Customs of Hamshen Weddings.
We will skip most of the introduction and the ending. See the entire article here;
http://akunq.net/am/...
---
ՀԱՄՇԷՆԱՀԱՅԵՐԻ էԹՆՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՒԱՆԴՈՅԹՆԵՐԸ 20-ՐԴ ԴԱՐԻ 80-90-ԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ
May 11th, 2010
by admin.
Այս յօդուածի հիմքում ընկած են համշէնահայութեանը վերաբերող դաշտային ազգագրական հետազօտութեան նիւթեր` հաւաքուած իմ կողմից 1980 թ. Աբխազիայի 10 գիւղերում, 1990-ական թուականներին` Ռուսաստանի Կրասնոդարի մարզի 7 գիւղերում1: Ընտանիքների մեծ մասը (մեծաւ մասամբ 19-րդ դարի երկրորդ կէսից Տրապիզոնի վիլայէթի գաղթականների սերունդներ) այդ ընթացքում բնակւում էր հետազօտուող նշուած գիւղերում.
====
Բաւականաչափ շատ աւանդոյթներ էին պահպանուել համշէնահայերի ընտանեկան արարողութիւնների ոլորտում: Օրինակ` հարսանիքն ունէր իր հիմնական փուլերը. նախնական, երբ ընտրում էին հարսնացուին, խնամախօսում (աղչիկ ուզուշ, խօսք դըվուշ, խնամութին) եւ պայմանաւորւում նշանդրէքի (նշանտրեկ, նշան դալ), հարսանիքի եւ ետհարսանեկան արարողութիւնների շուրջ: Սակայն այս փուլերից իւրաքանչիւրը, բացի աւանդականից, նոր գծեր էր պարունակում: Օրինակ` տղայի ազգականների կողմից հարսնացուի ընտրութեան աւանդոյթին կից շատ էին այնպիսի դէպքերը, երբ երիտասարդները իրենք էին ծանօթանում, որոշում ամուսնանալ` չմոռանալով, իհարկէ, նախապէս տեղեկացնել ծնողներին` առաջին հերթին մօրը, քանի որ ծնողների կարծիքը շարունակում էր կարեւոր դեր խաղալ այդ ընտրութեան հարցում: Աղջկայ տուն խնամախօսութեան գնալու ժամանակ (սովորաբար` տղայի հայրը 2-3 ազգականի հետ, եղբայրները, իսկ վերջերս` նաեւ հենց ինքը` տղան եւ իր մայրը), պահպանուել է այն սովորոյթը, որի համաձայն աղջկայ ծնողները, անգամ նախապէս իմանալով խնամախօսների գալու մասին, ձեւացնում էին, թէ այդ մասին ոչինչ չգիտեն եւ չեն էլ մտածել ամուսնացնել իրենց աղջկան: Աղջիկը խնամախօսների աչքին չպէտք է երեւար: Աւանդոյթը պահանջում էր առաջին անգամից խօսք չտալ, խնամախօսների երրորդ այցելութեանը միայն հարսի տանը սեղան էին բացում, իսկ հարսնացուն, ի նշան համաձայնութեան, փեսացուի հօրը մեծ սկուտեղի վրայ ասեղնագործ ծաղիկներով եւ աքաղաղով սրբիչ էր մատուցում, որի համար վերջինս պէտք է վճարէր:
Այս երեւոյթի անուան հետ կապուած` համշէնահայերի մէջ ամուսնական փոխհամաձայնութիւնը կոչւում էր եաղլուղ դըվուշ (բառացիօրէն` թաշկինակ տալ):
Խօսքկապի ժամանակ տղայի կողմը հարսնացուին էր նուիրում որեւէ ոսկեա զարդ: Հենց այդ ժամանակ էլ որոշում էին նշանդրէքի եւ հարսանիքի օրը: Նշանդրէքը սովորաբար անում էին խօսքկապից 15 օր յետոյ: Փեսան ծնողների, կնքահօր եւ ազգականների հետ գալիս էր հարսի տուն, որոշ ժամանակ անց հիւրերը սեղան էին նստում: Քաւորկինը դուրս էր բերում հարսնացուին մէկ այլ սենեակից եւ նստեցնում էր փեսայի եւ հարսնաքրոջ միջեւ: Այնուհետեւ փեսան ոսկեղէն է նուիրում հարսնացուին, սովորաբար` մատանի, իսկ հարսնացուն նրան նուիրում էր վերնաշապիկ կամ իր ասեղնագործած թաշկինակը: Հանդիսութեանը ուտում, երգում եւ պարում են: Նշանդրէքից 2-3 ամիս անց հարսանիք են անում: Սովորաբար այն սկսւում էր ուրբաթ-լոյս շաբաթ գիշերը, երբ փեսայի տանից հարսի տուն էր գնում, այսպէս կոչուած, ՙաղուէսը՚` փեսայի միջին կամ աւագ տարիքի 3-4 ընկերներ: Նրանք կատակով հաւանոցից հաւ էին գողանում: Այնուհետեւ նրանց պէտք էր բռնել եւ ձեւացնել, թէ պատժում են, բայց երբ վերջիններս յայտնում էին, թէ լուր են բերել հարսանիքը սկսելու մասին եւ հաստատում էին փեսայի ամուսնանալու մտադրութիւնը, նրանց բաց էին թողնում:
Աբխազիայի գիւղերում պատմում էին, որ նախկինում, երբ տանը օջախ կար, հարսի կողմի ջահելները ՙաղուէսին՚ կատակով մրոտում էին, սպառնում էին կախել օջախի վրայ, եթէ վերջիններս փորձէին քնել: ՙԱղուէսները՚ (գնաջի) փեսայի տուն էին վերադառնում շաբաթ առաւօտեան: Հարսի կողմից փեսային ուղարկում էին շապիկներ, թաշկինակներ, սրբիչներ, որոնք փեսան եւ իր ընկերները պէտք է հարսանիքին հագնէին: Գողացած հաւը տալիս էին փեսայի մօրը, որի համար վերջինս ասեղնագործ եաղլուղներ (թաշկինակներ) էր նուիրում:
Նշենք, որ հարսանիքի ՙաղուէսը՚ յատուկ է նաեւ հայերի այլ խմբերի մօտ, բայց համշէնցիների մօտ այն առաւել հին ձեւով էր պահպանուել:
Հարսանեկան արարողութիւնների թուին է պատկանում հարսանիքի առաւօտեան ամուսնացողներից իւրաքանչիւրին իր տանը լողացնելը: Լիովին պահպանուել են այն գործողութիւնները, որոնք կապուած են փեսային լողացնելու եւ սափրուելու հետ, որն ուղեկցւում է երգերով: Հագնուելուց յետոյ փեսան, նրա հայրը, կնքահայրն իր կնոջ հետ, մօտիկ ազգականներն ու փեսայի ընկերները, վերցնելով սկուտեղով հարսի հագուստը, երաժիշտների ուղեկցութեամբ գնում են հարսի յետեւից: Հարսի տանը նրա բարեկամները աշխատում են որքան հնարաւոր է արագ վերցնել հագուստներով սկուտեղը, բայց փեսայի կողմը այն չի տալիս, մինչեւ նուէր չի ստանում: Հարսին հագցնելու ծէսը իրականացւում է նրա ընկերուհիների ներկայութեամբ, երաժշտութեան եւ կատակների ուղեկցութեամբ: Երբեմն քողը, հարսանեկան զգեստը եւ աջ կօշիկը հագցնում են երեք անգամ: Պահպանուել է նաեւ այսպիսի մի աւանդոյթ. հարսին հագցնելուց առաջ քողը փորձում են նրա անպսակ ընկերուհիները, որպէսզի իրենք էլ շուտ ամուսնանան: Հարսի գօտին կապում է նրա եղբայրը` կրկնելով դա երեք անգամ, եւ ի պատասխան` հարսից ստանում է թաշկինակ: Հարսնեղբօրից հարսին ստանալու համար վճարում է կնքահայրը կամ փեսայի հայրը: Այնուհետեւ հարսի հայրը բռնում է հարսի ձեռքը, անում երեք քայլ եւ աղջկան փող տալիս, որը նա թաքցնում է իր ձախ կօշիկի մէջ, ապա հարսի հայրը մաղթանքներով իր աղջկան յանձնում է փեսայի հօրը: Վերջինս իր հերթին փող է տալիս հարսին, որը նա այս անգամ դնում է աջ կօշիկի մէջ, ապա հարսին փոխանցում է իր որդուն:
փոխանցում է իր որդուն:
Ճաշկերոյթից յետոյ սկսւում է հայրական տանը հրաժեշտ տալու ծէսը: Հարսը շուրջպար է մտնում հարսանքաւորների հետ, իսկ հարսի մայրը փեսայի հօր կրծքին կապում է խաչաձեւ երկու թաշկինակ: Երբեմն այդպէս են անում նաեւ փեսայի եղբայրներին եւ կնքահօրը: Այնուհետեւ հարսնքաւորները դուրս են գալիս հարսի տնից, դարպասների մօտ փեսայի հայրը հարսի վրայ շաղ է տալիս մանր դրամներ, որոնք հարսնաքոյրը պէտք է հասցնի քողով որսալ: Հարսի մայրը դստեր ետեւից ջուր է լցնում` ի նշան յաջողութեան:
Փեսայի տան առջեւ նորապսակներին հանդիսաւոր դիմաւորում են փեսայի ծնողները, մայրը հարսի ուսերին շորացու կտոր է գցում (Աբխազիայում դրա փոխարէն ոսկեղէն են նուիրում), իսկ փեսայի ուսերին` թաշկինակ: Փեսայի հայրը նորապսակների գլխին կոնֆետ, ցորեն, բրինձ եւ մանր դրամներ է շաղ տալիս: Հարսի եղբայրը աքաղաղ է պահանջում, որը նախապէս ջահելների շուրջը երեք անգամ պտտելուց յետոյ զոհաբերում է տան շեմին` նրա արիւնով ներկելով դուռը, նորապսակների ճակատն ու ծնօտը եւ հարսի աջ կօշիկին խաչ է անում: Ինչպէս բոլոր հայերը, այստեղ էլ նորապսակների ոտքի տակ են դնում երկու ափսէ, որը պէտք է կոտրեն մի հարուածով. առաջինը` փեսան, որ տանտէրը լինի: Տուն մտնելիս հարսի գիրկը փոքրիկ տղայ են տալիս` մաղթելով նրան առջնեկ-որդի: Հարսին տանում են մի առանձին սենեակ, որտեղ նա հանգստանում է հարսնաքրոջ հետ եւ ուտում ծիսական ձուածեղը: Այնուհետեւ հարսին տանում են խնջոյքի սեղանների մօտ եւ սկսում են ճաշկերոյթն ու կենացները: Հարսը նստում է փեսայի ձախ կողքը, ապա նստում են հարսնաքոյրն ու հարսնեղբայրը: Փեսայի աջ կողքը նստում է կնքահայրը: Մեծ սեղանի մօտ հարսն այլեւս չի ուտում: Մերթ ընդ մերթ ճաշկերոյթը ընդհատում են ժողովրդական գործիքների նուագով ու շուրջպարով: Փեսայի կողմից հարսը ոսկեղէն է ստանում, իսկ միւս հիւրերից` կտորեղէն, ամանեղէն, աւելի յաճախ` դրամ:
Փեսայի տանն առաջին գիշերը հարսն անցկացնում է հարսնաքրոջ հետ, իսկ երկրորդ գիշերն ամուսնական է: Թէեւ աւանդոյթի համաձայն սկեսուրն ինքը պէտք է յաջորդ առաւօտեան նորապսակների անկողինը յարդարի, որպէսզի տեսնի հարսի անմեղութիւնը եւ դրա համար նրան մատանի նուիրի, վերջին շրջանում այդ աւանդոյթը այնքան էլ չի հրապարակւում, ինչպէս նախկինում:
Հարսանիքի յաջորդ օրը հարսը հօր տնից բերած նուէրները բաժանում է ամուսնու հարազատներին, իսկ երեկոյեան, համաձայն աւանադութեան, պէտք է հարսը լուանայ սկեսրոջ եւ բոլոր տղամարդկանց ոտքերը` սկսած սկեսրայրից: Դրա դիմաց նրան նուէրներ են տալիս:
Համշէնցիները պահպանել են նաեւ հայկական այն աւանդոյթը, որի համաձայն հարսանիքից մէկ շաբաթ անց հրաւիրում են հարսի մօրը, որ իր հետ բերի աղջկայ ամէնօրեայ զգեստները: Այս այցելութիւնը կոչւում է մերահիւր: Այցելութիւնից յետոյ, որի ժամանակ երբեմն բերում են հարսի օժիտը` ջհեզ, ջահելները, կնքահօր եւ ազգականների հետ նուէրներ առած, գնում են հարսի ծնողների տուն: Մինչեւ երեկոյ կերուխումից յետոյ հիւրերը գնում են: Դրանից մէկ շաբաթ անց հարսի եղբայրն է այցելում փեսայի տուն, գալիս են նաեւ այլ հիւրեր: Գիշերելով փեսայի տանը` նա յաջորդ առաւօտեան ջահել նորապսակների հետ (նախկինում` միայն քրոջ հետ), վերադառնում է տուն: Մէկ-երկու շաբաթ հարսը հօր տանը մնում է հիւր, իսկ փեսան վերադառնում է իր տուն:
Ժամկէտը լրանալուց յետոյ փեսան գալիս է կնոջը տուն տանելու: Այս այցելութիւնները համշէնցիները անուանում են հերունց, օգտագործում են նաեւ թուրքական բառի աղաւաղուած տարբերակը` գիւրուշմա կամ գերիշմա (հանդիպում):
1980-90 թթ. համշէնահայերի մօտ, ինչպէս նաեւ ամբողջ Կովկասում, միտում կար հարսանեկան արարողութիւնները առաւել ճոխացնելու, բազմամարդ դարձնելու եւ էլ աւելի թանկարժէք նուէրներ, հարուստ օժիտ պատրաստելու: Օժիտը հիմնականում բաղկացած է 2 ձեռք անկողնուց` 2 ներքնակ, 4 բարձ, 2 վերմակ եւ մի դիւժին սպիտակեղէն, հագուստ, ննջասենեակի կահոյք եւ այլ կենցաղային իրեր: Հետաքրքիր է, որ հայկական Աթարա գիւղում օժիտ էին տալիս նաեւ ընտանի կենդանիներ, օրինակ` կով: