այնպես գունատված էր, նրա շրթունքը այնպես դողդողում էին, որ կարծես, հենց այն րոպեում նա իր արյունոտ խենջարը դուրս էր քաշում բռնակալ պարոնի կողքից։ Երբ նա փոքր-ինչ հանգըստացավ, հարցրի.

Իսկ դու չփախա՞ր։

Փախա, բայց երբեմն գիշերով հայտնվում էի մեր գյուղում, որ Կեկելոյին էլ կարողանամ փախցնել։ Աստված չհաջողեց, մի գիշեր բռնվեցա։

Վասոյին ես ավելի սկսեցի սիրել, երբ իմացա նրա կյանքի պատմությունը։ Խեղճ տղան սիրո զոհ էր դարձել։ Սե՜ր... ի նչ բան ես դու, ես մինչև այսօր չեմ կարողացել հասկանալ քեզ, թեև ինքս սիրել եմ... և այժմ սիրում եմ...

Վասոն և Կեկելոն, որպես ճորտեր, որպես սեփականություն մի անգութ պարոնի, հոժարությամբ նվիրում են նրան իրանց աշխատանքը, իրանց վաստակը։ րայց երբ պարոնը դիպչում է և այն զգացմունքին, որը սուրբ է յուրաքանչյուր անհատի համար, այն ժամանակ ճնշվա՛ծ, հլու ստրուկն անգամ այլևս չէ համբերում...

Իսկ ե՞ս, ես, թշվառականս, ի՞նչ արեցի Նենեի համար, ինչո՞վ ապացուցեցի, որ ճշմարիտ սիրում եմ նրան...



#27 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:34 PM


ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ
Ա


ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐ
Անցել էր երեք տարի այն օրից, որ ես աքսորվեցա։ Այժմ բավական ընտելացել էի դատապարտյալի տաժանական կյանքին, բավական տանելի էր դարձել ինձ ծանր աշխատությունը հանքերի մեջ, բավական սովորել էի այնտեղի կերակրին և կեցությանը խոնավ, մթին կացարանների մեջ։

Աշխարհից կտրված, կյանքի վայելչություններից զրկված դատապարտյալը իր շրջանի մեջ ոչինչ բավականություն չէ գտնում: Այստեղ ամեն մարդ ակամայից է գործում, որովհետև իր համար չէ գործում։ Ուր չկա շահ և շահերի միություն, շատ բնական է, որ այնտեղ չէ կարող կազմվել ընկերական կյանք, սեր և միաբանություն։ Եվ գուցե այդ է պատճառը, որ այն ահագին խառնիճաղանջ բազմության մեջ մարդ չէ կարող գտնել մի լավ բարեկամ, մի լավ ընկեր։

Միակ բանը, որ երբեմն մոտեցնում է այդ թշվառներին և կապում է միմյանց հետ, է նրանց վիճակի միանմանությունը։ Դժբախտության մեջ մարդը իր նման ընկեր է գտնում։ Ես գտա մի այսպիսի ընկեր, որի հետ բաժանում էինք մեր վշտերը։

Այդ երիտասարդը հենց առաջին անգամից գրավեց իմ ուշադրությունը, քանի դեռ նրա հետ ծանոթացած չէի։ Նա մի բարեկազմ տղամարդ էր, բարձրահասակ, որի երեսի փոքրինչ խոշոր գծագրությունը տալիս էր դեմքին խիստ այրական բնավորություն։

Ես շատ էի հետաքրքրվում, թե ի՞նչ հանցանքի համար աքսորված էր նա։ Բայց նա իր մասին ոչինչ չէր խոսում, և միշտ տխրությունը պատում էր նրա դեմքը, երբ խոսքը վերաբերում էր իր անձին։ Ինձ ասացին, թե նա եղել է մի նշանավոր ավազակապետ։ Հենց որ այդ իմացա, սկզբում իմ մեջ ծագեց սաստիկ հակակրություն դեպի այդ մարդը։ Ավազակը իր գործունեությամբ շատ չէ զանազանվում խաչագողներից։ Իսկ խաչագողներին ես ատում էի։ Բայց իմ հակակրությունը հետզհետե անհետացավ, երբ ավելի մոտ ծանոթացա նրա հետ։

Ավազակապետը բնիկ պարսկաստանցի էր, Ատրպատականի կողմերից։ Հայրենակցությունը առաջին բարեկամական կապը եղավ իմ և նրա մեջ։ Բայց երբ իմացա, որ նա ազգով հայ էր, բոլորովին կապվեցա նրա հետ։

Մի գիշեր, երբ երկար թախանձեցի նրան, հոժարացավ հաղորդել ինձ իր կյանքի պատմությունը։ նա սկսեց այսպես.

Ինձ կոչում են Ջալլադ. դա իմ իսկական անունը չէ. դա իմ մականունն է, որ նշանակում է դահիճ։ Այդ մականունը ստացա ես ոչ թե նրա համար, որ դահճի պաշտոն եմ կատարել, այլ նրա համար, որ շատ արյուն եմ թափել, բայց ոչ անմեղ արյուն... Իմ հայրը Ղարաբաղ գավառի հայ մելիքի տնտեսն էր*: Մելիքը չափազանց հավատարմություն ուներ դեպի նա և համարյա իր տնտեսական բոլոր գործերը հանձնել էր նրան։ Մելիքը, միշտ պարսից խաների հետ կյանք վարելով, ընդունել էր նրանց շատ սովորությունները։ նրա ընտանեկան կյանքը, բարքը, վարքը կատարյալ պարսկական էր, պակաս էր, հարեմը միայն, պակաս էին սևամորթ ստրուկներ և ներքինի ծառաներ, որ նրա տունը մահմեդական ընտանիքի ճիշտ կերպարանքը ստանար։


* Ղարադաղը պատմական Հայաստանի Փայտակարան նահանգն է, գտնվում է Ղարաբաղի հանդեպ՝ Երասխ գետի մյուս ափում։ Չալաբեանցիների արշավանքից առաջ երկրի ազգաբնակչության մեծամասնությունը կազմել են հայերը, սակայն վերջիններիս դաժան հարստահարության հետևանքով տեղաբնիկները գաղթել են Ղարաբաղ և Թավրիզ:
Մելիք կամ մալիք, արաբերեն բառ Է, նշանակում Է տեր, իշխան, թագավոր։ Հայ մելիքության շրջանում այդ բառը կորցրել Էր իր նախնական իմաստը և նշանակում էր մելիքություն՝ գավառ, և մելիք գավառապետ։ Մելիքները նշանակվում էին պարսից կառավարողների կողմից և ապա դաոնում ժառանգական։ Ժառանգորդը կոչվում Էր մելիքզադե։ Այդպես է առաջացել նաև Րաֆֆու Մելիքզադե անունը։ Մելիքներն ունեին վարչական, զինվորական, դատական ու ոստիկանական իրավունքներ, նրանց իշխանությունը ենթակա էր պարսից շահին ու Երևանի խանին։



Շատ անգամ պատահում էր, որ հայրս մի որևիցե բան էր գնում մելիքի տան համար և տալիս էր ինձ տանել այնտեղ։ Ես ավելի ուրախությամբ էի կատարում հորս պատվերը, երբ մի բան պետք էր տանել մելիքի կանանոցը։ Ամեն անգամ, այնտեղ մտնելու ժամանակ, մելիքի աղջիկները, աղախինները շրջապատում էին ինձ, ի՞նչ ես բերել, հարցնում էին և, ամեն կողմից վրա պրծնելով, սկսում էին խլխլել իմ տարած փարչաները։ Իսկ երբ իմ տարած բաները աղջիկներին չէին պատկանում, նրանք հանաքներ էին անում, ծիծաղում էին իմ վրա, ջիգրացնում էին ինձ, իսկ ես, ամոթից քրտնած, կարմրած, հեռանում էի նրանցից։ Ես թեև արդեն հասակ առած պատանի էի, բայց ինձանից չէին քաշվում, ինձ վրա նայում էին որպես տան տղայի վրա։

Մելիքը, մահմեդականների սովորությանը հետևելով, ուներ մի քանի կնիկներ։ Նրա առաջին կնիկը մեռած էր, որից մնացել էր մի աղջիկ միայն, որին կոչում էին Սանամ։ Խորթ մայրերը, որպես սովորաբար լինում է, վատ էին վարվում Սանամի հետ և շատ բաներում խտրություն էին դնում նրա և իրանց զավակների մեջ։ Սանամը զրկված էր մայրական սերից, զրկված էր առհասարակ ընտանեկան քաղցրությունից։ Ես շատ անգամ հանդիպում էի նրան արտասուքը աչքերում, բայց նա ինձ ոչինչ չէր ասում, նա վաղուց սովորել էր իր վշտերը թաքցնել իր սրտում։ Հայրը, զբաղված լինելով իր գործերով, նրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Պատահում էր, երբ աղջիկների հագուստի համար զանազան թանկագին ճոթեր էի տանում, երբ Սանամը բաժին չէր ստանում, նա իսկույն լռությամբ հեռանում էր, առանձնանում էր մի տեղ և անձնատուր էր լինում խորին տխրության։

Այսպիսի դեպքերը, որ պատահում էին ոչ սակավ անգամ, վիրավորում էին Սանամի սիրտը. նա վշտանում էր ոչ թե այն պատճառով, որ նա զրկվում էր այն զվարճություններից, որ վայելում էին նրա մյուս քույրերը, ո՛չ, Սանամը այդ մասին շատ հպարտ էր, այլ նա վիրավորվում էր գլխավորապես նրա համար, որ խտրություն էին դնում նրա և մյուսների մեջ և անդադար հիշեցնում էին, թե՝ դու անբախտ ես, որովհետե, մայր չունես։

Այդ հանգամանքները ծնեցին իմ մեջ մի ջերմ կարեկցություն դեպի դժբախտ աղջկա վիճակը։

Անցան տարիներ, Սանամն արդեն հասունացած օրիորդ էր դարձել, իսկ ես նորահաս երիտասարդ էի։ Այդ հասակում մարդիկ ամեն բան հասկանում են։

Մի անգամ, երբ մոտենում էր զատկի տոնը, մելիքի աղջիկները կարել էին տալիս իրանց համար նոր հագուստներ։ Սանամի համար նույնպես ձևել էին տվել, բայց նա ամենևին չէր շտապում, որ շուտով կարվեն և զատկվա համար պատրաստ լինեն։ Ես հարցրի պատճառը, նա պատասխանեց.

Ի՞նչ կանեմ կարմիր շապիկը, երբ սիրտս միշտ սև ու սև է հագած...

Նա այլևս չխոսեց և հեռացավ։

Ես նկատեցի, որ Սանամը այժմ չէր տանջվում այն ցավով, որ երեխայության ժամանակ շատ անգամ արտասուք էին թորեցնում նրա աչքերից։ Այժմ նրա տանջանքը բոլորովին հոգեկան էր...

Սանամը մի առանձին մտերմություն չուներ դեպի ինձ. նա նայում էր ինձ վրա որպես իր հոր տանը մեծացած սպասավորի վրա։ Որքան էլ ճնշված լիներ նրա դրությունը, այսուամենայնիվ, նա մելիքի աղջիկ էր, իսկ ես՝ նրա հոր մոտ ծառայողի որդին։ Ես շատ էի աշխատում շոշափել նրա սրտի խորքերը, բայց նա այնքան ծածկամիտ էր, որ երբեք իր սիրտը չէր բաց անում ինձ մոտ։ Նա միայն համարում էր ինձ մի երիտասարդ, որ իր բոլոր շրջապատողներից ավելի համակրություն ուներ դեպի նա, և որին պատահած ժամանակ կարող էր հավատալ և ասել նրան մի քանի խոսքեր։

Մի անգամ գտա նրան սարսափելի խռովության մեջ. կարծես թե սպանված լիներ հուսահատությունից։ Նա դարձավ դեպի ինձ այդ խոսքերով.

Աղաչում եմ քեզ, գնի՛ր ինձ համար մի կտոր աֆիոն, դա կլինի իմ աոաջին և վերջին խնդիրը քեզանից։

Իսկույն հասկացա նրա միտքը։

Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, հարցրի ես ոչ սակավ զարհուրելով։

Նա ուշադրություն չդարձրեց իմ հարցերի վրա և կրկնեց իր խնդիրը ավելի հրամայական ձայնով.

Քո գիտենալու բան չէ... գնա՛, գնի՛ր, ինչ որ ասում են քեզ... հենց այսօր, հենց այս րոպեիս... գնա՛, մի ուշացի՛ր...

Ես դուրս եկա Սանամի սենյակից, նրան այն հույսի մեջ թողնելով, թե կկատարեմ նրա խնդիրքը։ Բակում ինձ հանդիպեց մելիքի վաղեմի ձիապանը, մի ծերունի, որ ծառայում էր այդ տան մեջ նրա հոր ժամանակներից։ Ծերունին, չլսելով, որ ես կանչեցի նրան, շարունակեց իր դանդաղ քայլերը և մտավ ախոռատունը։ Ես հետևեցի նրան, պատմեցի, թե ինչ դրության մեջ գտա Սանամին։

Ամեն բան տակնուվրա եղավ... ասաց նա ինքն իրան խոսելով, էլ ի՞նչ մնաց... ամեն բան կորավ... մնացել էր մեր սուրբ հավատը, այն էլ կորավ...

Ի՞նչ է պատահել, հարցրի ես, ոչինչ չհասկանալով նրա մթին խոսքերից։

Ի՞նչ է պատահել, կրկնեց նա գլուխը շարժելով, բայց այդ միջոցին ոսկեգույն նժույգներից մեկը, տեսնելով իր ծերունի խնամատարին, սկսեց ուրախությամբ խրխնջալ և առջևի սմբակները հատակին զարկել։ Նա դարձավ դեպի նժույգը, ասելով. Սարի, խելոք կաց։ Սարին փոքր-ինչ հանգստացավ, և նա կրկին դիմեց ինձ՝ դարձյալ նժույգի վրա խոսելով.

Հինգ տարուց ավելի է, որ աշխատում եմ այդ անզգամին խելքի բերել, բայց դա հենց էն գիժն է ու էն գիժը։

Ծերունի Թունին սաստիկ սիրում էր իր ձիաների մեջ կարգ պահպանել և մանավանդ ներել չէր կարող, երբ նրանք, մի այլ մարդու ներկայությամբ, չէին հետևում համեստության կանոնների։ Նա պատրաստվում էր ավելի երկար բացատրություններ տալ իր կարգապահության մասին, բայց իմ համբերությունը հատավ, ես կրկին հարցրի,

Դու այն ասա՛, ի՞նչ է պատահել

Էլ ի՞նչ լինի... ամեն բան փչացավ... ամեն բան ծուռն է գնում...

Նժույգը դարձյալ ընդհատեց նրա խոսքը։ Սարի, սատանայի ծնունդ, քեզ եմ ասում, խելոք կաց։

Նա, մոռանալով իմ հարցմունքը, մոտեցավ Սարիին, սկըսեց հայրաբար փայփայել նրա գեղեցիկ բաշը և նորից խրատներ կարդալ Նժույգը լսեց նրա խրատները, հանգստացավ, իսկ ծերունին եկավ, կրկին նստեց իմ մոտ։

Անցա՜ն, գնացին հին ժամանակները, խոսեց նա խորին կերպով հոգվոց հանելով. լինում էր, շատ անգամ հանգուցյալ մելիքը մտնում էր այստեղ, ձիաները մեկը մյուսի կողքին շարված էին հիսունի չափ, չաղ, սիրուն, կասես թե ամեն մեկը մի ռաշխ լիներ։ Հանգուցյալի սիրտը փառավորվում էր, ձեռքով զարկում էր իմ քամակին, Շա՜տ ապրես, ասում էր, Թունի, ձիաները լավ ես պահել... ու այն րոպեում հանում էր իր հագիցը կաբան, ինձ խալաթ էր տալիս։ Բայց հիմա ոչ այն մելիքը կա և ոչ այն ձիաները... Բոլորը պստիկ մելիքը ընծայեց պարսիկ խաներին... Բայց առա՞ջ... պարսիկ խաներն էին մեզ ձիաներ փեշքաշ անում, որ հանգուցյալ մելիքը նրանց հոգին չհաներ... տերևի նման դողդողում էին, երբ նրա շվաքն էին տեսնում։

Մելիքների տան վաղեմի փառքի հիշատակը և նրա թուլանալը ներկա մելիքի օրերում այն աստիճան ցավերով լըցրին բարեսիրտ ծերունու սիրտը, որ նա, կարծես, բոլորովին չէր նկատում իմ ներկայությունը և իսպառ մոռացավ այն հարցը, որով ես մի քանի անգամ դիմեցի նրան Ես դարձյալ հարցրի.

Ես այդ բոլորը գիտեմ, դու այն ասա՛, ի՞նչ է պատահել Սանամի հետ։

Նա դարձյալ ինձ համբերությունից հանեց իր երկարաբանությամբ։

Խե՜ղճ աղջիկ, երանի՜ թե բնավ ծնված չլինեիր... երանի քո մորը, որ շուտ մեռավ և աչքերով չտեսավ այդ նախատինքը... Բայց ալևոր Թունին մեղավոր էր, նա մնաց, չմեռավ և չտեսած բաներ տեսավ... Մի այդպիսի բան կարո՞ղ էր պատահել հանգուցյալ մելիքի օրերում։ Նրա ժամանակում աստուծո բարությունով լցված էր մեր երկիրը, գայլն ու գառը միասին էին ապրում, մարդիկ խաղաղությամբ ցանում էին, հնձում էին, ուտում էին, ուրախանում էին... Բայց հիմա՞, հիմա մարդ ոչ իր գլխի տերն է և ոչ իր ապրանքի տերն է... ամեն բան փչացավ... ոչ կարգ կա, ոչ կանոն... ամեն մարդ իր սրտի ուզածն է անում... Իսկ մեր մելիքը իր քեֆերից չի արթնանում։ Բայց այդ վերջինը... նրա այդ վերջին արարմունքը... ա՜խ, աստված, այդ ի՞նչ բան է։

Ի՞նչ արարմունք, գոչեցի ես բարկությամբ, դե,՛ ասա՛, ի՞նչ ես սիրտս տրաքեցնում:

Ի՜նչ արարմունք... դու դեռ չե՞ս լսել, Հարցրեց նա զարմանալով։

Ես ոչինչ չեմ լսել։

Մեր մելիքը (ա՜խ, տեր աստված, նրան մեքիչ խելք տուր), հա՛, մեր մելիքը ամեն բան ոտքի տակ տվեց, ամեն բան տակնուվրա արեց։ Խաները նրա հորից տերևի նման դողում էին, երբ գալիս էին նրա սալամին, ժամերով կանգնում էին դռանը, մինչև հրաման չէին ստանում, չէին համարձակվում ներս մտնել։ Բայց թուլասիրտ որդին հիմա խաների ոտքերն է լիզում, խոնարհվում է նրանց առջև։ Այդ բավական չէ՛, իր հարազատ աղջիկը նրանց կնության է տալիս... մի լույս հոգի է կորցնում։

Սանամի՞ն է տալիս, Հարցրի ես սարսափելով։

Սանամին, ապա ո՞ւմը, պատասխանեց նա, իր մարած աչքերից արտասուքը սրբելով։

Ես հասկացա դժբախտ աղջկա խռովության պատճառը և իսկույն դուրս եկա ախոռատնից։ Արևը արդեն մայր մտնելու մոտ էր։ Ես սպասում էի, մինչև բոլորովին մթնի, որ հարմար ժամանակ գտնեմ Սանամի հետ տեսնվելու։

Բայց, մինչև մեր տեսնվելը, հարկավոր է ձեզ տեղեկացնել, որ այ՛ն ժամանակ Ղարադաղի գավառում կային հայոց երկու նշանավոր մելիքներ, մեկը մեր մելիքն էր, իսկ մյուսը, նույնպես հին տոհմից, ավելի զորավոր էր, քան թե մերը։ Ղարադաղի հայերի իշխանությունը բաժանված էր այդ երկուսի մեջ։ Երկուսն էլ անմիաբան, հակառակ միմյանց, միշտ աշխատում էին ստորացնել միմյանց, վնասել միմյանց, և այդ պատճառով ներքին երկպառակտությունը երկրից անպակաս էր լինո՛ւմ։ Պարսիկ խաները, օգուտ քաղելով դրանց թշնամությունից, ավելի բորբոքում էին կռիվը։ Եվ այդ, իհարկե, ավելի ձեռնտու էր նրանց, երբ հայոց գլխավորները չէին կարող միանալ, որ ընդհանուր ուժերով պատերազմեին երկրի արտաքին թշնամու դեմ։

Վերջին ժամանակներում մեր մելիքը մտածում էր բոլորովին ոչնչացնել իր հակառակորդին և, այդ նպատակին հասնելու համար, աշխատում է դեպի ինքը գրավել Քուրդաշտի խանին, խոստանալով որպես բարեկամության առհավատչյա գեղեցիկ Սանամին նրան կնության տալ։

Մի այնպիսի մարդ, որպես մեր մելիքն էր, պատրաստ էր իր փառասիրության համար զոհել ամեն ինչ։ Նա նայում էր իր աղջկա վրա որպես իր նժույգներից մեկի վրա, որ շատ անգամ ընծայում էր այս և այն խանին, նրանց բարեկամությունը գրավելու համար։

Պարզ, մաքուր, անարատ մնացած ժողովրդի կրոնական զգացմունքը վիրավորվում էր, տեսնելով, որ իր մելիքը մահմեդական սովորություններին է հետևում, բայց նրա խուլ բողոքը լսելի չէր լինում։

Դուք մի փոքր տեղեկություն ստացաք մեր երկրի այն ժամանակվա դրության մասին, շարունակեց ավազակապետը, հիմա դառնանք դեպի օրիորդ Սանամը։

Ախոռատան բակից մի փոքրիկ դուռ տանում էր դեպի պարտեզը, որ կպած էր մելիքի ամրոցին։ Սանամը սովորություն ուներ երեկոյան պահուն պարտեզում պտտելու։ Ես մտա այնտեղ, հուսալով, թե կգտնեմ նրան։ Երկար անհանգիստ կերպով թափառում էի, բայց ոչ ոքին չտեսա։ Արևը մտավ, մութը սկսեց հետզհետե թանձրանալ։ Ես մտա ամրոցը այն դռնով, որ ուղղակի տանում էր դեպի Սանամի սենյակը։ Նախասենյակում ճրագ չկար։ Մոտեցա նրա կացարանի դռանը, ներսից լսվում էր մի այսպիսի սոսկալի խոսակցություն.

Լո՛ւռ կաց, անզգամ... ի՞նչպես ես համարձակվում... քեզ մորթել կտամ... ինչ որ ասում եմ, պետք է հնազանդվես։

Այդ նրա հոր ձայնն էր։

Հողեմ քո սարսաղ գլուխը... էլ ի՞նչ ես ուզում... կգնաս խանի տանը խանում կդառնաս... միշտ ղառ ու ղումաշ կհագնես։

Այդ նրա խորթ մոր ձայնն էր։

Թե որ սպանեք, թե որ կտրատեք ինձ, էլի այն կասեմ պարսիկի կին չեմ դառնա, հոգիս չեմ կորցնի...

Այդ Սանամի պատասխանն էր։

Ես հետ քաշվեցա, մի անկյունում կծկվեցա, երբ լսեցի մելիքի քայլերի ձայնը։ Նա իր կնոջ հետ դուրս եկավ, անցավ իմ մոտից, բայց մութի մեջ չկարողացավ նկատել ինձ։ Ես լսեցի հետևյալ խոսակցությունը։

Ա՛յ մարդ, ասաց կինը, դու ինչո՞ւ ես մտիկ անում այն քածի ասածներին, ինչ որ ուզում է, թող անե. դու խանին խոսք ես տվել, խո չե՞ս կարող խոսքիցդ ետ կանգնել։

Ես նրա լաց ու սուգին մտիկ չեմ տա, պատասխանեց մելիքը, ես տղամարդ եմ, իմ թքածը չեմ լիզի:

Սանամի վիճակը արդեն վճռված էր։ Այր ու կին համաձայն էին։ Դժբախտ օրիորդի ընդդիմադրությունը կմնար ապարդյուն, եթե մեկը նրան օգնության չհասներ։

Մինչ ես այն մտածության մեջ էի, թե ի՞նչ ելք պետք է գտնել, նախասենյակ մտավ օրիորդի դայակը, ճրագը ձեռին։ Պառավը, տեսնելով ինձ, կանգնեց։

Ախար այդ լավ բան չէ, Ասաց նա ցավալի ձայնով, Ախար այդ ընդդեմ է մեր տան աստծուն... ո՞վ է տեսել մի այդպիսի բան... ա՜խ, այդ ի՞նչ են ուզում անել, սուրբ աստվածածին... Քանի՜ Քանի՜ տարիներ կուրծքիս վրա պահել, մեծացրել եմ նրան... իմ աչքի լույսի պես պահել եմ... հիմա ուզում են տալ անօրենին... ուզում են հոգին, հավատը կորցնել։

Պառավը նկատեց, որ ես համբերություն չունեմ նրան լսելու, հարցրեց.

Ո՞ւր ես գնում։

Սանամի մոտ։

Նա էլ էր ցանկանում մտնել օրիորդի մոտ, բայց երբ տեսավ, որ ես այնտեղ եմ գնում, չկամեցավ խանգարել մեր տեսությունը, ետ դարձավ, ասելով.

Գնա, մի՛ ուշացիր, նա քեզանից խոսք կլսե, ասա՛, թող ականջ չդնե հորն ու մոր խոսքին, ասա, թող չկորցնե լույս հավատն ու հոգին։

Ես, հակառակ իմ սպասածին, գտա Սանամին բավական խաղաղ դրության մեջ։ Բոցավառված աչքերի կրակը, որ տեսել էի այն օր առավոտյան, կարծես թե հանգել էր, միայն գունաթափ դեմքի վրա երևում էին խորին հուսահատության նշաններ։

Բերեցի՞ր, Հարցրեց նա անհամբերությամբ։

Ի՞նչը, Հարցրի ես։

Այն, որ առավոտյան խնդրեցի քեզանից։

Այն, որ դու պահանջեցիր, այլևս պետք չի լինի, Պատասխանեցի ես։

Նա երեսը շուռ տվեց, ասելով,

Լավ, հեռացիր, էլ չեմ ուզում... Ես անշարժ մնացի։ Նա շարունակեց,

Ի՞նչ մարդիկ են... չեն օգնում գոնե մեռնել ինձ... Նա կրկին նայեց ինձ վրա և, տեսնելով, որ դեռ կանգնած եմ, ասաց փոքր-ինչ հրամայական ձայնով,

Խնդրում եմ ինձ մենակ թողնել։

Ինձ հայտնի էր օրիորդի հաստատամտությունը, ես չհեռացա, ես գիտեի, թեև ես աֆիոն չգնեցի նրա համար, բայց իմ հեռանալուց հետո նա մի այլ միջոցով անձնասպանություն կգործեր։ Ես մոտեցա, ասելով,

Թեև աֆիոն չգնեցի, բայց բերել եմ ձեզ համար մի այլ դարման...

Ի՞նչ դարման, Հարցրեց նա հանգստանալով։

Ես ձեզ պետք է ազատեմ...

Շնորհակալ եմ, պատասխանեց նա արհամարհական եղանակով. դու ինձ կազատեիր, եթե կբերեիր իմ խնդրածը...

Ես ցանկանում եմ, որ դուք կենդանի մնաք և միևնույն ժամանակ ազատված լինեք։

Դա անկարելի բան է... ես ճանաչում եմ իմ հորն ու մորը...

Կարելի է, եթե դու կընդունեք իմ առաջարկությունը...

Ի՞նչ եք ուզում ասել։

Փախչենք, հեռանանք այստեղից, եթե ոչ, առավոտյան ձեզ բռնությամբ խանի ամրոցը կուղարկեն։ Ամեն ինչ պատրաստված է ձեզ ճանապարհ դնելու համար։ Փախչենք, քանի որ դեռ ժամանակը կորած չէ։ Հենց այս գիշեր ես կտանեմ ձեզ մի ապահով տեղ, ուր ոչ ոք չէ կարող գտնել ձեզ։

Մի քանի վայրկյան մտածելուց հետո պատասխանեց նա,

Ոչ։ Թող ես մեռնեմ, այդ ավելի լավ է... Նա վախենում էր հասարակաց կարծիքից, հիմար ամբոխի դատապարտությունից։ Մարդիկ կծաղրեին նրան, ասելով, թե փախավ իր հոր սպասավորի հետ։ Ես չոքեցի նրա առջև, աղաչելով.

Սանամ, այս տան մեջ ես եմ եղել ձեր ամենահավատարիմ սպասավորը, նույնպես և կմնամ այսուհետև։ Մենք համարյա թե միասին ենք մեծացել, և ձեզ պետք է հայտնի լինի, թե ո՜ր աստիճան հարգում եմ ձեզ։ Ապավինեցեք ձեր ծառայի օգնության վրա, որ հանձն է առել ամեն ինչ ձեր կյանքը և պատիվը պաշտպանելու համար։

Երկար ես բաց չէի թողնում նրա ձեռքը, մինչև պատասխան չստանամ, երկար իմ արտասուքով լի աչքերը հառած էին դեպի նրա գունաթափ դեմքը։ Նա տարուբերվում էր սարսափելի անվճռականության մեջ։ Նա այնքան կամքի զորություն չուներ, որ մաքառեր ընդունված նախապաշարմունքների դեմ։ Ես սկսեցի ավելի ու ավելի թախանձել նրան, մինչև լսեցի նրա բերանից այդ ուրախալի խոսքը,

Համաձայն եմ...

Ես կանգնեցի, ասելով,

Գնում եմ պատրաստելու ինչ որ պետք է մեզ ճանապարհի համար։ Դուք պարտեզում կսպասեք ինձ։

Իմ ուրախությանը չափ չկար: Օրիորդի սենյակից դուրս գալը և ծերունի Թունիի մոտ մտնելը մի քանի րոպեի գործ եղավ։ Ձիապանը դեռ քնած չէր։ Ես գտա նրան խորին տխրության մեջ, երևի նա էլ Սանամի վրա էր մտածում։ Բոլորովին վստահ լինելով ծերունու բարեսրտության վրա, հայտնեցի նրան իմ դիտավորությունը։ Նրա խորշոմած դեմքի վրա երևաց ուրախության նման մի բան, և ինձ գրկելով ասաց.

Օրհնյա՜լ լինիս, աստված զորացնե քեզ։ Եթե չլիներ Թունին վաթսուն տարեկան, նա ինքը կաներ այդ բանը, նա չէր թող տա, որ մեր Լուսավորիչ հոր գառը գայլերին տային։ Բայց Թունիի մեջ այժմ առաջվա ուժը չէ մնացել։ Կար ժամանակ, որ ալևոր Թունին էլ մի տղամարդ էր, տասն, քսան պարսիկին մարդ չէր ասի... Գնա՜ց էն ժամանակը։ Բայց դու դեռ ջահիլ իս. քեզանում արյունը դեռ եփ է գալիս. դու կարող ես շատ բան անել...

Ես ընդհատեցի նրան, ասելով.

Դե , շուտ, Թունի ապեր, երկար խոսելու ժամանակ չէ. պետք է թամքել ձիաներից երկուսը։

Հա՛, պետք է թամքել, իհարկե, պետք է թամքել երկու ամենալավը մեր ձիաներից։ Թող առավոտյան մելիքը ջարդել տա Թունիի ալևոր գլուխը, այդ ոչինչ, միայն թե նա ազատված լինի... Թող ազատվի իմ հրեշտակը, նա իր հանգուցյալ մոր կտորն է, նրա նման բարի է... աստված հանգիստ արքայություն պարգևե նրան։ Հանգուցյալի պես կնիկ չկար մեր երկրւմ, այնպիսի լավ սիրտ ուներ, որ ճանճին էլ չէր նեղացնի։ Շատ անգամ մտնում էր նա աղքատ Թունիի խրճիթը և, երբ նրա երեխաներից մեկին մերկ էր տեսնում, հագցնում էր, երբ մեկին հիվանդ էր տեսնում, օգնում էր։ Ոչ մի օր դատարկ ձեռքով նա իմ շեմքի վրա ոտք չէր կոխում, ամեն անգամ մի բան կբերեր իմ երեխաների համար, կասեր. Թունի, դու կին չունես, ես պետք է պահպանեմ նրանց... Այդ բոլորը ալևոր Թունին չի մոռանա... թեկուզ մեռնի, թեկուզ նրա գերեզմանի վրա խոտեր բուսնեն, դարձյալ չի մոռանա...

Մինչ ծերունին կվերջացներ իր հին հիշողությունները, ես ձիաներից երկուսը թամքեցի։ Հետո նշանակեցի մի տեղ, խնդրելով նրան, որ ձիաները տանե այնտեղ և սպասն մեզ։ Իսկ ես վազեցի դեպի մեր տունը, որ զենքերս վեր առնեմ։ Գիշերը խիստ մութն էր։ Մարդիկ քնած էին։ Փողոցներում ոչ ոք չէր երևում։

Վերադառնալով մեր տնից, մտա պարտեզը, ուղիղ դիմեցի դեպի այն կողմը, ուր պատվիրել էի օրիորդին սպասել ինձ։ Ես գտա նրան իր ծառայի հագուստով։ Հազիվ կարելի էր ճանաչել նրան, եթե չասեր նա. Այդ ես եմ։

Մելիքի ամրոցի մեջ տիրում էր խորին լռություն։ Լուսամուտներից ոչ մի ճրագ չէր երևում։ Բոլորովին աննկատելի կերպով դուրս եկանք պարտեզից և սկսեցինք դիմել դեպի այն կողմը, ուր Թունին իր ձիաներով սպասում էր մեզ։ Օրիորդը շնորհակալությամբ համբուրեց ծերունու աջը և առեց նրա օրհնությունը։ Ես օգնեցի նրան նստել ձին։ Մենք հեռացանք։

Ամեն ինչ խաղաղ հանգստության մեջ էր։ Ոչ մի շնչավոր արարած չէր երևում։ Ես ետ նայեցի, ծերունին դեռ անշարժ կանգնած էր իր տեղում և, որպես մարմնացած բարեսրտություն, ձեռքերը բարձրացրել էր դեպի երկինք, մեզ համար հաջողություն էր բարեմաղթում:



#28 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:35 PM

Բ


ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐ
Ավազակապետի պատմությունը այնքան գրավել էր իմ ուշադրությունը, որ ամենևին չէի նկատել, թե գիշերը աննկատելի կերպով անցել էր։ Երբ արեգակի առաջին շառավիղները ներս ցոլացին մեր արգելանոցի նեղ լուսամուտներից, այդ ժամանակ դռները բացվեցան, և պահապանների կոպիտ ձայնը ընդհատեց հետաքրքիր պատմությունը։ Մեզ խումբով դուրս քաշեցին դեպի հանքերը աշխատելու։

Ավազակապետը ամբողջ օրը լուռ էր, նրա քաջազնական դեմքը պատած էր մի խորհրդական մռայլով։ Ես անհամբերությամբ սպասում էի գիշերին, որ լսեմ նրա պատմության շարունակությունը։

Բայց ինձ ավելի զարմացնում էր նրա անձնավորությունը, այդ անունը՝ ավազակապետ, ամենևին սազ չէր գալիս նրան, նրա մեջ կային շատ գեղեցիկ հատկություններ, նա ուժեղ էր, որպես Հերքուլես*, և մեծահոգի ու բարի էր որպես մի ազնիվ հերոս։ Նա ոչ միայն ուներ մի առանձին սեր դեպի ինձ, այլ թշվառականների ամբողջ հասարակության վրա նայում էր խորին ցավակցությամբ։ Այդ պատճառով բոլորը հարգում էին նրան։


* Ըստ հունական դիցաբանության, Հերքուլեսո ունի աստվածային ծագում՝ Զևսի ու Ալքեմենեի զավակն է, աստվածներից ստացել է անմահություն և ապրում է Օլիմպոսում։ Հերքուլեսը տիտանական ուժի տեր է, նրա անվան մեջ այլաբանվում է մարդկային մեծ ուժը և անպարտևլիությունը:


Ավազակապետը անկիրթ ևս չէր. նրա բավական մշակված լեզուն և առողջ դատողությունները ցույց էին տալիս, թե ինքը գրագետ ոմն էր։ Ո՞րտեղից պետք է ուսած լիներ, երբ նրա ժամանակ Ղարադաղում չկար ոչ մի դպրոց։ Այդ հարցին պատասխանեց նա, թե իր պատանեկության ժամանակ Հայրը ուղարկեց նրան Տաթևի վանքը, ուր մնաց նա ամբողջ վեց տարի։ Այդ վանքում մեծ հռչակ էր ստացել մի վարդապետ որպես քաջ հայկաբան, ճարտասան և աստվածաբան։ նրա մոտ ուղարկում էին ղարադաղցիք իրանց զավակներին։ Նրա աշակերտների թվում ուսանում էր և ինքը։

Այնօր աշխատությունից արձակեցին մեզ սովորականից խիստ վաղ, որովհետև հետևյալ օրը տոն էր։ Մենք խումբով անցնում էինք մեծ փողոցի միջով, որի երկու կողմերում միմյանց մոտ շարված էին փոքրիկ խանութներ։ Այդ խանութներում ծախվում էին ըստ մեծի մասին այնպիսի վաճառքներ, որ պետք էին աքսորականներին, զինվորներին, տեղային պաշտոնատարներին, հանքային արհեստավորներին, վարպետներին և այլ ծառայողներին։ Մանրավաճառների խանութների շարքում կային դարբնոցներ, հացթուխներ, դերձակներ, գինետներ, խոհարարներ և ուրիշ պիտույքների կրպակներ։

Փողոցը լիքն էր մարդիկներով։ Հետևյալ օրվա տոնի համար ամեն ոք գնում էր ինչ որ իրան պետք էր։ Բայց իմ ուշադրությունը գրավեց մի մուրացկան, որ, մի խանութից մյուսը անցնելով, ողորմություն էր խնդրում։ Հնացած, պատառոտած, կիսակարկատ ցնցոտիներից շատ տեղ երևում էր նրա մարմնի մերկությունը։ Մի նույնպիսի հնամաշ տոպրակ ուսից քաշ էր ընկած։ Գլուխը կռացած մինչև գետին, իսկ քամակից բարձրացել էր մեջքի ահագին կուզը։ Իր դողդոջուն մարմինը հազիվհազ կարողանում էր ոտքի վրա պահել, նեցուկ տալով կուրծքին ձեռքի ցուպը։ Նա կաղկաղալով քարշ էր գալիս մի խանութի դռնից դեպի մյուսը և ցավալի ձայնով մրմնջում էր, Ողորմություն արեք, պարոններ, հիվանդ, սոված աղքատին։ Ամեն մի անգութ սրտի վրա կարող էր ազդել նրա դառն հառաչանքը։

Երբ նա տեսավ աքսորականների խումբը, մոտեցավ։ Դուք ավելի թշվառ եք, քան թե ես ասելով, սկսեց իր հավաքած գրոշները բաժանել նրանց։ Նա դրեց և իմ ափի մեջ երկու հատ հինգկոպեկանոց։ Այդ ժամանակվա հինգ կոպեկանոցները այնքան մեծ էին, որ կարող էին իշի նալի հետ մրցել։ Ես նայեցա մուրացկանի երեսին և շվարած մնացի... Ավազակապետը իմ կողքին կանգնած էր։ Երբ մուրացկանը հեռացավ, նա ասաց.

Այդ դեմքը ծանոթ է ինձ...

Ես ոչինչ չպատասխանեցի։

Մի՞թե նա այժմ կաղ է դարձել և մեջքին կուզ ունի, Ասաց նա ինքն իրան։

Տեսնելով, որ ավազակապետը ճանաչեց մուրացկանին, ես այլևս չթաքցրի նրանից, պատասխանեցի.

Նրա ոտները քո և իմ ոտներից ավելի ուղիղ են, մեջքն էլ՝ նույնպես, միայն նա այնպես ձևացրել է իրան։ Այդ մարդիկը հարկավորած ժամանակ գիտեին իրանց կույր, կաղ, սապատող ձևացնել։ Տեսա՞ր նրա խառնված մազերը, խճճված մորուքը, ողորմելի երեսը, բոլորը շինծու էր։

Այդ երեսը ծանոթ է ինձ, դարձյալ կրկնեց ավազակապետը։

Ո՞րտեղ ես տեսել նրան։

Հետո կպատմեմ...

Խումբը անցավ։ Ես մուրացկանից ստացած երկու հատ հինգկոպեկանոցները դրեցի գրպանս, այնտեղ մատներով շոշափեցի, հայտնվեցավ, որ հինգկոպեկանոցերի մեջտեղում դրած էր բոլորակ ձևով ծալած թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն երևակայում էի, թե ինչ պետք է գրված լիներ այն թղթի վրա, որ խորհրդավոր ծրարի մեջ հասցրեց ինձ մուրացկանը։ Այսուամենայնիվ, մի պատեհ ժամանակ էի որոնում, որ կարդամ թուղթը։

Երբ հասանք մեր արգելանոցը, արդեն մութն էր, ճրագները վառվում էին։ Ես առիթ գտա թուղթը կարդալու։ Նրա մեջ գրված էին հետևյալ տողերը. Մուրադ, ամեն ինչ կարգադրված է քո փախուստի համար։ Հուսով եմ, որ դու այժմ կհետևես իմ խորհուրդներին։ Դու երկրորդ անգամ ինձանից նամակ կստանաս և նրա համեմատ կվարվես։ Պետրոս։

Նամակը կարդացի ես մի այնպիսի տեղում, ուր թույլ են տալիս կալանավորներին մենակ մտնել։ Պատին կպցրած էր մի ճրագ, թուղթը բռնեցի ճրագի վրա և քավոր Պետրոսի խորհրդավոր ազդարարությունը մի վայրկյանում ոչնչացավ։

Ինձ հետաքրքրում էր ավազակապետի այն խոսքը, թե մուրացկանի դեմքը նրան ծանոթ էր։ Ես համոզված էի, որ անպատճառ այդ ծանոթության հետ կապված կլիներ մի ամբողջ պատմություն։ Որովհետև քավոր Պետրոսը այն պտուղներից չէր, որ նրան ճաշակելը մնար առանց հետևանքի։

Գիշերը, երբ մեզ տեղավորեցին մեր կացարաններում, ես խնդրեցի ավազակապետից, որ պատմե, թե ինչ առիթով ծանոթ է եղել ծպտյալ մուրացկանի հետ։ Նա հաճությամբ կատարեց իմ խնդիրքը։

Դու հիշո՞ւմ ես, մի անգամ պատմեցի քեզ, որ իմ պատանեկության հասակում հայրս ուղարկեց ինձ Տաթևի վանքը ուսում առնելու։ Այդ միջոցներում լուր տարածվեց, թե Որոտնա վանքում հայտնվել է մի հրաշագործ ճգնավոր։ (Որոտնա վանքը հեռու է Տաթևի վանքից կես օրվա ճանապարհով միայն։) ճգնավորի մասին խոսում էին, թե նա ոչ ուտում է, ոչ խմում է, այլ լիացած է սուրբ հոգու շնորհով, թե նրա կերակուրը մշտական աղոթքներն են։ Նրա մասին պատմում էին զանազան հրաշքներ, այդ պատճառով ամեն կողմից կույրեր, կաղեր և զանազան տեսակ հիվանդներ դիմում էին վանքը՝ ճգնավորից բժշկություն գտնելու համար։

Լսելով ճգնավորի համբավը, իմ հինգ տարի շարունակ անդամալույծ մայրս հանգստություն չէր տալիս ինձ։ Անդադար տնից նամակ էի ստանում, որ գնամ մորս բերեմ ճգնավորի մոտ։ Նա էլ ցանկանում էր առողջանալ և ամուր ոտների վրա ման գալ։ Հայրս էլ նույնն էր ցանկանում։ Ես ստիպվեցի առժամանակ ընդհատել իմ ուսումը, Տաթևի վանքից գնացի մեր տունը մորս բերելու համար։ Հայրս դրեց մեզ հետ ամեն բան, ինչ որ արժան էր վանքին ընծա տանելու համար։

Որոտնա վանքը հասնելուց երկու օրից հետո մեզ թույլ տվեցին այցելել ճգնավորի մոտ։ Մենք գտանք նրան իր ձեռքով ապառաժի մեջ փորած մի քարանձավում, ուր նա ապրում էր, ուր սովորություն ուներ աղոթելու և իր անձը զանազան ճգնություններով տանջելու։ Այնտեղ տարավ մեզ վանքի աբեղաներից մեկը։ Ճգնավորը այդ միջոցին աղոթքով զբաղված չէր, այլ նստած էր իր խուցի մեջ, բոլորովին մերկ քարահատակի վրա, և թևքի արմունկը դնելով մի քարի կտորի վրա, որ նրան բարձի տեղ էր ծառայում, ձեռքը նեցուկ էր տրված գլխին, և կիսաթեք դրության մեջ նրա բաց աչքերը անշարժ հառած էին դեպի քարանձավի առաստաղը։ Այդ դրության մեջ, կարծես նրա միտքը վերասլացել էր դեպի երկինքը, և տիրել էր նրան խորին, սրբազան հափշտակություն։ Այնպես որ, նա ամենևին չզգաց, երբ մայրս մոտեցավ և համբուրեց նրա հագուստի քղանցքը։

Հագուստը խիստ պարզ էր. կոշտ մազից գործված սև բաճկոնը իջնում էր մինչև ոտները, մեջքը պնդած էր նույնպես մազե սև չվանով։ Տրեխներ կամ հողաթափեր չէր հագնում, բոբիկ ոտներով էր ման գալիս։ Գլուխը բաց էր, բայց չկտրված և չսանրված մազերը այնքան երկարացել և աճել էին, որ պահպանում էին նրա գագաթը թե ցրտից և թե՛ արևի տոթից։ Խճճված մորուքը խառնվել էր գլխի մազերի հետ և տալիս էր նրա դեմքին ահռելի կերպարանք։ Երեսը գունաթափ և հիվանդոտ էր։

Տեսնելով, որ ճգնավորը ոչ շարժվում է, ոչ խոսում է և ոչ փոխում է իր նստվածքի ձևը, մենք կարծեցինք, թե նա քնած է։ Բայց աբեղան ասաց.

Նա քնած չէ, տեսնո՞ւմ եք, աչքերը բաց են, միայն հոգով բարձրացել է երկինքը։

Մայրս խնդրեց, թե կցանկանար, որ ճգնավորը տեսներ նրան։ Աբեղան պատասխանեց.

Մենք, մեղավոր ադամորդիներս, տեսնում ենք աչքերով, բայց նա տեսնում է հոգով։

Հետո աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, բռնե միայն նրա հագուստի դրոշակը, և նա կասե, ինչ որ ոգիները կներշնչեն նրան։

Ես օգնեցի մորս մոտենալ, նա կատարեց աբեղայի պատվերը։ Նույն րոպեում ճգնավորը մի անսովոր շարժում գործեց և, չփոխելով իր առաջվա դրությունը, արտասանեց մի քանի անկապ խոսքեր.

Խնկի ծառը բուսել է... գլխին պսակ հյուսել է... տասն երկու ճյուղ է արձակած...ամեն մի ճյուղի վրա... մի-մի հրեշտակ է նստած... բայց բոլորից վերևը... սուրբ տիրամայրն է նստած... գրկին մանուկ է բռնած... լույս մազերով զարդարած... Մորս աչքերում արտասուք... սիրտը վշտերով լցված... մանկան ձեռքին է մի խաչ... դեմքը պայծառ է դարձած... արտասուքը սրբություն... իսկ խաչը մեզ փրկություն... Մայրն ու որդին խոստանում։

Ճգնավորը լռեց։ Աբեղան բացատրեց մեզ նրա պատգամախոսության իմաստը, թե սուրբ տիրամայրը և որդին փրկություն են խոստանում։ Մայրս ուրախացավ, կրկին համբուրեց ճգնավորի հագուստի դրոշակները, և մենք երկյուղածությամբ հեռացանք։

Այնուհետև անցան մի քանի ամիսներ, ճգնավորի մասին շատ անգամ լսվում էին այսպիսի խոսքեր, թե նրա ժամանակը մոտեցել է, թե նա երկար չէ մնալու երկրի վրա, թե հրեշտակները նրան իրանց մոտ են կանչում, թե նա մի օր կանհայտանա, թե նրա վախճանը Մովսեսի և սուրբ Լուսավորչի նման կլինի, որ ժողովուրդը նրա մարմինը չգտնե և պաշտելու առարկա չդարձնե։

Եվ իրավ, ճգնավորը անհայտացավ։ Ո՞ւր գնաց, ոչ ոք չգիտեր։ Միայն ժողովրդի մեջ տարածվեցան զանազան կարծիքներ, ոմանք համարում էին նրան Ենովքի և Եղիայի նման երկինքը բարձրացած*, ոմանք ասում էին, թե նա առանձնացել է մի սարում, իր կյանքի վերջին օրերը խստակեցությամբ անցկացնելու և իր անձը բոլորովին աստծուն նվիրելու համար։ Ոմանք պատմում էին, թե նրան տեսել են այսինչ տեղում, լույսի ճաճանչներով պատած, երբ մոտեցել են, նա աներևութացել է։ Վերջապես, շատ այսպիսի խոսքեր էին ասում, իսկ նրանցից ո՞րն էր ճշմարիտ, աստված գիտե։


* Ըստ Հին կտակարանի, աստված Ենովքին երկրից տարել է երկինք փոխեցեր յէրկրէ յերկինս զԵնօք։ Տե՛ս Գիրք Եսթերայ, գլուխ ԺԴ, 5։ Նույն բանն ասված է նաև Ավետարանում, տես Թուղթ եբրայեցիներին, գլուխ ԺԱ, 5։
Ըստ աստվածաշնչային առասպելաբանության, Եղիա մարգարեն ևս Ենովքի նման կենդանի վիճակում երկինք է վերանում։ Հրեղեն կառքը, հրեղեն երիվարներով իջնոսէ է երկրի վրա և Եղիային տանում է երկինք։ Տե՛ս Աստվածաշունչ, Գիրք չորրորդ թագավորադ, գլուխ Բ։


Ավազակապետի պատմությունը թեև շատ հետաքրքրական էր,

Բայց ինձ ամենևին չէր զարմացնում։ Ես քավոր Պետրոսին լավ էի ճանաչում, նրա համար այս և այն կերպարանք ընդունելը, այս և այն ձևի մեջ մտնելը խիստ սովորական բան էր։ Միայն ինձ անհավատալի էր թվում մի բան, արդյո՞ք քավոր Պետրոսը միևնույն անձնավորությունն էր, որին տեսել էր ավազակապետը ճգնավորի քարանձավի մեջ և ի՞նչ ապացույց ուներ այսպես կարծելու։ Դեմքի նմանությունը բավական չէր. մանավանդ քավոր Պետրոսի դեմքը այն Ժամանակից հետո պետք է բավական փոխված լիներ։ Երբ այդ հարցերը առաջարկեցի, ավազակապետը պատասխանեց.

Նրան կոչում էին ականջը կտրած ճգնավոր, պատմում էին, թե նա մի անգամ գերի է ընկել անօրենների ձեռքը, նրան տանջել են, ստիպել են հավատքը ուրանալ, նա մերժել է, և այդ պատճառով ականջները կտրել են։ Այդ չարչարանքի համար նրան համարում էին մի տեսակ նահատակ։ Եվ ես նկատեցի, որ մեր տեսած մուրացկանի երկու ականջների ծայրերը կտրված էին։ Բացի դրանից, ճգնավորի բազուկների և ձեռքերի վրա Երուսաղեմի ուխտավորների դրոշմը կար։ Նույնը ես նկատեցի մեր տեսած մուրացկանի ձեռքերի և բազուկների վրա։

Նշանները ուղիղ էին։ Իրավ է, Պարսկաստանում մի փոքրիկ գողության համար քավոր Պետրոսի երկու ականջների ծայրերը կտրել էին։ Այդ պատիժը ստացել էր նա իր երիտասարդ հասակում։ Եվ թե նա Երուսաղեմի ուխտավոր է եղել, այդ նույնպես ուղիղ էր։

Բայց ի՞նչ նպատակով թափառում է այդ մարդը հե՛ռավոր հյուսիսում, խոսեց ավազակապետը, և ի՞նչ ողորմելի դրության մեջ էր նա։

Ես չգիտեի ի՞նչ պատասխանել, ես դժվարանում էի հայտնել ավազակապետին, թե ճանաչում եմ նրան, թե մեր մեջ եղել են երկար տարիների հարաբերություններ և թե նույն ճգնավորի առաջնորդությամբ ես մի այնպիսի ծուռ ճանապարհի վրա դրվեցա, որ վերջը բերեց հասցրեց ինձ այնտեղ, ուր տանջվում են հանցավորները միայն։ Ես չհայտնեցի նաև, թե նա ինձ համար էր մտել այն ողորմելի կերպարանքի մեջ և ինձ համար է թափառում դատապարտյալների բնակության մերձակայքում։ Ես ծածկեցի նրանից և այն, որ խորհրդավոր մուրացկանը, մոտենալով մեզ, հինգ կոպեկանոցների հետ տվեց ինձ մի թուղթ։ Այդ բոլորը ծածկեցի իմ ամենալավ ընկերից, որովհետև դեռ մտատանջության մեջ էի, դեռ չգիտեի, թե ինչ պիտի պատասխանեմ քավոր Պետրոսի առաջարկությանը։

Ի՞նչ պետք է պատասխանեի։ Մերժեի՞, ընդունեի՞, ոչ մեկը վճռել չէի կարողանում։ Նա եկել էր ինձ ազատելու, նա անցել էր հարյուրավոր մղոններ, հազարավոր վերստեր, նա դեռ չէր մոռացել ինձ, դեռ մտածում էր ինձ համար։ Բայց ի՞նչ նպատակով։ Արդյո՞ք աշխատում էր հանգստացնել խղճի խայթը, որ ինձ մոլորության և դատապարտության մեջ ձգեց, թե կամենում էր ինձ նորից ձեռք առնել, որպես մի գործիք, որ նրան պակասում էր։ Մինչև ես այս մտատանջությունների մեջ էի, ավազակապետը ասաց.

Ես նրան երրորդ անգամն է, որ հանդիպում եմ։

Առաջին անգամն որպես ճգնավոր, վերջին անգամ որպես մուրացկան, իսկ մյո՞ւսը, Հարցրի ես։

Դա կապ ունի Սանամի անցքի հետ, հետո կպատմեմ քեզ։



#29 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:37 PM

Գ


ԵՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ
Երրորդ գիշերը ավազակապետը այսպես սկսեց Սանամի ընդհատված պատմությունը.

Դու հիշում ես, որ գիշեր էր, երբ ես և Սանամը հեոացանք մելիքի ամրոցից, մի մթին և խուլ գիշեր, որ բնությունը ինքն էր նպաստում մեր փախուստին։ Անցանք մի քանի մղոններ, գիշերային խավարը սկսեց փոքր առ փոքր պարզվել։ Ճանապարհին օրիորդը մի խոսք անգամ չխոսեց ինձ հետ։ Նա լուռ էր. որպես երևում էր, ծանր մտախոհություններ տանջում էին նրան։ Նա ուներ հայ օրիորդի թե՛ հնազանդությունը և թե՛ նախապաշարմունքները։ Առաջինի դեմ բողոքեց նա, ընդդիմացավ ծնողների բռնությանը և չկամեցավ մահմեդականի կին դառնալ, իսկ երկրորդը, նախապաշարմունքը, մնաց։ Նա մի նախատինքից ազատվեցավ, բայց մի այլ նախատինքի ենթարկեց իր անձը։ Նա փախավ ծնողների տնից մի երիտասարդի հետ, որ ոչ նրա ազգականն էր և ոչ նրա բարեկամը։ Երևի, այդ մտածություններն էին տանջում նրան։

Իմ ձին ընթանում էր առաջ, իսկ նա հետևում էր ինձ։ Ես էլ իմ կողմից չէի խոսեցնում նրան, որովհետև չէի ցանկանում ավելի վրդովել նրա հոգեկան խռովությունը։ Ես միայն հիացած էի նրա կերպարանքի բարեկազմությամբ, թե ո՛րքան գեղեցիկ էր նա տղամարդի հագուստով և որքա՛ն քաջազնաբար ձիավարում էր նա, նստած իր սիրուն նժույգի վրա։ Նա ներկայացնում էր մի շնորհալի ձիավոր, որի նմանը կարելի էր տեսնել պարսից բարձր ազնվականների որդիների մեջ։

Բայց նրա հայրը իր կեցությամբ, իր սովորություններով, իր բարքով ու վարքով նույնպես ներկայացուցիչ էր պարսից բարձր ազնվականության։ Շրջապատված բազմաթիվ նոքարներով, որսորդական շներով ու բազեներով, վատնում էր նա իր ժամանակի մեծ մասը զանազան զբոսանքների ու զվարճությունների մեջ, որոնք կատարվում էին ըստ մեծի մասին ձիաների վրա։ Խիստ սակավ անգամ էր պատահում, որ նրա ընտանիքը չմասնակցեր այն զբոսանքներին, և այդ պատճառով Սանամը մանկությունից վարժված էր ձիավարելու մեջ։

Մելիքը, ինչպես Ղարադաղի բոլոր խաները, ուներ բազմաթիվ անասուններ, որոնց ամառը տանում էին լեռնային հովասուն տեղերում արածացնելու։ Շատ անգամ մելիքի ընտանիքը ամբողջ ամիսներ անց էր կացնում ամառանոցում, իրանց հոտերի մոտ։ Հովիվների վրաններում Սանամին ավելի էր զվարճացնում լեռնային կյանքը։ Իարաղաղը սարոտ և անտառապատ երկիր է։ Երբեմն ձի նստած ամբողջ ժամերով թափառում էր նա ձորերի, անտառների և լեռների մեջ։ Այստեղ ավելի ազատ էր շնչում, քան թե հոր փակված տնում, ուր ամեն ինչ ճնշում էր նրան։ Շատ անգամ ես լսել էի նրանից այդ խոսքերը. Ես չեմ սիրում ձմեռը։ Երբ հարցնում էի պատճառը, պատասխանում էր. Նրա համար, որ ձմեռը միշտ տան ծածկի տակ եմ մնում։

Երբ արևը ծագեց, չգիտեմ ի՞նչ զգացմունքից դրդված, նա կանգնեցրեց իր ձին և մի քանի րոպե լուռ նայում էր դեպի այն կողմը, ուր նրա հոր լայնատարած կալվածների սահմաններր հետզհետե անհայտանում էին մեր տեսությունից։ Նա իսկույն երեսը շուռ տվեց, որ ես չնկատեմ նրա արտասուքը։ Նա գնում էր, հեռանում էր այն երկրից, ուր ծնվել, սնվել ու մեծացել էր։ Բայց ո՞ւր էր գնում՝ ինքն էլ չգիտեր։ Բայց ինչո՞ւ էր թաքցնում ինձանից յուր արտասուքը։ Նա այնքան հպարտ էր, որ չէր արժանացնում ինձ տեսնել ո՛չ նրա ուրախո՛ւթյունը և ո՛չ տրտմությունը։

Ես մոտեցա, երբ նկատեցի, որ ուզում էր խոսել ինձ հետ։

Մենք լավ չարեցինք, Ասաց նա, Որ այդ ձիաները վեր առինք հորս ախոռատնից։

Ինչո՞ւ լավ չարեցինք, Հարցրի ես։

Դու գիտես հորս բնավորությունը, նա այսօր այն խեղճ Թունիին սպանել կտա, որ մեզ ձիաներ տվեց։

Ուրի՛շ ճար չկար, ո՞րտեղից կարող էինք գտնել ուրիշ ձիաներ։

Կարող էինք ոտքով փախչել։

Դա կհոգնեցներ ձեզ։ Իսկ մեզ պետք է, որքան կարելի է, շուտով հեռանալ այդ կողմերից։

Ինչո՞ւ։

Մի՞թե դուք չգիտեք, որ հետամուտ կլինեն մեզ։ Մի՞թե դուք չեք իմանում, որ հենց այս առավոտ, երբ կնկատեն, որ դուք տանը չեք, ամեն ինչ կհայտնվի, և ձեր հայրը դեպի ամեն կողմեր մարդ կուղարկե, որ ձեզ որոնեն։

Թող ուղարկե։ Այդ մթին ձորերը, այդ անտառները, այդ լեռներր կարող են տարիներով պահել մեզ իրանց ծոցում, և ոչ ոք գտնել չէ կարող մեզ։ Այդպես չէ՞։

Այդպես է, բայց զգուշություն ևս հարկավոր է։

Ես չկամեցա օրիորդի վստահությունը թուլացնել, թեև մեր ձեռնարկությունը սաստիկ վտանգավոր էր։ Մենք կարող էինք և խանի մարզիկներին հանդիպել, որոնք, իմանալով օրիորդի փախուստը, նույնպես հետամուտ կլինեին։ Այդ պատճառով շտապում էի րոպե անգամ չկորցնել և այն օր, որքան կարելի էր, երկար ճանապարհ կտրել։

Գիշերը մենք մնացինք անտառում, իսկ երկրորդ օրվա երեկոյան պահուն հասանք Երասխ գետի ափի մոտ։ Երասխը այդ կողմերում ռուսաց և պարսից հողերի սահմանագլուխն է։ Ես մտածում էի անցնել գետը և ռուսաց հողի վրա ապաստան գտնել։ Այդ կողմերում միակ անցքը Խուդա-Աֆերինի կամուրջն էր։ Բայց կամուրջով անցնել անկարելի էր, նախ այն պատճառով, որ այնտեղ կարող էին մարդիկ դրած լինել մեզ բռնելու, երկրորդ, մեզանից անցաթղթեր կպահանջեին։ Իսկ մենք, փախստականներս, անցաթղթեր չունեինք։

Դժվարությունը մեծ էր։ Ի՞նչպես պետք էր անցնել գետը։ Ուրիշ հնար չկար, պետք էր որոնել գետի ծանծաղուտներում մի ոչ այնքան խորին տեղ և մաքսախույսների նման անցնել ջրի միջով։ Բայց Սանամը կարո՞ղ էր կատարել մի այսպիսի հանդուգն ձեռնարկություն։ Ես մնացել էի շվարած, չգիտեի, թե ի՛նչ պիտի անեմ։ Երբ օրիորդը նկատեց իմ հուսահատությունը՝ հարցրեց.

Ինչո՞ւ եք կանգնած։

Ես բացատրեցի նրան, թե ավելի ապահով դրության մեջ լինելու համար պետք է անցնել ռուսաց հողի վրա։

Անցնենք, էլ ի՞նչ բանի ենք սպասում, պատասխանեց նա։

Ես ցույց տվի ահարկու գետը։

Անցնենք գետը, կրկնեց նա մի առանձին վստահությամբ։

Դուք չե՞ք վախենում։

Ինչի՞ց պետք է վախենամ։

Ես հայտնեցի նրան, թե այն տեղը, թեև գետի ծանծաղ տեղերից մեկն է, այսուամենայնիվ բավական խորն է։

Ես, ճշմարիտ է, լողալ չեմ իմանում, ասաց նա, բայց ձին խո իմանում է, լողալով կտանե և կհանե ինձ մյուս ափի վրա։

Բայց դրա համար պետք է բավական քաջություն ունենալ, պետք է սրտի և հոգու հանգստություն ունենալ, չշփոթվել, չմոլորվել և կարենալ իրան ձիու վրա պահել։

Կարող եմ, Ասաց նա։ Հետո ավելացրեց, միևնույն չէ՞, ես խո ուզում էի սպանել ինձ։ Եթե աստված կամենում է, որ ես կենդանի մնամ, նա ինձ կօգնի և ոչ մի վտանգ չի պատահի։ Իսկ եթե հասել է իմ կյանքի վախճանը, ավելի լավ է, որ այդ մաքուր գետը լինի իմ գերեզմանը։

Հավատը, մի այսպիսի ջերմ հավատը՝ նախախնամության տնօրինության վրա, միակ և ամենահաստատ գրավականն էր, որ ինձ առիթ տվեց մտածելու, թե օրիորդը չի կորցնի իր հոգու քաջությունը և երկյուղից չի շփոթվի։ Եվ այդքանը բավական էր կատարյալ հաջողություն սպասելու համար։ Բավական էր, ասում եմ, այն պատճառով, որ եթե նա կարողանար իրան ձիու վրա պահել, ձին այնքան ուժեղ էր և. վարժված, որ առանց դժվարության կարող էր լողալով դուրս տանել նրան մյուս ափի վրա։

Այսուամենայնիվ, սպասելիք վտանգը մեծ էր։ Ես բռնեցի օրիորդի ձիու սանձը իմ ձեռքում և պատվիրեցի նրան, որ իր ձին կառավարելու համար ամենևին հոգ չտանե, միայն երկու ձեռքով պինդ բռնե թամքից և աշխատե, որ ոտները դուրս չպրծնեն ասպանդակներից։ Իսկ ես իմ ձին առաջ քաշեցի, նրա ձիուն իմ ետևից քաշ տալով։ Երբ նրա ձին աոաջին ոտները դրեց ջրի մեջ, ես նկատեցի, որ օրիորդը խաչակնքեց իր դեմքը և լուռ աղոթում էր։ Մենք սկսեցինք առաջ գնալ։ պուրը հազիվ հասնում էր մինչև ձիաների կուրծքը։ Օրիորդը սկսեց մինչև անգամ ծիծաղել իմ վրա, թե ինչո՞ւ ես այնքան չափազանցորեն նկարագրեցի գետի ահավորությունը։ Բայց ես զգուշացնում էի նրան, թե կարող են պատահել և ավելի խոր տեղեր։

Երասխի ծանծաղուտները այնքան վտանգավոր չեն, մանավանդ ամառը, երբ ջուրը փոքրանում է։ Գյուղացիները մինչև անգամ ոչխարների հոտեր են անցկացնում։ Միայն պետք է ճանաչել այն տեղերը, ուր նշանավոր խորություններ չեն պատահում։ Իմ ընտրած տեղը ամենասովորական տեղն էր, ուսկից անց էին կենում այն տեսակ մարդիկ, որ չէին ցանկանում սահմանապահ ղարավուլների հանդիպել։ Բայց ո՞վ կարող է նախագուշակել, թե գետը ամեն ժամ, ամեն օր ինչ հեղափոխություններ է կատարում իր հատակում։ Այնտեղ, ուր երեկ ծանծաղ էր, այսօր բացվում է մի ահագին խորություն։ Իսկ ջրի խաբուսիկ մակերևույթը դարձյալ հարթհավասար է մնում։

Մինչև գետի լայնության կեսը անցանք առանց որևէ դժվարության։

Ես խորհուրդ էի տալիս օրիորդին, որ երբեմն աչքերը խփե, շատ չնայի ջրին։ Ձիաները ջրի սրընթացության հետ կռվելով, փռնչալով, առաջ էին գնում։ Դեռ նրանց ոտները հասնում էին հատակին, և այդ օգնում էր իրանց պինդ պահել և չգնալ հոսանքի հետ։ Բայց երբ հասանք խորությունների, նրանք սկսեցին լողալ։ Այդ ժամանակ ամենավտանգավոր րոպեն էր։ Ես անդադար ձայն էի տալիս օրիորդին, որ չվախենա և իրան ամուր պահե թամքի վրա։ Բայց ջուրն արդեն հասել էր մինչև թամքը։ Զիաների վեր բարձրացրած գլուխներն էին միայն երևում։ Այդ միջոցին գետի սրընթաց հոսանքը սկսեց իր հետ տանել օրիորդի ձիուն։ Ես աշխատում էի կանգնեցնել նրան, ձիգ տալով սանձից, որ իմ ձեռքում բռնած ունեի։ Բայց հնար չեղավ, սանձը կտրվեցավ, և նրա ձին բավական հեռացավ ինձանից։ Վտանգն ակներև էր։ Օրիորդը, այսուամենայնիվ, չկորցրեց սրտի ամրությունը և քաջությամբ պահում էր իրան ձիու վրա։ Ես փութացնում էի իմ ձիուն, որ առաջանամ և բռնեմ նրան։ Բայց իսկույն սարսափը տիրեց ինձ, երբ տեսա, որ օրիորդը իր ձիու հետ խորասուզվեցավ ջրի տակ։ Ուրիշ հնար չկար, պետք էր թողնել իմ ձին և լողալով որոնել նրան ալիքների մեջ։ Նրա ձիու գլուխը կրկին հայտնվեցավ ջրի տակից, օրիորդը դեռ նրա վրա էր գտնվում, երկու ձեռքով պինդ բռնած ունենալով նրա բաշից։ Ես լողալով մոտենում էի։ Մենք արդեն շեղվել էինք ծանծաղուտներից և ընկել էինք սարսափելի խորությունների մեջ։ Ես չեմ կարող նկարագրել այն բոլոր զարհուրանքը, որ այս րոպեիս էլ տիրում է իմ սրտին, երբ մտաբերում եմ իմ անխոհեմությունը, թե որպիսի հիմարությամբ ես թույլ տվեցի ինձ այնպես անհոգությամբ վերաբերվել դեպի կատաղի Երասխը։ Ես թե այն ժամանակ և թե այժմ դեռ չեմ կարողացել պարզ հասկանալ, թե ի՞նչ կատարվեցավ, և ի՞նչպես եղավ, որ երբ աչքերս բաց արի, ինձ ջրի խորության մեջ գտա։ Երևի, մի ուժգին պտույտ, մի կատաղի հորձանք ինձ ևս տարել էր ջրի տակ։ Բայց երբ կրկին բարձրացա ջրի մակերևույթի վրա, նայեցի, օրիորդը այլևս չէր երևում։ Երկար ես լողում էի այս կողմ և այն կողմ, երկար որոնում էի նրան, բայց նա չկար ու չկար...

Մի ձայն գետի հակառակ ափից վաղուց կանչում էր ինձ:

Բայց ես իմ խռովության խորին տագնապի մեջ սկզբում ոչինչ չէի լսում։ Նա կանչում էր։ Նա կանչում էր, Դու՛րս եկեք, դուրս եկեք... դեպի այս կողմը։

Իմ ուժերը բոլորովին սպառված չէին, միայն օրիորդի կորուստը մահվան չափ տանջում էր ինձ։ Ես սկսեցի ալիքները պատառելով լողալ դեպի կոչող ձայնը։ Երբ դուրս եկա ափի վրա, իմ ուրախությանը չափ չկար։ Օրիորդը այնտեղ նստած էր, և կոչող մարդը կանգնած էր նրա մոտ։ Դու այժմ փրկված ես... մի առանձին բերկրությամբ ասում էր նրան, որպես մի մարդ, որ խորին բավականություն էր զգում, որ ազատել էր մի կյանք։ Հետո դարձավ նա դեպի ինձ, ասելով.

Դու բավական քաջությամբ կռվում էիր ջրի հետ, ես համոզված էի, որ դու դուրս կգաս, այդ պատճառով քո մասին հոգ չտարա։

Արևը դեռ նոր մայր էր մտել, դեռ բավական լույս կար Երասխի գետաձորի մեջ մշտական քամին սաստիկ սառն է լինում, մանավանդ երեկոյան պահուն։ Օրիորդը թրջված հագուստի մեջ ամբողջ մարմնով դողդողում էր։ Անծանոթ բարերարը առաջարկեց ինձ տանել նրան մերձակա գյուղը տաքացնելու և հագուստները չորացնելու համար։ Սանամը ոչինչ չէր խոսում, նա գտնվում էր մի տեսակ տենդային դրության մեջ։ Բայց անծանոթի առաջարկությունը ինձ անգործնական երևաց։ Մենք փախստականներ էինք, անխոհեմություն կլիներ մեր կողմից մտնել բնակությունների մեջ։ Թեև այդ մասին ես ոչինչ չհայտնեցի անծանոթին, բայց, կարծես թե, նա մի բան նշմարում էր Օրիորդը, թեև ծածկված էր տղամարդի հագուստի մեջ, բայց նրա գդակը ջրի հոսանքի հետ գնալով, գլուխը մնացել էր բաց, և մազերի երկայն հյուսերը թափվել էին թիկունքի ու կուրծքի վրա։ Այդ կասկածանքի մեջ ձգեց անծանոթին։ Ես աշխատեցի փարատել նրա կասկածը, ասելով, որ նա այսինչ խաչի զուլն է, մայրը ուխտել է, որ մինչև քսան տարեկան հասակը մազերը չկտրվեն։

Այդ ինձ շատ չէ հետաքրքրում, պատասխանեց նա, Բայց դրան հարկավոր է շուտով մի տաք տեղ, եթե ոչ, իսկույն տենդ կստանա։

Ի՞նչ ազգից են այն գյուղացիները, Հարցրի ես։

Հայեր են, պատասխանեց նա։

Երբ պատրաստվեցանք գնալ դեպի գյուղը, ես նոր նկատեցի, որ մեր ձիաները կորած էին։ Անծանոթը ասաց, որ նրանք դուրս եկան գետի մյուս ափի վրա։ Կորուստը շատ զգալի էր։ Փախստականը առանց ձիաների ո՞ւր կարող էր գնալ։ Կրկին լողալով անցնել գետը և որոնել ձիաներին, շատ դժվար էր. նախ, այն պատճառով, որ ես չէի կարող մենակ թողնել օրիորդին, երկրորդ, ոչինչ հավանականություն չկար, թե կարելի կլիներ գտնել նրանց։ Զիաները այնքան սովորած էին եկած ճանապարհին, եթե մի օտար մարդ չբռներ նրանց, ուղղակի կդիմեին իրենց տիրոջ տունը։

Երբ անծանոթը նկատեց իմ շվարած դրությունը, ասաց։

Գնանք, ձիաների մասին կմտածենք հետո։

Ի՞նչ կարող ենք մտածել, Հարցրի ես։

Գյուղից ուրիշ մարդիկ կուղարկենք, որ որոնեն նրանց։

Գյուղը շատ հեռու չէր. մութը դեռ նոր էր պատել, երբ հասանք այնտեղ։ Անծանոթը չբաժանվեցավ մեզանից, որպես երևում էր, նա իր առաքինությունը կամենում էր մինչև ծայրը հասցնել։ Իմանալով, որ մենք օտարականներ ենք, նա հոգ տարավ մեզ համար գիշերելու օթևան ևս գտնել։

Ես էլ այստեղ օտար եմ, Ասաց նա, ձեզ կտանեմ միևնույն տունը, ուր ես մի քանի օր կացել եմ։ Նրանք բարի և հյուրասեր մարդիկ են։

Օրիորդը հազիվ էր շարժվում, սոսկալի դեպքը խլել էր նրանից ամեն զորություն։ Հենված իմ թևքի վրա, դժվարությամբ փոխում էր նա իր դողդոջուն քայլերը։

Տունը, ուր տարավ մեզ անծանոթը, գյուղի նշանավոր անձինքներից մեկի տունն էր։ Մեզ պատահած դժբախտության տեղեկությունը բավական էր, որ հրավիրեր բոլորի կարեկցությունը մեզ վրա։ Այդ պատճառով մեր փախուստի մասին ոչինչ չխոսեցինք։

Օրիորդին պետք էր հանգստություն, պետք էր ջերմացնել սառած մարմինը։ Իսկույն մի առանձին սենյակում տաք անկողին պատրաստեցին։ Նա խնդրեց ինձ օգնել իրան, որ հանե թրջված հագուստը։ Ես մյուսներին հեռացրի, որպեսզի չնկատեն, թե նա աղջիկ է և ոչ տղա։ Վիշտը, ցավը, հիվանդոտ դրությունը խլել էին նրանից կանացի պարկեշտության այն զգուշությունները, որով կինը չէր ներում մի օտար տղամարդին շոշափել իր մարմինը։ Բայց այն դրության մեջ նա նայում էր իմ վրա որպես իր աղախիններից մեկի վրա։ Եվ իմ զգացմունքները այնքան մաքուր էին, որ օրիորդը չէր սխալվում իր մտերմության մեջ:

Նրա՝ անկողին մտնելուց հետո ես չհեռացա նրա կշտից, մինչև տաքացավ և ջերմ քրտինքը պատեց ճակատը։ Քունը շուտով տիրեց նրան, բայց տենդային և անհանգիստ էր քունը։ Բորբոքված երևակայությունը դեռ արթուն էր։ Երկար նա տանջվում էր սոսկալի երազներով և երբեմն խոսում էր խառն զառանցությունների մեջ։ Թեկուզ սպանեք, թեկուզ կտրատեք, պարսիկի կին չեմ դառնա... այդ խոսքերը մի քանի անգամ լսելի եղան նրա բերնից։

Գիշերը ես մնացի նույն սենյակում, ուր պառկած էր օրիորդը։ Մի անգամ միայն մտավ ինձ մոտ անծանոթը և հարցրեց օրիորդի դրությունը։ Տանեցիներից ուրիշ ոչ ոք չխանգարեց նրա հանգստությունը։

Առավոտյան օրիորդը իրան լավ էր զգում, վեր կացավ և առանց իմ օգնության հագնվեցավ։ Ես միայն ջուր տվի լվացվելու։ Նրա վիճակը ինձ այն աստիճան զբաղեցրել էր, որ դեռ ուշադրություն չէի դարձրել, թե ո՞րտեղ ենք գտնվում, կամ ո՞վ է մեր հյուրընկալը։ Ես մինչև անգամ իմ շնորհակալությունը դեռ չէի հայտնել անծանոթին, որ օրիորդի կյանքը ազատեց խեղդվելուց, և դեռ չգիտեի, թե ի՞նչ դիպվածով պատահեց նա գետի ափի մոտ, երբ մենք ենթարկվեցանք սոսկալի վտանգին։

Առավոտյան անծանոթը կրկին մտավ մեզ մոտ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նկատեցի, որ այդ մարդը ծանոթ էր ինձ։ Դա միևնույն ճգնավորն էր, որին իմ պատանեկության հասակում տեսել էի Որոտնա վանքում։ Այո , նույն ճգնավորը, երկու ականջների ծայրերը կտրած, բազուկները և ձեռքի երեսը դրոշմված Երուսաղեմի ուխտավորի նշաններով։ Իսկ այժմ նա աշխարհականի հագուստ ուներ։ Թեև այդ հագուստի մեջ ևս պահպանել էր իր բարձր առաքինությունը։

Տեսնելով օրիորդին առողջ, չափազանց ուրախացավ նա և մի առանձին կարեկցությամբ մոտեցավ, նստեց մեզ մոտ։

Երևում էր, մեզ հետ առանձին խոսելիք ուներ, այդ պատճառով պատվիրեց ինձ սենյակի դուռը փակել և ոչ ոքի ներս չընդուներ

Ես այստեղացի չեմ, Ասաց նա, ես էլ ձեզ նման օտարական մարդ եմ այս գյուղում։ Այսօր պետք է հեռանամ այստեղից։ Ես եկա ձեզ մոտ հարցնելու, արդյոք այլևս հարկավոր չե՞մ լինի ձեզ։

Ձեր կատարած գործը այնքան մեծ է, որ մենք իրավունք չունենք ավելին պահանջել ձեզանից, պատասխանեցի ես։ Մեզ մնում է միայն շնորհակալ լինել ձեր առաքինության համար։

Այդ ավելորդ է, Ասաց նա համեստությամբ։ Ես արել եմ այն, ինչ որ ամեն մարդու պարտքն է անել, երբ տեսնում է դժբախտություն։ Քայց դուք այն ասացեք, արդյոք մի որևիցե այլ բանո՛ւմ պե՞տք եմ ձեզ, թե՞ ոչ։ Ես սիրում եմ պարզ խոսել, ավելի լավ կլինի, որ դուք ևս բոլորովին անկեղծ լինեք ինձ հետ։

Վերջին խոսքերը ինձ կասկած պատճառեցին, երևում էր, որ նա փոքրիշատե տեղեկություն ուներ մեր գաղտնիքի մասին։ Ես պատասխանեցի,

Մենք չենք կարող անկեղծ չլինել դեպի մի բարերար, որ այնքան մեծ զոհաբերություն հանձն առեց ազատելու մի կյանք։

Մի օրիորդի կյանք, կրկնեց նա խորհրդավոր ձայնով:

Ես մնացի շվարած։ Ո՞րտեղից գիտեր նա, որ տղամարդի հագուստով ծպտյալ պատանին օրիորդ էր։ Նա պատասխանեց.

Օրիորդին ջրից հանելու ժամանակ ես արդեն հասկացա, որ նա տղամարդ չէ։ Նրա մի այսպիսի ծպտյալ դրությունը առիթ է տալիս ինձ մտածելու, որ ձեր վարմունքի մեջ թաքնված է մի գաղտնիք։ Դուք չեք սխալվի, եթե այդ գաղտնիքը կհայտնեք ինձ։ Գուցե ես կարող կլինեմ դարձյալ օգնել ձեզ:

Օրիորդը, որ բոլոր ժամանակ լուռ լսում էր, ընդհատեց մեր խոսակցությունը, ասելով.

Ես գաղտնիք չեմ պահի մի մարդուց, որը ազատեց իմ կյանքը։ Եվ սկսեց նա մի ըստմիոջե պատմել, թե ինքը ում աղջիկն է, պատմեց իր հոր անգութ վարմունքը, որ նրան ուզում էր բռնությամբ մահմեդական խանին տալ, և ինքը այդ բարբարոսությունից ազատվելու համար ստիպվեցավ փախուստի մեջ փրկություն որոնել և այլն։

Անծանոթը խորին ցավակցությամբ լսում էր։ Երբ օրիորդը ավարտեց, ասաց նա.

Որքան ցավալի է ձեր պատմությունը, հարգելի օրիորդ, այնքան գովելի է ձեր արիությունը, որով պատերազմեցիք կոպիտ բռնության դեմ և բարի օրինակ դարձաք շատերի համար: Հիմա աղջիկներ մահմեդականների խաներին տալն այն սովորական կաշառքներից մեկն է համարվում, որով չարամիտ մարդիկ ձգտում են այս և այն նպատակին հասնել: Դա վատ է, դա շատ վնասակար է։ Ձեր պատմությունը ավելի և ավելի գրավեց իմ կարեկցությունը։ Ես ուրախ եմ, որ դեռևս մի փոքրիկ ծառայություն կարող եմ անել ձեզ։

Բավական է, ինչ որ արեցիք, պատասխանեց օրիորդը:

Ոչ, բավական չէ, պատասխանեց նա հանդարտությամբ։ Դուք այժմ գտնվում եք ռուսաց հողի վրա, դուք փախստական եք պարսից երկրից, դուք անցել եք այս կողմը առանց անցագրի, այդ բոլորը ձեզ խիստ դժվարին դրության մեջ է դնում։ Ձեր հայրը այնքան ազդեցության տեր մարդ է, բավական է, որ նա գրե այստեղի կառավարությանը, ձեզ իսկույն կբռնեն և ետ կուղարկեն, որովհետև դուք փախստական եք, դուք անցագիր չունեք։ Այդ լավ է, որ դուք տղամարդի կերպարանքի մեջ եք մտել, բայց այդ բավական չէ ձեր ապահովության համար։ Դուք դեռ գտնվում եք պարսից սահմանի մոտ, պետք է հեռանալ այստեղից և շուտով հեռանալ։ Բայց այդ դժվար կլինի ձեզ, որովհետև դուք կորցրիք ձեր ամենակարևոր դյուրությունները՝ ձեր ձիաները։ Ես գիշերը այս մասին մտածում էի, մի քանի լավ լողացողներ ուղարկեցի, անցան գետը որոնելու ձեր ձիաները, բայց առավոտյան լուր բերեցին, որ չգտան նրանք։ Դուք առանց ձիաների ոչ մի տեղ գնալ չեք կարող։ Ձեզ պետք է շուտափույթ կերպով տեղափոխվել մի տեղից մյուս տեղ, իսկ այդ առանց ձիաների անկարելի է։

Նրա նկատողությունները ուղիղ էին։ Մեր դրությունը խիստ դժվարին էր։ Մենք զուրկ էինք ամեն միջոցներից, որ մեր պետքերը հոգայինք։ Մեր փախուստը այնքան անակնկալ և անպատրաստ կերպով կատարվեցավ, որ ապագա պետքերի մասին ամենևին չմտածեցինք։ Մենք մինչև անգամ այնքան փող չունեինք, որ մեզ համար հաց գնեինք ուտելու։

Ես, շարունակեց նա, Բոլորը հոգացել եմ։ Ես վարձեցի ձեզ համար երկու ձիաներ, որոնց տերը կտանե ձեզ ուր որ կամենաք։ Միայն խորհուրդ կտայի, որ անցնեիք Ղափանի կողմերը, այնտեղ ժողովուրդը բարի է, ամեն տեղ կնդունեն, ամեն տեղ կպահպանեն ձեզ։ Դուք ժամանակ չի պիտի կորցնեք, հենց այսօր, հենց այս առավոտ պետք է ճանապարհ ընկնեք։ Օրիորդը այնքան առողջ է, որ կարող է շարունակել ճանապարհորդությունը։ Ես հոգացել եմ ինչ որ պետք է ճանապարհի համար։ Ձեզ պակաս է մի բան, որ ամեն տեղ կպահանջեն ձեզանից։ Ես անցագրի մասին եմ խոսում։ Ես կտամ ձեզ երկու անցագրեր։ Օրիորդը թող մնա իր ծպտյալ կերպարանքի մեջ, որպես և է, միայն տղամարդ ձևանալով, պետք է ընդունե մի տղամարդի անուն։ Իսկ դուք, Դարձավ դեպի ինձ, նույնպես պետք է փոխեք ձեր անունը։

Վերջացնելով իր պատվերները, հանեց նա իր ծոցից երկու պարսկերեն անցագրեր, մեկը տվեց ինձ, մյուսը օրիորդին, հայտնելով, որ մենք կրենք այնուհետև նրանց մեջ նշանակված անունները։

Բոլոր ժամանակը խոսում էր նա մի այնպիսի եղանակով, կարծես մեր վաղեմի բարեկամը կամ մտերիմ խորհրդակիցը լիներ։ Գլուխը դեպի ցած խոնարհած, կիսաբաց աչքերով խիստ հազիվ անգամ նայում էր մեր երեսին։ Բայց մի խորհրդավոր վեհություն, առաքինական խիստ ազդու արտահայտություն նշմարվում էր նրա պատկառելի դեմքի վրա։ Ես աստուծո մի առանձին ողորմությունն էի համարում, որ մեր նեղ դրության մեջ ուղարկեց մի այնպիսի օգնական։ Բայց օրիորդը այնքան հպարտ էր, որ շատ դժվար եղավ համոզել նրան, որ ընդունե մի օտար և անծանոթ անձից այս տեսակ բարերարություններ։ Բայց անհրաժեշտ կարիքի նրան ևս ստիպեց հաշտվել հանգամանքների հետ։

Երբ ամեն ինչ պատրաստ էր, մենք սենյակից դուրս եկանք։ Մեր հյուրընկալը բարեմաղթությամբ ճանապարհ դրեց մեզ, իսկ անծանոթը բավական տեղ եկավ մեզ հետ։

Օրիորդը նստած էր ձիու վրա, իսկ ես անծանոթի հետ գնում էի ոտքով։ Իմ ձին բերում էր մեր ետևից չարվադարը։

Ինձ բոլորովին չէր զարմացնում այն միտքը, թե ինչո՞ւ կամ ի՞նչ պատճառներից դրդված այդ մարդը ընդունում էր այնքան խորին կարեկցություն մեր դրության մեջ։ Բավական էր, որ ես գիտեի, թե նա մի ժամանակ ճգնավոր է եղել, թե աստծուն նվիրական մարդիկ միշտ պատրաստ են օգնել, բարիք գործել, երբ տեսնում են թշվառություն, երբ տեսնում են կարոտություն։

Բայց ես տակավին տարակուսության մեջ էի գտնվում, իմ կասկածը բոլորովին փարատված չէր, թե արդյո՞ք դա միևնույն անձնավորությունն էր, որին իբրև ճգնավոր մի ժամանակ տեսել էի Որոտնա վանքում, թե ես սխալվում էի չափազանց ճիշտ նմանությունների մեջ։

Բավական տեղ մեզ ճանապարհ դնելուց հետո, երբ կամենում էր նա բաժանվել մեզանից, ես հարցրի.

Մենք չի՞ պիտի գիտենանք, թե ումից պետք է շնորհակալ լինենք այսքան բարությունների համար։

Նա սառնությամբ պատասխանեց.

Կարծեմ, մի առանձին հարկավորություն չկա այդ գիտենալու։

Այսուամենայնիվ, ինձ շատ ցանկալի էր գիտենալ, թե դուք ո վ եք։

Եթե այդ ձեզ որևիցե օգուտ կբերեր, ես կասեի ձեզ։

Ես ուղիղ նայեցի նրա երեսին, ասելով,

Եթե իմ հիշողությունը ինձ չէ խաբում, կարծեմ ես տեսել եմ ձեզ մի ժամանակ մի վանքում... մի քարանձավի մեջ... դուք ճգնավոր էիք...

Նրան տիրեց մի վայրկենական խռովություն, բայց իսկույն ծածկելով իր շփոթությունը, պատասխանեց.

Դուք չեք սխալվում... այն ժամանակ ճգնում էի մի լեռան քարանձավի մեջ, հեռացած մարդիկներից... իսկ այժմ ճգնում եմ կյանքի մեջ...

Այս ասելով, նա տվեց ինձ իր քսակը։ Ա՛ռ, Ասաց, ճանապարհին ձեզ պետք կլինի, և իսկույն բաժանվեցավ մեզանից։

Ես ապշած մնացի, մի խոսք անգամ չգտա նրան ասելու, միայն, քարացածի պես կանգնած, նայում էի նրա ետևից։ Նա էլ ճանապարհորդ էր, նա էլ մի տեղ էր գնում, բայց ո՞ւր էր գնում, աստված գիտե։ Նա իր քսակը տվեց ինձ. ես հավատացած էի, որ դա նրա վերջին արծաթն էր։ Իսկ ինքը գնում էր միայնակ, ոտքով, մի երկայն ցուպ ձեռին բռնած, աղքատ ուղևորի պարկը ուսին կապած։

Երբ ավազակապետը վերջացրեց, հարցրի նրանից.

Այնուհետև մյուս անգամ չհանդիպեցի՞ք նրան։

Ոչ։ Այն օրից անցել են շատ տարիներ, կրկին հանդիպեցի նրան միայն այստեղ, քեզ հետ միասին, մուրացկանի կերպարանքով, և այդ խիստ զարմացնում է ինձ։ Այդ մարդը մի տեսակ հանելուկ է ինձ համար։ Ես շատ կցանկանայի, որ մեկ անգամ ևս տեսնեի և խոսեի նրա հետ։ Իբրև մուրացկան նա նույն բարի և առաքինի մարդը երևաց ինձ, որպես էր առաջ։ Դու տեսար, ի՛նչպես կարեկցությամբ մոտեցավ նա դատապարտյալների խումբին, ի՛նչպես բաժանեց մեզ իր հավաքած գրոշները, ասելով. Դուք ավելի թշվառ եք, քան թե ես...

Ես դարձյալ գաղտնիք պահեցի խորհրդավոր մուրացկանի մասին, այսքանը միայն ասելով իմ լավ ընկերին,

Գուցե մյուս անգամ ևս կտեսնեք... այդ մարդը շուտով չի հեռանա այստեղից...

Ես հավատում էի, բոլորը հավատում էի, ինչ որ պատմում էր ավազակապետը։ Քավոր Պետրոսը այն տեսակ առասպելական արարածներից էր, որ ընդունակ էր հրեշտակից սատանա լինել, իսկ սատանայից՝ հրեշտակ։ Թե բարին և թե չարը նրա մեջ միևնույն ուժով էին գործում։ Միայն հանգամանքներից էր կախված, թե ե՞րբ կամ ի՞նչ դեպքում պետք էր ո՛րը գործ դնել։ Նա աշխարհի մարդ էր, գիտեր, թե ի՛նչպես պետք է վարվել աշխարհի հետ։ Ես ինքս վկա էի եղել գործերի, որոնց մեջ նա ցույց էր տվել թե իր վերին աստիճանի առաքինությունը և թե իր վերին աստիճանի անգթությունը։ Ես տեսել էի նրան բարեսիրտ, որպես աղավնի, և նենգավոր, որպես օձ։ Այդ մարդը, որի հետ տարիներով ապրել էի, գործել էի, ինձ համար ևս մնացել էր որպես մի մթիՆ հանելուկ։ Ես հասկանալ չէի կարողանում, թե ի՛նչպես չարն ու բարին, առանց

միմյանց հետ հակառակելու, հաշտվում էին նրա մեջ։ Բայց հավատացած էի, որ նա ամենայն անկեղծությամբ, ամեն տեսակ զոհաբերություններ հանձն առնելով, եկել էր ինձ ազատելու իմ թշվառ դրությունից։ Բայց ես կարո՞ղ էի կրկին անձնատուր լինել մի մարդու, որը որքան բարի էր, նույնքան ևս չար էր, Այդ հարցը դարձյալ մնաց իմ սրտում անվճիռ։

<A name=4>



#30 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:39 PM

Դ


ՉՈՐՐՈՐԴ ԳԻՇԵՐ
Դու այն պատմիր, թե ինչո՞ւ են կոչում քեզ ավազակապետ և ո՞րտեղ ընկար դատապարտյալների հասարակության մեջ, Հարցրի ես չորրորդ գի՛շերը, երբ բավական հանգստացել էինք ցերեկվա ծանր աշխատությունից։

Ավազակապետը շարունակեց.

Մեր անծանոթ բարերարի վարձած ձիաներով անցանք Մեղրիի գավառը։ Այստեղ ճանապարհները այն աստիճան քարքարոտ են, և լեռնային ելևէջները այն աստիճան սարսափերի են, որ անկարելի է ձիով ման գալ։ Մենք ստիպված էինք մեր ձիաները փոխել և վարձել ջորիներ։ Այդ խորամանկ անասունները սովոր են լեռնային քարքարոտներում ման գալ։

Սկզբում Սանամը դժվարությամբ հոժարացավ ջորիի վրա նստել։ Ղարադաղի մելիքի աղջիկը, որ սովորած էր սիգապանծ նժույգների, կարծես ամաչում էր, որ ստոր անասունների վրա հեծած տեսնեին նրան։ Ինձ այլևս ո՞վ է ճանաչում, ասաց նա և մի առանձին մտերմությամբ խնդրեց ինձանից օգնել իրան, որ հեծնե։ Ես զարմացա։ Սանամը, որ ծտի նման ձիաների վրա թռչել գիտեր, ինձանից օգնություն էր խնդրում։ Երբ փոքր-ինչ առաջ գնացինք, ասաց նա,

Վերջին ժամանակներում շատ ուժաթափ եղա...

Նրա ձայնի մեջ լսվում էր խորին տխրություն և սրտի դառն կսկիծ։

Դուք այս առավոտ ոչինչ չկերաք, Ասացի նրան, կարելի է քաղցածությունից լինի։

Ոչ, պատասխանեց նա։ Շատ անգամ սուրբ Սարգսի պասին երկու կամ երեք օրով ծոմ էի պահում, ո՛չինչ չէի ուտում, բայց երբեք ուժաթափ չէի լինում։

Երևի, գետը ձեզ վրա վատ տպավորություն գործեց, նկատեցի ես։

Ոչ։ Այն մարդը շուտ վրա հասավ, ես դեռ բոլորովին ջրի տակ չէի գնացել, որ ազատեց ինձ։ Ա՜խ, երանի թե գիտենայի ով էր այդ մարդը։ Երևում է՝ որ աստված մեզ հետ է։ Նա ուղարկեց այդ մարդուն մեղ օգնելու համար։

Վերջին խոսքերը մխիթարում էին նրան և ավելի ամրացնում էին նրա հավատը, որ խիստ վառ էր օրիորդի մեջ։

Չնայելով, որ ջորիները դանդաղ էին ընթանում, դարձյալ մենք այն օրը անցանք բավական ճանապարհ։ Գնալով լեռների միջով, շատ անգամ ստիպված էինք անցնել այնպիսի վտանգավոր տեղերից, ուր անձնավստահ որսորդները միայն ոտք են կոխում, այն ևս խիստ հազիվ անգամ։ Զառիվայրների դժվարությունը երբեմն ստիպում էին մեզ ցած իջնել ջորիներից և, ապառաժների վրայով մագլցելով, առաջ գնալ։ Սանամը բոլորովին հոգնած էր, հազիվհազ կարողանում էր իրան ոտների վրա պահել։ Ես մի քանի անգամ առաջարկեցի բռնել նրա ձեռքից, օգնել նրան, բայց ամեն անգամ մերժում ստացա։ Նա դեռ խորշում էր ինձանից, նա այնքան հպարտ էր, որ դեռ նայում էր իմ վրա որպես իր հոր տան ծառաներից մեկի վրա։ Ես դեռ նրա մտերիմ անձնվեր բարեկամը չէի։

Երբ բարձրացանք սարերի վրա, արևը արդեն սկսել էր թեքվել դեպի իր երեկոյան մուտքը։ Ստորոտներում տոթը խեղդում էր, իսկ այստեղ ցուրտը մրսեցնելու չափ զգալի էր՛ ջորիներից ցած իջանք, նստեցինք փոքր-ինչ հանգստանալու։ Ես առաջարկեցի օրիորդին փաթաթվել իմ վերարկուի մեջ. նա հոժարությամբ ընդունեց, որովհետև վերարկու չէր առած իր հետ։ Հետո տվեցի նրան մի բան ուտելու, նա բոլորովին կազդուրվեցավ և գտնվում էր բավական խաղաղ տրամադրության մեջ։

Արևը մտավ։ Երեկոյան վերջալույսը հետզհետե զրկվում էր իր պարզ-ծիրանի շառավիղներից։ Սարերի գագաթները պատած էին սպիտակ ձյունափայլ մշուշով, որը, միախառնվելով երկնքի կապուտակության հետ, ներկայացնում էր անսահման մանիշակագույն օվկիանոս, որի մեջ լեռների ալիքավոր բարձրությունները ձևացնում էին սքանչելի տեսարան։ Օրիորդը բնություն սիրող էր։ Ես նկատեցի՝ նույն ժամում հափշտակված էր նա խորին հիացմունքով, և նրա խոշոր աչքերը մի առանձին ոգևորությամբ նայում էին դեպի գեղեցիկ լեռնային տարածությունը։ Ես նստած էի նրա մոտ։ Նա դարձավ ինձ այս խոսքերով.

Նայի՜ր այն նեղ հովտին, որ հազիվ երևում է թափանցիկ մառախուղի միջից. նայի՜ր այն բաց-կանաչազարդ խոտերին, որ պատել են նրա սիրուն տափարակը, տե՛ս այն վտակը, ինչպես շտապով վազում է դեպի ձորը, ականջ դիր, որքան քաղցր է լսվում նրա ձայնը։ Ա՜խ, որքան գեղեցիկ է այդ բոլորը: Այնտեղ երևում են հովիվների տաղավարներ։ Տե՛ս, ոչխարները վերադառնում են արոտից, ես լսում եմ նրանց ձայնը: Ահա խմբվեցին նրանք տաղավարների շուրջը։ Կնիկները դուրս եկան կթելու նրանց, փոքրիկ գառները, փոքրիկ ուլերը կռվում են կթողների հետ, թե ինչո ւ են խլում իրանց սնունդը։ Բայց նրանց մայրերը այնքան առատ են, որ բավականություն են տալիս թե իրանց տերերին և թե իրանց ձագերին։ Գնանք այդ հովիվների մոտ և վայելենք նրանց հյուրասիրությունը։

Հովիտը, որ այնքան ոգևորությամբ նկարագրում էր օրիորդը, շատ հեռու չէր մեր նստած տեղից։ Երեկոյան մթությունը սկսել էր թանձրանալ։ Շարունակել մեր ճանապարհորդությունը չէինք կարող, որովհետև թե մենք և թե մեր անասունները սաստիկ հոգնած էինք։ Պետք էր մի օթևան գիշերելու համար։ Բայց նախքան այդ հովիվների մոտ հյուրասիրություն խնդրելը, հարկավոր էր տեղեկանալ, թե նրանք ինչ տեսակ մարդիկ են։ Այդ մտքով ես մոտեցա մեր ջորեպանին, որ մեզանից փոքր-ինչ հեռու արածացնում էր իր անասունները։

Ջորեպանի տված տեղեկությունները հովիվների մասին խիստ նպաստավոր էին։ Այդ խաշնարածները եկած էին Ղափանի կողմերից, ազգով հայ էին և հայտնի էին իրանց քաջությամբ։ Այստեղ ժամանակավորապես զետեղվել էին նրանք ամառը անցկացնելու և իրանց անասունները արածացնելու համար։ Վերջացնելով իր խոսքերը, ջորեպանը Խորհուրդ տվեց նրանց մոտ գնալ և ավելի բարվոք էր համարում գիշերը անցկացնել նրանց տաղավարների մեջ, քան թե բացօթյա մնալ։ Բայց միևնույն ժամանակ ակնարկեց նա, որ այդ հովիվները փոքր-ինչ կասկածավոր մարդիկ են, ավազակներ են։

Եթե ուզում ես ավազակից անվնաս մնալ, պետք է ավազակի տունը գնալ, պատասխանեցի ես։

Ուրիշ հնար չկար, գիշերը բացօթյա դրսում մնալը կարող էր վնասակար ազդեցություն ունենալ օրիորդի առողջության վրա։ Մենք ոչինչ պատրաստություն չունեինք մեզ հետ, ինչ էլ որ ունեինք, կապած էին մեր ձիաների վրա, բայց Երասխից անցկացնելու միջոցին պատահած վտանգի ժամանակ ձիաները իրանց հետ տարան։ Ես վճռեցի գնալ հովիվների մոտ, մանավանդ որ օրիորդի ցանկությունն էլ հենց այդ էր:

Մութը բոլորովին պատել էր, երբ հասանք նրանց ամառանոցին։ Ոչխարները մակաղել էին բնակությունից հեռու, առանձին հանգրվաններում, իսկ տաղավարների մոտ խմբվել էին ավելի խոշոր անասունները ձիաներ, կովեր, եզներ և այլն։ Տեղ-տեղ վառվում էին խարույկներ, որոնց շուրջը՝ խոտերի վրա նստած էին ալևոր մարդիկ, ծխում էին, խոսում էին, իսկ կնիկները մի բան էին եփում ընթրիքի համար։ Խարույկների աղոտ լույսով այդ լեռնականների կերպարանքները ավելի մռայլ կերպով նշմարվում էին գիշերային մթության մեջ։ Երիտասարդները զբաղված էին իրանց նժույգներով, քորում էին, մաքրում էին նրանց մարմինը և ծածկում էին թաղիքներով, որ գիշերը չմրսեն։ Իսկ նրանց ծերունի հայրերը դեռ չէին ավարտել իրենց երեկոյան աղոթքը, բաց երկնքի տակ, մերկ գետնի վրա չոքած, լուռ աղոթում էին։ Տիրում էր ընդհանուր լռություն, երբեմն հեռվից լսելի էին լինում խուլ ձայներ, որոնում էին որևիցե կորած անասուն։

Շները ահագին աղմուկ բարձրացրին, երբ մոտեցանք նրանց տաղավարներին։ Հովիվները խռովության մեջ ընկան, ամեն կողմից վազեցին, որ տեսնեն, թե ի՞նչ մարդիկ ենք։ Մեր ջորեպանը, որ ծանոթ էր նրանց սովորություններին, առաջ գնաց, հայտնեց, որ ճանապարհորդներ ենք, գիշերելու օթևան ենք խնդրում։ Նրանք հանգստացան և ամեն կողմից սկսեցին հրավիրել մեզ իրանց տաղավարները։ Որպեսզի ոչ մեկին վիրավորած չլինենք, մենք իջանք առաջին հանդիպած տաղավարի առջև։ Այստեղ, կարծես, վաղուց սպասում էին մեզ, երկու պատանիներ դուրս վազեցին, բռնեցին մեր ջորիները և մեզ ներս տարան։

Մեր բախտից տաղավարը, որ վիճակվեցավ մեզ, պատկանում էր խաշնարածների բավական նշանավոր և հարուստ ընտանիքներից մեկին։ Ընտանիքի հայրը մի ծերունի էր, բայց դեռ ժիր և աշխույժ, կարծես տարիների բոլոր ջանքերը իզուր էին անցել խլելու նրա մարմնի ամրությունը և սրտի զվարթությունը։ Նա խիստ սիրով ընդունեց մեզ, հայտնեց իր ուրախությունը և հրավիրեց նստել իր մոտ։ Նա բնավ հարցուփորձ չարեց, թե ո՛վ էինք մենք, ո՛րտեղից էինք գալիս կամ ո՛ւր էինք գնում։ Դա նրանց սովորությամբ մի տեսակ վիրավորանք էր հյուրի համար։ Բավական էր, որ մենք նրա տաղավարի ծածկի տակ էինք գտնվում, և այդ րոպեից նրա գերդաստանի անդամներից մեկն էինք համարվում։

Այդ լեռնաբնակները, դեռ պահպանված լինելով նահապետական պարզության մեջ, ազատ էին մնացել կրթված աշխարհի կեղծ քաղաքավարության ձևերից։ Երբ իմացան մեր հայ-քրիստոնյա լինելը, ավելի մտերմացան մեզ հետ։ Ամենայն բարեսրտությամբ խոսում էին, ծիծաղում էին և ամեն կերպով աշխատում էին գոհացնել մեզ, որ ոչինչ պակաս չլինի մեզ համար։

Մեր հյուրընկալը առանձին ուշադրություն էր դարձնում մեր զենքերի վրա. մեկ-մեկ վեր էր առնում, ճրագի լույսի առջև զննում էր և իր հմտությունը զենքեր ճանաչելու մեջ ցույց տալու համար ասում էր, թե ո՛րը ի՛նչ գործարանի կամ ի՜նչ ժամանակի գործ էր։ Հին զենքերը հարգի էին դրանց մոտ։ Զենքերից նա գաղափար կազմեց մեր ի՛նչ դրության կամ ի՛նչ աստիճանի մարդիկ լինելու մասին։ Հասարակ մարդիկ չէին կարող ունենալ այս տեսակ հարուստ զենքեր։ Այդ րոպեից նրա հարգանքը ավելի ևս բազմացավ մեր վերաբերությամբ։

Ընթրիքը երկար չտևեց։ Լեռնաբնակները շուտ են ուտում, և կերակուրների տեսակները այնքան առատ չեն, որ շատ ժամանակ պահանջեն։ Ես մտածում էի օրիորդի հանգստության մասին, նա սաստիկ հոգնած էր։ Ծերունին նույնպես նկատեց, որ մեր խոսակցության միջոցին, նստած տեղում, նիրհում, էր նա։ Բայց գերդաստանի հայրը երևակայել անգամ չէր կարող, թե մի ուրիշ արարած, որը հասակով փոքր էր իրանից, կարող էր հանգստության վրա մտածել, քանի որ ինքը տակավին նստած էր, քանի որ ինքը դեռ քնելու ախորժակ չուներ։ Ամեն մարդ քնելու իրավունք ուներ՝ երբ նա արդեն քնած էր. ամեն մարդ ուտելու իրավունք ուներ երբ նա արդեն կերած էր։ Ամեն բանի մեջ պետք է նա առաջինը լիներ, իսկ մյուսները՝ հետևողներ։

Եվ ես տեսնում էի՝ ընթրիքի ժամանակ ծերունու բոլոր որդիքը ոտքի վրա սպասավորություն էին անում, կամ մի բան ներս էին բերում և կամ դուրս էին տանում։ Նրանցից մեկը միայն, երեց որդին, հորից թույլտվություն ստացավ մեզ հետ սեղանակից լինելու։ Կնիկները ամենևին չէին երևում, նրանք փակված էին տաղավարի առանձին բաժնում: Երբ սեղանը հավաքեցին, որդիները հեռացան, որ իրանք էլ մի բան ուտեն։ Մենք ծերունու հետ մնացինք տաղավարում միայնակ։

Որդիների թիվը հասնում էր չորս հոգու, բոլորը կարծես թե տիտանների սերունդից լինեին, առողջ և ամուր կազմվածքով։ Ամենքը ամուսնացած էին, ունեին բազմաթիվ զավակներ, որոնցից շատերը նույնպես ամուսնացած էին։ Տունը լիքն էր ամեն հասակի երեխաներով։ Այստեղ ապրում էին մի քանի սերունդներ, որոնք սերտ կերպով միացած էին միմյանց հետ, որոնց գլխին կանգնած էր ալևոր պապը իր նահապետական մեծությամբ:



#31 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:40 PM

Ե


ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՇԵՐ
Սանամի տկարությունը ստիպեց մեզ երկար մնալ մեր հյուրընկալի տաղավարում, շարունակեց ավազակապետը իր ընդհատված պատմությունը։

Օրիորդի լարված ուժերը հետզհետե թուլացան, և նա վերջապես չկարողացավ տանել այն բոլոր տանջանքները, որ կրել էր իր հոր տնից բաժանվելուց հետո։ Երասխ գետի մեջ պատահած սարսափելի անցքից հետո նա արդեն իրան ոչ բոլորովին առողջ էր զգում։ Բայց նա թաքցնում էր ինձանից իր դրությունը, մինչև հիվանդությունը խիստ ծանր կերպարանք ստացավ։ Հիվանդի համար որոշել էին մի առանձին տաղավար, և ոչ ոք չէր խանգարում նրա հանգստությունը։ Բժիշկ չկար, նրան թողել էինք բնության կամքին։ Միայն երբեմն նրա մոտ մտնում էին զանազան պառավներ, ի՞նչ դեղ ու դարմաններ էին անում, ոչ իրանք էին հասկանում և ոչ՝ ես։ Ես նրա մահճի մոտից չէի հեռանում, ամբողջ գիշերը անքուն նստած՝ լսում էի նրա խուլ հառաչանքները, ականջ էի դնում նրա ծանր շնչառությունը, իսկ ցերեկով նայում էի նրա գունաթափ դեմքին։ Մի առավոտ նստած էի նրա մոտ և լի տխուր մտածություններով նայում էի նրա վրա։ Այդ միջոցին քնած էր նա, և, ավելի ճիշտ ասած, գտնվում էր մի այնպիսի ինքնամոռացության մեջ, որ չէր զգում իմ ներկայությունը։ Այն զվարթ դեմքը, որ մի ժամանակ իր կանացի քնքշության հետ արտահայտում էր այրական վեհություն, այժմ թառամած էր, այժմ չուներ առաջվա կենդանությունը։ Այն խորախորհուրդ աչքերը, որոնց մթության մեջ մի ժամանակ այնքան կյանք, այնքան գորով և այնքան հոգեկան ջերմ զգացմունքներ կային, այժմ այդ աչքերը չունեին առաջվա կրակը։ Այն ողջախոհական շրթունքները, որոնցից լսել էի այնքան քաղցր, այնքան բարեկամական խոսքեր, որոնք միշտ մխիթարել և խրախուսել էին ինձ, այժմ այդ շրթունքները թրթռում էին տենդային ցնցումներով և իմ մեջ ազդում էին սոսկում ու զարհուրանք միայն։ Հուսահատական խառն մտածություններ տանջում էին ինձ։ Ի՞նչ կլինի մեր վերջը, եթե երկար կտևե նրա հիվանդությունը, ասում էի ես։ Եթե նա առողջ լիներ, նա այնքան ուժ և տոկունություն ուներ, որ ամեն տեղ կարող էր գալ ինձ հետ, և ես ամեն տեղ կարող էի տանել նրան։ Կգնայինք, կհեռանայինք մի անծանոթ աշխարհ, և ոչ ոք չէր գտնի մեզ։ Բայց ի՞նչ կարելի էր անել հիվանդի հետ, ո՞ւր տանել նրան, ո՞րտեղ թաքցնեի այդ մտքերը սաստիկ խռովեցնում էին ինձ։ Մենք դեռ պարսից սահմանից շատ չէինք հեռացել, մենք դեռ բավական մոտ էինք գտնվում այն երկրին, որտեղ բնակվում էր նրա հայրը։ Իսկ այդ անգութ հոր սատանայական հետախուզություններից անհայտ մնալը հեշտ բան չէր։ Անկարելի էր, որ նա ստուգած չլիներ, թե մենք ո՛ր կողմը կամ ո՜ւր էինք գնացել։ Օրիորդը ընդհատեց իմ մտածությունները։ Նա այժմ զառանցության մեջ արտասանում էր զանազան անկապ խոսքեր։ Մի քանի անգամ պարզ լսեցի իմ անունը։ Նա խոսում էր ինձ հետ, երազների և ցնորքների աշխարհում խոսում էր ինձ հետ։ Քնած դրության մեջ մարդը գաղտնիք պահել չէ կարող, որովհետև աշխարհի պայմանները զգուշության մեջ չեն դնում նրան։ նա խոսում է, նա դատում է, որպես մտածում է։ նրա զգացմունքները նույնքան անկեղծ են լինում, որքան անկեղծ է նրա դրությունը։ Սիրում եմ քեզ, ասաց նա հեզությամբ լի ձայնով, քո զոհաբերությունը ուրիշ ոչնչով չեմ կարող վարձատրել, բայց միայն իմ սիրով։ Այդ խոսքերը արտասանելու միջոցին նա իր տկարացած թևքերը տարածեց, երևի ինձ գրկելու համար։ Բայց իմ շրթունքներն արդեն սեղմված էին նրա տաքացած երեսի վրա, և նրա բազուկներն անգիտակցաբար փաթաթվել էին իմ պարանոցին։ Երազների աշխարհում նա գրկած ուներ իմ ուրվականը, բայց իսկության մեջ ես գրկել էի հիվանդ մարմինը։ Իմ արտասուքը թրջում էր նրա բորբոքված դեմքը։ Ո՜րքան բարություն, ո՜րքան առաքինություն կար նրա անմեղ խոստովանության մեջ։ Մի՞թե ես կարող էի ընդունել նրանից մի այսպիսի զոհաբեքություն։ Ես երևակայել անգամ չէի համարձակվում, որ նա իմ կինը լիներ։ Մի՞թե իր սիրով պետք է վարձատրեր նա իմ մատուցած ծառայությունները, ու այն սիրով, որ ավելի բարձր, ավելի արժանավոր արարածների համար էր պահված։ Ես ուրախ էի, որ այդ բոլորը կատարվեցավ նրա քնած ժամանակ։ Բայց իմ հպավորությունը արթնացրեց նրան, մռայլոտ աչքերը բաց արեց, նայեց իմ վրա։ Դու այստե՞ղ էիր..., եղավ նրա առաջին հարցմունքը, հետո երեսը շուռ տվեց մյուս կողմը, սկսեց դառն կերպով հոգվոց հանել։ Այդ ի՞նչ տանջանք էր։ Անտարակույս, հիվանդության տանջանքը չի պիտի լիներ։ Երևի, նրա ազնվական արյունը հուզվում էր, որ երազի մեջ անգամ ինձ նման ռամիկին արժանացրել էր իր սիրուն։ Քանի րոպեից հետո նա կրկին երեսը շուռ տվեց դեպի իմ կողմը։ Արևը այդ ժամանակ դեռ նոր էր սկսել ծագել, և նրա առաջին ճառագայթները շողշողում էին նրա վհատած դեմքի վրա։ Նա հրամայեց ցած թողնել տաղավարի մուտքի վարագույրը, որ ազատվի ճառագայթներից։ Ուզում եմ մութ լինի... միշտ մութ, որ ինձ ոչ ոք չտեսնի։ Ես զարմացա, թե ինչն էր ստիպում նրան փախչել լույսից, արդյոք ամո՞թը, որ նա քնի մեջ արել էր մի անմեղ խոստովանություն։ Այդ ենթադրությունը ավելի հավանական երևաց ինձ, երբ հարցրեց նա. Շատ ժամանակ է, որ դու այստեղ ես։ Շատ ժամանակ չէ, կես ժամ հազիվ կլինի, լսեցի, որ քո քունը անհանգիստ է, ներս մտա։ Այո , ես անհանգիստ էի... Ասաց նա և հրամայեց, որ իրեն միայնակ թողնեմ։ Ես դուրս եկա, նստեցի տաղավարի մուտքի մոտ։ Այնտեղ քնում էի ես ամեն գիշեր, այնտեղ ամբողջ, գիշերը հսկում էի նրա վրա, այնտեղից լսում էի նրա դառն հառաչանքները, և իմ սիրտը լցվում էր կրակով։ Բայց այն առավոտ ո՜րքան երջանիկ էի զգում ինձ, որքան ուրախ էի ես, իմ հոգին վայելում էր անսահման բերկրություն։ Այն մի քանի խոսքերը, որ արտասանեց նա անգիտակցության մեջ, ինձ բաշխում էին աշխարհի բոլոր փառքերը։ Երևի նա մտածում է իմ վրա, որ ես նրա երազների առարկան եմ դարձել, Ասում էի ես և այսքանով միայն ինձ բոլորովին բախտավոր էի համարում։ Բայց ո՞վ կմտածեր, որ այդ բախտավորությունը երկար չէր տևի...

Այդ հոգեկան բերկրության մեջ էի ես, երբ մեր հյուրընկալի կրտսեր որդին մոտեցավ, հայտնեց, որ իր հայրը կանչում է ինձ։ Ես գնացի։ Ծերունին առանձնացած էր և, որպես երևում էր, պատվիրել էր իր մոտ ոչ ոքի չթողնեն Նա հարցրեց օրիորդի առողջությունը, հետո խնդրեց, որ նստեմ իր մոտ։ Նա տխուր, միևնույն ժամանակ վրդովված էր երևում, կամենում էր մի բան խոսել, բայց դժվարանում էր։ Վերջապես, ասաց նա.

Այն օրից, որ դուք ոտք եք կոխել իմ տան շեմքի վրա, ես ամենևին չեմ հարցրել ձեզ, թե ո վ եք դուք, ո՞րտեղից եք գալիս, կամ ո՞ւր եք գնում։ Ես այսքանով միայն ուրախ էի, որ իմ հացը բաժանում եմ աստուծո հյուրերի հետ։ Բայց այժմ առանց հարցնելու ևս, ես գիտեմ, թե դուք ով եք, և ում որդին է ձեր մանկահասակ ընկերը, որի հիվանդությունը նույնքան ցավ է պատճառում ինձ, որքան՝ ձեզ։ Մենք, այս լեռների բնակիչներս, սովորություն ունենք ոչ միայն հյուրասիրելու մի օտարականին, որ մեր տան ծածկի տակ օթևան է խնդրում, այլ վտանգի ժամանակ մեր պարտքն ենք համարում և պաշտպանել նրան ամեն չար պատահարներից: Մեր տունը մտնողը, ի՛նչ մարդ էլ և լիներ նա, ի՛նչ հանցանք էլ որ գործած լիներ, դարձյալ մեր օգնությունն է վայելում։ Այդ մասին կարող եք բոլորովին ապահով լինել...

Վերջին խոսքերի միջոցին ծերունին զգուշությամբ նայեց իր շուրջը, մի գուցե մի ուրիշը լսեր նրան։ Ես արդեն նախագուշակում էի, թե նրա հառաջաբանը ինչով պետք է վերջանար, և չսխալվեցա։ Մեզ որոնում էին...

Այս րոպեիս ես վերադարձա մեր տանուտերի մոտից... շարունակեց նա: Տանուտերը հավաքել էր իր մոտ մեր շենի բոլոր ծերերին և կարդաց գավառապետի հրամանը։ Նրա մեջ գրված էր, թե Իարադաղի մելիքի աղջիկը փախել է իր ծառայի հետ, և անցել են մեր կողմերը։ Հրամայված էր որտեղ և գտնելու լինեն նրանց, հանձնեն կառավարության ձեռքը, որ ետ ուղարկեն Պարսկաստան։ Հրամանի մեջ ծանր պատիժ և տուգանք էր նշանակված, եթե մեկը կհամարձակվի թաքցնել նրանց իր մոտ։ Ես տարակույս չունեմ, որ դուք և ձեր ուղեկիցը միևնույն անձնավորություններն եք, որ ցույց է տված հրամանի մեջ։

Այո՛, մենք ենք, պա՛տասխանեցի ես, առանց որևիցե կասկածանքի, առանց թաքցնելու։

Շնորհակալ եմ ձեր մտերմության համար, Ասաց ծերունին, Հիմա պատմեցեք, այդ անցքը ի՞նչպես է պատահել։

Ես ծերունու անկեղծության վրա կասկած չունեի։ Իր բարեսրտությամբ նա այն աստիճան գրավել էր իմ վստահությունը, որ ես պատմեցի բոլորը, ինչ որ գիտեի օրիորդի մասին, պատմեցի նրա հոր փառասիրության մասին, թե ո՜րպես պարսիկ խանի բարեկամությունը գրավելու համար կամենում էր իր աղջկան կնության տալ նրան, պատմեցի օրիորդի ընդդիմադրության մասին, որ չցանկացավ մահմեդականի կին դառնալ, պատմեցի մեր փախուստը և այն բոլոր դժբախտ անցքերը, որ պատահել էին մեզ հետ ճանապարհին։ Ծերունին խորին ցավակցությամբ լսում էր։ Նրա խորշոմած դեմքի վրա նշմարվում էին բարկության և դառն ատելության ցնցումներ։

Ես չեմ զարմանում խեղճ աղջկա հոր անգթության վրա, Ասաց նա, երբ ես վերջացրի, ես ճանաչում եմ նրա հորը, նա իր փառասիրության համար ամեն բան կանե, ամեն բան կզոհե։ Ես գովում եմ օրիորդի քաշությունը և ձեր անձնվիրությունը, որ հանձն եք առել ազատել նրան։ Բայց այդ թողնենք, խոսենք գավառապետի հրամանի վրա։

Ծերունու խոսքերից երևաց, որ իրանց տանուտերը, որին հրամայված էր որոնել մեզ, եթե տեղեկություն ստանար իմ և օրիորդի մասին, իսկույն կմատներ կառավարության ձեռքը։

Իմ հուսահատությանը չափ չկար, ես գտնվում էի ամենաանելանելի դրության մեջ. չգիտեի՝ ի՛նչ հնար գտնել վտանգից ազատվելու համար, այդ պատճառով, երբ ծերունին հարցրեց, թե ի՞նչ պետք է անել, ես ոչինչ պատասխանել չկարողացա։

Եթե օրիորդը հիվանդ չլիներ, գործը շատ հեշտ էր, Ասաց նա փոքր-ինչ մտածելուց հետո։ Ես ձեզ՝ երկուսիդ ևս կուղարկեի Սիսիանի կողմերը, իմ բարեկամի մոտ, նա կպահեր ձեզ, մինչև հրամանը կհնանար, և ամեն բան կմոռացվեր։ Բայց օրիորդի հիվանդությունը ինձ դժվարության մեջ է դնում...

Նա դարձյալ մտածության մեջ ընկավ և ապա շարունակեց.

Ռուսաց տիրապետությունից առաջ մեր կողմերի հայերը ևս միևնույն դրության մեջ էին, ինչ դրության մեջ գտնվում են այժմ Պարսկաստանի հայերը։ Պատահում էր այս և այն խանը, այս և այն բեկը մի գեղեցիկ հայ աղջիկ էր տեսնում, իսկույն իր ծառաներին ուղարկում էր և բռնությամբ տանում էր իր տունը։ Ոչ մի ծնող համարձակություն չուներ հակառակելու։ Մի անգամ մահմեդականի տունը մտած աղջիկը այլևս այնտեղից դուրս չէր գալիս։ Նրան կա՛մ աղախին էին դարձնում, կա՛մ հարճ և կա՛մ կին։ Ծնողները աշխատում էին տգեղացնել իրանց աղջիկներին, որ մահմեդականների աչքին հաճելի չթվին։ Այստեղից սովորական դարձան գլխի և երեսի այն այլանդակ փաթոթները, որ այժմ կրում են մեր կանայքը։ Բայց մի այլ հնար ևս երբեմն ազատում էր մեր աղջիկներին։ Երբ ծնողները հասկանում էին, որ մահմեդականը աչք ունի մեկի վրա, իսկույն վեր էին առնում աղջկան և պսակում էին պատահած հայ տղայի հետ։ Ամուսնացած կնոջը շատ չէին դիպչում, նրան անպատվում էին և բաց թողնում, որովհետև կին դարձնելու համար բավական դժվարություններ կային։ Մահմեդական օրենքը արգելում է՝ ամուսին ունեցող կնոջը, ի՛նչ ազգից և կրոնքից լիներ նա, իրա կինը դարձնել, քանի որ նա չէր բաժանված իր ամուսնից և մահմեդականություն չէր ընդունած։ Բայց ազաբ աղջիկների վերաբերությամբ այդ տեսակ պայմաններ չէին պահանջվում: Ազաբ աղջիկը մի անգամ մահմեդականի ձեռքը ընկնելուց հետո դառնում էր կոտրած աման, նրան այլևս ոչ ոք չէր առնում. մինչև անգամ գտնվում էին այնպիսի սնահավատ ծնողներ, որ հրաժարվում էին իրանց տունը ընդունել պղծված աղջկան։ Պատահում էր, որ նշանած աղջիկներին ևս ուզու էին քաշել տանել, այսպիսիներին իսկույն պսակում էին նշանած տղայի հետ, բայց պատահում էր, որ տղան բացակա էր լինում, մի ուրիշ երկիր գնացած էր լինում։ Այսպիսի դեպքերում պսակը կատարում էին մի առարկայի հետ, որ մնացել էր այն տղայից։ Ես դեռ չեմ մոռացել մի այսպիսի դեպք, տղան գտնվում էր հեռու երկրում, իսկ նրա նշանածին ուզում էին հափշտակել։ Ժամանակ չկար տղային կանչելու։ Ծնողները աղջկան ծածուկ տարան եկեղեցի, կանգնացրին սեղանի առջև, իսկ խաչեղբայրր, նրա մոտ կանգնած, ձեռին բռնած ուներ փեսայի հին գդակը։ Քահանան անդադար դիմում էր այդ գդակին, հարցնելով, տե՞ր ես, սիրո՞ւմ ես և կատարում էր պսակի խորհուրդը։

Ես թեև հետաքրքրությամբ լսում էի ծերունու խոսքերը, բայց չգիտեի, ինչու համար էր այդ երկար պատմությունը։ Նրա միտքը հասկացա այն ժամանակ, երբ դարձավ դեպի ինձ հետևյալ հարցով.

Օրիորդը նշանած ունի ։

Դեռ ոչ ոք նշան չէ դրել նրան, պատասխանեցի ես։

Նա որևիցե մեկին սիրո՞ւմ է։

Չգիտեմ...

Այդ միևնո՛ւյն է, ս՛իրում է, թե չէ սիրում, Ասաց նա, Բայց պետք է անպատճառ պսակել մեկի հետ, ուրիշ հնար չկա ազատելու նրան։

Ո՞ւմ հետ,

Հենց ձեզ հետ, Ասաց ծերունին ուրախ դեմքով։ Զեր անձնազոհությունը օրիորդի վերաբերությամբ այնքան նշանավոր է, որ դուք արժանի եք նրա ամուսինը լինելու։

Դա անկարելի բան է, պատասխանեցի ես, Այդ մասին խոսելն անգամ ավելորդ է։ Դուք չեք ճանաչում օրիորդին, նա ուրիշ աղջիկների նման չէ, նա սեփական կամքի և խելքի տեր աղջիկ է, նրան չէ կարելի զոռով եկեղեցի տանել: Մտածենք ուրիշ հնարների վրա։

Իմ խոսքերը շատ օտարոտի թվեցան ծերունուն, որ աղջիկը ևս կարող էր իր սեփական կամքը և խելքը ունենալ, բայց, թեև շատ դժվարությամբ, այսուամենայնիվ, նա համաձայնեցավ ինձ հետ չբռնադատել օրիորդին ամուսնության մասին և ուրիշ հնարների վրա մտածել։ Մենք երկար խորհեցինք, վերջապես ծերունին այն եզրակացությանը հասավ, որ օրիորդը պահվի իր տանը, իսկ ես առժամանակ հեռանամ։ Հիվանդին իմ տան ծածկի տակ թաքցնելը հեշտ է, բայց ձեզ կարող են նկատել, Ասաց նա։

Բայց ես ո՞րպես կարող էի բաժանվել օրիորդից, ո՞ւմ հոգաբարձությանը հանձնեի նրան, միթե կարո՞ղ էի հանգիստ լինել, եթե մի օր, մի ժամ, մի՝ րոպե նրան չտեսնեի, կամ ի՞նչ ազդեցություն կաներ նրա հիվանդության վրա, եթե այդ բոլորը հայտնվեր նրան։

Ուրիշ հնար չկա, կրկնեց ծերունին։ Եթե օրիորդը առողջ ևս լիներ, ձեզ դարձյալ հարկավոր էր բաժանվել միմյանցից, որովհետև ձեզ երկուսիդ միասին տեսնելով՝ ավելի հեշտ կարող էին ճանաչել։

Ես իմ սրտի և զգացմունքների հետ կարող էի հաշտվել, բայց իմ բոլոր մտատանջությունը նրանումն էր, թե ի՞նչպես հայտնեմ օրիորդին, որ նրան միայնակ եմ թողնում։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրան հաղորդեցի մեր աննախանձելի վիճակը, նա խիստ սառնասրտությամբ ասաց ինձ.

Դու շատ բան արեցիր ինձ համար, ավելին պահանջել քեզանից իրավունք չունեմ։ Դու, ո՛ւր որ կամենում ես, գնա, հեռացիր, գլուխդ ազատիր, ես կմնամ այստեղ։ Այժմ ինձ համար միևնույն է... կյանքր զզվացրել է ինձ... Եթե ինձ գտնելու և տանելու ևս լինեն հորս տունը, դարձյալ չեմ վախենա, որովհետև գիտեմ, որ մինչև այնտեղ հասցնելը կենդանի չեմ մնա։ Այնուհետև իմ դիակի հետ ինչ որ ուզում են, թող անեն...

Օրիորդի հուսահատական խոսքերը կրակի նման այրում էին իմ սիրտը, իմ լեզուն կապվեցավ, ես մի բառ անգամ չկարողացա գտնել նրան մխիթարելու։ Ես ցանկանում էի գրկել նրա ոտները, համբուրել և ասել, որ մինչև մահ քո ծառան, քո ստրուկը կդառնամ, քո ոտքերի տակի հողր կլինեմ և քեզանից չեմ բաժանվի։ Բայց նա չթողեց ինձ խոսել, ասելով,

Իմ բանը պրծած է... ես շատ չեմ ապրի... դու քո գլուխը ազատիր և իմ վրա մի՛ մտածիր։

Իմ աչքերը լցվեցան արտասուքով։ Նա ափսոսում էր ինձ... արդյո՞ք իմ մատուցած ծառայությունների համար, արդյոք երախտագիտության զգացմունքի՞ց դրդված, թե մի այլ կիրք թելադրում էր նրան այդպես խոսել։ Ես այդ հասկանալ չկարողացա, միայն նկատում էի, կարծես թե նա մինչև անգամ ուրախ էր, որ հանգամանքները փոխվեցան, կարծես թե ցանկանում էր առանձնանալ և առժամանակ անջատված լինել ինձանից։ Ի՞նչ էր պատճառը։ Ես այդ հասկացա, բայց շատ ուշ հասկացա, երբ նա արդեն այս աշխարհից հրաժարվել էր և իր վշտերը իր հետ գերեզման էր տարել... Հիվանդության մահճի մեջ երկու զգացմունքներ կռվում էին նրա սրտում, մեկը՝ սերը,՛ որ դեռ նոր բոցավառվում էր նրա մեջ. մյուսը ազնվատոհմական հպարտությունը, թե ի նչպես կարող էր կին լինել մի ոամկի, իր հոր տան ծառայի որդուն։ Նա վախենում էր աշխարհի նախատինքից և ցանկանում էր օգուտ քաղել իմ բացակայությունից և խեղդել իր սրտի մեջ իրան տանջող զգացմունքը...

Ավազակապետը կանգ առեց։ Վաղեմի հիշողությունները շոշափեցին նրա սրտի դեռ ոչ բոլորովին բուժված վերքերը։ Նա երեսը մի կողմ շուռ տվեց, որ ես չտեսնեմ նրա արտասուքը։

Ես բոլորովին չանջատվեցա նրանից, շարունակեց դժբախտը ցավալի ձայնով։ Ես հեռացա, բայց շատ հեռու չգնացի։ Ցերեկով անհետանում էի մերձակա անտառներում, թափառում էի մթին ծմակների մեջ, կենակցում էի ծառերի, ժայռերի և գազանների հետ և իմ վշտերը ցրում էի որսորդությամբ։ Իսկ գիշերը մոտենում էի մեր հյուրընկալի տաղավարներին, և եթե միջոց էի գտնում, մտնում էի հիվանդին տեսնելու։ Երբ նա իր պղտորված աչքերը բաց էր անում, տեսնում էր ինձ իր մահճի մոտ նստած, միշտ կրկնում էր միևնույն խոսքերը, Ինչո՞ւ եկար, կարող են կալանավորել քեզ։ Անցան օրեր, անցան շաբաթներ, անցավ մի ամիս։ Օրըստօրե նրա հիվանդությունը ավելի վտանգավոր կերպարանք էր ստանում։ Մի գիշեր, երբ մոտեցա մեր հյուրընկալի տաղավարին, նա արտասուքը աչքերում դուրս եկավ իմ առջև և խորին ցավակցությամբ հայտնեց. Նա մեռավ... Ես սարսափեցա, որպես մի եղեռնագործ։ Ինձ այնպես թվեցավ, թե ես եմ եղել նրա մահվան պատճառը։ Խղճի զարհուրանքը շանթահարեց ինձ...

Ավազակապետը կրկին կանգ առեց, ձեռքը տարավ դեպի հանգած չիբուխը, որ դրած էր նրա մոտ, կրկին վառեց և սկսեց ծխել։ Ծուխը թանձր մեգի նման դուրս էր հոսում նրա բերանից, նրա պնչերից, կարծես թե, նրա սիրտը ճարակում էր մի սարսափելի հրդեհ։

Ոչինչ հայտնել չկարողացան ինձ նրա մահվան մասին, Առաջ տարավ նա, թե նա իր կյանքի վերջին րոպեներին ի՞նչ դրության մեջ է եղել, կամ ի՞նչ է խոսացել։ Նրա մոտ ոչ ոք չէր եղել, որ գոնե վկա լիներ անբախտ հանգուցյալի վերջին խոսքերին։ Երկու օր էր, որ նա մեռած էր, երկու օր նրա մարմինը պահել էին, որ ես տեսնեի։ Առավոտյան պետք է կատարվեր նրա թաղումը։ Ես այլևս չգնացի անտառը, մնացի, որ կատարեմ իմ վերջին պարտքը։ Իմ մասին այլևս չէի մտածում, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ։ Նրան կորցնելուց հետո այլևս կյանքը իմ աչքում արժեք չուներ։ Ես իմ ձեռքով պետք է գերեզման իջեցնեի այն նազելի արարածին, որին իմ կյանքում միայն սիրել էի, և որը նույնպես սիրում էր ինձ։ Նրա գերեզմանը փորվեցավ հենց նույն լեռան վրա, հեռու մարդկային բնակությունից, ուր երբեմն հանդիպում են հովիվները։ Նրա դագաղը հազիվ ծածկված էր հողով, խաշնարածների քահանան կարդում էր վերջին աղոթքը։ Ես սպանվածի նման կանգնած էի և լաց էի լինում։ Այդ միջոցին երկու յասավուլներ մոտեցան և ինձ կալանավորեցին։ Նա մեռավ և ազատվեցավ, բայց դու ազատվել չես կարող, լսելի եղան տանուտերի խոսքերը։ Ինձ տարան, բանտարկեցին տանուտերի տաղավարում, որ մյուս օրը ուղարկեն գավառապետի մոտ։ Օրիորդի կորուստը ինձ այն աստիճան ապշած և խելագարված դրության մեջ էր դրել, որ ես համարյա չէի զգում, թե ինձ հետ ինչ է կատարվում։ Այսուամենայնիվ, հենց նույն գիշերը ինձ հաջողվեցավ իմ մոտ դրած պահապաններից մեկին սպանել, մյուսին սաստիկ վիրավորել և փախչել իմ բանտից։ Այնուհետև այլևս ի՞նչ էր մնում ինձ անել։ Իմ հանցանքները կրկնապատկվեցան, այստեղ դարձա մարդասպան, իսկ իմ հայրենիքից փախցրել էի իմ մեծավորի աղջիկը: Իմ հայրենի երկիրը վերադառնալ չէի կարող, իսկ իմ գտնված երկրում դարձա մի փախստական և միացա փախստականների խումբի հետ։ Ուխտեցի այնուհետև վրեժխնդիր լինել բոլո՛ր այն մարդկանցից, որ կրում են խան, բեկ, մելիք և տանուտեր անունները։ Իմ նպատակին մասամբ հասա... Բայց իմ ձեռնարկությունը այնքան սարսափելի էր և արյունոտ, որ վերջը բերեց ինձ այստեղ...



#32 Aratta-Kingdom

Aratta-Kingdom

    www.ArmaniKingdom.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,234 posts

Posted 13 April 2008 - 10:42 PM

Զ


ՀԱՄՐԸ
Ավազակապետը ծանոթացրեց ինձ մի այլ երիտասարդի հետ, որին կոչում էին Համր։ Նրա իսկական անունը ոչ ոք չգիտեր։ Չգիտեին նաև, թե ի՞նչ ազգից էր նա։ Նա միշտ լուռ էր և մտախոհ. մի անգամ գոնե չէին տեսել նրան խոսելիս, և այդ էր պատճառը, որ ընկերները նրան Համր էին կոչում։ Այդ օտարոտի խուլումունջը վաղուց գրավել էր իմ ուշադրությունը։ Նրանում կար մի խորհրդավոր բան, որ իր լռության մեջ ևս աչքի էր զարկում։ Բավակա՛ն բարձրահասակ էր նա, նիհար և ցամաք կազմվածքով,

դեղնած դեմքը գունաթափվելով, ստացել էր թառամած տերևի գույն, իսկ արագաշարժ աչքերը վառվում էին տենդագին բոցով։ Չնայելով իր տկար, հիվանդոտ կազմվածքին, աշխատում էր նա չափազանց եռանդով, և այդ առիթ էր տվել վերակացուներին բավական մեղմ վարվել նրա հետ, թեև նրա հսկողության վրա դարձնում էին առանձին ուշադրություն։

Գիշեր էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա խոսելու նրա հետ։ Խոնավ պատերին կպցրած ճրագի մոմերը հազիվ լուսավորում էին դատապարտյալների մռայլոտ ու սառն օթևանը։ Մերկ հատակի վրա, այստեղ ու այնտեղ, անկարգ կերպով պառկած էին ցերեկվա տաժանական աշխատությունից հոգնած թշվառները։ Քունը միակ մխիթարությունն է այդ ողորմելիների, նա կազդուրում է նրանց ջարդված անդամները և մոռանալ է տալիս սրտի դառն վշտերը։

Արթուն էր Համրը միայն։ Նա մտքով կարծես թե վերասլացել էր երկինքը, իսկ նրա խորախորհուրդ աչքերը մի առանձին կարեկցությամբ նայում էրն քնած թշվառների վրա։ Ես նրանից ոչ այնքան հեռու պառկած էի իմ հարդյա անկողնի վրա, և իմ աչքերը հառած էին դեպի երիտասարդի տխրամած դեմքը, որ կրում էր իր վրա հետքերը մի դժբախտ անցյալի...

Նա լուռ էր, որպես միշտ։ Իսկ այն գիշեր մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրա ցամաք ու փակված շրթունքներից դուրս հնչեց մի խուլ հառաչանք այդ երկու բառի հետ աստված իմ... Ես մինչև այն օր չգիտեի նրա ինչ ազգից լինելը, բայց հանկարծ լսեցի նրանից հայկական բառեր։ Ես չկարողացա զսպել իմ սրտի զեղմունքը։

Դարձյա՞լ մի հայ, Բացականչեցի ես այնքան լսելի ձայնով, որ դեպի ինձ գրավեցի Համրի ուշադրությունը։ Նրա փակված լեզուն բացվեցավ և պատասխանեց ինձ հետևյալ խոսքերով.՝

Ինչո՞ւ եք զարմանում, աշխարհի ո՞ր անկյունում չկա հայ։ Արմատից խլված և ցամաքած բույսը տանում է քամին դեպի ամեն կողմ...

Նա կրկին լռեց։

Կան անձնավորություններ, որոնց մի բառը, մի խոսքը բավական է, որ մարդ նրանց մասին գաղափար կազմե։ Համրի ասածը թեև շատ պարզ չէր, բայց բավական հատկանիշ էր նրա մթին ծածկամիտ բնավորությանը։ Ես մոտեցա, նստեցի նրա մոտ։

Ուրեմն դուք հայ եք, Հարցրի նրանից։

Այո... պատասխանեց նա։

Ես այն աստիճան զգացվեցա, որ ձեռքերս տարածելով խնդրեցի նրանից.

Թույլ տվեցեք ձեր ազգակցին գրկել ձեզ։

Կարծեմ մեր դրության մեջ ավելորդ են այս տեսակ քնքշություններ, Ասաց նա հրաժարվելով։

Նրա խոսքերը նույնքան սառն էին, որքան նրա դեմքը, բայց ինչո՞ւ այնքան ջերմ կերպով ազդում էին իմ սրտին։ Ես աշխատում էի շարունակել նրա հետ խոսակցությունը, բայց դժվարանում էի կապը պահպանել։

Դուք այս գիշեր չեք քնում, Ասացի ես, Համարյա ամեն գիշեր նկատում եմ, որ դուք խիստ սակավ եք քնում:

Այդ իմ սովորությունն է։

Երևի մի բան տանջում է ձեզ։

Մեզ ուղարկել են այստեղ տանջվելու համար:

Այդ չեմ հարցնում, երևի մի ուրի՞շ բան կա։

Խնդրեմ չմտնել իմ սրտի խորքը, Ասաց նա և երեսը շուռ տվեց։

Ես փոշմանեցա, որ թույլ տվի ինձ մի դեռևս անծանոթ մարդու գաղտնիքները շոշափել։

Ներեցեք, խնդրեմ, իմ անհամեստ հարցմունքի մասին։ Նա պատասխանեց ժպտալով.

Հանցանքների այդ քավարանում իմ ներողությունը ավելորդ է։

Ես չկամեցա այլևս ձանձրացնել նրան, բարի գիշեր ասելով հեռացա և կրկին պառկեցի իմ հարդյա անկողնի վրա։ Իմ աչքերը դեռ երկար նայում էին նրա վրա, իմ միտքը դեռ երկար զբաղված էր նրանով։ Ո՞վ էր դա, ո՞ր երկրից և ի՞նչ հանցանքի համար էր դատապարտված, այդ հարցերը հետաքրքրում էին ինձ։ Ամեն մի դատապարտյալ սովորություն ուներ անամոթաբար և մինչև անգամ պարծենալով պատմել իր գործած հանցանքները, բայց Համրը իր մասին խոսելու սովորություն չուներ։

Երբ առավոտյան կրկին քշեցին մեզ հանքերի մեջ աշխատելու, ճանապարհին ես պատմեցի ավազակապետին իմ գիշերվա խոսակցությունը Համրի հետ։

Նա շատ հետաքրքիր մարդ է, ասաց ավազակապետը, ես քեզ կբարեկամացնեմ նրա հետ։

Մենք հասանք հանքը, կրկին խլուրդների նման ներս սողացինք մթին խորշերի և խոռոչների մեջ, կրկին մեր բահերը, բրիչները և մուրճերը սկսեցին գործել։ Այն քարանձավի մեջ, ուր մեր խումբը աշխատում էր, պատահեց մի ցավալի անցք։ Հանկարծ ժայռի մի բավական մեծ կտոր, դուրս պոկվելով անձավի պատից, ցած գլորվեցավ և բանվորներից մեկին տակով արեց։ Թվով չորս հոգի էինք այնտեղ՝ ես, Համրը և մի այլ տաժանակիր, իսկ չորրորդը հեծում և հառաչում էր ժայռի տակ։ Համրը մեզանից փոքր-ինչ հեռու էր, նա չնկատեց անցքը, բայց լսեց դղրդյունի ձայնը։ Մինչև նրա մեզ մոտ վազելը, ևս և մյուս ընկերը ամեն ճիգ թափում էինք, որ ետ մղենք ժայռը և նրա տակից դուրս բերենք թշվառին։ Բայց անգութ ժայռը ամենայն ծանրությամբ նստած էր նրա ոտների ու ծնկների վրա և չէր շարժվում տեղից։ Վրա հասավ Համրը։ Ես և իմ մյուս ընկերը չկարողացանք զսպել մեր ծիծաղը։ Նա ուշադրություն չդարձրեց մեզ վրա. վեր առեց երկաթյա մեծ ձողը, նրա ծայրը դրեց քարի տակին, և այնպիսի մի ուժով շարժեց, որ քարը իսկո՛ւյն առաջ մղվեցավ, և թշվառ դատապարտյալի ջարդվա՛ծ սրունքները դուրս եկան նրա տակից։ Այդ գործողությունը, որ ավելի հնարագիտության արդյունք էր, քան թե մարմնական ուժի, զարմացրեց մեզ։ Իսկ Համրը պարծենկոտության մի նշան անգամ չցույց տալով մնաց լուռ և սառն, որպես մեզ շրջապատող քարանձավը։ Այդ դեպքը առաջացրեց իմ մեջ մի առանձին հարգանք դեպի համեստ և միևնույն ժամանակ վերին աստիճանի բարի երիտասարդը։

Երեկոյան, մեր օթևանը վերադառնալու ժամանակ, ճանապարհին ես մի քանի անգամ փորձեցի խոսակցել նրա հետ, բայց միշտ ստանում էի այնպիսի կտրուկ պատասխաններ, որ դժվարանում էի խոսակցությունը շարունակել։ Այսպես մոտեցանք այն փողոցին, ուր գտնվում էին մեր ֆերմայի կրպակները։ Հեռվից նկատեցինք, մի տեղ խմբված էին մարդիկ, և բազմությունը դեպի այն կողմն էր վազում։ Մենք մտածեցինք, որ մի տարօրինակ բան պետք է պատահած լինի, և շտապեցրինք մեր քայլերը։ Երբ հասանք, անցքը շատ սովորական երևաց, երկու մարդիկ կռվում էին, և բազմությունը նրանց շուրջը հավաքված զվարճանում էր, թե ո՛րպես նրանք վայրենի կերպով ջարդում էին միմյանց կողքերը։ Ոմանք աշխատում էին բաժանել։ Մեկին, որ ավելի ուժեղ էր երևում, բռնեցին, իսկ մյուսը դուրս պրծավ նրա ճանկերից, ազատեցե՜ք... օգնեցե՜ք... գոչելով, փախավ և մոլորվածի նման մտավ մեր խումբի մեջ ապաստան որոնելու Մեր պահապանները մոտ վազեցին, որ սվիններով հեռացնեն նրան։ Բայց նա արդեն կպած էր իմ կուրծքին, ինձ պինդ գրկած ուներ, այնպես ձևացնելով, որ վախենում է իր հակառակորդից։ Նա ինձ կսպանե, նա աստված չունի, ասում էր անդադար։ Այդ հանկարծակի դեպքից ես այն աստիճան շփոթվեցա, որ ամենևին չհասկացա, թե ինչ փսփսաց նա իմ ականջին, միայն զգացի, որ նրա ձեռքը խիատ ճարպիկ կերպով սողաց իմ գրպանի մեջ։ Մեր պահապանները հեռացրին նրան, նրա վարմունքը շատ բնական համարելով, որովհետև խեղճի հակառակորդը այնքան ուժեղ էր, որ կարող էր բոլորովին խեղդել նրան։ Տեղային ոստիկանությունը վրա հասավ, խռովությունը հանդարտվեց, ամբոխը ցրի