Jump to content


Photo

ՊԱՏԳԱՄ


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 11 June 2007 - 07:28 PM

ՊԱՏԳԱՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Շիրազ


Հայոց յոյս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին,
Ու ես մի լոյս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,---
---Իմ կարօտի թեւաւոր, առ բիւրածալ սիրտս տար՝
Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ,
Որպէս նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ:
Հասիր պանդուխտ հայերին, յոյսն օջախիր երդէ-երդ,
Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,---
Բալասանն ենք որոնում հայոց վերջին վէրքերի:
Քանզի ազգի կէս կաղնին՝ ուռենու պէս կռանում՝
Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում,
Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս
Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս,
Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր,
Որ սփիւռքը կուլ չերթայ, աղգ իմ քիչ էլ դիմացիր.
Քիչ էլ տոկայ, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝
Մինչեւ բացւի սրտիս պէս, դէպի Մասիս մեր ճամբան.
Հասիր, ասա հայերին՝ կուլ չգնայ վայերին, --
Անմահութեան նման տուր հայոց լեզուն հայերին.
Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով,
Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով...
Հասիր, ասա, ով հայեր, Մայր Արաքսը դեռ լացով
Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գայ, դառնայ ծով,
Իր Մասիսն էլ տուն բերէ, բերէ ծովն էլ իր Վանա՝
Սրբէ արցունքն աչքերի ծովացումով Սեւանա:
Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝
Առ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վէրքին բալասան,
Թռիր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով,
Ասա՝ Սեւան քոյրիկդ քեզ է կանչում մօր լացով,
Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել...
Այն որ ճամբայ էր նաւի՝ ոտքի ճամբայ է դարձել...
Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա,
Թէ ե՞րբ պիտի իր քոյրը իր քրոջը միանայ...


Հասիր, իմ սուրբ սուրհանդակ,
Հայ կայ համայն լուսնի տակ, --
Հասիր, ասա՝ ով հայեր, այցիս խորհուրդն հասկացէք,
Լեզւաժխոր սփիւռքում, հայեր քիչ էլ հայ կացէք,
Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահէք լուսնի տակ, --
Երիտասարդ հայութիւն, դու ես յոյսը մեր միակ:
Չհարսանաք օտարին, տուն չբերէք օտար կին...
Ձեր կեանքը՝ վար, վեր պահէք հայոց լեզուն մեր անգին...
Օրօրեցէք օրոցքներն հայոց լեզւով մեր անշէջ,
Մեծասքանչ մեր լեզւով, որ անզոյգ է աստղաց մէջ:
Մեզ Աստւած է հայ ծնել, թէ չլինենք մենք ցրւած,
Հայոց ազգի ճակատին անմահութիւն է գրւած, --
Քիչ ենք, իրաւ, բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին...
Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին...
Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացէք, որ բարի
Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի,
Երիտասարդ հայութիւն այս մէկը լաւ իմանաս,
Թէ կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս.
Կաթ չի դառնայ հայ լեզուն, օտար կնոջ ստինքին,
Օտար ստինքն օձ է կոյր, Հայոց մանկանց շրթունքին
...Երիտասարդ հայութիւն, դու կը կորչես յաւիտեան՝
Թէ մոռանաս հայ լեզուն, թէ չմտնես Հայաստան...
Թէ օտարի հողը հերկես, օտարի կոյսը գրկես,
Թէ քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես,
Թէ միշտ օտար երգ երգես, թէ հայ լեզուն չփրկես՝
Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թէ զարկես մահս՝ քեզ...
Անտառւեցէք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր,
Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր,
Մինչեւ երկու քոյրերը՝ Սեւանա ծով -- Վանա ծով,
Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկութեան մեր լացով. --


Յուլիս 1962
Երեւան,



Պատգամ Արտասահմանի Հայության
(Նոր ՈՒղղագրությամբ)
Հովհաննես Շիրազ


Հայոց հույս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին,
Ու ես մի լույս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,--
--Իմ կարօտի թեւաւոր, առ բյուրածալ սիրտս տար՝
Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ,
Որպես նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ:
Հասիր պանդուխտ հայերին, հույսն օջախիր երդե-երդ,
Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,--
Բալասանն ենք որոնում հայոց վերջին վերքերի:
Քանզի ազգի կես կաղնին՝ ուռենու պես կռանում՝
Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում,
Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս
Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս,
Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր,
Որ սփյուռքը կուլ չերթա, աղգ իմ քիչ էլ դիմացիր.
Քիչ էլ տոկա, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝
Մինչեւ բացւի սրտիս պես, դեպի Մասիս մեր ճամբան.
Հասի՛ր, ասա՛ հայերին՝ կուլ չգնա վայերին, --
Անմահության նման տուր հայոց լեզուն հայերին.
Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով,
Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով...
Հասի՛ր, ասա, ո՛վ հայեր, Մայր Արաքսը դեռ լացով
Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գա, դառնա ծով,
Իր Մասիսն էլ տուն բերե, բերե ծովն էլ իր Վանա՝
Սրբե արցունքն աչքերի ծովացումով Սեւանա:
Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝
Ա՛ռ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վերքին բալասան,
Թռի՛ր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով,
Ասա՝ Սեւան քույրիկդ քեզ է կանչում մօր լացով,
Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել...
Այն որ ճամբա էր նաւի՝ ոտքի ճամբա է դարձել...
Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա,
Թե երբ պիտի իր քույրը իր քրոջը միանա...


Հասի՛ր, իմ սուրբ սուրհանդակ,
Հայ կա համայն լուղնի տակ, --
Հասի՛ր, ասա՝ ո՛վ հայեր, այցիս խորհուրդն հասկացեք,
Լեզւաժխոր սփյուռքում, հայեր քիչ էլ հայ կացեք,
Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահեք լուսնի տակ, --
Երիտասարդ հայություն, դու ես հույսը մեր միակ:
Չհարսանաք օտարին, տուն չբերեք օտար կին...
Ձեր կյանքը՝ վար, վեր պահեք հայոց լեզուն մեր անգին...
Օրորեցեք օրոցքներն հայոց լեզւով մեր անշեջ,
Մեծասքանչ մեր լեզւով, որ անզույգ է աստղաց մեջ:
Մեզ Աստված է հայ ծնել, թե չլինենք մենք ցրված,
Հայոց ազգի ճակատին անմահություն է գրված, --
Քիչ ենք, իրավ բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին...
Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին...
Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացեք, որ բարի
Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի,
Երիտասարդ հայություն այս մեկը լավ իմանաս,
Թե կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս.
Կաթ չի դառնա հայ լեզուն, օտար կնոջ ստինքին,
Օտար ստինքն օձ է կույր, Հայոց մանկանց շրթունքին:
...Երիտասարդ հայություն, դու կը կորչես հաւիտյան՝
Թե մոռանաս հայ լեզուն, թե չմտնես Հայաստան...
Թե օտարի հողը հերկես, օտարի կույսը գրկես,
Թե քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես,
Թե միշտ օտար երգ երգես, թե հայ լեզուն չփրկես՝
Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թե զարկես մահս՝ քեզ...
Անտառվեցեք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր,
Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր,
Մինչեւ երկու քույրերը՝ Սեւանա ծով - Վանա ծով,
Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկության մեր լացով. --


Հուլիս 1962
Երեւան





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users